Գլխավոր տեղեկություն
Համար
N 1922-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2024 թվականի N 1922-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ, ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին (այսուհետ՝ վերականգնված միջոցների միասնական հաշիվ) վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման և ծախսերի կազմակերպման, պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, քրեական վարույթներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի՝ քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպոզիտային հաշիվներին վճարված դրամական միջոցները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան հաշվեհամարում առկա դրամական միջոցները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ի պահ հանձնված դրամական միջոցները և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված վարույթներով վերականգնված և փաստացի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում առկա դրամական միջոցները, ինչպես նաև այն դրամական միջոցները, որոնց ծագման աղբյուրն օբյեկտիվորեն հնարավոր չէ պարզել, ենթակա են փոխանցման վերականգնված միջոցների միասնական հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում նախաքննական մարմինների դեպոզիտային հաշիվներին առկա արգելադրված դրամական միջոցները, որպես գրավ մուծված դրամական միջոցները, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման նպատակով փոխանցված դրամական միջոցները ենթակա են հաշվանցման Հայաստանի Հանրապետության դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ նախաքննական մարմինների համապատասխան դեպոզիտային հաշիվները ենթակա են փակման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1922-Ն որոշման

 

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ, ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

1. Քրեական վարույթներով (մինչդատական և դատական վարույթների փուլերում) պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները վճարվում են վերականգնված միջոցների միասնական հաշվին: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 285-րդ, 286-րդ, 288-րդ կամ 290-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը վերականգնվում է հարկ վճարողի միասնական հաշվին, իսկ անհնարինության դեպքում՝ վերականգնված միջոցների միասնական հաշվին:

2. Քրեական վարույթներով մինչդատական վարույթի փուլում ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները, ինչպես նաև որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամը վճարվում են Հայաստանի Հանրապետության դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական վարույթի փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է գործը:

3. Վերականգնված միջոցների միասնական հաշվին վճարված դրամական միջոցները կառավարում և ծախսերը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

4. Քրեական վարույթով անձի արդարացման կամ վերջինիս նկատմամբ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվելու դեպքում վերջինիս կողմից վերականգնված միջոցների միասնական հաշվին պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցները ենթակա են վերադարձման: Դրամական միջոցները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված գրության հիման վրա, որին կցվում են վերականգնված միջոցների միասնական հաշվին վճարում կատարած անձի դիմումը, վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցների վճարումը հավաստող վճարման հանձնարարականը և եզրափակիչ դատավարական ակտը (արդարացման դատավճիռը, քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը):

Սույն կետով նախատեսված դիմումը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն է ներկայացնում վերականգնված միջոցների միասնական հաշվին վճարում կատարած անձը, իսկ վերջինիս մահվան դեպքում՝ նրա իրավահաջորդը:

5. Համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման դեպքում քրեական վարույթով եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, եթե առկա չեն սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված՝ դրամական միջոցների վերադարձման հիմքերը, հսկող դատախազը տասնօրյա ժամկետում գրություն է ուղարկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ վերականգնված միջոցների միասնական հաշվին վճարված դրամական միջոցների չափով համապատասխան համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին փոխանցում կատարելու վերաբերյալ:

6. Քրեական վարույթով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտի, քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման առկայության դեպքում, եթե առկա չեն սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված՝ դրամական միջոցների վերադարձման հիմքերը, համապատասխան դեպոզիտային հաշվին ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցները տուժողի դիմումի հիման վրա ենթակա են փոխանցման տուժողի կողմից նշված հաշվին:

7. Քրեական վարույթով անձի արդարացման կամ վերջինիս նկատմամբ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվելու դեպքում վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության դատախազության կամ համապատասխան դատարանի դեպոզիտային հաշվին ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարված գումարների վերադարձի վերաբերյալ տվյալ անձի՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ ներկայացված դիմումին կցվում է վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցների վճարումը հավաստող վճարման հանձնարարականը:

Սույն կետով նախատեսված դիմումը ներկայացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության դատախազության կամ համապատասխան դատարանի դեպոզիտային հաշվին վճարում կատարած անձը, իսկ վերջինիս մահվան դեպքում՝ նրա իրավահաջորդը:

8. Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարին է ներկայացնում տեղեկատվություն այն քրեական վարույթների վերաբերյալ, որոնցով վերականգնված միջոցների միասնական հաշվին կատարվել է վճարում և հաշվետու եռամսյակի ընթացքում նշված քրեական վարույթով կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ, կամ կայացվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ նշելով քրեական վարույթի համարը, փոխանցման օրը, վերականգնված դրամական միջոցի չափը և դրամական միջոց վերականգնած անձի տվյալները։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության առցանց ռեժիմով մշտադիտարկման հասանելիությունը վերականգնված միջոցների միասնական հաշվին:

9. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարին է փոխանցում տեղեկատվություն՝ հաշվետու կիսամյակի ընթացքում քրեական վարույթներով հարկ վճարողի միասնական հաշվին պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով փոխանցված դրամական միջոցների վերաբերյալ:

10. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարները մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարին են փոխանցում տեղեկատվություն՝ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը ամփոփ տեղեկատվություն է հրապարակում հաշվետու կիսամյակի ընթացքում վերականգնված միջոցների միասնական հաշվին, ինչպես նաև հարկ վճարողի միասնական հաշվին պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով փոխանցված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամի մասին՝ ըստ նախաքննական մարմինների տարբերակման:

12. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը տեղեկատվություն է հրապարակում հաշվետու կիսամյակի ընթացքում դատարանների դեպոզիտներ մուծված՝ արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

06.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան