Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-181-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.27/68(802) Հոդ.1563
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 16.1. Հարկային պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

Հարկային պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում, հայտարարագրերում, հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից տրվող ծանուցագրերում, տեղեկանքներում և այլ փաստաթղթերում հարկային պարտավորությունների և հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Հարկ վճարողի լուծարման դեպքում հարկերի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները, գերավճարները և գերավճարից տարբերվող գումարներն անտեսվում են:

Հարկային պարտավորությունները (այդ թվում` կանխավճարները և նվազագույն հարկերը) հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ հարկային պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) ներկայացման ամսաթվից, իսկ հաշվանցվող (նվազեցվող, պակասեցվող) գումարները` առաջին հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) ներկայացման ամսաթվով:

Որևէ հաշվետու ժամանակաշրջան (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված հարկ վճարողի համար` պետական գրանցման պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Հարկային մարմին հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ հարկ վճարողի լուծարման, ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ներկայացվող գույքահարկի և հողի հարկի հաշվարկների): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների, հաշվեկշիռների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հաշվարկներից (հայտարարագրերից, հաշվետվություններից, հաշվեկշիռներից) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն, հաշվեկշիռ), իսկ մյուսները` ճշտված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն, հաշվեկշիռ):

Հարկ վճարողի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ և (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), եթե այդ հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկ վճարողը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Հարկ վճարողի կողմից միջանկյալ և (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), որոնք չեն համարվում ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ):

Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում հարկային մարմին ներկայացվող հաշվարկները (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հաշվետվություններ) և դրանից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկները (հաշվետվությունները) համարվում են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ):

Ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացվող հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ) և դրանից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները) համարվում են ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ):»:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 24. Հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային տեսչություն ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային oրենսդրությամբ սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` վճարման ենթակա հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15 օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային տեսչություն ներկայացնելու պահից կամ տվյալ հարկատեսակի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:»:

 

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առանձին հարկատեսակների կամ դրանց փոխարինող վճարների մասին օրենքներում (բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) հարկային հաշվարկների ճշտման մասին ուղղակի նշում կատարված չլինելու դեպքում հարկ վճարողը կարող է ներկայացնել ճշտված (ճշգրտված) հարկային հաշվարկներ (հայտարարագրեր)` հաշվի առնելով հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման համար սույն հոդվածի և սույն օրենքի 30.1-րդ հոդվածի սահմանափակումները:»:

 

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:

 

Հոդված 5. Օրենքի 30.1-րդ հոդվածի վերջին նախադասության «հարկային պարտավորության գումարները նվազեցնող կամ հաշվանցվող գումարներն ավելացնող» բառերը փոխարինել «հարկային պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի հավելված 1-ում`

1) 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ կետով.

«3.3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության բյուջեներ կատարված փաստացի վճարումների հաշվին, եթե հարկ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեսակի գծով առկա հարկային պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` հարկի գումարները, տույժերը, տուգանքները, իսկ որևէ հարկատեսակին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող տուգանքների գումարները:».

2) 4-րդ բաժնի`

ա. 4.1-րդ կետը «տույժ» բառից հետո լրացնել «և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դեպքերում տուգանք, ինչպես նաև նույն օրենքի 28-րդ և 28.3-րդ հոդվածներով սահմանված դեպքերում կրկնապատկվում են տուգանքները» բառերով.

բ. 4.2-րդ կետը «տույժերը» բառից հետո լրացնել «(տուգանքները)» բառով.

գ. 4.4-րդ կետը «տույժեր» բառից հետո լրացնել «(տուգանքներ)» բառով.

3) 10-րդ բաժնում 10.2-րդ կետի «ա» ենթակետի «28-րդ հոդվածով» բառերը փոխարինել «28-րդ և 28.3-րդ հոդվածներով» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՀՕ-181-Ն 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան