Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.09.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ս. Գզոգյան

 

ԵԴ/0222/01/23

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝  ՌՄխիթարյան

                դատավորներ՝

 ԿՄարդանյան

 ՆՀովակիմյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

 

10 սեպտեմբերի 2024 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արամ Մովսեսի Մովսեսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման դեմ պաշտպան ԷԱղաջանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2023 թվականի ապրիլի 11-ի դատավճռով Արամ Մովսեսի Մովսեսյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, որի վճարումը տարաժամկետվել է 10 (տասը) ամսով և թույլատրվել է վճարել մաս առ մաս՝ յուրաքանչյուր ամիս 20000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով։

Մեղադրյալ Ա.Մովսեսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Արտավարութային փաստաթուղթ ճանաչված և քրեական վարույթի նյութերին կցված փաստաթղթերը թողնվել են պահպանության նույն տեղում՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։

2 Պաշտպան ԷԱղաջանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 11-ի դատավճիռը թողնելով անփոփոխ։

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ ԱՄովսեսյանի պաշտպան ԷԱղաջանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մարտի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական իրավունքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։

Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը փաստարկել է, որ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել, որ ԱՄովսիսյանը կատարել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեորեն հետապնդելի արարքը։

Մասնավորապես՝ ԱՄովսեսյանը միայն 2022 թվականի նոյեմբերի 30-ի հարցաքննության ընթացքում է ծանոթացել 2021 թվականի սեպտեմբերի 24-ի՝ իրավասու պետական մարմնի աշխատակցի կողմից կայացված՝ վարչական տույժ նշանակելու մասին թիվ 2113462530 որոշմանը, որով իր՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է վեց ամիս ժամկետով։ Վերոնշյալ որոշման 2-րդ մասի համաձայն՝ որոշումն ուժի մեջ է մտնում հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրը։ Մինչդեռ՝ ԱՄովսեսյանին այդ որոշումը որևէ ձևով չի հանձնվել, հետևաբար այն չի կարող համարվել ուժի մեջ մտած, քանի որ պատշաճ կարգով չի հանձնվել վերջինին։

Բողոքաբերի պնդմամբ, վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված և հետազոտված ապացույցներն անուղղակի են և բավարար չեն հիմնավորված համարելու, որ ԱՄովսեսյանը կատարել է իրեն մեղսագրված գործողությունները։

Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ ԱՄովսեսյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, որը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 75-րդ հոդվածի համաձայն պետք է կազմի երկու տարի, լրացել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին։ Մեղադրյալ ԱՄովսեսյանը չի առարկել, որ իր նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվի՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ արդարացնելով Արամ Մովսեսյանին, իսկ վերջինիս նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու անհնարինության դեպքում՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6 Արամ Մովսեսի Մովսեսյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ «[Ն]ա «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 129.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին իրավասու պետական մարմնի աշխատակցի կողմից կայացված վարչական տույժ նշանակելու մասին թիվ 2113462530 որոշմամբ ենթարկված վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը 6 (վեց) ամիս ժամկետով կասեցնելու ձևով և պատշաճ ծանուցված և տեղեկացված լինելով այդ մասին, կասեցման ժամկետը չլրացած՝ 2021 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, Երևան քաղաքի Կ․Ուլնեցու փողոցում, վարել է «Ինֆինիտի» մակնիշի՝ 96 MG 696 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որպիսի փաստն արձանագրվել է վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված թիվ 8180048700 արձանագրությամբ»1։

7 Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 11-ի դատավճռով արձանագրվել է հետևյալը «Հիմնական դատալսումների ընթացքում հետազոտվել են հետևյալ գրավոր ապացույցները.

Արամ Մովսեսի Մովսեսյանի վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 4-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և դրա հիման վրա կազմված թիվ 8180048700 որոշումը։

Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի քաղվածքը։
Ճանապարհային որստիկանության պատասխան գրությունները (մուտք-Ն/17/68104-22 ևՄԳ/145948-22)։

Վարչական տույժ նշանակելու մասին թիվ 2112259094, 2112319242, 2112344848, 2112620987, 2113137956, 2113462530 որոշումները և հետադարձ ծանուցագրերը։
Հարթակից օգտվելու և էլեկտրոնային եղանակով ծանուցումների վերաբերյալ տեղեկանքը։

Գոռ Մովսիսյանի 2021թ.-ի սեպտեմբերի 3-ի և Հայկազ Մովսեսյանի 2021թ.-ի հոկտեմբերի 12-ի դիմումները։

Պարեկային ծառայության թիվ 91/4 պատասխան գրությունը։
Թիվ 8200303190 վարչական իրավախախտման գործով որոշումը։
Զննություն կատարելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 16-ի արձանագրությունը։

Արտավարութային փաստաթուղթ ճանաչելու և վարույթի նյութերին կցելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը, որի համաձայն արտավարութային փաստաթուղթ են ճանաչվել՝ 1. Վարչական տույժ նշանակելու մասին թիվ 8180048700 որոշում-արձանագրությունը, որում արձանագրվել է, որ 2021թ.-ի դեկտեմբերի 04-ին՝ ժամը 15:25-ին, Արամ Մովսեսի Մովսեսյանը ք.Երևան, Կ.Ուլնեցի փողոցում տրանսպորտային միջոցը վարել է անվտանգության գոտին չամրակապված վիճակում: 2. ՃՈ-ի էլեկտրոնային ռեգիստրի քաղվածքը, որում արձանագրված է, որ Արամ Մովսեսի Մովսեսյանի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է 2021թ. հոկտեմբերի 18-ից մինչև 2022թ. ապրիլի 18-ը: 3. ՃՈ-ի պատասխան գրությունը (մուտք-Ն/17/68104-22), որում արձանագրված է, որ տրամադրվում է Արամ Մովսեսի Մովսեսյանի՝ վարորդական իրավունքը կասեցնելու հիմք հանդիսացած որոշումների, վարորդական իրավունքը կասեցնելու վերաբերյալ թիվ 2113462530 որոշման (կասեցման սկիզբը՝ 18-10-2021թ., ավարտը՝ 18-04-2022թ.), որոշումները հասցեատիրոջը հանձնելու փաստը հաստատող փաստաթղթերի, որոշումները պարունակող և փոստային ծառայության կողմից վերադարձված ծրարների, վերջինիս կողմից ROADPOLICE.AM հարթակից օգտվելու և էլեկտրոնային եղանակով ծանուցումների վերաբերյալ տեղեկանքի թվայնացված տարբերակներից արտատպված օրինակները, որոնք բնօրինակների հետ ճիշտ են:

 

4. Թիվ 2112259094, 2112319242, 2112344848, 2112620987, 2113137956 վարչական տույժ նշանակելու մասին որոշումը և հետադարձ ծանուցագրերը, որոնցում արձանագրված են, որ Արամ Մովսեսի Մովսեսյանը տուգանվել է և հանվել են տուգանային միավորներ, իսկ հետադարձ ծանուցագրերի վրա նշված է օր, ամիս, տարեթիվ և ստորագրություն: Թիվ 21134625302113137956 վարչական տույժ նշանակելու մասին որոշումը և հետադարձ ծանուցագիրը, որում արձանագրված է, որ Արամ Մովսեսի Մովսեսյանի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է 6 ամիս ժամկետով, իսկ փոստային կտրոնի վրա նշված է տեղափոխված է նշումը: 5. Հարթակից օգտվելու և էլեկտրոնային եղանակով ծանուցումների վերաբերյալ տեղեկանքը, որում արձանագրված է, որ 077-40-71-79 բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն է ուղարկվել Արամ Մովսեսյանի վարորդական վկայականը կասեցնելու վերաբերյալ։ 6. ՃՈ-ի պատասխան գրությունը (ՄԳ/145948-22), որում արձանագրված է, որ Արամ Մովսեսյանի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումներ վերահասցեագրելու վերաբերյալ դիմումներ 2021թ.-ին ՃՈ-ում չեն ստացվել։ 7. Արամ Մովսեսի Մովսեսյանի վերաբերյալ կազմված ՃՈ-ի պատասխան գրությունը (մուտք-ՄԳ/147781-22), որում արձանագրվել է, որ Արամ Մովսեսի Մովսեսյանի անվամբ 2021թ. ընթացքում կայացված վարչական տույժ նշանակելու մասին թիվ 2113267677 (2 միավոր) և 2113290977 (2 միավոր) որոշումները Գոռ Արամի Մովսիսյանի կողմից Ճանապարհային ոստիկանություն ներկայացված դիմումի հիման վրա վերահասցեագրվել են վերջինիս, իսկ թիվ 2113375273 (3 միավոր) որոշումը՝ Հայկազ Մովսեսի Մովսեսյանի կողմից Ճանապարհային ոստիկանություն ներկայացված դիմումի հիման վրա վերահասցեագրվել է վերջինիս։ Արդյունքում ներկայումս առկա են Արամ Մովսեսի Մովսեսյանի անվամբ 2021թ. ընթացքում կայացված վարչական տույժ նշանակելու մասին թիվ 2112259094 (0.5 միավոր), 2112319242 (2 միավոր), 2112344848 (0.5 միավոր), 2112620987 (2 միավոր), 2113137956 (2 միավոր) և վերջինիս վարորդական իրավունքը կասեցնելու վերաբերյալ կայացված թիվ 2113462530 (2 միավոր) որոշումները։ Կից տրամադրվել է Գոռ Արամի Մովսիսյանի և Արամ Մովսեսի Մովսեսյանի կողմից Ճանապարհային ոստիկանություն ներկայացված դիմումների թվայնացված տարբերակներից արտատպված օրինակները, որոնք բնօրինակների հետ ճիշտ են: 8. 03.09.2021թ.-ի Գոռ Մովսիսյանի դիմումը, որում արձանագրված է, որ Գոռ Մովսիսյանը վարել է 96 MG 696 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, խնդրել է թիվ 2113290977 և թիվ 2113267677 որոշումներն ուղարկել իր հասցեով։ 9. 12.10.2021թ.-ի Հայկազ Մովսեսյանի դիմումը, որում արձանագրված է, որ Հայկազ Մովսեսյանը վարել է 96 MG 696 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, խնդրել է թիվ 2113375273 որոշումն ուղարկել իր հասցեով։ 10. Պարեկային ծառայության թիվ 91/4 պատասխան գրությունը, որում արձանագրված է, որ ուղարկվում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողի կողմից Արամ Մովսեսյանի վարորդական իրավունքի վկայականի կասեցումից հետո կայացված թվով երկու վարչական իրավախախտման որոշումների թվայնացված տարբերակները, որոնք բնօրինակների հետ ճիշտ են: 11. Թիվ 8200303190 վարչական իրավախախտման գործով որոշումը, որում արձանագրված է, որ Արամ Մովսեսյանը 23.09.2022թ.-ին՝ ժամը 19:30-ին, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում տրանսպորտային միջոցը վարելիս օգտագործել է ծխախոտային արտադրատեսակ, որի համար տուգանվել է 7.000 ՀՀ դրամի չափով: 12. Արամ Մովսեսի Մովսեսյանի վերաբերյալ կազմված ՃՈ-ի պատասխան գրությունը (մուտք-ՄԳ/152474-22), որում արձանագրված է, որ Արամ Մովսեսի Մովսեսյանի անվամբ 2021թ. ընթացքում կայացված վարչական տույժ նշանակելու մասին թիվ 2113267677 (միավոր) և 113290977 (միավոր) որոշումները Գոռ Արամի Մովսիսյանի կողմից Ճանապարհային ոստիկանություն ներկայացված դիմումի հիման վրա Հայկազ Մովսեսի Մովսեսյանի կողմից Ճանապարհային ոստիկանություն ներկայացված դիմումի հիման վրա վերահասցեագրվել է վերջինիս: Արդյունքում ներկայումս առկա են Արամ Մովսեսի Մովսեսյանի անվամբ 2021թ. ընթացքում կայացված վարչական տույժ նշանակելու մասին թիվ 2112259094 (0.5 միավոր), 2112319242 (2 միավոր), 2112344848 (0.5 միավոր), 2112620987 (2 միավոր), 2113137956 (2 միավոր) և վերջինիս վարորդական իրավունքը կասեցնելու վերաբերյալ կայացված թիվ 2113462530 (2 միավոր) որոշումները, որոնց ընդհանուր հանրագումարը կազմում է տուգանային միավոր, հետևաբար կասեցման վերաբերյալ կայացված որոշումը վերանայման ենթակա չէ: 13. Արամ Մովսեսի Մովսեսյանի վերաբերյալ կազմված ՃՈ-ի պատասխան գրությունը (մուտք-ՄԳ/160307-22), որում արձանագրված է, որ Արամ Մովսեսի Մովսեսյանի անվամբ 2021թ. ընթացքում կայացված վարչական տույժ նշանակելու մասին թիվ 2112259094 (0115 միավոր), 2112319242 (2 միավոր), 2112344848 (0115 միավոր), 2112620987 (2 միավոր), 2113137956 (2 միավոր), ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վերջինիս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը 6 (վեց) ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ թիվ 2113462530 որոշումով ամրագրված իրավախախտումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանվում է 2 տուգանային միավոր: Վերը նշված որոշումներով հանված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 միավոր, որն էլ հիմք է հանդիսացել վերջինիս վարորդական իրավունքի կասեցման համար։

(…) [Առաջին ատյանի դ]ատարանը, վերլուծելով մեղադրյալ ԱՄովսեսյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված և հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված (…) ապացույցները՝ դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, մեղադրյալի մեղավորության վերաբերյալ չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, հաստատված է համարում, որ Արամ Մովսեսի Մովսեսյանը, [կատարել է իրեն մեղսագրվող արարքը]։

(...) [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ սույն գործով ձեռք բերված հավաստի ապացույցների համակցությունը բավարար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու մեղադրյալ Ա․Մովսեսյանի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը դրա իրավունքը կասեցված լինելու պայմաններում, այդ արարքն ապացուցված է, ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին»2։

8 Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը «[Գ]նահատելով սույն գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ հետազոտած ապացույցները, այդ ապացույցներից յուրաքանչյուրը գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, ստացման աղբյուրի և ձևավորման ընթացքի համատեքստում, դրանցից յուրաքանչյուրը համադրելով մյուս աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ, մեղադրյալի մեղավորության մասին չփարատվող կասկածները մեկնաբանելով նրա օգտին՝ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում առկա է փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, հիմք է տալիս անվերապահ հետևություն անել առ այն, որ մեղսագրված արարքը մեղադրյալ ԱՄովսեսյանի կողմից կատարված լինելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը բխում է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների ամբողջությունից, ուստի հիմնավոր է։

Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ հակառակի մասին պնդմանն ու դրա հիմքում դրված դատողություններին, ապա վերջիններիս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում՝ բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, և դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստը, իսկ բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ծանուցման դեպքում անձը ստանում է կարճ հաղորդագրություն որոշման առկայության մասին՝ որոշման համարի կամ այլ տվյալի նշումով, որի օգտագործմամբ անձը ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն կունենա դիտելու կամ ներբեռնելու որոշումը։

 

Տվյալ դեպքում, Առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ հետազորտված «ROADPOLICE.AM» հարթակից օգտվելու և էլեկտրոնային եղանակով ծանուցումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դեռևս 2021 թվականի հոկտեմբերի 13-ին ԱՄովսեսյանի՝ 37477407173 հեռախոսահամարին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու վերաբերյալ հաղորդագրություն է ուղարկվել, այնուհետև՝ 2021 թվականի հոկտեմբերի 18-ին նույն հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ պարզաբանվել է, որ որոշումների վերաբերյալ հաղորդագրություն ստանալու համար անհրաժեշտ է նորից գրանցվել նշված կայքում, ինչի արդյունքում ԱՄովսեսյանը 2021 թվականի դեկտեմբերի 4-ին կրկին գրանցվել է «ROADPOLICE.AM» կայքում, իսկ դա էլ իր հերթին հիմք է տալիս փաստելու, որ ԱՄովսեսյանը բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ տեղեկացել է ինչպես նախորդ վարչական տույժերի, այնպես էլ վարչական տույժ նշանակելու՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը 6 (վեց) ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի որոշման մասին, որպիսի պայմաններում բողոքաբերի՝ հակառակի մասին պնդումն ու դրա հիմքում դրված դատողությունները հիմնավոր ու իրավաչափ համարվել չեն կարող։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա․Մովսեսյանի պաշտպան Էդ․ Աղաջանյանի վերաքննիչ բողոքի հիմքի ու այն հաստատող փաստերի սահմաններում Առաջին ատյանի դատարանի կողմից դատական սխալ թույլ տրված լինելու մասին հետևության հանգելու փաստական կամ իրավական հիմքեր չկան, որպիսի պայմաններում իրավաչափ հիմքեր չկան նաև վերաքննիչ բողոքը բավարարելու և բողոքարկված դատական ակտը բեկանելու համար։ Ուստի վերաքննիչ բողոքը պետք է մերժել՝ բողոքարկված դատական ակտը թողնելով անփոփոխ»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ մեղադրյալ ԱՄովսեսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

10. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն՝ «1.Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով

(...)

4. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը համարվում է կասեցված, եթե նրա` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է, և կասեցման ժամկետը չի լրացել»:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ «Որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե՝

(...)

3) պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, և դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստը.

(...)

Բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ծանուցման դեպքում անձը ստանում է կարճ հաղորդագրություն որոշման առկայության մասին՝ որոշման համարի կամ այլ տվյալի նշումով, որի օգտագործմամբ անձը ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն կունենա դիտելու կամ ներբեռնելու որոշումը»:

10.1. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով այն, մի կողմից՝ պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից՝ անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ։ Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից։ Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ, իր հերթին, պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով4։

10.2. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածում նկարագրված՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով լինի կասեցված, և միաժամանակ կասեցման ժամկետը չլինի լրացած։

Միևնույն ժամանակ, տրանսպորտային միջոց վարելու հանցակազմը սուբյեկտիվ կողմից պետք է դրսևորվի անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու փաստի  գիտակցմամբ տրանսպորտային միջոցներ վարելով։ 

11 Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում ԱՄովսեսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:

Մասնավորապես, ԱՄովսեսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված և հիմնավորված են, և նրա մեղավորությունը հաստատվել է ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ։

Միևնույն ժամանակ, այն հանգամանքը, որ ԱՄովսեսյանը տեղեկացված է եղել իր՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու մասին, հաստատվում, իսկ բողոքաբերի՝ հակառակի վերաբերյալ փաստարկները հերքվում են ստորադաս դատարանի որոշմամբ շարադրված այն վերլուծությամբ, որ Ա.Մովսեսյանի կողմից «ROADPOLICE.AM» կայքում կրկին գրանցվելու հանգամանքը վկայում է, որ նա տեղեկացված է եղել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը 6 (վեց) ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի որոշման մասին5։

12. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ ԱՄովսեսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

13 Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ԱՄովսեսյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1.Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(...)

12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից (...)»:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (...)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն6` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(...)

1)  5 տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը: (...)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 2431-րդ հոդվածի համաձայն՝  «1Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն` «1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: (…)»:

14 Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։

15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ԱՄովսեսյանին վերագրվող՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն ավարտվել է 2021 թվականի դեկտեմբերի 4-ին7: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ ԱՄովսեսյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի ապրիլի 11-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2023 թվականի հոկտեմբերի 6-ին8։ Նշված որոշման դեմ ԱՄովսեսյանի պաշտպանի կողմից բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ է ընդունվել 2024 թվականի մարտի 4-ին9:

16 Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկի առումով ԱՄովսեսյանի նկատմամբ կիրառման են ենթակա տվյալ արարքի համար այն կատարելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումները10. այսինքն ԱՄովսեսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը երկու տարի է, որը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԱՄովսեսյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին, իսկ այդ պահի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի պետք է  ԱՄովսեսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 11-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը բեկանել՝ ԱՄովսեսյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։

18 Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արամ Մովսեսի Մովսեսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, պետք է վերացնել։

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ արտավարութային փաստաթուղթ ճանաչված և քրեական վարույթի նյութերին կցված փաստաթղթերը պետք է թողնել քրեական վարույթում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Մեղադրյալ Արամ Մովսեսի Մովսեսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի ապրիլի 11-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը բեկանել:

2 Արամ Մովսեսի Մովսեսյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3 Արամ Մովսեսի Մովսեսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացնել։

4 Արտավարութային փաստաթուղթ ճանաչված և քրեական գործին կցված փաստաթղթերը թողնել քրեական վարույթում։

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

______________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 116-117։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 45- 51։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 53-63։

4 Տե՛ս, ի թիվս այլնի, ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 և Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0216/01/12 որոշումները։

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերը։

6 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Ա․Մովսեսյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:

7 Տե՛ս սույն որոշման 6–րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 1-ին և 2-րդ կետերը։

9 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշման 13-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան