Գլխավոր տեղեկություն
Համար
N 4894-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.12.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.12.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4894-Ա

«16» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Աննա Ասլանյանի 2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Դ-147562-24 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:

2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Դ-147562-24 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության շրջանակներում 2024 թվականի դեկտեմբերի 11-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել են Աննա Ասլանյանը և վերջինիս լիազորված անձ Հեղինե Մելքումյանը:

Ուսումնասիրելով 2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Դ-147562-24 դիմումը, ի լրումն նշված դիմումի ներկայացված 2024 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ Դ-157358-24 դիմումն ու կից ապացույցները, 2024 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով ներկայացված պահանջի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Դ-147562-24 դիմումով ներկայացված փաստերի համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Բայրոնի փողոցի թիվ 4 շենքի դիմաց կայանված՝ Աննա Ասլանյանի սեփականությունը հանդիսացող «BMW X3 28IX 2.0» մակնիշի «36 PD 772» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա ծառ է ընկել, ինչի արդյունքում փոխադրամիջոցը վնասվել է:

Վարույթի լսումների ընթացքում Աննա Ասլանյանը և վերջինիս լիազորված անձ Հեղինե Մելքումյանը, հիմք ընդունելով «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 9-ին տրված թիվ 24-3898 հետքաբանական եզրակացությունը և «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 10-ին տրված թիվ Գ-24/072/1 ապրանքագիտական եզրակացությունը, խնդրել են փոխհատուցել 2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Դ-147562-24 դիմումում նկարագրված պատահարի հետևանքով պատճառված վնասը ընդհանուրը 860,000 (ութ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով, որից 770,000 (յոթ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամը հանդիսանում է փոխադրամիջոցի վնասման արդյունքում պատճառված վնաս, 40,000 (քառասուն հազար) ՀՀ դրամը հանդիսանում է փոխադրամիջոցի ապրանքագիտական փորձաքննության, իսկ 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամը՝ հետքաբանական փորձաքննության համար կատարված ծախս:

2019 թվականի նոյեմբերի 14-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ PB638161 վկայագրի համաձայն՝ «BMW X3 28IX 2.0» մակնիշի «36 PD 772» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Աննա Ասլանյանի սեփականությունը: Աննա Ասլանյանի 2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Դ-147562-24 դիմումի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի կողմից 2024 թվականի նոյեմբերի 28-ին տեղեկացվել է, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից 2024 թվականի նոյեմբերի 25-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի Բայրոն փողոցի թիվ 4 շենքի դիմաց քաղաքացի Աննա Ասլանյանին պատկանող «BMW X3 28IX 2.0» մակնիշի «36 PD 772» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա կողաշրջվել է ամբողջությամբ չորացած բարդի ծառատեսակ, որը, կատարվածի մասին ահազանգ ստանալուց հետո, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից մասնատվել և դուրս է բերվել տարածքից:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 9-ին տրված թիվ 24-3898 հետքաբանական եզրակացության «4. Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննության տրամադրված «BMW X3 28IX 2.0» մակնիշի «36 PD 772» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնք առաջացել են ներկայացված ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ Ե.Նիկոյանի կողմից կազմված նյութերով արձանագրված պատահարի հետևանքով, համապատասխան կառուցվածքներ ու արտացցված եզրեր ունեցող կոշտ առարկաների հետ, որպիսիք հանդիսանում են դեպքի վայրի լուսանկարներում պատկերված արմատախիլ եղած ծառն իր ճյուղերով, անմիջական, վերևից ներքև ուղղությամբ հարվածային բնույթի փոխազդեցությունների արդյունքում: Ընդ որում՝ փոխազդեցությունները տեղ են գտել փոխադրամիջոցն անշարժ վիճակում գտնվելու պայմաններում՝ նշված ծառը չորացած, քայքայված լինելու հետևանքով արմատախիլ լինելու և ավտոմոբիլի վրա ընկնելու արդյունքում:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 9-ին տրված թիվ 24-3898 հետքաբանական եզրակացության և այլ նյութերի հիման վրա «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 10-ին տրվել է թիվ Գ-24/072/1 ապրանքագիտական եզրակացությունը, որի «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «BMW X3 28IX 2.0» մակնիշի «36 PD 772» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափի շուկայական գինը, 2024 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ գործող շուկայական գներով, գնահատվել է 770,000 (յոթ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ:

2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Դ-147562-24 դիմումի կից ներկայացված՝ 2024 թվականի նոյեմբերի 4-ի թիվ B9526687506 հաշիվ վավերագրի համաձայն՝ Աննա Ասլանյանի կողմից «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանցվել է 40,000 (քառասուն հազար) ՀՀ դրամ՝ որպես «BMW X3 28IX 2.0» մակնիշի «36 PD 772» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցին պատճառված վնասի գնահատման արժեք:

2024 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ Դ-157358-24 դիմումին կից ներկայացված՝ «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 9-ին տրված քաղվածքի համաձայն՝ Աննա Ասլանյանի կողմից «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանցվել է 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես «BMW X3 28IX 2.0» մակնիշի «36 PD 772» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի հետքաբանական փորձաքննության նպատակով կնքված թիվ ԱՓ/24-122 պայմանագրի արժեք:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Դ-147562-24 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ստացված ապացույցներով հիմնավորվում է Աննա Ասլանյանի սեփականությունը հանդիսացող՝ «BMW X3 28IX 2.0» մակնիշի «36 PD 772» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը 2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Դ-147562-24 դիմումում և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ Ս.Մութաֆյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 17-ին կազմված զեկուցագրում նկարագրված պատահարի արդյունքում վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով 2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Դ-147562-24 դիմումի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի կողմից 2024 թվականի նոյեմբերի 28-ին տրամադրված տեղեկատվությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում 2024 թվականի հոկտեմբերի 17-ին ստացված թիվ 13969 հաղորդման կապակցությամբ կազմված նյութերը, «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 24-3898 հետքաբանական եզրակացությունը, «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ Գ-24/072/1 ապրանքագիտական եզրակացությունն ու վարույթում առկա այլ նյութերը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 164-րդ հոդվածներով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Աննա Ասլանյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Դ-147562-24 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին.

Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ Գ-24/072/1 ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «BMW X3 28IX 2.0» մակնիշի «36 PD 772» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 770,000 (յոթ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև ընդհանուրը 90,000 (իննսուն հազար) ՀՀ դրամը, որպես 2024 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 24-3898 հետքաբանական և 2024 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ Գ-24/072/1 ապրանքագիտական եզրակացությունները ձեռք բերելու նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Աննա Ասլանյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան