ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2024 թվականի |
թիվ 23 |
քաղ. Երևան |
ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 18 կարգադրությանը համապատասխան ձևավորված՝ Մոնղոլիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու նպատակահարմարության վերաբերյալ հարցի ուսումնասիրության հարցերով համատեղ հետազոտական խմբի (այսուհետ՝ համատեղ հետազոտական խումբ) ամփոփիչ զեկույցը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիր կնքելու վերաբերյալ Մոնղոլիայի հետ բանակցություններ սկսելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Հավանություն տալ համատեղ հետազոտական խմբի աշխատանքի շրջանակներում նախապատրաստված՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի նախագծին կցվող հայեցակարգային դրույթներին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
Թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԺԱՄԱԿԱՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց․
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ սկսել բանակցություններ Մոնղոլիայի հետ՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամականավոր առևտրային համաձայնագիր կնքելու վերաբերյալ։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված բանակցություններին առնչվող հրահանգները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 23 որոշմամբ |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամականավոր առևտրային համաձայնագրի նախագծի
I. Ներածություն
1. Սույն հայեցակարգային դրույթներն արտացոլում են փոխըմբռնումը՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի» ընդգրկման մասով։
2. Սույն հայեցակարգային դրույթները պարունակում են առևտրին առնչվող այն հարցերի ցանկը, որոնք ենթակա են համաձայնագրի մեջ ներառման՝ առանց բանակցությունների ընթացքում կողմերի վերջնական դիրքորոշումների համար վնասի։ Տվյալ ցանկը սպառիչ չէ, բանակցությունների ընթացքում կողմերի համաձայնությամբ դրանում կարող են ներառվել լրացուցիչ հարցեր։
II. Նպատակները (առանցքային սկզբունքները)
3. Համաձայնագիր կնքելու նպատակները (առանցքային սկզբունքները) հետևյալն են՝
ա) Կողմերի միջև ապրանքների առևտրի ազատականացում և պարզեցում, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտները կրճատելու կամ վերացնելու միջոցով՝ համաձայն պայմանագրի դրույթների.
բ) կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցության աջակցություն.
գ) կողմերի միջև ապրանքների առևտրի ընդլայնման և բազմազանեցման (դիվերսիֆիկացման) խրախուսում։
III. Խնդիրները
4. Համաձայնագրի կնքման խնդիրներն են՝
ա) ապրանքների համար շուկայի հասանելիության ընդլայնումը, ապրանքների առևտրի պարզեցումը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների կրճատման ու վերացման միջոցով.
բ) կողմերի միջև առևտրային շրջանառության ավելացումը.
գ) կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը և մրցունակության բարձրացման համար լրացուցիչ պայմանների ստեղծումը։
IV. Հիմնական հարցերը
5. Համաձայնագրի շրջանակներում կարգավորման ենթակա են հետևյալ հարցերը՝
ա) իրավական և «հորիզոնական» հարցերը.
Համաձայնագիրը պետք է կնքվի 3 տարի ժամկետով և դրա գործողության ժամկետը հետագայում երկարաձգվում է 3 տարի ժամկետով, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվում։
Համաձայնագրի կողմերը պետք է լինեն Եվրասիական տնտեսական միությունը (այսուհետ՝ ԵԱՏՄ)՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իր իրավասության շրջանակներում, և (կամ) անդամ պետությունները՝ մեկ կողմից, և Մոնղոլիան՝ մյուս կողմից։
Համաձայնագրով պետք է նախատեսվեն՝
համաձայնագրի վարչարարության արդյունավետ մեխանիզմները, այդ թվում՝ օժանդակ մասնագիտացված մարմինների ու աշխատանքային խմբերի ձևավորման հնարավորությամբ համատեղ կոմիտեի ստեղծումը.
համաձայնագրի արդյունավետ իրականացումն ապահովելու և կողմերի միջև հաղորդակցությունը պարզեցնելու համար կոնտակտային կետերի սահմանումը.
կողմերի միջև հնարավոր վեճերի կարգավորման ընթացակարգը, որը հիմնված է բանակցությունների ու խորհրդակցությունների գերակայության սկզբունքի վրա և որով նախատեսվում են արբիտրների պանելների ձևավորման արդյունավետ մեխանիզմները, իսկ այդ ընթացակարգի շրջանակներում՝ որպես վեճի նախաձեռնման հիմք, պետք է նախատեսված լինի միայն համաձայնագրի մեկնաբանումը և (կամ) կիրառումը, երբ կողմը ենթադրում է, որ մյուս կողմի միջոցը չի համապատասխանում համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններին.
1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» (այսուհետ՝ 1994 թվականի ՍԱԳՀ) XX և XXI հոդվածներին համապատասխան նախատեսված բացառությունները.
համաձայնագրի վերանայման մեխանիզմը՝ կողմերի շահերի ապահովման համար՝ հաշվի առնելով միջազգային տնտեսական հարաբերություններում փոփոխությունները։
Համաձայնագիրը պետք է նախատեսի կողմերի՝ 1994 թվականի ՍԱԳՀ I, III, V, VIII, XI և XIII հոդվածների դրույթների ներառման միջոցով ամրագրված պարտավորությունները։
Համաձայնագիրը պետք է նախատեսի ներմուծման սահմանափակման միջոցները գործողության մեջ դնելու հնարավորություն՝ համաձայն 1994 թվականի ՍԱԳՀ XII հոդվածի դրույթների և 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» վճարային հաշվեկշռի վերաբերյալ դրույթների մասով պայմանավորվածության։ Կողմերը պետք է միմյանց տեղեկացնեն վճարային հաշվեկշռի այդպիսի միջոցներ գործողության մեջ դնելու իրենց մտադրության, դրանց իրականացման և վերացման ժամանակացույցի մասին, ինչպես նաև խորհրդակցություն անցկացնեն՝ դիտարկելու համար սահմանափակող ցանկացած միջոցի՝ 1994 թվականի ՍԱԳՀ XII հոդվածի դրույթներին համապատասխանության հարցը:
Համաձայնագրում պետք է նախատեսվի, որ Համաձայնագրի և Մարաքեշի 1994 թվականի ապրիլի 15-ի «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» համաձայնագրի (այսուհետ՝ «ԱՀԿ համաձայնագիր») դրույթների միջև որևէ անհամապատասխանության դեպքում ԱՀԿ համաձայնագրի համապատասխան դրույթները գերակայում են այդպիսի անհամապատասխանության մասով, և կողմերը պետք է անհապաղ խորհրդակցություն անցկացնեն՝ փոխընդունելի լուծում մշակելու նպատակով.
բ) ապրանքների առևտուրը (շուկայի հասանելիությունը).
Համաձայնագրով պետք է՝
արտոնյալ պայմաններ նախատեսվեն կողմերի տարածքներից ծագող ապրանքների մուտքի համար.
արձանագրվեն ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի սակագնային պարտավորությունների ցանկերը.
գ) ապրանքների ծագումը որոշելու կանոնները.
Սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու նպատակներով՝ համաձայնագրով պետք է սահմանվեն ապրանքների ծագումը որոշելու առանձնաշնորհային կանոններ, որոնք պետք է պարունակեն՝
չափանիշներ, որոնք թույլ են տալիս ապրանքը ճանաչել որպես կողմի տարածքից ծագող ապրանք (մասնավորապես՝ ամբողջությամբ ստացված ապրանքների ցանկը և այն ապրանքների բավարար վերամշակման չափանիշները, որոնց արտադրությամբ ժամանակ օգտագործվում են ծագում չունեցող նյութեր).
ապրանքների ուղիղ մատակարարման պայմանը.
ապրանքների ծագման փաստաթղթային հաստատմանը ներկայացվող պահանջները.
վերիֆիկացման և վարչական համագործակցության մեխանիզմները, որոնք կողմերի մաքսային մարմիններին թույլ են տալիս ստուգել և վերահսկել ապրանքների ծագումը.
դ) ներքին շուկայի պաշտպանության միջոցները։
Համաձայնագրով պետք է նախատեսվի, որ փոխադարձ առևտրում առևտրի պաշտպանության միջոցները (հակագցման, գլոբալ պաշտպանական և փոխհատուցման միջոցներ) պետք է կիրառվեն 1994 թվականի ՍԱԳՀ VI և XIX հոդվածներին, «Հատուկ պաշտպանական միջոցների մասին» համաձայնագրին, «1994 թվականի սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի VII հոդվածի կիրառման մասին» համաձայնագրին, ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում պարունակվող՝ «Լրավճարերի և փոխհատուցման միջոցների մասին» համաձայնագրին համապատասխան։
Համաձայնագրով պետք է նախատեսվի՝
դրույթ, ըստ որի՝ հակագնագցման, փոխհատուցման և գլոբալ հատուկ պաշտպանական միջոցներ, ինչպես նաև հետագա ցանկացած ընթացակարգ, այդ թվում՝ նշված միջոցների շրջանցումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրություններ, և այլ վերանայումներ անցկացնելիս, Մոնղոլիան ԵԱՏՄ անդամ պետություններին դիտարկում է առանձին, այլ ոչ թե որպես ընդհանուր ԵԱՏՄ, և ԵԱՏՄ-ից իրականացվող ներմուծումների նկատմամբ, ընդհանուր առմամբ, չի կիրառում հակագնագցման, փոխհատուցման և գլոբալ հատուկ պաշտպանական միջոցներ, այդ թվում՝ նշված միջոցների շրջանցումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրությունների արդյունքների վրա հիմնված միջոցներ.
այն կողմի կողմից գրավոր ծանուցում ուղարկելու պահանջը, որը դիտարկում է հակագնագցման կամ փոխհատուցման ուսումնասիրություն սկսելու հնարավորությունը կամ համաշխարհային հատուկ պաշտպանական միջոց կիրառելու մտադրություն ունի.
առևտրային պաշտպանության միջոցներ կիրառելու հարցերով խորհրդատվություն անցկացնելու հնարավորություն. միևնույն ժամանակ, այդպիսի խորհրդատվությունները չպետք է խոչընդոտեն կողմերի կողմից հակագնագցման, փոխհատուցման և գլոբալ հատուկ պաշտպանական միջոցներ կիրառելու նպատակով ուսումնասիրություն նախաձեռնելուն և չպետք է դժվարացնեն այդպիսի ուսումնասիրությունների անցկացումը.
ե) առևտրում տեխնիկական արգելքները և սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական (ՍԲՍ) միջոցառումները.
Համաձայնագրով պետք է նախատեսվի՝
կողմերի նորմատիվ իրավական ակտերը տեխնիկական կարգավորման ոլորտում կիրառելու հնարավորություն՝ ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում պարունակվող՝ «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրի դրույթներին համապատասխան.
սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները կիրառելու հնարավորություն՝ ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում պարունակվող «Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» համաձայնագրի դրույթներին համապատասխան.
ստանդարտացման, տեխնիկական կանոնակարգերի մշակման, չափագիտության, շուկայի վերահսկողության և համապատասխանության գնահատման ընթացակարգերի իրականացման համար պատասխանատու իրավասու մարմինների կամ հաստատությունների միջև երկկողմ համագործակցության զարգացման անհրաժեշտություն՝ ներառյալ հավատարմագրումը, փորձարկումը և սերտիֆիկացումը.
փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտները վերացնելու, այդ թվում՝ որոշակի ապրանքների կամ ապրանքների խմբերի համապատասխանության գնահատման ընթացակարգերի արդյունքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրերի ստորագրման նպատակով բանակցություններ սկսելու հնարավորություն.
համագործակցության և ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի, չափագիտության, շուկայի հսկողության և համապատասխանության գնահատման ընթացակարգերի, այդ թվում՝ հավատարմագրման, փորձարկման և սերտիֆիկացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հնարավորություն՝ դրանց համապատասխան համակարգերի ըմբռնումը բարելավելու և փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների առաջացումը կանխելու նպատակով, այդ թվում՝ ՍԲՍ միջոցառումների մասով։
ՍԲՍ միջոցառումների մշակմանը, ընդունմանը և (կամ) կիրառմանը միտված լրացուցիչ պայմանավորվածությունների ձեռքբերման հնարավորություն՝ փոխադարձ առևտրում դրանց կիրառման բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով.
փոխադարձ առևտրում անհարկի խոչընդոտներ ստեղծող միջոցների կիրառման և փոխադարձ առևտրի վրա ազդող ՍԲՍ միջոցառումների հետ կապված հարցերը լուծելու նպատակով տեխնիկական խորհրդատվություններ անցկացնելու հնարավորություն.
զ) մաքսային վարչարարությունը և ապրանքների առևտրի պարզեցումը.
Համաձայնագրով պետք է նախատեսվի՝
մաքսային վարչարարության և առևտրի պարզեցման միջոցառումների կիրառում` շեշտը դնելով մաքսային ընթացակարգերի թափանցիկության, մաքսային գործառնությունների ներդաշնակեցման և կողմերի մաքսային մարմինների միջև համագործակցության վրա.
արդյունավետ մաքսային ընթացակարգերի կիրառման և լիազորված տնտեսական օպերատորների ծրագրերի (ինստիտուտի) ստեղծման (աշխատանքի ապահովման) անհրաժեշտություն՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության համաշխարհային առևտրի անվտանգության և պարզեցման շրջանակային ստանդարտներին համապատասխան.
ապրանքների արտահանման և ներմուծման վերաբերյալ տեղեկությունների հարցման և ներկայացման, հաղորդակցության ուղիների ձևավորման և տեղեկությունների էլեկտրոնային կանոնավոր այն փոխանակման ապահովման ընթացակարգեր, որին ներկայացվող պահանջները սահմանվում են կողմերի լիազորված մարմինների միջև առանձին արձանագրությամբ.
է) թափանցիկությունը.
Համաձայնագիրը պետք է ներառի դրույթներ համապատասխան նորմատիվ իրավական ակտերի հրապարակման, ինչպես նաև համաձայնագրի գործողության շրջանակում գտնվող ցանկացած հարցի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի մասին:
Կողմերը պետք է հնարավորինս ծանուցեն միմյանց ցանկացած այնպիսի միջոցի ընդունման մասին, որը կարող է էականորեն ազդել համաձայնագրի իրագործման վրա կամ առնչվել համաձայնագրի շրջանակներում մյուս կողմի շահերի հետ.
ը) էլեկտրոնային առևտուրը.
Համաձայնագրով պետք է նախատեսվի՝
Կողմերի կողմից էլեկտրոնային առևտրի մասով միջոցների կիրառում՝ հաշվի առնելով դրանց տնտեսական օգուտներն ու նորարարական բնույթը.
Էլեկտրոնային առևտրային գործառնությունների մասով առանձին ազատ առևտրի գոտիների շրջանակներում մաքսային ձևակերպման գործընթացների արագացում՝ միջսահմանային առևտրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.
մաքսային գործընթացների պարզեցում, չափից շատ նորմատիվային ժամանակից խուսափում, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության պարտավորություններ.
թ) տնտեսական համագործակցությունը.
Համաձայնագիրը պետք է ներառի այնպիսի դրույթներ, որոնք հաստատում են կողմերի միջև տնտեսական համագործակցության կարևորությունը՝ փոխշահավետ ոլորտներում փոխգործակցության ամրապնդման նպատակներով։
Համաձայնագիրը պետք է նաև խրախուսի և դյուրացնի փոխգործակցությունը կողմերի համապատասխան պետական մարմինների միջև՝ տնտեսական համագործակցության զարգացումն ու իրականացումն ապահովելու նպատակներով, իսկ անհրաժեշտության և նպատակահարմարության դեպքում՝ խթանի համագործակցությունը կողմերի առևտրային կազմակերպությունների միջև:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: