ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
19 նոյեմբերի 2024 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հ. Հարությունյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2024 թվականի սեպտեմբերի 12–ի N 1461-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի սեպտեմբերի 13-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի օգոստոսի 6-ին և օգոստոսի 8-ին՝ Համաձայնագրի 1-ին հավելվածում սահմանված Ծրագրին աջակցելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով:
2. Համաձայնագրով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ՝ Բանկ) համաձայնում է Համաձայնագրի 1-ին հավելվածում նկարագրված ծրագրի (Ծրագիր) ֆինանսավորմանն աջակցելու համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 40.000.000 ԱՄՆ դոլար գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով: Ծրագրի փակման ամսաթիվն է 2029 թվականի հունիսի 30-ը:
Ծրագրի նպատակներն են՝ ապահովել ավելացված վերականգնվող էներգետիկ կարողությունների ինտեգրումն էլեկտրահաղորդման ցանցում և ընդլայնել էլեկտրահաղորդման ընկերության առևտրային կենսունակությունը:
Ծրագիրը ԲԾՄ ծրագրի1 փուլ է և կազմված է երկու ոլորտներից. Արդյունքային ոլորտ 1. «Էլեկտրահաղորդման ցանցում ավելացված վերականգնվող էներգետիկ կարողությունների ինտեգրման ապահովում» և Արդյունքային ոլորտ 2. «Էլեկտրահաղորդման ընկերության առևտրային կենսունակության ընդլայնում»: Վերջիններս էլ ներառում են մի շարք միջոցառումներ՝ ինչպես նշված է Համաձայնագրի 1-ին հավելվածում:
Համաձայնագիրն ունի անբաժանելի մաս կազմող երեք հավելված և մեկ առդիր՝ Հավելված 1. «Ծրագրի նկարագրությունը», Հավելված 2. «Ծրագրի կատարումը», Հավելված 3. «Հանձնառությամբ պայմանավորված աստիճանական մարման ժամանակացույց» և Առդիր. «Սահմանումներ»:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝
3.1. վճարել Միանվագ կոմիսիոն վճար՝ Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%) հավասար չափով (Հոդված II, բաժին 2.03),
3.2. վճարել Պարտավորավճար՝ տարեկան Վարկի չառհանված մնացորդի մեկ քառորդ տոկոսին (0.25%) հավասար չափով (Հոդված II, բաժին 2.04),
3.3. վճարել տոկոսադրույք, որն Ելակետային տոկոսադրույքն է՝ գումարած Լողացող սպրեդը կամ այնպիսի տոկոսադրույքը, որը կարող է կիրառվել Փոխարկումից հետո՝ համաձայն Ընդհանուր պայմանների 3.02 «ե» բաժնի (Հոդված II, բաժին 2.05),
3.4. սկսած 2039 թվականի հուլիսի 15-ից մինչև 2049 թվականի հունվարի 15-ը՝ կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին վերադարձնել Վարկի մայր գումարը 5% մասնաբաժնով (Հոդված II, բաժիններ 2.06, 2.07 և Հավելված 3),
3.5. հայտարարել Ծրագրի նպատակների և Բազմափուլ ծրագրային մոտեցման (այսուհետ՝ ԲԾՄ) ծրագրի մասով Հայաստանի Հանրապետության պարտավորությունը և այդ նպատակով ապահովել, որ Ծրագիրն իրականացվի Ծրագիրն իրականացնող մարմնի կողմից՝ Ընդհանուր պայմանների V հոդվածի, Համաձայնագրի 2-րդ հավելվածի և Ծրագրային համաձայնագրի համաձայն (Հոդված III, բաժին 3.01),
3.6. Ծրագրի իրականացման ընթացքում մշտապես ապահովել, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ ՏԿԵՆ) պատասխանատու լինի Ծրագրի ընդհանուր համակարգման համար և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀԾԿՀ) հետ միասին պատասխանատու լինի համապատասխան քաղաքականության վերաբերյալ և կարգավորող որոշումների համար (Հավելված 2, բաժին I, կետ «Ա», ենթակետ 1),
3.7. Ծրագրի իրականացման ընթացքում մշտապես ունենալ Բանկի համար բավարար մանդատով, կազմով և ռեսուրսներով Տեխնիկական աշխատանքային խումբ, որը կնախագահի ՏԿԵՆ-ը, կազմված կլինի համապատասխան բոլոր մարմիններից, պատասխանատու կլինի Ծրագրի համակարգման և Ծրագրի իրականացումը դյուրացնելու համար (Հավելված 2, բաժին I, կետ «Ա», ենթակետ 2),
3.8. Ծրագրի իրականացումը դյուրացնելու համար Վարկի միջոցները հասանելի դարձնել Ծրագիրն իրականացնող մարմնի համար Հայաստանի Հանրապետության և Ծրագիրն իրականացնող մարմնի միջև օժանդակ համաձայնագրի շրջանակներում՝ Բանկի կողմից հաստատված պայմաններով (Օժանդակ համաձայնագիր) (Հավելված 2, բաժին I, կետ «Բ», ենթակետ 1),
3.9. Օժանդակ համաձայնագրով սահմանված Հայաստանի Հանրապետության իրավունքներն իրացնել այնպես, որ պաշտպանվի Հայաստանի Հանրապետության և Բանկի շահերը և հասնի Վարկի նպատակներին, իսկ եթե Բանկն այլ բան չի համաձայնում, չզիջել, չփոփոխել, չչեղարկել Օժանդակ համաձայնագիրը կամ դրա դրույթներից որևիցե մեկը կամ չհրաժարվել դրանցից (Հավելված 2, բաժին I, կետ «Բ», ենթակետ 2),
3.10. ապահովել, որ Ծրագրի գործողությունների ծրագիրը, որը համաձայնեցվել է Բանկի հետ, իրականացվի նշված Ծրագրի գործողությունների ծրագրում սահմանված ժամանակացույցին համապատասխան, Բանկի համար բավարար ձևով, և վարել քաղաքականություններ և ընթացակարգեր, որոնք պատշաճ են նշված Ծրագրի գործողությունների ծրագիրը Բանկի համար բավարար եղանակով և բովանդակությամբ դիտանցելու և գնահատելու հնարավորություն տալու համար (Հավելված 2, բաժին I, կետ «Գ», ենթակետ 1),
3.11. առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության՝ էականորեն և (կամ) զգալիորեն չփոփոխել, չվերանայել Ծրագրի գործողությունների ծրագրի որևէ դրույթ, չհրաժարվել դրանից, չչեղարկել կամ չկասեցնել այն (Հավելված 2, բաժին I, կետ «Գ», ենթակետ 2),
3.12. ապահովել, որ Ծրագիրը բացառի ցանկացած գործողություն, որը, Բանկի կարծիքով, հավանական է, որ շրջակա միջավայրի և (կամ) ազդակիր անձանց վրա զգալի բացասական ազդեցություններ կունենա, որոնք զգայուն, տարաբնույթ կամ աննախադեպ են, կամ ներառում է աշխատանքների գնումներ, որոնց գնահատված արժեքը կազմում է հարյուր տասնհինգ միլիոն դոլարին ($115,000,000) համարժեք կամ ավելի գումար մեկ պայմանագրի համար, ներառում է ապրանքների գնումներ, որոնց գնահատված արժեքը կազմում է յոթանասունհինգ միլիոն դոլարին ($75,000,000) համարժեք կամ ավելի գումար մեկ պայմանագրի համար, ներառում է ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ, որոնց գնահատված արժեքը կազմում է յոթանասունհինգ միլիոն դոլարին ($75,000,000) համարժեք կամ ավելի գումար մեկ պայմանագրի համար, կամ ներառում է խորհրդատվական ծառայությունների գնումներ, որոնց գնահատված արժեքը կազմում է երեսուն միլիոն դոլարին ($30,000,000) համարժեք կամ ավելի գումար մեկ պայմանագրի համար (Հավելված 2, բաժին II),
3.13. Ծրագրի յուրաքանչյուր հաշվետվություն Բանկին ներկայացնել ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից մեկ (1) ամիս հետո՝ ներառելով օրացուցային կիսամյակը (Հավելված 2, բաժին III),
3.14. չնայած Համաձայնագրի 2-րդ հավելվածի IV բաժնի «Ա» մասի դրույթներին՝ որևէ առհանում չկատարել ստորագրման ամսաթվից առաջ ապահովված հատկացումների հետ կապված արդյունքների (այսուհետ՝ ՀԿԱ) հիման վրա՝ բացառությամբ նրա, որ մինչև $5,321,000-ը չգերազանցող հանրագումարի չափով առհանումները կարող են կատարվել ՀԿԱ #1-ի և ՀԿԱ #2-ի հիման վրա, որոնք իրագործվել են նախքան այդ ամսաթիվը, սակայն 2023 թ․ փետրվարի 3-ի օրը կամ դրանից հետո, ինչպես նաև Համաձայնագրի 2-րդ հավելվածի IV բաժնի «Ա» մասի 2-րդ կետի աղյուսակում նշված 1-7-րդ կատեգորիաների շրջանակներում որևէ ՀԿԱ-ի համար, մինչև և եթե Հայաստանի Հանրապետությունը Բանկի համար բավարար փաստարկներ չի ներկայացնում առ այն, որ ՀԿԱ-ն իրագործվել է (Հավելված 2, բաժին IV, մաս «Բ», կետ 1):
4. Համաձայնագրի 2-րդ հավելվածի IV բաժնի «Ա» մասի 2-րդ կետի աղյուսակում սահմանվում է Վարկի միջոցների առհանման յուրաքանչյուր կատեգորիա (այդ թվում՝ Հատկացման հետ կապված ցուցանիշները՝ ըստ կիրառելիության) (Կատեգորիա), Կատեգորիաներից յուրաքանչյուրի համար՝ Հատկացումների հետ կապված արդյունքները (ըստ կիրառելիության) և Կատեգորիաներից յուրաքանչյուրի համար՝ Վարկի գումարների հատկացումը:
Համաձայնագրի I հոդվածի 1.01 բաժնի համաձայն՝ «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի Ընդհանուր պայմանները՝ ՎԶՄԲ ֆինանսավորման համար, արդյունքահեն ծրագրի ֆինանսավորում»՝ թվագրված 2018 թվականի դեկտեմբերի 14-ով (վերջին անգամ վերանայված 2023 թվականի հուլիսի 15-ին)՝ ինչպես սահմանված են Համաձայնագրի առդիրում, կիրառվում են Համաձայնագրի նկատմամբ և կազմում են դրա մաս:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
_______________________
1 «ԲԾՄ ծրագիր» նշանակում է Բազմափուլ ծրագրային մոտեցման ծրագիր, որը մշակվել է ավելացնելու համար վերականգնվող էներգետիկ կարողությունները Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մասնակից երկրներում:
Նախագահող |
Ա. Դիլանյան |
19 նոյեմբերի 2024 թվականի ՍԴՈ-1759 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2024 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1759 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴՈ-1759 որոշմամբ որոշել է, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴՈ-1759 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴՈ-1759 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
Դատավոր` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
«19» նոյեմբերի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|