Գլխավոր տեղեկություն
Համար
N 247
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.1992-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀ նախխորհ որոշումներ/1992 ապրիլ
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար

հայաստանի հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ո ր ո շ ու մ

 

25 ապրիլի 1992 թ. N 247

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության կանոնադրությունը (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 300,4 հազար ռուբլի գումարով:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանն ունենալու պետի երկու տեղակալ և 11 անդամից բաղկացած կոլեգիա:

4. Ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թվականի սեպտեմբերի 10-ի «ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 532 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, ՎԱՐՉԱՊԵՏ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ
կառավարության 1992 թվականի

ապրիլի 25-ի N 247 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանության, վերականգնման ու օգտագործման բնագավառի կառավարումը` անմիջականորեն ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Վարչությունը պատասխանատու է պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանության, անվնաս օգտագործման, ինչպես նաև դրանց վավերագրման, կոնսերվացման և վերականգնման աշխատանքների արդյունավետ իրականացման համար:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ

 

2. Վարչության հիմնական խնդիրներն են`

ա) պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական հաշվառման, վավերագրման, պահպանման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական սկզբունքների և իրականացման ծրագրերի մշակումը.

բ) պատմամշակութային անշարժ հուշարձանների, դրանց պահպանական գոտիների և բնապատմական միջավայրի պահպանումը, վերականգնումը, օգտագործումը և այդ բնագավառում պետական պատվերների կատարման ապահովումը.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանների գիտական հաշվառումը, վերագրումը, ուսումնասիրումը և դրանց վերաբերյալ գիտատեղեկատու լիակատար շտեմարանի ստեղծումը.

դ) պատմամշակութային անշարժ հուշարձանների վերաբերյալ գիտական, գիտատեղեկատու և գիտահանրամատչելի աշխատությունների պատրաստումը և հրատարակումը, հուշարձանների պահպանության լայն քարոզչությունը:

3. Վարչությունն իր առջև դրված խնդիրներին համապատասխան`

ա) կազմում է հանրապետական նշանակության հուշարձանների ցուցակները և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման: Կազմում և տեղական իշխանության գործադիր մարմինների հետ համատեղ հաստատում է հուշարձանների պահպանական գոտիները և տեղական նշանակության հուշարձանների ցուցակները.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պատմամշակութային կամ բնապատմական արգելոցներ կազմակերպելու առաջարկություններ: Հուշարձանին կամ արգելոցին կից ստեղծում է թանգարաններ, ցուցադրություններ, այցելուների սպասարկման օբյեկտներ.

գ) համաձայնություն է տալիս պատմամշակութային անշարժ հուշարձաններ ունեցող բնակավայրերի կամ դրանց թաղամասերի հատակագծերի նախագծերին, ստուգում է հուշարձանների հնարավոր առկայությունը շինարարական, մելիորատիվ, գյուղատնտեսական, ճանապարհաշինական և այլ նպատակներով հատկացվող, սեփականաշնորհվող կամ վաճառվող հողատարածքներում և համաձայնություն տալիս այդ աշխատանքների իրականացման համար կազմված նախագծերին: Այդ տարածքներում հուշարձանների առկայության դեպքում աշխատանքներն սկսելու համաձայնություն է տալիս միայն դրանց անվնասությունն ապահովող միջոցառումների իրականացումից հետո, որոնք ֆինանսավորվում են տարածքն օգտագործող կամ շինարարական կազմակերպության հաշվին:

դ) օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավորեցնում է հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտուն վնաս պատճառած հիմնարկություններին, ձեռնարկություններին և քաղաքացիներին իրենց միջոցներով բերելու նախկին վիճակին, իսկ եթե այդ անհնար է` հատուցելու պատճառած վնասը.

ե) սահմանված կարգով հիմնարկություններին, ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին օգտագործման է հանձնում պատմամշակութային հուշարձաններ, վերահսկողություն է իրականացնում օգտագործողների կողմից պահպանական պարտականությունների կատարման նկատմամբ: Անհրաժեշտության դեպքում, նրանց պատվերով և միջոցներով, կատարում է օգտագործվող հուշարձանների վերականգնման, նորոգման աշխատանքներ կամ ցույց տալիս գիտամեթոդական օժանդակություն.

զ) գրանցում է պատմամշակութային անշարժ հուշարձանների տեղային ուսումնասիրման (պեղումների) թույլտվությունները, եթե այդ աշխատանքների ծրագրերում ըստ պատշաճի հաշվի են առնված հուշարձանի պահպանության և կոնսերվացման խնդիրները, ինչպես նաև դադարեցնում է տեղային ուսումնասիրման աշխատանքները, եթե դրանք վտանգ են սպառնում հուշարձանի անվնասությանը: Դաշտային հետախուզությամբ և պեղումներով հայտնաբերված հուշարձանները վերցնում է պետական պահպանության ներքո և սահմանված կարգով կատարում ու վերահսկում դրանց կոնսերվացման աշխատանքները.

է) համագործակցելով այլ պետությունների կազմակերպությունների, մասնագետների և հայկական համայնքների հետ, նպաստում է նրանց տարածքներում հայկական հուշարձանների պահպանության, վավերագրման, ուսումնասիրման և վերականգնման գործին.

ը) ստեղծում է հայկական հուշարձանների գիտատեղեկատու և վավերագրական նյութերի համակարգված շտեմարան.

թ) մշակում և հաստատում է պատմամշակութային անշարժ հուշարձանների կոնսերվացման, վերականգնման, բարեկարգման և օգտագործման նախագծանախահաշվային և տեխնիկատնտեսական փաստաթղթերը, աշխատանքների իրականացման պայմանագրային արժեչափերը:

Հուշարձանների կոնսերվացման, վերականգնման, բարեկարգման բոլոր այլ նախաձեռնությունների դեպքում համաձայնություն է տալիս նախագծերին և վերահսկում աշխատանքների իրականացումը.

ժ) պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ ստեղծելու նպատակով սահմանված կարգով կազմակերպում է արտաբյուջետային կենտրոնացված հիմնադրամ (ֆոնդ), ինչպես նաև տարբեր ձևերի արտադրական ձեռնարկություններ: Կազմակերպում է հուշանվերների, մանրակերտերի, մոնումենտալ արվեստի նմուշների պատճենների արտադրություն, հուշարձաններին նվիրված, ինչպես նաև դրանց քարոզչությանը նպաստող ուղեցույցերի, գիտահանրամատչելի գրականության հրատարակություն և վաճառք.

ի) կազմակերպում և իրականացնում է հուշարձանների կոնսերվացման, վերականգնման ու օգտագործման համար անհրաժեշտ շինանյութերի և ճարտարապետական մանրամասների արտադրություն և վաճառք:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Վարչությունն ընդգրկում է ենթակա ձեռնարկությունների և հիմնարկությունների ամբողջությունը:

5. Վարչությունն իրեն վերապահված իրավունքների սահմաններում լուծում է իր իրավասությանը վերաբերող բոլոր հարցերը, չխախտելով գործող օրենսդրությամբ նախատեսված իր համակարգի ձեռնարկությունների և հիմնարկությունների ինքնուրույնությունը, միջճյուղային հարցերի համատեղ քննարկման և լուծման համար համագործակցում է նախարարությունների, այլ գերատեսչությունների և տեղական կառավարման մարմինների հետ:

6. Վարչությունը տնօրինում է իրեն հանձնված պետական ունեցվածքը, ապահովում իր համակարգի ձեռնարկություններում և հիմնարկություններում պետական սեփականության պահպանությունը և դրա նկատմամբ խնայողական վերաբերմունքը:

7. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և կարգադրություններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի  կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում, հրապարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է վարչության համակարգի ձեռնարկությունների և հիմնարկությունների համար, և ստուգում դրանց կատարումը:

Վարչությունը` ելնելով գործող օրենսդրական ակտերում փոփոխություններ ու լրացումներ մտցնելու կարգից, առաջարկություններ է մշակում դրանց կատարելագործման վերաբերյալ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

8. Վարչությունը հուշարձանների պահպանության կառավարման բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների համատեղմամբ, պաշտոնատար անձանց պատասխանատվության որոշակի սահմանումով:

Վարչության պետ և տեղակալներ կարող են նշանակվել միայն ճարտարապետության պատմության կամ հնագիտության բնագավառների մասնագետներ:

9. Վարչությունը գլխավորում է պետը:

Վարչության պետին և նրա տեղակալներին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում  Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Վարչության պետը`

ա) պատասխանատու է վարչության վրա դրված խնդիրների լուծման և ֆունկցիաների կատարման համար.

բ) սահմանում է համակարգի ձեռնարկությունների և հիմնարկությունների գործունեության համար վարչության պետի տեղակալների, բաժինների և կառուցվածքային մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը.

գ) կատարում է վարչության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը.

դ) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը, հաստիքացուցակը.

ե) հաստատում է վարչության համակարգի ձեռնարկությունների և հիմնարկությունների կանոնադրությունները.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության կոլեգիայի անդամների թիվը և անհատական կազմը.

է) կազմակերպում և վարում է կոլեգիայի նիստերը.

ը) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

Վարչության պետի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:

11. Վարչության կոլեգիայի կազմում ընդգրկվում են պետը (նախագահ), տեղակալները` ի պաշտոնե վարչության այլ ղեկավար աշխատողներ, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և հիմնարկությունների ղեկավարներ կամ պատասխանատու աշխատողներ, հանրապետության ականավոր գիտնականներ:

Կոլեգիան իր նիստերում քննարկում  է վարչության գործունեության հիմնական խնդիրները, կադրերի ընտրության, նշանակման և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների նախագծերը, վարչության համակարգի ձեռնարկությունների ու հիմնարկությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, վարչության պետի հրամաններով: Վարչության պետի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում վարչության պետը կենսագործում է իր որոշումը, տարակարծությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

12. Վարչությունը կարող է ստեղծել նաև գիտամեթոդական, փորձաքննական խորհուրդ և հանձնաժողովներ` կազմված հանրապետության և օտարերկրյա առաջատար մասնագետներից, վարչության առջև դրված խնդիրների խոր և մասնագիտական քննարկման, ծրագրերի և հրահանգների մշակման համար:

Գիտամեթոդական և փորձաքննական խորհրդի ու հանձնաժողովների կազմը հաստատում է վարչության պետը:

13. Վարչությունը սահմանված կարգով ստեղծում, վերակազմում և լուծարում է վարչության ենթակայության ձեռնարկությունները և հիմնարկությունները:

14. Վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

15. Վարչությունը ժամանակին քննարկում և լուծում է քաղաքացիների դիմումներում և նամակներում բարձրացված հարցերը, միջոցներ ձեռնարկում նշված թերությունների վերացման համար:

16. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան