Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.09.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0174/06/21

ԵԴ/0174/06/21

Նախագահող դատավոր՝

 ԱԱզարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

2021 թվականի սեպտեմբերի 7-ին

ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Իշխան Արմենի Վահանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի պաշտոնակատար ՏԱմբարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական–վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության՝ քրեագիտական վարչությունում (այսուհետ՝ նաև Նախաքննության մարմին)  ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով և 395-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 69108320 քրեական գործը։

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ թիվ 69108320 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, առանձնացվել է առանձին վարույթում, որին շնորհվել է 69101421 համարը։

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 16-ի որոշմամբ Իշխան Արմենի Վահանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով։

2 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2021 թվականի մարտի 18-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Իշխան Վահանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով: Կալանավորման ժամկետի սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցնելու պահից։

3 Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2021 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մարտի 18-ի որոշումը բեկանել և վերացրել է մեղադրյալ Ի.Վահանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ նրան անհապաղ ազատ արձակելով:

4. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի պաշտոնակատար ՏԱմբարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 21-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից մեղադրյալ Իշխան Վահանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ, զբաղեցնելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում [ԻՎահանյանը] չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ:

Այսպես.

Իշխան Արմենի Վահանյանն Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 08-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Քարամյանի հրամանով նշանակվել է հիշյալ զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար՝ ստանձնելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 129-րդ և 130-րդ հոդվածներով նախատեսված գումարտակի հրամանատարի պարտականությունները:

Իշխան Վահանյանը 2020 թվականի հոկտեմբերի 08-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից հրաման է ստացել իրեն վստահված գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա և իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումները: Հիշյալ հրամանը կատարելով՝ Իշխան Վահանյանն իրեն վստահված անձնակազմի հետ միասին տեղափոխվել է նշված վայր, ապա գումարտակի անձնակազմին հրաման է տվել դիրքավորվել և անցնել պաշտպանության:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմի կողմից վերը նշված սարի վրա դիրքավորվելուց հետո՝ 2020 թվականի հոկտեմբերի 09-ին այդ դիրքեր է այցելել գնդի հրամանատար Արթուր Քարամյանը, ով Իշխան Վահանյանին հստակ հրամաններ է տվել մարտական դիրքերի պաշտպանության կազմակերպման վերաբերյալ, ապա հեռացել:

2020 թվականի հոկտեմբերի 10-ին հակառակորդը շրջանցել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղակայված դիրքերը և անցել հարձակման: Տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում Վահան Իշխանյանը, հանդիսանալով հիշյալ մարտական դիրքերի պաշտպանությունն իրականացնող Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմի անմիջական պետ, չի կատարել ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 129-րդ և 130-րդ հոդվածներով նախատեսված գումարտակի հրամանատարի պարտականությունները, այն է՝ հանդիսանալով գումարտակի ողջ անձնակազմի ուղղակի պետը, խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու լինելով գումարտակի մարտական և զորահավաքային պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, զանգահարել է իր անմիջական պետ հանդիսացող՝ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանին և նրան հայտնել տեղի ունեցող մարտական գործողությունների, հակառակորդի հարձակման, դրա արդյունքում ունեցած զոհերի ու վիրավորների, ինչպես նաև՝ իր կողմից մարտական գործողությունների վայրը լքելու ցանկության մասին, սակայն զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից հրաման է ստացել չլքել մարտական գործողությունների վայրը, խուճապի չմատնվել, հավաքել և ապահով վայրում տեղակայել իրեն վստահված զորքը և կազմակերպել ճիշտ նահանջ:

Իր անմիջական պետի՝ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից սահմանված կարգով տրված օրինական հրամանը չկատարելով և սեփական անձի անվտանգությունը վեր դասելով իր ենթակայության տակ գտնվող զինծառայողների անվտանգությունից, Իշխան Վահանյանն անտեսել է իր ենթակայության տակ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների նորակոչիկ լինելու և մարտական հմտություններին բավարար չտիրապետելու հանգամանքը, հանդիսանալով պաշտոնատար անձ և պարտավոր լինելով հստակ կատարել իրեն տրված մարտական առաջադրանքները, արիաբար մարտնչել թշնամու դեմ, մարտական գործողությունների ընթացքում միայնակ նստել է ավտոմեքենան և ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում գտնվող Խուռհատ սարի մարտական դիրքերը:

Իշխան Վահանյանի կողմից անմիջական պետի օրինական հրամանը չկատարելուց և մարտական գործողությունների վայրն ինքնակամ լքելուց հետո հիշյալ դիրքերի պաշտպանությունն իրականացնող Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմը մարտի պարագայում մնացել է առանց հրամանատարի, վերջիններիս գործողությունները համակարգող անձ չի եղել, նվազել է նրանց մարտունակությունը, զինծառայողները մատնվել են խուճապի, ինչի հետևանքով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմից, ի թիվս այլ զինծառայողների, զոհվել են Տիգրան Օգանեսյանը և Նարեկ անունով անձը, ի թիվս այլ զինծառայողների, վիրավորվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Ալբերտ Գասպարյանը, Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալստյանը, Ռոբերտ Վարդանյանը, Էրիկ Խաչատրյանը և Նարեկ Սիրունյանը, ի թիվս այլ զինծառայողների՝ գերեվարվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալստյանը, Ռոբերտ Վարդանյանը, Էրիկ Խաչատրյանը և Նարեկ Սիրունյանը»1։

6 Առաջին ատյանի դատարանը, բավարարելով Նախաքննության մարմնի միջնորդությունը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) Քննիչի կողմից ներկայացված (․․․) փաստական տվյալներն ու տեղեկություններն [Առաջին ատյանի դ]ատարանի համար, դատավարության տվյալ փուլում, ողջամտորեն բավարար են հանգելու հետևության, որ առկա է հիմնավոր կասկած, որ մեղադրյալ Իշխան Արմենի Վահանյանը հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցագործություններին (․․․

(․․․) Անդրադառնալով խափանման միջոց կիրառելու հիմքերին և հաշվի առնելով մեղսագրվող հանցագործությունների բնույթը, դրանց վտանգավորության աստիճանը, մեղադրյալ Իշխան Արմենի Վահանյանին մեղսագրվող արարքի համար նախատեսված պատժի չափը (ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է պատիժ ազատազրկում հինգից տասնհինգ տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է պատիժ ազատազրկում ութից տասներկու տարի ժամկետով) ինչպես նաև հաշվի առնելով, որ քրեական գործով պետք է իրականացվեն անհրաժեշտ մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվեն ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձինք, կատարվեն առերեսումներ, [Առաջին ատյանի դ]ատարանը հանգում է հետևության, որ դրանք իրենց համակցության մեջ մեծացնում են հավանականությունն առ այն, որ մնալով ազատության մեջ՝ մեղադրյալ Ի.Վահանյանն իր նախկինում զբաղեցրած դիրքով պայմանավորված կարող է անօրինական ազդեցություն գործադրել իր ենթակայության տակ գտնված անձնակազմի վրա՝ այդ կերպ խոչընդոտելով մինչդատական վարույթում գործի քննությանը, որպիսի հանգամանքները բացառում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Ի.Վահանյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը: (․․․) Ինչ վերաբերում է նրան, որ մեղադրյալ Ի.Վահանյանն իր խնամքին ունի անչափահաս երեխաներ, վատառողջ ծնող, բնակության վայրում բնութագրվում է դրական, ծառայության ընթացքում խրախուսվել է և արժանացել պարգևների, ապա [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ վերոգրյալ հանգամանքները քրեական գործի քննության այս փուլում չեն կարող մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ մասնավորապես դատավարության մասնակ[իցների] վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը չեզոքացնող կանխորոշող հանգամանքներ լինել»2։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ  նախաքննության մարմնի միջնորդության մեջ նշված մյուս՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելու հիմքերը, ներկայացված նյութերով չեն հաստատվում3։

7 Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է հետևյալը «(․․․) Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ Առաջին ատյանի դատարանի՝ [ԻՎահանյանի կողմից գործի պատշաճ քննությանը խոչընդոտելու բարձր հավանականության վերաբերյալ] եզրահանգումը, քանի որ ներկայացված գործի նյութերում բացակայում է գեթ մեկ ապացույց, որը հնարավորություն կտար հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ մնալով ազատության մեջ մեղադրյալ Իշխան Վահանյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել [իր ենթակայության տակ գտնված] անձանց վրա:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի նման եզրահանգումը հիմնազուրկ է և հաստատված չէ փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է գալիս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դեպքը, որը վերագրվում է Ի.Վահանյանին, տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 10-ին, իսկ վերջինս հարուցված քրեական գործի մասին տեղեկացել է 2021թ. հունվարի 19-ին: Այդ օրն Ի.Վահանյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն նրան բացատրվել է, որ հարցաքննության ընթացքում կարող է օգտվել կասկածյալի իրավունքներից:

Բացի այդ, Իշխան Վահանյանը միայն դեմքով է ճանաչում իր դեմ ցուցմունք տված նորակոչիկներին, և անհասկանալի է, թե ինչպես նա կարող է անօրինական ազդեցություն գործադրել նրանց վրա։

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Իշխան Վահանյանը, տեղեկանալով հարուցված քրեական գործի մասին, շուրջ երկու ամիս գտնվելով ազատության մեջ որևէ անգամ չի փորձել անօրինական ազդեցություն գործադրել դատավարությանը մասնակցող անձանց վրա։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Իշխան Վահանյանի խնամքին են գտնվում անչափահաս երեխաները, վատառողջ ծնողը, մեղադրյալը բնակության վայրում բնութագրվում է դրականորեն, ծառայության ընթացքում խրախուսվել է և արժանացել պարգևների»4:

8. ԻՎահանյանը վկայի դատավարական կարգավիճակում՝ օգտվելով կասկածյալի իրավունքներից, ի թիվս այլնի, ցուցմունք է տվել, որ 2005 թվականին ավարտել է ՎՍարգսյանի անվան ռազմական համալսարանը՝ ստանալով համազորային հրամանատարի մասնագիտությունը և մինչև 2011 թվականի վերջը ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում որպես դասակի հրամանատար, այնուհետև մինչև 2016 թվականի վերջը ծառայությունը շարունակել է Շամշադինի թիվ 21127 զորամասում՝ որպես վաշտի հրամանատար։ 2017 թվականի սկզբից ծառայությունը շարունակել է Ջաբրահիլի թիվ 59703 զորամասում՝ սկզբում որպես վաշտի հրամանատար, այնուհետև՝ բարոյահոգեբանական ապահովման գծով գումարտակի հրամանատարի տեղակալ, իսկ 2020 թվականի մայիս կամ հունիս ամսին նշանակվել է նույն զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի շտաբի պետ։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին նշանակվել է նույն գումարտակի հրամանատար։ Այժմ գտնվում է կադրերի տրամադրության տակ։ Կոչումով փոխգնդապետ է5։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Ասլան Ավետիսյանի, Դավիթ Համբարձումյանի, Վալերի Հակոբյանի և այլոց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Մասնավորապես, բողոքի հեղինակը վկայակոչելով Վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռները՝ փաստել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք հանգամանքներ ու իր եզրահանգումները չի կառուցել այդ հանգամանքների համակցված վերլուծության վրա, ինչի արդյունքում մեղադրյալ ԻՎահանյանի հետագա պատշաճ վարքագծի ապահովման տեսանկյունից որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ հանգել է սխալ հետևության։

Բողոքաբերի պնդմամբ, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել ենթադրյալ հանցավոր արարքները կատարելիս մեղադյալ ԻՎահանյանի զբաղեցրած պաշտոնը՝ Պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար հանդիսանալը, այդ համատեքստում համածառայակիցների և ենթակա անձնակազմի շրջանակում ձևավորված կապերը, ինչը ողջամիտ է դարձնում մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու ենթադրությունը՝ հաշվի առնելով, որ դեռևս պետք է հարցաքննվեն և առերեսվեն ենթակա գումարտակի անձնակազմի մի շարք զինծառայողներ, որոնց ցուցմունքներում նշված հանգամանքների միջև առկա են էական հակասություններ։

Բացի այդ, մեղադրյալ ԻՎահանյանին մեղսագրվող արարքների կատարման տեղը, ժամանակը, եղանակը, դրանց դրսևորման ձևը՝ այդ թվում մեղադրյալի դերակատարությունը վկայում են նրա անձի հանրային բարձր վտանգավորության մասին։

Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ վերը նշվածը, մեղսագրվող արարքների առանձնապես ծանր հանցագործություններ լինելու ու սպառնացող պատժի խստության հետ համակցության մեջ բավարար հիմք են տալիս հիմնավորված ենթադրություն անելու, որ մեղադրյալ ԻՎահանյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը և իրավաչափ նպատակին հնարավոր է հասնել միայն նրա անձնական ազատությունը սահմանափակելով։

91 Վերը նշվածի համատեքստում բողոքի հեղինակը նշել է, որ հակառակի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնված է ԻՎահանյանի՝ ենթակա անձնակազմին միայն դեմքով ճանաչելու վերաբերյալ հայտարարության վրա՝ առանց վերլուծելու և պատճառաբանելու, թե այդ հայտարարությունը գործում առկա ինչ փաստական հանգամանքներից է բխում կամ ինչ փաստական տվյալով է հաստատվում։

Անդրադառնալով հարուցված քրեական գործի մասին շուրջ երկու ամիս տեղեկացված լինելով պատշաճ վարքագիծ դրսևորելուն, խնամքին անչափահաս երեխաների և վատառողջ ծնողի առկայությանը, դրական բնութագրվելուն, ծառայության ընթացքում խրախուսվելուն, բողոքի հեղինակը նշել է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում՝ մեղադրյալ ԻՎահանյանի կողմից գործի պատշաճ քննությանը խոչընդոտելու հավանականության ռիսկը բարձր լինելու վերաբերյալ եզրահանգման գալով Առաջին ատյանի դատարանն իրավական գնահատականի է արժանացրել նաև այդ հանգամանքները, մինչդեռ Վերաքննիչ դատարանն այդպիսիք դիտարկելով որպես կալանավորման աննպատակահարմարության հիմնավորում՝ որևէ կերպ չի պատճառաբանել իր անհամաձայնությունն Առաջին ատյանի դատարանի կողմից նույն հանգամանքների վերաբերյալ տրված գնահատականներին։

10. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մարտի 18-ի որոշմանը։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11 Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք մեղադրյալ ԻՎահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ գործի քննությանը խոչընդոտելու հիմքի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝

(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:

12.1. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.

(…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…)»:

12.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

(…)

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով. (…)»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը. (…)»:

12.3. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով6: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն գործի նյութերից բխող որոշ փաստական տվյալներով։ Սակայն միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորման հիմք(եր)ի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համապատասխան փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը կարող է հանգեցնել կալանավորման հիմքի առկայության կամ բացակայության մասին չհիմնավորված եզրահանգման գալուն։ Հետևաբար խնդրո առարկա հարցը լուծելիս դատարանի հետևությունները, յուրաքանչյուր դեպքում, պետք է հիմնված լինեն գործի նյութերում առկա ապացույցների, փաստերի կամ այլ տեղեկությունների, այդ թվում՝ քրեական օրենքով արգելված ենթադրյալ հանցանքի կատարման պահից ի վեր մեղադրյալի դրսևորած վարքագծի և նրա անձը բնութագրող այլ հատկանիշների՝ իրենց ամբողջության մեջ գնահատման վրա7:

13 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

-   Իշխան Վահանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել պատերազմի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ որպես Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար` իր անմիջական պետի հրամանը չկատարելու, ինչպես նաև մարտադաշտն ինքնակամ լքելու համար, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ8,

-   Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Ի.Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդության քննության արդյունքում, 2021 թվականի մարտի 18-ի որոշմամբ հաստատված է համարել մեղադրյալ ԻՎահանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների առերևույթ կատարված լինելու հիմնավոր կասկածը։ Անդրադառնալով նախաքննության մարմնի միջնորդության մեջ նշված՝ կալանավորման հիմքերին, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ներկայացված փաստական տվյալները բավարար են հաստատված համարելու խափանման միջոց ընտրելու՝ գործի քննությանը խոչընդոտելու հիմքի առկայությունը, ընդգծելով, որ մեղսագրվող հանցագործությունների բնույթը և հանրային վտանգավորությունը, ակնկալվող պատժի խստությունը, մի շարք քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությունն իրենց համակցության մեջ մեծացնում են հավանականությունն առ այն, որ մնալով ազատության մեջ՝ մեղադրյալ Ի.Վահանյանն իր նախկինում զբաղեցրած դիրքով պայմանավորված կարող է անօրինական ազդեցություն գործադրել իր ենթակայության տակ գտնված անձնակազմի վրա՝ այդ կերպ խոչընդոտելով մինչդատական վարույթում գործի քննությանը, որպիսի հանգամանքները բացառում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Ի.Վահանյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը9,

-   Վերաքննիչ դատարանը բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ ներկայացված նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ, որը հնարավորություն կտար հիմնավորված ենթադրություն անելու, որ մնալով ազատության մեջ՝ մեղադրյալ Ի.Վահանյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել իր ենթակայության տակ գտնված անձնակազմի վրա։ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ ԻՎահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերոգրյալ հիմքի բացակայության վերաբերյալ եզրահանգման գալով հաշվի է առել հետևյալ հանգամանքները ա) մեղադրյալ ԻՎահանյանը միայն դեմքով է ճանաչում իր դեմ ցուցմունք տված պարտադիր ժամկետային զինծառայողներին, և անհասկանալի է, թե ինպես նա կարող է անօրինական ազդեցություն գործադրել նրանց վրա, բ) տեղեկացված լինելով հարուցված քրեական գործի մասին, շուրջ երկու ամիս գտնվելով ազատության մեջ, դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն չի գործադրել, գ) խնամքին են գտնվում անչափահաս երեխաները և վատառողջ ծնողը, բնակության վայրում բնութագրվում է դրական, ծառայության ընթացքում խրախուսվել է և արժանացել պարգևների10։

14 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-12.3-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս և մեղադրյալ ԻՎահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելիս, պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք հանգամանքներ:

Այսպես, Վերաքննիչ դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել այն առանցքային փաստական տվյալը, որ մեղադրյալը, իրեն մեղսագրվող քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս, գործել է ի պաշտոնե՝ որպես Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձ: Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները11, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն այն մասին, որ ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, առանձնահատուկ դերակատարում ունի նրա` հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները խոչընդոտելու մինչդատական վարույթի բնականոն ընթացքին12։ Այդ համատեքստում անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաշվի է առել օրինակ` անձի նախկինում ոստիկան հանդիսանալը և իր նախկին ծառայողական գործունեության հետ սերտ կապված հանցագործություն կատարելու մեջ մեղադրվելը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում գործի քննությանը միջամտելու հավանականությունը գնահատելու տեսանկյունից13։ Այդ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրյալ ԻՎահանյանը մեղադրվում է իր ծառայողական գործունեության ընթացքում քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքների կատարման մեջ։ Ընդ որում, հատկանշական է, որ քրեական գործով որպես վկա ներգրավված անձինք որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվել մեղադրյալ ԻՎահանյանի հետ: Մասնավորապես, հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քրեական գործով որպես վկա ներգրավված են մի շարք պարտադիր ժամկետային զինծառայողներ, ովքեր գտնվել են ԻՎահանյանի ենթակայության ներքո և ծառայողական կախվածության մեջ են գտնվել նրանից։ Ավելին, հարկ է նաև նկատել, որ քրեական գործով որպես վկա ներգրավված են նաև զինված ուժերի սպայական կազմի պաշտոններ զբաղեցնող և մեղադրյալի հետ ենթակայական հարաբերությունների մեջ գտնվող անձինք14։ Այս համատեքստում էական նշանակություն ունի նաև այն, որ մեղադրյալ Ի.Վահանյանը շուրջ 15 տարի ծառայություն է իրականացրել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում, զբաղեցրել է հրամանատարի պաշտոն, կոչումով փոխգնդապետ է15։ Նշվածը ողջամտորեն ենթադրում է հեղինակություն, որոշակի ազդեցություն զինված ուժերում ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ, ովքեր հանդիսանում են կամ ողջամտորեն կարող են հանդիսանալ քրեական գործին մասնակցող անձ։

Վերոնշյալի հաշվառմամբ կարևոր է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ սույն գործով զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված առավել բարձր վտանգավորություն ներկայացնող ենթադրյալ արարքներ կատարած ԻՎահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկվում էր առաջին անգամ՝ նախաքննության սկզբնական փուլում։ Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ վկաների նկատմամբ ճնշումների վտանգը կարող է ընդունելի լինել վարույթի սկզբնական փուլում16։ Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել, որ դեռևս չկատարված քննչական գործողությունները ողջամտորեն կապված են մեղադրյալ ԻՎահանյանի հետ ծառայողական կախվածության կամ ենթակայական հարաբերությունների մեջ գտնված անձանց հետ։ Նման պայմաններում, սույն գործի փաստական հանգամանքների վերը նշված առանձնահատկությունները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ էապես բարձր է հավանականությունն առ այն, որ գործի քննության տվյալ փուլում ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ ԻՎահանյանն օգտագործելով իր նախկին պաշտոնեական դիրքը՝ կարող է ազդեցություն գործադրել սույն գործի հետ առնչություն ունեցող և իրենից ծառայողական կախվածության կամ ենթակայական հարաբերությունների մեջ գտնված անձանց նկատմամբ։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված այն պատճառաբանությանը, թե մեղադրյալ ԻՎահանյանը միայն դեմքով է ճանաչում իր դեմ ցուցմունք տված նորակոչիկ պարտադիր ժամկետային զինծառայողներին և անհասկանալի է, թե ինչպես վերջինս կարող է անօրինական ազդեցություն գործադրել նրանց վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի պնդումը որևէ փաստական տվյալով չհիմնավորված ենթադրություն է և վերոնշյալի պայմաններում չի կարող չեզոքացնել մեղադրյալ ԻՎահանյանի կողմից իր անմիջական ենթակայության տակ գտնված անձնակազմի վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար նշանակվելը (2020 թվականի հոկտեմբերի 8-ին), ԻՎահանյանը դեռևս 2020 թվականի մայիս կամ հունիս ամսից հանդիսացել է նույն գումարտակի շտաբի պետը17, հետևաբար Վերաքննիչ դատարանի դատողությունն այն մասին, որ մեղադրյալը միայն դեմքով է ճանաչում գումարտակի զինծառայողներին, չի բխում գործի փաստական հանգամանքներից։

Վերոնշյալ ծանրակշիռ փաստական հանգամանքները, որոնք իրենց համակցության մեջ բավարար էին մեղադրյալի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար, համակողմանի գնահատման չեն ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալ ԻՎահանյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, նախկին աշխատանքը զինված ուժերում, իր ծառայողական գործունեության հետ կապված հանցանքները ենթադրաբար կատարելը, զինված ուժերում ունեցած կարգավիճակը և սույն գործի մյուս փաստական հանգամանքներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը հանգեցրել են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ գործի քննությանը խոչընդոտելու հիմքի բացակայության մասին չհիմնավորված եզրահանգման գալուն։

Միաժամանակ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ որոշում կայացնելիս հաշվի է առնում նաև մեղադրյալի անձը և հարուցված քրեական գործի մասին շուրջ երկու ամիս տեղեկացված լինելով պատշաճ վարքագիծ դրսևորելը, ապա դրանք սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ԻՎահանյանի` ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող բավարար գործոններ չեն կարող համարվել։ Հետևաբար, դրանք ի զորու չեն երաշխավորելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում՝ հնարավորություն չտալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։

15. Ուստի, Վճռաբեկ դատարանը չի կարող չեզրահանգել, որ սույն գործում առկա են ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու մեղադրյալ ԻՎահանյանի կողմից քննության տվյալ փուլում գործի քննությանը խոչընդոտելու հավանականության ռիսկը բավականին բարձր լինելու ենթադրությունը և մինչդատական վարույթի տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։

Վերոնշյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Ի.Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ գործի քննությանը խոչընդոտելու հիմքի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Իշխան Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, վերջինիս նկատմամբ խափանման միջոցի հարցը քննելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման և վերլուծության է ենթարկել գործի փաստական հանգամանքների ամբողջությունը, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մարտի 18-ի որոշմանը18՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին պետք է հաշվակցել մեղադրյալ ԻՎահանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից մինչև ազատ արձակվելը՝ 2021 թվականի ապրիլի 9-ը, նրա` անազատության մեջ գտնվելու ժամկետը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Մեղադրյալ Իշխան Արմենի Վահանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի մարտի 18-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին հաշվակցել մեղադրյալ Իշխան Արմենի Վահանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից մինչև ազատ արձակվելը՝ 2021 թվականի ապրիլի 9-ը, նրա` անազատության մեջ գտնվելու ժամկետը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

______________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 46-51:

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 190-198:

3 Տե՛ս նույն տեղում։

4 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 50-60:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 52-59:

6 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումը։

8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը, կետ 16:

12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Neumeister v. Austria գործով վերը նշված վճիռը, Gabor Nagy v. Hungary (No. 2) գործով վերը նշված վճիռը։

13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khanzadyan v. Armenia գործով 2014 թվականի մարտի 11-ի որոշումը, գանգատ թիվ 68571/11:

14 Տե՛ս նյութեր, ի թիվս այլնի, հատոր 1 և 2։

15 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

16 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Jarzyński v. Poland գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 15479/02, կետ 43, Merabishvili v. Georgia [GC] գործով 2017 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, գանգատներ թիվ 72508/13, կետ 224 ECHR 2017 (extracts):

17 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

18 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական: