Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.08.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

ԿԴ2/0052/06/22

նախագահող դատավոր`

 Ա. Վարոսյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

 

նախագահող դատավոր՝  Լ. Հովհաննիսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. Պողոսյանի

30 օգոստոսի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արամ Ղազարի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշման դեմ պաշտպան Ա.Ղազարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 46125922 քրեական վարույթը։

2022 թվականի դեկտեմբերի 7-ին Ա.Ղազարյանը ձերբակալվել է՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

2022 թվականի դեկտեմբերի 8-ին փոփոխություն է կատարվել թիվ 46125922 քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրության մեջ և արարքին իրավական գնահատական է տրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

2022 թվականի դեկտեմբերի 8-ին Ա.Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցանքների կատարման համար։

2022 թվականի դեկտեմբերի 9-ին նախաքննության մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ մեղադրյալ ԱՂազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է և ԱՂազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով 2022 թվականի դեկտեմբերի 7-ից։

Նույն որոշմամբ հաստատվել է ձերբակալման ընթացքում ԱՂազարյանի իրավունքների խախտման փաստը։

3. Մեղադրյալ ԱՂազարյանի պաշտպաններ ԱՂազարյանի և ՍՈսկանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան ԱՂազարյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով

5. Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է ձերբակալման ընթացքում ԱՂազարյանի իրավունքների խախտման փաստը, սակայն ոչ իրավաչափ պատճառաբանությամբ գտել է, որ ձերբակալումից հետո իրականացված քննչական և վարութային գործողություններով ամբողջացվել են և որոշակիորեն հաստատվել է ձերբակալման արձանագրությամբ նշված գողությունը կատարելու կասկածը, ուստի ձերբակալման ընթացքում թույլ տրված խախտումներն ինքնին չեն կարող հիմք հանդիսանալ ԱՂազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու համար:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի փաստարկները գնահատել է ձերբակալման իրավաչափության շրջանակներում և անտեսել է այն հանգամանքը, որ ձերբակալման հիմքի բացակայության մասին փաստարկները ներկայացվել են խափանման միջոց կալանավորումը մերժելու հիմնավորման նպատակով։

Ամփոփելով, բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի պահանջները։

6. Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշումը և բեկանված մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ Ա.Ղազարյանին ազատելով կալանքից։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Արամ Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ «(…) [Ն]ա, գույքի գաղտնի հափշտակություն՝ գողություն կատարելու դիտավորությամբ քրեական վարույթով դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերելով միանման շինարարական դեղին գույնի ձեռնոցներ և հարմարեցված մոխրագույն դիմակներ, որոնք օգտագործելով 2022 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ից մինչև 23:50-ը ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցի 125-րդ հասցեում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող շինարարական հրապարակի տարածքից՝ խմբի կազմում՝ լրացնելով մեկը մյուսի գործողությունները, գաղտնի հափշտակել են թվով 38 հատ շինարարական բետոնի մետաղյա վահաններ (շթեր) այդ կերպ «ՍՈՖԹ ՍԻԹԻ» ՓԲԸ-ին պատճառելով խոշոր չափերով շուրջ 1.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս (…)»1:

8. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Ձերբակալման արձանագրության համաձայն՝ Արամ Ղազարյանը ձերբակալվել է «գողություն կատարելու կասկածանքով» և «ՀՀ քր. դատ. օր-ի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2 և 3-րդ կետերի հիմքով», սակայն միջնորդությանը կից ներկայացված նյութերը չեն պարունակում առհասարակ որևէ տեղեկություն Արամ Ղազարյանին արգելանքի վերցնելու պահին նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի, ինչպես նաև ձերբակալման արձանագրությամբ նշված հիմքերի առկայության վերաբերյալ (ընդ որում՝ քննիչն իր բացատրություններով հայտնեց, որ նշված արձանագրության հետ կապված որևէ հարցի չի կարող պատասխանել

Ձերբակալման արձանագրությամբ չի նշվել Արամ Ղազարյանին արգելանքի վերցնելու վայրը (հատկանշական է, որ մեղադրյալն իր բացատրություններում նշեց, որ տեղեկանալով ոստիկանության աշխատակիցների կողմից իր բնակության վայր այցելելու մասին ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին և ձերբակալվել):

Անդրադառնալով ձերբակալման որոշմամբ նշված հիմքին՝ «նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջապես հետո», դատարանը գտնում է, որ նշված հիմքով ձերբակալումը կարող է լինել իրավաչափ այն դեպքում, երբ ենթադրյալ հանցագործության կատարումից հետո տվյալ անձի նկատմամբ անմիջապես կիրառվում է կամ միջոցներ են ձեռնարկվում կիրառելու համապատասխան հարկադրանքի միջոց: Նշված վերլուծության համատեքստում անդրադառնալով Արամ Ղազարյանին ձերբակալելու հիմքին՝ դատարանն արձանագրում է, որ ձերբակալման որոշմամբ նշված հիմքը տվյալ դեպքում առկա չէ, այն հիմնավորմամբ, որ ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 26-ին, իսկ Ա.Ղազարյանը ձերբակալվել է շուրջ 10 օր անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին, ինչը վկայում է ձերբակալման նշված հիմքի ոչ իրավաչափ լինելու մասին։

Միևնույն ժամանակ դատարանը հարկ է համարում նշել, որ Արամ Ղազարյանին ձերբակալելուց հետո իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում ամբողջացվել և որոշակիորեն հաստատվել են ձերբակալման արձանագրությամբ նշված գողություն կատարելու կասկածը (մասնավորապես՝ որպես ձերբակալված հարցաքննվելիս Ա.Ղազարյանը տվել է խոստովանական բնույթի ցուցմունքներ), ուստի Արամ Ղազարյանի ձերբակալման ընթացքում թույլ տրված վերոգրյալ խախտումները ինքնին չեն կարող հիմք հանդիսանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ուժով խափանման միջոց կալանքը մերժելու համար։

Ամփոփելով վերոգրյալը՝ դատարանը գտնում է, որ ձերբակալման իրավաչափության ստուգման արդյունքում դատարանի կողմից արձանագրված վերոգրյալ խախտումներն էական են և հանգեցրել են Արամ Ղազարյանի իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակմանը, ուստի սույն որոշմամբ պետք է արձանագրել վերջինիս իրավունքների խախտման փաստը։

 (...)

Այսպիսով, հաշվի առնելով հիմնավոր կասկածի, ինչպես նաև մեղադրյալ Արամ Ղազարյանի կողմից ոչ օրինական վարքագիծ դրսևորելու բարձր հավանականության մասին վկայող դատարանի վերը նշված եզրահանգումները՝ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթի տվյալ փուլում առկա է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն, այն իրավաչափ է և տվյալ դեպքում կալանքից ավելի մեղմ խափանման միջոց(ներ)ի կիրառմամբ (այդ թվում՝ գրավի) հնարավոր չէ ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը (...)»2:

9 Վերաքննիչ դատարանը 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ նշել է հետևյալը «(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մանրամասնորեն անդրադարձ է կատարվել Արամ Ղազարյանի ձերբակալման իրավաչափության հարցին, որի կապակցությամբ արձանագրվել է վերջինի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը, որն ամբողջությամբ ընդունելի է Վերաքննիչ դատարանի համար: Հաշվի առնելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ Արամ Ղազարյանի պաշտպաններ Արշակ Ղազարյանի և Սերգեյ Ոսկանյանի կողմից հատուկ վերանայման բողոքում ձերբակալման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ արված պատճառաբանություններին։

(...)

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Արամ Ղազարյանի ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը, միաժամանակ համակցության մեջ թույլ են տալիս ողջամիտ դատողություն անելու այն մասին, որ վարույթի տվյալ փուլում նրա ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է միայն վերջինի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջոցով, և որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի քննության տվյալ փուլում այլընտրանքային խափանման միջոցի կիրառման պայմաններում ապահովվել չի կարող։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Արամ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 10-ի ԿԴ2/0052/06/22 գործով որոշումը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ և ըստ էության կայացրել է ճիշտ դատական ակտ, որը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան (...)»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք մեղադրյալ Արամ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության մասին ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով. (…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար. (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ձերբակալումը կարող է կիրառվել՝

1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում. (...)»:

Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթե՝

1) նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.

2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի.

3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.

4) առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր, և միաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չէ (...)»:

Նույն օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ երեք որոշումներից մեկը

1) միջնորդությունը մերժելու մասին.

(…)

2. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված որոշումը, եթե՝

(…)

5) հանգում է հետևության, որ սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած։

(…)

7. Եթե դատարանը պարզում է, որ ձերբակալման ընթացքում խախտվել են ձերբակալված անձի իրավունքները, ապա որոշմամբ՝

1) հաստատում է այդ փաստը.

2) ձերբակալված անձին պարզաբանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուցում ստանալու կարգը.

3) խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններ կամ պաշտոնատար անձանց.

4) անհրաժեշտության դեպքում իրավասու մարմիններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել ձերբակալված անձի իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ (…)»:

12. Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ալբերտ Հովհաննիսյանի վերաբերյալ կայացված որոշմամբ, որով արձանագրել է, հետևյալը «(…) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալումը կիրառվում է այն դեպքում, երբ ենթադրյալ հանցանքի փաստական հանգամանքները (օբյեկտիվ կողմի հատկանիշները) և այն կատարող անձն իրավասու մարմնին հայտնի են դառնում հենց այդ հոդվածում թվարկված իրավիճակներից որևէ մեկի ակնհայտ առկայության դեպքում, այսինքն՝ ակնհայտ անմիջականորեն: Դրանով պայմանավորված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում օրենսդիրը սահմանել է, որ դատարանը մերժում է կալանքի միջնորդությունը բացառապես այն դեպքում, երբ անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած։

(…)

Ելնելով ձերբակալման քննարկվող տեսակի կիրառման հիմքերի և դատավարական կարգի առանձնահատկություններից՝ օրենսդիրը նախատեսել է նաև մի շարք երաշխիքներ ոչ իրավաչափ ձերբակալման հետևանքների առումով, մասնավորապես, սահմանել է, որ եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած, ապա դատարանը պարտավոր է մերժել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը և կարգադրել մեղադրյալին անհապաղ ազատ արձակել: Նման կարգավորման բովանդակային իմաստն այն է, որ եթե սկզբնական ազատությունից զրկումը եղել է ոչ իրավաչափ, ապա այն չպետք է ունենա շարունակություն՝ վերաճելով կալանքի, որպեսզի զսպի իրավասու մարմիններին ձերբակալման քննարկվող տեսակը կամայականորեն կիրառելուց (…)»4:

Վերահաստատելով և զարգացնելով Ալբերտ Հովհաննիսյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը Արամ Սուքիասյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է, «(…) «հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի» առկայության դեպքում ձերբակալման հիմքերը հանդիսանում են այն փաստական իրավիճակները, որոնք հիմնավորում են հենց այդ կասկածանքը և դրա հիմնավոր լինելը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն կալանավորման5, որի կիրառման համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի առկայությունը և դրա բավարար լինելը որոշվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած իրավական դիրքորոշումներով սահմանված չափանիշներով6, ձերբակալման դեպքում ենթադրյալ հանցանքը կատարած լինելու կասկածի հիմնավոր լինելը և դրա ապացուցվածության աստիճանը (ապացուցման շեմը) որոշված է օրենքով: Մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում օրենսդիրը որպես ձերբակալման հիմք սահմանել է հենց հիմնավոր կասկած առաջացնող փաստացի իրավիճակները, որոնցից որևէ մեկի առկայությունն ինքնին բավարար է անձին ձերբակալելու համար: Այս սկզբունքից միակ բացառությունը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, որի դեպքում հիմնավոր կասկածից զատ օրենսդիրը սահմանել է նաև, որ պետք է միաժամանակ անձը դեպքի վայրից կամ քրեական վարույթն (ձերբակալումն իրականացնելու իրավասություն ունեցող7) իրականացնող մարմնից թաքնվելու փորձ կատարի կամ չունենա բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չլինի: Այսինքն՝ կասկած ծնող իրավիճակները հանդիսանում են նաև անձին ձերբակալելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 4-րդ կետերով նախատեսված հիմքերը և դրանով պայմանավորված կասկածի հիմնավոր լինելը տվյալ դեպքում պետք է գնահատել օրենքով սահմանված իրավիճակներով, այլ ոչ թե հետագայում ձեռք բերված և այն հաստատող այլ ապացույցներով:

Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պետք է գնահատի, թե արդյոք տվյալ դեպքում առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ իրավիճակ, թե ոչ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած հասկացությունը չի ենթադրում կասկածի հետագա հիմնավորման պահանջ, քանի որ նման դեպքերում կխախտվի անմիջականության չափանիշը: Այսինքն՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը բացառում է կասկածի հետագա հիմնավորման հնարավորությունը, այն միշտ պետք է առկա լինի ի սկզբանե (…)»8:

13. Վճռաբեկ դատարանը, մեջբերված օրենսդրական կարգավորումների վերլուծության արդյունքում, վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները, կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով անձին ձերբակալելիս, բավարար փաստական տվյալներով պետք է հաստատվի հիմնավոր կասկածն անմիջականորեն ծագած լինելու ակնհայտությունը։ Ավելին՝ հիմնավոր կասկածի անմիջականորեն ծագած լինելու հանգամանքը ենթակա է պարտադիր ստուգման դատարանի կողմից՝ խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելիս, հետևաբար, յուրաքանչյուր դեպքում, երբ խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության արդյունքում դատարանը հանգում է հետևության, որ նշված հիմքով անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած, ապա պետք է մերժի խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ԱՂազարյանը ձերբակալվել է՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով9։

- Առաջին ատյանի դատարանը, 2022 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ, արձանագրելով, որ ԱՂազարյանի ձերբակալումն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված պայմանների էական խախտմամբ, ինչը հանգեցրել է վերջինի իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման, այդ թվում՝ արձանագրելով, որ ձերբակալման որոշմամբ նշված հիմքը տվյալ դեպքում առկա չէ, միաժամանակ նշել է, որ վերջինիս ձերբակալելուց հետո իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում ամբողջացվել և հաստատվել է ձերբակալման արձանագրությամբ նշված գողություն կատարելու կասկածը։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ԱՂազարյանի ձերբակալման ընթացքում թույլ տրված խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությունը մերժելու համար10։

- Վերաքննիչ դատարանը, 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ ընդունելի է համարել ԱՂազարյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները, միաժամանակ արձանագրել է, որ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելով Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ11:

15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ Ա.Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս, հաշվի չեն առել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված իմպերատիվ պահանջը։

Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը, հանգելով հետևության, որ ԱՂազարյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած՝ բավարարել է վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, անտեսելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ուժով, տվյալ իրավիճակում խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը ենթակա էր մերժման։

16. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում Առաջին ատյանի դատարանի այն դատողությունը, որ ԱՂազարյանին ձերբակալելուց հետո իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում ամբողջացվել և հաստատվել է ձերբակալման արձանագրությամբ նշված հանցանք կատարելու կասկածը, և ընդգծում, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը հաստատող փաստական տվյալները պետք է առկա լինեն անձին ձերբակալելու պահին և հետագայում հայտնի դարձած կամ ձեռք բերված տվյալները չեն կարող հաշվի առնվել այդ հիմքով իրականացված ձերբակալման իրավաչափությունը գնահատելիս։ Այլ կերպ՝ տվյալ հիմքով անձին ձերբակալելու դեպքում օրենսդիրը չի նախատեսել կասկածը հետագայում հիմնավորելու իրավական հնարավորություն, ուստի հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն բացառապես անձին ձերբակալելու պահին հետաքննության կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների տրամադրության տակ եղած փաստական տվյալների վրա։

17 Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ ԱՂազարյանին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ուժով, պետք է կայացներ որոշում՝ խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը մերժելու մասին, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Արամ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր համարվել չեն կարող։

18. Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի, ինչպես նաև՝ 15-րդ և 18-րդ հոդվածներով սահմանված սկզբունքների խախտումներ, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի փետրվարի 6-ի որոշումը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հիմքով՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու դեպքում նույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով՝ դատարանի կարգադրությամբ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու հնարավորության հարցին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում դրա հնարավորությունը բացակայում է, քանի որ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը՝ մեղադրյալ ԱՂազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, մերժվել է և մեղադրյալն ազատվել է կալանքից12, ուստի բողոքարկված դատական ակտը կորցրել է իր իրավական նշանակությունը՝ ժամանակավոր լինելու պատճառով և դատական ակտերի բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը, հետևաբար ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետք է ճանաչել Արամ Ղազարյանի իրավունքի խախտման փաստը, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա վերջինին պարզաբանել, որ ձերբակալման ընթացքում իրավունքի խախտման հետևանքով ունի ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք։

19 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արամ Ղազարի Ղազարյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի փետրվարի 6-ի որոշումը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Ճանաչել մեղադրյալ Արամ Ղազարի Ղազարյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը և նրան պարզաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու պահանջ ներկայացնելու իրավունքը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

 

_________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 83-84:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 101-116:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 19-31:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ալբերտ Հովհաննիսյանի վերաբերյալ 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 որոշումը։

5 Կալանավորման դեպքում հիմնավոր կասկածի հասկացության և չափանիշների մասին մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը:

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ալբերտ Հովհաննիսյանի վերաբերյալ 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 որոշումը։

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Սուքիասյանի վերաբերյալ 2024 թվականի մարտի 1-ի թիվ ՀԿԴ/0066/06/23 որոշումը։

9 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 31-32:

10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

12 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ապրիլի 6-ի թիվ ԿԴ2/0052/06/22 որոշումը։

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան