ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3-Ա |
«07» հունվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արսեն Սահակյանի ներկայացուցիչ Նարինե Աբելյանի 2024 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ Դ-154820-24 դիմումի (այսուհետ՝ նաև Դիմում) հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
Դիմումի առարկայի քննության կապակցությամբ 2024 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին հրավիրվել է լսումներ, որին ներկայացել և մասնակցել են Արսեն Սահակյանը և Արսեն Սահակյանի ներկայացուցիչ Նարինե Աբելյանը (այսուհետ՝ Դիմող կողմ):
2024 թվականի դեկտեմբերի 19-ին բավարարվել է Դիմող կողմի՝ պահանջի կապակցությամբ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու նպատակով ժամանակ տրամադրելու և նոր լսումներ հրավիրելու մասին միջնորդությունը և հերթական լսումները հրավիրել է 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 11:00-ին, որի տեղի ունենալու վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցվել է Դիմող կողմը, սակայն լսումներին չի ներկայացել, ինչպես նաև չի ներկայացրել որևէ ապացույց:
Ուսումնասիրելով Դիմումը, Դիմումին կից, ինչպես նաև վարույթի շրջանակներում ստացված նյութերը, 2024 թվականի դեկտեմբերի 19-ին կազմված՝ վարույթի լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով Դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ Դ-154850-24 դիմումով և վարույթի լսումների ընթացքում ներկայացված փաստերի համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում Արսեն Սահակյանին պատկանող «Mercedes-Benz E350» մակնիշի «36QS159» հաշվառման համարանիշի ավտոմեքենան Նոր Նորք վարչական շրջանի Սամվել Սաֆարյան փողոցով ընթանալու ժամանակ, դիտահորի կափարիչը տեղաշարժվելու և ավտոմեքենային հարվածելու արդյունքում վնասվել է: Դիմող կողմի փաստարկների համաձայն՝ նկարագրված պատահարի արդյունքում վնասվել է ավտոմեքենայի հետևի ձախ դռան ներքևի հատվածը և նույն դռանը հաջորդող անվածածկոցը, որն, ըստ մասնագետի բանավոր դիտարկման, կազմում է 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
Լսումների ընթացքում Դիմող կողմը Դիմումում նկարագրված պատահարի հետևանքով առաջացած վնասի փոխհատուցման պահանջը Երևանի քաղաքապե-տարանին ներկայացնելու հանգամանքը հիմնավորել է այն փաստարկներով, որ պատահարի վայրի փողոցը գտնվում է Երևան քաղաքի տարածքում և, որ պատահարը տեղի է ունեցել դիտահորի կափարիչը փակված լինելը չապահովելու հարցում Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորված ոչ իրավաչափ անգործության պատճառով:
Լսումների ընթացքում հետազոտվել է Դիմող կողմի ներկայացրած և Դիմումին կից տրամադրված տեսագրության օրինակը, որի կապակցությամբ Արսեն Սահակյանը պարզաբանել է, որ տեսագրությունը կատարվել է իր կողմից, պատահարից անմիջապես հետո: Արսեն Սահակյանը նաև նշել է, որ դիտահորը բաց չի եղել, այսինքն ընթացքի ժամանակ բաց դիտահորի ձևով խոչընդոտ չի նկատվել, սակայն ընթացքի ժամանակ բացվել է, քանի որ կափարիչը պատշաճ ամրացված չի եղել և ճանապարհի տվյալ հատվածում բացակայել է այդ մասին նախազգուշացնող՝ «Այլ վտանգներ» նշանը:
2019 թվականի դեկտեմբերի 10-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ PJ707312 վկայագրի համաձայն՝ «Mercedes-Benz E350» մակնիշի «36QS159» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Արսեն Սահակյանի սեփականությունը:
Դիմումին կից, 2024 թվականի դեկտեմբերի 19-ին կայացած լսումների ժամանակ, ինչպես նաև մինչև վարույթը սույն որոշմամբ եզրափակելը, Դիմող կողմը Դիմումի առարկային առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով չի ներկայացրել 2024 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում տեղի ունեցած պատահարի (այսուհետ՝ Պատահար) արդյունքում Արսեն Սահակյանին պատկանող «Mercedes-Benz E350» մակնիշի «36QS159» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքներն առաջանալու պատճառներն ու պատահարի հանգամանքներն ուսումնասիրող, պատահարը վարորդի կողմից տեխնիկապես կանխելու անհնարինությունը որոշող, նշված փոխադրամիջոցի վնասվածքների հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, վնասի չափը գնահատող, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից կազմված փորձագիտական եզրակացություններ, չի ներկայացրել պատահարի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավասու աշխատակցի կողմից նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին կազմված արձանագրություն և պատահարի սխեմա, ինչպես նաև չի ներկայացրել օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով կարող է հիմնավորվել տվյալ պատահարը Դիմումը քննող վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության հետևանք հանդիսանալու հանգամանքը:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։
Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:
Օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված՝ վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ անվտանգ երթևեկություն ապահովելու գործառույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից և դրա հետ կապված իրականացված վարչարարության (գործողություն կամ անգործություն) շուրջ ծագած վեճերով Երևանի քաղաքապետը չի հանդիսանում իրավասու պատասխանատու վարչական մարմին:
Քննարկվող պարագայում, ելնելով Դիմումով և լսումների ընթացքում պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքների բնույթից, վարույթի շրջանակներում ենթակա է պարզման, թե.
1) ի՞նչ արագությամբ է ընթացել «Mercedes-Benz E350» մակնիշի «36QS159» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը պատահարին նախորդող պահին և արդյո՞ք այն համապատասխանել է տվյալ պայմանների /ճանապարհային, մթնոլորտային և այլն/ համար սահմանված արագությանը,
2) արդյոք պատահարին նախորդող պահին վարորդի ընտրած արագությունը տվյալ պատահարի առաջացման հետ տեխնիկական տեսակետից պատճառական կապի մեջ է, թե՞ ոչ,
3) Պատահարի պահին առկա պայմաններում «Mercedes-Benz E350» մակնիշի «36QS159» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդն արգելակելու, արագությունը դանդաղեցնելու կամ թույլատրելի այլ եղանակով հնարավորություն ունեցել է կանխելու պատահարը, թե՞ ոչ,
4) արդյո՞ք հիմնավորվում է Պատահարը տեղի ունենալու հարցում Երևանի քաղաքապետարանի մեղավորության առկայությունը,
5) արդյո՞ք հիմնավորվում է Պատահարը, հետևաբար նաև ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության (գործողության կամ անգործության) ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը,
6) արդյո՞ք հիմնավորվում է Պատահարի արդյունքում առաջացած ենթադրյալ վնասը 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ կազմելու հանգամանքը:
Նշված հանգամանքները պահանջում են փորձագիտական և իրավական գնահատականներ, որոնք Դիմող կողմի ներկայացրած տեսագրությամբ և լուսանկարով չեն կարող ապացուցված համարվել, հետևաբար Դիմումով ներկայացված պահանջի հիմքում ընկած և դիմումատուի համար բարենպաստ փաստական հանգամանքները այլ ապացույցներ ներկայացված չլինելու պայմաններում՝ համարվում են չապացուցված:
Ինչ վերաբերում է Դիմող կողմի այն փաստարկին, որ Պատահարի վայրում առկա չի եղել «Այլ վտանգներ» նշանը, ապա այն անհիմն է, քանի որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը Օրենքի համապատասխան դրույթների համաձայն՝ չի հանդիսանում Երևանի քաղաքապետի լիազորությունը, բացի այդ, անկախ խնդիրը Երևանի քաղաքապետարանի պատասխանատվության ներքո չգտնվելու հանգամանքից, քննարկվող պարագայում համապատասխան փորձագիտական եզրակացություններով չեն ապացուցվել Պատահարը տեղի ունենալու հանգամանքները և պատճառները, ինչպես նաև նշված եզրակացություններով ստացված տվյալների հիման վրա՝ տեխնիկական տեսակետից վարորդի գործողությունները ճանապարհային երթևեկության կանոններին կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի պահանջներին համապատասխանելու հանգամանքները:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով չի հաստատվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Դիմումում և վարույթի լսումների ընթացքում ներկայացված փաստական հանգամանքների և վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավանորմերի համադրմամբ կարելի է փաստել, որ վնասի փոխհատուցման պահանջը ներկայացվել է Երևանի քաղաքապետարանին այն պատճառաբանությամբ, որ Պատահարը տեղի է ունեցել դիտահորի կափարիչը ամրացված չլինելու հետևանքով, ինչում վարչական մարմնի ենթադրյալ մեղավորությունը դիտարկելը ենթադրում է վերջինիս կողմից կամ իր սեփականությունը հանդիսացող գույքը պատշաճ վիճակում չշահագործելու փաստի քննարկում, ինչը տվյալ պարագայում բացառվում է դիտահորը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում չգտնվելու և համայնքային սեփականություն չհանդիսանալու փաստի ուժով, կամ ջրահեռացման համակարգերի օգտագործման կանոնների խախտում թույլ տրված լինելու հարցի քննարկում, ինչը ևս բացառվում է , քանի որ Երևանի քաղաքապետարանը չի հանդիսանում ոլորտի պատասխանատու մարմին, բացի այդ առկա չէ վերջինիս գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչող՝ օրինական ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ: Նշվածի համատեքստում՝ հատկանշական է, որ 2017 թվականի հունվարի 1-ից մեկնարկվել է՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծառայությունների մատուցման վարձակալության պայմանագիր, որի կողմերն են հանդիսանում Ջրային կոմիտեն և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1228-Ա որոշմամբ սահմանվել են ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնները (այսուհետ՝ Կանոններ):
Կանոնների 8-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ ջրահեռացման համակարգի արդյունավետ և անխափան աշխատանքներն ապահովելու համար ջրահեռացման համակարգը շահագործող կազմակերպությունը կազմակերպում է ցանցերի և կառուցվածքների աշխատանքի խախտումների ու վթարների պատճառների վերլուծությունը և մշակում միջոցառումներ՝ դրանք կանխելու և վերացնելու համար:
Կանոնների 68-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ցանցի ստուգայցի և զննման ժամանակ ստուգվում են դիտահորերի արտաքին վիճակը, կափարիչների տեղակայվածությունը, կիպությունը:
Կանոնների 72-րդ կետի համաձայն՝ շահագործման ընթացքում առաջացած թերությունները հայտնաբերելու նպատակով ստուգվում են դիտահորերի պատերի, կոկորդային մասի, ճարմանդների, աստիճանների, մտոցի կափարիչների, առվակների մուտքի և ելքի խողովակների վիճակները, մաքրվում առաջացած նստվածքները, միաժամանակ ստուգվում դիտահորին կից տեղամասերի ուղղագիծ լինելը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
Դիմում-ծանուցմանը կից չեն ներկայացվել 2024 թվականի հոկտեմբերի 11-ին «Mercedes-Benz» մակնիշի «01 HU 001» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ինքնավթարի հանգամանքների փորձաքննության, վթարը կանխելու անհնարինության, այդ թվում՝ ավտոմեքենայի արագության վերաբերյալ՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից կազմված փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև չի ներկայացվել (առկա չէ) օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի՝ նշված վթարի պատճառ հանդիսացած գործոններում դրսևորած ենթադրյալ անգործությունը:
Ինչ վերաբերում է Դիմող կողմի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ և 45-րդ հոդվածների կարգավորումներից բխող այն փաստարկներին, որ Դիմող կողմը փորձաքննություն իրականացնելու նպատակով փորձագետների չի դիմել, քանի որ գործում է հավաստիության կանխավարկածի սկզբունքը, հետևաբար Դիմող կողմի հայտնած տեղեկությունը պետք է համարվի հավաստի, քանի դեռ վարչական մարմինը ինքնուրույն և իր միջոցների հաշվին հակառակը չի ապացուցել, և եթե վարչական մարմինը գտնում է, որ առկա են հանգամանքներ, որոնք ենթակա են այլ ապացույցներով ապացուցման կարող է նշանակել փորձաքննություն, ապա դրանք ևս գնահատվում են անհիմն, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ և 45-րդ հոդվածներով սահմանված իրավանորմերը ենթակա են կիրառման նույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված իրավանորմերի հետ համատեղ, իսկ վերջինս սահմանում է վարույթի մասնակցի կողմից ապացուցման ենթակա փաստական հանգամանքների շրջանակը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ վարչական մարմնի վրա:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված իրավանորմերից բխող ընդհանուր կարգավորումը հանգում է նրան, որ դիմումատուն վարչական մարմնի հետ հարաբերություններում իսպառ ազատված չէ իր համար բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունից, իսկ վարչական մարմինը կրում է պարտականություն ապացուցել անձի համար այն բարենպաստ փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով: Քննարկվող պարագայում՝ Դիմող կողմի համար բարենպաստ փաստական հանգամանք է դիտարկվում Պատահարի արդյունքում առաջացած ենթադրյալ վնասի փոխհատուցումը, որն իր հերթին ենթադրում է վնասի առկայության և վնասի չափի հիմնավորում, իսկ Պատահարին և վնասին (վնասի չափին) վերաբերող տվյալների պարզումը դուրս է Երևանի քաղաքապետի լիազորությունների շրջանակներից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ եթե փաստական հանգամանքների ուսումնասիրման համար անհրաժեշտություն է առաջանում նշանակել փորձագետ, ապա վարչական մարմինն այդ հարցով դիմում է համապատասխան կազմակերպության ղեկավարին կամ համապատասխան անձին` այդ մասին ծանուցելով վարույթի մասնակիցներին:
Ելնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված իրավակարգավորումների պահանջներից, և նկատի ունենալով, որ Դիմող կողմը չի ներկայացրել Դիմումի պահանջը հիմնավորող համապատասխան ապացույցները, ուստի Դիմումի քննարկման և վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների գնահատման շրջանակներում ի հայտ չեն եկել փորձագետներ ներգրավելու, փորձաքննություններ նշանակելու կամ ի հակադրումն Դիմող կողմի ներկայացրած ապացույցների՝ նոր ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտություն առաջացնող հանգամանքներ:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել Պատահարը Երևանի քաղաքապետարանի մեղքով տեղի ունենալու հանգամանքը, այն է՝ չի ներկայացվել պատահարի վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, դիտահորի կափարիչը ամրացված չլինելու հանգամանքով պայմանավորված Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ, չի հիմնավորվել Արսեն Սահակյանի կրած վնասի չափը, չի հիմնավորվել Դիմումի առարկա վնասը Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ ոչ իրավաչափ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև չեն ներկայացվել փոխադրամիջոցի ավտոտեխնիկական, հետքաբանական, ապրանքագիտական, վնասի առաջացմանը հանգեցրած պատահարի հանգամանքները բացահայտող փորձաքննության եզրակացություններ, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1071.1-րդ հոդվածների, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1228-Ա որոշմամբ սահմանված կանոնների 8-րդ, 68-րդ և 72-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերի դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96-րդ հոդվածներով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին Արսեն Սահակյանի ներկայացուցիչ Նարինե Աբելյանի 2024 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ Դ-154820-24 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|