ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2024 թվականի N 1043-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-26-Ը ՏԵՂԱՑԱԾ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը` համաձայն hավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ամփոփել արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովներում Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասների գնահատման (գույքագրման) համայնքային հանձնաժողովների կողմից կազմված ակտերը և ամփոփ տվյալները ներկայացնել արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված տվյալներն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրել արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից ամփոփված տվյալները։
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական անձանց պատճառված և փոխհատուցման ենթակա՝ սույն որոշմամբ չկարգավորված վնասի տեսակների փոխհատուցման վերաբերյալ։
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ 10-օրյա ժամկետում կնքել սույն կարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և առևտրային բանկերի միջև համագործակցության պայմանագրեր։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1043-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-26-Ը ՏԵՂԱՑԱԾ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի (այսուհետ՝ արտակարգ իրավիճակ) հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին, ինչպես նաև տրանսպորտային միջոցին պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները։
(1-ին կետը լրաց. 15.08.24 N 1275-Ն)
2. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
2. Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու է հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) անշարժ գույք, ինչպես նաև տրանսպորտային միջոց ձեռք բերած անձը, որի գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է արտակարգ իրավիճակի հետևանքով։
(2-րդ կետը լրաց. 15.08.24 N 1275-Ն)
3. Սույն կարգին համապատասխան արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում չի տրվում, եթե՝
1) առկա է գույքի՝ արտակարգ իրավիճակներից ապահովագրություն.
2) անշարժ գույքն ինքնակամ կառույց է։
3. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
4․ Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է փոխհատուցում՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով:
5. Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում տրամադրվող փոխհատուցման չափի հաշվարկման համար հիմք են ընդունվում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող կորցրած բնակարանի կամ բնակելի տան ընդհանուր մակերեսը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում մարզերի համապատասխան քաղաքներում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների պայմանագրային գների և վաճառահանված բնակարանների առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորված՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները, որը չի կարող պակաս լինել համապատասխան մարզկենտրոններում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի ձևավորված շուկայական միջինացված գնից։
(5-րդ կետը փոփ. 19.12.24 N 2042-Ն)
6․ Սույն կարգի իմաստով բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի՝ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան՝ աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը, որն անհնար է դարձնում մարդու բնակվելը և բնական կենսաապահովումը:
7․ Սույն կարգի 6-րդ կետի իմաստով բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան վթարային՝ քանդման ենթակա լինելու փաստը հաստատվում է շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից տրված եզրակացությամբ:
8․ Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք վերանորոգման համար ստանում են փոխհատուցում՝ ըստ ազդակիր ճանաչված՝ բնակության համար նախատեսված տարածքի հեղեղված մասի յուրաքանչյուր քառակուսի մետրի, բայց ոչ ավելի 80 քառակուսի մետրից։ Եթե ազդակիր ճանաչված ընդհանուր մակերեսը 80 քառակուսի մետրից ավելին է, ապա փոխհատուցման չափի հաշվարկը կատարվում է 80 քառակուսի մետրի հաշվարկով։ Յուրաքանչյուր քառակուսի մետրի համար հատուցվում է՝
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 60․000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։
4․ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՈՒՅՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
9․ Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի (բացառությամբ վթարային՝ քանդման ենթակա բազմաբնակարան շենքի այն բնակարանների, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից հեղեղման փաստ չի արձանագրվել) դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է նաև կենցաղային առաջնային գույքի կազմի մեջ մտնող գույքային միավորների ապահովման համար անհրաժեշտ դրամական փոխհատուցում։
10․ Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում կենցաղային առաջնային գույքի փոխհատուցումը տրամադրվում է հավասար հիմունքներով, յուրաքանչյուր ընտանիքին կենցաղային առաջնային գույքի մեկական կազմով՝ անկախ կենցաղային գույքի կորստի չափից։
11․ Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում կենցաղային առաջնային գույքի մեկ կազմի փոխհատուցման արժեքը կազմում է 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ հիմք ընդունելով կենցաղային առաջնային գույքի կազմի մեջ մտնող գույքային միավորների շուկայական միջինացված արժեքները։
12. Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ազդակիր ճանաչված համայնքներում փոխհատուցումը տրամադրվում է՝
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 800․000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։
4․1. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
(գլուխը լրաց. 15.08.24 N 1275-Ն)
12.1. Տրանսպորտային միջոցի կորստի կամ վնասվածության դեպքում տրամադրվում է փոխհատուցում` սույն կարգի 12.2-րդ կետով նախատեսված եզրակացության հիման վրա։
12․2. Տրանսպորտային միջոցի կորստի դեպքում փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ տրանսպորտային միջոցի վնասվածության դեպքում՝ վնասվածության աստիճանը և դրա հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի չափը հաստատվում են ԱՊՊԱ ոլորտում շարժական գույքին պատճառված վնասները գնահատող այն որակավորված փորձագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ, որոնք փորձաքննություն իրականացնում և եզրակացություն տալիս են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից փորձագիտական ծառայությունների ձեռքբերման շրջանակներում։
5. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ (ՎՃԱՐՈՒՄԸ)
13․ Սույն կարգով նախատեսված փոխհատուցումը տրամադրում (վճարում) է համապատասխան մարզպետի աշխատակազմը՝ բանկերի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:
14․ Սույն կարգով նախատեսված փոխհատուցում նշանակելու և վճարելու համար շահառուն էլեկտրոնային եղանակով ներկայացվում է դիմում՝ 2024 թվականի հուլիսի 15-ից մինչև 2025 թվականի մարտի 1-ը ներառյալ։ Դրա համար շահառուն համապատասխան մարզպետի աշխատակազմ է ներկայացնում դիմում՝ ներառելով՝
1) իր անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, տրման ամսաթիվը, ում կողմից է տրված և վավերականության ժամկետը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), իր գրանցման հասցեն.
2) շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.
3) վնասված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող ապացույցը՝ սույն կարգի 2-րդ կետին համապատասխան․
4) փոխհատուցումը սպասարկող բանկը (ընտրում է ցանկից), բացառությամբ սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքի.
5) շահառուի բանկային հաշիվը (տրանսպորտային միջոցին պատճառված վնասի հատուցման դեպքում)։
(14-րդ կետը լրաց., փոփ. 15.08.24 N 1275-Ն, փոփ. 19.12.24 N 2042-Ն)
15. Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքին պատճառված վնասի փոխհատուցման դեպքում եթե բնակելի տարածքը, որին պատճառվել է վնաս, հանդիսանում է մեկից ավելի ֆիզիկական անձանց ընդհանուր բաժնային կամ համատեղ սեփականությունը, ապա փոխհատուցումն ամբողջ ծավալով ստանալու համար իրավունք ունի դիմել ընդհանուր սեփականության մասնակիցներից միայն մեկը՝ սույն կարգի 21-րդ կետին համապատասխան։
16. Դիմումով ներկայացված տվյալները համեմատվում (համադրվում) են արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի, բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման տվյալների, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի տեղեկությունների հետ, ինչի հիման վրա դիմումը մերժվում կամ հաստատվում է։ Դիմումը հաստատվում կամ մերժվում է այն ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։
17․ Դիմումը մերժվում է, եթե՝
1) տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).
2) մահվան պետական գրանցման վերաբերյալ տվյալներն առկա են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալներում.
3) դիմողը սույն կարգի իմաստով չի հանդիսանում շահառու.
4) շահառուի համար առկա է հաստատված դիմում։
18. Դիմումը հաստատելու կամ մերժելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 14-րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, իսկ դիմումը մերժելու դեպքում՝ նաև մերժելու հիմքերը։
19. Դիմումի մերժման դեպքում ֆիզիկական անձը կարող է բողոքարկել որոշումը` դրա մասին ծանուցվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնելով դիմում, որը ներառում է սույն կարգի 14-րդ կետով նախատեսված տվյալները և սույն կարգի 17-րդ կետով նախատեսված` դիմումի մերժման հիմքերի բացակայությունը ապացուցող անհրաժեշտ փաստաթղթեր։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բողոքարկման վերաբերյալ դիմումներն ուսումնասիրում է առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության համապատասխան պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին կատարելով հարցումներ՝ դիմումով ներկայացված տվյալների հավաստիությունը ստուգելու համար։ Ուսումնասիրության արդյունքներով բողոքի բավարարման կամ մերժման մասին դիմումատուն տեղեկացվում է սույն կարգի 18-րդ կետով սահմանված կարգով։
20. Դիմումը հաստատելու դեպքում համապատասխան մարզպետի աշխատակազմը վճարման ցուցակն ուղարկում է փոխհատուցումը սպասարկող բանկ, որի կողմից փոխհատուցումը շահառուին վճարվում է անկանխիկ եղանակով։ Սույն կարգի 14-րդ կետի 5-րդ ենթակետի կիրառման դեպքում համապատասխան մարզպետի աշխատակազմը վճարման ցուցակի հիման վրա փոխհատուցումը վճարում է անկանխիկ եղանակով՝ այն շահառուի ներկայացրած բանկային հաշվին փոխանցելու միջոցով։ Վճարումն իրականացվում է սույն կարգի 24-րդ, 25-րդ և 25․1-ին կետերով նախատեսված ընթացակարգի պահպանմամբ՝ բացառությամբ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու փոխհատուցման։
(20-րդ կետը լրաց., փոփ. 15.08.24 N 1275-Ն)
21. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքում փոխհատուցումը տրամադրվում (վճարվում) է ընդհանուր սեփականության այն մասնակցին, ով փաստացի բնակվում է տվյալ բնակելի տարածքում, իսկ մեկից ավելի սեփականատերերի փաստացի բնակության դեպքում՝ բոլորի գրավոր համաձայնությամբ՝ սեփականատերերից մեկին։ Փաստացի բնակվող սեփականատիրոջ բացակայության դեպքում փոխհատուցումը տրամադրվում (վճարվում) է սույն կարգով սահմանված դիմումն առաջինը ներկայացրած ընդհանուր սեփականության մասնակցին։ Փոխհատուցման տրամադրման (վճարման) դեպքում սեփականատեր հանդիսացող մյուս շահառուի (շահառուների) կողմից տվյալ բնակելի տարածքի վերանորոգման դիմաց պահանջ չի կարող ներկայացվել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին։
22․ Վճարման ցուցակ ներառվում են՝
1) փոխհատուցումը սպասարկող բանկի անվանումը.
2) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, տրման ամսաթիվը, ում կողմից է տրված և վավերականության ժամկետը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), շահառուի գրանցման հասցեն.
3) շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.
4) փոխհատուցումը սպասարկող բանկը, որն ընտրվել է շահառուի կողմից.
5) վճարման ենթակա ընդհանուր գումարը՝ ըստ փոխհատուցման ուղղությունների։
23․ Վճարման ցուցակը փոխանցվում է փոխհատուցումը սպասարկող բանկին, որից հետո բանկը շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ և գումարը հաշվեգրում է տվյալ հաշվին։ Շահառուն գումարի տնօրինման իրավունք է ստանում բանկի կողմից նույնականացվելուց և բանկի հետ բանկային հաշվի վարման պայմանագիրը ստորագրելուց հետո:
24․ Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքի վերանորոգման վնասի փոխհատուցման դեպքում փոխհատուցման արժեքը շահառուին փոխանցվում է չորս հավասար մասերով՝ յուրաքանչյուր փոխանցմամբ շահառուին տրամադրելով (վճարելով) փոխհատուցման ընդհանուր արժեքի 25%-ը։ Փոխանցման ենթակա յուրաքանչյուր 25%-ի օգտագործումը թույլատրելի ուղղությամբ առնվազն 60%-ի չափով պետք է իրականացվի անկանխիկ եղանակով՝ ըստ նպատակային ծախսի։ Փոխանցման ենթակա ընդհանուր գումարի առաջին 25%-ը փոխանցվում է շահառուին միանգամից, երկրորդ և երրորդ վճարումներն իրականացվում են յուրաքանչյուր նախորդ վճարման համար անհրաժեշտ անկախիկ վճարման ապացույցները ներկայացնելուց հետո, իսկ չորրորդ վճարումն իրականացվում է երրորդ և չորրորդ մասնաբաժնի անկախիկ վճարման սահմանաչափի ապահովումից հետո։ Առաջին վճարումը կատարվում է դիմումի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Շահառուի հայտի հիման վրա բանկը կարող է անկանխիկ եղանակով նպատակային ծախսի վճարումն իրականացնել անմիջապես ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող սուբյեկտին։
25. Կենցաղային առաջնային գույքի փոխհատուցման դեպքում փոխհատուցման արժեքը շահառուին փոխանցվում է երկու մասերով։ Փոխհատուցման ենթակա ընդհանուր գումարի օգտագործումը թույլատրելի ուղղությամբ առնվազն 60%-ի չափով պետք է իրականացվի անկանխիկ եղանակով՝ ըստ նպատակային ծախսի։ Փոխանցման ենթակա գումարի 70%-ը փոխանցվում է շահառուին միանգամից, մնացած 30%-ի վճարումն իրականացվում է անկախիկ վճարման սահմանաչափի ապահովումից հետո։ Առաջին վճարումը կատարվում է դիմումի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Շահառուի հայտի հիման վրա բանկը կարող է անկանխիկ եղանակով նպատակային ծախսի վճարումն իրականացնել անմիջապես ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող սուբյեկտին։
25.1. Տրանսպորտային միջոցին պատճառված վնասի փոխհատուցման դեպքում համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից փոխհատուցման ամբողջ արժեքը շահառուին փոխանցվում է միանվագ։ Փոխանցումը կատարվում է դիմումի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
(25.1-ին կետը լրաց. 15.08.24 N 1275-Ն)
26. Սույն կարգի 24-րդ և 25-րդ կետերով նախատեսված մասերով վճարումները փոխհատուցումը սպասարկող բանկի կողմից կատարվում են համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից նախորդ վճարումներով կատարված ծախսերն ըստ նպատակայնության իրականացնելու գրավոր հավաստում ստանալուց հետո։
27․ Փոխհատուցման գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:
28. Փոխհատուցման տրամադրումը (վճարումը) հաստատվելու, սակայն շահառուի մահվան պատճառով չվճարված գումարի առկայության դեպքում այն վճարվում է շահառուի ամուսնուն կամ վերջինիս համաձայնությամբ կամ վերջինիս բացակայության դեպքում՝ շահառուի չափահաս զավակին (վերջինիս բացակայության դեպքում՝ շահառուի 14 տարին լրացած երեխային), եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի անձը հաստատող փաստաթուղթը, շահառուի մահվան վկայականը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) համապատասխան մարզպետի աշխատակազմ են ներկայացվում մահվան պետական գրանցումից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում։
29․ Եթե վճարման ցուցակն ստանալու ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում փոխհատուցումը սպասարկող բանկ չի ներկայացվում փոխհատուցումը ստանալու պահանջ, ապա գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Փոխհատուցումը սպասարկող բանկի կողմից փոխհատուցումը մասերով վճարելիս վերջին վճարումը կարող է կատարվել 2025 թվականի նոյեմբերի 1-ից ոչ ուշ։ 2025 թվականի նոյեմբերի 1-ից հետո բանկում մնացած գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և շահառուն դրա նկատմամբ պահանջ չի կարող ներկայացնել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին։
(29-րդ կետը փոփ. 19.12.24 N 2042-Ն)
30. Բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու ձևով փոխհատուցման հաստատման դեպքում վկայագիրը համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրվում է շահառուի դիմումի հաստատումից հետո երկամսյա ժամկետում՝ սույն կարգով նախատեսված պայմանների պահպանմամբ։
31. Վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում վկայագիրը տրամադրելու օրվանից հաշված 6 ամիս` երկարաձգման հնարավորությամբ։ Երկարաձգումը և դրա հիման վրա վերջին վճարումը չի կարող գերազանցել 2025 թվականի նոյեմբերի 1-ը։
(31-րդ կետը փոփ. 19.12.24 N 2042-Ն)
32. Վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված: Վկայագիր ստացած, սակայն բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած, կամ տրամադրվող՝ բնակարանի գնման վկայագրից հրաժարված, կամ սույն կարգով սահմանված ժամկետում դիմում չներկայացրած շահառուի կողմից բնակարանի (բնակելի տան) պահանջ չի կարող ներկայացվել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին։
33. Վկայագիրն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման, գրավադրման, բռնագանձման ու այլ անձի փոխանցման՝ ներառյալ ժառանգման կարգով: Վկայագրի հիման վրա ծագած իրավունքներն ու պարտականությունները վկայագրում նշված անձանց հետ անխզելիորեն կապված իրավունքներ և պարտականություններ են։
34․ Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանը (բնակելի տունը) պետք է համապատասխանի մշտական բնակության համար սահմանված պահանջներին:
35. Ընդհանուր սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում վկայագրում նշվող փոխհատուցման գումարը հանդիսանում է փոխհատուցում ստացող բոլոր սեփականատերերի բաժնային սեփականություն, որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը` ձեռք բերվող բնակարանի նկատմամբ։ Բաժնային սեփականության չափը հավասար է փոխհատուցվող բնակելի տարածքում ունեցած սեփականության չափին:
36. Վկայագիրը տրամադրվում է մեկ անգամ, մեկ օրինակից:
37. Սույն կարգի 31-րդ կետի ժամկետի պահպանմամբ շահառուի կողմից վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը փոխհատուցումը սպասարկող բանկ ներկայացնելու դեպքում բանկը ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) պայմանագրային արժեքն ամբողջությամբ փոխանցում է վաճառողի՝ առուվաճառքի պայմանագրում նշված հաշվեհամարին, եթե համապատասխան մարզպետի աշխատակազմը հավաստում է, որ շահառուի կողմից կատարվել են սույն կարգի 38-րդ կետի 2-3-րդ ենթակետերով նախատեսված պայմանները։
38․ Բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու ձևով փոխհատուցման տրամադրման դեպքում պարտադիր են հետևյալ պայմանները՝
1) փոխհատուցումն ստանալուց հետո վթարային դարձած բազմաբնակարան շենքը կամ անհատական բնակելի տունը ենթակա է քանդման՝ համայնքի միջոցներով.
2) փոխհատուցումն ստանալուց հետո շահառուի կողմից անհատական բնակելի տան կամ բազմաբնակարան շենքի բնակարանի (այդ թվում՝ տվյալ շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմասի) կորստի դիմաց պահանջ չի կարող ներկայացվել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին.
3) փոխհատուցման տրամադրման դեպքում շահառուն դիմում է ներկայացնում տվյալ անհատական բնակելի տան կամ բազմաբնակարան շենքում շահառուին սեփականության իրավունքով պատկանող գույքի՝ բնակարանի, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի համապատասխան բաժնեմասի (այդ թվում՝ տվյալ շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմասի) նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից կամովին հրաժարվելու մասին, որի հիման վրա համայնքի ղեկավարը կայացնում է որոշում անհատական բնակելի տունը կամ բազմաբնակարան շենքի բնակարանը, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի համապատասխան բաժնեմասը (այդ թվում՝ տվյալ շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմասը) համայնքային սեփականություն ճանաչելու վերաբերյալ, որը ենթակա է պետական գրանցման` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով։ Անհատական բնակելի տան կամ բազմաբնակարան շենքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքի առկայության դեպքում շահառուն ներկայացնում է նաև ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների՝ սեփականության իրավունքից կամովին հրաժարվելու մասին համաձայնությունը (դիմումը)։
39․ Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գինը վկայագրում նշված գումարից ցածր լինելու դեպքում տարբերությունը կարող է օգտագործվել միայն ձեռքբերվող բնակարանի (բնակելի տան) վերանորոգման կամ կենցաղային առաջնային գույքի ձեռքբերման նպատակով, սույն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6-րդ գլուխների համաձայն։
(39-րդ կետը փոփ. 19.12.24 N 2042-Ն)
40. Վկայագրում ամրագրված չափից ավելի բարձր արժեք ունեցող բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում՝ կցվում է նաև արժեքի տարբերությունը վկայագրի միջոցով փոխհատուցում ստացողի սեփական միջոցներից վաճառողի բանկային հաշվեհամարին փոխանցելու մասին բանկի կողմից տրված մուտքի քաղվածքի պատճենը կամ նոտարի նշումն առ այն, որ արժեքի տարբերությունը փոխանցվել է:
6. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
41. Սույն կարգով նախատեսված փոխհատուցման տրամադրման (վճարման) դիմումի հաստատումից հետո փոխհատուցման տրամադրման (վճարման) գործընթացը մշտադիտարկվում է համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից՝ համապատասխան համայնքի պարտադիր ներգրավմամբ։
42. Համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից ձևավորված մշտադիտարկման հանձնաժողովն իրականացնում է բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքի վերանորոգման վնասի և կենցաղային առաջնային գույքի փոխհատուցման նպատակայնության մշտադիտարկում, որն առնվազն պետք է ներառի բնակարանի (բնակելի տան) վերանորոգման ընթացքի մասին տեղեկությունների հավաքագրումը և արձանագրումը՝ կցելով արված լուսանկարները կամ տեսագրություն։ Մշտադիտարկման այլ պայմաններն ու իրականացման կարգը սահմանվում են համապատասխան մարզպետի կողմից սահմանված աշխատակարգով:
(42-րդ կետը լրաց. 15.08.24 N 1275-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 15.08.24 N 1275-Ն, փոփ. 19.12.24 N 2042-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. ՀարությունՅԱՆ |
04.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.12.2024, N 2042-Ն | 21.12.2024, N 1043-Ն | |
15.08.2024, N 1275-Ն | 16.08.2024, N 1043-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|