Գլխավոր տեղեկություն
Համար
N 502-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.22/27(967) Հոդ.485
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2013 թվականի N 502-Ն

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 05.12.24 N 1919-Ն) 

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 05.12.24 N 1919-Ն)

1. Հաստատել պատվիրատուների կողմից ձեռք բերվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 05.12.24 N 1919-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 05.12.24 N 1919-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 2-ի N 502-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

(վերնագիրը փոփ. 05.12.24 N 1919-Ն) 

 

1. Սույն չափորոշիչները սահմանում են «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պատվիրատուների կողմից ձեռք բերվող դեղերի գնման տեխնիկական բնութագրերի կազմմանը ներկայացվող պահանջները:

(1-ին կետը փոփ. 05.12.24 N 1919-Ն)

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից (այսուհետ` լիազոր մարմին) սահմանված` Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) ընդգրկված դեղերը ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով: Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը, դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստր) տեղադրված են լիազոր մարմնի պաշտոնական «www.moh.am» կայքում:

(2-րդ կետը փոփ. 14.12.17 N 1671-Ն, խմբ. 29.08.19 N 1108-Ն)

2.1. Պատվիրատուն ձեռք է բերում Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, իսկ «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին, 4-րդ և 7-րդ կետերում նշված դեպքերում` 21-րդ հոդվածի 8-րդ մասի 17-րդ կետով սահմանված ներմուծման մերժման հիմքերի բացակայության դեպքում` նաև չգրանցված դեղեր: Ընդ որում, սույն կետով սահմանված չգրանցված դեղերը պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության կամ ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրներում կամ ունենան Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում:

(2.1-ին կետը լրաց. 14.12.17 N 1671-Ն, խմբ. 06.12.18 N 1389-Ն, 29.08.19 N 1108-Ն, լրաց. 03.12.20 N 1933-Ն, խմբ. 06.07.23 N 1088-Ն, 05.12.24 N 1919-Ն)

2.2. Սույն հավելվածի 2.1-ին կետով նախատեսված դեղերի համար գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ մասնակիցը պայմանագրի և որակավորման ապահովումների հետ միաժամանակ չգրանցված դեղերի համար պարտադիր ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության կամ ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրներում գրանցված լինելու, կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու, ինչպես նաև «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի 17-րդ կետով սահմանված ներմուծման մերժման հիմքերի բացակայության մասին:

(2.2-րդ կետը լրաց. 14.12.17 N 1671-Ն, խմբ. 06.12.18 N 1389-Ն, 29.08.19 N 1108-Ն, 06.07.23 N 1088-Ն, 29.08.19 N 1108-Ն, 05.12.24 N 1919-Ն)

2.3. (կետն ուժը կորցրել է 05.12.24 N 1919-Ն)

3. Դեղերի գնման ընթացակարգերի հրավերներում գնման առարկա հանդիսացող դեղերի գնման տեխնիկական բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող դեղերին ներկայացվող հետևյալ պահանջները՝

1) դեղի անվանումը նշելիս՝ գրվում են դեղի միջազգային համընդհանուր (գեներիկ) կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները, դեղաձևը, դեղաչափը: Եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) առկա են նույն բաղադրատարրերով դեղի այլ գրանցված տարբերակներ, ապա դեղի գնման տեխնիկական բնութագիրը կազմվում է այնպես, որ բացառվի որևէ գրանցված տարբերակի՝ մրցույթին չմասնակցելու հավանականությունը, և հնարավոր մասնակիցների համար ապահովվեն մրցակցության հավասար պայմաններ (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).

2) (ենթակետն ուժը կորցրել է 29.08.19 N 1108-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 29.08.19 N 1108-Ն)

4) թողարկման ձևը նշելիս նկարագրվում են արտաքին ձևավորման բնութագրիչները (օրինակ` ապակե տարա և այլն (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).

5) տեղափոխման և պահպանման պայմանները սահմանելիս` առաջնորդվում են «Դեղերի մասին» օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներով.

6) (ենթակետն ուժը կորցրել է 05.12.24 N 1919-Ն)

7) դեղի պիտանիության ժամկետները դեղը գնորդին հանձնելու պահին պետք է լինեն հետևյալը`

ա. 2,5 տարի և ավելի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը հանձնելու պահին պետք է ունենան առնվազն 24 ամիս մնացորդային պիտանիության ժամկետ,

բ. մինչև 2,5 տարի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը հանձնելու պահին պետք է ունենան առնվազն 12 ամիս մնացորդային պիտանիության ժամկետ,

գ. առանձին դեպքերում, այն է` հիվանդների անհետաձգելի պահանջի բավարարման հիմնավորված անհրաժեշտությունը կամ դեղի սպառման համար սահմանված պիտանիության կարճ ժամկետը, հանձնելու պահին դեղի մնացորդային պիտանիության ժամկետը սահմանվում է պատվիրատուի կողմից, բայց ոչ պակաս, քան 3 ամիս: Սույն կետը գործում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարիքների համար ձեռք բերվող դեղերի համար,

8) մատակարարը պարտավորվում է դեղերը մատակարարելիս ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննության եզրակացություն, բացառությամբ`

ա. պատվաստանյութերի,

բ. այն դեղերի, որոնք ներմուծվել են անմիջապես գրանցման հավաստագրի իրավատիրոջից կամ նրանից պատշաճ լիազորություններ ստացած անձից և արտադրողը ունի դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմայի (PIC/S) կամ ԵԱՏՄ անդամ երկրների իրավասու մարմինների կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր,

գ. այն տեղական արտադրության դեղերի, որոնց արտադրողը ունի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր (ՊԱԳ), որի վերաբերյալ մատակարարը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի (ՊԱԳ) պատճեն:

(3-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 29.08.19 N 1108-Ն, խմբ. 05.12.19 N 1732-Ն, խմբ., փոփ. 05.12.24 N 1919-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 14.12.17 N 1671-Ն, խմբ. 06.12.18 N 1389-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.08.19 N 1108-Ն, խմբ. 05.12.19 N 1732-Ն, լրաց. 03.12.20. N 1933-Ն, խմբ. 06.07.23 N 1088-Ն, 05.12.24 N 1919-Ն, փոփ., խմբ. 05.12.24 N 1919-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան