ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Ժ. Չիչոյան |
ԵԴ/0589/01/19 |
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
| ||||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆի |
24 սեպտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Նարեկ Սամվելի Բեգլարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի հուլիսի 11-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 16194318 քրեական գործը:
2018 թվականի հուլիսի 16-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Նարեկ Սամվելի Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հուլիսի 30-ի որոշումներով Ն.Բեգլարյանի մեղադրանքը փոփոխվել է և նրան ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նոր մեղադրանք է առաջադրվել:
2. 2019 թվականի օգոստոսի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի հունիսի 1-ին կայացած դատական նիստի ընթացքում, մեղադրյալ Ն.Բեգլարյանի պաշտպան Գ.Մելիքյանը միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
3.1. Վերոնշյալ միջնորդության քննարկման արդյունքում Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հունիսի 19-ին որոշել է Ն.Բեգլարյանի նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով և թիվ ԵԴ/0589/01/19 քրեական գործի վարույթը կարճել: Դատարանը որոշել է նաև Ն.Բեգլարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը, վերացնել, իսկ տուժող Սոֆյա Մարգարյանի կողմից ներկայացված գույքային հայցը թողնել առանց լուծման՝ վերջինիս իրավունք վերապահելով հետագայում այն հարուցել քաղաքացիական դատավարության կարգով:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Ս.Խաչատրյանի բողոքը մերժելու և Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 19-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
6.1. Այսպես՝ բողոքի հեղինակը, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների վերլուծության արդյունքում, եզրահանգել է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնի հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմ և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում, մինչդեռ նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ։ Վերոշարադրյալի հաշվառմամբ, բողոքի հեղինակն օրենսդրի կամքից չբխող է համարել Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ եթե համապատասխանեցման արդյունքում անձին վերագրվող ենթադրյալ արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների խմբին, ապա քրեաիրավական հետևանքները պետք է որոշվեն՝ այդ փաստից ելնելով։
6.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով Ն.Բեգլարյանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվել է ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է տասը տարի։ Իսկ ներկայումս գործող քրեական օրենքով Ն.Բեգլարյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը ևս տասը տարի է։ Այսինքն, քննարկվող երկու դեպքում էլ Ն.Բեգլարյանին մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է, որը դեռևս չի անցել։
7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ կամ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Ն.Բեգլարյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա խարդախությամբ Սոֆյա Մարգարյանից հափշտակել է 9.950 ԱՄՆ դոլարին համարժեք 4.798.105 ՀՀ դրամ գումար: Մասնավորապես`
Նարեկ Սամվելի Բեգլարյանը, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ դիտավորությամբ, 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Վրաստանի Հանրապետությունից լվացքի փոշիներ և ավտոմեքենաների յուղեր և ավտոմեքենաներ աճուրդով գնելու, Հայաստանի Հանրապետություն ներկրելու և դրանց վաճառքից ստացված հասույթից մասնաբաժին հատկացնելու խոստումներ տալու պատրվակով Սոֆյա Թելմանի Մարգարյանից վերցրել է ընդհանուր 9.950 ԱՄՆ դոլարին համարժեք 4.798.105 ՀՀ դրամ գումար և խարդախությամբ հափշտակել այն: Այսպես.
2018 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի Սարյան փողոցի 27-րդ շենքի 59-րդ բնակարանում լվացքի փոշի ներկրելու պատրվակով Նարեկ Բեգլարյանը Սոֆյա Մարգարյանից վերցրել է 3.300 ԱՄՆ դոլար գումար, 2018 թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքի Սարյան փողոցի վրա կրկին լվացքի փոշի ներկրելու պատրվակով վերցրել է 1.000 ԱՄՆ դոլար, 2018 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գտնվող Նարեկ Սամվելի Բեգլարյանի կին Մարիաննա Սարգսյանին պատկանող գեղեցկության սրահում կրկին լվացքի փոշի ներկրելու պատրվակով Սոֆյա Մարգարյանից վերցրել է 1.600 ԱՄՆ դոլար գումար, 2018 թվականի ապրիլի 28-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող Մարիաննա Սարգսյանին պատկանող գեղեցկության սրահում ավտոմեքենաների յուղեր ներկրելու պատրվակով Նարեկ Բեգլարյանը Սոֆյա Մարգարյանից վերցրել է 1.100 ԱՄՆ դոլար գումար, իսկ նույն թվականի մայիսի սկզբին, գործով չպարզված օրը, լվացքի փոշիներ ներկրելու պատրվակով կրկին նույն գեղեցկության սրահում Սոֆյա Մարգարյանից Նարեկ Բեգլարյանը վերցրել է 1.500 ԱՄՆ դոլար գումար: Իսկ 2018 թվականի մայիսի 18-ին նույն գեղեցկության սրահում աճուրդում շահած «Նիսսան Տիանա» և «Նիսսան Իքստրայլ» մակնիշի ավտոմեքենաների աճուրդային գումարները վճարելու պատրվակով կրկին նույն գեղեցկության սրահում Սոֆյա Մարգարյանից վերցրել է 350 ԱՄՆ դոլար գումար, իսկ մայիսի 25-ին Երևան քաղաքի Սվաճյան 50 հասցեում 1.100 ԱՄՆ դոլար գումար»1։
9. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Նարեկ Բեգլարյանի նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման հետևյալ պատճառաբանությամբ.
Նախ Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Նարեկ Բեգլարյանի նկատմամբ կիրառելի են արարքը կատարելու պահին գործող 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, քանի որ փաստ է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները ավելի խիստ են: Այլ կերպ ասած, 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումներով առաջնորդվելու դեպքում անհամեմատ կվատթարանան մեղադրյալի վիճակը, ինչը կհակասի նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասին (...):
(...) 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված՝ հափշտակությամբ պատճառված վնասների չափերի փոփոխության արդյունքում Ն.Բեգլարյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (...): Դատարանն արձանագրում է, որ (...) ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը համարվում է միջին ծանրության հանցանք:
(...)
Նարեկ Սամվելի Բեգլարյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին/ վերագրվող արարքը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլ ամսին, ուստի համադրելով վերը հիշատակված իրավադրույթները նրան առաջադրված մեղադրանքում հաստատված համարվող դեպքի ժամանակի հետ, Դատարանը գտնում է, որ Նարեկ Սամվելի Բեգլարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է 2023 թվականի մայիս ամսին, եթե այդ ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործության կատարմամբ կամ նա խուսափել է քննությունից կամ դատից:
Դատարանը գտնում է, որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ տեղեկություն, որը կարող է վկայել, որ քննարկվող քրեական գործով մեղադրանք ներկայացնելուց հետո Ն.Բեգլարյանը խուսափել է քննությունից կամ դատից, ուստի վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված համարելու հիմքերը բացակայում են:
Դատարանը նաև արձանագրում է, որ Ն.Բեգլարյանին մեղսագրվող արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն ընդհատված համարելու հիմքերը բացակայում են:
Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ այն մասին, որ մեղադրյալ Նարեկ Սամվելի Բեգլարյանն իրեն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին/ մեղսագրվող արարքի կատարումից հետո կատարել է նոր հանցանք կամ խուսափել է քննությունից կամ դատից, այսինքն` վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված համարելու հիմքերը բացակայում են:
Հիմք ընդունելով վերը շարադրվածը Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Նարեկ Սամվելի Բեգլարյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին/ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով նրա նկատմամբ պետք է դադարեցնել քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը կարճել: (...)»2։
10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանի համար ընդունելի են Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումները, որ 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը պատժի մասով անձի վիճակը բարելավող է, և վաղեմության ժամկետների հաշվարկը պետք է ընթանա՝ հիմք ընդունելով միջին ծանրության հանցանքների համար նախատեսված վաղեմության ժամկետի հաշվարկը։
Ի հավելումն վերոգրյալի, 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված վաղեմության ժամկետների համեմատական վերլուծությամբ փաստվում է, որ անձի վիճակը բարելավող է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված իրավակարգավորումը, որի դեպքում վաղեմության ժամկետը միջին ծանրության հանցագործության համար 5 տարի է, իսկ 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դեպքում՝ 10 տարի։
Վերահաստատելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վաղեմության ժամկետների հաշվարկը պետք է իրականացվի՝ առաջնորդվելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված իրավակարգավորմամբ։
(...) Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ Նարեկ Բեգլարյանի նկատմամբ քրական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները հաշվարկելիս կիրառելի են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից 5-ամյա ժամկետը։
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերը նշված պատճառաբանությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2023 թվականի հունիսի 19-ի որոշմամբ թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, գործով էության մեջ կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան: (...)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունը՝ Ն.Բեգլարյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:
12. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։
(...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):
Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ «հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` (…) խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝
(…)
2. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
(…)
2) խոշոր չափերով,
(…)
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
(…)
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը՝
(…)
2. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
(…)
3) խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Խարդախությունը, որը կատարվել է՝
(…)
3) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն ՝«(…) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. (…)»:
13. Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձևավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նաև այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Միևնույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել և ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանր հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է։ Հետևաբար, այս դեպքում ևս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։
Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն՝ տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեև հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել են անփոփոխ։ Հետևաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու տասնամյա ժամկետը։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված՝ միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ4:
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Ն.Բեգլարյանին վերագրվել է առանձնապես խոշոր չափի գումարի խարդախությամբ հափշտակություն, որը որակվել է այն կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով5, - Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված՝ հափշտակությամբ պատճառված վնասների չափերի փոփոխության արդյունքում Ն.Բեգլարյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է նույն օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որը համարվում է միջին ծանրության հանցանք: Դատարանը նշել է, որ Ն.Բեգլարյանի նկատմամբ կիրառելի են արարքը կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետներն ավելի խիստ են և դրանցով առաջնորդվելու դեպքում մեղադրյալի վիճակն անհամեմատ կվատթարանա: Դատարանը գտել է, որ Ն.Բեգլարյանին վերագրվող ենթադրյալ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա վաղեմության ժամկետն անցել է 2023 թվականի մայիս ամսին, վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված կամ ընդհատված համարելու հիմքերը բացակայում են, ուստի Ն.Բեգլարյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով նրա նկատմամբ պետք է դադարեցնել քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը կարճել6, - Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ իր համար ընդունելի են Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումները, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված վաղեմության ժամկետների համեմատական վերլուծությամբ փաստվում է, որ անձի վիճակը բարելավող է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված իրավակարգավորումը, որի դեպքում վաղեմության ժամկետը միջին ծանրության հանցագործության համար 5 տարի է, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դեպքում՝ 10 տարի։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ն.Բեգլարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները հաշվարկելիս կիրառելի է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից 5-ամյա ժամկետը7։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Բեգլարյանին վերագրվող՝ խարդախությամբ 4.798.105 ՀՀ դրամի հափշտակությունը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Ն.Բեգլարյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի։
Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ հինգ տարի անց Ն.Բեգլարյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է:
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունը՝ Ն.Բեգլարյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, իրավաչափ չէ:
17. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 6.1-ին կետում հիշատակված դատողությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում՝ հիմք ընդունելով Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները8։ Բացի այդ, բողոքաբերի այդ փաստարկը սույն գործով ընդունելի չէ նաև այն պատճառաբանությամբ, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների առումով Ն.Բեգլարյանի համար առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվել։
18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ն.Բեգլարյանի պաշտպան Գ.Մելիքյանի միջնորդությունը պետք է մերժել։
Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ն.Բեգլարյանի վերաբերյալ վարույթը պետք է փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննությունը շարունակելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Նարեկ Սամվելի Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 19-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը բեկանել, մեղադրյալ Ն.Բեգլարյանի պաշտպան Գ.Մելիքյանի միջնորդությունը մերժել, և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 254-255։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7, թերթեր 51-60։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 8, թերթեր 41-60։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշման 16-20-րդ կետերը։
Նախագահող` Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: