Գլխավոր տեղեկություն
Համար
N 792-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.29/38(704) Հոդ.885
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2009 թվականի N 792-Ն

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին և 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 19.12.24 N 2035-Ն)

1. Հաստատել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորումն իրականացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով` Լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին), պետական կառավարման տարածքային մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև պետական կառավարման հանրապետական այն մարմնի հետ համագործակցությամբ, երբ հատուկ կարգավորման ենթակա տարածքի սահմաններում այդ մարմնին վերապահված են գործառույթներ.

2) Լիազոր մարմինը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում քաղաքաշինական գործունեության համակարգումը` ապահովելով սույն կետի 1-ին ենթակետում նշված մարմինների կողմից օրենքով սահմանված լիազորությունների իրագործումը.

2.1) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմաններում ընդգրկված առանձին պատմամշակութային անշարժ հուշարձանների և դրանց պահպանական գոտիների հետ կապված քաղաքաշինական գործունեության իրականացումը կարգավորվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մինչև սույն կարգի ընդունումն առանձնացված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում գործում են քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող համապատասխան իրավական ակտերով սահմանված նորմերը:

(2-րդ կետը լրաց. 20.05.11 N 678-Ն, խմբ. 07.03.13 N 197-Ն, փոփ. 14.10.21 N 1680-Ն, լրաց., փոփ. 19.12.24 N 2035-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 14.01.10 N 945-Ն)

4. Կադաստրի կոմիտեի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` Լիազոր մարմինն ապահովել սույն կարգով նախատեսված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում առկա գույքային միավորների և պատմամշակութային օբյեկտների մասին քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական անձնագրերով սահմանված տեղեկատվությամբ:

(4-րդ կետը փոփ. 14.10.21 N 1680-Ն, 19.12.24 N 2035-Ն )

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հուլիսի 21
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 792-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առաջադրման, դրանց տարածքների առանձնացման և այդ տարածքներում քաղաքաշինական գործունեության կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ` (այսուհետ` հատուկ կարգավորման օբյեկտներ)` տարածքներ, որոնց կառուցապատումը, հատակագծումը, օգտագործումը, քաղաքացիների, հասարակության, պետության շահերի ապահովումը պահանջում են օրենսդրական լրացուցիչ լուծումներ.

2) հատուկ կարգավորման օբյեկտների սահմաններ` տարածքը սահմանափակող պայմանական գծեր, որոնցից դուրս տարածքներում սույն կանոնները չեն գործում.

3) քաղաքաշինական զարգացման հայեցակարգ` տարածքի քաղաքաշինական զարգացման հիմնարար գաղափար, որի իրականացման համար առաջարկվում են նպատակային համալիր միջոցառումներ.

4) կառուցապատման ներդրումային հայեցակարգ` տարածքի քաղաքաշինական զարգացման հայեցակարգից և գոտևորման նախագծից բխող միջոցառումների իրականացման քաղաքաշինական և ճարտարապետական լուծումները, ինչպես նաև տնտեսական արդյունավետությունը հիմնավորող փաստաթուղթ.

5) քաղաքաշինական անձնագիր` քաղաքաշինական կանոնակարգերի և քաղաքաշինական օբյեկտի մասին համակողմանի տեղեկատվություն պարունակող` սահմանված ձևի փաստաթուղթ:

(2-րդ կետը փոփ., խմբ. 07.03.13 N 197-Ն, փոփ. 19.12.24 N 2035-Ն)

3. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման նպատակն է`

1) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործընթացների կառավարման համար անհրաժեշտ իրավական բազայի ձևավորումը, քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող հատուկ կարգերի և կանոնների սահմանումը.

2) քաղաքաշինական գործընթացներում պետական, հասարակական և անհատական իրավունքների ու շահերի ներդաշնակումը.

3) քաղաքաշինության ոլորտում ներդրումային բարենպաստ պայմանների ստեղծումը։

 

II. ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ

 

4. Հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացումը պայմանավորված է`

1) պետական և հասարակության անվտանգության ապահովման,

2) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի և միջբնակավայրային տարածքների կայուն և հավասարակշռված զարգացման` ուրբանիզացման անհամաչափ գործընթացների կանխման,

3) պատմականորեն ձևավորված կենսամիջավայրի, հայ ազգային ճարտարապետության ավանդույթների, պատմամշակութային ժառանգության պահպանման, վերականգնման և զարգացման,

4) պատմամշակութային հուշարձանների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության,

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման,

6) համապետական, համայնքային կամ միջհամայնքային կարևոր նշանակություն ունեցող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման,

7) բնակավայրերի սպասարկման և ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և բնապահպանական հիմնահարցերի փոխկապակցված լուծման,

8) քաղաքաշինական և լանդշաֆտային արժեքների պահպանման,

9) արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների վերացման կարևորությամբ և անհրաժեշտությամբ:

(4-րդ կետը խմբ. 07.03.13 N 197-Ն)

5. Հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են գրաֆիկական և տեքստային մասերով:

6. Գրաֆիկական մասը ներկայացվում է համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի կամ տարածքի տեղագրական հանութային հիմքի վրա` օգտագործելով նաև կադաստրային և հողաշինական քարտեզները: Վերջիններիս վրա ցույց են տրվում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները:

(6-րդ կետը փոփ. 07.03.13 N 197-Ն)

7. Տեքստային մասում ներկայացվում են`

1) հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման նպատակը.

2) առանձնացվող տարածքի ընդհանուր բնութագիրը և չափը.

3) հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական պլանավորման միջոցառումները:

8. Մեկից ավելի օբյեկտների առանձնացման դեպքում առաջարկության տեքստային մասը կարող է ներկայացվել համապատասխան տեղեկատվություն պարունակող աղյուսակի տեսքով:

 

III. ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
(վերնագիրը լրաց. 07.03.13 N 197-Ն)

9. Հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական զարգացման հիմնական փաստաթղթերն են`

1) քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգերը.

2) գոտևորման նախագծերը (ներառյալ քաղաքաշինական կանոնադրությունը).

3) պատմամշակութային հիմնավորման ու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը.

4) սահմանների նկարագիրը.

5) առանձին օբյեկտների և համալիրների կառուցապատման սխեմաներն ու ճարտարապետաշինարարական նախագծերը:

(9-րդ կետը լրաց. 20.05.11 N 678-Ն, խմբ. 07.03.13 N 197-Ն)

 

IV. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Լիազոր մարմինը`

1) նախապատրաստում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում հատուկ կարգավորման օբյեկտների առաջադրման և տարածքների առանձնացման վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև այդ օբյեկտներում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերը.

2) համակարգում է հատուկ կարգավորման օբյեկտների պլանավորման և կառուցապատման գործընթացները, այդ թվում`

ա. քաղաքաշինական զարգացման հայեցակարգերի և գոտևորման նախագծերի (ներառյալ քաղաքաշինական կանոնադրության) մշակումը,

բ. հատուկ կարգավորմանը վերաբերող իրավական և կազմակերպչական հարցերի, նախագծային փաստաթղթերի քննարկումների կազմակերպումը Լիազոր մարմնի քաղաքաշինական խորհրդում.

3) հատուկ կարգավորման օբյեկտներում համաձայնեցնում է`

ա. քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգերը,

բ. գոտևորման նախագծերը (ներառյալ քաղաքաշինական կանոնադրությունը) և կառուցապատման սխեմաները,

գ. հատուկ կարգավորման օբյեկտների սահմանների նկարագիրը,

դ. հողահատկացման վերաբերյալ առաջարկությունները,

ե. առանձին օբյեկտների կամ համալիրների ճարտարապետահատակագծային առաջադրանքները և նախագծերի ճարտարապետական մասի էսքիզային լուծումները:

(10-րդ կետը լրաց., փոփ. 20.05.11 N 678-Ն, փոփ., խմբ. 07.03.13 N 197-Ն, փոփ. 14.10.21 N 1680-Ն, 19.12.24 N 2035-Ն)

11. Պետական տարածքային կառավարման մարմինները հատուկ կարգավորման օբյեկտներում համաձայնեցնում են սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով և 12.2-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

(11-րդ կետը լրաց. 20.05.11 N 678-Ն)

 

V. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ

 

12. Սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով և 19-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո համայնքի ղեկավարը դրանք 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պետական կառավարման տարածքային մարմին` համաձայնեցման։ Վերջինս 5 աշխատանքային օրվա ընթացքում նշված փաստաթղթերը՝ իր եզրակացության հետ միասին, ներկայացնում է լիազոր մարմին՝ համաձայնեցման, իսկ բացասական կարծիքի դեպքում՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է համայնքին՝ հղում կատարելով համապատասխան իրավական ակտին:

(12-րդ կետը լրաց. 20.05.11 N 678-Ն, փոփ. 14.10.21 N 1680-Ն, խմբ. 19.12.24 N 2035-Ն)

12.1. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման այն օբյեկտներում (տարածքներում), որոնք ունեն սահմանված կարգով մշակված և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների ու  Լիազոր մարմնի հետ համաձայնեցված կառուցապատման նախագծեր կամ սխեմաներ` հողահատկացումների և հողերի գործառնական նշանակության փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները, առանձին օբյեկտների կամ համալիրների ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծերը և նախագծային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության պետական տարածքային կառավարման մարմինների և Լիազոր մարմնի համաձայնեցմանը չեն ներկայացվում:

(12.1-ին կետը լրաց. 20.05.11 N 678-Ն, փոփ. 14.10.21 N 1680-Ն, 19.12.24 N 2035-Ն)

12.2. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում (տարածքներում), Լիազոր մարմնի համաձայնեցմանը չեն ներկայացվում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշմամբ սահմանված դեպքերի.

1) ժամանակավոր տաղավարների, այդ թվում՝ ավտոտնակների տեղադրման նպատակով հողամասերի առանձնացման առաջարկությունները.

2) բնակելի և հասարակական նշանակության շենքերի ներքին տարածքների վերանորոգման և հարդարման նախագծային փաստաթղթերը, որոնք կոնստրուկտիվ համակարգերի փոփոխություններ չեն առաջացնում, ինչպես նաև`

ա. բազմաբնակարան շենքերի` բակային ճակատների վերակառուցման,

բ. բազմաբնակարան շենքերի ձեղնահարկերի իրականացման,

գ. բազմաբնակարան շենքերի բակային ճակատներում կցակառույցների իրականացման,

դ. սեփական տնամերձներում անհատական բնակելի տների և տնտեսական շինությունների կառուցման ու վերակառուցման,

ե. բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում նոր բացվածքների իրականացման, պատուհանը դռան վերակառուցելու ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծերը և ճարտարապետաշինարարական նախագծերը:

(12.2-րդ կետը լրաց. 20.05.11 N 678-Ն, փոփ. 14.10.21 N 1680-Ն, փոփ., լրաց. 19.12.24 N 2035-Ն)

12.3. Լիազոր մարմինը սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով և 19-րդ կետով սահմանված փաստաթղթերն ուսումնասիրում և ներկայացված առաջարկությունների փաստաթղթային կազմը լիարժեք չլինելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է առաջարկությունները ներկայացրած պետական կառավարման տարածքային մարմնին, վերջինս 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է համայնք, իսկ լրակազմ փաթեթի առկայության դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն: Լիազոր մարմինը սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով և 19-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է շահագրգիռ մարմիններ՝ կարծիքի: Շահագրգիռ մարմինների կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում կարծիք չներկայացնելը համարվում է դրական, իսկ կարծիք ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինն ամփոփում է կարծիքները և տրամադրում է եզրակացություն:

(12.3-րդ կետը լրաց. 19.12.24 N 2035-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 19.12.24 N 2035-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 19.12.24 N 2035-Ն)

14.1. Սույն կարգի 12.2-րդ կետով սահմանված փաստաթղթերը տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացնում են պետական կառավարման տարածքային մարմիններ` համաձայնեցման: Պետական կառավարման տարածքային մարմիններն իրենց եզրակացությունները 5-օրյա ժամկետում ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմիններ:

(14.1-ին կետը լրաց. 20.05.11 N 678-Ն)

 

VI. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

(բաժինը լրաց. 14.01.10 N 945-Ն)

 

15. Երևան քաղաքում հատուկ կարգավորման օբյեկտների առաջադրման և տարածքների առանձնացման վերաբերյալ առաջարկությունները Լիազոր մարմինը մշակում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետի հետ համատեղ:

(15-րդ կետը խմբ. 07.03.13 N 197-Ն, փոփ. 14.10.21 N 1680-Ն, 19.12.24 N 2035-Ն)

16. Եթե հատուկ կարգավորման օբյեկտների առաջադրման և տարածքների առանձնացման վերաբերյալ առաջարկություններն առնչվում են Երևան քաղաքի վարչական սահմաններին հարակից համայնքներին, ապա սույն կարգի 15-րդ կետով սահմանված առաջարկությունների մշակմանը մասնակցում են նաև համապատասխան հարակից համայնքի (համայնքների) ղեկավարը և տարածքային կառավարման մարմինը:

(16-րդ կետը խմբ. 07.03.13 N 197-Ն)

17. Լիազոր մարմինը քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքների առանձնացման առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

(17-րդ կետը փոփ. 14.10.21 N 1680-Ն, 19.12.24 N 2035-Ն)

18. Սույն կարգով առանձնացված, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում Երևանի քաղաքապետը քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներն իրականացնում է սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով և 19-րդ կետով սահմանված փաստաթղթերը համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Լիազոր մարմնի հետ:

(18-րդ կետը փոփ. 07.03.13 N 197-Ն, 14.10.21 N 1680-Ն, 19.12.24 N 2035-Ն)

 

VII. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԸ

(գլուխը լրաց 19.12.24 N 2035-Ն)

 

19. Լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերում ներառվում են՝

1) հողամասի տեղադիրքը գլխավոր հատակագծի հիմնական գծագրի վրա 1:10000 կամ 1:5000 մասշտաբով.

2) իրավիճակային հատակագիծը՝ 1:500 կամ 1:1000 մասշտաբով՝ նշելով հողամասը, հարևան հողօգտագործումները, գոյություն ունեցող, վերակառուցվող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը, շենքերի, շինությունների միջև հեռավորությունները, հողամասից 70 մ շառավղով միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհները, դեպի գոյություն ունեցող և նախատեսվող շենքեր և շինություններ տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի և տրանսպորտային միջոցների համար կայանատեղիի կազմակերպման, ինչպես նաև կառուցապատման սխեմաները (գծապատկերները), ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները և դրանց անվտանգության գոտիները՝ համաձայնեցված տնօրինող և շահագործող կազմակերպությունների հետ.

3) հողամասի WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով կազմված հատակագիծը.

4) համայնքի ղեկավարին ուղղված ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայտը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված ձևաչափին համապատասխան (Ձև N 1-1) և օբյեկտի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) նախագիծը.

5) համայնքի ղեկավարի տեղեկանք-հիմնավորումը՝ համայնքի համար նախատեսվող օբյեկտի կարևորության, գլխավոր հատակագծով նախատեսված հեռանկարային զարգացման համապատասխան գոտիների սահմաններում համարժեք հողամասի տրամադրման անհնարինության պատճառների և առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ.

6) տեղեկանք Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու և հողամասին առնչվող այլ սահմանափակումների մասին.

7) անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականը (առկայության դեպքում).

8) հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները, որոնցում արտացոլված կլինեն հարակից հողամասերը և ճանապարհները:

 

VIII. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

(գլուխը լրաց 19.12.24 N 2035-Ն)
  

20. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեությունն իրականացվում է «Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքների համաձայն։

(հավելվածը լրաց. 14.01.10 N 945-Ն, լրաց., փոփ. 20.05.11 N 678-Ն, փոփ., խմբ., լրաց. 07.03.13 N 197-Ն, փոփ. 14.10.21 N 1680-Ն, փոփ., խմբ., լրաց. 19.12.24 N 2035-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան