ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1992 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ օրենքի 3-րդ գլխի:
2. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլուխը գործողության մեջ դնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունման պահից` դրանով իսկ դադարեցնելով օրենքի 2-րդ գլխի կիրարկումը:
(փոփ. 26.12.92 որոշում)
3. Առաջիկայում, մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելը, օրենսդրությամբ գործող ակտերը կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում օրենքին:
4. Սահմանել, որ աղետի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հաստատված ցանկով շրջաններում և բնակավայրերում գործունեություն իրականացնող շինարարական ձեռնարկությունները 1992 թվականի ապրիլի 1-ից մինչև 1994 թվականը շինարարական աշխատանքների գծով ազատվում են շահութահարկի վճարումից, իսկ 1994-1996 թվականներին` շահութահարկի վճարումից 50 տոկոսի չափով:
(4-րդ կետը խմբ. 19.05.92 հ.ն.-0631-1)
5. Սահմանել, որ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված արտոնությունը տարածվում է 1992 թվականի հունվարի 1-ից հետո ստեղծված ձեռնարկությունների վրա:
Մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ստեղծված ձեռնարկությունների համար պահպանվում են մինչև 1992 թվականի ապրիլի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված շահութահարկի ժամկետային արտոնությունները:
(5-րդ կետը լրաց. 19.05.92 հ.ն.-0631-1)
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
1) մինչև 1992 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել`
ա) այն կազմակերպությունների և ֆոնդերի ցուցակը, որոնց ձեռնարկությունների վրա տարածվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» կետով նախատեսված արտոնությունները.
բ) այն կազմակերպությունների և ֆոնդերի ցուցակը, որոնց վրա տարածվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ժ» կետով նախատեսված արտոնությունները.
գ) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 և 14 հոդվածներում նախատեսված տնտեսական ու այլ առևտրական գործունեության տարբեր ձևերից ստացված եկամուտների և կատարված ծախսերի հաշվարկման առանձնահատկությունները սահմանելու կարգը.
դ) գործունեության այն տեսակների ցանկը, որոնց համար չի գործում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով տրված արտոնությունը.
2) մինչև 1992 թվականի մարտի 1-ը սահմանել`
ա) օրենքի 5 հոդվածի համաձայն` արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրման և իրացման առանձին ծախսերի նորմաները.
բ) տնտեսական ու այլ առևտրական գործունեության շահութաբերության հաշվարկման կարգը` հաշվի առնելով շուկայական մեխանիզմի գործման պայմանները:
3) մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը կենտրոնացված կարգով բյուջեի հետ փոխհարաբերություններ ունեցող ձեռնարկությունների իրավական կարգավիճակը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը.
4) մինչև 1992 թվականի հոկտեմբերի 1-ը սահմանել տնտեսական գործունեության ցուցանիշների հաշվապահական հաշվառման նոր կարգը.
5) մինչև 1993 թվականի հունվարի 1-ը մշակել հանրապետության տարածքային տնտեսական քաղաքականության ծրագիր և դրա հիման վրա առաջարկություններ ներկայացնել շահութահարկի արտոնյալ դրույքաչափերի վերաբերյալ.
6) ելնելով 1992 թվականի առաջին կիսամյակի արդյունքներից, անդրադառնալ բանկերի շահութաբերության դրույքաչափին և համապատասխան առաջարկություն ներկայացնել Գերագույն խորհուրդ.
7) 1992 թվականի տնտեսական տարվա արդյունքների հիման վրա անդրադառնալ շահութահարկի դրույքաչափերի վերանայման անհրաժեշտությանը` կապված ձեռնարկությունների շահութաբերության մակարդակի հետ, և համապատասխան առաջարկություն ներկայացնել Գերագույն խորհուրդ.
8) մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածում նախատեսված դեպքերում ըստ առանձին բյուջեների շահութահարկի բաշխման կարգը, ինչպես նաև «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
9) մինչև 1994 թվականի ապրիլի 1-ը սահմանել.
ա) շահութահարկի գծով պետական բյուջե կենտրոնացված կարգով վճարումներ կատարողների ցանկը,
բ) ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի որոշման կարգը,
գ) փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտներից հարկի հաշվարկման և վճարման կարգը:
(6-րդ կետը խմբ. 19.05.92 հ.ն.-0631-1, լրաց. 14.02.94 Հ.Ն-1008-I)
7. Սահմանել, որ մինչև շահութահարկի հաստատագրված վճարումների նոր կարգի հաստատումը գործում է նախկինում ընդունված կարգը:
(7-րդ կետը խմբ. 19.05.92 հ.ն.-0631-1)
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2006, ՀՕ-199-Ն | 04.01.2007, Ն-0490-I | |
14.02.1994, Հ.Ն-1008-I | 20.02.1994, Ն-0490-I | |
19.05.1992, հ.ն.-0631-1 | 05.06.1992, Ն-0490-I |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|