ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 նոյեմբերի 2024 թ. |
N 245-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի «Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 254-Ն որոշման հավելվածում (այսուհետ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել նոր 5-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5) 100-ամյակը լրացած քաղաքացիներին դրամական աջակցության տրամադրումը:»
3) Հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կազմակերպում է սույն կարգի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում սահմանված կամավոր խնդիրների լուծումը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով պետական, համայնքային, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ.»
4) Հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«10. Բաժինը նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերի և ուսումնասիրությունների հիման վրա կազմված սոցիալական ծրագիր (այսուհետ՝ ծրագիր), որը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչություն (այսուհետ՝ վարչություն)՝ մասնագիտական կարծիք ստանալու նպատակով։ Բացասական մասնագիտական կարծիքի դեպքում ծրագիրը մերժվում է կամ համապատասխան հիմնավորումների և առաջարկությունների հետ վերադարձվում է բաժին՝ լրամշակման նպատակով։ Դրական մասնագիտական կարծիքի դեպքում ծրագիրը ներկայացվում է Երևանի քաղաքապետին կից հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ): Մասնագիտական կարծիքի և խորհրդի քննարկմանը չեն ներկայացվում 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված խնդիրները:»
5) Հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
6) Հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) 100-ամյակը լրացած քաղաքացիներին դրամական աջակցությունը:»
7) Հավելվածի 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«18. Սույն կարգի 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված սոցիալական աջակցություն տրամադրելիս հաշվի են առնվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները և անապահովության գնահատման հետևյալ բնութագրիչներից մեկը կամ մի քանիսը միաժամանակ՝
1) քաղաքում հաշվառված լինելը,
2) ընտանիքի կազմը և ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը,
3) ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը,
4) ընտանիքում երեխաների, տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց քանակը և տարիքը,
5) ընտանիքի եկամուտը և կենսապահովման միջոցները,
6) ընտանիքի բնակարանային պայմանները,
7) քաղաքապետի, ավագանու անդամի, քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքային ենթակայության կազմակերպության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կամ համայնքային ծառայողի հետ համատեղ տնտեսություն վարելը։
18.1. 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դրամական աջակցություն (դրամաշնորհ) տրամադրելիս հաշվի է առնվում 100-ամյակը լրանալիս վերջին հինգ տարում Երևան քաղաքում հաշվառված լինելը: »
8) Հավելվածի 22-րդ կետի 9-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
9) Հավելվածի 22-րդ կետի 9-րդ ենթակետից հետո լրացնել նոր 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«10) 100-ամյակը լրացած անձինք (նվազագույն ամսական աշխատավարձի հազարապատիկի չափով):»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թ․ հունվարի 1-ից:
3. Սահմանել անցումային դրույթ. նախագծով ընդունվող դրույթները տարածվում են սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահին 100-ամյակը արդեն լրացած Երևանի այն քաղաքացիների վրա, ովքեր 100-ամյակը լրանալու պահին համապատասխանել են վերջին հինգ տարում Երևան քաղաքում հաշվառված լինելու պահանջին:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. նոյեմբերի 19 Երևան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 19-ի N 245-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի (այսուհետև` քաղաք) սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների և դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների, այդ լիազորությունների իրականացման և համապատասխան չափորոշիչների հետ կապված հարաբերությունները:
2. Քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրներն են՝
1) պետական բարձրագույն, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում (պետական հավատարմագրում ունեցող մասնագիտությունների գծով) սովորող քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների անդամների ուսման վարձի մասնակի հատկացումը.
2) Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ինչպես նաև հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման աջակցումը.
3) անհետաձգելի սոցիալական լուծում պահանջող խնդիրների լուծումը, եթե դրանք պարտադիր խնդիրների շրջանակներում չեն լուծվում կամ հնարավոր չէ ապահովել դրանց հրատապ լուծումը.
4) տարերային և տեխնածին վտանգով պայմանավորված աղետների ու տնտեսական ցնցումների դեպքում բնակչությանն անհետաձգելի օգնության տրամադրումը.
5) 100-ամյակը լրացած քաղաքացիներին դրամական աջակցության տրամադրումը:
3. Քաղաքի կամավոր խնդիրների լուծման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները՝
1) աջակցություն է ցուցաբերում պետական բարձրագույն, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում (պետական հավատարմագրում ունեցող մասնագիտությունների գծով) սովորող քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների անդամների ուսման վարձի մասնակի վճարման կազմակերպմանը.
2) միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ինչպես նաև հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց (ընտանիքների) սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ.
3) կազմակերպում է սույն կարգի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում սահմանված կամավոր խնդիրների լուծումը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով պետական, համայնքային, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ. 4. Քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների և դրանց լուծման համար սեփական լիազորությունների իրականացման համար քաղաքի բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները չեն կարող գերազանցել տվյալ տարվա համար Երևան համայնքի բյուջեում օրենքով ներկայացված մուտքերի աղբյուրներից միջոցների ստացումների ընդհանուր ծավալի 3%-ը: :
5. Կամավոր խնդիրների լուծման համար ֆինանսական միջոցների հատկացումն իրականացվում է քաղաքի տարեկան բյուջեն հաստատելու մասին քաղաքի ավագանու (այսուհետ՝ ավագանի) որոշմամբ:
6. Քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների և դրանց լուծման համար սեփական լիազորությունների իրականացման ֆինանսավորումը կարող է իրականացվել նաև օրենքով չարգելված այլ միջոցներով:
7. Այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետի կողմից կամավոր խնդիրների լուծման համար չի պահանջվում ֆինանսական կամ գույքային միջոցների հատկացում՝ Երևանի քաղաքապետն այն իրականացնում է ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ:
8. Կամավոր խնդիրների լուծման իրականացման առաջարկություն կարող են ներկայացնել քաղաքապետը, ավագանու անդամը կամ քաղաքի վարչական շրջանի ղեկավարը (այսուհետ՝ նախաձեռնող): Սույն կարգով նախատեսված գործառույթները նախաձեռնողն իրականացնում է քաղաքի վարչական շրջանի համապատասխան բաժնի (այսուհետ՝ բաժին) միջոցով:
9. Սույն կարգի 8-րդ կետում նշված անձինք սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման նախաձեռնությունը կարող են իրականացնել ինքնուրույն կամ բնակչի, միջազգային, հասարակական կազմակերպության կամ միավորման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների դիմումների հիման վրա։
10. Բաժինը նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերի և ուսումնասիրությունների հիման վրա կազմված սոցիալական ծրագիր (այսուհետ՝ ծրագիր), որը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչություն (այսուհետ՝ վարչություն)՝ մասնագիտական կարծիք ստանալու նպատակով։ Բացասական մասնագիտական կարծիքի դեպքում ծրագիրը մերժվում է կամ համապատասխան հիմնավորումների և առաջարկությունների հետ վերադարձվում է բաժին՝ լրամշակման նպատակով։ Դրական մասնագիտական կարծիքի դեպքում ծրագիրը ներկայացվում է Երևանի քաղաքապետին կից հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ): Մասնագիտական կարծիքի և խորհրդի քննարկմանը չեն ներկայացվում 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված խնդիրները:
11. Խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է քաղաքի ավագանին:
12. Խորհուրդը, քննարկելով համապատասխան ծրագրերը, յուրաքանչյուրի վերաբերյալ երկօրյա ժամկետում վարչություն է ներկայացնում հիմնավորված դրական կամ բացասական եզրակացություն։
13. Վարչությունը խորհրդի բացասական եզրակացության դեպքում`
1) բաժնի միջոցով վերացնում է եզրակացությունում նշված թերությունները և լրամշակված ծրագիրը կրկին ներկայացնում խորհրդին կամ
2) ծրագրի մերժման դեպքում՝ այն վերադարձնում է բաժին՝ օրենսդրությամբ սահմանված ընթացքն ապահովելու համար:
14. Վարչությունը խորհրդի դրական եզրակացության դեպքում`
1) երբ կամավոր խնդրի լուծման իրականացումը պահանջում է նվազագույն ամսական աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումար, համապատասխան որոշման նախագիծը ներկայացնում է Երևանի քաղաքապետին,
2) երբ կամավոր խնդրի լուծման իրականացումը պահանջում է նվազագույն ամսական աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումար, ավագանու որոշման նախագիծը ներկայացնում է քաղաքի ավագանու հաստատմանը, որից հետո համապատասխան որոշման նախագիծը ներկայացնում է Երևանի քաղաքապետին։
15. Սույն կարգի 8-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված գործառույթների իրականացման ընդհանուր ժամկետը չպետք է գերազանցի 30-օրը։
16. Անհետաձգելի լուծում պահանջող` կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող, ինչպես նաև տարերային և տեխնածին վտանգով պայմանավորված աղետների ու տնտեսական ցնցումների դեպքում ու արտակարգ իրավիճակների ժամանակ սույն կարգով սահմանված գործողությունները կատարվում են անհապաղ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում:
17. Քաղաքի բյուջեի միջոցներից տրամադրվող սոցիալական աջակցության տեսակներն են`
1) դրամական օգնությունը.
2) սոցիալական ծառայությունների տրամադրումը.
3) 100-ամյակը լրացած քաղաքացիներին դրամական աջակցությունը:
18. Սույն կարգի 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված սոցիալական աջակցություն տրամադրելիս հաշվի են առնվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները և անապահովության գնահատման հետևյալ բնութագրիչներից մեկը կամ մի քանիսը միաժամանակ՝
1) քաղաքում հաշվառված լինելը,
2) ընտանիքի կազմը և ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը,
3) ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը,
4) ընտանիքում երեխաների, տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց քանակը և տարիքը,
5) ընտանիքի եկամուտը և կենսապահովման միջոցները,
6) ընտանիքի բնակարանային պայմանները,
7) քաղաքապետի, ավագանու անդամի, քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքային ենթակայության կազմակերպության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կամ համայնքային ծառայողի հետ համատեղ տնտեսություն վարելը։
18.1. 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դրամական աջակցություն տրամադրելիս հաշվի է առնվում 100-ամյակը լրանալիս վերջին հինգ տարում Երևան քաղաքում հաշվառված լինելը:
19. Սույն կարգի 18-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված բնութագրիչի բացակայությունը, ինչպես նաև 7-րդ ենթակետով նախատեսված բնութագրիչի առկայությունը բացառում է սույն կարգով դրամական օգնության տրամադրումը:
20. Սույն կարգի 18-րդ կետի 2-6-րդ ենթակետերով նախատեսված բնութագրիչները հաշվի են առնվում աջակցության ծավալը և չափը որոշելու համար:
21. Դրամական օգնությունը տրամադրվում է սոցիալական աջակցություն տրամադրելու այլ միջոցները քննարկելուց հետո և որպես բացառիկ միջոց՝ ելնելով բաժնի համապատասխան մասնագետի անհատական գնահատումից և այլ եղանակով առկա խնդիրները լուծելու անհնարինության դեպքում։
22. Հիմք ընդունելով սույն կարգի 18-րդ կետով նախատեսված բնութագրիչները՝ դրամական օգնությունը սահմանվում է հետևյալ չափորոշիչներին համապատասխան.
1) տարերային և տեխնածին վտանգով պայմանավորված աղետների ու տնտեսական ցնցումների հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձինք, ներառյալ՝ ընտանիքի անդամ կորցրած, տուժած (ժամանակավորապես կամ մշտապես չեն կարողանում ծավալել աղետից ու ցնցումներից առաջ բնականոն գործունեություն), ամբողջովին կամ մասնակի վնասված տուն և/կամ բնակարան, կենսապահովման միջոցները կորցրած անձինք (նվազագույն ամսական աշխատավարձի հիսնապատիկից հազարապատիկի չափով):
2) ընտանիքում երեխաների առկայությունը և նրանց առողջական խնդիրները, բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող) և միածնող ընտանիքներ, ծնողական խնամքից զրկված, մասնավորապես` միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ (նվազագույն ամսական աշխատավարձի քսանապատիկից հարյուր հիսնապատիկի չափով).
3) ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի երկարատև հիվանդությունը, ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) ունենալու հանգամանքը, մանկուց հաշմանդամություն ունեցող երեխա, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք (նվազագույն ամսական աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով).
4) ընտանիքի անդամի մահը, ինչպես նաև կյանքի դժվարին այլ իրավիճակների (վարակիչ հիվանդություններ, համաճարակներ և այլն) պատճառներով առաջացած կարճատև ֆինանսական խնդիրների առկայությունը (նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով).
5) Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ինչպես նաև հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքներ (նվազագույն ամսական աշխատավարձի հարյուրապատիկից հազարապատիկի չափով).
6) միայն կենսաթոշակառուներից, ծերության կամ հաշմանդամության նպաստառուներից բաղկացած ընտանիք լինելը (նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից հիսնապատիկի չափով).
7) ապաստան հայցող և փախստականի կարգավիճակ ստացած անձանց ընտանիքներ (նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից հարյուրապատիկի չափով).
8) ընտանեկան բռնության ենթարկված անձինք (նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից հարյուրապատիկի չափով).
9) ազատազրկման վայրից վերադարձած անձինք, պրոբացիայի շահառուներ (նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից հիսնապատիկի չափով).
10) 100-ամյակը լրացած անձինք (նվազագույն ամսական աշխատավարձի հազարապատիկի չափով):
23. Նույն ընտանիքին տարվա ընթացքում սոցիալական աջակցություն կարող է հատկացվել ըստ կարիքի:
24. Սոցիալապես անապահով ընտանիքների անդամների ուսման վարձի մասնակի հատկացումը կարող է իրականացվել պետական բարձրագույն, մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում (պետական հավատարմագրում ունեցող մասնագիտությունների գծով) սովորելու դեպքում: Ուսման վարձի հատկացում չի արվում քաղաքապետի, ավագանու անդամի, քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքային ենթակայության կազմակերպության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կամ համայնքային ծառայողի հետ մերձավոր ազգակցությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) կամ խնամիությամբ կապված անձանց, եթե նրանք վարում են ընդհանուր տնտեսություն:
25. Անհատական սոցիալական ծրագրերով տրամադրվող այլ ծառայությունները որոշվում են սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքներին համարժեք՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքին համապատասխան:
26. Սույն կարգով սահմանված դեպքերում սոցիալական աջակցություն տրամադրելն իրականացվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 7-րդ, 8-րդ, 20-րդ, 21-րդ և 24-րդ հոդվածներով սահմանված ծառայություններին, սկզբունքներին և լիազորություններին համապատասխան:
27. Սույն կարգի խախտմամբ տրամադրված սոցիալական աջակցության գումարները ենթակա են վերադարձման Երևան քաղաքի բյուջե՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2024 թվական: