Գլխավոր տեղեկություն
Համար
N 1867-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2024 թվականի N 1867-Լ

 

«ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ «ՆԵՐՈՒԺ» ԲԱՂԱԴՐԻՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի «Ներուժ» բաղադրիչի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ծրագրի իրականացման արդյունքում մրցույթի հաղթող ճանաչված անձանց պետության կողմից ֆինանսական աջակցությունը տրամադրվում է նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

3. Ծրագրի գծով տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված գումարները հատկացվում են միայն տվյալ տարում պլանավորված ծրագրի իրականացման համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

5. Սույն որոշմամբ սահմանված դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսված և ուժի մեջ մտնելու պահին դեռևս չավարտված ծրագրի անցկացմանն առնչվող հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 28-ի N 1867-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ «ՆԵՐՈՒԺ» ԲԱՂԱԴՐԻՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի «Ներուժ» բաղադրիչի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման կարգը (այսուհետ՝ կարգ):

2. «Ներուժը» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար մշակված պետական ծրագիր է, որով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափար ունեցող սփյուռքահայերին հրավիրել Հայաստանի Հանրապետություն՝ իրենց բիզնես գաղափարները Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու համար, նրանց տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն:

3. Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից:

4. Ծրագրի նպատակն է՝

1) խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը.

2) խթանել մասնագիտական հայրենադարձությունը.

3) խթանել հայկական սփյուռքի ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործընթացներում.

4) նպաստել Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանը:

5. Ծրագիրը կազմակերպվում և իրականացվում է կարգով սահմանված՝ մրցույթի անցկացման միջոցով:

6. Ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցները հատկացվում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից, այդ թվում՝ համաֆինանսավորմամբ:

7. Կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

1) հայկական սփյուռքը՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հաստատված ողջ հայությունն է՝ իր ձևավորած կառույցներով.

2) սփյուռքահայը կամ սփյուռքում ապրող հայը՝ փաստաթղթերով հիմնավորված ազգությամբ ու ծագումով հայն է, ով բնակվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և ընդունում է իր հայ ինքնությունը.

3) հայրենադարձը՝ այլ պետությունում բնակված ազգությամբ հայն է, ով սփյուռքից տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում:

 

2. ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

8. Ծրագրին դիմելու համար ստարտափների համար նախատեսված էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ հարթակ) միջոցով նախարարության կողմից հայտարարվում է մրցույթ (այսուհետ՝ մրցույթ):

9. Հարթակում՝ նախարարության կողմից ծրագրի իրականացման նպատակով նախապես ստեղծված հայտերի ընդունման տիրույթում, ներկայացվում են ծրագրին դիմելու և մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը:

10. Մրցույթի կազմակերպման, ինչպես նաև ծրագրի իրականացմանն առնչվող այլ ընթացակարգերի մասին հայտարարությունը և անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքում և կարող են հրապարակվել նաև սոցիալական հարթակներում և տեղեկատվության այլ միջոցներով:

11. Մրցույթին մասնակցելու համար դիմորդի կողմից հարթակի միջոցով ներկայացվում են մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը (այսուհետ՝ հայտ): Հայտը ներառում է նաև հարթակում պարտադիր լրացման ենթակա դաշտերը, այդ թվում՝ անձնական տվյալների հավաքման, մշակման, ինչպես նաև հայտատուի կողմից այլ համաձայնությունների վերաբերյալ կատարված նշումները:

12. Հայտերի ներկայացման ժամկետը սահմանվում է առավելագույնը երեք ամիս, որը հաշվարկվում է հարթակում հայտարարությունը տեղադրելու օրվան հաջորդող օրվանից:

13. Մրցույթին կարող են մասնակցել՝

1) այն սփյուռքահայերը, ովքեր առնվազն հինգ տարի և ավելի բնակվում են սփյուռքում և ունեն բնակության երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ.

2) այն թիմերը, որոնց անդամների առնվազն կեսը սփյուռքահայեր են, ովքեր անընդմեջ առնվազն հինգ տարի և ավելի ապրում են սփյուռքում և ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ.

