Գլխավոր տեղեկություն
Համար
N 76-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.01.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2025 թվականի N 76-Ն

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) զբոսաշրջային օպերատորի կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) զբոսաշրջային գործակալի կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի.

3) զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները՝ համաձայն N 3 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունվարի 23-ի N 76-Ն որոշման

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն՝ N 1 հավելվածում օգտագործվում է հետևյալ հասկացությունը՝

1) զբոսաշրջային օպերատորի ղեկավար՝ զբոսաշրջային օպերատորի խորհրդի նախագահը, խորհրդի անդամները, գործադիր մարմնի ղեկավարը, նրա տեղակալները։

2. Զբոսաշրջային օպերատորի ղեկավարի աշխատանք կատարելու (կամ ծառայություն մատուցելու) փորձը կամ աշխատանքային փորձը հաստատվում է պայմանագրերի, աշխատանքային գրքույկի կամ իրավասու մարմիններից ստացված տեղեկանքների, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում որակավորում, վերապատրաստում, սերտիֆիկացում կամ այլ համարժեք հավաստագրում իրականացնող սուբյեկտների կողմից տրված երաշխավորագրերի կամ ղեկավարի գործառույթներ կատարելու մասին փաստաթղթեր ներկայացնելու միջոցով։

 

2. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ «տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ՝ ՏԳՍԴ) N (ԷՆ) խմբի 79.12 կոդով զբոսաշրջային օպերատորի գործունեություն իրականացնելու համար «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Զբոսաշրջության մասին» օրենքներով զբոսաշրջային օպերատոր ծանուցած իրավաբանական անձի կողմից զբոսաշրջային ծառայությունները մատուցվում, իրացվում կամ առաջարկվում են՝

1) եթե ծանուցող զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարը, իսկ կոլեգիալ գործադիր մարմնի դեպքում՝ կոլեգիալ գործադիր մարմնի անդամները կամ վերջինիս նշանակելու, իսկ կոլեգիալ գործադիր մարմնի դեպքում՝ այն ձևավորելու իրավասություն ունեցող ծանուցող զբոսաշրջային գործունեության սուբյեկտի մարմնի անդամները վերջիններիս մասին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցում կատարելու պահին ունի (ունեն) որևէ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի հետ կամ վերջինիս օգտին աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով զբոսաշրջային ծառայությունների մատուցմանն ուղղված աշխատանք կատարելու կամ ծառայություն մատուցելու նվազագույնը 3 տարվա աշխատանքային ստաժ կամ աշխատանք կատարելու (կամ ծառայություն մատուցելու) փորձ կամ ունի (ունեն) զբոսաշրջության ոլորտի բարձրագույն կամ միջին մասնագիտական կամ այլ ոլորտի բարձրագույն կրթություն․

2) երբ առցանց եղանակով զբոսաշրջային ծառայություններ մատուցելիս, իրացնելիս և առաջարկելիս առկա է մշտապես թարմացված գործող ինտերնետային կայք, որն առնվազն պետք է՝

ա. հասանելի լինի հայերենով,

բ. յուրաքանչյուր էջի վրա տեսանելի մասում պարունակի նշում էջի թարմացման տարվա, ամսի և ամսաթվի մասին,

գ. առանձնացված բաժնում ներառի տեղեկություններ զբոսաշրջային օպերատորի ֆիրմային անվանման, հարկ վճարողի հաշվառման հասցեի, հարկ վճարողի հաշվառման համարի, բանկային վավերապայմանների, գրասենյակի հասցեի, կառավարման մարմինների և դրանց անդամների վերաբերյալ,

դ. զբոսաշրջային օպերատորի կողմից առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ առանձին զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնի՝ ենթաբաժիններում առանձնացնելով ներգնա, արտագնա կամ ներքին զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ վերաբերելիության,

ե. պարունակի նշում զբոսաշրջային օպերատորի հեռախոսահամարի կամ վերջինիս կողմից կարգաբերվող և տնօրինվող էլեկտրոնային հավելվածների կամ էլեկտրոնային կապի այլ միջոցներով զբոսաշրջային օպերատորի հետ առցանց կապի հասանելիություն ապահովող հասցեների (հղումների) մասին,

զ. պարունակի նշում առցանց հայտերի ներկայացման և զբոսաշրջային օպերատորի կողմից դրանց հետագա հաստատման միջոցով կամ պաշտոնական էլեկտրոնային ստորագրության միջոցով զբոսաշրջային փաթեթի պայմանագիր կնքելու հնարավորության մասին (առկայության դեպքում),

է. առանձնացված բաժնում զետեղի սպառողի հետ կնքվող արտագնա զբոսաշրջության հետ կապված զբոսաշրջային փաթեթի պայմանագրի օրինակելի ձևը (առկայության դեպքում),

ը. սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածին համապատասխան մշակված կանոնների հայերեն օրինակը՝ ինտերնետային կայքի հասանելիությունն ապահովող այլ լեզուներով թարգմանության զուգակցմամբ,

թ. ունենա հղում զբոսաշրջության բնագավառում պետական լիազոր մարմնի կայքի այն էջին, որի միջոցով կարող են ներկայացվել բողոքներ.

3) երբ բացի գործադիր մարմնից՝ մշտապես առկա է անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով նվազագույնը մեկ աշխատող։

4․ Եթե զբոսաշրջային ծառայությունների մասին տեղեկատվությունը սպառողին հասանելի է դարձվում ինտերնետային կայքի միջոցով՝ առանց առցանց եղանակով զբոսաշրջային ծառայություններ մատուցելու կամ իրացնելու մտադրության կամ հնարավորության, զբոսաշրջային օպերատորի ինտերնետային կայքը պետք է մշտապես թարմացվի և բավարարի սույն՝ N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ե»-«է» պարբերություններով սահմանված պահանջները.

5. ՏԳՏԴ N (ԷՆ) խմբի 79.12 կոդով ներգնա զբոսաշրջային գործունեություն իրականացնող զբոսաշրջային օպերատորի վրա չեն տարածվում սույն` N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» և «զ»-«ը» պարբերություններով սահմանված պահանջները։

 

3. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆԸ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

6. Զբոսաշրջային օպերատորի կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջներին բավարարումը հավաստելու նպատակով ՏԳՏԴ N (ԷՆ) խմբի 79.12 կոդով զբոսաշրջային օպերատորի գործունեություն իրականացնելու համար զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքին, ինչպես նաև «Զբոսաշրջության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված պայմաններին և պահանջներին համապատասխան ներկայացնել նույն նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկատվությունն ու փաստաթղթերը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունվարի 23-ի N 76-Ն որոշման

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն՝ N 2 հավելվածում օգտագործվում է հետևյալ հասկացությունը`

1) զբոսաշրջային գործակալի ղեկավար՝ իրավաբանական անձ հանդիսացող զբոսաշրջային գործակալի խորհրդի նախագահը, խորհրդի անդամները, գործադիր մարմնի ղեկավարը, նրա տեղակալները։

 

2. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

2. Զբոսաշրջային գործակալի կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստելու նպատակով ՏԳՏԴ N (ԷՆ) խմբի 79.11 կոդով զբոսաշրջային գործակալի գործունեություն իրականացնելու համար «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Զբոսաշրջության մասին» օրենքներով որպես զբոսաշրջային գործակալ ծանուցելու պահին դիմողը պարտավոր է բավարարել հետևյալ պահանջները.

1) զբոսաշրջային գործակալի գործադիր մարմնի ղեկավարը, իսկ կոլեգիալ գործադիր մարմնի դեպքում՝ կոլեգիալ գործադիր մարմնի անդամները կամ վերջինիս նշանակելու, իսկ կոլեգիալ գործադիր մարմնի դեպքում՝ այն ձևավորելու իրավասություն ունեցող ծանուցող զբոսաշրջային գործունեության սուբյեկտի մարմնի անդամներն ունեն զբոսաշրջության ոլորտի բարձրագույն կամ միջին մասնագիտական կամ այլ ոլորտի բարձրագույն կրթություն.

2) առցանց եղանակով զբոսաշրջային ծառայություններ մատուցելիս, իրացնելիս և առաջարկելիս առկա է մշտապես թարմացված գործող ինտերնետային կայք, որն առնվազն պետք է՝

ա. հասանելի լինի հայերենով,

բ. յուրաքանչյուր էջի վրա տեսանելի մասում պարունակի նշում էջի թարմացման տարվա, ամսի և ամսաթվի մասին,

գ. առանձնացված բաժնում ներառի տեղեկություններ զբոսաշրջային գործակալի ֆիրմային անվանման (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անուն, ազգանուն), հարկ վճարողի հաշվառման հասցեի, հարկ վճարողի հաշվառման համարի, բանկային վավերապայմանների, գրասենյակի հասցեի, կառավարման մարմինների և դրանց անդամների վերաբերյալ,

դ. պարունակի նշում զբոսաշրջային գործակալի հեռախոսահամարի կամ վերջինիս կողմից կարգաբերվող և տնօրինվող էլեկտրոնային հավելվածների կամ էլեկտրոնային կապի այլ միջոցներով զբոսաշրջային գործակալի հետ առցանց կապի հասանելիություն ապահովող հասցեների (հղումների) մասին,

ե. ունենա հղում զբոսաշրջության բնագավառում պետական լիազոր մարմնի կայքի այն էջին, որի միջոցով կարող են ներկայացվել բողոքներ.

3) բացի գործադիր մարմնից՝ մշտապես առկա է անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով նվազագույնը մեկ աշխատող։

3․ Եթե զբոսաշրջային ծառայությունների մասին տեղեկատվությունը սպառողին հասանելի է դարձվում ինտերնետային կայքի միջոցով՝ առանց առցանց եղանակով զբոսաշրջային ծառայություններ մատուցելու կամ իրացնելու մտադրության կամ հնարավորության, զբոսաշրջային գործակալի ինտերնետային կայքը պետք է մշտապես թարմացվի և բավարարի սույն՝ N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջները։

 

3. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆԸ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4. Զբոսաշրջային գործակալի կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստելու նպատակով ՏԳՏԴ N (ԷՆ) խմբի 79.11 կոդով զբոսաշրջային գործակալի գործունեություն իրականացնելու համար զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքին, ինչպես նաև «Զբոսաշրջության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված պայմաններին և պահանջներին համապատասխան ներկայացնել նույն նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկատվությունն ու փաստաթղթերը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունվարի 23-ի N 76-Ն որոշման

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Զբոսաշրջային օպերատորը (ՏԳՏԴ N (ԷՆ) խումբ, կոդ 79.12) պետք է համապատասխանի հետևյալ կանոններին`

1) սպառողների հետ զբոսաշրջային փաթեթի պայմանագիր կնքելիս էլեկտրոնային կարգով պարտավոր է վարել և մշտապես թարմացնել իր կողմից սպառողների հետ կնքված զբոսաշրջային փաթեթի պայմանագրերի հաշվառման մատյանը, որում ըստ հերթականության նշվում են՝

ա. պայմանագրի հաշվառման հերթական համարը,

բ. պայմանագրի կնքման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը,

գ. զբոսաշրջային փաթեթից օգտվող սպառողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և հերթական համարը, հեռախոսահամարը, իսկ առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն կամ կապի այլ միջոցներով անհատականացման վերաբերյալ տեղեկություններ,

դ. նշում պայմանագրով ծառայությունների մատուցման կարգավիճակի մասին (ընթացիկ, մատուցված կամ չեղարկված),

ե. կնքված պայմանագրերի փոփոխությունները՝ ըստ ժամանակագրության.

2) իրավաբանական անձանց հետ զբոսաշրջային փաթեթի կամ զբոսաշրջային ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր կնքելիս պարտավոր է էլեկտրոնային կարգով վարել և մշտապես թարմացնել իր կողմից իրավաբանական անձանց հետ կնքված զբոսաշրջային փաթեթի պայմանագրերի հաշվառման մատյանը, որում ըստ հերթականության նշվում են՝

ա. պայմանագրի կողմ հանդես եկող իրավաբանական անձի ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը,

բ. պայմանագրի կնքման ամսաթիվը և հերթական համարը.

3) հնարավորության դեպքում, նախքան սպառողի հետ զբոսաշրջային փաթեթի պայմանագիր կնքելը կամ այդ պայմանագրի կնքումն ակցեպտավորելը (առաջարկն ընդունելը), զբոսաշրջային օպերատորը պետք է սպառողի պահանջով գրավոր կամ էլեկտրոնային եղանակով վերջինիս տրամադրի սպառողին հետաքրքրող զբոսաշրջային ծառայության հիմնական բնութագրիչների վերաբերյալ տեղեկատվություն ըստ վերաբերելիության՝ ներառյալ.

ա. ժամանման վայրը, երթուղին և այցելության ժամանակահատվածը (օրերի հաշվարկով), իսկ գիշերակացի հետ կապված ծառայություններ ներառված լինելու դեպքում՝ նաև գիշերակացի օրերի քանակը,

բ. տրանսպորտի տեսակը, կատեգորիան և բնութագիրը, մեկնման վայրը, ամսաթիվը, մեկնելու և վերադառնալու ժամերը, միջանկյալ կանգառների տևողությունը և վայրերը, ինչպես նաև տրանսպորտային կապակցումները (transport connections)։ Ժամերը հստակ որոշելու անհնարինության դեպքում տրամադրվում է մոտավոր տեղեկատվություն մեկնման և ժամանման ժամերի վերաբերյալ,

գ. գիշերակացի վայրը (հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու հասցեն), հիմնական բնութագրիչները և որակավորման կարգը (առկայության դեպքում),

դ. սննդի կազմակերպման և մատուցման հաճախականությունը, պայմանները, հանրային սննդի օբյեկտի որակավորման կարգը (առկայության դեպքում),

ե. զբոսաշրջային փաթեթի ընդհանուր գնի մեջ ներառված այցելությունները, զբոսանքները կամ այլ ծառայությունները,

զ. խմբային այցելությունների դեպքում՝ խմբի անդամների քանակը, իսկ այն որոշելու անհնարինության դեպքում՝ խմբի անդամների մոտավոր քանակը,

է. զբոսաշրջային ծառայությունների մատուցման ընթացքում կիրառվող հաղորդակցության լեզուն,

ը. հենաշարժողական խնդիրներ, հաշմանդամություն կամ հատուկ կարիքներ ունեցող անձանց համար՝ ստույգ տեղեկատվություն այցելությունը հասանելի կամ ոչ հասանելի լինելու վերաբերյալ,

թ. զբոսաշրջային փաթեթի ընդհանուր գնի մեջ ներառված հարկերը և տուրքերը, հավելյալ վճարները, գանձումները և այլ ծախսերը։ Եթե մինչև պայմանագրի կնքումը հնարավոր չէ ողջամտորեն ստույգ հաշվարկվել այդ ծախսերը, ապա նշում է կատարվում զբոսաշրջային ծառայություններից օգտվող անձի կողմից կրման ենթակա ծախսի բնույթի մասին,

ժ. վճարման կատարման պայմանները, ներառյալ մասերով վճարվելու դեպքում, կանխավճարի (առնվազն տոկոսային արտահայտությամբ) չափը և վճարման ենթակա մնացած գումարի վճարման ժամանակացույցը,

ժա. մարդկանց ոչ բավարար քանակի պատճառով փաթեթը չեղյալ հայտարարելու մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետը, եթե պայմանագրով փաթեթի իրականացման համար սահմանված է անհրաժեշտ նվազագույն քանակով մարդկանց առկայություն։ Այդ դեպքում վճարված ամբողջ գումարը ենթակա է վերադարձման՝ առանց տույժերի, եթե զբոսաշրջային օպերատորը չի կարող կատարել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները արտառոց կամ անխուսափելի հանգամանքներում և ծանուցում է սպառողին պայմանագրի լուծման մասին անհապաղ նախքան զբոսաշրջային փաթեթի մեկնարկը, կամ զբոսաշրջային փաթեթում ընդգրկված անձանց թիվը պակաս է պայմանագրում նշված անձանց քանակից, և զբոսաշրջային օպերատորը ծանուցում է պայմանագրի լուծման մասին պայմանագրով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան սույն կետի «ժբ» պարբերությունում նշված ժամկետներում,

ժբ. սույն կետի «ժա» ենթակետում նշված դեպքում զբոսաշրջային օպերատորը ծանուցում է պայմանագրի լուծման մասին զբոսաշրջային փաթեթի մեկնարկի օրվանից 20 օր առաջ, եթե այցելությունը տևելու էր ավելի քան 6 օր, զբոսաշրջային փաթեթի մեկնարկի օրվանից 7 օր առաջ, եթե այցելությունը տևելու էր 2-6 օր, կամ զբոսաշրջային փաթեթի մեկնարկի օրվանից 48 ժամ առաջ, եթե այցելությունը տևելու էր 2 օրից պակաս, եթե սպառողի հետ կնքված պայմանագրով այլ ժամկետ նախատեսված չէ,

ժգ. տեղեկատվություն սպառողի կողմից պայմանագիրը ցանկացած պահի լուծելու վերաբերյալ նախքան զբոսաշրջային փաթեթի մեկնարկը, որի դեպքում սպառողի կողմից նախապես վճարված գումարը ենթակա է վերադարձման սպառողին, իսկ պայմանագրով նախատեսված լինելու դեպքում՝ զբոսաշրջային օպերատորին վճարելով պայմանագրով սահմանված համարժեք և արդարացի վճար պայմանագրի լուծման համար,

ժդ. զբոսաշրջային օպերատորի ֆիրմային անվանումը, ապրանքանիշը, հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն կամ ինտերնետային կայքին հղումը, որում արտացոլված են այդ տվյալները,

ժե. արտարժույթով վճարումների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքը՝ նշելով փոխարժեքի որոշման համար հիմք ընդունվող բանկի տվյալները և ամսաթիվը.

4) հնարավորության դեպքում, ըստ վերաբերելիության, սպառողի պահանջով պետք է տրամադրել նաև տեղեկություններ՝

ա. անձնագրերի, ժամանման կամ տարանցիկ երկրների մուտքի և ելքի հետ կապված պահանջների ու ձևակերպումների (արտոնագրեր, սահմանային անցման, մաքսային և այլ ձևակերպումներ) մասին,

բ. կամավոր կամ պարտադիր ապահովագրության ծածկույթի և ապահովագրական դեպքերի վերաբերյալ՝ ներառյալ պատահարի, հիվանդության կամ մահվան դեպքում հայրենիք վերադարձնելը, եթե զբոսաշրջային գործունեության սուբյեկտն է ձեռք բերել ապահովագրությունը անձի համար,

գ. ժամանման կամ տարանցիկ վայրերում կամ երկրներում վարակիչ հիվանդությունների, առողջության սպառնալիքների և դրանց կանխարգելման, ինչպես նաև առողջության հետ կապված սահմանափակումների և պահանջների մասին,

դ. զբոսաշրջային գործունեության սուբյեկտի բանկային հաշվեհամարը, պետական գրանցման (ֆիզիկական անձի դեպքում պետական հաշվառման) և որպես ծանուցված գործունեություն հաշվառման համարը,

ե. զբոսաշրջության հետ առնչվող օրենքների և կենցաղավարության, տեղաբնակների սովորույթների, հասարակական և կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական արժեքների, ապահովագրության և զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների մասին,

զ. ժամանակավոր կացության վայրում անվտանգության սպառնալիքի մասին,

է. զբոսաշրջության բնագավառում պետական լիազոր մարմնի սահմանած այլ տեղեկություններ.

5) սպառողին տրամադրում է տեղեկատվություն կանխարգելիչ բժշկական պատվաստումների և քիմիական կանխարգելման անհրաժեշտության մասին.

