ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2024 թվականի N 2036-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի N 106 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, 2024 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2025 թվականի հունիսի 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասվող 2000,0 տոննա սերուցքային կարագի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք 2024 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2025 թվականի հունիսի 15-ը ներառյալ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող սերուցքային կարագի վրա՝ բացառությամբ ԱՊՀ անդամ պետություններից ծագող և արտոնյալ ծագման հավաստագրով ներմուծվող ապրանքների.
2) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի ներմուծումը թույլատրվում է սահմանված ծավալից ոչ ավելի քանակով` լիցենզիայի առկայության դեպքում.
3) սերուցքային կարագի ներմուծման լիցենզիա տրամադրելու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
3. Հաստատել՝
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սերուցքային կարագի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) սերուցքային կարագի ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) սերուցքային կարագի ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2024 թվականի դեկտեմբերի 24-ից ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2036-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սերուցքային կարագի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հետ կապված հարաբերություններն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև:
2. Սույն կարգով կարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի N 106 որոշման, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի N 6 հավելվածով հաստատված՝ «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» և N 7 հավելվածով հաստատված՝ «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրություններին համապատասխան:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
1) ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է՝ ելնելով վերջին երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից.
2) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որն իրավունք է տալիս սահմանված քանակով տվյալ ապրանքի ներմուծման համար.
3) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.
4) ապրանք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասվող սերուցքային կարագ.
5) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող երեք տարին.
6) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.
7) պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.
8) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:
3. ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
4. Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հետևյալ կերպ՝
1) պատմական գնորդների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսը.
2) արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 25 տոկոսը:
4. ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
5. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև 2024 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2025 թվականի հունիսի 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի բաշխումն իրականացվում է մինչև Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառումը:
6. Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից լիազոր մարմին հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրը: Հայտատուն իրավունք ունի իր կողմից ներկայացված դիմում-հայտը ենթարկելու փոփոխության՝ մինչ նշված՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը:
7. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է` լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմում-հայտ ներկայացվելու ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Ներմուծման մասին հայտ ներկայացրած պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով՝
Vi = Vid x D, որտեղ`
Vi -ն i-րդ պատմական գնորդին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալն է,
Vid-ն բոլոր պատմական գնորդներին համապատասխան տարվա համար ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալն է,
D-ն գործակից է, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում պատմական գնորդի մասը:
D գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, ընդ որում՝ գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորը՝
D = Vipt / Vt, որտեղ`
Vipt-ն պատմական գնորդի կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է,
Vt-ն բոլոր պատմական գնորդների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է:
9. Պատմական գնորդները լիազոր մարմին են ներկայացնում իրենց դիմում- հայտերը, որոնցում խնդրարկված ներմուծվելիք ապրանքի քանակը չպետք է գերազանցի հաշվետու ժամանակաշրջանում յուրաքանչյուրի կողմից ներմուծված ապրանքի միջին ծավալը:
10. Պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից հետո մնացորդի առկայության դեպքում՝ լիազոր մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում այն պատմական գնորդներին, որոնք ստացել են նախնական դիմում-հայտով խնդրարկված ծավալից ավելի քիչ ներմուծման թույլատրելի ծավալ, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով ծանուցում է ուղարկվում` նշելով մնացորդի քանակը:
11. Պատմական գնորդները լիազոր մարմնի կողմից ծանուցում ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում լրացուցիչ դիմում-հայտեր:
12. Ներկայացված լրացուցիչ դիմում-հայտերն ստանալուց հետո լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է պատմական գնորդներին հասանելիք մնացորդի վերաբաշխումը` հիմք ընդունելով յուրաքանչյուր պատմական գնորդի կողմից ներմուծման թույլատրելի ծավալի տեսակարար կշիռը պատմական գնորդներին հասանելիք ներմուծման ծավալի մեջ՝ հաշվի առնելով պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկման եղանակը:
13. Եթե պատմական գնորդները ծանուցումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում-հայտեր չեն ներկայացնում, ապա լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցներին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով ծանուցում է ուղարկվում՝ ներմուծման թույլատրելի ծավալի մնացորդը վերջիններիս միջև բաշխելու նպատակով։
14. Արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է համամասնորեն: Արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը յուրաքանչյուր մեկ մասնակցի մասով չպետք է գերազանցի արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցներին հասանելիք ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 20 տոկոսը:
15. Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները 2025 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 10-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ` սույն կարգի 19-րդ կետի պահանջներին համապատասխան:
16. Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է`
1) պատմական գնորդների համար` սույն կարգի 8-րդ կետի պահանջներին համապատասխան.
2) արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև` համամասնորեն, մինչև առկա չբաշխված ծավալի սպառումը։
17. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը լիազոր մարմին է ներկայացնում 2024-2025 թվականների ընթացքում ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք սերուցքային կարագի ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկություն՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։
18. Լիազոր մարմինը 2025 թվականի ապրիլի առաջին տասնօրյակում էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով ծանուցում է սույն որոշմամբ սահմանված քվոտայի շրջանակներում սերուցքային կարագ ներկրող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին՝ 2024 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը իրենց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված սերուցքային կարագի փաստացի ծավալների, ինչպես նաև քվոտայի շրջանակներում վերջիններիս հասանելիք, սակայն դեռևս չներմուծված ծավալի մասով հիմնավորված տեղեկություն՝ լիազոր մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
5. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
19. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն N 1 ձևի.
2) գլխավոր լիցենզիայի դեպքում` արտաքին առևտրային պայմանագրի պատճենը, դրա հավելվածները կամ լրացումները, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը․
3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկություն:
20. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:
21. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
22. Հայտատուի կողմից սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը ներկայացվելու և հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան կամ մերժվում է տրամադրումը:
23. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան ստացած անձինք մինչև 2025 թվականի մայիսի 10-ը լիազոր մարմին են ներկայացնում սերուցքային կարագի մասով իրենց հատկացված, սակայն չօգտագործված չափաքանակների ներմուծման վերաբերյալ տեղեկություն:
24. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո՝ թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
25. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է վերացնել դրանք:
26. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները։ Միևնույն անձի կողմից տարբեր ընկերությունների անունից հայտ ներկայացնելը հիմք է մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու հայտի մերժման համար։
27. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում 2025 թվականի հունիսի 15-ը ներառյալ:
28. Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ կատարել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
29. Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (կազմակերպական-իրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ հայտատուի անձնագրային տվյալները, հայտատուն պարտավոր է փոփոխված փաստաթղթերը ձեռք բերելուց հետո 3-օրյա ժամկետում դիմել լիազոր մարմին՝ տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար, իսկ նոր լիցենզիա ձևակերպելու համար ներկայացնել սույն կարգի 19-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
6. ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
30. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում է կայացնում հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու.
2) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում փոփոխությունների մասին լիազոր մարմնին ժամանակին չհայտնելու.
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման․
4) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու.
5) լիցենզիա ստացած անձի դիմումի համաձայն:
31. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշում է կայացնում հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություն հայտնաբերելու.
2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի մահվան.
3) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու.
4) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.
5) լիցենզիայի ժամկետը լրանալու:
32. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում կամ կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից որոշում կայացվելու օրվանից 1 օր հետո։ Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։
33. Լիցենզիան ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը։
34. Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ու չափով պետական տուրքի (լիցենզավորման վճար) վճարումից հետո տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը ձևակերպվում է այնպես, ինչպես բնօրինակը, և պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
35. Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը | |
3. Լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր | |
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |
7. Արտահանող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||
16. Լրացուցիչ տեղեկություն | ||
17. Լիցենզիա տալու հիմքը |
18. Հայտատուի լիազորած անձ ______________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) ______________________________________________ (պաշտոնը) ______________________________________________ (հեռախոսահամարը) ______________________________________________ ստորագրությունը և կնիքը
____ __________________ 202 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
20.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2036-Ն որոշման |
ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին | ||
1.Մեկանգամյա լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | |
3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր | |
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||
16. Լրացուցիչ տեղեկություն | ||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ ______________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) ______________________________________________ (պաշտոնը) ______________________________________________ ստորագրությունը և կնիքը
____ __________________ 202 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
20.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2036-Ն որոշման |
ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին | ||
1. Գլխավոր լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | |
3. Գլխավոր լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր | |
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||
16. Լրացուցիչ տեղեկություն | ||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ ______________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) ______________________________________________ (պաշտոնը) ______________________________________________ ստորագրությունը և կնիքը
____ __________________ 202 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
20.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|