3) այն հայրենադարձները, ովքեր հինգ տարի և ավելի ապրել են հայկական սփյուռքում և հայրենադարձվել են վերջին վեց ամիսների ընթացքում:

14. Կարգի 13-րդ կետում նշված սուբյեկտները մրցույթին մասնակցելու, հաղթելու և դրամական աջակցություն ստանալու պարագայում պետք է պատրաստ լինեն Հայաստանում հիմնելու ընկերություն և առնվազն մեկ տարի զբաղվելու տնտեսական գործունեությամբ: Սույն ենթակետով սահմանված պահանջը հավաստվում է մրցույթին դիմելու ժամանակ հարթակում համապատասխան հայտարարության տեքստի հաստատմամբ կամ ստորագրմամբ:

15. Մրցույթին չեն կարող մասնակցել նախորդ տարիներին «Ներուժ» բաղադրիչով ծրագրի շրջանակում հաղթող ճանաչված և համապատասխան դրամական աջակցությունը ստացած հայտատուները:

 

3. ՀԱՅՏԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

16. Հայտերով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և մրցույթի պահանջներին համապատասխանության ստուգման արդյունքներով նախնական գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով նախարարության աշխատակիցներից ստեղծվում է հանձնաժողով (այսուհետ՝ գնահատող հանձնաժողով): Գնահատող հանձնաժողովի աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալներից մեկը:

17. Հայտերի ընդունման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, գնահատող հանձնաժողովն իրականացնում է հարթակով ներկայացված հայտերի ուսումնասիրություն և նախնական գնահատում:

18. Կարգի 17-րդ կետով սահմանված ուսումնասիրությունն իր մեջ ներառում է գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացումը և կարգի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանության որոշումը:

19. Նախնական գնահատման արդյունքներով որոշում է կայացվում մրցույթին մասնակցելու իրավունք ստացած (բավարարված) հայտերի մասին: Նախնական գնահատման ժամանակ գնահատող հանձնաժողովն իրավասու է հայտով ներկայացված տեղեկատվության շրջանակում հայտատուներից պահանջել այլ հիմնավորող փաստաթղթեր և տեղեկատվություն:

20. Նախնական գնահատման արդյունքներով բավարարված հայտերի մասին տեղեկատվությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է նախարարի իրավական ակտով:

21. Մրցույթին դիմած, բավարարված և մերժված հայտերի թվի մասին տեղեկատվությունը կարող է հրապարակվել, այդ թվում՝ սոցիալական հարթակներով:

 

4. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

22. Կարգի 20-րդ կետի համաձայն նախարարի կողմից համապատասխան իրավական ակտով հաստատված հայտատու անձինք և թիմերը հրավիրվում են Հայաստանի Հանրապետություն՝ մասնակցելու ծրագրի ամփոփիչ միջոցառումներին և մրցույթի եզրափակիչ փուլին: Ընդ որում, թիմով դիմելու դեպքում, հրավերը տրվում է առավելագույնը երկու անձի համար: Սույն կետով սահմանված հրավերն իրենից ենթադրում է ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանման, վերադարձի, ամփոփիչ միջոցառման և եզրափակիչ փուլի ընթացքում կեցության ծախսերի ֆինանսավորումը՝ նախարարության կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Ամփոփիչ միջոցառման շրջանակում մրցույթի մասնակիցների համար իրականացվում է աքսելերացիոն ծրագիր: Աքսելերացիոն ծրագիրն իրենից ենթադրում է անհատական մենթորություն, դասախոսություններ, խորհրդատվություն և աջակցություն բիզնեսի զարգացման գործում:

24. Ամփոփիչ միջոցառումների ավարտից հետո անցկացվում է մրցույթի եզրափակիչ փուլը, որի շրջանակում մասնակիցներն իրենց տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարի վերաբերյալ ներկայացնում են պատկերավոր շնորհանդես և արդյունքում մասնագիտական հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված մասնակիցներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ ծրագրով նախապես հայտարարված անվանակարգերում:

25. Մրցույթին դիմելու և մասնակցելու պայմանները սահմանվում են հարթակում՝ մրցույթի հայտարարությամբ: Յուրաքանչյուր հայտատու մրցույթին կարող է մասնակցել մեկ հայտով:

 

5. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

26. Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է նախարարության կողմից: Սույն կետով սահմանված գործառույթը նախարարության կողմից «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով կարող է պատվիրակվել այլ իրավաբանական անձանց:

27. Մրցույթի անցկացման վայրի, ժամանակահատվածի և ընթացակարգային այլ հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են նախարարի կողմից՝ համապատասխան իրավական ակտով:

 

6. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Եզրափակիչ փուլում մասնակիցների կողմից ներկայացվող տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարը գնահատելու և մրցույթի հաղթողներին որոշելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով (այսուհետ՝ մասնագիտական հանձնաժողով): Մասնագիտական հանձնաժողովը պետք է բաղկացած լինի առնվազն հինգ անդամից և ունենա նախագահ ու քարտուղար, որոնք նշանակվում են մասնագիտական հանձնաժողովի կազմավորման մասին իրավական ակտով: Քարտուղարը մասնագիտական հանձնաժողովի անդամ չէ: Մասնագիտական հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն:

29. Անհրաժեշտության դեպքում մասնագիտական հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հրավիրվել համապատասխան փորձագետներ և մասնագետներ: Մասնագիտական հանձնաժողովի գործունեությանը վերաբերող՝ կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են նախարարի անհատական իրավական ակտով: Մասնագիտական հանձնաժողովի կազմում հրավիրված անձանց նախապես ներկայացվում են մրցույթի ընթացքում իրենց իրավունքները և պարտականությունները:

30. Մասնագիտական հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Մասնագիտական հանձնաժողովի նիստն ամփոփվում է արձանագրությամբ, որը ստորագրվում է մասնագիտական հանձնաժողովի՝ նիստին ներկա անդամների կողմից:

31. Մասնագիտական հանձնաժողովը գործում է մինչև կարգի 37-րդ կետով՝ մրցույթի հաղթողների ցանկի հաստատումը:

 

7. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

32. Մասնագիտական հանձնաժողովի կողմից գնահատման ենթակա են նախնական գնահատման փուլը հաղթահարած հայտերը:

33. Գնահատումն իրականացվում է նախարարության կողմից նախապես մշակված և հաստատված չափորոշիչների հիման վրա, որոնք ներկայացվում են մրցույթի հայտարարությամբ:

34. Եզրափակիչ փուլում յուրաքանչյուր հայտ գնահատվում է մասնագիտական հանձնաժողովի ներկա յուրաքանչյուր անդամի կողմից՝ կարգի 33-րդ կետում նշված չափորոշիչների կիրառմամբ՝ առավելագույնը հինգ բալային համակարգով: Մասնագիտական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի գնահատման արդյունքն արտացոլվում է գնահատման թերթիկում և հաստատվում ստորագրությամբ: Ընդհանուր միավորը ձևավորվում է մասնագիտական հանձնաժողովի անդամների գնահատման արդյունքում, որոնք հիմք են մասնագիտական հանձնաժողովի կողմից որոշման կայացման համար: Միավորների հավասարության դեպքում որոշիչ են համարվում մասնագիտական hանձնաժողովի նախագահի գնահատման արդյունքները:

35. Հայտի վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի անդամի յուրաքանչյուր գնահատման եզրակացություն պետք է լինի հիմնավորված: Ընդ որում, գնահատման եզրակացությունը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը:

36. Մասնագիտական հանձնաժողովի գնահատման արդյունքներով եզրափակիչ փուլը հաղթահարած՝ մրցույթի հաղթողների ցանկը և եզրափակիչ փուլի արձանագրությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացվում են նախարարին:

37. Կարգի 36-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում նախարարի կողմից հաստատվում է ծրագրի հաղթողների ցանկը և հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքէջում:

38. Հայտատուները գնահատման արդյունքների մասին ծանուցվում են անկախ մրցույթի արդյունքներից:

39. Ծրագրի հաղթողներին մրցույթի արդյունքների մասին ծանուցումը և կարգի 14-րդ կետով սահմանված պահանջի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելու առաջարկը ծրագրի հաղթողներին ներկայացվում է տասնօրյա ժամկետում:

 

8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

40. Կարգի 37-րդ կետով սահմանված հաղթող անձանց կամ թիմերին ծրագրի ֆինանսական աջակցությունը տրամադրվում է նվիրաբերության պայմանագրի հիման վրա՝ վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելուց հետո:

41. Նվիրաբերության պայմանագիր կնքելու առաջարկը և կնքվելիք նվիրաբերության պայմանագրի նախագիծը նախարարության կողմից տասն աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են ծրագրի հաղթողներին:

42. Ծրագրի հաղթողի կողմից նվիրաբերության պայմանագիր կնքելու առաջարկն ընդունելու դեպքում, պայմանագրի նախագիծը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, նախարարության և ծրագրի հաղթողի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է նվիրաբերության պայմանագիր:

43. Եթե ծրագրի հաղթողը նվիրաբերության պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և նվիրաբերության պայմանագրի նախագիծը ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում չի ստորագրում նվիրաբերության պայմանագիրը և նախարարություն ներկայացնում իր կողմից հաստատված նվիրաբերության պայմանագրի երկու օրինակը, ապա նա զրկվում է նվիրաբերության պայմանագիրը ստորագրելու իրավունքից։

 

9. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

44. Կարգի 8-րդ գլխով սահմանված նվիրաբերության պայմանագրի կնքման պահից մեկ տարվա ընթացքում նախարարությունը կարող է ցանկացած պահի նվիրառուի մոտ իրականացնել մոնիթորինգ՝ ծրագրով տրամադրված ֆինանսական աջակցության նպատակային օգտագործման նպատակով:

45. Մոնիթորինգի հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատվում է նախարարության գլխավոր քարտուղարի կողմից:

46. Կարգի 44-րդ կետով սահմանված մոնիթորինգի իրականացմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են նվիրաբերության պայմանագրով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