6) պարտավոր է մշակել և ընդունել իր ղեկավարների և աշխատողների համար էթիկայի կանոններ, որոնք պետք է սահմանեն՝

ա. սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պատշաճ և ամբողջական ներկայացնելը,

բ. սպառողին մոլորեցնող տեղեկատվություն տրամադրելը բացառելը,

գ. զբոսաշրջային ծառայությունների համար գործող զեղչերի մասին տեղեկատվություն տրամադրելը,

դ. սպառողների մասնավոր կյանքի մասին տեղեկությունների հավաքագրումը բացառելը, սպառողի հետ հաղորդակցվելիս ձեռնպահ մնալ որևէ արտահայտությունից, կատակից, վարքագծից, որը կարող է վիրավորել սպառողի կրոնական, ազգային արժեքները կամ որը կարող է ընկալվել որպես սեռական ոտնձգություն,

ե. որևէ տեսակի խտրականությունը բացառելը,

զ. բացառել մրցակից կազմակերպությունների մասին բացասական տեղեկություններ տրամադրելը, հրապարակելը, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով, կամ նրանց մասին արատավորող կամ զրպարտող տեղեկություններ հայտնելը կամ տարածելը կամ որևէ կերպ երրորդ անձանց հասանելի դարձնելը,

է. բացառել այլ մշակույթների կամ ավանդույթների մասին սպառողի հետ սպեկուլյատիվ բնույթի խոսակցություններ վարելը՝ առանց այդ տեղեկատվության մասին հավաստի աղբյուրներից բավարար գիտելիքներ ունենալու,

ը. Հայաստանի Հանրապետության, դրա պատմության կամ Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունների մասին տեղեկություններ տրամադրելիս չաղավաղել դրանք, ներկայացնել բացառապես հավաստի աղբյուրներից ձեռք բերված տեղեկություն,

թ. էթիկայի կանոնները խախտելու համար կիրառվող պատասխանատվությունը.

7) պարտավոր է մշակել և ընդունել բողոքների քննության ընթացակարգ, որն առնվազն պետք է սահմանի՝

ա. իր կողմից մատուցված ծառայությունների կամ իր կողմից մշակված զբոսաշրջային փաթեթների վերաբերյալ զբոսաշրջային գործակալների միջոցով ստացված բողոքների ընդունման ձևը,

բ. բողոքների քննության առավելագույն ժամկետը, բողոքի պատասխանի ձևը և ուղարկման եղանակը,

գ. սխալ ամրագրումների համար պատասխանատվության վերաբերյալ դրույթներ՝ ներառյալ օպերատորի պատասխանատվությունը բացառող դեպքերը,

դ. ինտերնետային կայքի առկայության դեպքում առանձին բաժնում նշել նամակների և բողոքների արձագանքման ժամկետը, ինչպես նաև ապահովել կայքի միջոցով սպառողի՝ զբոսաշրջային օպերատորի հետ առցանց հետադարձ կապի հնարավորություն.

8) առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ առանձին զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ առցանց, էլեկտրոնային կամ թղթային եղանակով տեղեկություններ տրամադրելու դեպքում պարտավոր է տրամադրվող տեղեկությունների մեջ առնվազն ներառել՝

ա. առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ առանձին ծառայությունների աշխարհագրական ուղղությունները,

բ. առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ առանձին ծառայությունների բազային գինը, իսկ հավելյալ ծառայությունների դեպքում՝ նաև այդ ծառայությունների գները,

գ. առաջարկվող փաթեթներում, տուրերում ընդգրկված զբոսաշրջային ծառայությունների (ուղևորափոխադրման, հյուրանոցային, էքսկուրսային, ավտոտրանսպորտային միջոցի վարձույթի, այլ) վերաբերյալ տեղեկատվությունը,

դ. զբոսաշրջային փաթեթի պայմանագրից միակողմ վաղաժամկետ հրաժարվելու համար սահմանված ժամկետները, ինչպես նաև հրաժարման արդյունքում վրա հասնող նյութական պատասխանատվությունը (ծախսերը).

9) զբոսաշրջային ծառայություններ մատուցելիս կամ զբոսաշրջային փաթեթ ձևավորելիս, առաջարկելիս կամ իրացնելիս պարտավոր է պատշաճ ձևով ապահովել իրավական բնույթի փաստաթղթերը և համագործակցել միայն այնպիսի սուբյեկտների հետ, որոնք ունեն գործունեության այդ տեսակով զբաղվելու իրավունք.

10) պարտավոր է պահպանել գործընկերների հետ համագործակցության ընթացքում մրցակցային դաշտի հավասարությունը՝ ներառյալ բացառելը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգավորումների և սահմանափակումների շրջանակներում միմյանցից տարբերվող գներով զբոսաշրջային փաթեթները գործակալներին վաճառելը կամ իրացման համար հասանելի դարձնելը.

11) պարտավոր է լիազոր պետական մարմիններին տրամադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկատվություն վարակիչ հիվանդությունների, անվտանգության և այլ միջոցառումների վերաբերյալ իրազեկման ապահովման աշխատանքների շրջանակում.

12) պարտավոր է մշակել և ընդունել զբոսաշրջային գործակալների հետ հարաբերությունների կանոններ, որոնք պետք է սահմանեն՝

ա. որևէ զբոսաշրջային գործակալին այլ զբոսաշրջային գործակալի նկատմամբ խտրական հիմունքներով առավելություն տրամադրելու անթույլատրելիությունը, եթե տարբերակումը պայմանավորված չէ օբյեկտիվ հիմնավորմամբ կամ չի բխում տվյալ զբոսաշրջային գործակալի հետ ունեցած իրավապայմանագրային հարաբերությունների բնույթից,

բ. որևէ զբոսաշրջային գործակալին այլ զբոսաշրջային գործակալի նկատմամբ առավելություն տրամադրելու դեպքում սահմանել զբոսաշրջային գործակալների նկատմամբ տարբերակված մոտեցման համար օբյեկտիվ չափանիշներ կամ կատեգորիաներ՝ սահմանելով յուրաքանչյուր կատեգորիայի համար տրվող առավելությունները,

գ. զբոսաշրջային գործակալների միջոցով իր կողմից ձևավորված զբոսաշրջային փաթեթներն իրացնելիս կամ վաճառելիս զբոսաշրջային գործակալին տրամադրել ամրագրվող ծառայությունների շրջանակներում ծառայությունների հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև սույն՝ N 3 հավելվածի 1-ին կետի 3-4-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված հստակ և ամբողջական տեղեկատվություն.

13) անհրաժեշտության դեպքում իր միջոցների հաշվին ապահովել աշխատողների վերապատրաստումը։

2. ՏԳՏԴ N (ԷՆ) խմբի 79.12 կոդով ներգնա զբոսաշրջային գործունեություն իրականացնող զբոսաշրջային օպերատորի վրա չեն տարածվում սույն՝ N 3 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 3-րդ ենթակետի «ժգ» պարբերությամբ, 4-րդ ենթակետի «բ» և «դ» պարբերություններով, 7-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերություններով սահմանված պահանջները։

3. Զբոսաշրջային գործակալի գործունեություն (ՏԳՏԴ N (ԷՆ) խումբ՝ կոդ 79.11) իրականացնելու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը զբոսաշրջային ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր կնքելու պահին պետք է համապատասխանի սույն՝ N 3 hավելվածի 1-ին կետի 1-12-րդ ենթակետերով սահմանված պահանջներին՝ բացառությամբ 4-րդ ենթակետի «բ» և «դ» պարբերություններով, 7-րդ ենթակետի «բ»-«գ» պարբերություններով սահմանված պահանջների։

4․ Զբոսաշրջային գործակալը սպառողի հետ պրինցիպալի անունից պայմանագիր կնքելու դեպքում այդ մասին պետք է տեղեկացնի սպառողին և պայմանագրում կատարի համապատասխան նշում։

5. Սույն` N 3 հավելվածի 1-ին կետի 6-րդ, 7-րդ և 12-րդ ենթակետերում նշված կանոններն ընդունվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով ներքին (լոկալ) իրավական ակտի համար սահմանված պահանջներին համապատասխան ներքին (լոկալ) իրավական ակտ ընդունելու միջոցով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2025 թվական: