ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, |
ԵԴ/1194/06/21 | ||
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահող դատավոր՝ Ա. Նիկողոսյան |
|
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ Ա. Պողոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
23 դեկտեմբերի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արշակ Սարգսի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 62233221 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Արշակ Սարգսի Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ Արշակ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով 2021 թվականի նոյեմբերի 29-ից:
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ քրեական գործից Ա.Հակոբյանի վերաբերյալ մասն անջատվել է և նույն թվականի ապրիլի 25-ին միացվել թիվ 62240621 քրեական գործին։
Հսկող դատախազի՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ 2022 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ Ա.Հակոբյանին ներկայացված մեղադրանքը լրացվել, և նույն օրը նրան նոր մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու երկու դրվագ՝ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարել է մասնակիորեն, և նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել է 1 (մեկ) ամսով՝ սահմանափակելով ազգակցական կապի մինչև երկրորդ աստիճանի մեջ չգտնվող անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը։ Նույն որոշմամբ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավը՝ 562.000.000 (հինգ հարյուր վաթսուներկու միլիոն) ՀՀ դրամի չափով:
2.1. 2022 թվականի օգոստոսի 1-ին մեղադրյալ Ա.Հակոբյանն ազատվել է կալանքից։
3. Դատախազի և պաշտպանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել ու նախաքննության մարմնի միջնորդությունը մերժել՝ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցը թողնելով վարույթի համապատասխան հանրային մասնակիցների լուծմանը։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Այսպես՝ բողոք բերած անձը, մատնանշելով ազատության իրավունքի վերաբերյալ քրեադատավարական մի շարք նորմեր և դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, փաստել է, որ Վերաքննիչ դատարանը կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի կամ դրանց համակցության կիրառմամբ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու հնարավորությունը քննարկելիս պատշաճ գնահատման չի արժանացրել մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականության մասին վկայող մի շարք հանգամանքներ և արդյունքում հանգել է անհիմն հետևության: Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել քրեական վարույթի առանձնակի բարդությունը՝ պայմանավորված մեղսագրված արարքների առավել բարձր լատենտայնությամբ՝ այս համատեքստում նշելով, որ քրեական վարույթի տվյալ փուլում դեռևս անհրաժեշտ է կատարել որոշակի քննչական և վարութային գործողություններ, իսկ ըստ քրեական վարույթի նյութերի՝ ենթադրյալ հանցանքների կատարմանն առերևույթ ներգրավված, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններին տիրապետող անձանց մեծամասնությունը որոշակի փոխհարաբերությունների մեջ է գտնվում մեղադրյալ Ա.Հակոբյանի հետ: Բացի այդ, բողոքաբերը նշել է նաև, որ վերջինս տևական ժամանակ զբաղեցրել է պետական պաշտոններ, և նրան մեղսագրվում են իր իշխանական լիազորություններն օգտագործելով ենթադրաբար կատարված հանցանքներ։
Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է պատշաճ գնահատեր նաև խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, մեղսագրվող արարքների կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ակնկալվող պատժի խստությունը:
5.1. Բողոք բերած անձը փաստարկել է, որ անձին կալանքի տակ պահելու և հետագայում դրա ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական վարույթի բնականոն ընթացքն ապահովելու հանգամանքով, ուստի նման պայմաններում դատարանի մատնանշած՝ մեղադրյալի՝ 8 ամիս անազատության մեջ գտնվելու հանգամանքը որևէ կերպ չի կարող նվազեցնել վերջինիս կողմից քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը:
5.2. Բողոքի հեղինակը հատկանշական է համարել նաև, որ ստորադաս դատարանի կողմից սահմանված գրավի գումարը կարճ ժամանակահատվածում վճարվել է քրեական վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ հնարավոր տեղեկություններին տիրապետող, Ա.Հակոբյանի մտերիմ անձանց կողմից, ինչը, ըստ բողոք բերած անձի, քրեական վարույթում առկա մյուս տվյալների հետ համակցված վկայում է Ա.Հակոբյանի և նրա մտերիմների զգալի ֆինանսական կարողության, դրանց շրջանառությանը բազմաթիվ անձանց ներգրավվածության ու քրեական վարույթին խոչընդոտելու հնարավորության և բարձր հավանականության մասին։
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ բավարարելով սույն քրեական վարույթով հսկող դատախազի հատուկ վերանայման բողոքը։
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Մեղադրյալ Ա.Հակոբյանի պաշտպան Տ.Աթանեսյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն մեղադրյալի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար։ Մասնավորապես՝ պաշտպանը նշել է, որ անհայտ անձանց ենթադրյալ հնարավոր հարցաքննության անհրաժեշտությունը չի կարող դրվել անձի կալանավորման ժամկետի երկարացման հիմքում, հատկապես երբ անձն ութ ամիս կալանավորված է եղել, և այդ ընթացքում նրան մեղադրող ցուցմունքներ չեն տրվել։
Անդրադառնալով բողոքաբերի՝ մեղսագրված արարքը դիտավորությամբ կատարելու և գործի քննությանը խոընդոտելու պնդումներին՝ պաշտպանը գտել է, որ դրանք քննարկման ենթակա չեն, քանի որ դրանցից առաջինը խախտում է անձի անմեղության կանխավարկածը, իսկ երկրորդը վերացական է և չի բխում քրեական վարույթի նյութերից։
7.1. Բացի այդ, պաշտպան Տ.Աթանեսյանը նշել է, որ գրավի վճարման հանգամանքների վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը նույնպես սույն դեպքում չի կարող քննարկման առարկա լինել, քանի որ դատական վերանայումը չի կարող տարածվել այն իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել քննիչի միջնորդությունը ներկայացնելուց հետո։
8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Տ.Աթանեսյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Արշակ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու երկու դրվագ՝ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքների համար, որ նա. «1994-1997 թվականների ընթացքում ծառայելով ՀՀ ներքին գործերի նախարարությունում, իսկ 1997-2011 թվականների ընթացքում` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ապա` 2011-2018 թվականների ընթացքում` ՀՀ ոստիկանությունում, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2011-2017 թվականների ընթացքում տիրապետել, օգտագործել, տնօրինել է նույն թվականների ընթացքում ենթադրաբար պաշտոնեական լիազորությունների չարաշահումներին և հովանավորչությանն իր ներգրավվածության, ինչպես նաև կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ստացված գույքը, որի իրական բնույթը, ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելիությունը թաքցրել, խեղաթյուրել է փոխանցելով ու այլ գործողություններով, այսինքն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը։
Բացի այդ, Արշակ Հակոբյանը 2013-2014 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում թաքցրել և խեղաթյուրել է վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելիությունը՝ օրինականացնելով այն:
Բացի այդ, ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի 4218-Ա հրամանով նշանակվելով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի, ինքը և 5-րդ բաժնի պետի պաշտոնին և այդ պաշտոնում պաշտոնավարելով մինչև 2018 թվականի մայիսի 10-ը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 1-ից հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ունենալով գույքի և եկամուտների հայտարարագրման՝ տարեկան, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու դեպքում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2017 թվականի պաշտոնը ստանձնելու, նույն թվականի տարեկան և 2018 թվականին պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալներ, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:
Այսպես.
Արշակ Հակոբյանը 1994-1997 թվականների ընթացքում ծառայել է ՀՀ ներքին գործերի նախարարությունում, իսկ 1997-2011 թվականների ընթացքում` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ապա` 2011-2018 թվականների ընթացքում` ՀՀ ոստիկանությունում և հանդիսացել մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, այսինքն՝ 1994-2018 թվականների ընթացքում հանդիսացել է բացառապես պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ: Հիշյալ ողջ ժամանակահատվածում Արշակ Հակոբյանը ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ոստիկանությունից, «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ից ստացել է իր անվամբ հաշվարկված և վճարված, ընդհանուրը` 44.880.078 ՀՀ դրամ օրինական եկամուտ՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների տեսքով: Նույն ժամանակահատվածում Արշակ Հակոբյանի կինը՝ Անահիտ Մկրտչյանը, ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացել է 149.689.734 ՀՀ դրամ եկամուտ:
Նշված ժամանակահատվածում Արշակ Հակոբյանը, ձեռք է բերել և իր ու կնոջ՝ Անահիտ Մկրտչյանի անվամբ գրանցել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գտնվող անշարժ գույքեր, որոնց շուկայական արժեքները շեշտակիորեն գերազանցել են Արշակ Հակոբյանի ստացած օրինական եկամուտները:
Այսպես.
Արշակ Հակոբյանը 1994-2018 թվականների ընթացքում, ՀՀ ներքին գործերի նախարարությունում, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում պաշտոնավարման ընթացքում իր ներգրավվածությամբ տեղի ունեցած առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, հովանավորչության, կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք է բերել գումարներ, որից հետո՝ թաքցնելով և խեղաթյուրելով դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագումը, այդ գումարներով ձեռք է բերել տարբեր անշարժ և շարժական գույք, որոնք էլ տարբեր ձևական գործարքներով գրանցել է այլ անձանց անվամբ, այն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը։
Մասնավորապես.
2011 թվականի նոյեմբերի 24-ին կնքված առուվաճառքի պայմանագրով Արշակ Հակոբյանը ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի 23 հասցեում գտնվող, 75.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը, որի նկատմամբ գրանցվել է կնոջ՝ Անահիտ Մկրտչյանի սեփականության իրավունքը, իսկ առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3.000.000 ՀՀ դրամ:
2012 թվականի հունիսի 2-ին և 2012 թվականի օգոստոսի 10-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով 120.000.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 8-րդ շենքի 31 և նույն շենքի 8/2 հասցեներում գտնվող անշարժ գույքերը, որոնց նկատմամբ գրանցվել է կնոջ՝ Անահիտ Մկրտչյանի սեփականության իրավունքը:
2013 թվականի հունվարի 15-ին Արշակ Հակոբյանը գործարքի կողմ հանդես եկած կնոջ՝ Անահիտ Մկրտչյանի հետ անշարժ գույքի առուվաճառքի, հաջորդող գրավի պայմանագրով անհատ ձեռնարկատեր Վահե Հարությունյանից 204.250.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 51, 53 շենք 45 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը, որի արժեքից 81.700.000 ՀՀ դրամը վճարել է պայմանագիրը կնքելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մնացած 122.550.000 ՀՀ դրամը վճարել է մինչև 2013 թվականի հուլիսի 15-ը:
Գիտակցելով, որ նվազ օրինական եկամուտների առկայության պայմաններում իր և կնոջ անվամբ հաշվառված են օրինական եկամուտները շեշտակիորեն գերազանցող արժեք ունեցող գույքեր, ինչը կարող է համապատասխան իրավապահ մարմինների ուսումնասիրության առիթ և առարկա դառնալ, դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը քողարկելու նպատակով, Արշակ Հակոբյանը 2014 թվականի ապրիլին կրկին ձեռնամուխ է եղել հանցավոր ճանապարհով ձեռքբերված գույքերի նկատմամբ իրավունքները և դրանց իրական պատկանելությունը թաքցնելուն:
Մասնավորապես,
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցներով գնված, Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 51, 53 շենք 45 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և պատկանելիությունը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված նվիրատվության ձևական պայմանագրով գույքն օտարվել է Արշակ Հակոբյանի դստերը՝ Արմինե Հակոբյանին, ով 2013 թվականի օգոստոսի 13-ին կնքված նվիրատվության պայմանագրով գույքն օտարել է մորը՝ Անահիտ Մկրտչյանին: Իր հերթին Անահիտ Մկրտչյանը 2014 թվականի ապրիլի 17-ին կնքված, ձևական առուվաճառքի պայմանագրով գույքն օտարել է Արշակ Հակոբյանի մորը՝ Անահիտ Աբրահամյանին, իսկ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով նախորդ առուվաճառքի պայմանագիրը լուծվել է, ինչի արդյունքում տվյալ գույքի նկատմամբ 2014 թվականի սեպտեմբերի 22-ին կրկին գրանցվել է Անահիտ Մկրտչյանի միանձնյա սեփականության իրավունքը:
Բացի այդ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցներով գնված, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 8-րդ շենքի 31 և նույն շենքի 8/2 հասցեներում գտնվող անշարժ գույքերի պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով հիշյալ գույքերի նկատմամբ գրանցվել է Արշակ Հակոբյանի կնոջ՝ Անահիտ Մկրտչյանի սեփականության իրավունքը: Այնուհետև` 2014 թվականի ապրիլի 17-ին կնքված ձևական առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 8-րդ շենքի 8/2 հասցեում գտնվող տարածքն օտարվել է Անահիտ Մկրտչյանի հորը՝ Ռաֆաել Մկրտչյանին, ով իր հերթին 2014 թվականի սեպտեմբերի 24-ին նվիրատվության պայմանագրով այն օտարել է Արշակ Հակոբյանի դստերը՝ Արմինե Հակոբյանին:
Բացի այդ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի 23 հասցեում գտնվող անշարժ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով Արշակ Հակոբյանը կազմակերպել է հիշյալ գույքն այլ անձանց ձևականորեն փոխանցելու գործընթաց: Այդ նպատակով, 2014 թվականի ապրիլի 16-ին նշված գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով օտարվել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, Արշակ Հակոբյանի մտերիմ Դավիթ Կարապետյանին: Այնուհետև՝ 2015 թվականի մայիսի 12-ին կնքված ձևական առուվաճառքի պայմանագրով գույքը փոխանցվել է Արշակ Հակոբյանի մեկ այլ մտերիմ Գագիկ Զոհրաբյանին, ով իր հերթին 2016 թվականի փետրվարի 26-ին կնքված նվիրատվության պայմանագրով գույքը հանձնել է Արշակ Հակոբյանի որդուն՝ Սարգիս Հակոբյանին, ում սեփականության իրավունքը տվյալ գույքի նկատմամբ գրանցվել է 2016 թվականի մարտի 2-ին:
Բացի այդ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ՝ Արշակ Հակոբյանը 2017 թվականին ներկայացրել է պաշտոնը ստանձնելու, 2017 թվականի տարեկան, իսկ 2018 թվականին՝ պաշտոնը դադարեցնելու հայտարարագրեր:
2017 թվականի պաշտոնը ստանձնելու և տարեկան հայտարարագրերում Արշակ Հակոբյանը հայտարարագրել է 17.000.000 ՀՀ դրամ և 13.619.580 ՀՀ դրամին համարժեք 28.500 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, ինչպես նաև՝ 4.116.385 ՀՀ դրամ՝ որպես եկամուտ՝ աշխատանքի վարձատրությունից: Ընդ որում, 17.000.000 ՀՀ դրամը և 13.619.580 ՀՀ դրամին համարժեք 28.500 ԱՄՆ դոլարն առկա են եղել նաև հարկային տարվա՝ 2017 թվականի վերջում, այսինքն՝ այդ ժամանակահատվածում չեն ծախսվել:
Արշակ Հակոբյանի հետ փոխկապակցված անձի՝ նրա կնոջ՝ Անահիտ Մկրտչյանի կողմից 2017 թվականին ներկայացված տարեկան հայտարարագրում վերջինիս կողմից հայտարարագրվել է 10.000.000 ՀՀ դրամ և 4.300.920 ՀՀ դրամին համարժեք 9000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, որոնց չափերը հարկային տարվա վերջում մնացել են նույնը, այսինքն՝ այդ ժամանակահատվածում չեն ծախսվել: Անահիտ Մկրտչյանը հայտարարագրել է նաև 8.472.928 ՀՀ դրամ եկամուտ՝ որպես ստացված շահաբաժին:
Արշակ Հակոբյանի հետ փոխկապակցված մյուս անձը՝ որդին՝ Սարգիս Հակոբյանը, 2017 թվականին ներկայացված տարեկան հայտարարագրում հայտարարագրել է 8.472.928 ՀՀ դրամ եկամուտ՝ որպես ստացված շահաբաժին:
Այսինքն՝ 2017թ․ ընթացքում Արշակ Հակոբյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ընդհանուր եկամուտը կազմել է 65.982.741 ՀՀ դրամ, որից, սակայն, 44.920.500 ՀՀ դրամն առկա է եղել հարկային տարվա՝ 2017 թվականի վերջում, այսինքն՝ այդ ժամանակահատվածում չի ծախսվել, հետևաբար տարվա ընթացքում վերջինս կարող էր կատարել միայն 21.062.241 ՀՀ դրամի ծախս (65.982.741-44.920.500=21.062.241 ՀՀ դրամ):
Մինչդեռ, 2017 թվականի ընթացքում Արշակ Հակոբյանի անվամբ գրանցվել է տրանսպորտային միջոց, որի արժեքը շեշտակիորեն գերազանցել է վերջինիս և նրա հետ փոխկապակցված անձանց ստացած օրինական եկամուտների չափը:
Մասնավորապես.
Արշակ Հակոբյանը 2017 թվականի օգոստոսի 22-ին 47.855.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարով, գնել է նույն թվականի արտադրության «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի, WDC1668731A909431 նույնացման համարով տրանսպորտային միջոցը, ապա վճարվելիք գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով նախ կազմակերպել է կատարված առուվաճառքի հիշյալ գործարքը ձևականորեն՝ որպես նվիրատվություն ձևակերպելու գործընթացը, որից հետո ավտոմեքենայի դիմաց վճարվող գումարի ծագման աղբյուրը խեղաթյուրելու նպատակով 2017 թվականի օգոստոսի 23-ին կնքված օվերդրաֆտի տրամադրման ձևական պայմանագրով ավտոմեքենան գրավադրել է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունում, ստացել 47.855.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար վարկ, որը մարվել է նախքան պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը: Այդ եղանակով Արշակ Հակոբյանը փաստացի թաքցրել և խեղաթյուրել է իր ունեցած, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի՝ 26.792.759 ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական հանցավոր ծագումը:
Այսպիսով, սույն քրեական գործով ձեռք բերված ապացուցողական զանգվածով, այդ թվում՝ անուղղակի ապացույցների համակցության համադրման և վերլուծության արդյունքում հաստատվել է, որ 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, Արշակ Հակոբյանը զբաղվել է կոռուպցիոն գործունեությամբ, որի արդյունքում վերը նկարագրված եղանակներով հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտներն օրինականացնելու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ ներդնելու նպատակով, թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված գույքերի և վճարված գումարների իրական բնույթը և հանցավոր ծագումը, պատկանելիությունը, դրանց հաղորդել օրինական տեսք, մասնավորապես` իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վերը նկարագրված եղանակով օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 156.472.947 ՀՀ դրամը և 75.000.000 ՀՀ դրամ արժեքով անշարժ գույքը:
Բացի այդ, Արշակ Հակոբյանը 2013-2014 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ օրինականացրել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելիությունը՝ այդ կերպ նպատակ ունենալով օժանդակել վերջինիս, որպեսզի նա խուսափի կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվությունից, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում.
Այսպես, Վլադիմիր Գասպարյանը, 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով ներքին գործերի նախարարության Սևանի, Արմավիրի բաժինների պետի, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի, ապա՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցիչ, ինչպես նաև կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2008-2018 թվականների ընթացքում տիրապետել, օգտագործել, տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցագործությունների՝ առանձնապես խոշոր չափերով վատնման, առանձնապես խոշոր չափերով վատնման փորձի, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի դեպքերի և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գումար: ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվելուց և հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար հանցավոր ճանապարհով ստացված գույքի մի մասի ծագումը թաքցնելու հարցում աջակցելու համար 2013 թվականին դիմել է իր անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարող, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի, ինքը և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Արշակ Հակոբյանին, ում հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել տրանսպորտային միջոցներ և դրանք հաշվառել իր անվամբ՝ թաքցնելու համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը, իրավունքները և իրական պատկանելիությունը:
Վլադիմիր Գասպարյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գումարներով ձեռքբերված տրանսպորտային միջոցների իրավունքները և իրական պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով Արշակ Հակոբյանը 2013 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված առուվաճառքի պայմանագրով «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից 71.556.000 ՀՀ դրամով ձեռք է բերել «Mercedes-Benz G 500» մակնիշի, WDB4632361X204223 նույնացման համարի ավտոմեքենան: Այնուհետև՝ 2014 թվականի հունվարի 10-ին կնքված առուվաճառքի պայմանագրով Արշակ Հակոբյանն «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից 80.200.000 ՀՀ դրամով ձեռք է բերել «Mercedes-Benz S 500L» մակնիշի, WDD2221821A0585564 նույնացման համարի ավտոմեքենան: Նշված ավտոմեքենաներն Արշակ Հակոբյանը հաշվառել է իր անվամբ՝ թաքցնելով դրանց համար վճարված 151.756.000 ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումն ու իրական պատկանելիությունը:
Այսպիսով, Արշակ Հակոբյանը Վլադիմիր Գասպարյանի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում թաքցրել և խեղաթյուրել է վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 151.756.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության գույքը՝ այդպիսով օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված այդ գույքը և նպատակ ունենալով օժանդակել Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի նա խուսափի կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվությունից:
Բացի այդ, 2017 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ Արշակ Հակոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանել է առանձնապես խոշոր չափերով՝ 7.338.999 ՀՀ դրամ արժեքով Երևան քաղաքի Սոֆիայի փողոցի 40-րդ հասցեում /կադաստրային ծածկագիր՝ 01-005-0368-0129-001/ գտնվող անշարժ գույքը: Բացի այդ, Արշակ Հակոբյանը 2017 թվականի օգոստոսի 22-ին ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 47.855.000 ՀՀ դրամ արժեքով՝ նույն տարեթվի արտադրության «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի, WDC1668731A909431 նույնացման համարով տրանսպորտային միջոցը, որը ձևակերպվել է իբրև նվիրատվություն, իսկ 2017 թվականի հունիսի 9-ին նվիրատվության պայմանագրով օտարել է 2008 թվականի արտադրության «Samand Soren 1.8» մակնիշի, NAACC1CF68F400848 նույնացման համարով տրանսպորտային միջոցը:
ՀՀ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող Արշակ Հակոբյանը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով 2017 թվականի հուլիսի 1-ից ունենալով գույքի և եկամուտների հայտարարագրման՝ պաշտոնը ստանձնելու, պաշտոնը դադարեցնելու հայտարարագրեր ներկայացնելու պարտականություն, 2017 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում՝ «Առկա է անշարժ գույք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ» դաշտում, ինչպես նաև 2018 թվականի մայիսի 24-ին ներկայացրած՝ պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում՝ «Առկա է անշարժ գույք պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ» դաշտում, դիտավորությամբ չի ներառել, թաքցրել է նկարագրված համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7.338.999 ՀՀ դրամ արժեքով՝ Երևան քաղաքի Սոֆիայի փողոցի 40-րդ հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:
Բացի այդ, Արշակ Հակոբյանը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով 2017 թվականի հուլիսի 1-ից ունենալով գույքի և եկամուտների հայտարարագրման՝ տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում՝ «Հարկային տարում ձեռք է բերել շարժական գույք» և «Հարկային տարում օտարել է շարժական գույք» դաշտերում դիտավորությամբ չի ներառել, թաքցրել է համապատասխանաբար առանձնապես խոշոր չափերով՝ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 47.855.000 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված՝ 2017 թվականի արտադրության «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի, WDC1668731A909431 նույնացման համարով տրանսպորտային միջոցի և 2008 թվականի արտադրության «Samand Soren 1.8» մակնիշի, NAACC1CF68F400848 նույնացման համարով օտարված տրանսպորտային միջոցի՝ ընդհանուր առանձնապես խոշոր չափերով գույքի վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը»1։
10. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) [Մ]իջնորդությանը կից ներկայացված նյութերն, իրենց համակցության մեջ բավարար են (...) մեղսագրվող արարքին [մեղադրյալ Ա.Հակոբյանի] առերևույթ առնչությունը հաստատված համարելու համար:
Անդրադառնալով խափանման միջոց կիրառելու հիմքերին՝ [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է հետևյալը.
(...) – Ա.Հակոբյանը պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում,
- Ա.Հակոբյանի նախկինում զբաղեցրած պաշտոններից բխող հեղինակությունը, անձանց որոշակի շրջանակի հետ ունեցած կապերը,
- շարունակում են իրականացվել քննչական և վարութային գործողություններ՝ մեղսագրվող հանցանքների կատարման բոլոր հանգամանքները պարզելու, ձեռք բերված ապացույցներն ստուգելու ուղղությամբ,
- մեղադրյալին վերագրվող արարքների բնույթը, լատենտայնությունն ու վտանգավորության աստիճանը։
Վերոգրյալ հանգամանքների հաշվառմամբ (...) [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ Արշակ Հակոբյանը, լինելով ազատության մեջ, հնարավոր է խոչընդոտի քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի կմիջամտի ապացուցման գործընթացին:
(...) [Առաջին ատյանի դ]ատարանը փաստում է, որ կատարված քննչական գործողությունները բովանդակային առումով բավարար են վարույթ իրականացնող մարմնի կողմից գործադրած պատշաճ ջանասիրությունը հաստատված համարելու համար (...)։
[Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ (...) մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցի ժամկետը ենթակա է երկարաձգման:
(...) [Հ]աշվի առն[ելով] այն հանգամանքը, որ Ա․Հակոբյանը, ով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում զբաղեցրել է պաշտոններ, ունի բավականաչափ ազդեցություն և հեղինակություն իրեն վերագրվող հանցագործություններին ենթադրաբար առնչություն ունեցած անձանց նկատմամբ (...) [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ է սահմանափակել մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը՝ բացառությամբ ազգակցական մինչև երկրորդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց տեսակցելու և հաղորդակցվելու իրավունքի։
(...)
Քննելով միջնորդությունը և կից ներկայացված նյութերը՝ [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է հետևյալ կարևոր հանգամանքները.
- մեղադրյալը 8 ամիս գտնվում է անազատության մեջ,
- ըստ քննիչի միջնորդության՝ մեղադրյալի կողմից արդեն իսկ հարցաքննված անձանց նկատմամբ մեղադրյալի կողմից ազդեցություն գործադրելը բացակայում է,
- ըստ քննիչի՝ վարույթով բացակայում են մեղադրյալին ուղղակի մերկացնող ցուցմունքներ,
- խոչընդոտման հիմքն առկա է ինչպես ցուցումով ուղղակիորեն նշված անձանց, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրաբար հայտնաբերման ենթակա անձանց նկատմամբ,
- մեղադրյալը եկամուտ չունի,
- մեղադրյալին մեղսագրվում է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 156.472.947 ՀՀ դրամի և 75.000.000 ՀՀ դրամով անշարժ գույքի, ենթադրաբար հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման հանցակազմ,
(...)
- ըստ մեղադրյալի խոսքերի՝ վերջինս երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պաշտոններ, ունի որոշակի հարգանք և ճանաչողություն:
Վերոգրյալ հանգամանքների հաշվառմամբ՝ [Առաջին ատյանի դ]ատարանի գնահատմամբ մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել վարույթի քննության տվյալ փուլում այլընտրանքային խափանման միջոցի կիրառման պայմաններում (...):
(...) [Առաջին ատյանի դ]ատարանի գնահատմամբ մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի քննության տվյալ փուլում կարող է ապահովվել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառման պայմաններում»2։
11. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հիմնավորված են Առաջին ատյանի դատարանի հետևություններն այն մասով, որ Ա.Հակոբյանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, որպիսի դիրքորոշումը պայմանավորված է մասնավորապես նյութերում առկա փաստերից բխող այն ենթադրություններով, որ.
ա) դեռևս առավել քան հավանական է քննվող քրեական գործի քննության շրջանակներում մեծածավալ վարութային և քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությունը.
բ) մեղադրյալը նախկինում հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, որպիսի պաշտոնից բխող հեղինակությունը և ունեցած կապերը բարձրացնում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղսագրվող ենթադրյալ հանցագործությունների բնույթը (հանցանքները ոտնձգում են ՀՀ-ում օրինական ձեռնարկատիրական գործունեությունը և ներդրումային քաղաքականությունը կարգավորող, ինչպես նաև պաշտոններ զբաղեցնելու համար սահմանված կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ), դրանց վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ Ա․Հակոբյանին մեղսագրվում է միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների կատարում, որոնց համար որպես պատիժ նախատեսված է 2-4 և 6-12 տարի ժամկետով ազատազրկում, էական նշանակություն ունեն մեղադրյալի հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում:
(...) Անդրադառնալով գրավ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններին Վերաքննիչ դատարանը փաստում է (...) [որ] մինչդատական վարույթում գրավ խափանման միջոցի կիրառումն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը, ուստի դատարանը, խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքում հանգելով եզրակացության, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովել հնարավոր է նաև այնպիսի խափանման միջոցի կիրառմամբ, որը կիրառելու իրավասությունը վերապահված է վարույթն իրականացնող մարմնին, պարտավոր էր մերժել ներկայացված միջնորդությունը՝ այլ խափանման միջոցի կիրառման հայեցողությունը թողնելով քննիչին կամ դատախազին։
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևությանն այն մասով, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նաև կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոցի կամ դրանց համակցության կիրառմամբ, հատկապես հաշվի առնելով այն էական հանգամանքը, որ մեղադրյալն արդեն իսկ 8 ամիս գտնվել է կալանքի տակ»3։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք այլընտրանքային խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ մեղադրյալ Ա.Հակոբյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) [Կ]ալանքի ժամկետը երկարաձգելը (…) թույլատրվում [է] միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով»:
Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
(…)
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: (…)»։
Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»։
13․1. Վկայակոչված իրավադրույթների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման և կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ և պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգությունում, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից՝ կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ultima ratio) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը։ Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին՝ այդ համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։
13.2. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանական ձևերի մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով4։ Ընդ որում՝ կալանավորման անհրաժեշտության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա5:
13.3. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին6:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Արշակ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու երկու դրվագ՝ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել՝
ա) 1994 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում ենթադրաբար կոռուպցիոն հանցանքների արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով օրինականացնելու համար,
բ) 2013-2014 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վ.Գասպարյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում վերջինիս ենթադրյալ հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար՝ քրեական պատասխանատվությունից խուսափելուն նրան օժանդակելու նպատակով,
գ) հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնի ստանձնման, տարեկան ու պաշտոնի դադարեցման հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալները դիտավորությամբ թաքցնելու համար, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը7,
- Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդության քննության արդյունքում հաստատված է համարել մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքները կատարելու հիմնավոր կասկածը և վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ ջանասիրություն դրսևորելը։ Անդրադառնալով միջնորդության մեջ նշված՝ կալանավորման նպատակին՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ սույն գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունները բավարար են ողջամտորեն ենթադրելու, որ Ա.Հակոբյանը կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ կալանքի տևողությունը, ժամկետի երկարաձգմանը նախորդող ժամանակահատվածում վարույթի մասնակիցների նկատմամբ ազդեցություն գործադրելու ու մեղադրական բնույթի ուղղակի ցուցմունքների բացակայությունը, ինչպես նաև գործում առկա մյուս տվյալները բավարար են եզրահանգելու, որ մեղադրյալ Ա.Հակոբյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեղմ խափանման միջոց գրավի ընտրությամբ և կիրառել է այն8,
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ իրավաչափ է առավել մեղմ խափանման միջոցի կիրառմամբ հետապնդվող նպատակին հասնելու հնարավորության մասին Առաջին ատյանի դատարանի եզրահանգումը՝ հատկապես հաշվի առնելով մեղադրյալ Ա.Հակոբյանի՝ շուրջ ութ ամիս կալանքի տակ գտնվելու հանգամանքը։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ միջնորդության քննության արդյունքում ստորադաս դատարանի կայացրած որոշումը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումներից, քանի որ խափանման միջոցների կիրառման դատական երաշխիքների վարույթի շրջանակներում գրավ խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության ու հնարավորության հարցը վերապահված չէ դատարանին։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը բեկանել է վիճարկվող դատական ակտը և մերժել նախաքննության մարմնի միջնորդությունը՝ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառման անհրաժեշտության ու հնարավորության հարցը թողնելով վարույթի համապատասխան հանրային մասնակցի լուծմանը9։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-13.3-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ մեղադրյալ Ա.Հակոբյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ:
Այսպես՝ տվյալ դեպքում պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկվել, որ մեղադրյալ Ա.Հակոբյանին մեղսագրվում են բարձր լատենտայնություն ունեցող առանձնապես ծանր և միջին ծանրության կոռուպցիոն բնույթի հանցագործություններ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որոնք ոտնձգում են այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետությունում օրինական տնտեսական գործունեությունը և պետական ծառայության սահմանված կարգը: Բացի այդ, հաշվի չի առնվել Ա.Հակոբյանին մեղսագրվող արարքների կատարման եղանակը, ենթադրյալ գործողությունների բնույթը: Այս առումով հատկապես ուշագրավ են ձեռնարկված քաղաքացիաիրավական գործարքների խառնված շրջապտույտը, իրականացված գործարքներում ներգրավված անձանց թիվը, վերջիններիս հետ մեղադրյալի ունեցած մերձավոր ու ազգակցական կապերը, մեղսագրվող հանցանքերից մեկը խմբի կազմում, պետական կառույցում առանցքային պաշտոն զբաղեցրած անձի հետ հանցակցությամբ կատարելը։
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նկատել, որ մեջբերված փաստական հանգամանքների համատեքստում ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել նաև Ա.Հակոբյանի անձը բնութագրող տվյալները։ Այսպես՝ մեղադրյալը, լինելով ոստիկանության գնդապետ10, շուրջ քսանչորս տարի ծառայել է Հայաստանի Հանրապետության ուժային կառույցներում՝ 1994-1997 թվականների ընթացքում պաշտոններ զբաղեցնելով ՀՀ ներքին գործերի նախարարությունում, 1997-2011 թվականների ընթացքում` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, 2011-2018 թվականների ընթացքում` ՀՀ ոստիկանությունում, իսկ վերջինիս մեղսագրվում են իր ծառայողական գործունեության ոլորտում ենթադրաբար կատարված հանցավոր արարքներ: Վերոնշյալը ողջամտորեն ենթադրում է որոշակի հեղինակություն, կապեր ու լծակներ ինչպես պետական համակարգի տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ հասարակության տարբեր շերտերի ու շրջանակների նկատմամբ։ Ուստի, այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները11, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն այն մասին, որ ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, առանձնահատուկ դերակատարում ունի նրա` հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները խոչընդոտելու մինչդատական վարույթի բնականոն ընթացքին12։ Այդ համատեքստում անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաշվի է առել օրինակ` անձի նախկինում ոստիկան հանդիսանալը և իր նախկին ծառայողական գործունեության հետ սերտ կապված հանցագործություն կատարելու մեջ մեղադրվելը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում գործի քննությանը միջամտելու հավանականությունը գնահատելու տեսանկյունից13։
16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել մեղադրյալին մեղսագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, վերջինիս անձը, որոնք գործի նյութերից բխող տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել, որ գործի քննության տվյալ փուլում առկա է մեղադրյալ Ա.Հակոբյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու բարձր հավանականության շարունակական ռիսկը, ինչը չի կարող չեզոքացվել այլընտրանք խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ այլընտրանքային խափանման միջոցի կամ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալ Ա.Հակոբյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:
16.1. Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն դիրքորոշմանը, որ որոշում կայացնելիս հաշվի են առել մեղադրյալ Ա.Հակոբյանի՝ ութ ամիս կալանքի տակ գտնվելու հանգամանքը, ապա Վճռաբեկ դատարանն այդ առնչությամբ հարկ է համարում նշել, որ խափանման միջոցի կիրառման տևողությունը դրա համաչափության գնահատման ինքնավար գործոն չէ և պետք է գնահատման ենթարկվի, հաշվի առնելով նաև գործի բնույթն ու բարդության աստիճանը: Անձի ոչ իրավաչափ վարքագիծը կանխարգելող միջոցների կիրառման համատեքստում այսպիսի մոտեցում ունի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նշելով, որ ինքնին կանխարգելիչ միջոցների կիրառման տևողությունը բավարար չէ եզրահանգելու համար, որ այն համաչափ չէ14։ Տվյալ դեպքում՝ սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Հակոբյանի՝ ութ ամիս կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը չի կարող համարվել վերջինիս ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող բավարար գործոն:
16․2․ Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում մատնանշած փաստարկին, հարկ է ընդգծել, որ բողոքաբերի պնդումը կառուցված է Առաջին ատյանի դատարանի դատական ակտին հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության վրա, ուստի այս առումով Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում պաշտպանի՝ սույն որոշման 7.1-րդ կետում ներկայացրած հակափաստարկին և ընդգծում, որ ստորադաս դատարանի որոշման իրավաչափության ստուգման դեպքում, դատական վերանայման ծավալը սահմանափակված է միջնորդության քննության ժամանակ հետազոտված՝ կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող փաստական տվյալների և վարույթի մասնակիցների արված պնդումների գնահատմամբ15, եթե առկա չէ դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական հանգամանք, հետևաբար բողոքաբերի հիշյալ փաստարկը տվյալ պարագայում չի կարող հաշվի առնվել։
17. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդության քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանը, հանգելով հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեղմ խափանման միջոցի կիրառմամբ, իրավասու չէր կիրառել խափանման միջոց գրավը, քանի որ դրա կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցի լուծումը դուրս է խափանման միջոցների դատական երաշխիքների շրջանակից։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 3-րդ կետի, 288-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարաձգելու միջնորդությունը քննելիս, դատարանը, գտնելով որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ, իրավասու է կալանքի փոխարեն կիրառել այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն միայն այն դեպքում, երբ այդպիսի խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառման դեպքում դրա մեջ ներառված խափանման միջոցներից առնվազն մեկի ընտրության լիազորությունը վերապահված է դատարանին։ Նման դեպքերում դատարանը քննիչի միջնորդությունը բավարարում է մասնակի և կիրառում համապատասխան խափանման միջոցը (օրինակ՝ տնային կալանք) կամ դրանց համակցությունը (օրինակ՝ տնային կալանք և գրավ)։ Իսկ այն դեպքերում, երբ դատարանը միջնորդության քննության արդյունքում գտնում է, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար ոչ միայն միջնորդվող կալանքի, այլև իր իրավասությանը վերապահված խափանման միջոցի ընտրության անհրաժեշտությունը բացակայում է, ապա դատարանը պետք է մերժի քննիչի միջնորդությունը՝ առավել մեղմ խափանման միջոցի կամ դրանց համակցության կիրառման հարցի լուծումը թողնելով վարույթի համապատասխան հանրային մասնակիցների հայեցողությանը։
18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանները, հանգելով հետևության, որ մեղադրյալ Ա.Հակոբյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ, թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումն ամբողջությամբ, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 29-ի որոշումը՝ մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ գրավ կիրառելու մասով բեկանելու համար:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արշակ Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը՝ ազգակցական կապի մինչև երկրորդ աստիճանի մեջ չգտնվող անձանց հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակման կիրառմամբ 1 (մեկ) ամսով երկարաձգելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի անհրաժեշտ է այդ մասով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 29-ի որոշումը թողնել անփոփոխ16՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 1 (մեկ) ամիս ժամկետին պետք է հաշվակցել Ա.Հակոբյանի՝ 2022 թվականի հուլիսի 29-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը, անազատության մեջ գտնվելու ժամկետը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի գումարն անհրաժեշտ է վերադարձնել գրավատուներին։
19. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Մեղադրյալ Արշակ Սարգսի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը՝ ամբողջությամբ, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 29-ի որոշումը՝ գրավ կիրառելու մասով, բեկանել։
Մեղադրյալ Արշակ Սարգսի Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը՝ ազգակցական կապի մինչև երկրորդ աստիճանի մեջ չգտնվող անձանց հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակման կիրառմամբ 1 (մեկ) ամիս ժամկետով երկարաձգելու մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի հուլիսի 29-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 1 (մեկ) ամիս ժամկետին հաշվակցել 2022 թվականի հուլիսի 29-ից մինչև ազատ արձակվելը՝ 2022 թվականի օգոստոսի 1-ը, մեղադրյալ Արշակ Սարգսի Հակոբյանի ` անազատության մեջ գտնվելու ժամկետը:
3․ Գրավի գումարը վերադարձնել գրավատուներին։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
__________________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 23-37 և 70-75:
2 Տե՛ս նյութեր, հատոր 10, թերթեր 30-46:
3 Տե՛ս նյութեր, հատոր 12, թերթեր 1-24:
4 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, mutatis mutandis` Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումը։
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
10 Տե՛ս նյութեր, հատոր 6, թերթեր 42-44։
11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը, կետ 16:
12 Տե՛ս Մարու իրավունքների եվրոպական դատարանի` Neumeister v. Austria գործով 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, Gabor Nagy v. Hungary (No. 2) գործով 2017 թվականի ապրիլի 11-ի վճիռը, գանգատ թիվ 73999/14, կետ 70:
13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khanzadyan v. Armenia գործով 2014 թվականի մարտի 11-ի որոշումը, գանգատ թիվ 68571/11:
14 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bulea v. Romania գործով 2013 թվականի դեկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 27804/10, կետ 62:
15 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշումը:
16 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագաող` |
Հ. Ա ՍԱՏՐՅԱՆ |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԱ. Պողոսյան Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|