Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-82-Ո-Կ-13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2024
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.10.2024
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-82-Ո-Կ-13

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ 03.07.2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ԲԴԽ-57-Ո-Կ-16 ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ`

Բարձրագույն դատական խորհրդի
անդամ`


Ա. Դանիելյանի

 

մասնակցությամբ՝

Անդամներ


 

 

 

Ա. Աթաբեկյանի

Հ. Գրիգորյանի

Կ. Թումանյանի

Ե. Թումանյանցի

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

Էդ. Հովհաննիսյանի

Ք. ՄԿՈՅԱՆԻ

 

քարտուղարությամբ՝

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Մ. Թելոյանի

 

ք. Երևան

18.10.2024 թ.

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթակելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 03072023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Դավիթ Հարությունյանի (այսուհետ նաև՝ Դիմող) կողմից Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված դիմումը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը.

1.1. Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը 2023 թվականի մայիսի 24-ին N 42-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ նշելով, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված՝ դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտումը, իսկ կարգապահական վարույթ հարուցելու առիթ՝ զանգվածային լրատվության միջոցի համապատասխան հրապարակումը:

1.2. Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշման համաձայն որոշվել է. «1. Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»:

1.3. Դավիթ Հարությունյանը դիմել է Սահմանադրական դատարան, որը, քննելով Դավիթ Հարությունյանի դիմումը 2024 թվականի մայիսի 21-ին կայացրել է ՍԴՈ-1729 որոշումը (այսուհետ նաև՝ Որոշում)՝ արձանագրելով.

«1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը:

2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:»:

1.4. 2024 թվականի օգոստոսի 20-ին՝ Դավիթ Հարությունյանը դիմել է Խորհրդին՝ խնդրելով Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայել Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը:

1.5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը 27.08.2024 թվականին ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն, որը 03.09.2024 թվականին ընդունվել է: Կողմերը ծանուցվել են գրավոր կարգով Դիմումի քննության, ինքնաբացարկի ընդունման արդյունքում Խորհրդի կազմի մասին, ինչպես նաև Արդարադատության նախարարությունը ծանուցվել է դիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի մասին, և գրավոր ընթացակարգով քննությունը շարունակվել է 17.09.2024 թվականին:

1.6. 17.09.2024 թվականին զեկուցողի ներկայացումից հետո՝ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, կարևորելով կարգապահական վարույթների քննության հրապարակայնության ապահովումը՝ արձանագրվել է սույն գործը հրապարակայնացնելու արգելք այլևս գոյություն չունենալու հանգամանքը, ինչպես նաև Դիմողին ուղղվել են գրավոր հարցադրումներ: Մասնավորապես, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի կողմից իր որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, Դիմողին առաջարկվել է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.

1) 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Դիմողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում Դիմողի կողմից հայտնած տեղեկությունների ու դիրքորոշումներից զատ ի՞նչ տեղեկություն/դիրքորոշում է ունեցել հայտնելու Խորհրդին Դիմողը, որը չի ներկայացրել «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կիրառելու պատճառով,

2) 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Դիմողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում Դիմողի կողմից ներկայացված որևէ ապացույցի վերաբերյալ ի՞նչ լրացուցիչ տեղեկատվություն և/կամ դիրքորոշում է ունեցել հայտնելու Խորհրդին Դիմողը, որը չի ներկայացրել «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կիրառելու պատճառով: Սահմանվել է պատասխան ներկայացնելու համար 10-օրյա ժամկետ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Դիմողի կողմից նույն օրը ներկայացված միջնորդությանը: Մասնավորապես՝

- արձանագրվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156.1-րդ հոդվածի ուժի մեջ մտած լինելու հանգամանքը 2020 թվականի մայիսի 2-ից՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 25.03.2020 թ. ընդունված թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով,

- լրագրողների, անձանց և Դավիթ Հարությունյանի մասնակցության ապահովման վերաբերյալ արձանագրվել է գրավոր ընթացակարգով քննություն իրականացնելու մասին կողմերի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը,

- արձանագրվել է, որ Դավիթ Հարությանյանը գրավոր ընթացակարգի քննության ողջ ընթացքում զրկված չէ բացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, այլ գործողություններ կատարելուց, այդ թվում նյութեր ներկայացնելուց, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք սահմանված են գրավոր ընթացակարգի համար,

- արձանագրվել է, որ քննությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 որոշմամբ տրված մեկնաբանությունների ներքո:

Արձանագրվել է նաև, որ դիմումի քննությունը գրավոր ընթացակարգով կշարունակվի 07.10.2024 թվականին:

1.7. 24.09.2024 թվականին Դիմողի ներկայացուցիչը «Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդությամբ պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ պայմանավորված խնդրել է պարզաբանել՝

- ներկայումս իրականացվող քննության արդյունքում ի՞նչպիսի դատական ակտ/ակտեր/ կարող են կայացվել: Արդյո՞ք Խորհուրդն իրականացնում է վերանայման վարույթ և դեռևս պետք է կայացվի վերանայման դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում, թե՞ խորհրդի գնահատմամբ վերանայումն ավարտված է և արդեն իսկ իրականացվում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթի բովանդակային քննություն ՀՀ ՍԴ կողմից արձանագրված իրավունքների խախտումների վերացման նպատակով։

- հայցվող հարցերի պատասխանները ի՞նչպիսի հնարավոր դատական ակտի(երի) կայացման համար են ծառայեցվելու:

- Խորհուրդը, հայցվող հարցերի պատասխանների ներկայացման ժամկետներ, մասնավորապես 10-օրյա ժամկետ տրամադրելով, արդյո՞ք առաջնորդվում է նախկին պրակտիկայով, այսինքն հաշվարկում չի ներառում աշխատանքային օրերը, թե՞ ոչ։

1.8. 04.10.2024 թվականին Դիմողի կողմից ներկայացվել է պատասխան:

1.9. 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամներ Երանուհի Թումանյանցի, Քրիստինե Մկոյանի, Արթուր Աթաբեկյանի և Հայկ Գրիգորյանի նկատմամբ ներկայացվել են բացարկի միջնորդություններ:

1.10. 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամներ Երանուհի Թումանյանցին, Քրիստինե Մկոյանին, Արթուր Աթաբեկյանին և Հայկ Գրիգորյանին հայտնված բացարկի միջնորդությունները մերժվել են: Նույն օրը Խորհուրդն արձանագրել է, որ Դիմողի ներկայացուցչի կողմից 24.09.2024 թվականին ներկայացված «Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդության երրորդ հարցադրման բնույթով պայմանավորված դրա վերաբերյալ Դիմողի ներկայացուցչին արդեն իսկ տրվել է պարզաբանում առ այն, որ պատասխանը, ինչպես մատնանշել է Դիմողի ներկայացուցիչը, պետք է տրամադրվի՝ աշխատանքային օրերի հաշվարկով: Ինչ վերաբերում է առաջին և երկրորդ հարցադրումներին, ապա, հաշվի առնելով հարցադրումների բնույթը, դրանք քննության չեն առնվել:

1.11. 07.10.2024 թվականին Դիմումի քննությունն ավարտվել է:

1.12. 18.10.2024 թվականին նշանակվել է որոշման կայացման օր:

 

2. Դիմողի դիրքորոշումը.

Դիմողը վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 157-հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերը հայտնել է, որ 03.07.2023 թվականի ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ իր լիազորությունները դադարեցվելուց հետո 03.01.2024 թվականին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:

Դիմողը հայտնել է, որ Սահմանադրական դատարանը իր դիմումի հիման վրա 21.05.2024 թվականի նիստում քննության է առել՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի, նույն օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի և դրա հետ փոխկապակցված նույն սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի` հաշվի առնելով նաև նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որի արդյունքում Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի ՍԴՈ-1729 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) որոշվել է.

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը:

2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանարությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռաում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:

3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններով:

4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հաշվի առնելով վերոգրյալը Դիմողը խնդրել է Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայել Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը:

Դիմողը 04.10.2024 թվականին Խորհրդին ներկայացված դիրքորոշմամբ հայտնել է հետևյալը.

«1.1.1 2011–2023թթ. հանդիսացել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության, իսկ 2023 թվականին պաշտոնավարել է որպես Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։ Հանդիսացել է դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված գնահատման հանձնաժողովի անդամ։

Իր վերաբերյալ նախկինում երբևէ կարգապահական վարույթներ չեն հարուցվել, պատասխանատվության չի ենթարկվել։

Հանդիսացել է դատավորների միության անդամ, պարբերաբար գրավոր առաջարկություններ է ներկայացրել, բարձրաձայնել է դատական իշխանության անկախությունը սահմանափակող գործողությունների, օրենսդրական նախաձեռնությունների մասին։

1.1.2 Կարեն Անդրեասյանը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 7-ը եղել է կուսակցական գործիչ, նախարար, Երանուհի Թումանյանցն ու Գրիգոր Մինասյանը եղել են վերջինիս տեղակալները։

Նախարարի պաշտոնում Կարեն Անդրեասյանը հետևյալ հրապարակային դատողություններն ու պնդումներ է արել. Մասնավորապես՝

Ա) 2021 թվականի սեպտեմբերի 2-ին «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում Կարեն Անդրեասյանը, պատասխանելով հաղորդավարի «Ի դեպ, երբ որ Դուք խոսում եք 40 դատավորների մասին, 40 թալանչիների... բայց Ալի Բաբայի մասին եք լռում։ Ես ի՞նչ եմ ուզում հարցնել...» դիտարկմանը, այդ ժամանակ դեռևս հանդիսանալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պատասխանել եք. «...Հիմա ես որպես նախարար արդեն էդքան խոսելու բան չունեմ անելու, այլ գործ ունեմ անելու։ Եվ ես պիտի իմ բաժին գործը անեմ, իմ բաժին խողովակը դնեմ, որ Ալի Բաբան և իր 40 դատավորները և իր մնացած 400 ավազակները կամաց գան, մտնեն էն խցերը, որ ես նրանց համար հիմա պետք է վերանորոգեմ...»։

Բ) Արդարադատության նախարարը «Factor.am» լրատվական կայքում 2022 թվականի փետրվարի 11-ին հրապարակվել է Կարեն Անդրեասյանի հարցազրույցը1

(…)

ժամը 20:08 - 25:24 րոպե

Կարեն Անդրեասյան- (...) որոշ արտահոսքեր լինում են, օրինակ որ կան ձայների Էդպիսի մեծ շեմեր նախատեսված, իսկ բարձրագույն դատական խորհրդում կան և ազնիվ և ոչ այդքան ազնիվ դատավորներ՝ ինչքան դու էդ շեմը բարձր էս անում՝ ավելի անհույս է դառնում, որ դու կկարողանաս արդարություն գտնես ԲԴԽ–ում։

Լրագրող- Խնդիրն այն է, որ դատավոր անդամներդ պաշտպանում են...

Կարեն Անդրեասյան- Դե ես հիմա չեմ ուզում էդպես ասեմ, դատավոր անդամներին խարանի տակ դնել, հիմա օրինակ իմ անձնական գնահատականով, ասենք, չորս դատավոր անդամ է այսօր գործում, գոնե մեկը շատ հաստատ ավելի լավն է, քան որոշ գիտնական անդամներ։ Հիմա էստեղ գիտնական անդամ է, թե դատավոր անդամ է ես կուզեի դրանից դուրս գայինք էս բանավեճից, որովհետև իսկապես շատ լավ, ազնիվ մարդիկ կան՝ և էնտեղ, և էնտեղ։ Բայց, քանակի մեջ է։ Իրենց, ասենք իննից, էսօրվա թվով, ունենալ յոթ կամ վեց ձայն՝ շատ ավելի բարդ է, շեմը և... նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն է ասել, որ էդ շեմը պետք չի, որ այդքան բարձր լինի, ի վերջո, երբ որ դու արդարության պտի հասնես պետք չի դնել էնպիսի շեմ, որ մի հոգին, որր կարող է լինել բոլոր դատավորների հարազատը, ինքը որոշի արդարություն լինի ԲԴԽ–ում, թե՝ չէ։ Մենք շանս ենք տվել, որպեսզի բարձրագույն դատական խորհրդում մեր քաղաքացիները արդարություն գտնեն, և դատավորական՝ վատ դատավորների կլանը էնտեղ էլ չիշխի, որովհետև, եթե բարձրագույն դատական խորհուրդն էլ դառնա վերջնականապես կոռումպացված և անարդար մարմին, ապա արդարության հույսը Հայաստանում կվերանա ի սպառ։

Լրագրող- Պարոն նախարար, միգուցե այս խառնաշփոթը, մեղադրանքները տարբեր կողմերից գալիս են էն պատճառով, որ, սա էլ իմ կողմից քննադատություն ընդունեք, հստակ ծրագիր չի դրվում, որ ասենք, մեկ-երկու տարվա ընթացքում, դատական համակարգում համակարգից հանում ենք այն Ալի Բաբային և քառասուն ավազակներին, նրանց թիվը ինչքան էլ լինի, այսինքն՝ կոնկրետ ծրագիր չի դրվում, անցումային արդարադատություն պետք է արվեր, դեռ հանձնաժողով մեկ-երկու տարի առաջ պետք է ստեղծեր՝ էդպես էլ չգիտենք ինչ է լինում, վեթինգի մասին հիմա արվում է, թե չի արվում...

Կարեն Անդրեասյան- Ռոբերտ ջան, ընդհատեմ, կներեք։ Անարդար է Ձեր քննադատությունը, բացատրեմ՝ ինչու։ Արվում է։ Մենք արեցինք հսկայածավալ աշխատանք, նաև մասնագիտական մեծ հավաք, որտեղ հստակ դուրս բերեցինք ինչն է հնարավոր անել այսօրվա Սահմանադրությամբ, ինչն է հնարավոր անել Սահմանադրության փոփոխություններից հետո։

Լրագրող- Եվ ինչ պարզվեց։

Կարեն Անդրեասյան- Հայտարարություն ենք արել։ Ցավոք սրտի մեր հայտարարությունները շատ քիչ են տարածվում նաև, որովհետե լրատվամիջոցների մեծ մասը մեր մասին՝ կամ վատը, կամ ոչինչ։ Այսինքն՝ էս տարածվածության մակարդակում շատ մեր ծրագրերի մասին, ցավոք սրտի, նույնիսկ Ձեր պես տեղյակ լրագրողները չեն տեղեկանում։ Մյուս բանը, մենք հիմա սահմանադրական փոփոխությունների մեծ գործընթաց ենք սկսել, խորհուրդ է այլն ձևավորվել է, աշխատանքները գնում են նոր թափով։ Ամբողջ ինձ անընդհատ հարցնում ենք՝ ինչն էք ուզում էնտեղ փոխել Սահմանադրության մեջ, առաջինը որ ասում եմ հենց դա վեթինգի հնարավորություն ստեղծելը, որովհետև էսօրվա մեր Սահմանադրությունը այ են մեր երազած ձևով որ կստեղծվի, մի մարմին, որ արագ կմաքրի էդ քառասուն են վաթսուն են, թե իննսուն են, այդ էդ թիվը կվորոշի ու կմաքրի՝ էդ թույլ չի տալիս էսօրվա Սահմանադրությունը։ Ես մեր հասարակական կազմակերպությունների գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ եմ ունենում, իրենց առաջարկում եմ տարբեր սցենարներ, տարբեր ծրագրեր, ամեն ծրագիրը, օրինակ առաջին իմ ծրագիրը իրենք մերժեցին, երկրորդ ծրագրի վրա ենք աշխատում, հիմա գրել ենք օրենք, որը Վենետիկի հանձնաժողով ենք ուղարկել, որը միանգամից վեթինգի է ենթարկելու շատ ու շատ այն դատավորների, ովքեր ՄԻԵԴ-ի վճիռներով կոնկրետ խախտումներ են թույլ տվել։ Սա վեթինգի ամեն լավ տարբերակն է, ես սպասում եմ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։

Լրագրող – Միջազգայինները չասեն ինչու եք...

Կարեն Անդրեասյան– Սա միջազգային չի, սա մենք ենք, Վենետիկի հանձնաժողովի... Լրագրող – Չէ, ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա դա ավելի էսպես համոզիչ պետք է թվա։ Կարեն Անդրեասյան– Իհարկե, բայց սա մենք չենք անում, որ միջազգայինները տեսնեն, սա մենք անում ենք, որովհետև քաղաքակիրթ հասարակության մեջ ենք ապրում, և մենք ապրում ենք… Վենետիկի հանձնաժողովը նաև մեր հանձնաժողովն է, ուղղակի Եվրոպայի իմաստությունն է էնտեղ հավաքված, առանց իրենց՝ սենց քայլեր անելը շատ վատ կարող է անդրադառնալ մեր ընդհանուր օրենսդրության զարգացման վրա։ Հիմա մենք իրենց հետ աշխատում ենք։ Մի շարք էսպիսի ծրագրեր կա, Ձեր մի հաղորդումը չի հերիքի, որպեսզի ես կարողանամ պատմել, բայց տեսեք ինչ է տեղի ունենում, երբ մենք աստիճանաբար ենք անում, ամեն օր հայտարարություններ ենք անում, տարածում ենք և այլ, սա չի մատուցվում, սրա փոխարեն Դուք լսում եք աղմուկ «Յոթ դատավոր ստորագրեցին ընդդեմ արդարադատության նախարարի, որ նա տարել է կարգապահական պատասխանատվության» և մեկը չի հարցնում իսկ ինչի է դա վատ, արդյոք պետք է ստորագրեին, ինչ գործ ունեն դատավորները սկսեն քաղաքականությամբ զբաղվել ն ճնշեն արդարադատության նախարարին։ Ոչ մեկ էսպիսի հարցեր չի բարձրացնում և դրա փոխարեն կորում են մեր շատ նախաձեռնություններ, բայց էս ամեն ինչը էսքան տխուր չէ։ Ի հեճուկս իրենց բոլոր հարայհրոցների, աղմուկների, բոլոր վարկաբեկումների, բոլոր էդ տեսարանների ու բոլոր կեղտոտ ու ոչ այդքան կեղտոտ մանիպուլյացիաների մենք անելու ենք մեր գործը, և մինչև վերջին շունչը, քանի ես այդ պաշտոնի եմ, հասնելու եմ այնքան մաքրման, զտման՝ ինչքան հնարավոր է։

Հարցազրույցում հիշատակված՝ Վենետիկի հանձնաժողովին դիմելը, ինչպես նաև «Յոթ դատավոր ստորագրեցին ընդդեմ արդարադատության նախարարի» խոսքերը վերաբերում են հարցազրույցից շուրջ 50 օր առաջ մի շարք դատավորների, որոնց թվում նաև դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից արդարադատության նախարարին դիմելուն (ընդ որում հիշատակված յոթ դատավորներից չորսի լիազորությունները դադարեցվել են)։

Այսինքն՝ Դավիթ Հարությունյանի նախագծերի վերաբերյալ կարծիքը, որը հետագայում վերահաստավել է նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, Կարեն Անդրեասյանի կողմից որակվել ճնշում իր նկատմամբ, կեղտոտ մանիպուլացիա, վերջինս խոստացել է մինչև վերջին շունչը մաքրել, զտել, դատավորներին՝ որոնց թվում Դավիթ Հարությունյանը։

Նշվածն աներկբայորեն ապացուցվում է պարզ հանգամանքով. որևէ այլ դատավորների խումբ նշված ընթացքում հրապարակային արդարադատության նախարարին չի դիմել։

Մասնավորապես՝

Ինչպես նաև մի շարք դատավորներ, որոնց թվում դատավոր Դավիթ Հարությունյանը դիմել էին կրկին արդարադատության նախարարին2՝ հիմվելով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դիրքորոշումների վրա, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում Արդարադատության նախարարի նման գործելաոճն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից վավերացված միջազգային օրենսդրությամբ ամրագրված դատական իշխանության անկախության հետ, վտանգում է դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է գնահատվել որպես դատավորների նկատմամբ ազդեցության և ճնշում գործադրելու միջոց, որն անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում։ Ուստի անհրաժեշտույծյուն կա օրենսդրական փոփոխությունների սույն հայտարարությամբ արձանագրված դատական իշխանության անկախության վտանգները չեզոքացնելու նպատակով։

Ընդ որում, նշված գրություններն անձամբ դատավոր Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային փոստից ուղարկվել է արդարադատության նախարարության էլփոստին։

Դատավորները համատեղ կարծիք են ստորագրել և ուղարկել արդարադատության նախարարության նաև մեկ այլ դատավորների անկախության և անփոփոխելիությունը սահմանափակող նախագծի առիթով, որը հրապարակվել է նաև մամուլով3:

Դավիթ Հարությունյանը հրապարակավ հայտնել է իր մտահոգությունները նաև «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիների առգրավվման վերաբերյալ։ 2022 թվականի փետրվարին Դիմումատուն հրապարակավ քննադատության է ենթարկել Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերն ու ընդգծել, որ ընդունված օրենքը չեզոքացրել, վերացրել է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքը։

(Սրանք բերվել են որպես օրինակներ, դատավոր Դավիթ Հարությունյանի այլ կարծիքները, հրապարակումները համահասանելի են)։

Գ) Անդրեասյանի և Մինասյանի միջև կապի մասին տեղեկությունները հաստատվում են նաև հենց Անդրեասյանի հրապարակային խոսքով, ըստ որի՝ «Այո, Գրիգոր Մինասյանն իմ ընկերն է, մենք, իսկապես նաև եղել ենք գործընկերներ։ Ես կարող եմ վկայել, որ իմ և նրա, և նաև մեր բոլորի քաղաքական հայացքներն ու գաղափարները համընկնում են»4։

Դ) Միևնույն ժամանակ՝ Դավիթ Հարությունյանի վարույթին նախորդող ժամանակշրջանում Գ.Մինասյանը դեռևս որպես նախարարի պաշտոնակատար (Կ.Անդրեասյանի ԲԴԽ նախագահ դարձած ժամանակ) 2022 թվականի նոյեմբերի 24-ին՝ Դիլիջանյան հանդիպման նախօրեին, իսկ այնուհետև որպես նախարար 2023 թվականի մայիսի 5-ին հրապարակային հարցազրույցներում նշել է հետևյալը.(...) «եթե նույնիսկ մենք պարտվում ենք ԲԴԽ–ում, մնացած համակարգը զգաստանում է»5։

Ե) Մեկ այլ հարցազրույցում Գ.Մինասյանը նշել է. (...) «եթե խախտում ա արել, անպայման միջնորդությամբ գնում ենք ԲԴԽ, պատժում ենք դատավորին, անկախ նրանից ով ա դատավորը»(...)6։

1.1.3 Վերոգրյալից՝ Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի հրապարակային խոսքերից ողջամտորեն բխում է, որ մասնավորապես՝ դատավոր Դավիթ Հարությունյանի հրապարակային հայտնած կարծիքները՝ դատական իշխանության անկախության վերաբերյալ, որակվել են որպես քաղաքականությամբ զբաղվել, Անդրեասյանի կողմից որակվել են որպես ճնշում նախարարի վրա, կեղտոտ մանիպուլիացիա, իսկ դատավորները որակվել են որպես քաղաքական գործիչներ և բնորոշվել են վիրավորական խոսքերով։ Անդրեասյանի կողմից նշվել է նաև, որ իրենք անելու են իրենց գործը մինչև վերջին շունչը, քանի դեռ այդ պաշտոնին է, հասնելու է այնքան մաքրման, զտման՝ ինչքան հնարավոր է։ Անդրեասյանը շեշտել է նաև Գրիգոր Մինասյանի՝ իր գաղափարակից լինելու հանգամանքը։

2. 2023թ. փետրվարի 27-ին դատավոր Դավիթ Հարությունյանը, ի թիվս այլոց, քննադատություն է հնչեցրել Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ նաև՝ ԲԴԽ, Խորհուրդ) նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ընդգծելով նաև իր մտահոգությունները ԶԼՄ-ների հետ դատավորների շփումը սահմանափակող կարգավորում նախատեսելու մասին։

Մինչ այդ՝ ներկայացրել է նույն գրավոր դիրքորոշումը Դատական դեպարտամենտին, որն անարձագանք էր մնացել։

Անդրադարձել է նան 20-ից ավելի դատավորների լիազորությունների դադարեցման հարցին։ Դատավոր Դավիթ Հարությունյանն իր խոսքում խնդրել է նաև իր գործընկերներին լծվել Խորհրդի դատավոր անդամների պաշտպանությանը՝ ընդգծելով, որ նրանք ունեն պաշտպանության ու օգնության կարիք։

Ավելին, 2023թ. ապրիլի 7-ին Դավիթ Հարությունյանը ԶԼՄ-ների հետ հերթական զրույցի ընթացքում կրկին արտահայտել է իր տեսակետը Խորհրդի նախագահի և Նախարարի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ (տե՛ ս 2022 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-575-Ն օրենքը)։ Դիմումատուն, ի թիվս այլ հարցերի, ընդգծել է իր մտահոգությունն առ այն, որ վերջին վեց ամսվա ընթացքում դադարեցվել են 20-ից ավելի դատավորների պաշտոնավարում։

2.1. 20-ից ավելի դատավորների՝ 16-17 մինչդատական վարույթը սպասարկող և 5-6 ընթացիկ քրեական հետապնդման մեջ գտվող դատավորների պաշտոնավարման դադարեցման նախապատմությունը կայանում է հետևյալում.

Կարեն Անդրեասյանը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ 2022 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին նախաձեռնել է հավաք Հայաստանի բոլոր դատավորների մասնակցությամբ, դրան մասնակից է եղել նաև նախարար Գրիգոր Մինասյանը։

Դատավոր Դավիթ Հարությունյանը առաջարկել է օրակարգում ներառել դատավորների անկախության, արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության վերաբերյալ հարցեր, որոնք օրակարգում չեն ընդգրկվել, դրան հատկացվել է ընդամենը 10-15 րոպե։

Քրեական մասնագիտացմամբ դատավորների հետ հանդիպման ժամանակ Կարեն Անդրեասյանը, ի թիվս այլ հարցերի, նշել է, թե առկա է «բացարձակ կոնսենսուս» օրենսդիր, գործադիր, և դատական համակարգի որոշ ատյանների հետ շրջանցելով առաջին ատյանը, որպեսզի վերացվի մինչդատական վարույթը սպասարկող դատարանը և այդտեղ պաշտոնավարող դատավորները միանան նույն մասնագիտացման դատավորներին պաշտոնավարելով որպես քրեական գործեր քննող դատավորներ։

Ի թիվս այլ դատավորների՝ նախաձեռնության կապակցությամբ բացասական դիրքորոշում է հայտնել դատավոր Դավիթ Հարությունյանը։

Կարեն Անդրեասյանը հարցը դրել է դատավորների քվեարկությանը, որի արդյունքում մեծամասնությունը դեմ է արտահայտվել նախաձեռնությանը, սակայն Կարեն Անդրեասյանը արձանագրել է նշվածը՝ ասելով, որ այդ հարցը կքննարկվի հետագայում նան դատավոր Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ։

2022 թվականի նոյեմբերի 26-ին դատավոր Դավիթ Հարությունյանի և Կարեն Անդրեասյանի միջև համաժողովի դահլիճին կից նախասրահում դատավորների և նրա անվտանգության աշխատակցի աչքի առաջ տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, վերջինս նշել է, որ դատավորը «հանդիսանում է սեպ խրող» իր բարեփոխումների օրակարգում։ Դրան նախորդող օրը բացելով միջոցառումը՝ նշել էր, որ համակարգում սեպ խրողներին պետք է խնդրել դուրս գալ համակարգից, իսկ եթե դուրս չգան, ապա բոլորին դուրս կհանեն։

Դրան հաջորդած շաբաթվա ընթացքում քաղաքացիական մասնագիտացման դատավորների հետ նույն վայրում հանդիպման ժամանակ ըստ էության նույն խոսքերը վերջինս հայտնել է դատավոր Զարուհի Նախշքարյանին, ում վերաբերյալ նախարար Մինասյանի հարուցած կարգապահական վարույթի հիման վրա լիազորությունները հետագայում դադարեցվել են ԲԴԽ որոշմամբ։ Ընդ որում դատավոր Զարուհի Նախշքարյանը ևս այն դատավորների շարքում է եղել, ում հասցեին Կարեն Անդրեասյանը վիրավորական խոսքեր էր հնչեցրել՝ խոստանալով զտել, մաքրել։

Ի տարբերություն Դավիթ Հարությունյանի տվյալ վարույթի, Կարեն Անդրեասյանը նշված գործով ի սկզբանե ինքնաբացարկ է հայտնել՝ հիմք ընդունելով Դատվորի հետ ունեցած խոսակցությունը։

Այնուհետև՝ նույն թվականի նոյեմբերի 28-ին դատավորներին ուղարկվել է, իբր վերջիններիս առաջարկների հիման վրա կազմված նախագիծ՝ առաջարկելով սեղմ ժամկետում ներկայացնել կարծիքներ։

Մասնավորապես նախագծում նշվել էր, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված վարույթներով վերանայում իրականացնող առանձին դատավորները շարունակում են պաշտոնավարել որպես համապատասխանաբար առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ։

Բնականաբար նախագծում խոսք չի եղել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված վարույթներով վերանայում իրականացնող առանձին դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու մասին։ Խոսքը եղել է, որ նրանք շարունակելու են պաշտոնավարել այլ դատարանների կազմում սովորական դատավորների կարգավիճակով։

Դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից նույն օրը նոյեմբերի 28-ին, ներկայացվել է բացասական կարծիք՝ թե մինչդատականի և թե քրեական հետապնդման մեջ գտնվող դատավորների, անփոփոխելիության, անձեռնմխելիության սկզբունքներին նախագծի հակասության մասին։

Փոփոխությամբ փաստացի առաջարկվել է վերացնել կամ լուծարել մինչդատական վարույթի դատական երաշխիքների վերաբերյալ վարույթները քննող քրեական մասնագիտացման առանձին դատավորների ինստիտուտը կամ այլ կերպ ասած՝ մինչդատական վարույթի նկատամամբ դատական վերահսկողություն իրականացնող դատարանը։

2023 թվականի նոյեմբերի 25-27-ը Դիլիջանում քրեական մասնագիտացման դատավորների արտագնա համաժողովի ընթացքում բերվել են տասնյակ առաջարկություններ ու հիմնավորումներ, որոնք փաստել են տվյալ պահին նման փոփոխություն անելու անթույլատրելիությունը։

Նման փոփոխություն անելու անհրաժեշտությունը հիմնավորող միակ ծանրակշիռ փաստարկը եղել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատարանի գերծանրաբեռնվածությունը, որն անվիճարկելի է եղել։

Անտեսելով վերոգրյալը՝ արդարադատության նախարարը Ազգային ժողով է ներկայացրել ամբողջովին այլ բովանդակության նախագիծ որով փաստացի դադարեցվել են 20-ից ավելի դատավորների պաշտոնավարում։

Ընդ որում՝ Ազգային ժողովին, վարչապետին, իսկ հետագայում նաև հանրությանը արդարադատության նախարարությունը մատուցել է այն իրականությանը չհամապատասխանող միքտը, թե իբր նշված հարցերը քննարկվել և որոշվել են դատավորների կողմից ու դա հանդիսանում է դատավորների նախաձեռնությունը, ցանկությունը՝ այն պայմաններում, երբ Ազգային ժողով ուղարկված նախագիծը բնավ չի արտացոլել ու չի համընկել ոչ քննարկվածի, ոչ էլ կարծիքի համար ուղարկված նախագծի հետ։

Ընդ որում Նախարարության նշված նախագծով ընդլայնվել են ԲԴԽ լիազորությունները վերջինիս շնորհելով ցուցակներից նաև առաջխաղացման, դատավորներին կամայականորեն կամ առանց պատճառաբանության հանելու իրավասություն։ Մինչ օրս ԲԴԽ–ն նշված փոփոխությունների արդյունքում առաջխաղացման ցուցակներից առանց որևէ պատճառաբանության հանել է տասնյակ դատավորների։

Արդյունքում արդարադատության նախարար Մինասյանի ու Կարեն Անդրեասյանի 2022 թվականի դեկտեմբերին նախաձեռնած ու իրականացված օրենսդրական փուփոխություններով, ինչը վերջինս դատավորների ժողովին անվանել է «Լույսի շող», դադարեցվել են մեկ տարվա փորձ ունեցող ավելի քան 17 մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատավորի պաշտոնավարում՝ վերջիններիս շնորհելով ռեզերվային դատավորի կարգավիճակ (տես՝ 2022 թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ-575-Ն օրենքը)։ Քրեական հետապնդման մեջ գտնվողներին էլ իրավունք է վերապահվել հայտնվել ռեզերվում միայն արդարացման դեպքում դադարեցնելով նրանց լիազորությունները։

Պաշտոնավարման դադարեցման պաշտոնական պատրվակներից է եղել նշված անձանց մինչ դատավոր դառնալը ոչ լիարժեք կարճատև ուսուցում անցնելը։

Հեղինակները դատավորների հետ քննարկումը որպես պատրվակ են օգտագործել ու ոչ ազնիվ վերաբերմունք են դրսևորել թե Ազգային ժողովի, թե հանրության, և թե դատավորների նկատմամբ։

Դեռ ավելին, նույն օրենքի փոփոխություններով ընդունվել է հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու և առանց ուսանելու դատավոր դառնալու հնարավորություն։ Այսինքն մեկ տարուց ավելի փորձ ունեցող, սակայն կարճատև ուսուցում անցած դատավորների համար նախատեսվեց լրացուցիչ ուսանելու անհրաժեշտություն, ու պաշտոնավարման դադարեցում, իսկ փորձ չունեցող անձանց համար դատավորի նշանակման հնարավորություն առանց տեսական ու պրակտիկ ուսուցում անցնելու անհրաժեշտության։

Ընդ որում Կարեն Անդրեասյանի նախարարի պաշտոնավարման ընթացքում 2022 թվականի հուլիսի 21-ին, կառավարության որոշմամբ ընդունված «Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունում» մինչդատական վարույթի նկաամամբ հսկողություն իրականացնող դատարանը ձեռքբերում էր դիտարկվել համարելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթության համատեքստում։

Ավելին՝ անտեսվել էր հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, որով ևս արձանագրվել էր նշված դատավորների մասով պաշտոնավարման ու օրենքի վերաբերելի մասով Սահմանադրության համապատասխանության հարցը։

Ընդ որում՝ կրկին հարկ է նշել, որ նշված փոփոխությունները հանրային քննարկման չեն դրվել, մի մասը ընդհանրապես չի ներկայացվել կամ քննարկվել դատավորների հետ, իսկ քննարկվածների մասով ստացվել են բացառապես բացասական կարծիքներ, մինչդեռ դատավորների անկախության ու անփոփոխելիության սկզբունքի հետ անհամատեղելի փոփոխությունները, սեփական լիազորություններն ընդլայնելու փաթեթը հանրությանը ԲԴԽ նախագահը ցանկացած առիթով փորձել է մատուցել որպես դատավորների հետ համատեղ քննարկված կամ ընդունած օրենքներ։

Այսինքն՝ ստացվել է մի իրավիճակ, երբ պաշտոնատար անձինք եղել են ոչ ազնիվ դատավորների, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, գործադիրի, հանրության և վերջիվերջո նույնիսկ իրենք իրենց իսկ հետ մինչև անգամ անտեսելով սեփական համակատարմամբ ընդունած դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը:

Ամփոփելով վերոգրյալը ստացվում է.

2022թ. նոյեմբերի 26-27 Դիլիջանում քրեական գործեր քննող դատավորների, ԲԴԽ-ի, արդարադատության նախարարի ու նախարարության աշխատակիցների, և այլ անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում։ Քննարկվել է նաև մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատավորների հարցը։

Կարեն Անդրեասյանը, հանդիպելով այլակարծության, կազմակերպել է քվեարկություն, որի արդյունքում իր տեսակետը, նշված դատարանի դատավորներին սովորական դատարաններ տեղափոխելու և այդ դատարանը վերացնելու հարցը հավանության չի արժանացել։

Այնուհետև Կարեն Անդրեասյանը նախարար Մինասյանի հետ միասին հանրությանը, կառավարությանը, վարչապետին և Ազգային ժողովին է ներկայացրել նախագիծ, որի ընդունման արդյունքում դադարեցվել է ավելի քան 20 դատավորի պաշտոնավարում։

Ընդ որում չքննարկված նախագիծը բոլորին ներկայացվել է, որպես դատավորների մեծամասնության կարծիք ու որոշում։ Դա եղել է այն պայմաններում, երբ դատավորները ներկայացրել են բացառապես բացասական գրավոր կարծիքներ7։

Նշված՝ Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի համակատարմամբ իրականացրած փոփոխությունների արդյունքում միայն 2023 թվականի հունվարից մինչ ապրիլի 7-ը, այսինքն Դավիթ Հարությունյանի կարգապահականի պատրվակ հանդիսացած հարցազրույցի օրը, տասնյակ միլիոններ և ավելի դրամի հասնող աշխատավարձ է տրվել դատավորներին, ովքեր, իրենց կամքին հակառակ, չեն աշխատել։ Վերապատրաստման պատրվակով վերջիններս ուղարկվել են ռեզերվ, իսկ նրանց հաստիքներին նշանակվել են կրկին համապատասխան վերապատրաստում չանցած իրավաբաններ։

Արդյունքում մինչ օրս նման եղանակով վատնվել է կամ ծախսվել է, չաշխատող դատավորներին նրանց մեղքի լիակատար բացակայության պայմաններում վճարվել է 100 000 000 ՀՀ դրամը գերազանցող գումար8:

Կարեն Անդրեասյանը նշված նախագիծն ընդունվելուց 3 ամիս հետո դատավորների ժողովի ժամանակ այն անվանել էր «Լույսի շող»։

2.2 2023թ. ապրիլի 7-ին 10 րոպե տևողությամբ հարցազրույցի ընթացքում, Դավիթ Հարությունյանն անդրադարձել է մասնավորապես Խորհրդի անդամներից մեկի հայտարարությանը, ըստ որի Խորհրդի ներսում բոլոր որոշումները կայացվում են «բացարձակ կոնսենսուսի» պայմաններում։ Դիմումատուն ընդգծել է, որ տարբեր իրավական դպրոցներից ելնող, կենսափորձ և կրթություն ունեցող անձանցից կազմված մարմնում բոլոր հարցերի շուրջ բացարձակ կոնսենսուսի առկայությունը անիրական է և եզրակացրել անհամաձայնությունների կամ այլակարծությունների բացակայության անհավանականությունը։ Նույն հարցազրույցում դատավորը բացահայտորեն քննադատել է Խորհրդի նախագահին հարցազրույցի օրը տեղի ունեցող Խորհրդի դատավոր անդամի ընտրության գործընթացին բացահայտ ու անթույլատրելի միջամտության համար։

«Բացարձակ կոնսենսուսի» նախապատմությունը հետևյալում է.

Դիլիջանում 2022 թվականի նոյեմբերին տեղի ունեցած քրեական մասնագիտացմամբ դատավորների հետ հանդիպման ժամանակ Կարեն Անդրեասյանը, ի թիվս այլ հարցերի, նշել է, թե առկա է «բացարձակ կոնսենսուս» օրենսդիր, գործադիր, և դատական համակարգի որոշ ատյանների հետ շրջանցելով առաջին ատյանը, որպեսզի վերացվի մինչդատական վարույթը սպասարկող դատարանը և այդտեղ պաշտոնավարող դատավորները միանան նույն մասնագիտացման դատավորներին պաշտոնավարելով որպես քրեական գործեր քննող դատավորներ։

Դրանից հետո՝ նույն ժամանակահատվածում, երբ Կարեն Անդրեասյանը դատավորների լիազորությունների ժամանակավոր դադարեցման և պետական՝ դատական բյուջեից 100.000.000 դրամը գերազանցոզ գումարը չաշխատող անձանց տրամադրելու, նախագիծը անվանել էր «Լույսի շող», ԲԴԽ դատավոր, անդամ Մեսրոպ Մակյանը հարցազրույց է տվել Factor.am կայքին, որը բերվում է ստորև.

«Լրագրող- Ապագային վերաբերող չի, 2022 թվականի դեկտեմբերին մեկ այլ խումբ դատավորների վերաբերյալ նույն օրենքն ընդունվել է, որոշումը կայացվել է, այսինքն ապագային չի վերաբերում, ներկայում մոտավոր տասը դատավոր ուղարկվել է ռեզերվ, որակավորման քննություն պիտի հանձնեն, որ դատավոր դառնան, Դուք էլ բարձրագույն դատական խորհրդում դատավորների անկախության և Սահմանադրական այլ երաշխիքների ապահովողն եք։

ՄՄակյան-Մի քիչ ճիշտ չէք ասում, մեղմ ասած, որակավորման քննություն, այդ անձինք հանձնելու, պարտավորություն չունեն։

Լրագրող– Հատուկ որակավորման ստուգում պիտի անցնեն։

ՄՄակյան– Ոչ, իրենք, ովքեր ուղարկվել են ռեզերվ, ընդամենը, քանի որ նրանք մինչև նշանակվելը ուսանել են Արդարադատության ակադեմիայում մեկ ամիս, իսկ բոլոր դատավորները գիտեք որ ութ ամիս են ուսանում, նրանք ընդամենը յոթ ամիսը պետք է լրացնեն և վերադառնան ու նշանակվեն։ Ոչ մի որակավորման քննություն նրանք հանձնելու պարտավորություն չունեն։ Այլ հարց է, որ հիմա երևի ենթադրում եմ դա ի նկատի ունեք, որ հատուկ կարգով որակավորման քննություններ են անցկացվում այս փուլում, առանց ակադեմիայում սովորելու դատավոր դառնալու հետ կապված, իրենք իրավունք ունեն գան մասնակցեն և դառնան նորից, այսպես ասած գնան աշխատեն որպես դատավոր։

Լրագրող– Իմ ասածը են ա, որ էդ մարդիկ արդեն դատավոր էին, էդ ոնց որոշվեց, որ կարա այդպիսի կարգավորում, այսինքն դատավորի համար ինչի են սահմանվել դատավորի թեկնածուի համար...

Մ.Մակյան– Այդ մարդիկ դատավոր էին, երևի հիշում եք միայն ինչ գործեր քննող, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն, նրանք ըստ էության գործ քննելու լիազորություններով օժտված չէին, որովհետև չէին անցել այդ ամբողջ ակադեմիայի կուրսը։ Հիմա, որպեսզի այդ ռեսուրսները ավելի արդյունավետ կառավարվեն դատական իշխանության կողմից և ըստ էության այդ դատավորները, այդ անձինք ևս սահմանափակված չլինեն ընդհանուր գործեր քննելուց, որոշում կայացվեց, որ այդ բլոկը, այսպես ասած, որը ստեղծվել է, այդ պահին այդքան էլ չի արդարացնում ռեսուրսները։

Լրագրող- Ինչի չի արդարացնում։

ՄՄակյան- Ասեցի, որովհետև ասենք զբաղեցնում են ութ կամ տասը հաստիք, քննելով ընդամենը մինչդատական վարույթի վերաբերյալ գործեր, իսկ եթե այդ ութ կամ տասը հաստիքը միացվեն Երևան քաղաքի, ինչպես արդեն արվեց, ընդհանուր իրավասության քրեական դատարանին, ապա նրանք կքննեն և մինչդատական վարույթի հսկողություններ և կքննեն ըստ էության գործեր։ Հիմա որ դեպքում ծանրաբեռնվածությունը դատարանի կթոթափեցնեն, էն դեպքում, թե էս։

Լրագրող– Դե նախկինում էլ էր էլի տենց, ինչի փոխեցին, որ հիմա էլ։

Մ.Մակյան– Դե հիմա։

Լրագրող– Պարոն Մակյան, Բարձրագույն դատական խորհրդում ճգնաժամ կա, թե՝ ոչ, որովհետև օրինակ Գրիգոր Բեկմեզյանը, Ձեր նախկին գործընկերը, երբ որ դուրս եկավ ԲԴԽ-ից, աղմկահարույց գրառում արեց. որ ԲԴԽ–ում օբյեկտիվ որոշումներ չեն կայացնում, խնդիրներ կան լուրջ։ Դուք ինչպես եք արձագանքում Ձեր նախկին գործընկերոջը։

Մ.Մակյան– Ես ոչ մի կերպ չեմ ցանկանում արձագանքել իմ նախկին գործընկերոջը, ամենայն հարգանքով իր նկատմամբ։ Պարոն Բեկմեզյանին խնդրում եմ էդ հարցերը ուղղեք, ես չգիտեմ ինքը ինչ է ի նկատի ունի։

Լրագրող– Դուք ԲԴԽ անդամ եք, ըստ Ձեզ կա ԲԴԽ-ում ճգնաժամ։

Մ.Մակյան– Հիմա որ պտի հարցը տաք, կեսից նորից հարց տաք ես որ մեկին պատասխանեմ վերջինին, թե առաջինին։

Լրագրող– Ճշտող հարց եմ տալիս պարոն Մակյան։

Մ.Մակյան– Դե առաջինի պատասխանը չլսեցիք ուրեմն, որ պտի ճշտեք։ Պարոն Բեքմեզյանին խնդրում եմ էդ հարցերը ուղղեք, բացարձակ որևէ ճգնաժամ բարձրագույն դատական խորհրդում չկա, ասեմ ավելին, կա բացարձակ կոնսենսուս։ Եթե ուշադիր եք լինում, հատկապես վերջին շրջանում բոլոր որոշումները միանձնյա են լինում։ Իհարկե դրա հետևում կա և բանավեճ, և անհամաձայնություն և բուռն քննարկումներ, բայց բոլորը գործընկերային շրջանակներում, որի արդյունքում ծնվում է այն ճիշտ որոշումը, որի տակ ստորագրում են բոլոր անդամները»։

3. 2023թ. ապրիլի 20-ին Նախարարի պարտականությունները կատարողը կայացրել է դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին N 31-Ա որոշումը։ Կարգապահական վարույթի հարուցման հիմք է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ նաև Նախարարություն) մամլո խոսնակի կողմից կազմված և Նախարարին ներկայացված զեկուցագիրը, որում վերլուծության է ենթարկվել 2023թ. ապրիլի 7-ի Դիմումատուի հրապարակային խոսքը։ Կարգապահական վարույթը հարուցվել է Դիմումատուի կողմից Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին, 6-րդ և 8-րդ մասերով նախատեսված դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտման հատկանիշներով։

3.1. Զեկուցագիր ներկայացնողը եղել է Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի փոխկապակցված տնտեսական գործունեությանը առնչվող Shabat.am կայքի նախկին գյխավոր խմագիրը, որը նախարարությունում պաշտոն Է ստացել նրանց ղեկավարման ժամանակաշրջանում։

4. 2023թ. մայիսի 12-ին և 19-ին Դիմումատուի կողմից Նախարարություն է ներկայացվել երկու գրություն, որով վերջինս խնդրել Է տրամադրել ողջամիտ ժամկետ վարույթի ամբողջ նյութերին ծանոթանալու և իր պաշտպանությունը կազմակերպելու համար, ինչպես նաև խնդրել է պարզաբանել, թե իր հրապարակային խոսքի որ հատվածն է դիտարկվել որպես դատավորի վարքագծի կանոնի խախտում։

Ներկայացված միջնորդությունը բովանդակային առումով մերժվել է և Դիմումատուին չի պարզաբանվել նրա խոսքի ազատության սահմանափակման տվյալ դրսևորմամբ հետապնդվող իրավաչափ նպատակը։

5. 2023թ. մայիսի 24-ին Նախարարությունը միջնորդություն է ներկայացրել Խորհուրդ՝ խնդրելով լուծել Դիմումատուին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Մասնավորապես, ըստ Նախարարության միջնորդության, Դիմումատուն թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին, 6-րդ և 8-րդ մասերով նախատեսված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, ինչը կայացել է դատավորի կողմից Խորհրդի՝ որպես կոլեգիալ կազմով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսենսուսային, միաձայն որոշումների առկայությունը բացառապես որոշակի ուղղորդմամբ պայմանավորելու, ինչպես նաև 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցնելու գործընթացը որպես անօրինական բնորոշելու մեջ։

6. 2023թ. հունիսի 2-ին Դատավորների եվրոպական միությունը (EAJ) ընդունել է «Հայաստանում դատական անկախության վրա ազդեցություն ունեցող արդի խնդիրների վերաբերյալ» հայտարարությունը՝ արձանագրելով դատավորների անկախության, կարգապահական վարույթների, ազատ խոսքի իրավունքի, խորհրդի կազմի պայմաններում առաջացած մարտահրավերների մասին։ (Անդրադարձ է կատարվել նաև դիմումատուի գործին)։

7. 2023թ. հունիսի 12-ին ԲԴԽ նախագահի 12.06.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ- 16 որոշմամբ կայացվել է Դիմումատուին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հունիսի 19-ին նիստ նշանակելու մասին որոշում։

8. 2023թ. հունիսի 19-ին Խորհրդի բանավոր արձանագրային որոշմամբ վարույթի քննությունը շարունակվել է դռնփակ ռեժիմով։ Չի կայացվել պատճառաբանված որոշում, որով կարող էին հասանելի դարձվել հետապնդվող իրավաչափ նպատակի վերաբերյալ հիմնավորումները դատավարության կողմերի, ինչպես նաև հանրության համար։ Այս որոշումը կայացվել է նախարարության կողմից հարուցված միջնորդության բավարարման արդյունքում, որի քննարկման գործընթացը մասամբ տեղի է ունեցել Դ. Հարությունյանի և իր ներկայացուցիչների բացակայությամբ։ Խորհրդի նախագահը, պատասխանելով Դ. Հարությունյանին, նշել է, թե համապատասխան պատճառաբանությունները կարձանագրվեն վերջնական դեռևս կայացվելիք որոշմամբ, եթե այդպիսի անհրաժեշտությունն առաջ գա ըստ Խորհրդի։ Խորհրդի կողմից չի պարզաբանվել թե ի՞նչ է ենթադրում դռնփակությունը, չեն պարզաբանվել դատավարության մասնակիցների իրավունքները, օրինակ դատական նիստերից հետո լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս վարույթի նյութեր հանրայնացնելու թույլատրելիության հարցի վերաբերյալ։

Գործի քննությունը դռնփակ իրականացնելու պատճառաբւսնությունը զետեղվել է միայն վերջնական դատական ակտի պատճառաբանական մասում, դատական նիստի ընթացքում որևէ պատճառաբանություն չի նշվել։ Վերջնական ակտի պատճառաբանության համաձայն՝ վարույթի քննությունը դռնփաւկ ռեժիմով անցկացնելը հետապնդել է արդարադատության շահի պաշտպանության ապահովման նպատակ։

«(...) Նկատի ունենալով, որ Օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով և դատավորին (...) կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու, (...) վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՛ որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանված որոշմամբ անցկացվում են դռնփակ՛ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով, ապա Խորհուրդը գնահատելով Լիազոր մարմնի միջնորդությամբ մատնանշված փաստերը (Խորհրդի՛ որպես կոլեգիալ կազմով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսենսուսային, միաձայն որոշումների առկայությունը բացառապես որոշակի ուղղորդմամբ պայմանավորելը, ինչպես նաև 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցնելու գործընթացը որպես անօրինական բնորոշելը), գտել է, որ հաշվի առնելով Խորհրդի՛ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը Դատավորի կողմից վերոնշյալ փաստերի վերաբերյալ խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, հանրության վստահության պահպանման համատեքստում ինչով և պայմանավորված Խորհուրդը, հիմք ընդունելով արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունը, որոշում է կայացրել դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին։

Միաժամանակ, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ նիստը դռնփակ անցկացնելու որոշում կայացնելիս Խորհուրդը, կարևորելով գործի քննության հրապարակայնության սկզբունքը, որը թե Սահմանադրության, թե միջազգային իրավական ակտերի, թե՛ դատավարական օրենսդրության շրջանակներում դատավարական իրավունքների իրացման կարևորագույն և անխախտելի սկզբունք է, քննարկել է դատական վարույթի մի մասը դռնփակ անցկացնելու հնարավորությունը։

Մինչդեռ, դատական վարույթի ընթացքում Դատավորի և նրա որոշ ներկայացուցիչների վարքագիծը առավել քան մտահոգիչ էր և ուղղակիորեն միտված էր դատական իշխանության հեղինակազրկմանը և վարկաբեկմանը։ Արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունը պայմանավորված էր ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանների և դատավորների անկախության երաշխավորի, այլ նաև հանրության ընկալման առումով դատավորի՝ որպես հավաքական կերպարի ու դատավորի բարձր պաշտոնի կարևորության համատեքստում։

( )

Մինչդեռ, Դատավորի, ինչպես նաև նրա որոշ ներկայացուցիչների կողմից ոչ միայն չեն պահպանվել վարքագծի կանոնները, այլև որոշ դեպքերում վերջիններիս գործողություններն այնպիսի դրսևորումներ են ունեցել, որ անընդունելի են հասարակության մեջ և չեն համապատասխանում անգամ սոցիալական նորմերի կանոններին, որի արդյունքում նիստը նախագահողը բազմաթիվ անգամ ստիպված է եղել հիշեցնել հնարավորության դրանք(...)»:

8.1 Գործի քննությունը դռնփակ իրականացնելու որոշում կայացնելուց հետո, ԲԴԽ նախագահը դատավարության մասնակիցներին, բացառությամբ լիազոր մարմնի՝ նախարարի, պարտադրել է ստորագրել փաստաթուղթ, արձանագրություն, որի համաձայն արգելվել է հրապարակել գործի նյութերը։ Չի պարզաբանել թե ինչ օրենքի հիման վրա է դա իրականացվում կամ ինչ պատասխանատվություն է այն նախատեսում։

Ըստ նիստերի արձանագրության.

«(...) Կարեն Անդրեասյան - Ես առաջարկում եմ հետևյալը, նախ այն կողմերին, ովքեր հասկանում են նախազգուշացման տեքստը և այն ներկաներին, որոնք պատրաստ են ստորագրել, խնդրում եմ գրավոր ներկայացնել քարտուղարին, իսկ եթե Դուք դեռ չեք ցանկանում ստորագրել, քանի դեռ չեք հասկացել, բանավոր Ձեզ նախազգուշացնում եմ, քանի որ նիստը անցկացվում է դռնփակ, սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար կա պատասխանատվություն և այդ պատասխանատվության մանրամասներին կարող եք ծանոթանալ օրենքով համապատասխան...:

Նույն դատական նիստում, վարույթի հետագա քննությունը դռնփակ անցկացնելու մասին որոշում կայացնելուց հետո, Կ.Ա.-ն հեգնել է Դիմումատուին, ով խնդրել է պարզաբանել ինչ փաստաթուղթ է ներկայացվում իր ստորագրությանը.

(.. .) Կարեն Անդրեասյան - Խնդրում ենք ստորագրել համապատասխան փաստաթուղթը։ Կարգադրիչին և Ձեզ։

Դիմումատու - Կներեք, կպարզաբանե՞ք սա ինչ է։

Կարեն Անդրեասյան - Ընթերցել գիտե՞ք։

( )»:

Ընդ որում նախազգուշացման արձանագրությունը ստորագրման չի ներկայացվել լիազոր մարմնին՝ նախարարին, ով կարգապահական վարույթի վերաբերյալ հարցազրույցներ է տվել հանրային հեռուստաընկերությանը և այլ լրատվամիջոցների։

9. 2023 թվականի հունիսի 19-ի Խորհրդի արձանագրային որոշումներով բավարարվել են Խորհրդի դատավոր անդամներ Նաիրա Հովսեփյանի ինքնաբացարկի և Արշակ Վարդանյանին ներկայացված բացարկ հայտնելու մասին միջնորդությունները։ Խորհրդի նախագահին և անդամներին անհատապես ներկայացված բացարկի միջնորդությունները մերժվել են։ Վերջնական դատական ակտում ամրագրվել է միայն Կարեն Անդրեասյանին ներկայացված միջնորդության մերժման պատճառաբանությունը։ Խորհրդի բացարկված անդամ Արշակ Վարդանյանի մասնակցությամբ է կայացվել քննությունը դռնփակ շարունակելու և Խորհրդի անդամ Նաիրա Հովսեփյանի ինքնաբացարկի մասին որոշումները։

Կարգապահական վարույթի հետագա քննությունը շարունակվել է Խորհրդի չորս գիտնական անդամի և երկու դատավոր անդամի մասնակցությամբ։

Մասնավորապես՝ Խորհրդի նախագահին ներկայացված բացարկի հիմքերից մեկը եղել է վերջինիս և լիազոր մարմնի՝ արդարադատության նախարարի սերտ ընկերական, տնտեսական, ֆինանսական անքակտելի շահերի առկայությունը։

Այսպես, համահասանելի հրապարակային աղբյուրում (պաշտոնատար և նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստր) առկա տեղեկատվությամբ պարզ է դառնում, որ Նախարար Գ. Մինասյանը և Խորհրդի նախագահ Կ.Անդրեասյանի կինը Ե.Ա-ն, հանդիսանում են միևնույն առևտրային կազմակերպության «էյ էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի՝ համապատասխանաբար 60 %-ի և 40 %-ի բաժնետերեր։ Ընդ որում, տվյալ ընկերության բաժնեմասը Ե.Ա–ն ձեռք է բերել 2012 թվականի մայիսի 21-ին, նվիրատվության կարգով, նվիրատու Գրիգոր Արայի Մինասյանից (ներկայիս Նախարարից)։ Ընդ որում, բաժնեմասի չափը և դրա առկայությունը ենթադրում է շահաբաժնի առկայություն, որը, յուրաքանչյուրի բաժնեմասին համապատասխան, պետք է բաշխվի և բաշխվել է ինչպես Խորհրդի նախագահի կնոջ, այնպես էլ՝ Նախարարի միջև։ Հայտարարագրերի ռեեստրի համաձայն Ե.Ա.–ն իր 2022 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է «էյ էմ իրավաբանական ընկերությունում» առկա իր 40% բաժնեմասից ստացած շահաբաժինը, որը կազմել է 4 116 670 ՀՀ դրամ9, շահաբաժնի իր մասը ստացել է նաև Նախարար Գ.Մինասյանը՝ 6 175 004 ՀՀ դրամ։ Դեռ ավելին՝ Խորհդրդի նախագահ Կ.Ա.-ի կնոջ կողմից տնօրինվող կազմակերպությունից Նախարարը ստացել է նաև 17 399 999 ՀՀ դրամ որպես վարձակալության գումար, իսկ կազմակերպությանը վերջինս փոխառությամբ տրամադրած է եղել 5 000 000 ՀՀ, դրամ, որը չի վերադարձվել նաև տարվա վերջում։ Նախարարի ու Խորհրդի նախագահի ընտանիքին համատեղ պատկանող կազմակերպությունից նախարարի ստացած ընդհանուր գումարը գրեթե կրկնապատիկ գերազանցում է նրա, որպես Նախարարի ստացած աշախատավարձը, որը կազմել է 13 476 98510։

10. 2023 թվականի հունիսի 19-ի դատական նիստում կարգադրիչներին հրահանգել է ֆիզիկական ուժ կիրառել դատավորի նկատմամբ, դատավորի հարցին, թե արդյոք իր նկատմամբ է ուզում կիրառել, պատասխանել է, թե գույքի նկատմամբ պետք է այն կիրառվի։

Դատական նիստերի դահլիճից դուրս են բերվել դատավորի աշխատանքներն իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցները այդ թվում ձայնագրություն վերարտադրելու համար փոքր բարձրախոսը։

Մասնավորապես՝ նիստի ընթացքում նախագահող Անդրեասյանը, Դիմումատուին արգելելով իրականացնել դատական նիստի ձայնագրառում, ի թիվս այլնի սպառնացել է, որ դատական կարգադրիչներն իր նկատմամբ կարող են բռնություն գործադրել.

«(...)

Կ. Ա. - Բոլորը հավաքեք, կարգադրիչներին խնդրում եմ ապահովեք...

Դ.Հ. - Իմ անձնական գույքին որևէ մեկը իրավունք չունի դիպելու, կայացրեք համապատասխան որոշում։ Կայացրեք համապատասխան որոշում իմ անձնական գույքը տնօրինելու հետ կապված։

Կ.Ա.-Մի բղավեք՝, ստիպված կլինենք խորհրդին առաջարկել սանկցիա կիրառել։ Ձայնագրառման, գրառման որևէ այլ տեխնիկա դահլիճում արգելվում է; կարգադրիչներին խնդրում եմ ուղղակի, եթե ֆիզիկական ուժ է պետք, կիրառեք և դուրս բերեք այդ ձայնագրող միջոցները։

Դ.Հ. – Ու՞մ նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառեն։

Կ.Ա. - Տեխնիկական միջոցների։

Դ.Հ. – Տեխնիկական միջոցների նկատմամբ ֆիզիկական ու՞ժ կիրառեն։

Կ.Ա. - Այո, ուժ կիրառեք, վերցրեք և դուրս բերեք։

(...)»:

Ընդ որում, թեև էական կամ կանխորոշ չէ, դա տեղի չի ունեցել օրենքով նախատեսված սանկցիայի կամ այլ իրավաչափ և/կամ որոշմամբ, պարզաբանված նպատակով։

11. Բացի այդ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի թույլատրել կարգապահական վարույթի կողմին դատավորին ներկայացնել որևէ միջնորդություն, պարտավոր լինելով որպես նախագահող պարզաբանել վերջինիս իրավունքները, նիստի կարգը, հրաժարվել է դա իրականացնել։ Նիստը սկսել է դատավորի բացակայության պայմաններում, չի անդրադարձել նշված հարցին ընդհանրապես։

Դեռ ավելին՝ ձեռնամուխ է եղել արդարադատության նախարարի միջնորդությունների դռնփակ դատական նիստ իրականացնելու և դատավոր Արշակ Վարդանյանին բացարկ ներկայացնելու հարցերը քննարկելուն։

Միջնորդությունները քննարկելիս չի հարցրել դատավորի կարծիքը։

Դատական նիստը դռնփակ իրականացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել արդարադատության նախարարը, որի օրինակը չի տրամադրվել դատավորին։

Միջնորդությունը հրապարակվել է, նախագահողը կողմերին վերապահել է հարցեր տալու իրավունք, որից հասցրել է օգտվել միայն Արշակ Վարդանյանը։

Անմիջապես հետո Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ գնում են խորհրդակցական սենյակ։

Դատավորը խնդրել է հնարավորություն տալ հայտարարությամբ հանդես գալ, միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնել, մինչդեռ Կարեն Անդրեասյանը նշել է, որ դատավորը կորցրել է կարծիք հայտնելու ժամանակը։

Ըստ նիստերի արձանագրության.

«(...)

ԿԱ. - Այլ հարցեր չունե՞ք Դուք, խորհրդի անդամները ունեն այլ հարցեր։ Չկա՞ն։

Գնում ենք խորհրդակցական սենյակ։

Դիմումատու - Մի րոպե.. .Հայտարարություն ունեմ, կարծիք հայտնեմ...

Կ. Ա. - Դուք արդեն Ձեր...

Դիմումատու– Կարծիք հայտնեմ, պարոն Անդրեասյան...

Կ.Ա. - ժամանակը կորցրեցիք կարծիք հայտնելու։

(...)»:

Հեռացել են Խորհրդակցական սենյակ, վերադարձել՝ որոշում կայացնելով գործի քննությունը իրականացնել դռնփակ։

12. Դատավորը կրկին պնդել է կրիչը տրամադրելու, նիստը հետաձգելու դատավարության կանոնները, իրավունքները պարզաբանելու միջնորդությունը։

Կարեն Անդրեասյանը, չի բավարարել միջնորդությունը, շարունակել է քննել դատավոր Արշակ Վարդանյանի բացարկը, առանց Դատավորի կարծիքը լսելու հեռացել է խորհրդակցական սենյակ, վերադարձել, հրապարակել որոշումը, որով բավարարել է միջնորդությունը։

13. Կարեն Անդրեասյանն առանց խորհրդի մյուս անդամների դիրքորոշումները լսելու նրանց փոխարեն կայացրել է ու հրապարակել է որոշումներ։

Նման պայմաններում Կարեն Անդրեասյանը նշել է, որ եթե բարիադրացիական հարաբերություններ են լինում ու բարիադրացիականով են կարգավորվում, ապա խորհուրդը խորհրդակցական սենյակ չի հեռանում, այսինքն ըստ նրա, եթե նույնիսկ օրենքով պետք է խորհրդակցական սենյակ հեռանա, ապա կարող է դա չանել, եթե կողմերի հետ ունի բարիադրացիական հարաբերություններ։

Նույն նիստի ընթացքում Կարեն Անդրեասյանը նշել է, որ առաջնորդվում են վարչական դատավարության օրենսգրքով, մինչդեռ չի էլ պարզել, կողմերի իրավունքները պարզաբանելու անհրաժեշտություն կա, թե ոչ, նույնիսկ միջնորդության դեպքում չի պարզաբանել (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդված), բոլոր միջնորդությունների վերաբերյալ կարծիք չի հարցրել, հնարավորություն չի տրվել կամ չի թույլատրել հայտնել կարծիք, մինչդեռ նույն օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն բոլոր միջնորդությունների մասին պետք է կարծիքներ լսվեն։ Նիստում գործի նյութերից անտեղյակ փաստաբանին տրամադրել է ընդամենը ժամեր մինչ հաջորդ օրը դատարան ներկայանալու համար։

14. Վերոգրյալ և այլ իրողությունների հիման վրա Դատավորի կողմից Խորհրդին ներկայացվել է ԲԴԽ նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարց քննարկելու միջնորդություն, որևէ որոշում չի կայացվել, պատասխան չի տրվել։

15. Խորհրդի կողմից իրականացվող՝ վերոգրյալ գործողությունների պատճառով Դիմումատուն հարկադրված հրաժարվել է ինքնուրույն պաշտպանվելու իր մտադրությունից և դիմել փաստաբանների օգնության։ Խորհրդի ևս մեկ արձանագրային որոշմամբ սահմանափակվել է Դիմումատուի ներկայացուցիչ ունենալու իրավունքը՝ ամրագրելով, որ Դիմումատուն կարող է Խորհրդի նիստերին ներկայանալ միաժամանակ առավելագույնը չորս ներկայացուցչի հետ, քանի որ Նախարարությունը ներկայացված է չորս անձի կողմից, իսկ փաստաբան Միքայել Շխիմյանի ներգրավվումը թույլատրվել է պայմանով, որ վերջինս չի հայցելու նյութերին ծանոթանալու ժամանակ։

16. Դիմումատուի և նրա փաստաբանների կողմից ներկայացվող միջնորդությունները կարգապահական վարույթի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու և դրանց ծանոթանալու ողջամիտ ժամկետ հատկացնելու վերաբերյալ բավարարվել են մասնակի, այն է կարգապահական վարույթի նյութերին ծանոթանալու համար տրամադրվել է մի քանի ժամ ժամանակ, ըստ էության թույլ չտալով, որ Դիմումատուն իրացնի իր պաշտպանության իրավունքն ամբողջությամբ։

17. Հարուցված կարգապահական վարույթով Խորհուրդը քննություն է իրականացրել և շարունակել 2023թ. հունիսի 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին ու 26-ին նշանակված դատական նիստերով։ Դատական նիստերի ընթացքում քննարկման առարկա են դարձվել նախապատրաստական փուլին բնորոշ հարցեր, որից հետո «պաշտպանության կողմը» մասնակի իրացրել է Նախարարության ներկայացուցիչներին հարցեր տալու իրավունքը։

18. 2023թ. հունիսի 20-ի դատական նիստի ընթացքում Խորհրդի պահանջով Դիմումատուի ներկայացուցիչ ՄՇխիմյանը դուրս է եկել դատական նիստերի դահլիճից, որպեսզի ներգրավված և փոքր ինչ ուշացումով ներկայացած Դիմումատուի մյուս ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը կարողանա մասնակցել դատական նիստին։

19. Մասնավորապես՝ դատավոր Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ փաստաբան Շխիմյանը ներգրավվել է դեռևս 19.06.2023թ. դատական նիստով՝ որից հետո, հաջորդ օրը որպես ներկայացուցիչ ներգրավվել են նաև այլ փաստաբաններ։ Նշված փաստաբանների, այդ թվում և փաստաբան Շխիմյանի նկատմամբ վարույթից հեռացնելու որոշում խորհրդի կողմից չի կայացվել, բոլոր հինգ փաստաբաններս էլ մինչ այդ պահը պատշաճ կերպով ներգրավված են եղել վարույթի քննությանը, մինչդեռ, 22.06.2023 թվականի դատական նիստում, առանց որևէ պատճառաբանության, երեք ժամ դատական նիստին մասնակցելուց հետո խորհրդի նախագահը կանգնեցրել է պաշտպանության կողմին երկնընտրանքի առջև, նշելով, որ Դատավոր Դավիթ Հարությունյանը չի կարող միաժամանակ ունենալ հինգ ներկայացուցիչ փաստաբան և որ նրանցից մեկը պարտավոր է լքել դատական նիստերի դահլիճը։ Ստեղծված իրադրության պայմաններում ստիպված նախագահողի հրահանգով փաստաբան Շխիմյանը լքել է դատական նիստերի դահլիճը։

19.1. 2023 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցած դատական նիստում արձանագրվել է հետևյալ հարց ու պատասխանը, որը մեջբերվում է ստորև.

Ըստ դատական նիստերի արձանագրության աշխատանքային քաղվածքի՝

 «ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա.Սուջյան – ճիշտն ասած ինձ ավելի հարմար է կանգնած, եթե թույլ կտար։

Կարեն Անդրեասյան– Ամեն մեկին այդ դեպքում ոնց հարմար է։

Երեմ Սարգսյան– Ես ուղղակի համակարգչով պետք է աշխատեմ, դրա համար։

Կարեն Անդրեասյան– Իհարկե, այդպես անենք նաև հոգնածությունը ամբողջ օրը, ում ինչպես հարմար է։ Համեցեք պարոն Սարգսյան։

Երեմ Սարգսյան – Իմ առաջին հարցը հետևյալն է. ըստ միջնորդության նշված է, որ պարոն Հարությունյանը «բացարձակ կոնսենսուս» բառակապակցությունն է օգտագործում և դրա հետ կապված ինչ-որ ենթադրություններ և գնահատականներ են տրվում։ Քանի որ սա ոչ հայկական բառ է՝ «կոնսենսուս», պետք է հասկանալ և խնդրում եմ պարզաբանել, թե ըստ Ձեզ ինչ է նշանակում «բացարձակ կոնսենսուս», որը, ըստ Ձեզ, օգտագործել է Դավիթ Հարությունյանը։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա.Սուջյան– «կոնսենսուս» բառը լատիներեն բառ է, նշանակում է համաձայնություն, համաձայնություն է նշանակում։ «բացարձակ կոնսենսուսն էլ» բացարձակ համաձայնություն։

Երեմ Սարգսյան – Սա ա՞րդյոք նշանակում է միաձայն որոշում։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա.Սուջյան– «կոնսենսուսը» միաձայն որոշու՞մ, այսինքն՝ որ բոլոր անդամները կողմ քվեարկեն։ Կարող են...

Երեմ Սարգսյան – Կոնկրետ հարցս հետևյալն է՝ «կոնսենսուս» ա՞րդյոք նշանակում է միաձայն որոշում։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա.Սուջյան – Կարող է այս իմաստով օգտագործվել։

Երեմ Սարգսյան – Կարո՞ղ է օգտագործվել, բայց ինքը որպես բացատրություն, որևէ աղբյուրում հանդիպել ե՞ք դա։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա.Սուջյան– ճիշտն ասած չեմ կարող ասել, ոչ, անձամբ չեմ հանդիպել։

Երեմ Սարգսյան– Շատ լավ։

Կարեն Անդրեասյան - Պարոն Սարգսյան, արդեն խախտում եք այն կարգը, որի մասին ես խնդրեցի, խոսքը չավարտված արդեն հաջորդ հարցը, սա կարևոր է։ Երբ որ կանգնած են լինում, իմիջիայլոց այդ ... պահվում է, խնդրում եմ ուղղակի չդառնա գրույց։

Երեմ Սարգսյան – Ես այս հարցում դիտավորություն չունեմ։

Կարեն Անդրեասյան – Մենք մեկ անգամ անցել ենք Ձեր հետ, դրա համար գիտեմ ամենայն հարգանքով։ Համեցեք։

Երեմ Սարգսյան – Ես ուզում եմ օրինակ, ներողություն, Աշոտ Հայրապետյանի օտար բառերի բառարանից մեջբերում եմ անում «կոնսենսուս» լատիներեն բառը, որը նշանակում է Ձեր ասած համաձայնությունը և մեկնաբանությունը «Պառլամենտներում, խորհրդատվություններում որոշումների ընդունումը առանց մասնակիցների քվեարկության, համընդհանուր համաձայնությամբ պայմանավորված համաձայնություն։» Առանց քվեարկության մասնակիցների քվեարկության, որոշման ընդունում։ Այս համատեքստում կա այդ տեքստում, որտեղ որ պարոն Հարությունյանին մեղադրում եք, որև՞է տեղ պարոն Հարությունյանը «միաձայն» բառը օգտագործել է, «միաձայն որոշում», «միաձայն կայացվել», որևէ տեղ կ՞ա նման նշում, որ ինքը դա օգտագործել է։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա.Սուջյան– «միաձայն» բառի վերաբերյալ նշում չկա։

Երեմ Սարգսյան – Այդ դեպքում, երբ որ «կոնսենսուս» նշանակում է համաձայնություն, և նշանակում է առանց քվեարկության համաձայնություն, ի՞նչից ելնելով է ձեր միջնորդությունում պարբերաբար նշվում, որ պարոն Հարությունյանը կասկածի տակ է դրել կոլեգիալ մարմնի կողմից միաձայն որոշման կայացումը։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա.Սուջյան- Հարցը չհասկացա։

Երեմ Սարգսյան– Ձեր միջնորդության մեջ նշել եք, որ պարոն Հարությունյանը կոլեգիալ մարմնի կողմից միաձայն որոշման կայացումը դրել է կասկածի տակ և սա դիտարկել եք, որպես դատական իշխանության հեղինակության նվազում, որովհետև իբր թե ինքը ասում է, որ միաձայն որոշում եթե կայացվում է կոլեգիալ մարմինը, ուրեմն այստեղ խնդիր կա։ Հիմա ասում եմ դուք ձեր միջնորդության մեջ այդպիսի բան եք գրել, եթե Դավիթ Հարությունյանն իր խոսքում, ըստ Ձեզ, երբևէ չի օգտագործել «Միաձայն»–ը, այլ «կոնսենսուս» բառն է, այն էլ բացարձակ, որն էլ համաձայնություն է նշանակում, ի՞նչու եք ձեր միջնորդության մեջ անընդհատ ասում, որ ինքը միաձայնությւսն մասով խնդիր է առաջացրել, որ եթե միաձայն են կայացրել, ուրեմն խնդիր կա։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա.Սուջյան – Ես ասացի, որ «Միաձայն» բառը չի կիրառվել, բայց «Որոշում» բառն է կիրառվել, ու նշվել է, որ կոնսենսուսային որոշման դեպքում ինքը խնդիր է տեսնում, այսինքն բառացի ցիտեմ՝ եթե ասում են իրենք վիճում են, հետո ինչ-որ մի որոշման են ընդհանուր հանգում այդպես չի կարող լինել, եթե վիճում են ամեն մեկը, գոնե 10-ից մեկը մի կարծիք պետք է ունենա, այսինքն առհասարակ կոնտեքստից հարցազրույցի ու ներկայացրած իր պատասխանից մենք հանգել ենք այն եզրահանգման ու ակնհայտ է դա եղել, որ դա վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշումներին։

Երեմ Սարգսյան – Լավ, այդ ակնհայտությանը կանդրադառնանք։ Քանի որ Դատական օրենսգիրքը, որպես այդպիսին սահմանում է, որ կարգապահական վարույթը քննվում է միջնորդության սահմաններում, իսկ սահմանները ընդգծված են միջնորդության, առաջին հարցը, որ նշել եք նշված է «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունը պարզելու համար էական նշանակություն ունեն հետևյալ հարցադրումները, առաջին հարցադրումը հետևյալն է ա՞րդյոք դատավորն իր դրսևորած վարքագծով, այն խորհրդի, որպես կոլեգիալ կազմով գործը քննող դատավորի կողմից ընդունվող կոնսեսուսային միաձայն որոշումների առկայությունը պայմանավորելով բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ...», հաջորդը էլ չկարդամ, այսինքն առաջին հարցը այս մասին է։ Միտքը նորից ասեմ, որպեսզի հասկանաք այս մասով փոփոխություն ունեք, թե շարունակում եք պնդել։ «Արդյո՞ք դատավորն իր դրսևորած վարքագծով, այն է խորհրդի, որպես կոլեգիալ կազմով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսեսուսային միաձայն որոշումների առկայությունը պայմանավորելով բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ։» Շարունակու՞մ եք պնդել այս «միաձայն» բառը, որը պետք է խորհուրդը քննարկման առարկա դարձնի, այսինքն՝ պարոն Հարությունյանին շարունակու՞մ եք մեղադրել, որ ինքը միաձայնության մասով էլ է կարծիք արտահայտել, թե այլևս ոչ։ հասկանանք նոր շարունակենք։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա.Աուջյան - Պարոն Սարգսյան նոր Դուք ցիտեցիք չեմ հիշում ում բառարանից կոնսենսուս բառի բացատրությունը, որը Դուք Ձեր բնորոշմամբ, անգամ Ձեր բնորոշմամբ նշեցիք, որ դա միաձայն որոշման իմաստն ունի կոնսենսուսը։

Երեմ Սարգսյան– Համաձայնության, առանց քվեարկության համաձայնության։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա.Սուջյան– Միաձայն որոշում...։

Դավիթ Հարությունյան– Առանց քվեարկության։

Երեմ Սարգսյան– Միաձայնության մասին չեմ խոսում։

Կարեն Անդրեասյան – Ես խնդրում եմ տեղերից մի ընդհատեք։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա.Աուջյան– Կոնսենսուսային, այսինքն՝ ինչպես միջնորդության շրջանակներում նշված է «կոնսենսուսային, միանձնյա որոշումների առկայությունը պայմանավորել է բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ», այսինքն՝ ի նկատի է ունեցել հենց կոնսեսուսային որոշումը, որին նաև տրվում է միաձայնության իմաստ։

Երեմ Սարգսյան- Ձեր գնահատակա՞նն է։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Այո, այսինքն կներեք, դատավորը չի օգտագործել հենց «Միաձայն» բառը, բայց «Կոնսենսուսային» բառը օգտագործել է։

Երեմ Սարգսյան- Շատ լավ, կարծում եք չ՞է, որ այս հարցում շատ կարևոր է, թե ինչ է նշանակում կոնսենսուս, կամ ինչ մեկնաբանություններ ունի «Կոնսենսուս»։ Հիմա, եթե պարոն Հարությունյանը «Միաձայն» այդ միտքը չի օգտագործել, իսկ Ձեր հարցադրումը բարձրագույն դատական խորհրդին հենց այդ է, որովհետև եթե հենց «Միաձայն» չի օգտագործել, «Կոնսենսուսն է» օգտագործել, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ, որ ասեիք «Կոնսենսուսային»՝ առանց «Միաձայն», առանց մեկնաբանության, ձեր լրացուցիչ, դրա համար եմ ուզում հասկանամ, գուցե այդ մասը չէ՞ր պարզաբանվել և այս հարցից հետո ավելի ակնհայտ է։ Ուզում եմ հասկանալ, այս մասից հրաժարվում եք, թե՝ շարունակում։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Ես հասկացա Ձեր հարցը, առհասարակ միաձայնի վերաբերյալ խնդիրը ինչից է առաջանում, տեսեք, եթե դատավորը իր կարծիքն է ներկայացնում, ասում է տասը դատավորից գոնե մեկը իր կարծիքը չի հայտնում մնացածի վերաբերյալ, ընդհանուր, բառացի չասեմ, ստացվում է ինքը նաև խնդիր ունի հենց միաձայն որոշման հետ, եթե բոլորը կողմ են քվեարկել, ինքը հենց «Միաձայնության», բայց ես էլի պնդում եմ, որ դատավորը «Միաձայն» բառը չի օգտագործել։

Երեմ Սարգսյան- Իսկ արդյո՞ք ինքը ասել է, որ որևէ դատավոր իր կարծիքը չի հայտնում։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Դե ես ստիպված եմ էլի ցիտեմ, թե ինչ է ասել. «Եթե վիճում են, պետք է ամեն մեկը, գոնե մի մասը, գոնե տասից մեկը մի կարծիք ունենա, բայց էստեղ ստացվում ա իրանք ասում են թե, առանց կաշկանդվելու, ընդորում, ասում են, թե բացարձակ կոնսենսուսի պայմաններում ենք աշխատել», այսինքն դատավորի համար խնդիր է հենց այդ տասից մեկը իր կարծիքը չի ունենում։

Երեմ Սարգսյան- Շարունակությունը փորձենք իրար հետ հասկանալ. «Բայց հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան։ Եթե տասը իրավաբան, որոնք սովորել են տարբեր բուհերում, տարբեր ժամանակներում, տարբեր կենսափորձ ունեն, կեսը գիտնական, կեսը դատավոր, հնարավոր չէ էդ տասը հոգին ունենան սեփական ինքնուրույն կարծիքը, չունենան այդպիսին ու ունենան, աշխատեն բացարձակ կոնսենսուսի պայմաններում»։ Հիմա այստեղ Դուք հասկացաք, որ ասում է չունեն, թե՞ ասում է հնարավոր չի չունենան և ունեն։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Ես ուրիշ մաս ցիտեցի։

Երեմ Սարգսյան- Այո, ճիշտ է, բայց հարցազրույցի կոնտեքստն է։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա.Սուջյան- Ես ցիտեցի այն մասը, որտեղից որ հասկացել եմ «Միաձայնության» հարցը, «Միաձայնության» հետ խնդիր ունենալու հարցը։

Երեմ Սարգսյան– Դուք պնդու՞մ եք ի վերջո, որ Դավիթ Հարությունյանն էլ կարծում է և ասել է, որ միաձայն է այդ որոշումները կայացվում և նշել է, որ Ձեր ասած կոնսենսուսը կա ԲԴԽ-ում, թե ասում է «Եթե կա»։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Ոչ, տեսեք՝ ինքը, երբ նշում է այն հանգամանքը, որ տասից մեկը չի կարող կարծիք չունենալ՝ դա նշանակում է, որ միաձայնության վերաբերյալ իր կարծիքը հայտնում է, որին համաձայն չէ, ինքը գտնում է՝ չի կարող տասը հոգին, առհասարակ, միաձայն որոշում կայացնեն, ավելի ճիշտ կարող է, բայց եթե կայացվում է, ուրեմն ուղղորդվում է ինչ-որ մեկի կողմից։ Ինքը խնդիր է տեսնում դատավորի միաձայն որոշման կայացման մեջ։

Կարեն Անդրեասյան- Ավելացրեք ըստ Ձեր ընկալման, որովհետև դա դատավորի ընկալումը չի, դա Ձեր ընկալումն է, ճիշտ ե՞մ հասկանում։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Այո։

Երեմ Սարգսյան- Իսկ եթե բացատրական բառարանի համատեքստում, որ կոնսենսուսը դա առանց քվեարկության համաձայնությունն է որևէ հարցի վերաբերյալ, որոշումն է առանց քվեարկության, և այդ պարագայում, երբ որ պարոն Հարությունյանը ասում է, որ եթե կոնսենսուս կա, բայց չի կարող այդպես լինել և այլն, այս համատեքստում գտնում եք, որ ինքը էլի կասկածի տա՞կ է դնում այդ միաձայնության հարցը, որովհետև, գիտեք այստեղ տեխնիկական խնդիր եմ տեսնում՝ կոնսենսուսը արհեստական վերածել միաձայնության, կառուցել միաձայնության վրա ամբողջ խոսքը, որովհետև հիմա, եթե ինքը ասում է, որ, կոպիտ ասած մեկնաբանությունը՝ չի կարող ԲԴԽ–ում լինել առանց քվեարկության համաձայնություն, կոնսենսուս։ Հիմա այս առումով գտնում եք, որ է՞լի խախտում է թույլ տվել։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Չէ Դուք ասում եք կոնսենսուսը դա առանց քվեարկության որոշման ընդունում չի՞։

Երեմ Սարգսյան- Այո, նշանակում է որոշման ընդունում՝ առանց քվեարկության, համաձայնության։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Դա Ձեր մեկնաբանությու՞նն է։

Դավիթ Հարությունյան- Աշոտ Հայրապետյանի։

Կարեն Անդրեասյան- Թույլ տվեք ավարտի։

Դավիթ Հարությունյան– Ներողություն։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Դա Ձեր մեկնաբանությունն է այդ բառը, հիմա նաև կոնսենսուս բառի վերաբերյալ բացատրություն կա, իրավաբանորեն նշանակում է որևէ մարմնում, խոսակցությունում բոլոր անդամների, մասնակիցների միաձայնությամբ որոշումների ընդունում։

Երեմ Սարգսյան- Ո՞րտեղ է նշանակում դա։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Կոնսենսուս բառի բացատրությունն է նշանակում։

Երեմ Սարգսյան- Շատ լավ, հիմա եթե պարոն Հարությունյանը ոչ հայկական այդ բառի իմաստը այն մեկնաբանությամբ է կիրառել, որը որ կա նաև իմ կողմից նշված՝ Դուք այս առումով նորից կպնդե՞ք, եթե պարզվի, որ այդ առումով է օգտագործել, կպնդե՞ք, որ էլի միաձայնության մասով խնդիր կա, էլի ինքը ինչ-որ կերպ հեղինակության վրա ազդեցությու՞ն է ունեցել։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Ո՞ր առումով, որ այսինքն...։

Երեմ Սարգսյան- Եթե ինքը կոնսենսուս բառը...։

Կարեն Անդրեասյան- Մի ընդհատեք ավարտի, Դուք էլ որ հետո պատասխանեք։

Երեմ Սարգսյան- Այո, բայց պարզաբանման մասով, կարծում եմ, կարելի է հարց տալ։

Կարեն Անդրեասյան- Մեր համար է չէ՞ հարց ու պատասխանը, ես, օրինակ, երբ որ երկու մարդ զուգահեռ խոսում են ես չեմ հասկանում։

Երեմ Սարգսյան- Շատ լավ, եթե պարոն Հարությունյանը, տեսեք, բաց աղբյուրում նշված է դրա մասին՝ օնլայն բառարանը օտար բառերի, որտեղ նշված է, որ դա առանց քվեարկության համաձայնությամբ կայացված որոշումն է։ Հիմա եթե պարոն Հարությունյանը, «Միաձայն» բառը թողնենք մի կողմ, որը ինքը չի օգտագործել, ասում է, որ՝ «Չի կարող բարձրագույն դատական խորհրդում լինել կոնսենսուս», այսինքն՝ առանց քվեարկության որոշման կայացում, համաձայնեցմամբ, եթե սա է ի նկատի ունեցել, սա հաստատվի՝ Դուք գտնու՞մ եք, որ էլի այս առումով ինքը խախտում է թույլ տվել։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Եթե դա հաստատվի հետագայում քննարկման առարկա կդառնա, ամեն դեպքում, լիազոր մարմինը որոշում կայացնելուց չի գտել, որ այդ իմաստով է ասել։

Երեմ Սարգսյան– Շատ լավ, բայց, քանի որ Դուք եք դիմողը և նաև նշեցիք, որ ինքը «Միաձայն» բառը չի օգտագործել՝ դա Ձեր կողմից օգտագործված բառն է, հիմա ուզում եմ հասկանալ, եթե բարձրագույն դատական խորհուրդը օրինակ՝ գտնում է, որ այդ «Միաձայն բառը», որ չի օգտագործել, չկա, հանեցինք, մնաց կոնսենսուս, հիմա Դուք, որպես դիմող մարմին, որը որ, կոպիտ ասած մեղադրում է, այս համատեքստում, իր բառերի բացարձակ համատեքստում, էլի գտնու՞մ եք, որ առանց քվեարկության որոշում չի կարող ԲԴԽ-ն կայացնել համաձայնությամբ, այս հայտարարության կատարումը դա խախտու՞մ է վարքագծի։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Ես գտնում եմ, որ դատավորը իր ամբողջ հարցազրույցի ընթացքում եթե դիտենք, առանձին վերցրած մենք չենք վերցրել կոնսենսուս բառը ամբողջ հարցազրույցից զատ ու դրա վերաբերյալ գնահատական տվել։ Այսինքն՝ խոսքը գնացել է ընդհանուր ԲԴԽ կողմից կայացվող որոշումներին, հետևաբար նկատի է ունեցվել, լիազոր մարմնի գնահատմամբ, իր կողմից կայացվող որոշումները ու մենք չենք դիտարկել, որ ինքը «Կոնսենսուս» բառը Ձեր ասած համատեքստում է օգտագործվել։

Երեմ Սարգսյան- Շատ լավ, ես հարգեցի Ձեր այդ հարցին ուղիղ չպատասխանելու փորձը, բայց խնդրում եմ...:

Կարեն Անդրեասյան– Պարոն Սարգսյան հիշու՞մ եք, գնահատականներ չենք տալիս։ Ուղղակի հարց ենք տալիս։

Երեմ Սարգսյան- Մի փոքր շեղումներ կարող են լինել, ներողություն եմ խնդրում։

Կարեն Անդրեասյան– Դուք Ձեր գնահատականները կարող եք տալ Ձեր ելույթում թե ինչ ձև պատասխանեց։

Երեմ Սարգսյան- Շատ լավ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Դուք եք այդ հարցը բարձրացրել խորհրդի առաջ, Դուք, «Արդյո՞ք դատավորն իր դրսևորած վարքագծով, այն է խորհրդի, որպես կոլեգիալ կազմով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսեսուսային, միաձայն որոշումների առկայությունը պայմանավորելով բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ, ինչպես նաև...» այսինքն՝ երկրորդ կետն եք բերում, հիմա մինչև երկրորդ կետին անդրադառնալը բարձրագույն դատական խորհուրդը պետք է առաջին հարցին պատասխանի, հիմա այդ հարցին պատասխանելու համար, որպեսզի բացահայտենք, թե ինչի հիման վրա պետք է՝ Ձեր դիրքորոշումը շատ կարևոր է, հիմա, ես Ձեր այս հարցը, որ ձևակերպեմ առանց «Միաձայն»–ի, այդ «Միաձայն» բառը մեջից հանենք, որովհետև դա Ձեր դիրքորոշումն է, ինքը նման բան չի ասել և կոնսենսուսը գնահատենք եթե այս տեսանկյունից, որը որ բաց աղբյուրներում կա, մեկնաբանություն կա, որ դա առանց քվեարկության որոշման կայացումն է համաձայնեցված, այս առումով Դուք կշարունակե՞ք պնդել, որ Դավիթ Հարությունյանը խախտում է թույլ տվել վարքագծի, այնպիսի գործողություններ է թույլ տվել, որ վարկաբեկու՞մ է, օրինակ մենք պետք է պնդենք հակառա՞կը, որ բարձրագույն դատական խորհուրդը առանց քվեարկության համաձայնեցված որոշումներ են կայացնում, թե՝ ճիշտն է ասել, հեղինակությունն է բարձր պահել բարձրագույն դատական խորհրդի։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Պարոն Սարգսյան, ամենայն հարգանքով, ինձ թվում է ես առնվազն երկու անգամ այդ հարցին պատասխանեցի։ Ավելացնելու բան չունեմ։

Կարեն Անդրեասյան- Այլ հարցե՞ր։

Երեմ Սարգսյան- Հիմա Ձեր կարծիքով բարձրագույն դատական խորհրդում կոնսենսուս բացարձակ կա, թե՝ ոչ։ Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև Դուք մեղադրում եք, որ ինքը, ինչ-որ գործողությամբ, նսեմացնում է, վիրավորում է հեղինակությունը դատական իշխանության և, հետևաբար այստեղ նաև շատ կարևոր է՝ ճիշտ է, թե՝ սխալ իր ասածը, հիմա Ձեր կարծիքով կոնսենսուս բացարձակ կա՞ բարձրագույն դատական խորհրդում, թե՝ չկա։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Որոշակի որոշումների շրջանակում կա։

Երեմ Սարգսյան- Իսկ որոշակիներում չկա՞ հետևաբար։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Իսկ որոշակիներում չկա։

Երեմ Սարգսյան- Լավ, հիմա Դուք գտնում եք, որ եթե անգամ սա դիտարկենք, որպես Ձեր պատկերացրած միաձայնությունը, պարոն Հարությունյանի խոսքերը այնպիսին են, որ ինքը ընդհանրապես խոսում է, որ բարձրագույն դատական խորհրդում այդ միաձայնությունը չպե՞տք է լինի, թե՝ ինքը խոսում է, որ ընդհանրապես կարող է որոշումներ լինի, որ միաձայն են, այսինքն՝ Դուք ո՞նց եք հասկացել այդ խոսքում, որ ինքը ասում է եթե մեկ հատ միաձայն որոշում կա, ուրեմն վե՞րջ, թե՞ ասում է, որ ընդհանրապես, եթե միաձայն է, Ձեր ասած միաձայնը, մենք չենք ընդունում սա, թե՞ եթե միշտ միաձայն է, ուրեմն այստեղ խնդիր կա։ Դուք ո՞րն եք հասկանում, ըստ իր հարցազրույցի։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Ըստ իր հարցազրույցի մենք հասկանում ենք, որ եթե կա միաձայն որոշում ուրեմն դա ուղղորդված է։

Երեմ Սարգսյան- Մեկ հատ։ Այսինքն՝ եթե մեկ հատ միաձայն որոշում է՝ Դուք այդպես եք մեկնաբանում։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Թեկուզ։

Երեմ Սարգսյան- Շատ լավ, շատ լավ։ Ընդհանրապես պարոն Հարությունյանը, որպես դատավոր, իրավունք ու՞նի հակադարձել որևէ այլ անձի հայտնած դիրքորոշման, որն իր կարծիքով հեղինակազրկում է բարձրագույն դատական խորհուրդը։ Օրինակ մեկ այլ դատավոր, բարձրագույն դատական խորհրդի մեկ այլ անդամ այնպիսի հայտարարություն է անում, որը որ իր կարծիքով հեղինակազրկում է բարձրագույն դատական խորհուրդը։ Ինքը իրավունք ու՞նի հակադարձի դրան, թե՝ ոչ։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Այնքանով, որքանով որ չի խախտում դատավորի վարքագծի կանոնները դատական օրենքով սահմանված։

Երեմ Սարգսյան- Շատ լավ։ Եթե որևէ անդամ բարձրագույն դատական խորհրդի, ասում է, որ իրենց մոտ բարձրագույն դատական խորհրդում, բացարձակ կոնսենսուս կա, որը որ Դուք հասկանում եք, բացարձակ միաձայնություն՝ համատարած միաձայն գնում են։ Հիմա սա բարձրագույն դատական խորհրդի հեղինակությունը վնասում է, թե՝ օգուտ է։ Հանրային դաշտում, երբ որ քաղաքացիները պատկերացնում են, որ տասը անդամից բաղկացած բարձրագույն դատական խորհուրդը, ցանկացած հարցի վերաբերյալ, մշտապես, միաձայն, կոնսենսուսային որոշումներ է կայացնում։ Սա, Ձեր կարծիքով, հեղինակություն է բերում բարձրագույն դատական խորհրդին, թե՝ ոչ։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Հարգելի պարոն Սարգսյան, առնվազն փաստ է այն հանգամանքը, որ բարձրագույն դատական խորհրդում բոլոր որոշումներով բացարձակ կոնսենսուս չի եղել՝ ոչ մի կազմի պայմաններում։ Հիմա մնացածի վերաբերյալ դատողություններ, ինձ թվում է, ես չպետք է անեի, հանրության մոտ ինչ կարծիք կա։

Երեմ Սարգսյան– Գիտեք, Դուք մեղադրում եք, ասում եք՝ ասել է, որ չի կարող բացարձակ կոնսենսուս լինի։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Ոչ կներեք։ Ես ասում եմ՝ ասել է՝ թե կա բացարձակ կոնսենսուս՝ դա ուղղորդման հետևանք է, խնդիրը ուղղորդման հատվածն է, ոչ թե բացարձակ կոնսենսուսի առկայության կամ բացակայության։

Երեմ Սարգսյան- Ասում եք ասել է, եթե բացարձակ կոնսենսուս կա, սա ուղղորդման հետևանք է։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Այո։

Երեմ Սարգսյան- Հիմա, Ձեր կարծիքով կա՞, թե՝ չկա բացարձակ կոնսենսուս, որովհետև՝ «Եթե-ապա», հիմա եթե «Ապա»–ի մասին ասածը Դուք դիտարկելու եք, որպես խախտում, ուրեմն են «Եթե»–ն պետք է արդեն Դուք դիրքորոշում ունենաք, Դուք չեք կարող «Եթե»-ի մասին դիրքորոշում չունենալ «Ապա»–ն դիտարկեք որպես խախտում։ Այսինքն՝ Դուք գիտեք, որ օրինակի համար այստեղ կոնսենսուս կա, ինքն էլ ասում է եթե կոնսենսուս կա, ուրեմն ուղղորդում է, բայց Դուք պնդում եք, որ կոնսենսուս չկա, ճի՞շտ է։ Դուք ասում եք առնվազն բոլոր որոշումներում կոնսենսուս չի եղել։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Բայց կան առանձին հարցեր, որոնց շրջանակներում կա կոնսենսուս։

Երեմ Սարգսյան- Շատ ճիշտ է, ես էլ դա եմ ասում, հենց դրա մասին էլ խոսում եմ։ Երբ որ բարձրագույն խորհրդի անդամը, նորից եմ ասում, ասում է, որ մեր մոտ բացարձակ կոնսենսուս կա, ինքն առանձնացրե՞լ է, որ կոնկրետ այս մի որոշմամբ, չէ չէ՞, այսինքն՝ ասում է մեր մոտ բացարձակ կոնսենսուս կա, հիմա դատավորին հարցնում են դատավորը հեղինակությունը բարձր պահելու համար ԲԴԽ-ն ասում է՝ չի կարող այդպիսի բան լինել, եթե կա, ապա ուղղորդում է, եթե չկա ուրեմն ուղղորդում չի, հիմա Դուք ասում եք՝ ասել է ուղղորդում է, հետևաբար Դուք պնդում եք, որ կոնսենսուս կա, թե՝ չկա։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Որոշակի կարգապահական հարցերի շրջանակներում կոնսենսուս կա, որոշակի հարցերի շրջանակներում կոնսենսուս չկա։ Բացարձակ կոնսենսուսը թե Դուք ո՞ր իմաստով եք ընկալում, այսինքն բացարձակ նշանակում է բոլոր որոշումներով, մի քիչ առաջ հարցրեցիք կոնսենսուսը մի ակտին է վերաբերում պարոն Հարությունյանի ասած, թե՝ ոչ, ես ասում եմ այո մի ակտի դեպքում է...: Դա է իմ ասածը, բայց եթե...

Երեմ Սարգսյան- Շատ լավ, հիմա պարոն Հարությունյանը օգտագործել է «Բացարձակ կոնսենսուս», ասում է «Եթե բացարձակ կոնսենսուս կա, ուրեմն սա ուղղորդման հետևանք է» հիմա ի վերջո մենք պետք է այստեղ քննության առարկա դարձնենք՝ այս միտքը, ընդհանրապես բարձրագույն դատական խորհրդին օգու՞տ է հեղինակության առումով, թե՝ վնաս է։ Հիմա այս «Եթե»-ի առումով, այսինքն՝ Դուք տանում եք կապում եք այն խորհրդի անդամի ասածի հետ չէ՞, որ ինքը ասել է բացարձակ կոնսենսուս է, հիմա եթե չեք կապում, ուրեմն մոռանանք դրա մասին մտովի, ու պատկերացնում ենք՝ ցանկացած դատավոր դուրս է գալիս ու ասում է. եթե բարձրագույն դատական խորհրդում կոնսենսուս կա բացարձակ, ուրեմն այստեղ կա ուղղորդման խնդիր, բայց ասում է չի կարող այդպիսի բան լինել, որովհետև տարբեր անդամներ, տարբեր գործողություններ և այլն։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Վատն այն է, որ այդպես չի ասում։

Երեմ Սարգսյան- Եթե նեղություն չէ, կասեք որ մասի հետ համաձայն չեք իմ ասածի հետ։ Օրինակ ի՞նչ է ասում, որովհետև այդպես է ասում, եթե Դուք համաձայն չեք պարզաբանեք։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Նորից չցիտեմ էլի։

Երեմ Սարգսյան- Ի վերջո, իմ հարցը մնաց չպատասխանված։ Եթե պատասխանել եք ներողություն եմ խնդրում։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Եթե խնդրեմ նորից հարցրեք։

Երեմ Սարգսյան- Ասում եմ Դուք ասում եք՝ ասել է եթե կա կոնսենսուս, ուրեմն սա ուղղորդման հետևանք է, Ձեր խնդիրը ուղղորդում բառն է, քանի դեռ այս «Եթե»-ն չի հաստատվել՝ այստեղ խնդիր չկա, հիմա ասում եմ Դուք գտնում եք, որ կա՞ բացարձակ կոնսենսուս բարձրագույն դատական խորհրդում և կարո՞ղ է լինել։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Նախ, եթե բացարձակ կոնսենսուսը Դուք հասկանում եք, որ բոլոր ակտերը, բոլոր որոշումները բոլորը միաձայն են քննարկվում, անգամ եթե նման իրավիճակ լինի, իմ գնահատմամբ դա որևէ խնդիր չի ստեղծում լիազոր մարմնի գնահատմամբ, ու չի կարող մարդու մոտ հետևություններ առաջացնել առ այն, որ դա ուղղորդման հետևանք է, օրինակ կարող է հետևություններ առաջացնել առ այն, որ այնքան ակնհայտ են դատավորների կողմից կատարվող խախտումները, որ այդ կապակցությամբ կայացվում է միաձայն որոշում կոնսենսուսային։

Երեմ Սարգսյան- Մշտակա՞ն։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Մշտական, այո։ Այսինքն՝ դա չի կարող պայմանավորվի արտաքին կամ ներքին կամ ինչ-որ ուղղորդմամբ, թեկուզ եթե բացարձակ կոնսենսուս լինի, այսինքն՝ այդ առումով խնդիրը չենք տեսնում, բայց արձանագրում ենք այն փաստը, որ բացարձակ կոնսենսուս, եթե ի նկատի ունենք բոլոր որոշումներով, բոլոր ակտերով՝ չկան։

Երեմ Սարգսյան- Շատ լավ, հիմա, քանի որ ես պայման էի դիտարկել, որ պատկերացնենք, որ Ձեր ասած միաձայնությունն է կոնսենսուսը, բայց ուզում եմ նորից չմոռանանք, որ կոնսենսուսը դա միաձայնությունը չի համենայնդեպս, առնվազն իմ վկայակոչած բաց աղբյուրում, և, հետևաբար այս ամբողջ իմաստը ու քանի որ այս հարցը շատ կարևոր է, Դուք եք առաջ տվել, այսինքն՝ խախտել է օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ կետերով սահմանված վարքագծի կանոնները, ի վերջո նորից պետք է հասկանամ, երբ որ պարոն Հարությունյանը ասում է, որ բարձրագույն դատական խորհրդում չի կարող լինել բացարձակ կոնսենսուս, այսինքն՝ առանց քվեարկության համաձայնեցված որոշումներ, եթե կա, ապա ուղղորդում է, բայց նշում է, որ չի կարող լինել, այս առումով զտնու՞մ եք, որ ինքը ԲԴԽ-ի հեղինակության հետ կապված ինչ-որ խնդիր թույլ տվել, վարքագծի կանոն է խախտել, թե՝ ոչ։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Եթե Ձեր ասած մենակ այդքան արտահայտություն է օգտագործում Ձեր բացահայտած իմաստով՝ ոչ, մենք խնդիր չենք տեսնում, բայց այդ իմաստով չի օգտագործվել։

Երեմ Սարգսյան- Շնորհակալություն, ես կարծում եմ ԲԴԽ-ն կգնահատի ինչ իմաստով, բայց կարևորը Ձեր դիրքորոշումը պարզ է։

Կարեն Անդրեասյան- Պարոն Սարգսյան, քանի որ մի պահ ընդմիջում եղավ ու տրամաբանական շղթան այդ դեպքում չեմ կտրի՝ ես առաջարկում եմ 15 րոպե տեխնիկական ընդմիջում անենք, նաև բոլորը կարողանան վերազինվել և 15 րոպեից, այսինքն՝ 17:15 ևս 45 րոպեով մի փոքր շրջան աշխատենք։

Երեմ Սարգսյան- Շատ լավ։

/դատական նիստն ընդմիջվեց/

Կարեն Անդրեասյան- Խնդրեմ զբաղեցրեք Ձեր տեղերը։ Ընդմիջվեց պարոն Սարգսյանի հարցերի իմաստով, խնդրեմ պարոն Սարգսյան, շարունակեք։

Երեմ Սարգսյան- Ես մի փոքր տարբերվող հարց ունեմ…պարոն Սուջյան, խնդրում եմ կհայտնե՞ք, թե ընդմիջման ժամանակ որտե՞ղ էիք։ Ընդմիջման ժամանակ ԲԴԽ անդամներին, այդ թվում նախագահին, հանդիպե՞լ եք, թե՝ ոչ։ Այն սենյակները որտեղ որ...

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Ես էլ զուգարանում եմ եղել ու ինչ-որ մեկի չեմ հանդիպել...

Կարեն Անդրեասյան- Նաև կողմերին հայտնում եմ, որ եթե որևէ կողմ հայտնվեր իմ գոնե սենյակում դուք դրա մասին կտեղեկանայիք։

Դավիթ Հարությունյան- Թույլ կտա՞ք։

Կարեն Անդրեասյան- Համեցեք։

Դավիթ Հարությունյան- Այս հարցը իզուր չի տալիս պաշտպանը, որովհետև դուք այս վարույթի ընթացքում, բազմիցս, նաև ոչ աշխատանքային միջավայրում, նաև ոչ Հայաստանում, գտնվել եք լիազոր մարմնի հետ, նաև վարույթի ընթացքում, նաև դատական նիստերի ընթացքում պարբերաբար հանդիպումներ եք ունեցել, եթե պնդումները հիմնավորելու անհրաժեշտություն կա՝ կանեմ, ու այդ բացարկների մի մասն էլ դրանում էր կայանում, որ չէիք լսում և պարոն Սուջյանի կոնկրետ բարեվարքության վերաբերյալ կասկածներ չկան, բայց ողջամտորեն նաև Ձեր դրսևորած վարքագծից, նաև լիազոր մարմնի, ողջամտորեն նման հարցեր են առաջանում։

Կարեն Անդրեասյան- Շատ լավ, զբաղեցրեք Ձեր տեղը։

Երեմ Սարգսյան- Ուղղակի որոշակի փաստեր կար պարոն Հարությունյանի ասածի հետ կապված, ուզում էինք նաև այս հարցը պարզեինք։ Եթե շեղվեցի կներեք, այս արձանագրումն էր պետք ընդամենը, ներողություն։ Պարոն Սուջյան, Ձեր կարծիքով, պարոն Հարությունյանը հարցազրույցով կասկածի տակ դրել է արդյոք որևէ դատարանի, այդ թվում ԲԴԽ-ի՝ բարձրագույն դատական խորհրդի դատական ակտերը։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Այո։

Երեմ Սարգսյան- Այո՞, ես խնդրում եմ կոնկրետ այդ հատված կմեջբերե՞ք որտեղ ինքը...։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Պատասխանելով լրագրողի՝ այդ թվում նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացի շրջանակներում դատավորների լիազորությունների դադարեցման մասին լրագրողի հարցին՝ դատավորը պատասխանել է. «20-ից ավելի դատավորի լիազորություն, տարբեր եղանակներով, ըստ իս, անօրինական կերպով, դադարեցվել են»

Երեմ Սարգսյան- Շատ լավ, ես հիմա մեջբերեմ իրական պատասխանը, բայց որպեսզի պատասխանը պարզ լինի հարցն էլ կարճ է՝ մեջբերեմ։ Լրագրողի հարցը հետևյալն է. «Պարոն Հարությունյան, մի խումբ դատավորների պաշտոնավարումը դադարեցվեց նաև իրենց խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար, Զարուհի Նախշքարյանի պարագայում, Ձեր կարծիքով՝ այդ դատավորները իրենց պաշտոնի վերականգնելու իրավական մեխանիզմներ ունեն՝ դրանցից օգտվելու է ինչ ազդեցություն են ունեցել այդ պրոցեսները ընդհանուր դատական համակարգի անկախության վրա», այսինքն՝ ինչ ազդեցություն է դա ունեցել անկախության վրա, պատասխանը. «Ցանկացած դատավորի լիազորության դադարեցում, հատկապես այս վերջին վեց ամսվա ընթացքում, ինչին որ ականատես ենք եղել, բնականաբար բացասական ազդեցություն են ունեցել» սա պատասխանը ու շարունակությունը. «Այսինքն՝ քսանից ավելի դատավորի լիազորություն, տարբեր եղանակներով, ըստ ինձ, անօրինական կերպով դադարեցվել են, հիմա կներեք, ուղղակի ժողովը սկսվում է, հետո եթե անհրաժեշտ լինի...»։ Հիմա պատասխանը հետևյալն էր, որ նշեց անկախության վրա ազդեցություն ունենու՞մ է, թե՝ ոչ, ասում է այո, ըստ ինձ ունենում է, դրանից հետո միտք է շարունակվում՝ քսանից ավելի դատավորի լիազորություն, տարբեր եղանակներով, ըստ ինձ, անօրինական եղանակով դադարեցվել է, կասեք այստեղ ո՞րտեղ էր, որ բարձրագույն դատական խորհրդի որոշումները կասկածի տակ է դրել։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Երբ որ ասում է, որ անօրինական կերպով են դադարեցվել՝ հաշվի առնելով ժամանակահատվածը վերջին վեց ամսվա ընթացքում, հաշվի առնելով դատավորների թիվը, հաշվի առնելով դադարեցնելու ինքնին գործընթացը։

Երեմ Սարգսյան- Իսկ տարբեր եղանակներով, այսինքն՝ ինքը, որպես այդպիսին, չի ասում չէ՞, որ բարձրագույն դատական խորհրդի դատական ակտերով՝ անօրինական, այս տիպի մեկնաբանությամբ ինքը չի ասում, սա կրկին Ձեր մեկնաբանությունն է։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Ոչ, ուղղակի «Դատական ակտ» բառը չի կիրառում, բայց մեր գնահատմամբ, բնականաբար նաև նկատի է ունենում ԲԴԽ կողմից կայացված ակտերը։

Երեմ Սարգսյան- Երբ որ ասում է «Տարբեր եղանակներով», Դուք պարզե՞լ եք, որոնք են այդ տարբեր եղանակները։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյսւն- Տարբեր եղանակնե՞րը։

Երեմ Սարգսյան- Իր բառերն է չէ՞, ինքը ԲԴԽ դատական ակտերի մասին ոչինչ չի ասում, այլ ասում է՝ «քսանից ավելի դատավորի լիազորություն, տարբեր եղանակներով, ըստ ինձ անօրինական կերպով, դադարեցվել են։» Հիմա ինքը ասում է տարբեր եղանակներ, այս եղանակները պարզել եք ո՞րոնք են։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Տարբեր եղանակներ ասելով, հավանաբար նաև, նկատի է ունեցել ... բայց նաև այն դեպքը, երբ օրենքի հիման վրա լիազորությունները կասեցված դատավորների նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, դադարեցվել են...

Երեմ Սարգսյան- Ներողություն, այդ վեց դատավորները ովքեր էի՞ն։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Անուն ազգանուննե՞րը։

Երեմ Սարգսյան- Եթե անունով գիտեք ասեք, եթե ոչ՝ ուղղակի չհասկացա տարբերակումը, ո՞ր դատավորներն էին այդ վեցը դատավորները։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Այն դատավորները, ում նկատմամբ կա հարուցված քրեական հետապնդում, ու մեկ ամսից ավել ժամանակահատվածում, օրենքի ուժով, ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց, որ նրանց լիազորությունները համարվում են դադարեցված։

Երեմ Սարգսյան- Դավիթ Հարությունյանը այդպիսի բա՞ն է ասել։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Դուք ասում եք տարբեր եղանակներով ինքը ի՞նչ կարող էր նկատի ունեցած լիներ... մենք իրավունք ունենք ենթադրել։

Երեմ Սարգսյան- Ենթադրե՞լ։ Նաև ճիշտ ասեցիք, որ ճիշտ չէ իր փոխարեն ենթադրելը, բայց ամեն դեպքում Ձեր ենթադրությունն է։ Հիմա մեկնաբանություն տվեցիք, ասում էիք, որ մենք ենթադրում ենք, ու սա այն վեց դատավորն է։ Հիմա ասում եմ՝ իսկ ինքը նման բան ասե՞լ է։ Դուք ենթադրու՞մ եք, շատ լավ, իսկ ինքը ասե՞լ է:

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Ուղղակի՞:

Երեմ Սարգսյան- Թեկուզ անուղղակի։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Տեսեք, եթե անուղղակի, կապ ունի, թե ի՞նչ հետևանքի է հանգեցնում դատավորի ասածը, ու ի՞նչ ընկալում կարող է ունենալ հասարակության լայն շրջանակներում։ Այստեղ ուղղակի նման բան չի ասել, դա դեռ չի նշանակում, որ չի կարող արտահայտվի համապատասխան հետևանքների՝ այս դեպքում վարքագծի կանոնների խախտման տեսքով, այսինքն՝ անպայման չի, որ ուղղակի նա նշեր «Ես կասկածի տակ եմ դնում դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ որոշումը», որ հասկացվեր, որ կասկածի տակ է դնում։

Երեմ Սարգսյան- Իսկ Սուքոյանին նկատի ունեցե՞լ է։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Ես օրինակ եմ բերում։ Այո, այդ թվում նաև մնացած դատավորների հետ միասին, քանի որ քսանից ավելի դատավորի լիազորության դադարեցումը անօրինական է բնորոշել՝ լիազոր մարմնի գնահատմամբ նաև դա։

Երեմ Սարգսյան- Իսկ նաև պարզե՞լ եք այդ քսան դատավորը ովքեր են։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Անկեղծ ասած ինձ դատավորի հաշվարկը հենց առաջին պահից էլ անհասկանալի է։

Երեմ Սարգսյան- Շատ լավ։ Քանի որ անհասկանալի է, բայց Դուք ինչ-որ մոտեցում ունեք այնուամենայնիվ, որը բերել եք բարձրագույն դատական խորհուրդ։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան– Չի բացառվում, որ ընդհանուր մեծ թիվ է ասվել։

Երեմ Սարգսյան- Շատ լավ, հարցնում եմ ո՞ր դատավորներն են, ասում եք հավանաբար ի նկատի է ունեցել այս վեցը դատավորին, հիմա պետք է փորձել հասկանալ Ձեր ենթադրության հիմքը ինչում է կայանում, որովհետև ասելը մեկ բան է՝ դրա փաստեր ունենալը՝ այլ բան, եթե պարոն Հարությունյանը նման բան չի ասում, այսինքն՝ չի ասում ԲԴԽ դատական ակտերը անօրինական են, չի ասում բարձրագույն դատական խորհուրդը այս դատավորների լիազորությունը անօրինական դադարեցրել է, չի ասում՝ որ դատավորների մասին է խոսում, բայց Դուք ասում եք, որ այս վեցը դատավորի մասին է։ Խնդրում եմ, ի վերջո, կամ միջնորդության միջից, կամ բանավոր ասեք բարձրագույն դատական խորհրդին, մեզ էլ, իմանանք Ձեր ենթադրության տրամաբանական եզրահանգման հիմքերը։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Դե տրամաբանական եզրահանգման հիմքերը միջնորդության մեջ նշված են։ Դրանում է կայանում, որ հաշվի առնելով տրված հարցը, որը վերաբերում էր դատավորների լիազորությունների դադարեցման խնդրին, ըստ լրագրողի խոսքի, հարցը, դրա կոնտեքստը, դրա արդյունքում հասարակության մոտ հնարավոր ձևավորվելիք կարծիքը ու ժամանակահատվածը հաշվի առնելով՝ վեց ամսում, ու դատավորների քանակն է նշված, այդ ամբողջի հիման վրա տրամաբանական եզրահանգման ենք եկել, որ բնականաբար դատավորը նկատի է ունեցել նաև դատական ակտերի հիման վրա լիազորությունների դադարեցումը:

Երեմ Սարգսյան- Ու դուք կարծում եք, որ Ձեր այս բարդ տրամաբանական հնարքը հանրության լայն շերտերը այս տիպի բարդ եզրահանգումներով կարող են բերել հասցնել նրան, որ պարոն Դավիթ Հարությունյանը ի նկատի է ունեցել այդ դատավորներին, որ իրենք դադարեցվել են, հետևաբար ԲԴԽ-ն է տարբեր եղանակներով, ուրեմն իրենք են, այսինքն՝ իր խոսքը Ձեր մեկնաբանությամբ ներկայացնում եք, բայց այդ հիմքերը որպես այդպիսին, լավ շարունակեմ հարցս։ Տարբերակում տվեցիք՝ «Հստակ տարանջատված վեց ամիս», այսինքն՝ Դուք նաև դիտարկել եք վեց ամսվա մեջ ովքեր են ու դրանից նաև տրամաբանություն եք արել, ճի՞շտ եմ հասկանում։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Այո։

Երեմ Սարգսյան- Ցույց կտա՞ք այդ վեց ամիսը որտեղ է, որ վերաբերում է քսան դատավորին։ Ի վերջո, արդյո՞ք այդ վեց ամիսը վերաբերում է այս քսանից ավել դատավորներին։ Եթե այո՝ ցույց տվեք բարձրագույն դատական խորհրդին։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Հարցազրույցից ցույց տա՞մ, թե՞։

Երեմ Սարգսյան- Որտեղից ուզում եք՝ ցույց տվեք, փաստը ներկայացրեք, որ պարոն Դավիթ Հարությունյանը ասում է, որ վերջին վեց ամսվա ընթացքում քսանից ավելի դատավորի լիազորություն անօրինական կասեցվել է, Դուք էլ ասում եք դե որ վեցը ամիս՝ այս վեց ամսում այս դատավորներն են, ուրեմն այս դատավորներն են։ Ես կարող եմ օգնել։ Այդ «Վեց ամիս» բառը ամենավերջին պատասխանն է, բայց խնդրում եմ ցույց տվեք, որ այդ տրամաբանության մեջ է։ Հենց վերջին պատասխանի մեջ է։ Ես մեջբերեմ, եթե սխալ կլինի ասեք. «Ցանկացած դատավորի լիազորության դադարեցում, հատկապես այս վերջի վեց ամսվա, ընթացքում ինչին որ ականատես ենք եղել, բնականաբար բացասական ազդեցություններ է ունեցել։» Հիշեցնեմ վերևի հարցը. «Արդյո՞ք բացասական ազդեցություններ ունեցել է, թե՝ ոչ» ասում է, որ վերջին վեց ամսվա ընթացքում, բնականաբար ունեցել է։ Հետո միտքը առանձին. «20-ից ավելի դատավորի լիազորություն, տարբեր եղանակներով, ըստ ինձ, անօրինական կերպով, դադարեցվել են։» Հիմա ո՞րտեղ եք միանշանակ եզրահանգման եկել, որ այս վեց ամիսը նույն քսանից ավելի դատավորների լիազորության մասով է, առավել ևս, որ այդ հաշվարկը չի տեղավորվում վեց ամսվա մեջ, ինչը Դուք էլ եք իրավացիորեն նշում։

ՀՀ ԱՆ ենրկայացուցիչ Ա. Սուջյան- Տրված հարցի, պատասխանի կոնտեքստի, նախադասությունների հաջորդականության։ Նախորդ նախադասությունը վեց ամսվան է վերաբերել, վեց ամիսը շեշտվել է, հետագա պատասխանն էլ վերաբերել է այդ վեց ամսվա ժամանակաշրջանին։

Երեմ Սարգսյան- Հիմա ըստ Ձեզ այս քսանից ավելի դատավորի լիազորությունը նոր տողի՞ց է, թե շարունակությունն է, այսինքն՝ ինքը առանձին մի՞տք է, թե շարունակություն։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Հարցի պատասխանի շարունակությունն է։

Երեմ Սարգսյան- Հարցի պատասխանի շարունակությունն է, հասկանալի է, այսինքն՝ ինքը մեկ պատասխանի մեջ այդ հարցին պատասխանում է, այս ամբողջը մեկ ուղիղ տրամաբանության մե՞ջ է, այսինքն՝ երբ հարց է տալիս լրագրողը, ասում է «Բացասական ազդե՞լ է արդյոք խոսքի, ազատ կարծիքը արտահայտելու հետ կապված, այդ թվում Նախշքարյանի մասով դադարեցումը...։»

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Դա կապի մեջ է։

Երեմ Սարգսյան- Ո՞րտեղ է այդ կապը, վեց ամիսը այստեղ նշանակում։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Որովհետև հարցի սկզբում պատասխան է եղել, այդ պատասխանի շրջանակներում։

Երեմ Սարգսյան- Լավ, վերջին վեց ամսում քսանից ավելի դատավորի լիազորություն դադարեցվե՞լ է։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Ոչ։

Երեմ Սարգսյան- Եթե վերջին վեց ամսում դա չի եղել, պարոն Հարությունյանը ուղիղ դրա մասին չի ասում, որ սա վեց ամսվա կտրվածքի մասին է խոսում, կրկին Ձեր ենթադրությունն եք կապում, կա՞ ողջամիտ հավանականություն անմեղության կանխավարկածի մակարդակում, որ պարոն Հարությունյանը վեց ամիսը նկատի չունի քսանից ավելի դատավորի, ի վերջո, անմեղության կանխավարկածը այստեղ աշխատում է, չէ՞, կա ողջամիտ հակառակի հավանականություն, որ ի նկատի չի ունեցել վեց ամիս դրան։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Պարոն Սարգսյան, հաշվի առնելով տրված հարցի բնույթը, հարցի պատասխանի բովանդակությունը, գտնում ենք, որ ողջամիտ հավանականություն չկա։

Երեմ Սարգսյան- Շատ լավ, որպեսզի նորից հասկանանք տրված հարցի բովանդակությունը՝ խնդրում եմ ասեք, ըստ Ձեզ, լրագրողը, հարցի մեջ անօրինական դադարեցումների մասին որևէ հարց տալի՞ս է։ Լիազորությունների անօրինական դադարեցման։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Անօրինական բայց նշում է, թե ինչ ազդեցություն է ունենում, կոնկրետ շեշտում է, որ դատավորը խոսքի ազատության սահմանափակման իրավունքից օգտվելու համար նրա լիազորությունների դադարեցումը, այսինքն՝ ԲԴԽ դատական ակտերի հիման վրա, ի՞նչ ազդեցություն է ունեցել՝ դրա հիման վրա է պատասխանում, այսինքն՝ լրագրող, որպես այդպիսին, ուղղակի գնահատական չի տալիս անօրինական է այդ ակտը, թե՝ չէ, հարց է տալիս, որին դատավորը պատասխանում է, որ անօրինական է։

Երեմ Սարգսյան- Լավ, մի փոքր հետ գնանք, այսպիսի բան փորձենք հասկանանք։ Առնվազն գոնե այս ամբողջ տեքստի մեջ մեկ դատավորի անուն կա, դա Նախշքարյանի ազգանունն է, որը տալիս է լրագրողը, որին պատասխանում է Դավիթ Հարությունյանը։ Այս հարցազրույցի մեջ Դավիթ Հարությունյանը որևէ տեղ ասու՞մ է, որ Նախշքարյանի դադարեցումը անօրինական է։ Գնահատական տալի՞ս է։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Ուղիղ գնահատական, ինչպես Դուք նշեցիք, ինքը չի տալիս։

Երեմ Սարգսյան- Եթե ընդունենք, որ պատասխանել է Նախշքարյանի վերաբերյալ հարցին, ինքն այստեղ ասում է, որ այո...։

Դավիթ Հարությունյան- Նիստերի ձայնագրությունը ընդհատվեց։

Համակարգչի սնուցումը տեխնիկապես դադարեցվել է. ֊նախարարության աշխատակիցներին կից՝ անմիջապես նրանց թիկունքում գտնվող էլեկտրական սնուցման լարը դուրս հանվեց վարդակից։

Լուսինե Մկրտչյան- Համակարգիչը անջատվեց։ Հոսանքից անջատվեց։

17:39:17 /դատական նիստի ձայնագրությունը վերսկսվեց Ֆեմիդա համակարգի միջոցով/

Կարեն Անդրեասյան- Ամեն դեպքում խորհրդի իմաստով մեզ օգնեց հարց ու պատասխանը, բայց ձեր հետագա կարիքների համար դուք կորոշեք կարիք կա կրկնել։

Երեմ Սարգսյան- Այդ դրա համար էինք մենք ձայնագրում։

ԲԴԽ անդամ Ա. Աթաբեկյան- Դա դնե՞նք գործի մեջ։

Կարեն Անդրեասյան- Ես առաջարկում եմ հետևյալն անենք, քանի որ 20 րոպե, համակարգչային մասնագետ հրավիրեք ամեն դեպքում, ես առաջարկում էի ընդմիջում անենք, բայց ոչ, չենք կարող, որովհետե պետք է ֆիքսենք:

ԲԴԽ անդամ Վ. Քոչարյան- Գոնե հասկանանք ինչ եղավ։

Կարեն Անդրեասյան- Համակարգչային բաժնից մարդ կանչեք արագ։ Վերսկսել չի տալի՞ս։

Դատական նիստերի քարտուղար- Անցած նիստեր, շարունակել այսօրվա նիստը, բայց հիմա համակարգչային մասնագետը գա շարունակենք նիստը արդեն։

Կարեն Անդրեասյան– Իսկ գոնե շենքու՞մ էր։

Դատական նիստերի քարտուղար- Այո։

Կարեն Անդրեասյան- Համեցեք Խորեն ջան։

Համակարգչային մասնագետ- Բարև Ձեզ։

Կարեն Անդրեասյան- Բարև Ձեզ, համեցեք, մեզ օգնեք այս կրիզիսից դուրս գանք։

Դատական նիստերի քարտուղար- Հիմա ձայնագրությունը կա։

Կարեն Անդրեասյան- 17:02-ը մինչև կա, շատ հաճելի է, հիմա կարո՞ղ ենք վերականգնել։ Բայց մենք ուրիշ բան ենք ուզում խնդրել Խորեն ջան, հնարավո՞ր է վերականգնել ձայնագրման վիճակը, որ մենք ուղղակի նիստը փակենք ձայնագրության տակ, հետո արդեն Դուք կվերականգնեք մենք կշարունակենք այնտեղից, որտեղից վերականգնել եք, կամ ուղղակի նորից կողմի հետ կքննարկենք, բայց հիմա մեր խնդիրն է ուղղակի վերականգնենք, որ մենք կարողանանք նիստը փակել այսօր։

Համակարգչային մասնագետ- Պարոն Անդրեասյան... որը որ չկա չեմ գտնում, հիմա փորձեմ գտնել, եթե ոչ՝ այդ դեպքում շարունակեք։

Կարեն Անդրեասյան- Իսկ հնարավոր չի, որ հենց հիմա ուղղակի որևէ ուրիշ ֆայլով ուղղակի ձայնագրվի ինչ-որ խոսում ենք, ընդամենը երեք րոպե, երկու րոպե, որ ես նիստը փակեմ, որ հետո Դուք հանգիստ Ձեր գործը անեք այսքան մարդ ոտքի վրա չկանգնի սպասի։ Խնդրեմ Դուք զբաղեցրեք Ձեր տեղը։

ԲԴԽ անդամ Ա. Աթաբեկյան- Այս ձայնագրությունը չխանգարի եղածը գտնելուն, եթե պետք է խանգարի ավելի լավ է չանեք։

Կարեն Անդրեասյան- Որ Ձեզ խնդրեմ կհրավիրեք ներս կողմերին։ Խորեն ջան ստացվու՞մ է ձայնագրել առանց վնասելու։ Բայց խնդրում եմ մի հեռացեք։ Հա չնայած իրավունք չունեք մնաք այստեղ։ Մի վայրկյան մենակ բացելը տեսեք նորմալ է ամեն ինչ։ Խորեն ջան Դուք դուրս եկեք։ Պարոն Հարությունյանը տեղում չէ։

Երեմ Սարգսյան-Մինչև հետաձգելը խնդրում եմ թույլ կտաք հայտարարություն անենք:

Կարեն Անդրեասյան- Շատ լավ, բայց ձայնագրվու՞մ է, նորմալ ձայնագրվու՞մ է։ Այո միացրեք։ Համեցեք, հայտարարություն էիք ուզում անել։

Երեմ Սարգսյան- Եթե Դուք արձանագրում եք, որ խնդիր է եղել՝ դրանից հետո։

Կարեն Անդրեասյան- Արձանագրենք, որ տեխնիկական խափանում է տեղի ունեցել, 15 րոպեի վերականգնման խնդիր կարող է առաջանալ, բայց դա տեղի կունենա արդեն հաջորդ նիստին ընդառաջ, մենք ձեզ կտեղեկացնենք հաջորդ նիստին իրավիճակը, այս պահին ես ուզում եմ ընդմիջել, նաև մեր ժամանակն է սպառվում, Դուք ինչ-որ հայտարարություն ունեք մինչև ընդմիջումը։

Երեմ Սարգսյան- Այո հարգելի դատարան։

Կարեն Անդրեասյան- Համեցեք։

ԲԴԽ անդամ Ա. Աթաբեկյան- Ներողություն պարոն Անդրեասյան, ասեցինք, որ 17:02-ից հետո չկա, որ այնպես չստացվի, որ այսօրվանը չկա։

Կարեն Անդրեասյան- Այո։ Համեցեք պարոն Սարգսյան։

Երեմ Սարգսյան- 17։02-ը պարոն Աթաբեկյանի նշած այստեղ է մի քիչ խնդիր։ Իմ հիշելով եթե չեմ սխալվում 17:15-ի սահմաններում ընդմիջում տվեցինք։

Կարեն Անդրեասյան- Ոչ, 17:00-ին կամ 17:02-ին ընդմիջեցինք, որպեսզի 17:15-ին վերադառնանք։ Այսինքն՝ ինքը պահել է, մինչև մեր ընդմիջում գնալը։

Երեմ Սարգսյան- Լավ, քանի որ չկա ձայնագրություն, չեմ լսում, այս պահին չգիտեմ որտեղ է ընդհատվել։

Կարեն Անդրեասյան- Վերականգնեք ձեզ կներկայացնենք։

Երեմ Սարգսյան- Ուզում եմ հայտարարության տեսքով ընդգծեմ, թե որ պահին ավարտվեց ընդմիջումը, որ հարցի և որ պատասխանի, որպեսզի դրանից հետո տեսնենք, թե ինչ եղավ, այն հարցին, երբ որ մի մասը հարցերի տվեցի պարոն Սուջյանին, որ եթե պարոն Հարությունյանը նշում եք, որ միաձայն բառը չի օգտագործել և եթե կոնսենսուս բառը օգտագործել է բաց աղբյուրում նշված՝ առանց քվեարկության համաձայնեցված որոշման պարագայում և ինքը ասում է, որ չի կարող ԲԴԽ–ում լինել նման կոնսենսուս այս մեկնաբանությամբ՝ արդյոք խախտում թույլ տվե՞լ է, թե՝ ոչ, պարոն Սուջյանը նշեց, որ Ձեր նշած հարցի պարագայում, մեկնաբանության պարագայում՝ ոչ, որից հետո պարոն Անդրեասյանը հայտարարեց ընդմիջում։ Ուզում եմ սա ֆիքսենք, որ հետո տեսնենք, թե որ պահից է ընդհատվել, որովհետև դրանից հետո ևս կարևորագույն հարցեր ենք տվել և հնչել են կարևոր պատասխաններ՝ չգիտեմ դրանք որքանով պահպանված կլինեն։

Կարեն Անդրեասյան- Պարոն Սարգսյան ուղղակի որպեսզի ավելի լավ ֆիքսենք, կողմը չի առարկում չէ՞ այս պնդմանը։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան– Ոչ, չեմ առարկում։

Կարեն Անդրեասյան- Այսինքն՝ բոլորս ենք կողմ, համակարծիք, որ պարոն Սարգսյանը ներկայացրեք որտեղ է ընդմիջումը տեղի ունեցել։

Երեմ Սարգսյան- Շնորհակալություն։

Կարեն Անդրեասյան- Այլ հայտարարություն կա՞ մինչև ընդմիջումը»։

19.2 Փաստաբան Երեմ Սարգսյանի ու Ա.Սուջյանի հարց ու պատասխանի հաջորդող օրը՝ մինչև Կարեն Անդրեասյանի կողմից դատավոր Դավիթ Հարությունյանին հարցեր տալն արգելելը, Սուջյանն ի պատասխան հարցի նշել է, որ պնդում է վերոգրյալ պատասխանները։

20. 2023թ. հունիսի 26-ին Խորհրդի կողմից նշանակված է եղել հերթական դատական նիստ, որին մասնակցելու անհնարինության վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Դիմումատուի ներկայացուցիչները, ի թիվս այլնի նշելով, որ մասնակցելու են ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին։ Ըստ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.12-րդ հոդվածի երրորդ մասի՝ «Վերապատրաստման ընթացքում փաստաբանների՝ (...) դատական քննությանը չմասնակցելը համարվում է հարգելի, եթե փաստաբանը այդ մասին տեղյակ է պահել համապատասխան մարմնին»։ Խորհուրդը, սակայն, կայացրել է միջնորդությունը մերժելու մասին որոշում և շարունակել քննությունը, անտեսելով օրենքի մեջբերված իմպերատիվ պահանջը։ Խորհուրդը կայացված որոշմամբ մասնավորապես արձանագրել է, թե փաստաբանները տեղեկացված են եղել նշանակված դատական նիստի ժամանակի մասին, բայց չեն ներկայացել:

21. Դատական նիստի ընթացքում Դիմումատուն հետևողականորեն պահանջել է Խորհրդից ապահովել իր պաշտպանության իրավունքի իրացումը, սակայն Խորհրդի կողմից վերջինիս շարունակական պահանջը գնահատվել է որպես անհարգալից վերաբերմունք և որոշում է կայացվել նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու և դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին։

Մասնավորապես՝ 2023 թվականի հունիսի 26-ին տեղի ունեցած դատական նիստի արձանագրությունը ունի հետևյալ բովանդակությունը.

«(…) Դավիթ Հարությունյան- Իսկ գիտե՞ք, որ դրան հաջորդող օրերին, նոյեմբերի 26-ին, այդ հանդիպմանը մասնակցած բոլոր դատավորներին, երևի թե 70-80 հոգի, քրեական մասնագիտացմամբ, ուղարկվել է նախագիծ՝ կարծիք հայտնելու համար։ Տեղյա՞կ եք, թե՝ ոչ։

ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ա. Սուջյան- Պարոն Հարությունյան, ուղղակի, ամենայն հարգանքով Ձեր նկատմամբ, եթե այս տրամաբանությամբ ենք մենք շարունակելու, ես ուղղակի ստիպված եմ լինելու հրաժարվել Ձեր կողմից բարձրացվող բոլոր հարցերին պատասխանելուց։

Դավիթ Հարությունյան- Այսինքն ինչ եք անում, բողոքի ձա՞յն է։

Կարեն Անդրեասյան - Ոչ, դա իրենց իրավունքն է։

Դավիթ Հարությունյան- Ի՞նչն է իրենց իրավունքը, ընդհանրապես հրաժարվել պատասխանե՞լ։

Կարեն Անդրեասյան- Այո։

Դավիթ Հարությունյան- Ես գտնում եմ, որ սա նախագահողի կողմից ուղղորդող դիտարկում է, ուղղորդում է նախարարության ներկայացուցչին դատավորի որևէ հարցի չպատասխանել, հետևաբար կրկին միջնորդում, պահանջում եմ, որպեսզի քննարկվի ինձ փաստաբանով ապահովելու հարցը, դրա համար հատկացնել 5 րոպե։ Ես ի վիճակի չեմ պայքարել իմ իրավունքների համար, երբ իմ դեմ իմ դատավարական հակառակորդը ոչ թե նախարարությունն է, լիազոր մարմինն է, այլ ԲԴԽ նախագահն է, ով նույնիսկ թե՛ նախորդ դատական նիստում, թե՛ այս դատական նիստում չի հարգում ԲԴԽ անդամների տված հարցերին, չի թույլատրում դատավորն արձագանքի ԲԴԽ անդամների տված հարցերին, հատկապես դատավոր անդամների կողմից ներկայացվող առաջարկություններին և հարցադրումներին։

Ես պահանջում եմ ապահովել իմ պաշտպանության իրավունքը, ես ի վիճակի չեմ առաջնորդվել այնպիսի կանոններով, որոնք գրված չեն, որոնք սահմանվում են բացառապես ԲԴԽ նախագահի կողմից, քանի որ ես գտնում եմ, որ իմ դատավարական հակառակորդը միայն Դուք (ԲԴԽ նախագահ) եք, խնդրում եմ ԲԴԽ անդամներին դնել այս հարցը քվեարկության, հինգ րոպե ժամանակ տրամադրել ինձ, ես իմ պաշտպանության իրավունքը կազմակերպեմ, ես այլևս հնարավորություն չունեմ անձամբ այս պայմաններում. նստի, վեր կաց, նորից նստի, նման պայմաններում ես հնարավորություն չունեմ նաև ֆիզիկապես ներկայացնելու իմ շահերը։

Կարեն Անդրեասյան- Զբաղեցրեք Ձեր տեղը, պարոն Հարությունյան։ Քանի որ կողմը հայտարարեց, որ նպատակահարմար չի գտնում պատասխանել հարցերին, այժմ նախարարությանը կարող են հարցեր տալ բարձրագույն դատական խորհրդի ...

Դավիթ Հարությունյան- Ես առարկում եմ Ձեր գործողությունների դեմ, Դուք զրկում եք իմ տարրական իրավունքները իրացնելու հնարավորությունից։

Կարեն Անդրեասյան - Մի բղավեք ...

Դավիթ Հարությունյան- ԲԴԽ անդամներին հետաքրքիր չի՞: Կոնկրետ բարձրագույն դատական խորհրդին հետաքրքիր չի՞ այդ նվազագույն իրավունքի ապահովումը։

Կարեն Անդրեասյան- Ես Ձեզ նախազգուշացնում եմ, որ, եթե Դուք բղավեք ինձ վրա...

Դավիթ Հարությունյան– Ուրեմն, Դուք ապօրինի գործողություններ եք կատարում, Դուք ապօրինաբար զրկում եք ինձ իմ տարրական իրավունքներից։

Կարեն Անդրեասյան - Ես Ձեզ նախազգուշացնում եմ, որ եթե Դուք ինձ զուգահեռ գոռաք և իմ վրա բղավեք, ապա կա սանկցիա՝ դուրս հրավիրելու ...

Դավիթ Հարությունյան– Ուրեմն, եթե սանկցիա պիտի կիառեք, որոշեք, կիրառեք, բայց Դուք արձանագրեք, որ պահանջում եմ բարձրագույն դատական խորհրդից ապահովել իմ նվազագույն իրավունքները, քանի որ Անդրեասյանի կողմից դիտավորությամբ, միտումնավոր կատարվում են գործողություններ ապօրինաբար իմ լիազորությունները դադարեցնելուն:

Կարեն Անդրեասյան– Զբաղեցրեք Ձեր տեղը, եթե մի անգամ էլ ինձ զուգահեռ խոսեք, ձայն բարձրացնեք ինձ վրա, ես ստիպված կլինեմ հրավիրել խորհրդին խորհրդակցական սենյակ՝ Ձեր նկատմամբ սանկցիա կիրառելու։ Հիմա շարունակում ենք, խորհրդի անդամները հարցեր ունե՞ն նախարարությանը։

Դավիթ Հարությունյան- Ես առարկում եմ Ձեր գործողությունների նկատմամբ, պահանջում եմ հենց հիմա ապահովել իմ պաշտպանության իրավունքը, հարցեր տալու իրավունքը։

Կարեն Անդրեասյան– Ես ստիպված եմ խորհրդին հրավիրել սանկցիա կիրառելու հարցը քննարկելու։

Խորհուրդը հեռացել է ու վերադարձել խորհրդակցական սենյակից։

Կարեն Անդրեասյան– Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածը՝ «դատական սանկցիաները և դրանց կիրառման ընդհանուր կարգը» վերտառությամբ, որոշեց կիրառել հետևյալ սանկցիան, դատական նիստերի դահլիճից Դավիթ Հարությունյանին հեռացնելու վերաբերյալ, սակայն ըստ նույն հոդվածի 4-րդ կետի, եթե անձը ընդունում է իր արարքի հակաիրավականությունը և հայցում դատարանի ներողամտությունը, ապա նշված անձի նկատմամբ դատական սանկցիան կարող է չկիրառվել։ Պարոն Հարությունյան, Դուք ընդունու՞մ եք Ձեր արարքի հակաիրավականությունը՝ իմ վրա բղավելու, ինձ ընդհատելու վերաբերյալ և եթե հայցում եք դատարանի ներողամտությունը, ապա բարձրագույն դատական խորհուրդը կարող է և չկիրառել այս սանկցիան։

Դավիթ Հարությունյան- Այսինքն չի՞ կիրառվել, թե կիրառվում է և հիմա ես այդ մասին իմ դիրքորոշումն եմ հայտնում։

Կարեն Անդրեասյան- Ոչ, եթե ընդունում եք, հասկացաք Ձեր արարքի հակաիրավականությունը և զղջում եք դրա համար, ապա բարձրագույն դատական խորհուրդը, տեղում քննարկելով, կարող է և չկիրառել այդ սանկցիան։

Դավիթ Հարությունյան- 2001 թվականին Կիպրոսում մի դատավարություն է տեղի ունեցել, որտեղ փաստաբանը եղել է հարգարժան Կիպրիանուն։ Երբ հարցաքննության փուլում սպանության գործով խաչաձև հարցումներ է տվել, նախագահողի կողմից այդ իրավունքը սահմանափակվել է և Կիպրիանուն առաջարկել է նախագահողին, նշել է, որ եթե չի թույլատրում հարցեր տալ, ապա գոնե վարույթից հեռացնի, որովհետև ի վիճակի չի իրականացնել իր վստահորդի որակյալ պաշտպանությունը, ինչի համար, որ կոչված է եղել նա։ Նախագահողը, մեկ այլ հարգարժան դատավոր, վերջինիս նկատմամբ կիրառել է դատական սանկցիա և հանդես է եկել համանման առաջարկությամբ, այն ինչը որ մոտավորապես Դուք ինձ առաջարկեցիք։ Կիպրիանույի բառերը չեմ կարող վերարտադրել, բայց հետևյալն է. «ինչպես բա ես Ձեզ պետք է վերաբերվեմ», անգլերեն է, չեմ հիշում, ինչ անեմ բա ես հիմա։ Հիմա Դուք տեսեք, ես խնդրում եմ Ձեզանից, խորհրդից, պահանջում եմ, որպեսզի նա ապահովի իմ պաշտպանության իրավունքը, ասում եմ քննարկեք, եթե Դուք իմ հարցերը հանում եք, գտնում եք դա էությանը չի վերաբերում, ուրեմն գոնե բերեք փաստաբան, որը այդ հարցերը տալու հնարավորություն ունենա։ Պարոն Քոչարյան, եթե բան ունեք ասելու բարձր ասեք, ես Ձեզ ուշադիր լսեմ։

Կարեն Անդրեասյան- Այսինքն, Դուք շարունակում եք դիտողություններ անել, Դուք շարունակում եք վարել...

Դավիթ Հարությունյան- Դիտողություններ չեմ անում, թույլ տվեք ավարտեմ։

Կարեն Անդրեասյան- Լսում եմ։

Դավիթ Հարությունյան- Եթե Դուք գտնում եք, որ հարցերս, ըստ էության, չեն վերաբերում, գոնե թույլ տվեք փաստաբան գա, ըստ էության տա, կամ ինձ շրջանակ ասեք հարցերի, որոնց վերաբերյալ ես այդ հարցերը տամ կողմին։ Եթե գտնում եք, որ ես կարգ եմ խախտել, թեև ես այդպես չեմ գտնում, բայց ես դրա համար պատրաստ եմ ներողություն խնդրել խորհրդի անդամներից։ Եթե ինձ հնարավորություն տրվի, ես իմ հարցերը մասնավորապես շարունակեմ կամ քննարկվի պաշտպանության իրավունքի ապահովման հարցը։

Կարեն Անդրեասյան- Այսինքն, Դուք, ըստ էության, չեք հասկանում Ձեր արարքի հակաիրավական լինելը։

Դավիթ Հարությունյան– Ո՞րն է հակաիրավական, պարոն Անդրեասյան։

Կարեն Անդրեասյան- Բղավելը, ինձ ընդհատելը, նախագահողին չհարգելը։

Դավիթ Հարությունյան– Նախագահողին չէ, բարձրագույն դատական խորհրդի, կոնկրետ ինստիտուտի նկատմամբ, ես բազմիցս նշել եմ, պնդում եմ, որ ունեմ հարգանք։

Կարեն Անդրեասյան- Բայց նախագահողի հանդեպ չունեք։

Դավիթ Հարությունյան– Ես նախագահողի հանդեպ ներկայացրել եմ բացարկի միջնորդություն։

Կարեն Անդրեասյան- Հասկանալի է, զբաղեցրեք Ձեր տեղը։

Դավիթ Հարությունյան– Թույլ կտա՞ք ավարտեմ։

Կարեն Անդրեասյան- Ոչ։ Ավարտեցիք։

Դավիթ Հարությունյան - Եթե սանկցիա եք կիրառում, թույլ տվեք ...

Կարեն Անդրեասյան- Հարգելի գործընկերներ...

Դավիթ Հարությունյան - Պարոն Անդրեասյան, թույլ չե՞ք տալիս ավարտեմ։

Կարեն Անդրեասյան- Ոչ, որովհետև ես չեմ տեսնում ո՛չ զղջում, ո՛չ էլ ընկալում...

Դավիթ Հարությունյան - Ես դեռ չեմ խոսել, որտեղի՞ց տեսնեիք։

Կարեն Անդրեասյան- Արդեն հիմա ակնհայտ է, որ Դուք չեք ընկալում, խնդրում եմ կարգադրիչին դուրս հրավիրել, մենք կվերադառնանք 10 րոպեից նիստը շարունակելու։

Դավիթ Հարությունյան- Պարոն Անդրեասյան, թույլ տվեք ավարտեմ, միգուցե ներողություն եմ խնդրում, թույլ տվեք ավարտեմ։

Դատավորին դատական նիստերի դահլիճից հեռացնելուց հետո։

Կարեն Անդրեասյան- Հարգելի գործընկերներ, շարունակվում է դատավարությունը, և այժմ նախարարությանը հարցեր կարող են տալ բարձրագույն դատական խորհրդի անդամները։ Համեցեք տիկին Մկոյան։

(...)

ժամը 16:45-ին ԲԴԽ դատավոր անդամ Աթաբեկյանը հարցեր է ուղղում ԱՆ ներկայացուցչին, իսկ զուգահեռ՝ միևնույն ժամանակ Կարեն Անդրեասյանն իրեն զեկուցող կարգադրիչի հետ ցածրաձայն, շշուկով խոսում է.

Կարեն Անդրեասյան- Ի ՞նչ են ուզում

(...)

Կարեն Անդրեասյան- «Չէ, ոչ մեկին մի՛ թող, ասա պետք չի ներս գան։

Շարունակվում է հարց ու պատասխանի փուլը, ժամը 16:49-ին ԲԴԽ անդամ Թումանյանցը հարցեր է տալիս ԱՆ ներկայացուցչին, մինչդեռ դրան զուգահեռ Կարեն Անդրեասյանն ու մեկ այլ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, շշնջում են միմյանց հետ.

(...)

Կարեն Անդրեասյան- Բա հիմա ի՞նչ պտի անենք։

Վ.Ք. – Ներքևը չե՞ն թողնում։

Կարեն Անդրեասյան- Չէ։

(...)

Ժամը 16։50–ին.

Կարեն Անդրեասյանն արդեն բարձրաձայն դիմում է ներկա գտնվողներին, թե արդյոք կան այլ հարցեր ու շարունակում.

Կարեն Անդրեասյան- «Այլ հարցե՞ր, չկա՞ն. Հարցուպատասխանի փուլն էլ ավարտվեց։ Այժմ պետք է միջնորդության վերաբերյալ պատասխան ներկայացներ դատավոր Դավիթ Հարությունյանը, բայց քանի որ նիստերի դահլիճից հեռացվել է, և բացի այդ էլ փա... հինգ ներկայացուցիչները չեն ներկայացել տարբեր պատճառաբանություններով. այս փուլն անցնում ենք, և հետևաբար չենք կարող նաև հարցեր ուղել, ցավոք, ո՛չ պարոն Հարությունյանին, ո՛չ էլ՝ էս հինգ ներկայացուցիչներից որևէ մեկին։ Այժմ խորհուրդն անցնում է վարույթի շրջանակներում ներկայացված նյութերի հրապարակմանը։

(…)

Ժամը 16:51-ին.

Կարեն Անդրեասյան-Առարկություն չկա՞. և <<ը, ո նաա, ու ա> խորհրդի անդամները ևս չէ՞ համակարծիք են, որ կարիք չկա հատ առ հատ բոլորը նորից ուսումնասիրեն, նամանավանդ անդրադարձ կատարվել է։ Բոլորը համաձայն են. լռությամբ հաստատեցին։

(...)

Նաև ֆիքսենք, որ սկավառակը առկա է, գործին կցված է որպես անաչառ, օբյեկտիվ դիտելու համար որպես առանձին ապացույց։

Կարեն Անդրեասյան - Եզրափակիչ ելույթի կարիք զգու՞մ ա նախարարության կողմը։

ԱՆ ներկայացուցիչ- Ոչ

Կարեն Անդրեասյան- Այդ դեպքում խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Հայտարարեմ, որ որոշումը կհրապարակվի հուլիսի 3-ին՝ ժամը 11:30-ին, խնդրում եմ բացակա կողմին պատշաճ ծանուցել հնարավորինս արագ, որպիսի հնարավորություն ստանան օրենքով սահմանված ժամկետում տեղեկանան վճռի հրապարակման մասին։

Շնորհակալություն նիստն ավարտված է»։

22. Դ. Հարությունյանին դահլիճից հեռացնելուց քիչ անց, նիստի ընթացքում Խորհուրդ են ժամանել դիմումատուի երկու փաստաբանները, ում Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը կարգադրիչներին ցածրաձայն տված հրահանգով արգելել է մուտք գործել շենք՝ դահլիճ, ինչը որոշմամբ ներկայացվել է իբրև կարգադրիչների հավելյալ ուժերի՝ դահլիճ մուտք գործելու արգելք, այն պայմաններում երբ դահլիճում եղել են միայն Նախարարության ներկայացուցիչներն ու Խորհուրդը։ Այդ պայմաններում Կարեն Անդրեասյանը շարունակել է գործի քննությունը՝ բարձրաձայն ափսոսանք հայտնելով փաստաբանների բացակայության կապակցությամբ։

Ըստ ԲԴԽ որոշման պատճառաբանական տվյալ հատվածի (տես էջ 34)՝

«Ինչ վերաբերում է 2023 թվականի հունիսի 26-ին կայացած նիստի ընթացքում Դատավորի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո ներկայացուցիչների դատական նիստի ներկայանալուն և Խորհրդի դռնփակ նիստի ընթացքում Խորհրդի նախագահի կողմից հնչեցված՛ ձայնային կրիչում արտացոլված և Դատավորի կողմից ներկայացված միջնորդությամբ վկայակոչված կարգադրություններին և հարցերին, ապա եթե նույնիսկ այդ կարգադրությունները և հարցերը ժամանակագրական առումով համապատասխանել են ներկայացուցիչների Խորհուրդ հասնելու և նիստերի դահլիճ մուտք գործելու ցանկություն հայտնելու ժամանակահատվածի հետ, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ դրանք վերաբերել են ոչ թե ներկայացուցիչների դատական նիստերի դահլիճ մուտք գործելուն, այլ դատական սանկցիայի կատարումն ապահովելու նպատակով լրացուցիչ քանակով դատական կարգադրիչների ներգրավման նպատակահարմարության հարցի քննարկմանը։

Միաժամանակ, Խորհուրդը կարևոր է համարում անդրադառնալ Դատավորին դատական սանկցիա կիրառելու միջոցով դատական նիստերի դահլիճից հեռացնելու հարցին և անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատավորության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը նախատեսում է դատավորի կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում դատական սանկցիա կիրառելու դատարանի հնարավորությանը, որպիսի հնարավորությունը տվյալ պարագայում խորհրդի կողմից համաչափորեն օգտագործվել է, քանի որ անհարգալից վերաբերմունքի դրսևորումները դադարեցնելու մասին նախագահողի կողմից հնչեցված մի քանի գգուշացումներից հետո ևս շարունակել է նույնանման վարքագծի դրսևորումները, որոնք իրենց հերթին նաև փաստել են Խորհրդի նկատմամբ դատավորի ակնհայտ անհարգալից վերաբերմունքի մասին։ Ավելին, Խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի իրավակարգավորումները, Դատավորին արտահայտվելու հնարավորություն է տվել՝ առաջարկելով ընդունել իր արարքի հակաիրավականությունը և հայցել դատարանի ներողամտությունը՝ պարզաբանելով նման պայմաններում անձի նկատմամբ դատական սանկցիա չկիրառելու վերաբերյալ իրավական կարգավորումները։ Մինչդեռ, Դատավորը արտահայտվելու իրավունքն օգտագործել է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու համար՝ ևս մեկ անգամ փաստելով Խորհրդի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքը։

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները, Խորհուրդը տվյալ պարագայում նույնպես սույն գործի վարույթը վերսկսելը նպատակահարմար չի համարել։

(...)

Նկատի ունենալով, որ Օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով և դատավորին (...) կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու, (...) վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանված որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով, ապա Խորհուրդը գնահատելով Լիազոր մարմնի միջնորդությամբ մատնանշված փաստերը (Խորհրդի՝ որպես կոլեգիալ կազմով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսենսուսային, միաձայն որոշումների առկայությունը բացառապես որոշակի ուղղորդմամբ պայմանավորելը, ինչպես նաև 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցվելու գործընթացը որպես անօրինական բնորոշելը), գտել է որ հաշվի առնելով Խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը Դատավորի կողմից վերոնշյալ փաստերի վերաբերյալ խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, հանրության վստահության պահպանման համատեքստում, ինչով և պայմանավորված Խորհուրդը, հիմք ընդունելով արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունը, որոշում է կայացրել դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին։

Միաժամանակ, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ նիստը դռնփակ անցկացնելու որոշում կայացնելիս Խորհուրդը, կարևորելով գործի քննության հրապարակայնության սկզբունքը, որը թե՛ Սահմանադրության, թե՛ միջազգային իրավական ակտերի, թե՛ դատավարական օրենսդրության շրջանակներում դատավարական իրավունքների իրացման կարևորագույն և անխախտելի սկզբունք է, քննարկել է դատական վարույթի մի մասը դռնփակ անցկացնելու հնարավորությունը»։

23. Դ. Հարությունյանի նկատմամբ սանկցիայի կիրառումից հետո, կարգապահական վարույթի քննությունը տևել է ոչ ավել քան 20 րոպե այն պարագայում, երբ պաշտպանության կողմը չի իրացրել հարցեր տալու իր իրավունքն ամբողջությամբ, չի ներկայացրել բացատրություն վարույթի վերաբերյալ, չի մասնակցել ապացույցների հետազոտմանը և այլն, ու Խորհուրդը ավարտել է կարգապահական վարույթով քննությունն առանց պաշտպանության կողմի դիրքորոշման ներկայացված լինելու, ելույթը լսելու։

24. 2023թ. հունիսի 28-ին և հուլիսի 2-ին Դիմումատուի և վերջինիս փաստաբանների կողմից Խորհրդին են ներկայացվել կարգապահապական վարույթը վերսկսելու մասին միջնորդություններ այն հիմնավորմամբ, որ «պատասխանող կողմը» հնարավորություն չի ունեցել ներկայացնելու իր դիրքորոշումը վերագրվող խախտումների, ինչպես նաև փաստաբանների մուտքը ապօրինի արգելելու հարցի վերաբերյալ։

25. 2023թ. հուլիսի 3-ին Խորհրդի կողմից հրապարակվել է Դիմումատուի վերաբերյալ կարգապահական վարույթով վերջնական դատական ակտը (այսուհետ նաև Որոշում), որով նրա որպես Երևան քաղաքի աոաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր լիազորությունները դադարեցվել են։ Որոշման մեջ բացակայում է որևէ հիմնավորում ընտրված պատասխանատվության տեսակի և վերագրվող խախտման համաչափության վերաբերյալ։ Ձևականորեն միայն նշվել է, թե Խորհուրդը հաշվի է առել անձը, նախկին տույժերի բացակայությունը և այլն։ Իբրև դիրքորոշում ընդունվել է դատավորի կողմից մինչև ԲԴԽ-ում վարույթը քննվելը Նախարարին ուղղված՝ 2 ոչ վերաբերելի գրությունները, որոնք, պարունակում են օրինակ վերագրվող արարքի պարզաբանման խնդրանք և չեն պարունակում որևէ դիրքորոշում կարգապահական վարույթի բուն առարկայի վերաբերյալ: Նույն թվականի հուլիսի 25-ին Որոշման օրինակն ուղեկցող գրությամբ տրամադրվել է Դիմումատուին։

26. Որոշման հրապարակումը ևս փաստացի իրականացրել է դռնփակ՝ թույլ չտալով լրագրողներին և հանրությանը մասնակցելու հրապարակմանը։ Դատական նիստերի դահլիճ են հրավիրել ԲԴԽ և դատական դեպարտամենտի աշխատակիցներ, որից հետո հայտնել հրապարակմանը մասնակցելու ցանկություն ունեցող լրագրողներին ու այլ անձանց, որ դատական նիստերի դահլիճում այլևս տեղ չկա։ Այսինքն, Խորհուրդը ստեղծել է արհեստական խոչընդոտներ լրագրողների մասնագիտական գործունեության իրականացման, հանրության այլ անդամների՝ դատական նիստին մասնակցելու իրավունքի իրացվելիության համար11։

26.1 ՀՀ ՄԻՊ-ը լրագրողների իրավունքների հետ կապված այս առիթով տարածել է հայտարարություն:

27. 2023 թվականի դեկտեմբերի 13-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը անձնական ֆեյսբուքյան էջում և դեպարտամենտի՝ «Դատական իշխանություն» էջում հրապարակում է կատարել նշելով, որ «Այդքան քննարկված և պահանջված դատական վեթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ»։ Այսպես ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո։ «Վեթինգ»–ը ոչ այլ ինչ է, քան դատավորների բարեվարքության ստուգում և դատավորների կազմի նորացում։ Վերջին տարիներին նոր նշանակված, ինչպես նաև առաջխաղացում ունեցած դատավորները, որոնք կազմում են գործող դատավորների շուրջ 60 տոկոսից ավելին, անցնել են բարեվարքության ստուգում։ Բնականոն սերնդափոխության և զտման շրջանակներում 2018-2022 տարբեր հիմքերով դատական համակարգը լքել է 64 դատավոր, ևս 33 դատավոր հրաժեշտ է տվել պաշտոնին միայն 2023 թվականին։ Մեկ այլ կարևոր վիճակագրություն. հեղափոխությունից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով դադարեցվել է 30 դատավորի լիազորություն, որից 8-ը դադարեցվել է վերջին մեկ տարվա ընթացքում։ Այս ամենը հնարավոր է դարձել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության նախարարության, Դատական դեպարտամենտի արհեսատավարժ աշխատանքի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի բոլոր նախկին ու գործող անդամների մեծ ջանքերի շնորհիվ:

ԲԴԽ ոչ դատավոր անդամ Ե. Թումանյանցը դատական դեպարտամենտի միջոցներով պատրաստված և 2024 թվականի հունվարի 12-ին հրապարակված՝ «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը» վերտառմամբ ֆիլմում (ԲԴԽ անդրանիկ տեսանյութ) խոսելով կոռուպցիայի ու վեթինգի մասին, դատավոր Դավիթ Հարությունյանի՝ գեղարվեստական ֆիլտրով («sketch») լուսանկարն օրագրից պոկվող էջերի շարքում պատկերելով, նշել է, որ կոռուպցիայի ու վեթինգի առումով դատական կազմի փոփոխություններ են տեղի ունեցել որոշակի զտման աշխատանքների ու բնականոն սերնդափոխության արդյունքում։

28. 2023 թվականի հունիսի 27-ին՝ դատավորներ Դավիթ Հարությունյանի և այլ դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթների քննության ընթացքում, դատական նիստերին չներկայացող նախարարն ու խորհրդակցական սենյակ հեռացած Կարեն Անդրեասյանը Իսահակյան փողոցի 24/1 հասցեում գործող «Rosemary» (կամ «campagna») սննդի օբյեկտում հանդիպել են, այդտեղ է գտնվել նաև ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը12: Այդ մասին հայտնի է դարձել մամուլում, ԲԴԽ անդամները հանդիպումը չէին բացահայտել, իսկ բացահայտումից հետո Կարեն Անդրեասյանը լրագրողներին այն մեկնաբանել էր որպես քննվող վարույթների հետ չկապված հարցերի քննարկում և այլն։

29. 2022 թվականին Նախարարը ստացել է աշխատավարձ, որը կազմում է 13 476 985 ՀՀ դրամ, մինչդեռ «ԷՅ ԷՄ իրավաբանական ընկերությունից» նույն տարում ստացել է 17 399 999 ՀՀ դրամ։ Այսինքն ընկերությունից, որի տնօրենը Կարեն Անդրեասյանի կինն է. նախարարը ստացել է ավելի շատ գումար, քան նրա աշխատավարձն է։ Ինչպես պարզվել է հետագայում դատավոր Հարությունյանի վարույթի քննության ժամանակահատվածում՝ 2023 թվականին, Գրիգոր Մինասյանը պետությունից աշխատավարձ է ստացել 20.9 մլն դրամ, իսկ Կարեն Անդրեասյանի կնոջը համասեփականությամբ պատկանող ու ղեկավարած կազմակերպությունից՝ «ԷՅ ԷՄ իրավաբանական ընկերությունից» որպես տարածքի վարձավճար 21.5 միլիոն դրամ ու 47.1 միլիոն դրամ նույն ընկերությունից որպես շահաբաժին13։ «Կարեն Անդրեասյանի կինը, գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրի՝ միայն 2023 թ. ընթացքում «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ից որպես շահաբաժին ստացել է 31 մլն 412 հազ. դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2022 թ. շահաբաժինը եղել է մոտ 4 մլն 117 հազ. դրամ։ Խոշոր շահաբաժին ստացել է նաև ընկերության համասեփականատեր Գրիգոր Մինասյանը։ Նա 2023թ. ստացել է 47 մլն 117 հազ. դրամ, իսկ 2022-ին՝ 6 մլն 175 հազ.14»։

29.1. 2023 թվականի հունիսի 27-ին մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հունիսի 23-ին՝ դատավորների վերաբերյալ քննվող վարույթների ընթացքում, Մինասյանը որոշել է լուծել նախկինում կնքված պայմանագիրը ու կնքել բաժնեմասի հավատարմագրային կառավարման նոր պայմանագիր։

30. Թե Գրիգոր Մինասյանը և թե Կարեն Անդրեասյանը, գաղափարական, քաղաքական հայացքներ կիսելուց, ընկերներ լինելուց զատ, մերձավոր ազգականի կողմից ղեկավարած համատեղ սեփականություն հանդիսացող կազմակերպությունից ստացել են պետական աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող գումար, կիսել են շահույթ։ Թե դրանից առաջ ու հետո անձամբ մերձավոր ազգականների միջոցով տնօրինել առաձնապես խոշոր չափերի գույք, միմյանց միջև իրականացրել գործարքներ՝ առաջացնելով ֆինանսական պարտավորվածություններ, որոնք ամբողջ ծավալով չեն բացահայտել, թաքցրել են՝ նշելով, թե ֆինանսական համատեղ շահեր չունեն, դա մանիպուլյացիա է (տես Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումները), Մինասյանը դա համարել է զրպարտություն, Կարեն Անդրեասյանը դա ուղղակի որակել է նաև որպես ընտանիքի անդամի աշխատանք և այլն։

31. Մինչև 2023 թվականի հուլիսի 3-ը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցումը ու դրան նախորդող ժամանակահատվածում արդարադատության նախարարությունը բազմաթիվ վարույթներ է հարուցել դատավորների նկատմամբ՝ նրանց կողմից արված հրապարակային դատողությունների, հարցազրույցների կապակցությամբ, մի քանիսի վերաբերյալ կայացվել են նաև լիազորությունները դադարեցնելու մասին որոշումներ։ Ըստ ԲԴԽ պաշտոնական կայքի՝ 2023 թվականի հուլիսի 3-ից հետո որևէ դատավորի նկատմամբ որևէ վարույթ նշված հիմքով չի հարուցվել, պատասխանատվության ենթարկելու միջնորդություններ չեն ներկայացվել։

 

II- Հարցի քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները.

1.1. 2023թ. հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացվել և 2023թ. հուլիսի 26-ին հրապարակվել է որոշում, ըստ որի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են։

1.1.1. Դատավորը վարույթի ընթացքում զրկված է եղել դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, մինչդեռ ԲԴԽ որոշման «3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ» մասում, իբրև դատավորի դիրքորոշում, որոշումը կազմողի կողմից զետեղվել է մինչև ԲԴԽ-ում գործի քննությունը Դավիթ Հարությունյանի կողմից 12.05.2023 թվականին և 19.05.2023 թվականին նախարարին ուղարկված գրությունների որոշակի հատվածներ։

1.2. Դավիթ Հարությունյանը 2024 թվականի հունվարի 3-ին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։

1.3. Սահմանադրական դատարանը 2024 թվականի մայիսի 21-ի նիստում քննության է առել Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա գործը։

1.4. Սահմանադրական դատարանը 21.05.2024թ. կայացրել է մասնավորապես թիվ ՍԴՈ-1729 որոշումը, որը համահասանելի է դատարանի պաշտոնական կայքում։

1.4.1. Որոշման եզրափակիչ մասի համաձայն՝

«1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը։

2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:

3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններով։

4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

1.4.2. ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը 2024 թվականի հունիսի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում Դ. Հարությունյանի գործից ու Սահմանադրական դատարանի որոշման մասին խոսելիս, ի թիվս այլ պնդումների, նշել է, որ իր և պատգամավորների հարց ու պատասխանից տպավորություն է ստացել, թե չեն պատրաստվում կատարել Սահմանադրական դատարանի որոշման պահանջները, մինչդեռ այդ մասին դիմում չեն ստացել։ Նշել է նաև, որ պատգամավորները մտահոգվել են մի անձով, անկախ նրա ունեցած կապերից և կարգավիճակից։

1.4.3. 2024 թվականի հուլիսի 21-ին Արդարադատության նախարարի խորհրդական Ա. Սուջյանը, որը նախարարի կողմից լիազորված անձն է եղել ԲԴԽ-ում, «Արդար ու անկա՞խ է արդյոք ՀՀ դատական համակարգը» թեմայով հանրային հեռուստաընկերության եթերում Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա կայացված Սահմանադրական դատարանի որոշման մասին խոսելիս նշել է, որ Սահմանադրական դատարանը անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնց անդրադառնալու լիազորությունը չուներ։

1.4.4. Նշված հարցազրույցը Ա. Սուջյանը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում, և նշված հարցազրույցն արժանացել է շուրջ երկու տասնյակ հավանումի (like է հավաքել), որոնց թվում են փոխնախարար Կարեն Կարապետյանը, և հատկապես դիտարժան է այն անձամբ նախարար Գրիգոր Մինասյանի կողմից հավանության արժանանալը։

1.5. Հաշվի առնելով վերոգրյալը, մասնավորապես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 157-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը՝ Դավիթ Հարությունյանը ներկայացրել է դիմում ԲԴԽ 2023 թվականի հուլիսի 3-ի թվագրմամբ ԲԴԽ-57-Ո-Կ-16 իմ վերաբերյալ կայացրած որոշումը օրենքով, մասնավորապես նույն հոդվածով նախատեսված կարգով վերանայելու մասին։

1.6. 2024 թվականի սեպտեմբերի 4-ին Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային փոստին ուղարկվել է «Ծանուցագիր» վերտառմամբ դատական դեպարտամենտի ղեկավարի ստորագրությամբ փաստաթուղթը՝ հետևյալ բովանդակությամբ.

«Տեղեկացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդին (այսուհետ նաև՝ Խորհուրդ) ուղղված «Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ ԲԴԽ 2023 թվականի հուլիսի 3-ի թվագրմամբ թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայելու մասին» Ձեր 20.08.2024թ. միջնորդության (այսուհետ՝ Միջնորդություն) քննության հարցը ներառվել է Խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում։ Միջնորդության քննությանն ուղղված գործողությունների վերաբերյալ հայտնվում է հետևյալը.

2024 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած նիստի ընթացքում Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել է 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, որը Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է։

Նիստը նախագահողի պարտականությունները ստանձնել է Խորհրդի տարիքով անդամ Արմեն Դանիելյանը մասնակցությամբ Խորհրդի անդամներ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի։

Միջնորդության քննության ընթացքի նկատմամբ կիրառելի իրավունքի վերաբերյալ հայտնվում է հետևյալը.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 157-րդ հոդվածը կարգավորում է Խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով որոշումների վերանայման ընդհանուր հարցերը, սակայն չի բովանդակում Խորհրդում այդ վերանայման ընթացքը կարգավորող մանրամասն դրույթներ։ Բարձրագույն դատական խորհրդի «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ (այսուհետ՝ Աշխատակարգ) ևս չի նախատեսում՝ Օրենսգրքի նշված հոդվածով սահմանված վերանայման գործընթացի իրականացման կանոններ։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա)։

Միջնորդության քննարկման պատշաճ ընթացքն ապահովելու նկատառումով՝ Օրենսգրքի 157-րդ հոդվածով և Աշխատակարգով՝ Խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով որոշման վերանայման ընթացակարգը սահմանող կարգավորումների բացակայության հանգամանքով պայմանավորված, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական հնարավորության հաշվառմամբ որոշում է կայացվել նոր հանգամանքի հիմքով Խորհրդի ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշման վերանայման ընթացքի նկատմամբ կիրառել համանման հարաբերությունները կարգավորող իրավական նորմը՝ Օրենսգրքի 156.1-րդ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը բողոքարկելը» վերտառությամբ հոդվածով (դրա էության հաշվառմամբ) և դրա իրացմանն ուղղված Աշխատակարգի 1-ին հավելվածի 9-րդ գլխով սահմանված կանոնները։

Միջնորդությամբ ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված, Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի զեկուցմամբ այն քննության կառնվի գրավոր ընթացակարգով 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 16:30-ին, իսկ զեկույցի ներկայացման արդյունքում ի հայտ եկած հարցադրումները գրավոր կուղղվեն Ձեզ»։

1.7. Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչները դիմել են ԲԴԽ-ին գործի նյութերին ծանոթանալու խնդրանքով։

1.8. Պարզվել է, որ գործի (վարույթի նյութերում) թղթապանակում առկա են առանց համարակալման ու ցուցակի հետևյալ փաստաթղթերը (ըստ տեղադրման)՝

ա) ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի 2024 թվականի օգոստոսի 27-ի թվագրմամբ միջնորդությունը՝ «ինքնաբացարկի հարցը ԲԴԽ քննարկմանը ներկայացնելու մասին»՝ 2 թերթ,

Պատճառաբանական մասում նշված է. «2024 թվականի հունիսի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցած Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի շրջանակներում՝ պատգամավոր Արսեն Թորոսյանի կողմից Սահմանադրական դատարանի 2024 թվականի մայիսի 21-ին ընդունած թիվ ՍԴՈ-1729 որոշման և Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիմքով դատավորի լիազորությունների դադարման առնչությամբ հնչեցված հարցերին, այդ թվում նաև՝ վերոնշյալ հարց ու պատասխանից բխող պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի կողմից հնչեցված հարցերին ի պատասխան, ինչպես նաև տարբեր այլ ֆորմատներով քննարկումների ժամանակ հանդիսանալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ և որպես Խորհրդի ներկայացուցիչ արտահայտել եմ որոշակի դիրքորոշումներ նշված հարցի առնչությամբ, ինչն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով իմ անաչառության մեջ։ Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի, 71-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անաչառ դիտորդի և դատավարության մասնակիցների մոտ ողջամտորեն կարող են կասկածներ առաջացնել սույն գործով իմ անաչառության վերաբերյալ, նման պայմաններում ժողովրդավարական պետության սկզբունքներին և արդարադատության պահանջներին համահունչ՝ գտնում եմ, որ սույն գործով պետք է հայտնել ինքնաբացարկ»։

Մինչդեռ Կարեն Անդրեասյանի խորհրդական Մ. Գևորգյանի մամուլի համար տարածած 04.09.2024թ. հաղորդագրության համաձայն՝

(...) ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից հայտնված տեղեկության համաձայն՝ նա իր ինքնաբացարկը հիմնավորել է այն հանգամանքով, որ Դավիթ Հարությունյանի դատավորի լիազորությունները դադարեցնելուց հետո նա այս գործի մասին որպես Խորհրդի նախագահ ներկայացրել էր մեկնաբանություններ և պարզաբանումներ, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, երբ ՔՊ խմբակցության երկու պատգամավորներ մտահոգվել էին Դավիթ Հարությունյանի համար։ Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է իր ինքնաբացարկի միջնորդությունը և նա չի մասնակցի այս գործի վերանայման գործընթացին (...):

բ) 03.09.2024թ. նիստի արձանագրություն՝ «Դավիթ Հարությունյանի դիմումի քննության վերաբերյալ»՝ 2 թերթ,

Ըստ արձանագրության.

«ՆԱԽԱԳԱՀ։ Քննության առնվեց Դավիթ Հարությունյանի դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի հիմքով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու վերաբերյալ:

ՆԱԽԱԳԱՀ։ Խորհրդի նախագահը պնդեց 27.08.2024 թվականին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Խորհրդակցական սենյակում քննարկման արդյունքում Խորհուրդը որոշեց բավարարել Խորհրդի նախագահի ինքնաբացարկի միջնորդությունը և օրենքի ուժով Խորհրդի նիստը շարունակեց նախագահել Խորհրդի տարիքով ավագ անդամ Արմեն Դանիելյանը։

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Հրապարակվեց Խորհրդի կազմը։

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդի անդամների կողմից բացարկի կամ ինքնաբացարկի միջնորդություններ չհայտնվեցին։

Կիրառման ենթակա իրավունքի որոշման հարցի քննության.

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Օրենքի անալոգիայի կիրառմամբ Խորհուրդը որոշեց սույն վերանայման վարույթի քննության ընթացքը կարգավորող նորմ համարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156.1-րդ հոդվածը, Աշխատակարգից բխող համապատասխան հոդվածները և վերաբերելի իրավակարգավորումները։

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Միջնորդությամբ ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված, Խորհուրդը որոշեց դիմումը քննության առնել գրավոր ընթացակարգով։

Խորհրդի զեկուցող անդամի որոշման հարց.

ՆԱԽԱԳԱՀՈՂ: Որոշվեց Արդարադատության նախարարությանը և Դիմող կողմին գրությամբ ծանուցել սույն վարույթի նկատմամբ կիրառելի իրավունքի, ինքնաբացարկի միջնորդության բավարարման արդյունքում Խորհրդի կազմի, զեկույցի ներկայացումից հետո Դիմողին գրավոր հարցադրումներ ուղղելու, գործի քննության գրավոր ընթացակարգի, հաջորդ նիստի օրվա մասին։ Արդարադատության նախարարությանը ծանուցել նաև դիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի մասին՝ նշելով պատասխան ներկայացնելու ժամկետը։

ՆԱԽԱԳԱՀՈՂ: Դավիթ Հարությունյանի դիմումի քննության վերաբերյալ Խորհրդի հաջորդ նիստը նշանակվեց 17.09.2024 թվականին, ժամը՝ 16։30-ին։

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Նիստը հայտարարվեց փակված։

գ) «Ծանուցագիր» հասցեագրված արդարադատության նախարար Գ. Մինասյանին՝ 3 թերթ,

դ) «Ծանուցագիր» հասցեագրված Դավիթ Հարությունյանին ՝ 2 թերթ,

ե) Մակագրության թերթիկ և Դավիթ Հարությունյանի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 157-րդ հոդվածով նախատեսված կարգով ներկայացրած դիմումն ու կից փաստաթղթերը»։

1.9. 2024 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԲԴԽ դատական նիստ, որի մասին կողմերը և հատկապես դիմողը՝ Դավիթ Հարությունյանը, ծանուցված չի եղել, իսկ այդ նիստի ընթացքում կայացվել են գործի ընթացքը լուծող որոշումներ՝ ինքնաբացարկի, քննության ընթացակարգի և այլն։

1.10 Նշված դատական նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156.1-րդ հոդվածը, որը ԲԴԽ կողմից անալոգիայով համարվել է կիրառելի, նորմ, փաստացի չգործող նորմ է։

1.11 Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչը սեպտեմբերի 10-ին դիմել է ԲԴԽ՝ արդարադատության նախարարի դիրքորոշմանը ծանոթանալու համար, սեպտեմբերի 11-ին դատական դեպարտամենտը պատասխանել է, որ նախարարը դիրքորոշում չի ներկայացրել, ԲԴԽ ներկայացվելու դեպքում այն կտրամադրվի նաև մյուս կողմին։

1.12 Սույն թվականի սեպտեմբերի 16-ի ամսաթվով դատական դեպարտամենտը դիմողի փաստաբանին է ուղարկել արդարադատության նախարար Գ. Մինասյանի դիրքորոշումը։

1.13 2024 թվականի սեպտեմբերի 17-ին Դավիթ Հարությունյանը ներկայացրել է միջնորդություն, ըստ որի.

«(…)

2. Առկա փաստական հանգամանքների, տեղեկությունների վերաբերյալ դիմողի դիրքորոշումը, դրա իրավական հիմքերը և հիմնական պահանջը.

2.1 Դիմում ներկայացնելու պահից առ 2024 թվականի սեպտեմբերի 17-ը ԲԴԽ վարքագիծը համատեղելի չէ իրավական պետությանը բնորոշ իրավական որոշակիության և կանխատեսելիության, ինչպես նան խտրականության արգելքի սկզբունքների հետ, ի թիվս այլոց՝ հետևյալ հիմնավորումների հաշվառմամբ.

ա) Կիրառելի իրավունքի վերաբերյալ ԲԴԽ պնդումն անալոգիա կիրառելու վերաբերյալ անօրինական է: Մասնավորապես, առկա չէ դրա անհրաժեշտությունը, բացի այդ նույն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. Օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը, իսկ 4-րդ մասի համաձայն, Օրենքի անալոգիան և իրավունքի անալոգիան կարող են կիրառվել միայն, եթե տվյալ օրենքով չի արգելվում անալոգիայի կիրառումը։

Այսինքն՝ այն պայմաններում, երբ հատկապես Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված է, որ իրավադրույթների սխալ մեկնաբանման և կիրառման արդյունքում տեղի է ունեցել առնվազն դատավորի լսված լինելու իրավունքի սահմանափակում, գործի հրապարակային քննության իրավունքի խախտում, ապա նման անալոգիայի կիրառումը, հրապարակային դռնբաց դատական նիստում գործի քննության փոխարեն գրավոր իրականացնելու պայմաններում սահմանափակելու է դիմողի իրավունքները, հետևաբար այն չի կարող կիրառվել նաև նշված օրենքի իմաստով։

Ավելին՝ Խորհրդի 2020 թվականին ընդունած ԲԴԽ-68-Ն-15 աշխատակարգը հղում է կատարում վարչական դատավարությանը, իսկ վարչական դատավարությունն էլ պարունակում է առանձին գլուխ նոր հանգամանքով վարույթի վերանայման վերաբերյալ, ինչն ինքնին փաստում է անալոգիայի կիրառման անհրաժեշտության բացակայության մասին։

Դեռ ավելին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156.1-րդ հոդվածը, որը ԲԴԽ կողմից անալոգիայով համարվել է կիրառելի նորմ, փաստացի չգործող նորմ է, ուժի մեջ չի մտել, ԲԴԽ կողմից առ այսօր չի ընդունվել օրենքով՝ այդ նորմի կիրառելիության համար նախատեսված ընթացակարգեր սահմանող նորմատիվ իրավական ակտը։

բ) Օրենսգրքի 156.1-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ ԲԴԽ պնդումը հակասահմանադրական է.

Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1020 որոշմամբ գրավոր ընթացակարգի առնչությամբ արձանագրել է, որ այն պետք է պարունակի հետևյալ կանոնները.

- գրավոր քննության նախապատրաստման և անցկացման կարգը,

- դատավարության մասնակիցների՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վերապահված իրավունքների իրացման կարգը (կապված դատաքննության ողջ ընթացքում գրավոր ապացույցների, լրացուցիչ նյութերի, բացատրությունների, փաստարկների (հակափաստարկների), միջնորդությունների և դրանց ներկայացման ժամկետների ու դատավարական այլ գործողությունների կատարման հետ),

- գրավոր քննության շրջանակներում դատական միջանկյալ ակտերի կայացման կարգը,

- գրավոր դատաքննության ընթացքում դատարանի անհրաժեշտ գործողությունների շրջանակը (կապված՝ մի կողմից, մասնակիցների, մյուս կողմից՝ մասնակիցների և դատարանի միջև փաստաթղթաշրջանառության կազմակերպման ու կարգի (ժամկետների) հետ),

- գրավոր քննության ընթացքի արձանագրման և դրան ծանոթանալու կարգը,

- գրավոր ընթացակարգով քննության արդյունքում գործով ըստ էության որոշման կայացման և հրապարակման կարգը։

Մինչդեռ՝ ԲԴԽ հարցի քննության համար կիրառելի է համարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156.1-րդ հոդվածը, որը ոչ միայն չի գործում, այլև ակնհայտորեն չի պարունակում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից վերը թվարկված հարցերի առնչությամբ կարգավորումներ։ Այլ կերպ ասած՝ անկախ Օրենքի 156.1-րդ հոդվածի կիրառելի չլինելու վերաբերյալ նախորդ կետում ներկայացված փաստարկների այդ նորմի կիրառումը պարունակում է դիմողի արդար դատաքննության իրավունքի իրացվելիության անկառավարելի ռիսկեր և համատեղելի չէ գրավոր ընթացակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած մոտեցումներին։

գ) Հատկանշական է, որ դատավոր Արայիկ Մելքումյանի գործով նույնանման հանգամանքների պայմաններում ԲԴԽ-ն Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքով վարույթը քննել է բանավոր ընթացակարգով և ղեկավարվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածով, (տես՝ 2020 թվականի փետրվարի 27-ի ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշում15)։ Այսինքն՝ նախկինում կիրառած նորմը՝ Օրենքի 157-րդ հոդվածը, և վարչական դատավարության օրենսգրքի համանուն նորմը կիրառելի չի համարվել սույն գործով։

Առկա չէ ԲԴԽ որևէ օբյեկտիվ և պատճառաբանված դիրքորոշում այն կապակցությամբ, թե ինչով է պայմանավորված սույն և դատավոր Արայիկ Մելքումյանի գործերով տարբերակված մոտեցումը, քանի որ երկու դեպքում խոսք է գնում ՀՀ ՍԴ որոշման հիման վրա նոր հանգամանքի ուժով ՀՀ ԲԴԽ որոշման վերանայման մասին, մասնավորապես՝ հիշատակված գործը վերանայվել է բանավոր ընթացակարգով, մինչդեռ դիմողի գործի վերանայման նկատմամբ ՀՀ ԲԴԽ կիրառելի է համարում գրավոր ընթացակարգի կիրառումը։

դ) Օրենքի 156.1-րդ հոդվածի կիրառելիության ՀՀ ԲԴԽ պնդումը հակասում է ՄԻԵԴ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, համաձայն որոնց կիրառելի ընթացակարգերը պետք է կրեն բավարար որոշակիություն «վարույթի» մասնակիցների իրավունքների ու պարտականությունների տեսանկյունից, դրանով իսկ պետք է կիրառվող ընթացակարգի շրջանակներում տեղի ունեցող վարույթային գործողություններն ու դատավարական ակտերը իրենց բնույթով լինեն կանխատեսելի, մինչդեռ սույն դեպքում կիրառելի համարվող ընթացակարգի բովանդակությունը որևէ իրավական ակտով բացահայտված չէ, ինչը զրկում է դիմողին իր իրավունքների իրացվելիությունն արդյունավետորեն ապահովելու հնարավորությունից, իսկ ՀՀ ԲԴԽ օժտվում է կամայականության նմանվող անվերահսկելի և բացարձակ հայեցողությամբ։ Շարադրվածի դրսևորում է հանդիսանում զանգվածային լրատվական միջոցների ներկայության, կիրառելի համարվող գրավոր ընթացակարգի լուսաբանման հնարավորության, որպես արդար դատաքննության իրավունքի իրացման հավելյալ երաշխիքի՝ թույլատրելիության կամ անթույլատրելիության հարցի չբացահայտված լինելը։ Միևնույն ժամանակ դիմողի համար բացահայտված չէ նշանակված դատական նիստին ներկայանալու հնարավորության հանգամանքը, ըստ այդմ ՀՀ ԲԴԽ կողմից հարցեր ունենալու պարագայում դրանք դիմողին հղելու ընթացակարգը (բանավոր կամ գրավոր) և դրանց վերաբերյալ պատասխաններ տալու համար դիմողի ներկայության անհրաժեշտությունը16։

2.2 Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ, տեղի ունեցող քննությունը ստեղծում է արդար դատաքննության իրավունքի իրացման պատրանք, և ակնհայտորեն միտված չէ դիմող ՍԴ կողմից արձանագրված իրավունքների խախտումները վերացնելուն։

Հատկանշական է արդարադատության նախարար Գ. Մինասյանի դիրքորոշումը ԲԴԽ կողմից սույն վարույթով կիրառած ընթացակարգի վերաբերյալ:

Մասնավորապես՝ նախարարը փաստել է, որ այն պայմաններում, երբ Սահմանադրական դատարանը արձանագրել է դիմողի՝ լսված լինելու և գործի քննության հրապարակայնության սկզբունքի խախտում և ԲԴԽ-ն որոշել է գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով, ապա նիստի դռնփակ կամ դռնբաց իրականացնելու քննարկումը համարել է առարկայազուրկ։

Այսինքն՝ ըստ էության նախարարը ևս փաստում է, որ ԲԴԽ-ն դիմումի լուծման համար սահմանելով գրավոր ընթացակարգ (Օրենսգրքի 156.1-րդ հոդվածի կիրառմամբ) առարկայազրկում է Սահմանադրական դատարանի արձանագրած խախտումները վերականգնելու հնարավորությունը կամ դրանք դարձնում է անհնարին։

3. Միջնորդության էությունն ու պահանջը.

3.1 Սույն վարույթի շրջանակներում դիմողի իրավունքները պատշաճ իրացնելու հնարավորություն ստանալու համար միջնորդում եմ հստակորեն պարզաբանել ԲԴԽ կողմից կիրառվող ընթացակարգի առանձնահատկությունները, լրատվամիջոցների, անձանց, դիմողի՝ դատական նիստում գտնվելու հնարավորության կամ անհնարինությանը հարցը, ԲԴԽ գործողությունների հնարավոր հերթականությունը, դիմողի իրավունքներն ու պարտականությունները։

3.2 Դիմողը ցանկանում է և միջնորդում է ընձեռել հնարավորություն՝ ներկայացնել բացարկի միջնորդություններ, նախկինում չհետազոտված նյութեր, ապացույցներ, ներկայացնել վկաներ դատակոչելու միջնորդություններ, հարցեր տալ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրած անձին և/կամ նրա ներկայացուցիչներին (այդ թվում նաև «մեղադրանքի» ձևակերպումների վերաբերյալ), դրանց արդյունքում ներկայացնել բանավոր դիրքորոշում մեղսագրված կարգապահական խախտման վերաբերյալ, պատասխանել նաև դիրքորոշումից բխող կողմի և ԲԴԽ անդամների հարցերին։

Այսինքն՝ դիմողը պահանջում է մասնավորապես ստանալ՝ դատական նիստին անմիջականորեն մասնակցելու հնարավորությամբ պայմանավորված իրավունքների լիարժեք իրացման հնարավորություն։

Մասնավորապես, որպես օրինակ, տեղեկացվում է, որ ԲԴԽ առանձին անդամների բացարկի միջնորդության ներկայացնելու հարցը պայմանավորված է նաև նրանց կողմից ներկայացվելիք պարզաբանմամբ, ինչպես նաև երաշխիքների տրամադրմամբ։ Բացարկի համատեքստում հատկապես դատական նիստում է միայն հնարավոր ԲԴԽ անդամներից պարզել կամ ամրագրել ի թիվս այլոց, նախկին կարգապահական վարույթի հետ կապված որոշմանը ծանոթ չլինելու պայմաններում այն ստորագրելու հարցը, փաստաբաններին ԲԴԽ շենք մուտք գործելն արգելելու հարցով նիստում Կարեն Անդրեասյանի զրուցակցի (ԲԴԽ անդամ) ինքնությունը հստակորեն պարզելու հարցը, դիմողի՝ Դավիթ Հարությունյանի հասցեին և նրա գործին առնչվող հրապարակային՝ իրականությանը չհամապատասխանող կեղծ հայտարարություններ անելու հանգամանքները և այլն։

Ամեն դեպքում վարույթի վերաբերյալ վերջնական դիրքորոշում դիմողը կարող է ներկայացնել միայն բանավոր, այն էլ կողմին հարցեր տալու իրավունքը իրացնելուց, ապացույցներ ներկայացնելու դրանց հետազոտմանը մասնակցելուց հետո։

3.3 Միջնորդում եմ գործի քննությունն իրականացնել հրապարակային, դռնբաց բանավոր դատական նիստում՝ ապահովելով արդար դատաքննության իրավունքի բոլոր տարրերն ու երաշխիքները։

3.4 Ընթացակարգը չփոխելու և քննությունը՝ սեպտեմբերի 3-ի թվագրմամբ դատական նիստում սահմանված ընթացակարգով շարունակելու դեպքում միջնորդում եմ թույլատրել մասնակցել սեպտեմբերի 17-ի դատական նիստին, անմիջականորեն հնարավորություն ստանալու ներկայացնելու իմ փաստարկները, ապացույցները, միջնորդությունները և/կամ լսել, արձանագրել Երանուհի Թումանյանցի (բացարկման ենթակա ԲԴԽ անդամ) զեկույցը»։

1.14. 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ըստ ծանուցագրում նշվածի, Դավիթ Հարությունյանը և նրա ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը, ժամը 16:24 ժամանել են ԲԴԽ վարչական շենք, սակայն կարգադրիչները հայտնել են, որ դատական նիստը դռնփակ է և կողմը չի կարող դրան մասնակցել։ Անհապաղ կազմվել և առձեռն մուտքագրվել է համապատասխան դիմում, որից հետո վերջիններս կրկին փորձել են մուտք գործել դահլիճ, սակայն կարգադրիչների ծառայության ղեկավարը վերահաստատել է, որ զեկուցվել է Դավիթ Հարությունյանի ու նրա փաստաբանի ներկայանալու հանգամանքը, դատական նիստը դռնփակ է իրականացվում՝ կրկին արձանագրելով շենք՝ դատական նիստերի դահլիճ, մուտք գործելու անհնարինությունը։ (Ըստ օրենքի 156.1-րդ հոդվածի՝ կողմերը ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում և նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար)։

1.15. Հաջորդ օրվանից Դավիթ Հարությունյանն ու ներկայացուցիչը բազմաթիվ դիմումներ են հասցեագրել ԲԴԽ՝ խնդրելով տեղեկացնել սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած դատական նիստի, կայացված որոշումների, կատարված դատավարական գործողությունների մասին, թույլատրել ծանոթանալ գործի նյութերին։

1.16. Հասցեագրված բազմաթիվ դիմումներից հետո գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն է ընձեռվել միայն սեպտեմբերի 19-ին՝ տեղի ունեցած դատական նիստից 48 ժամ հետո։

1.17. Գործի (վարույթի նյութերում) նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ գործի թղթապանակում կրկին առանց համարակալման ու ցուցակի առկա էին ավելացած հետևյալ փաստաթղթերը (ըստ տեղադրման)՝

Մասնավորապես՝

ա) Դավիթ Հարությունյանի դիմումի քննության վերաբերյալ Խորհրդի 17.09.2024 թվականի նիստ արձանագրությունը՝ ստորագրված նիստը նախագահողի և քարտուղարի կողմից.

«Նախագահությամբ Ա.Դանիելյանի, մասնակցությամբ Խորհրդի անդամներ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի

ՆԱԽԱԳԱՀՈՂ: Քննության առնվեց Դավիթ Հարությունյանի դիմումը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի հիմքով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու վերաբերյալ։

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Հրապարակվեց Խորհրդի կազմը։

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Տեղեկացվեց՝ 13.09.2024 թվականին Արդարադատության նախարար Գ. Մինասյանի պատասխանը ստանալու մասին, արձանագրվեց Խորհրդի անդամների կողմից այն նախապես ստանալու և ծանոթացած լինելու փաստը, ինչպես նաև Արդարադատության նախարար Գ. Մինասյանի պատասխանը Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ Միքայել Շխիմյանին տրամադրելու հանգամանքը։

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Քննության առնվեց Դավիթ Հարությունյանի կողմից 17.09.2024 թվականին ներկայացված միջնորդությունը։

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց՝ Դավիթ Հարությունյանի կողմից 17.09.2024 թվականին ստացված միջնորդության 3.1. կետի բովանդակությունը։ Արձանագրվեց կիրառվող ընթացակարգի վերաբերյալ Դավիթ Հարությունյանի տեղեկացված լինելը 04.09.2024 թվականին ուղարկված ծանուցագրով և Խորհրդի կողմից լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտության բացակայությունը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156.1-րդ հոդվածի ուժի մեջ մտած լինելը 2020 թվականի մայիսի 2-ից՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 25.03.2020թ. ընդունված թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով։ Լրագրողների, անձանց և Դավիթ Հարությունյանի մասնակցության ապահովման վերաբերյալ արձանագրվեց, որ քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, որի մասին կողմերը պատշաճ ծանուցված են։

ՆԱԽԱԳԱՀՈՂ: Որոշվեց՝ Դավիթ Հարությունյանի կողմից 17.09.2024 թվականին ներկայացված միջնորդության 3.1. կետում մատնանշված միջնորդությունը չբավարարել:

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց Դավիթ Հարությունյանի կողմից 17.09.2024 թվականին ստացված միջնորդության 3.2. կետի բովանդակությանը։

ԽՈՐՀՈՒՐԴ։ Արձանագրվեց Դավիթ Հարությունյանը գրավոր ընթացակարգի քննության ողջ ընթացքում զրկված չէ բացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, այդպիսին ներկայացվելու դեպքում Խորհուրդը սահմանված կարգով կքննարկի այն։ Դավիթ Հարությունյանը զրկված չէ նաև այլ գործողություններ կատարելուց, այդ թվում նյութեր ներկայացնելուց, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք սահմանված են գրավոր ընթացակարգի համար և այդպիսիք կատարվելու դեպքում, Խորհուրդը դրանք քննարկման առարկա կդարձնի։ Արձանագրվեց նաև, որ 17.09.2024 թվականին ներկայացված միջնորդության մեջ վկայակոչված այլ գործողություններ կատարելու մասով, ինչպիսիք են բանավոր դիրքորոշում ներկայացնելը, կողմի և Խորհրդի անդամների հարցերին պատասխանելը, ապա գրավոր ընթացակարգով քննություն իրականացնելու դեպքում նման հնարավորությունը բացակայում է, թեև Դավիթ Հարությունյանը զրկված չէ գրավոր կերպով իրացնելու իր իրավունքները, այդ թվում ներկայացնելու դիրքորոշում, նյութեր և այլն։

ՆԱԽԱԳԱՀՈՂ: Որոշվեց Դավիթ Հարությունյանի կողմից 17.09.2024 թվականին ներկայացված միջնորդության 3.2. կետում մատնանշված միջնորդությունը չբավարարել։

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց Դավիթ Հարությունյանի կողմից 17.09.2024 թվականին ստացված միջնորդության 3.3. և 3.4. կետերի բովանդակությունը։

ԽՈՐՀՈՒՐԴ։ Արձանագրվեց քննությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1229 որոշմամբ տրված մեկնաբանությունների ներքո, հետևաբար, Միջնորդության քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու անհրաժեշտությունը բացակայում է, գրավոր ընթացակարգի շրջանակներում Դավիթ Հարությունյանը զրկված չէ հարցեր տալու, միջնորդություններ, ապացույցներ և փաստարկներ ներկայացնելու հնարավորությունից, ինչպես նաև զեկույցին ծանոթանալու հնարավորությունից, քանի որ այն հանդիսանում է տվյալ քննության նյութ։

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Որոշվեց Դավիթ Հարությունյանի կողմից 17.09.2024 թվականին ներկայացված միջնորդության 3.3. և 3.4. կետերում մատնանշված միջնորդությունները չբավարարել։

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Զեկույցը ներկայացնելու համար խոսքը փոխանցվեց Խորհրդի զեկուցող անդամ Երանուհի Թումանյանցին։ Առաջարկվեց զեկույցը ներկայացնել հակիրճ տարբերակով՝ այն նախապես Բարձրագույն դատական խորհրդի անդամներին տրամադրված լինելու հանգամանքով պայմանավորված, միաժամանակ արձանագրվեց զեկույցի ամբողջական տարբերակը նիստի արձանագրությանը կցելու անհրաժեշտությունը։

ԶԵԿՈՒՑՈՂ։ Զեկույցը ներկայացվեց Խորհրդի զեկուցող անդամ Երանուհի Թումանյանցի կողմից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Արձանագրվեց 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վերաբերյալ գործը հրապարակայնացնելու արգելք այլևս գոյություն չունենալու հանգամանքը։ Որոշվեց հիմք ընդունել Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 որոշմամբ հայտնված դիրքորոշումներն ու արձանագրումները, առաջարկել Դավիթ Հարությունյանին 10-օրյա ժամկետում գրավոր կարգով տրամադրել դիրքորոշում և պատասխանել խորհրդի կողմից բարձրացված հարցերին։

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դավիթ Հարությունյանի դիմումի քննության վերաբերյալ Խորհրդի հաջորդ նիստը նշանակվեց 07.10.2024 թվականին, ժամը՝ 11։00-ին։

ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Նիստը հայտարարվեց փակված։

բ) Բարձրագույն, դատական խորհրդում «Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ ԲԴԽ 2023 թվականի հուլիսի 3-ի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու հարցի քննության վերաբերյալ Ե.Թումանյանցի անստորագիր զեկույցը.

Զեկուցող ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանց

1. Գործի նախապատմությունը.

1.1 Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը 2023 թվականի մայիսի 24-ին N 42-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ նշելով, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6 և 8-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտումը, իսկ կարգապահական վարույթ հարուցելու առիթ՝ զանգվածային լրատվության միջոցի համապատասխան հրապարակումը։

1.2 Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշման համաձայն որոշվել է. «1. Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»։

1.3 Դավիթ Հարությունյանը դիմել է Սահմանադրական դատարան, որը քննելով Դավիթ Հարությունյանի դիմումը 2024 թվականի մայիսի 21-ին կայացրել է որոշում՝ արձանագրելով. «1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը։ 2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար»։

1.4 2024 թվականի օգոստոսին Դավիթ Հարությունյանը (այսուհետ նաև՝ Դիմող) դիմել է Խորհրդին խնդրելով Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայել Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը։

2. էական նշանակություն ունեցող հանգամանքներ.

2.1 Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննելով Դավիթ Հարությունյանի դիմումը՝ 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 որոշումը, որով Սահմանադրական դատարանը անդրադարձել է 2 հարցադրման, այն է՝

- արդյոք Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանության պայմաններում, որի համաձայն որպես դատարան հանդես գալու դեպքում Խորհրդի նիստերը կարող են անցկացվել դռնփակ՝ արդարադատության շահերի պաշտպանության նպատակով, նաև այն դեպքում, երբ դռնփակության համար հիմք հանդիսացող փաստերը կարգապահական վարույթի քննության պահին արդեն իսկ հանրայնացվել են, ապահովվում է անձի Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորությունը գործի հրապարակային քննության իրավունքի երաշխավորման համատեքստում,

- արդյոք Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանության պայմաններում, որի համաձայն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել առանց երաշխավորելու նշված սանկցիայի կիրառումից հետո դատավորի ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը, համահունչ է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի և Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը։

Անդրադառնալով 1-ին հարցադրմանը, այն է՝ Օրենսգրքի 90-րդ հոդվածի 6-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «5.1. (...) Խորհրդի կողմից կարգապահական վարույթի դռնփակ քննությամբ հրապարակայնության սկզբունքի սահմանափակումը հիմնվել է Խորհրդի այն դիրքորոշման վրա, որի համաձայն դատավորի կողմից հարցազրույցում արտահայտված Խորհրդի գործունեությունը քննադատող կարծիքի կրկնությունը դռնբաց դատական նիստում, կարող է թիրախավորել դատական իշխանության հեղինակությանն ու այդպիսով վնասել արդարադատության շահերը։ Այնինչ, դատական իշխանության հեղինակությունը թիրախավորելու հանգամանքից զերծ, կոնկրետ կարգապահական վարույթով արդարադատության իրականացման արդյունավետության և դրա ընթացքը խոչընդոտելու որևէ հանգամանք չի վկայակոչվել։ Ավելին, Դիմողի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել և հաջորդաբար Բարձրագույն դատական խորհրդում իրականացվել է հենց իր կողմից թույլ տրված արտահայտություններով դատավորի վարքագծի կանոնների խախտումների առնչությամբ, որի վերաբերյալ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման որոշման հիմքում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «արդարադատության շահի» պաշտպանության նպատակի համար չի ներկայացվել ոչ ապացույցների ձեռքբերման, հետազոտման և դրանց ամբողջականությունը և անխախտելիությունը պաշտպանելու, ոչ էլ ինքնին վարույթի ընթացքը խոչընդոտելու վտանգ պարունակող այլ հանգամանք։ Արձանագրվածով հանդերձ, Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ Դատավորի կողմից կատարված արտահայտությունները, որոնք հիմք էին հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար, արդեն իսկ հանրայնացվել էին տարածվելով զանգվածային լրատվության միջոցներով, և հանրությանը հայտնի էին դարձել նախքան կարգապահական վարույթի հարուցումը։ Այսինքն՝ արդարադատության շահերի պաշտպանության նպատակով կարգապահական վարույթը դռնփակ դատական նիստում իրականացնելու մասին որոշման կայացման պահին նման արտահայտությունները, որոնց իրավաչափության գնահատականը վերապահված է Բարձրագույն դատական խորհրդի իրավասությանը, կարգապահական վարույթի հրապարակայնության սահմանափակման վերաբերյալ որոշման մեջ այլ հիմնավորման բացակայության պայմաններում արդեն իսկ ունեցել էին իրենցով դատական իշխանության հեղինակության նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդի գնահատականով վնասելու ազդեցությանը։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խորհրդի կողմից Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում նշված նորմի սահմանադրաիրավական նշանակությանն ու բովանդակությանը և այդպիսով չի ապահովում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման պահանջները՝ հանգեցնելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման։»։ Անդրադառնալով 2-րդ հարցադրմանը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերաբերյալ, Սահմանադրական դատարանն արձանագրել է. «5.2 (...) «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան Խորհրդի կողմից Դատավորի նկատմամբ կիրառվել է վերջինիս ներկայացուցիչների բացակայության պայմաններում, և Դատավորի դատական նիստերի դահլիճից հեռացվելուց շուրջ 20 րոպե անց սույն գործի դատաքննությունն ավարտվել է։ Այսինքն Խորհրդի կողմից իրականացված վարույթում իր դատական լիազորությունների գործադրման և որոշումների իրավաչափության նկատմամբ հարգանքով հանդերձ, Սահմանադրական դատարանը նկատում է, որ Դիմողի կողմից իր լսված լինելու իրավունքի իրացման առնչությամբ Խորհրդի կողմից կիրառված սանկցիայի ազդեցությամբ դատական նիստերի դահլիճում վարույթին մասնակցելու անհնարինության պայմաններում Դիմողն ի վիճակի չի եղել ներկայացնել իր դիրքորոշումները նույնիսկ գրավոր կերպով առանց նիստին անձամբ կամ իր ներկայացուցիչների միջոցով մասնակցելու իր հեռացման և դատաքննության ավարտի իր կողմից գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու համար ոչ ողջամիտ, եթե ոչ անհնարինությունը սահմանագծող, սեղմ ժամկետի պատճառով։ Ամբողջացնելով սույն սահմանադրաիրավական վեճի պատկերը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի նմանօրինակ մեկնաբանման և կիրառման հետևանքով ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է Դատավորի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է Դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած՝ նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը։ Այս համատեքստում Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ խնդրո առարկա դատական սանկցիայի կիրառումը բոլոր դեպքերում չպետք է հանգեցնի անձի լսված լինելու իրավունքի չեզոքացման։ Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։ (...)»:

2.2 Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ Դիմողի լիազորությունների դադարեցման համար հիմք է հանդիսացել Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված էական կարգապահական խախտումը, որը դրսևորվել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջների խախտումներով։ Մասնավորապես, Օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների խախտումները դրսևորվել են դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող հրապարակային արտահայտություններ թույլ տալով, ինչպես նաև դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց և այնպիսի վարքագիծ դրսևորելուց զերծ չմնալով, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը։

2.3 Խորհրդի 03.07.2023 թվականի ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշման համաձայն. «(...) Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կատարված արտահայտություններով թույլ են տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջների խախտումներ, մասնավորապես, վերջինիս կողմից կատարված արտահայտությունները վարկաբեկում են դատական իշխանությունը, նման արտահայտություններով նվազեցվում է հանրության վստահությունը դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ, ինչպես նաև հրապարակայնորեն կասկածի տակ են առնում Խորհրդի որոշումների օրինականությունն ու որոշումների կայացման ընթացքում Խորհրդի անդամների անկախությունը և անաչառությունը անկախ այն հանգամանքից, թե Դատավորի կողմից «անօրինական» որակված Խորհրդի որոշումները հանդիսանում են Խորհրդի որպես դատարանի իրավակիրառ գործունեության և թե Օրենսգրքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման արդյունք»։ (...): Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ: (...)»:

Այսպիսով, Սահմանադրական դատարանի դիրքորոշման հաշվառմամբ, կարևորելով կարգապահական վարույթների քննության հրապարակայնության ապահովվումը և Սահմանադրական դատարանի կողմից որոշմամբ մատնանշված «ստվերային արդարադատության» կայացման մասին հանրային ընկալումների սերմանումը կանխելու անհրաժեշտությամբ պայմանավորված, միաժամանակ հաշվի առնելով Դիմողի՝ արդեն իսկ դատավորի կարգավիճակ չունենալու հանգամանքը, կարծում եմ, որ 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Դիմողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վերաբերյալ գործը հրապարակայնացնելու արգելք այլևս գոյություն չունի։

 Միաժամանակ, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի կողմից իր որոշմամբ արտահայտված վերոնշյալ դիրքորոշումները, առաջարկում եմ Դիմողին գրավոր ուղղել հետևյալ բովանդակությամբ հարցադրումները.

1) 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Դիմողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում Դիմողի կողմից հայտնած տեղեկությունների ու դիրքորոշումներից զատ ի՞նչ տեղեկություն/դիրքորոշում է ունեցել հայտնելու Խորհրդին Դիմողը, որը չի ներկայացրել «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կիրառելու պատճառով,

2) 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Դիմողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում Դիմողի կողմից ներկայացված որևէ ապացույցի վերաբերյալ ինչ լրացուցիչ տեղեկատվություն և/կամ դիրքորոշում է ունեցել հայտնելու Խորհրդին Դիմողը, որը չի ներկայացրել «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կիրառելու պատճառով։

Նշված հարցադրումների վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար առաջարկվում է Դիմողին տրամադրել 10-օրյա ժամկետ։

գ) Ծանուցագիր՝ հասցեագրված արդարադատության նախարարին՝

«Ինչպես տեղեկացված էիք Բարձրագույն դատական խորհրդին (այսուհետ նաև՝ Խորհուրդ) ուղղված «Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ ԲԴԽ 2023 թվականի հուլիսի 3-ի թվագրմամբ թիվ ԲԴԽ-57-Ո-4-16 որոշումը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայելու մասին» Դավիթ Հարությունյանի 20.08.2024թ. միջնորդությամբ (այսուհետ՝ Միջնորդություն) ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված, Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի զեկուցմամբ այն նախատեսվում էր քննության առնել գրավոր ընթացակարգով 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 16:30-ին:

Վերոնշյալ քննության ընթացքում քննարկվել է նաև նույն օրը սեպտեմբերի 17-ին, Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված միջնորդությունը, որը չի բավարարվել։ Միաժամանակ Խորհուրդը, նկատի ունենալով Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 որոշմամբ հայտնված դիրքորոշումներն ու արձանագրումները, սահմանել է 10-օրյա ժամկետ Դավիթ Հարությունյանից դիրքորոշում ստանալու և Խորհրդի հարցադրումներին պատասխանելու համար։

Տեղեկացվում է նաև, որ Միջնորդության քննությունը գրավոր ընթացակարգով կշարունակվի 2024 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին»։

դ) Ծանուցագիր՝ հասցեագրված Դավիթ Հարությունյանին.

«Ինչպես տեղեկացված էիք Բարձրագույն դատական խորհրդին (այսուհետ նաև՝ Խորհուրդ) ուղղված «Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ ԲԴԽ 2023 թվականի հուլիսի 3-ի թվագրմամբ թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայելու մասին» Ձեր 20.08.2024թ. միջնորդությամբ (այսուհետ՝ Միջնորդություն) ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված, Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի զեկուցմամբ այն նախատեսվում էր քննության առնել գրավոր ընթացակարգով 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 16։30-ին։

Վերոնշյալ քննության ընթացքում քննարկվել է նաև Ձեր կողմից նույն օրը սեպտեմբերի 17-ին, ներկայացված միջնորդությունը, որը չի բավարարվել։ Մասնավորապես, 17.09.2024 թվականին ներկայացված միջնորդության 3.1. կետում մատնանշված պարզաբանման կապակցությամբ արձանագրվել է, որ կիրառվող ընթացակարգի վերաբերյալ Դավիթ Հարությունյանը (այսուհետ նաև՝ Դիմող) տեղեկացվել է 04.09.2024 թվականին ուղարկված ծանուցագրով և լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտությունը բացակայում է։ Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 156.1-րդ հոդվածի ուժի մեջ մտած չլինելու հանգամանքին, ապա արձանագրվել է, որ նշված հոդվածն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 2-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 25.03.2020թ. ընդունված թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով։ Լրագրողների, անձանց և Դիմողի մասնակցության ապահովման վերաբերյալ պարզաբանման կապակցությամբ կրկին արձանագրվել է, որ Միջնորդությունը քննության է առնվել գրավոր ընթացակարգով, որի մասին կողմերը պատշաճ ծանուցված են եղել։

17.09.2024 թվականին ներկայացված միջնորդության 3.2. կետում մատնանշված հարցի կապակցությամբ արձանագրվել է, որ Դիմողը գրավոր ընթացակարգի քննության ողջ ընթացքում զրկված չէ բացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից և այդպիսին ներկայացվելու դեպքում Խորհուրդը սահմանված կարգով կքննարկի այն։ Ինչ վերաբերում է մյուս գործողություններին, այդ թվում նյութեր ներկայացնելուն, ապա Խորհուրդն արձանագրել է, որ Դիմողը զրկված չէ այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք օրենսդրությամբ սահմանված են գրավոր ընթացակարգի համար և այդպիսիք կատարվելու դեպքում, Խորհուրդը դրանք ևս քննարկման առարկա կդարձնի։ Միաժամանակ անդրադառնալով 17.09.2024 թվականին ներկայացված միջնորդության մեջ վկայակոչված այլ գործողություններ կատարելու Դիմողի մատնանշմանը, ինչպիսիք են բանավոր դիրքորոշում ներկայացնելը, կողմի և Խորհրդի անդամների հարցերին պատասխանելը, ապա արձանագրվել է, որ գրավոր ընթացակարգով քննություն իրականացնելու դեպքում նման հնարավորությանը բացակայում է, թեև Դիմողը զրկված չէ գրավոր կերպով իրացնելու իր իրավունքները, այդ թվում ներկայացնելու դիրքորոշում, նյութեր և այլն։

17.09.2024 թվականին ներկայացված միջնորդության 3.3. և 3.4. կետերում մատնանշված հարցերի առնչությամբ, Խորհուրդն արձանագրել է, որ Միջնորդության քննությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 որոշմամբ տրված մեկնաբանությունների ներքո, հետևաբար, Միջնորդության քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու անհրաժեշտությունը բացակայում է։ Ինչ վերաբերում է հարցեր տալուն, միջնորդություններ, ապացույցներ և փաստարկներ ներկայացնելուն, ապա արձանագրվել է, որ Դիմողը գրավոր ընթացակարգի շրջանակներում զրկված չէ նշված հնարավորությունից։ Միաժամանակ արձանագրվել է, որ Դիմողը զրկված չէ նաև զեկույցին ծանոթանալու հնարավորությունից, քանի որ այն հանդիսանում է տվյալ քննության նյութ և Դիմողը կարող է ծանոթանալ զեկույցի բովանդակությանը։

Հիմք ընդունելով վերոնշյալը 17.09.2024 թվականին Դիմողի կողմից ներկայացված միջնորդությունը չի բավարարվել։

Միաժամանակ Խորհուրդը, նկատի ունենալով Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 որոշմամբ հայտնված դիրքորոշումներն ու արձանագրումները, 10-օրյա ժամկետում ակնկալում է ստանալ Ձեր դիրքորոշումը և հետևյալ հարցադրումների պատասխանները.

1) 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Ձեր նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում Ձեր կողմից հայտնած տեղեկությունների ու դիրքորոշումներից զատ ինչ տեղեկություն/դիրքորոշում եք ունեցել հայտնելու Խորհրդին, որը չեք ներկայացրել «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կիրառելու պատճառով,

2) 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Դիմողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում Ձեր կողմից ներկայացված որևէ ապացույցի վերաբերյալ ինչ լրացուցիչ տեղեկատվություն և կամ դիրքորոշում եք ունեցել հայտնելու Խորհրդին, որը չեք ներկայացրել «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կիրառելու պատճառով։

Տեղեկացվում է նաև, որ Միջնորդության քննությունը գրավոր ընթացակարգով կշարունակվի 2024 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին»։

1.18. 2024 թվականի սեպտեմբերի 24-ին փաստաբան Զորայր Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ.

«20.08.2024 թվականին ներկայացվել է «Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ ԲԴԽ 2023 թվականի հուլիսի 03-ի թվագրմամբ թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայելու մասին» դիմում: 03.04.2024 թվականին ներկայացված դիմումի կապակցությամբ կայացվել է նիստ, որի ընթացքում օրենքի բացի առկայության պատճառաբանությամբ որոշվել է դիմումի քննության իրականացման նկատմամբ կիրառելի համարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156.1-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը։

17.09.2024 թվականին Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացվել է միջնորդություն, որը մեծապես վերաբերել է դիմումի քննարկումը բանավոր իրականացնելուն, ինչն իմ համոզմամբ կնպաստեր ՀՀ սահմանադրությամբ և ՄԻԵԿ կողմից երաշխավորված արդար դատաքննության իրավունքի իրացվելիությանը։

17.09.2024 թվականին ներկայացված դիմումի կապակցությամբ կայացել է նիստ, որի արդյունքում ներկայացված միջնորդությունները մերժվել են, ուղղվել են գրավոր հարցեր, իսկ պատասխանների ներկայացման համար սահմանվել է 10-օրյա ժամկետ։

Նկատի ունենալով, տեղի ունեցող քննության իրականացման կարգի անհստակությունը, հրավիրվող նիստերի ընթացքում կատարվող գործողությունների ու դրանց արդյունքում կայացվելիք որոշումների, ինչպես նաև մեր և վստահորդիս կողմից որևէ գործողության կամ անգործության դրսևորման հնարավոր հետևանքների կանխատեսման անհնարինությունը, պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ խնդրում եմ տրամադրել իրավունքների իրազեկում, պարզաբանում ստորև շարադրված հարցերի վերաբերյալ՝

1. Ներկայումս իրականացվող քննության արդյունքում ինչպիսի դատական ակտ/ակտեր/ կարող են կայացվել, որ օրենսգրքի որ հոդվածներով է առաջնորդվելու խորհուրդը։

2. Արդյոք Խորհուրդն իրականացնում է վերանայման վարույթ և դեռևս պետք է կայացվի վերանայման դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում, թե՞ խորհրդի գնահատմամբ վերանայումն ավարտված է և արդեն իսկ իրականացվում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթի բովանդակային քննություն ՀՀ ՍԴ կողմից արձանագրված իրավունքների խախտումների վերացման նպատակով։

3. Հայցվող հարցերի պատասխանները ի՞նչպիսի հնարավոր դատական ակտի(երի) կայացման համար են ծառայեցվելու։

4. Խորհուրդը, ժամկետներ, մասնավորապես 10-օրյա ժամկետ տրամադրելով, արդյոք առաջնորդվում է նախկին պրակտիկայով, այսինքն հաշվարկում ներառվում են աշխատանքային օրերը, թե ոչ»:

1.19. Միջնորդության վերաբերյալ որևէ պատասխան չի ստացվել 2024 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ։

1.20. 2024 թվականի սեպտեմբերի 30-ին Դավիթ Հարությունյանը, հաշվի առնելով, որ ԲԴԽ-ն քննությունն իրականացնում է գրավոր ու դռնփակ, սակայն նշել է, թե կարող է հարցեր ուղղել, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում թե գրավոր բազմաթիվ միջնորդությունների հիման վրա և թե հրապարակային խնդրանքների պայմաններում նախարարը հրաժարվել է տվյալ գործով ներկայանալ ԲԴԽ, տվյալ պահին էլ առկա չէ դատական նիստում Դավիթ Հարությունյանին վերագրվող մեղադրանքի վերաբերյալ նախարարին հարցեր ուղղելու, պատասխաններ ստանալու, պատասխաններից բխող հարցեր հղելու հնարավորություն և այլն, ու նման գործելաոճն արդյունավետ չէ, այդուհանդերձ հաշվի առնելով ԲԴԽ արձանագրումը՝ հարցեր տալու հնարավորության մասին, ուղղել է հարցեր նախարարին։

Նշվել է, որ պատասխաններն անհրաժեշտ են մասնավորապես վերջնական դիրքորոշում հայտնելու հնարավորություն ստանալու համար։

Քանի որ դիմումի քննարկման ընթացակարգերը, կարգը չի պարզաբանվել, հարցերն ուղարկվել են ԲԴԽ՝ դրանք նախարարին վերահասցեագրելու, պատասխանները ստանալու և դիմողին տրամադրելու համար։

Հարկ է արձանագրել նաև, որ դեռևս 2023 թվականի հունիսին, Դավիթ Հարությունյանը նախարար Մինասյանին գրություններ էր հասցեագրել՝ խնդրելով պատասխանել ստույգ հարցերի՝ կապված, թե վարույթի մեղադրանքի հիմքերի և թե նրա ու խորհրդի նախագահի կապերի մասին, որին նախարար Մինասյանը Ե-11/2023թ. գրությամբ պատասխանել էր «ԲԴԽ դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշման միայն հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին՝ նշելով, թե դատավոր չհանդիսացող անձի հարցերին պատասխանելն առարկայազուրկ է»։

1.21 Նշվել է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդից ակնկալվում է նախարարից պատասխան ստանալուն պես այն անհապաղ ուղարկել դիմումատուին, որպեսզի հնարավորության դեպքում, ելնելով պատասխաններից, լրացուցիչ հարցեր հղելու հնարավորություն տրվի և/կամ հնարավորություն ընձեռվի՝ ներկայացնելու դիրքորոշում կարգապահական պատասխանատվության միջնորդության կամ մեղադրանքների վերաբերյալ։ Խնդրվել է նաև հստակ ժամանակացույց սահմանել։

1.22. Որևէ պատասխան ԲԴԽ-ից, դեպարտամենտից կամ նախարարից չի ստացվել։

III - Առկա փաստական հանգամանքների, տեղեկությունների վերաբերյալ դիմողի դիրքորոշումը, դրա իրավական հիմքերը և հիմնական պահանջը.

1.1 Դիմում ներկայացնելու պահից առ 2024 թվականի հոկտեմբերի 2-ը ԲԴԽ վարքագիծը համատեղելի չէ իրավական պետությանը բնորոշ իրավական որոշակիության և կանխատեսելիության, ինչպես նաև խտրականության արգելքի սկզբունքների հետ, ի թիվս այլոց՝ հետևյալ հիմնավորումների հաշվառմամբ.

ա) Կիրառելի իրավունքի վերաբերյալ ԲԴԽ պնդումն անալոգիա կիրառելու վերաբերյալ անօրինական է.

Մասնավորապես, առկա չէր դրա անհրաժեշտությունը, բացի այդ նույն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. Օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը, իսկ 4-րդ մասի համաձայն, Օրենքի անալոգիան և իրավունքի անալոգիան կարող են կիրառվել միայն, եթե տվյալ օրենքով չի արգելվում անալոգիայի կիրառումը։

Այսինքն՝ այն պայմաններում, երբ հատկապես Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված է, որ իրավադրույթների սխալ մեկնաբանման և կիրառման արդյունքում տեղի է ունեցել առնվազն դատավորի լսված լինելու իրավունքի սահմանափակում, գործի հրապարակային քննության իրավունքի խախտում, ապա նման անալոգիայի կիրառումը, հրապարակային դռնբաց դատական նիստում գործի քննության փոխարեն գրավոր իրականացնելու պայմաններում սահմանափակելու է դիմողի իրավունքները, հետևաբար այն չի կարող կիրառվել նաև նշված օրենքի իմաստով։

Ավելին՝ Խորհրդի 2020 թվականին ընդունած ԲԴԽ-68-Ն-15 աշխատակարգը հղումը է կատարում վարչական դատավարությանը, իսկ վարչական դատավարությունն էլ պարունակում է առանձին գլուխ նոր հանգամանքով վարույթի վերանայման վերաբերյալ, ինչն ինքնին փաստում է անալոգիայի կիրառման անհրաժեշտության բացակայության մասին։

Դեռ ավելին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156.1-րդ հոդվածը, որը ԲԴԽ կողմից անալոգիայով համարվել է կիրառելի նորմ, փաստացի չգործող նորմ է, ուժի մեջ չի մտել. ԲԴԽ կողմից առ այսօր չի ընդունվել օրենքով՝ այդ նորմի կիրառելիության համար նախատեսված ընթացակարգեր սահմանող նորմատիվ իրավական ակտը։

Եթե նույնիսկ հիմք ընդունվի ԲԴԽ-ն պարզաբանումը, թե «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156.1-րդ հոդվածի ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 2-ից, և իրենք առաջնորդվում են այդ կարգով, ապա այն ևս թե վերոգրյալ թե այլ պատճառներով ու հիմնավորումներով կիրառելի չէ։ Մասնավորապես՝ նշված հոդվածը օրենսդիրը ենթարկել է փոփոխությունների նաև անարդյունավետ ու որոշակիության, միջազգային չափանիշներին անհամապատասխանության պատճառաբանությամբ։ Դեռ ավելին, օրինակ, առկա չէ բողոք Օրենքի 156-րդ հոդվածի իմաստով։

Կիրառելի չէ նաև այն պարզ պատճառով, որ բողոքարկման և վերանայման ընթացակարգերը էապես տարբերվող են թե մեթոդների, թե ընթացակարգերի և թե նպատակների առումով։

բ) Օրենսգրքի 156.1-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ ԲԴԽ պնդումը հակասահմանադրական է.

Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1020 որոշմամբ գրավոր ընթացակարգի առնչությամբ արձանագրել է, որ այն պետք է պարունակի հետևյալ կանոնները

- գրավոր քննության նախապատրաստման և անցկացման կարգը,

- դատավարության մասնակիցների ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վերապահված իրավունքների իրացման կարգը (կապված դատաքննության ողջ ընթացքում գրավոր ապացույցների, լրացուցիչ նյութերի, բացատրությունների, փաստարկների (հակափաստարկների), միջնորդությունների և դրանց ներկայացման ժամկետների ու դատավարական այլ գործողությունների կատարման հետ),

- գրավոր քննության շրջանակներում դատական միջանկյալ ակտերի կայացման կարգը,

- գրավոր դատաքննության ընթացքում դատարանի անհրաժեշտ գործողությունների շրջանակը (կապված՝ մի կողմից, մասնակիցների, մյուս կողմից՝ մասնակիցների և դատարանի միջև փաստաթղթաշրջանառության կազմակերպման ու կարգի (ժամկետների) հետ),

- գրավոր քննության ընթացքի արձանագրման և դրան ծանոթանալու կարգը,

- գրավոր ընթացակարգով քննության արդյունքում գործով ըստ էության որոշման կայացման և հրապարակման կարգը։

Մինչդեռ՝ ԲԴԽ հարցի քննության համար կիրառելի է համարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156.1-րդ հոդվածը, որի՝ օրենսդրի կատարած վերջին փոփոխություններով տարբերակը չի գործում, գործելու դեպքում էլ նույնիսկ ակնհայտորեն չի պարունակում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից վերը թվարկված հարցերի առնչությամբ կարգավորումները։

Այլ կերպ ասած՝ անկախ Օրենքի 156.1-րդ հոդվածի կիրառելի չլինելու վերաբերյալ նախորդ կետում ներկայացված փաստարկների, այդ նորմի կիրառումը պարունակում է դիմողի արդար դատաքննության իրավունքի իրացվելիության անկառավարելի ռիսկեր և համատեղելի չէ գրավոր ընթացակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած մոտեցումներին։

Վերոգրյալը փաստվում է նաև այն հանգամանքով, որ ԲԴԽ-ն բազմաթիվ խնդրանքների պայմաններում անգամ չի պարզաբանում, թե ներկայումս իրականացվող քննության արդյունքում ի՞նչպիսի դատական ակտ/ակտեր/ կարող են կայացվել, որ օրենսգրքի որ հոդվածներով է առաջնորդվելու խորհուրդը։

Միակ արձանագրած պարզաբանումը դատական նիստի արձանագրությունում է պարունակվում, որը հղում է կատարում ծանուցագրին, իսկ ծանուցագրում էլ նշված է, որ գործը անալոգիայի կիրառմամբ քննելու են Օրենքի 156.1-րդ հոդվածով։

ԲԴԽ-ն չի պարզաբանում, թե խորհուրդն իրականացնում է վերանայման վարույթ և դեռևս պետք է կայացվի վերանայման դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում, թե՞ խորհրդի գնահատմամբ վերանայումն ավարտված է և արդեն իսկ իրականացվում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթի բովանդակային քննություն ՀՀ ՍԴ կողմից արձանագրված իրավունքների խախտումների վերացման նպատակով։

ԲԴԽ-ն չի պարզաբանում հայցվող հարցերի պատասխանները ինչպիսի հնարավոր դատական ակտի(երի) կայացման համար են ծառայեցվելու։

գ) Հատկանշական է, որ դատավոր Արայիկ Մելքումյանի գործով նույնանման հանգամանքների պայմաններում ԲԴԽ-ն Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքով վարույթը քննել է բանավոր ընթացակարգով և ղեկավարվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածով, (տես 2020 թվականի փետրվարի 27-ի ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշումը ): Այսինքն՝ նախկինում կիրառած նորմը՝ Օրենքի 157-րդ հոդվածը, և վարչական դատավարության օրենսգրքի համանուն նորմը կիրառելի չի համարվել սույն գործով։

Առկա չէ ԲԴԽ որևէ օբյեկտիվ և պատճառաբանված դիրքորոշում այն կապակցությամբ, թե ինչով է պայմանավորված սույն և դատավոր Արայիկ Մելքումյանի գործերով տարբերակված մոտեցումը, քանի որ երկու դեպքում էլ խոսք է գնում ՀՀ ՍԴ որոշման հիման վրա նոր հանգամանքի ուժով ՀՀ ԲԴԽ որոշման վերանայման մասին, մասնավորապես՝ հիշատակված գործը վերանայվել է բանավոր ընթացակարգով, դռնբաց դատական նիստում, մինչդեռ դիմողի գործի վերանայման նկատմամբ ՀՀ ԲԴԽ կիրառելի է համարում գրավոր ընթացակարգի կիրառումը։

Նշված փաստարկին ԲԴԽ-ն ընդհանրապես 2024 թվականի սեպտեմբերի 17-ի դատական նիստում անդրադարձ չի կատարել։

դ) Օրենքի 156.1-րդ հոդվածի կիրառելիության ՀՀ ԲԴԽ պնդումը հակասում է ՄԻԵԴ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, համաձայն որոնց կիրառելի ընթացակարգերը պետք է կրեն բավարար որոշակիություն «վարույթի» մասնակիցների իրավունքների ու պարտականությունների տեսանկյունից, դրանով իսկ պետք է կիրառվող ընթացակարգի շրջանակներում տեղի ունեցող վարույթային գործողություններն ու դատավարական ակտերը իրենց բնույթով լինեն կանխատեսելի, մինչդեռ սույն դեպքում կիրառելի համարվող ընթացակարգի բովանդակությունը որևէ իրավական ակտով բացահայտվւսծ չէ, ինչը զրկում է դիմողին իր իրավունքների իրացվելիությունն արդյունավետորեն ապահովելու հնարավորությունից, իսկ ՀՀ ԲԴԽ օժտվում է կամայականության նմանվող անվերահսկելի և բացարձակ հայեցողությամբ։ Շարադրվածի դրսևորում է հանդիսանում զանգվածային լրատվական միջոցների ներկայության, կիրառելի համարվող գրավոր ընթացակարգի լուսաբանման հնարավորության, որպես արդար դատաքննության իրավունքի իրացման հավելյալ երաշխիքի՝ թույլատրելիության կամ անթույլատրելիության հարցի մինչև սեպտեմբերի 17-ի դատական նիստը չբացահայտված լինելը։ Միևնույն ժամանակ դիմողի համար բացահայտվւսծ չէր նշանակված դատական նիստին ներկայանալու հնարավորության հանգամանքը, ըստ այդմ ՀՀ ԲԴԽ կողմից հարցեր ունենալու պարագայում դրանք դիմողին հղելու ընթացակարգը (բանավոր կամ գրավոր) և դրանց վերաբերյալ պատասխաններ տալու համար դիմողի ներկայության անհրաժեշտությունը։

ե) Գործը քննվում է անորոշ ու անկանխատեսելի ընթացակարգերով, նույնիսկ եթե ընդունենք, թե ԲԴԽ-ն գործը քննում է Օրենքի 156-րդ հոդվածի կարգով, ապա նույն հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ կողմերը օրվա և ժամի մասին ծանուցվում են բողոքը դատական նիստում (դռնբաց) քննելու դեպքում։ Օրենքը նախատեսել է նաև չներկայանալու հետևանքները՝ բողոքի քննությունը նրանց բացակայությամբ շարունակելը։

Մինչդեռ՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ըստ ծանուցագրում նշվածի, Դակիթ Հարությունյանը և նրա ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը, ժամը 16:24-ին ժամանել են ԲԴԽ վարչական շենք, սակայն կարգադրիչները հայտնել են, որ դատական նիստը դռնփակ է և կողմը չի կարող դրան մասնակցել։

զ) Գործի՝ տեղի ունեցած դատական նիստի մասին պատշաճ ու ժամանակին տեղեկատվություն չի հայտնվում.

Նիստի հաջորդ օրվանից Դավիթ Հարությունյանն ու ներկայացուցիչը բազմաթիվ դիմումներ են հասցեագրել ԲԴԽ՝ խնդրելով տեղեկացնել սեպետեմբերի 17-ին տեղի ունեցած դատական նիստի, կայացված որոշումների, կատարված դատավարական գործողությունների մասին, թույլատրել ծանոթանալ գործի նյութերին։

Հասցեագրված բազմաթիվ դիմումներից (առձեռն, էլփոստով) հետո գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն է ընձեռվել միայն սեպտեմբերի 19-ին՝ տեղի ունեցած դատական նիստից 48 ժամ հետո։

է) ԲԴԽ-ն բոլոր դատական նիստերն իրականացրել է առանց ձայնագրառման համակարգի կիրառման, արձանագրվել է միայն պարզ թղթային եղանակով։

ը) Նիստի պարզ թղթային արձանագրությունից երևում է, որ կայացվել են որոշումներ Դավիթ Հարությունյանի բոլոր միջնորդությունները մերժելու մասին։

Որոշումների պատճառաբանվածությունը առհասարակ բացակայում է։ Միայն որոշ դեպքերում հղումներ են պարունակել Օրենքի 156-րդ հոդվածի վկայակոչմանը։

Արձանագրվել է. «Դավիթ Հարությունյանը գրավոր ընթացակարգի քննության ողջ ընթացքում զրկված չէ բացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, այդպիսին ներկայացվելու դեպքում Խորհուրդը սահմանված կարգով կքննարկի այն։ Դավիթ Հարությունյանը զրկված չէ նաև այլ գործողություններ կատարելուց, ւսյդ թվում նյութեր ներկայացնելուց, ինչպես նան օրենսդրությամբ սահմանված այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք սահմանված են գրավոր ընթացակարգի համար և այդպիսիք կատարվելու դեպքում, Խորհուրդը դրանք քննարկման առարկա կդարձնի։ Արձանագրվեց նաև, որ 17.09.2024 թվականին ներկայացվւսծ միջնորդության մեջ վկայակոչված այլ գործողություններ կատարելու մասով, ինչպիսիք են բանավոր դիրքորոշում ներկայացնելը, կողմի և Խորհրդի անդամների հարցերին պատասխանելը, ապա գրավոր ընթացակարգով քննություն իրականացնելու դեպքում նման հնարավորությունը բացակայում է, թեև Դավիթ Հարությունյանը զրկված չէ գրավոր կերպով իրացնելու իր իրավունքները, այդ թվում ներկայացնելու դիրքորոշում, նյութեր և այլն։

Այսինքն՝ նշված չէ իրավունքների իրացման կարգը, հերթականությունը ժամանակացույցը, ընթացակարգը։

Առավել ցայտուն է ԲԴԽ հղումը ոչ թե օրենքին, այլ՝ «գրավոր ընթացակարգի համար օրենսդրությամբ սահմանված գործողություններին» հղում կատարելը, ինչ առավել անորոշ ձևակերպում է ենթադրում։

ԲԴԽ-ն բանավոր ընթացակարգի անցնելու ու հրապարակայնությունն ապահովելու մասին միջնորդությունը մերժել է մեկ պատճառաբանությամբ, «անհրաժեշտության բացակայությամբ»։

Մինչդեռ վերոգրյալ հանգամանքներին պատշաճ գնահատական տալ առնվազն հնարավոր չէ առանց վկաներ լսելու, ապացույցներ հետազոտելու, նախարարին ու հատկապես Դիմողին ներկայացվածի, ասվածի վերաբերյալ հարցեր տալու։

Լրագրողների, անձանց և Դավիթ Հարությունյանի՝ դատական նիստին մասնակցության ապահովման վերաբերյալ արձանագրվել է, որ քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, որի մասին կողմերը պատշաճ ծանուցված են, սակայն նույն պայմաններում արգելվել է որևէ մեկին մասնակցել դատական նիստին։

Մինչդեռ ինչպես արձանագրված է, ապա ԲԴԽ հղում կատարած հոդվածի 4-րդ մասը կողմերն օրվա և ժամի մասին ծանուցվում են բողոքը դատական նիստում (դռնբաց) քննելու դեպքում։

ԲԴԽ-ն նիստում արձանագրել է, որ 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վերաբերյալ գործը հրապարակայնացնելու արգելք այլևս գոյություն չունենալու հանգամանքը, նշել է, որ հիմք է ընդունվել Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 որոշմամբ հայտնված դիրքորոշումներն ու արձանագրումները, սակայն կրկին արգելվել է որևէ մեկի մասնակցությունը դատական նիստին։

ԲԴԽ-ն լիովին ընդունել է ոչ դատավոր անդամ է Ե.Թումանյանցի զեկույցը։ Նշվել է, որ Սահմանադրական դատարանի դիրքորոշման հաշվառմամբ, կարևորելով կարգապահական վարույթների քննության հրապարակայնության ապահովվումը և Սահմանադրական դատարանի կողմից որոշմամբ մատնանշված «ստվերային արդարադատության» կայացման մասին հանրային ընկալումների սերմանումը կանխելու անհրաժեշտությամբ պայմանավորված, միաժամանակ հաշվի առնելով Դիմողի արդեն իսկ դատավորի կարգավիճակ չունենալու հանգամանքը, 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Դիմողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վերաբերյալ գործը հրապարակայնացնելու արգելք այլևս գոյություն չունի։

Մասնավորապես՝ արձանագրել է, որ հիմք են ընդունում Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, կարևորում են կարգապահական վարույթների քննության հրապարակայնության ապահովվումը և Սահմանադրական դատարանի որոշմամբ մատնանշված «ստվերային արդարադատության» կայացման մասին հանրային ընկալումների սերմանումը կանխելու անհրաժեշտությունը, գործի հրապարակայնացման արգելքը վերացնում են։

Մինչդեռ նույն արձանագրումների ներքո գործի քննությունը շարունակում են վերոգրյալ պայմաններում՝ գրավոր, դռնփակ։

Փաստացի ստացվում է լոկ արձանագրումներ են իրականացվում, սակայն գործնականում գործի քննությունը իրականացվում է դռնփակության պայմաններում, ինչն ուղղակիորեն փաստում է գործող օրենսդրության, Սահմանադրական դատարանի որոշման անտեսման մասին։

Այլ կերպ՝ իրականացվում է Սահմանադրական դատարանի որոշմամբ արաձանագրած՝ պարտադիր վերանայման ենթակա դիմումի քննության պատրանք։

1.2 ՀՀ ԲԴԽ պնդումը՝ գործի քննությունը գրավոր իրականացնելու մասին, հակասում է Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ բազմաթիվ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ հաշվի առնելով գործի հնչեղության, հանրային մեծ հետաքրքության հանգամանքը։

Ցանկացած դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործ ի բնե օժտված է բավարար հնչեղությամբ։

Դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը թե զուտ որպես դատավորի վերաբերյալ գործ և թե հատկապես տեղի ունեցածի արդյունքում ստացել է առանձնահատուկ հնչեղություն։

Մասնավորապես՝ գործի ԲԴԽ-ում դեռ չքննված, քննության ընթացքում, դրանից հետո ու մինչ օրս հարցազրույցներ են տվել Արդարադատության նախարարը, նախարարության աշխատակիցներ, ԲԴԽ նախագահը, դեպարտամենտի աշխատակիցներ, իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ և այլն։ Այն լուսաբանվել է, հանրային քննարկումներ, բանավեճեր են եղել Հայաստանում գործող գրեթե բոլոր լրատվամիջոնցներով (հեռուստատեսություն, էլեկտրոնային մամուլ, ռադիո և այլն), լուսաբանվել է հատկապես հանրային հեռուստաընկերության տարբեր եթերներով։ Գործի մասին խոսվել է նույնիսկ Ազգային ժողովում։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը թե 2023 թվականի հունիսի 23-ի դատական նիստում և թե Ազգային ժողովի ամբիոնից գործը բնորոշել է որպես «երկրի համար կարևորագույն գործ»։ Գործի հնչեղության մասին է խոսում նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների անդրադարձը, որոնց թվում են օրինակ՝ «Դատավորների եվրոպական միությունը», «Freedom House», ԱՄՆ Պետդեպարտամենտը և այլն։

Այս պայմաններում քաջ հայտնի է, որ թե Սահմանադրական դատարանի և թե ՄԻԵԴ բազմաթիվ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների ներքո գործի հնչեղությունն ինքնին բավարար փաստարկ է, որ գործը քննվի բանավոր ընթացակարգով։

1.3 ՀՀ ԲԴԽ ցանկությունը՝ գործի քննությունը գրավոր իրականացնելու մասին, հակասում է Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ բազմաթիվ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ հաշվի առնելով դիմողի հստակ դիրքորոշումն այդ կարգի հետ կապված անհամաձայնություն ունենալու և հակառակի դռնբաց ու բանավոր ընթացակարգի անցնելու միջնորդության պարագայում։

Թեև այս պարագայում էական չէ մյուս կողմի դիրքորոշումը, սակայն նույնիսկ առկա չէ նաև նախարարի համաձայնությունը նշված կարգի ընդունելի լինելու կապակցությամբ։ Նախարարը միայն փաստել է դրա առկայությունը, գործի քննության հրապարակայնության ապահովման անհրաժեշտությունն այս պարագայում որակելով առարկայազուրկ:

1.4 ՀՀ ԲԴԽ-ն չի իրականացնում՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված խախտումների վերանայում, ստվերային արդարադատության մասին տպավորությունները փարատելու փորձ կատարելու փոխարեն, նշվածն արձանագրելով հանդերձ, անտեսում է Որոշումը՝ իրականացնելով դրանից չբխող մեկնաբանություններ։

Այդ մասին առերևույթ խոսում է այն որ, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը 2024 թվականի հունիսի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում Դիմողի գործից ու Սահմանադրական դատարանի որոշման մասին խոսելիս, ի թիվս այլ պնդումների, նշել է, որ իր և պատգամավորների հարց ու պատասխանից տպավորություն է ստացել, թե չեն պատրաստվում կատարել Սահմանադրական դատարանի որոշման պահանջները, մինչդեռ այդ մասին դիմում չեն ստացել։ Նշել է նաև, որ պատգամավորները մտահոգվել են մի անձով, անկախ նրա ունեցած կապերից և կարգավիճակից։

Հավելյալ փաստարկ է այս մասով այն, որ 2024 թվականի հուլիսի 21-ին Արդարադատության նախարարի խորհրդական Ա.Սուջյանը, որը նախարարի կողմից լիազորված անձն է եղել ԲԴԽ-ում (վերջին տարիների բոլոր գործերով), «Արդար ու անկախ է արդյոք ՀՀ դատական համակարգը» թեմայով հանրային հեռուստաընկերության եթերում Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա կայացված Սահմանադրական դատարանի որոշման մասին խոսելիս նշել է, որ Սահմանադրական դատարանը անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնց անդրադառնալու լիազորությունը չուներ։

Նշված հարցազրույցը Ա.Սուջյանը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում, և նշված հարցազրույցն արժանացել է շուրջ երկու տասնյակ հավանումի (like է հավաքել), որոնց թվում են փոխնախարար Կարեն Կարապետյանը, և հատկապես դիտարժան է այն անձամբ նախարար Գրիգոր Մինասյանի կողմից հավանության արժանանալը:

Այսինքն՝ ստացվում է, որ ԲԴԽ նախագահը, նախարարն ու նրանց ենթակաները կամ ուղղակի թե անուղակի ազդեցության տակ գտնվող պաշտոնատար անձինք, ի սկզբանե ընդունելի չեն համար Սահմանադրական դատարանի վիճարկվող իրավադրույթների՝ իրենց կողմից սխալ մեկնաբանման ու կիրառման մասին արձանագրումները, որոնցով խախտել են Դիմողի հիմնարար իրավունքները։

Արդյունքում՝ ԲԴԽ-ն շարունակում է իրականացնել դիմումի պատրանքային քննություն՝ ձևական արձանագրումներով՝ վերահաստատելով ստվերային արդարադատության մասին արձանագրումները։

Վերոգրյալն իր հերթին ի սպառ չեզոքացնում է ԲԴԽ արձանագրումն առ այն, որ խորհրդի նախագահն ու նախարարը (ֆինանսական, գաղափարական, ընկերական հարաբերությունների առկայության պայմաններում) գործում են կամ առաջնորդվում են հանրային շահերով։

Այլ կերպ՝ նշված անձինք ու նրանց ենթակայության ու ազդեցության տակ գտնվողներն առաջնորդվում են խմբային՝ ոչ հանրային շահերով, և նրանց միջև այնպիսի ֆինանսական միջոցների պարբերաբար բաշխումը, որը գերազանցում է նրանց պետությունից ստացված եկամուտները հավելյալ փաստարկ է այդ մասին։

Խմբային շահերով առաջնորդվելու, միմյանց կողմից կատարված անօրինական գործողություններին հավանություն տալու և քողարկելու մասին հավելյալ վառ ապացույց է հանդիսանում նաև ԲԴԽ նախագահի կողմից դատավորների ու դատական իշխանության հեղինակությունը վտանգող, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման առիթ հանդիսացած նույն անձի հրահանգով, ցուցումով պատրաստված տեսանյութերի հիման վրա կատարված գործողությունները (տես՝ այդ մասին ՀՀ դատավորների միության հայատարությունները)։

Այս մասին հավելյալ վկայող փաստարկներ են նախարարի կողմից ԲԴԽ լիազորությունները անհամաչափորեն ընդլայնելու, օրինակ, ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարացնելու, ԲԴԽ ոչ դատավոր անդամներին վաղաժամ կենսաթոշակ սահմանելու մասին վկայող նախագծերի կազմումն ու Ազգային ժողով ուղարկելը, որոնք քննարկման իսկ փուլում վերադարձվել են հեղինակներին։

Նմանատիպ իրավիճակ է առկա նաև դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի՝ Կարեն Անդրեասյանի, Երանուհի Թումանյանցի հեղինակած՝ դատական իշխանության անկախությունը սահմանափակող հերթական նախագծերի առումով, որին սույն փաստաթղթով անդրադառնալու հնարավորությունը՝ ծավալային առումով նպատակահարմար չէ։

Այս առումով հարկ է ուղղակի փաստել, որ մինչ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցումը վերջինս հանդիսացել է նշված հանձնաժողովի անդամ, նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարող ու թե Դիլիջանյան հանդիպման և թե այլ պայմաններում հայտնել է բացասական դիրքորոշումներ։

1.5. ՀՀ ԲԴԽ կողմից անորոշ ընթացակարգով իրականացվող քննության և գործողություների արդյունքում դիմողը զրկվում է առնվազն պաշտպանվելու, նույնիսկ ԲԴԽ կողմից սահմանած կարգով՝ գրավոր դիրքորոշում ներկայացնելու, Ե.Թումանյանցի զեկույցի հիման առաջադրված հարցերին պատասխանելու հնարավորությունից։

ա) ԲԴԽ-ն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշման մեջ՝ «3. Դատավորի դիրքորոշումը հայաւցված կարգապահական վարույթի վերաբերյալ» մասում, իբրև դատավորի դիրքորոշում, զետեղվել է մինչև ԲԴԽ-ում գործի քննությունը Դավիթ Հարությունյանի կողմից 12.05.2023 թվականին և 19.05.2023 թվականին նախարարին ուղարկված գրությունների որոշակի հատվածներ։

Այդ գրությունները որեէ առումով վերաբերելի չեն եղել նախարարին ուղղված հարցադրումներ են պարունակել։ Եթե ընդունենք, թե դատավորը ներկայացրել է դիրքորոշում, ապա ինչպես է ստացվում, որ նույն որոշմամբ ԲԴԽ-ն դատավորի «դիրքորոշման» որևէ փաստարկի չի անդրադարձել։ Միայն մասնակի անդրադարձ է կատարել բացարկի մասով նշածներին։

ԲԴԽ-ն դատավորին զրկած է եղել լսված լինելու իրավունքից, սակայն որոշում կազմողը ենթադրաբար որոշման ձևաչափը պահելու և դատավորի դիրքորոշման առակայությունը ցույց տալու նպատակով մեջբերումներ է կատարել վարույթում եղած դատավորի կողմից նախարարին հասցեագրված գրություններից։

Այս պայմաններում սեպտեմբերի 17-ի նիստի արդյունքներով՝ նախկին որոշումը կազմած ոչ դատավոր անդամ Ե.Թումանյանցի զեկույցի հիման վրա Դավիթ Հարությունյանին ուղղվել են հարցադրումներ նշելով թե հաշվի են առնում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշմամբ արտահայտված վերոնշյալ դիրքորոշումները:

Մասնավորապես՝ առաջարկել են Դիմողին գրավոր ուղղել հետևյալ բովանդակությամբ հարցադրումները.

1) 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Դիմողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում Դիմողի կողմից հայտնած տեղեկությունների ու դիրքորոշումներից զատ ինչ տեղեկություն/դիրքորոշում է ունեցել հայտնելու Խորհրդին Դիմողը, որը չի ներկայացրել «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կիրառելու պատճառով,

2) 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Դիմողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում Դիմողի կողմից ներկայացված որևէ ապացույցի վերաբերյալ ինչ լրացուցիչ տեղեկատվություն և/կամ դիրքորոշում է ունեցել հայտնելու Խորհրդին Դիմողը, որը չի ներկայացրել «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կիրառելու պատճառով։

Այսինքն՝ հարցադրմամբ փաստվում է, թե իբր դատավորը 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Դիմողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում հայտնել է տեղեկություններ ու դիրքորոշումներ, իսկ այժմ դատավորից (դիմողից) ակնկալում են ստանալ այնպիսի լրացուցիչ տեղեկություններ, որոնք դրանից տարբերվող կամ չհամընկնող են ու կարող էին ներկայացվել «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կիրառելուց հետո։

ԲԴԽ առաջադրած հարցադրումներն աներկբայորեն խոսում են այն մասին, որ դրանք զուտ նպատակ են հետապնդում յուրովի մեկնաբանությամբ ձևականորեն ապահովել ՍԴ որոշման պահանջները։

Հավելյալ փաստարկ է այն հարցը, թե Դիմողի կողմից ներկայացված որևէ ապացույցի վերաբերյալ ի՞նչ լրացուցիչ տեղեկատվություն և/կամ դիրքորոշում է ունեցել նա հայտնելու Խորհրդին, այն պայմաններում երբ Կարեն Անդրեասյանը չի թույլատրել ներկայացնել որևէ ապացույց՝ նշելով որ դրա փուլը չէ, իսկ ապացույցների հետազոտում, փաստացի տեղի չի ունեցել։

Վերոգրյալի պայմաններում փաստվում է, որ անվերապահ բացարկի ենթակա (այն կներկայացվի) ոչ դատավոր անդամ Երանուհի Թումանյանցի կողմից դիտավորությամբ կազմվել են դիմողի՝ գործի լուծման համար նշանակություն չունեցող սխալ հարցեր, որոնց պատասխանները ի սկզբանե չի կարող որևէ արդյունքի հանգեցնել։Հարկ է նաև փաստել, որ Դիմողը լսվելու չիրացված իրավունքը կարող է լիարժեք իրականացնել ԲԴԽ՝ դատարանի պատշաճ կազմի առկայության պայմաններում բացարկման ենթակա անձանց հարցը քննարկելուց հետո, և/կամ նախարարի (նախարարության) պատասխանները, ստանալուց և/կամ ապացույցներ ներկայացնելու, վկաների հարցաքննության ու դրանց հետազոտմանը մասնակցելու դատական նիստում հնարավորություն ստանալու պայմաններում:

Բացի այդ՝ զեկույցի հիման վրա հարցեր ԲԴԽ-ն ուղղում է այն դեպքում երբ գործը քննում է Օրենքի 156.1-րդ հոդվածի կարգով բողոքի քննության դեպքում, իսկ տվյալ պարագայում բնականաբար բողոքի առկայությունը բացակայում է. առկա է վերանայման դիմում Օրենքի 157-րդ հոդվածի կարգով։

Զեկույցն ու հարցերը կազմող ԲԴԽ ոչ դատավոր անդամ Ե.Թումանյանցը դատական դեպարտամենտի միջոցներով պատրաստված և 2024 թվականի հունվարի 12-ին հրապարակված՝ «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. Երբ ու ոնց կլինի դրա վերջը» վերտառմամբ ֆիլմում (ԲԴԽ Անդրանիկ տեսանյութում) խոսելով կոռուպցիայի ու վեթինգի մասին, դատավոր Դավիթ Հարությունյանի՝ գեղարվեստական ֆիլտրով («sketch») լուսանկարը օրագրից պոկվող էջերի շարքում պատկերելով նշել է, որ կոռուպցիայի ու վեթինգի առումով դատական կազմի փոփոխություններ են տեղի ունեցել որոշակի զտման աշխատանքների ու բնականոն սերնդափոխության ընթացում։

Վերոգրյալը հանգեցնում է դատողության առ այն, որ Դիմողի, լիազորությունները դադարեցնելու օրը՝ հուլիսի 3-ին, վերջինս նշել է ընդամենը 41 ամյակը. բնականաբար բնականոն սերնդավախության ենթակա տարիքի չի եղել։

Այսինքն՝ ԲԴԽ նախագահն ու սույն դիմումով զեկուցող անձը՝ Երանուհի Թումանյանցը, իրենց կատարած գործողությունները դատավորի նկատմամբ հրապարակային դիտարկում են զտում կամ վեթթինգ։

Ավելի վաղ՝ 2023 թվակսւնի դեկտեմբերի 13-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը անձնական ֆեյբուքյան էջում և դեպարտամենտի՝ «Դատական իշխանություն» էջում հրապարակում է կատարել՝ նշելով, որ «Այդքան քննարկված և պահանջված դատական վեթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ։ Այսպես ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո։ «Վեթինգ»-ը ոչ այլ ինչ է, քան դատավորների բարեվարքության ստուգում և դատավորների կազմի նորացում։ Վերջին տարիներին նոր նշանակված, ինչպես նաև առաջխաղացում ունեցած դատավորները, որոնք կազմում են գործող դատավորների շուրջ 60 տոկոսից ավելին, անցել են բարեվարքության ստուգում։ Բնականոն սերնդափոխության և զտման շրջանակներում 2018-2022 տարբեր հիմքերով դատական համակարգը լքել է 64 դատավոր, ևս 33 դատավոր հրաժեշտ է տվել պաշտոնին միայն 2023 թվականին։

Մեկ այլ կարևոր վիճակագրություն, հեղափոխությունից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով դադարեցվել է 30 դատավորի լիազորություն, որից 8-ը դադարեցվել է վերջին մեկ տարվա ընթացքում։

Այս ամենը հնարավոր է դարձել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության նախարարության, Դատական դեպարտամենտի արհեստավարժ աշխատանքի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի բոլոր նախկին ու գործող անդամների մեծ ջանքերի շնորհիվ»։

Ինչպես փաստվել է վերը՝ Կարեն Անդրեասյանը դեռևս նախարար ժամանակ (Թումանյանցը փոխնախարար) խոսել էր Դիմողի՝ օրենքների նախագծերի մասին հրապարակային կարծիք հայտնելուց ճնշվելու և նրան «զտելու, մաքրելու» մասին:

Վերոգրյալը վւաստում է, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամ Թումանյանցը ոչ միայն միջազգային չափանիշների հաշվառմամբ չի հանդիսանում արժանիքների հիման վրա ընտրված դատավոր ու հանդիսանում է Կարեն Անդրեասյանի հետ սերտաճած պաշտոնյա (մինչ ԲԴԽ-ում նշանակումը մասնագիտական կյանքի մեծ մասում զբաղեցրած պաշտոնները ստանձնել է Կարեն Անդրեասյանի ղեկավարությամբ՝ հանդիսանալով նրա ենթական), այլև հանդիսանում է նրա գաղափարակից համախոհը։

Հետևաբար նաև այդ հիմքով բացարկման ենթակա անձը չէր կարող լինել անկողմնակալ ու անաչառ զեկույցի ու հարցերի ձևակերպման առումով։

Առավել ևս, եթե նույնիսկ առկա չլինեին վերոգրյալ հանգամանքներն ու դատողությունները, ապա լոկ՝ նշված ոչ դատավոր անդամի աչառության ու կողմնակալության դատողություններն անվերապահորեն հաստատվում են իր իսկ կազմած ու ստորագրած ԲԴԽ որոշմամբ, որով դադարեցվել էին Դիմողի լիազորությունները. Սահմանադրական դատարանի արձանագրումներն ինքնին բավարար են։

1.6. ԲԴԽ-ն օրենքով գործելու, Սահմանադրական դատարանի որոշման պահանջները կատարելու իրական ցանկության դեպքում պետք է, ի թիվս վերոգրյալ բոլոր փաստերի, հանգամանքների գնահատական տալ հետևյալ հարցերին ու իրականացնի հետևյալ գործողությունները.

Դիմումը Օրենքի 157-րդ հոդվածով ու կիրառելի համահունչ օրենսդրության՝ վերանայման ինստիտուտի սահմանված կարգով քննելու հիմքեր առկա էին, թե՝ ոչ։

Արդյոք առկա էր Սահմանադրական դատարանի որոշում նոր հանգամանքով՝ նախատեսված գործի վերանայում իրականացնելու համար։

Պատասխանն առկա է նույն հոդվածում. Սահմանադրական դատարանը կարգապահական վարույթով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

Դավիթ Հարությունյանը դիմումը ներկայացրել է ՍԴ որոշման հիման վրա՝ 3 ամսվա ընթացքում՝ ներկայացնելով Սահմանադրական դատարանի որոշումը (գործը վերանայման ենթակա լինելու մասին)։ Այսինքն՝ ապացուցել է, որ առկա է հոդվածի 6֊րդ կետով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու հիմքը։

ԲԴԽ-ն փաստացի ընդունել է, որ չեն բացակայում նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը, իրականացնում է դատավարական գործողություններ, կայացնում գործն ըստ էության չլուծող որոշումներ և այլն։

Նման պայմաններում Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր էր արդեն իսկ վերացներ իր նախկին որոշումը՝ կայացնելով որոշում։

Արդյոք ԲԴԽ-ն չի վերացնում նախկինում կայացրած որոշումը, քանի որ Օրենքի 157-րդ հոդվածի 9-րդ մասը պարտավորեցնում է ԲԴԽ-ին նոր հանգամանքներով որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորություններ դադարեցնելու մասին որոշման վերացմամբ դատավորին վերականգնել իր նախկինում զբաղեցրած պաշտոնում։

Նշված հարցի պատասխանն առկա է առնվազն վերը հիշատակված դատավոր Արայիկ Մելքումյանի վերը վկայակոչված գործում։

Տվյալ պարագայում խտրական մոտեցման կիրառումն ինքնին, թե մյուս հանգամանքների հետ համադրման արդյունքում առնվազն կասկածներ է հարուցում առ այն, որ առկա է օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը չկատարելու դիտավորություն։

Հավելյալ փաստարկներ են խմբային շահերով ու օրենքից չբխող շարժառիթներով առաջնորդվող վերը թվարկված պաշտոնատար անձանց հայտարարություններն ու գործողությունները։

Այդուհանդերձ, եթե ընդունենք, թե ԲԴԽ-ն չի խուսափում իրականացնել օրինական ուժի մեջ դատական ակտի պահանջները և փաստացի կայացված են նախկին որոշումը վերացնելու մասին որոշումը և/կամ այն կայացվելու է հետագայում, ապա արդյոք անդրադարձել է այն հարցին, թե արդյոք չեն անցել դատավորին վերագրվող կարգապահական պատասխատվության ենթարկելու ժամկետները, թե ենթադրյալ արարքի կատարման օրվա առումով և թե այն ԲԴԽ-ում, ոչ դատավորի մեղքով, գործի քննության օրենքով սահմանված ժամկետներն անցնելու առումով։

Այդուհանդերձ՝ Դիմողը գտնում է, որ ցանկացած դատական ակտ, իսկ տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը ենթակա է կատարման, իսկ հակառակի համար օրենքով սահմանված է պատասխանատվություն։

1.7. Եթե ընդունենք, թե ԲԴԽ-ն գործի հանգամանքների ըստ էության վերանայում է իրականացնում, սկբից է քննում, ապա պետք է գնահատական տա այն հարցին, թե արդյոք նախարարը դատավորի նկատմամբ վերոգրյալ խմբային շահերով առաջնորդվելու դեպքում իրավասու էր արդյոք հարուցելու վարույթ, որը հետագայում քններ նրա հետ անքակտելիորեն փոխկապակցված Կարեն Անդրեասյանի ազդեցության տակ գտնվող ԲԴԽ-ն։

1.8. Վերը նկարագրված պայմաններում (տես I գլխի, 2.1. կետը) 20 և ավելի դատավորի լիազորության ապօրինի դադարեցման գործընթացը, որի արդյունքում ժամանակորապես դադարեցվել են գործող դատավորների լիազորությունները կամ պաշտոնավարումը, պետական՝ դատական բյուջեի 100 000 000 ՀՀ դրամից ավելի գումարի վատնում է տեղի ունեցել, ապա արդյոք որևէ մեկը կարող էր սրա մասին բարձրաձայներ թե՝ ոչ։

Արդյոք նման՝ հատկապես դատական իշխանությանը վերաբերող հարցի մասին բարձրաձայնումը յուրաքանչյուր դատավորի պարտականությունը չէ։

Եթե նույնիսկ ընդունենք, թե դատավոր Դավիթ Հարությունյանը չի կատարել վերը նկարագրված գործողությունները (նախագծի մասին գրավոր կարծիք չի հայտնել և այլն) և, որպես 20 դատավորի լիազորությունները դադարեցնելու սուբյեկտ, ի նկատի է ունեցել որպես դատարան հանդես եկած ԲԴԽ-ին, ապա հարց է առաջանում, թե ԲԴԽ, որ օրինական լիազորության շրջանակներում է օրենսդրական փոփոխությունների իրականացումը, որպիսի պայմաններում հասցեատեր դիտվի հենց ինքը։

1.8.1. Դեռ ավելին, եթե նույնիսկ դեռևս առկա է կարծիք այն մասին, թե ԲԴԽ-ն բոլոր դեպքերում նույնացվում է դատարանի և/կամ դատական իշխանության հետ, ապա հարկ է փաստեր ներկայացնել ներքոշարադրյալ իրավական դիրքորոշումը.

Բարձրագույն, դատական խորհուրդը «հանդես է գալիս որպես դատարան» եզրույթի էության բացահայտումը՝ Դավիթ Հարությունյանին վերագրված վարքագծի կանոնների խախտման իրավաչափությունը ստուգելու համատեքստում.

 ՀՀ սահմանադրության 162-րդ և 163-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, որպիսիք են սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, մասնագիտացված դատարանները։

Սահմանադրության վերոնշյալ կարգավարումից հետևում է, որ սպառիչ կերպով թվարկված վերոնշյալ դատարանների և ԲԴԽ գործառույթները չեն համընկնում, այլկերպ ԲԴԽ-ն արդարադատություն իրականացնող մարմին չէ, իսկ Սահմանադրության 173-րդ հոդվածով ամրագրված դատավորների և դատական իշխանության անկախությունը երաշխավորելու սահմանադրական առաքելությունը չի կարող մեկնաբանվել որպես արդարադատության իրականացում։

«News.am» լրատվամիջոցով տարածված, մոտ 10 րոպե տևողությամբ Դավիթ Հարությունյանի հարցազրույցի ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ օրինակ, Դատավորն իր մտահոգություններն է հայտնում ԲԴԽ կողմից սահմանադրական առաքելությունը, այն է դատարանների և դատավորների անկախության երաշխավորումդ նախորդող 6 ամսվա ընթացքում պատշաճ չկատարելու համար, խորհրդի նախագահի կողմից դատավոր անդամի ընտրության անթույլատրելի միջամտության մասին։ Նշում է, որ ԲԴԽ-ի սահմանադրական այդ միակ առաքելությունը փաստացի կատարում է ՀՀ դատավորների միություն ՀԿ-ն։

Դատավորները, տվյալ դեպքում դատավոր Դավիթ Հարությունյանը իրավունք ուներ արդյոք քննադատելու ԲԴԽ գործունեությունը, եթե այդ մարմինը, օրինակ պատշաճ կերպով չի երաշխավորում հենց իրենց դատավորների անկախությունը։

Ըստ միջնորդության դատավոր Դ. Հարությունյանը թույլ է ավել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով սահմանված վարքագծի ընդհանուր կանոնների խախտումներ, այդ թվում՝ Դատավորը Խորհրդի՝ որպես կոլեգիալ կազմով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսենսուսային, միաձայն որոշումների առկայությունը պայմանավորել է «բացառապես որոշակի ուղղորդման» առկայությամբ։

Եթե նույնիսկ լիազոր մարմինն ի նկատի էր ունեցել, թե Դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից վերլուծվող և մեկնաբանվող՝ «եթե բացարձակ կոնսենսուսով որոշում կայացնել» եզրույթը, որը հրապարակային իրենց խոսքում մինչ այդ բազմիցս կիրառել են ԲԴԽ որոշ անդամներ, վերաբերում է ԲԴԽ որոշումներին, որոնցով դադարեցրել են դատավորների լիազորություններ, ապա բացարձակապես անհամատեղելի է կոլեգիալ կազմով գործ քննող և որպես դատարան հանդես եկող ԲԴԽ գործունեության, մասնավորապես դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթներ քննելու և նրանց մի մասի լիազորությունները դադարեցնելու հետ, ապա Օրենքով պարտադիր պետք է տեղի ունենար քվեարկություն, այլ ոչ թե առանց դրա որոշումներ կայացվեին։

Ամեն դեպքում անտեսվել է պարզ իրողություն ու հաշվարկ այն մասին, որ 2022 թվականի նոյեմբերին Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը նախաձեռնեցին «Լույսի շող» փաթեթը, դեկտեմբերին ընդունվեց Ազգային ժողովում, իսկ դրանից չանցած 6 ամիս՝ փետրվարի 22-ին, ապրիլի 7-ին դատավոր Դավիթ Հարությունյանը բարձրաձայնեց այդ մասին։

1.9. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն դատավորը պարտավոր է զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված (...) դեպքերի։ Եթե նույնիսկ ընդունվի թե դատավորն ի նկատի էր ունեցել ԲԴԽ-ին որպես դատարան գործելիս, ապա Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված «օրենք» եզրույթի տակ, համաձայն ՀՀ սահմանադրության 5-րդ և 81-րդ հոդվածների, պետք է հասկանալ նաև ՄԻԵԿ և դրա հիման վրա գործող մարմինների պրակտիկան, որոնցով ևս նախատեսված են դատավորի կողմից դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տալ առնելու թույլատրելի դեպքեր։

Այն դեպքում, երբ ԲԴԽ նախագահը միջամտում է ընտրություններին, չի երաշխավորում դատավորների անկախությունը, դեռ ավելին՝ սահմափակում կամ վերացնում է այն, նախարարի հետ մասնագիտական ու լայն հանրությանը մոլորեցնելով նախաձեռնում է պետությանը նաև գույքային վնաս պատճառած փոփոխություններ և այլն, ապա արդյոք ԲԴԽ-ին ուղղված ըստ էության քննադատական խոսքը կարող է ոչ իրավաչափ գնահատվել, դիտարկվել որպես դատական իշխանությանը վարկաբեկող, այդ իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող կամ վտանգող վարքագիծ։

Մինչդեռ՝ թե նշված, թե դրան նախորդող հրապարակային ու գրավոր խոսքում առկա են եղել տրամագծորեն հակառակ մտքեր, դատավոր Դ.Հարությունյանն առերևույթ առաջնորդվել է ԲԴԽ կողմից դատական իշխանության անկախությունն և անաչառությունը պատշաճ կերպով երաշխավորելու և ամրապնդելու մղումով և առաջարկներով։

1.10. Գործնականում դատական իշխանության հեղինակությունը վտանգել են բացառապես ԲԴԽ նախագահն ու առանձին անդամներ նախարարի հետ համակատարմամբ, սակայն պատասխանատվության է ենթարկվել այդ մասին բարձրաձայնող դատավորը։

1.11. Ակնհայտ է, որ վերագրված վարքագծի խախտումների համար դատավոր Գ. Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու գործընթացը էական բացասական ազդեցություն է գործել այլ դատավորների ազատ արտահայտվելու իրավունքի, այդ կերպ իրենց անկախությունը պաշտպանելու դատավորների հնարավորության վրա։ Այլ կերպ՝ նախարարի հարցազրույցում արտահայտված միքտը, որ դատավորներին պատժում են կամ համակարգը զգաստանում է, ու Կարեն Անդրեասյանի «խոսնակների ցանցի» ստեղծումը առաջացրել է ահաբեկման մթնոլորտ «chilling efect», որպիսի մտավախություն արտահայտել էր դատավորների եվրոպական միությունը (EAJ) 2023 թվականի ապրիլին ընդունված բանաձևով։

Մասնավորապես՝ 2023 թվականի հուլիսի 3-ից հետո՝ ավելի քան մեկ տարի որևէ դատավոր արդարադատության նախարարության կամ ԲԴԽ քննադատական ելույթ չի ունեցել, դատական իշխանության անկախության սահմանափակման որևէ հարցի մասին չի բարձրաձայնել նաև համապատասխան վարույթներ էլ չեն հարուցվել։ Մինչդեռ, 2023 թվականի հուլիսի 3-ից առաջ ազատ խոսքի արտահայտման ենթադրյալ չարաշահման վարույթներ են հարուցվել բազմաթիվ դատավորների վերաբերյալ, որոնք քննվել են ԲԴԽ-ում, տեղի է ունեցել լիազորությունների դադարեցում։

Ընդ որում դատավոր Դավիթ Հարությունյանը հանդիսացել է դատավորների գնահատման հանձնաժողովի անդամ, ժամանակավորապես գլխավորում էր հանձնաժողովը իրավական համայնքում վայելում է հեղինակություն, իսկ նրա լիազորությունները սկզբնական կարգապահական վարույթի արդյունքներով դադարեցնելու հետևանքով հիշատակված պաշտոնյանները հասել է իրենց արձանագրած նպատակին, այն է որևէ այլ դատավոր դատավորների և դատարանների անկախությունը ենթադրաբար ոչ պատշաճ կերպով երաշխավորելու խնդրով չի համարձակվել չի էլ համարձակվելու քննադատել թե նախարարությանը և առավել ևս ԲԴԽ-ին։

Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրած՝ հիմանարար իրավունքների խախտում պարունակող ԲԴԽ որոշումը խորհրդին կամ նրա անդամներին, նույնիսկ դատարան չհանդիսանալու առումով վերածել է անքննադատելի մարմնի։

Ստացվում է մի իրավիճակ, երբ նույնիսկ ԲԴԽ անդամը խոսի իր կատարած ապօրինության մասին, ու որևէ դատավոր այն քննադատի, ապա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։

1.12. ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը, իսկ ՀՀ սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։

ՄԻԵԴ-ը իր նախադեպային որոշումներում և վճիռներուն բազմիցս արձանագրել է, որ դատական համակարգի գործունեության հետ կապված հարցերը հանրային հետաքննության առարկա են, որոնց քննարկումը, որպես կանոն, գտնվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խիստ պաշտպանության ներքո։ Եթե անգամ քննարկվող հարցն ունի քաղաքական ենթատեքստ, այդ փաստն ինքնին բավարար չէ արգելելու դատավորին արտահայտվելու այդ թեմայով։ Վերոնշյալ կանոնը սույն վարույթով կիրառելի էր և կիրառելի է նաև Դավիթ Հարությունյանի նկատմամբ։

Գտնում ենք, որ եթե նույնիսկ ընդունենք, թե դատավորի խոսքը ուղղված է եղել ԲԴԽ-ին, ապա խորհրդին վարկաբեկող, որպես դատարան հանդես եկող այդ մարմնի անկախությունն ու անաչառությունը և վերջինիս կայացրած դատական ակտերը կասկածի տակ դնող վարքագիծ դրսևորելու համար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու և այն ԲԴԽ ուղարկելու պարագայում ի հայտ է գալիս վարույթ հարուցած ու միջնորդությամբ դիմած մարմնի և ԲԴԽ-ի շահերի համընկնման իրավիճակ՝ հաշվի առնելով, որ՝

ա. միայն ԲԴԽ-ն է իրավասու լուծելու իր գործողությունները և որոշումները քննադատած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որը կարող է մեծ հավանականությամբ հանգեցնել ի վնաս դատավորի որոշման կայացման.

բ. Միջնորդություն ներկայացրած, տվյալ դեպքում՝ Լիազոր մարմնի հետ շահերի համընկնման, իսկ դատավորի հետ շահերի բախման իրավիճակում կոլեգիալությամբ գործող ԲԴԽ-ն իրավունք չունի ողջ կազմով ինքնաբացարկ հայտնել կամ ընդունել քննարկվող հիմքով ներկայացված բացարկի միջնորդությունները, քանի որ Սահմանադրությամբ լիազորված նման վարույթներ քննող և լուծող միակ մարմինն է.

գ. ԲԴԽ-ն միակ մարմինն է, որտեղ քննվում և լուծվում են դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Միջնորդություն հարուցող մարմինների, տվյալ դեպքում՝ Լիազոր մարմնի ներկայացրած անխտիր բոլոր միջնորդությունները, ինչը անաչառ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծել առ այն, որ այլ դատավորների նկատմամբ հետագայում ներկայացվող միջնորդությունները քննարկելիս և լուծելիս դատավարության մեկ կողմը Լիազոր մարմինը, ի հաշիվ նախկինում ներկայացրած և բավարարման արժանացած վերոնշյալ միջնորդության, դարձյալ գտնվելու է ավելի նպաստավոր և բարեհաճ վիճակում, քան մյուս պատասխանող կողմը, այլ կերպ ավտոմատ կերպով ծագում են վարույթին մասնակցող կողմերի հավասարությունը հօգուտ վերոնշյալ կողմի խախտելու ռիսկեր։

1.13. Այսպիսով, նման պայմաններում վարույթի կողմերի հետ ԲԴԽ շահերի վերոնշյալ համընկնման և բախման փաստը խոսում է հօգուտ այն պնդման, որ ԲԴԽ գործունեությունը և կայացրած ակտերը, ի տարբերություն արդարադատություն իրականացնող դատարանների գործունեության և կայացրած դատական ակտերի, դատավորների կողմից այնուամենայնիվ կարող են ենթարկվել քննադատության, առավել ևս, երբ արվում են դատավորների և դատարանների անկախությունը պատշաճ կերպով երաշխավորելու մղումներով։

Ավելին, վերոնշյալ հիմնավորումներով կարելի է արձանագրել, որ նման վարույթներով, կոնկրետ դեպքում՝ սույն վարույթով, ԲԴԽ–ն չի կարող անկողմնակալ և անաչառ լինել, առավել ևս երևալ, ինչը ևս մեկ փաստարկ է, որը նաև անուղղակիորեն վկայում է այն մասին, որ նույնիսկ որպես դատարան հանդես գալու Օրենքով սպառիչ կերպով սահմանված իրավիճակներում ԲԴԽ-ն դատարան չէ, արդարադատություն իրականացնող մարմնի չի վերածվում, հետնաբար այդ մարմնին իր ցանկացած գործունեության կամ անգործության առնչությամբ դատավորների ուղղած քննադատական խոսքը դատավորի վարքագծի կանոնների խախտման հատկանիշներ չեն բովանդակում։

Սահմանադրական դատարանը 2019թ. նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմամբ (դատավոր Արայիկ Մելքումյանի գործով) արձանագրել է հետևյալը.

«4.8. Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության սկզբունքների և ընթացակարգերի տեսանկյունից առկա երաշխիքներին, ապա դրանց հիմնական ակունքը Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասն է, ըստ որի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նան Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան այն իմաստով, որ որպես դատարան հանդես եկող անկախ պետական մարմնի թե ձևավորման, թե գործունեության կարգը պետք է համապատասխանի դատարաններին բնորոշ համապատասխան հատկանիշներին։

Նախկինում գործած Արդարադատության խորհրդին առնչվող՝ «գործում է որպես դատարան» եզրույթի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր՝ 18 դեկտեմբերի 2012 թվականի ՍԴՈ-1063 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. « (...) սահմանադրական դատարանը գտնում է, որ «գործում է որպես դատարան» եզրույթի առնչությամբ նկատի պետք է ունենալ արդարադատության խորհրդի գործունեության կարգը, այլ ոչ թե նրա՝ որպես արդարադատություն իրականացնող դատարանի գործառնական դերը։ Վերջինս փաստվում է նաև ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասում անմիջապես հաջորդող այն կանոնակարգմամբ, համաձայն որի՝ «Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարական օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքի նորմերին»։

Այսպիսով, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ ևս փաստվել է, որ առանձնակի կարևորություն ունեցող որոշակի խումբ հարցեր քննարկելիս և լուծելիս խորհուրդը դատավորների արդար դատական քննության իրավունքը երաշխավորելու համար նրանց պետք է ապահովվի համապատասխան վարութային իրավունքներով, ինչը հնարավոր է որպես դատարան հանդես գալու, օրենքով կանոնակարգված վարութային գործողություններ կատարելու պարագայում։ Սակայն որպես դատարան հանդես գալու միջոցով վարույթի կողմերի իրավունքները երաշխավորելու և վարույթի արդյունքներով եզրափակիչ որոշում կայացնելը կոնկրետ գործով արդարադատության իրականացում չէ, իսկ խորհուրդը արդարադատություն իրականացնող մարմին՝ դատարան չէ։

Ինչպես հայտնի է, խորհուրդը որպես դատարան է հանդես գալիս նաև դատավորին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն տալու վարույթներով, սակայն նույնիսկ նման համաձայնութուն տալու պարագայում, դատավորին անձեռնմխելիությունից զրկելու իրավաչափության հարցը, այնուամենայնիվ, լուծում է արդարադատություն իրականացնող մարմինը՝ դատարանը։ Նշված փաստարկը ևս վկայում է այն մասին, որ որպես դատարան հանդես գալն ու արդարադատություն իրականացնելը ՀՀ սահմանադրությամբ տարանջատված տարբեր գործառույթներ են, որոնք իրականացնում են համապատասխանաբար պետական մարմինները կամ դատարանները։

Նախարարության միջնորդության մեջ վկայակոչվել են Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, համաձայն որոնց՝ կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել նույնիսկ քաղաքականապես վիճելի հարցի մասին, այն է՝ երբ հարցն ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության, դատական իշխանության անկախության վրա, վերաբերում է արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության հիմնարար ասպեկտներին։ Ավելին, նաև նշվել է, որ դատավորը, ստանձնելով իր պաշտոնը, գնում է գիտակցված սահմանափակման և դատավորի կարծիքի ազատ արտահայտման սահմանափակումը, այդ թվում՝ որոշակի կոնկրետ հարցերի վերաբերյալ կարծիքի արտահայտման բացառումը պայմանավորված է դատական իշխանության հեղինակությունը և անկախությունը բարձր պահելու անհրաժեշտությամբ։

Մինչդեռ, Սահմանադրական դատարանը 2019թ. նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմամբ նաև փաստել է, որ դատական հայեցողությունը հատկապես այնպիսի դեպքերում, երբ քննության առարկա է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության սահմանափակման հարցը, պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի նորմերն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան մեկնաբանությամբ կիրառելու պահանջով, այլև միջազգային պրակտիկայով, և հատկապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով։

Եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն՝ որոշակի հանգամանքերում դատավորները ևս կարող են արտահայտել իրենց կարծիքը դատարանների, դատական իշխանության և արդարադատության իրականացման վերաբերյալ։ Հօգուտ դատարանների անկախության և անաչառության արտահայտվող կարծիքի համար դատավորներին պատասխանատվության ենթարկվելու վտանգը կարող է ունենալ «կանխարգելող ներազդեցություն»։

Բական ընդդեմ Հունգարիայի գործով ՄԻԵԴ-ը արձանագրել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում՝ արձանագրելով, որ դատավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը ունեցել է «կանխարգելող ներազդեցություն», քանի որ կարող էր ոչ միայն Դիմողին, այլև այլ դատավորների ետ պահել դատական մարմինների, ընդհանուր առմամբ դատական իշխանության մարմինների անկախության հետ կապված օրենսդրական բարեփոխումների շուրջ հրապարակային քննարկումներից։

Այսպիսով, կարգապահական միջնորդությունը քննարկելու և լուծելու վարույթներով Բարձրագույն դատական խորհուրդը չի վերածվում արդարադատություն իրականացնող մարմնի՝ դատարանի, հետևաբար՝ դատավորի կողմից այդ մարմնի ծավալած նախորդիվ գործունեության կամ կայացրած դատական ակտերի հրապարակային քննադատությունը, նույնիսկ անհիմն քննադատությունը չի կարող մեկնաբանվել և ողջամտորեն գնահատվել որպես դատավորի վարքագծի՝ ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեււված կանոնների խախտում։ Դատավոր Դ. Հարությունյանին վերագրված արարքը ոչ այլ ինչ է, քան ՀՀ դատարանների անկախության և անաչառությանը վերաբերող հարցերով հրապարակային կարծիք և մտահոգություն, որն արտահայտելու համար դատավոր Դ. Հարությունյանը չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել, թեև սկզբնական վարույթով նրա լիազորությունները անհիմն և անօրինական կերպով դադարեցվել են։

1.14. Հարկ է նշել նաև, որ դատավոր Դավիթ Հարությունյանը նշել է. «(...) Գիտեք անկախ նրանից ուղղորդում լինի, ում կողմից լինի, երբ որ կանգնում ասում են, որ իրանց մոտ բացարձակ կոնսենսուս ա, դա էդպես չի կարա լինի ուղղակի, դա ինչ-որ նշանակում ա, եթե բացարձակ կոնսենսուս կա, ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում ա, իսկ դա չի կարող էդպես լինել (...) հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան։ Եթե տասը իրավաբան, որոնք սովորել են տարբեր բուհերում, տարբեր ժամանակներում տարբեր կենսափորձ ունեն, կեսը՝ գիտնական, կեսը՝ դատավոր, հնարավոր չէ էդ տասը հոգին չունենան իրենց սեփական ինքնուրույն կարծիքը (...):

Նշվածից առնվազն ակնհայտ է, որ խոսքը կարող է վերաբերել մեկ այլ անձի այդ մասին խոսացածին այսինքն մեկին, ով կանգնել ասել է, որ առկա է բացարձակ կոնսենսուս։

Վերը նշվել է, որ դրա մասին դատավորների շրջանում առաջինը խոսել է Դիլիջանյան հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանը, երբ առաջին ատյանի դատարանի դատավորների անտեսմամբ նշել էր, թե ունեն բացարձակ կոնսենսուս օրենսդրի, գործադրի և վճռաբեկ դատարանի հետ մինչդատականի դատավորներին այլ դատարաններ տեղափոխելու մասին։

Մինչդեռ հանրությանը համահասանելի է եղել ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի factor.am կայքին տված հարցազրույցը, երբ վերջինս հակադարձել է լրագրողի այն դիտարկմանը, որ մեկ այլ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեկմեզյանը նշել է, որ խորհրդում որոշումները արդար չեն կայացվում։ Մասնավորապես դատավոր Մակյանը նշել էր.(...) որևէ ճգնաժամ բարձրագույն դատական խորհրդում չկա, ասեմ ավելին, կա բացարձակ կոնսենսուս. եթե ուշադիր եք լինում, հատկապես վերջին շրջանում բոլոր որոշումները միանձնյա են լինում։

Այսինքն՝ խորհրդի անդամը նշել է, որ ԲԴԽ–ում որոշումները կայացվում են միանձնյա՝ բացարձակ կոնսենսուսի պայմաններում։

Հարց է առաջանում, թե արդյոք օրենքից է բխում որոշումների կայացումը միանձնյա, մեկ անձի կողմից՝ բացարձակ կոնսենսուսի պայմաններում, լինի քվեարկությամբ, թե՝ առանց դրա։

Հարց է առաջանում, թե արդյոք նշված հարցազրույցի բովանդակության մասին տեղյակ չէին նախարարությունն ու ԲԴԽ անդամները։

Հարց է առաջանում թե արդյոք նման միտքը ենթակա է քննադատման թե, ոչ։

Եթե նույնիսկ ընդունենք, թե այն քննադատման ենթակա չէ, սակայն դատավորը ոչ թե պնդում է անում այլ նշում է, որ եթե առկա է նման բան, ապա այն անթույլատրելի է, ապա ինչ ենթադրյալ խախտման մասին է խոսքը։

Հարց է առաջանում, թե որտեղից է արդարադատության նախարարությունը եզրահանգել, իսկ օրինակ Երանուհի Թումանյանցը կազմել ու ստորագրել դատավորի վերաբերյալ որոշում, որտեղ զետեղվել են թե դատավորը խոսել ու քննադատել է ԲԴԽ որոշումները, որոնք եղել են միաձայն։

Միաձայն որոշումների կայացման մասին որևէ խոսք չկա թե՛ դատավոր Մակյանի և թե՛ Դավիթ Հարությունյանի խոսքում։

Հարց է առաջանում, թե ինչ լեզվամտածողության կամ բառամթերքի կամ բառարանի կիրառման արդյունքում է նենգափոխվել դատավորի խոսքը՝ այն նույնացնելով «տասը դատավորներից բաղկացած կոլեգիալ մարմնում կոնսենսուսային, միաձայն որոշումների կայացման անթույլատրելիության, այն պայմաններում երբ խոսքը գնացել է միանձնյա բացարձակ կոնսենսուսի մասին»։

Տվյալ իրավիճակում «միանձնյա բացարձակ կոնսենսուսի» մասին դատողությունը կարող էր լինել այն, կամ հասկացվեր, որ որոշումները կայացվում են մեկ անձի կողմից, իսկ համաձայնվում են առանց քվեարկության։

ԲԴՆ-ն պետք է անդրադառնա նաև այն հարցին, թե նման իրավիճակը արդյոք ընդունելի է Սահմանադրական մարմնում որոշումների օրենսդրորեն կարգավորված ընթացակարգով (քվեարկությամբ) կայացման համար։

1.15. Այս պայմաններում թեև կարող են լինել ոչ կանխորոշող դատական նիստում նախարարության ներկայացուցիչ Սուջյանի՝ փաստաբան Երեմ Սարգսյանի հարցերին տրված պատասխանները, սակայն դրանք ևս ուշագրավ են ու վկայում են արհեստական ու մտացածին մեղադրանքի մասին։

Մասնավորապես՝ Սուջյանը պատասխանել է, որ նշված օտարալեզու բառը որևէ աղբյուրում չի հանդիպել, իսկ փաստաբանի ներկայացրած՝ Աշոտ Հայրապետյանի օտար բառերի բառարանում նշվածը («Կոնսենսուս» լատիներեն բառը, որը նշանակում է Ձեր ասած համաձայնությունը և մեկնաբանությունը «Պառլամենտներում, խորհրդատվություններում որոշումների ընդունումը առանց մասնակիցների քվեարկության, համընդհանուր համաձայնությամբ պայմանավորված համաձայնություն։» Առանց քվեարկության մասնակիցների քվեարկության, որոշման ընդունում) չի վիճարկել։

Հարցին, թե որտեղ է լսել դատավոր Հարությունյանին մեղադրանքում նշված «Միաձայն», «միաձայն որոշում» բառերի օգտագորումը, պնդել է, որ այդ բառը չի օգտագործվել։ Ըստ էության նշել է, որ առանց քվեարկության որոշումը նույնականացվում է միաձայն որոշման հետ։

Միևնույն ժամանակ Սուջյանը նշել է, որ, եթե դատավորը «կոնսենսուսն» օգտագործել է առանց քվեարկելու որոշում կայացնելու առումով, ապա դա կդառնա քննարկման առարկա և նման պայմաններում դատավորի վարքագծում խախտում չի տեսնում։

Հատկանշական է նշված պատասխանից անմիջապես հետո Կարեն Անդրեասյանի կողմից ընդմիջում հայտարարարելու հանգամանքը։

Ուշագրավ են նաև Սուջյանի պատասխաններն այն առումով, որ արձանագրում է, որ դատավորը 20 և ավելի դատավորների մասին խոսելիս դատական ակտի մասին չի նշել, սակայն իրենք համոզված են, որ նկատի է ունեցվել 5-6 դատավորներին ում լիազորությունները դադարեցվել են դատական ակտերով։ Նշել է նաև, որ իր համար անհասկանալի են հաշվարկները՝ ինչու է դատավորն ասում 20-ից ավելի, իսկ իրենք հասկանում այլ թիվ։

Կարեն Անդրեասյանի կողմից վերը նշված ընդմիջում հայտարարելուց հետո պատասխանների ժամանակ ձայնագրառման համակարգի սնուցման լարը նախարարության աշխատակիցների թիկունքում գտնվող վարդակից անջատվելը, նիստն ընդհատելու 2-րդ տեխնիկական դեպքն է եղել։

1.16. Հարկ է արձանագրել նաև, որ փաստացի նախարարության ու ԲԴԽ-ի կողմից չի հերքվել ու անարձագանք է մնացել Կարեն Անդրեասյանի կողմից ապրիլի 7-ին տեղի ունեցած ընտրություններին միջամտության վերաբերյալ դատավորի քննադատությունը, չի հերքվել նույն օրը նրա և նախարարի անթույլատրելի՝ որպես դատավարական սուբյեկտների կապերի մասին քննադատությունը։

Նշված փուլում վերոգրյալը բավարար համարելով՝ հարկ է հիշատակել Դատավորների եվրոպական միության (European Association of Judges (EAJ)) խորհրդի հուլիսի 14-ի նամակ դիտարկումները, որոնք հասցեագրվել էին Հայաստանի Հանրապետության և միջազգային պատկան մարմիններին Հայաստանի դատական իշխանությունում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի բնօրինակը տեղադրված Է դատավորների միջազգային միության պաշտոնական կայքում (տե՛ս https://www.iaj-uim.org/news/letter-eaj-board-on-armenia)17:

«(…)

Դատավորների եվրոպական միության ներքոստորագրյալ խորհրդի անդամներս տեղեկացվել ենք անդամ միության Հայաստանի դատավորների միության, ինչպես նան տեղական լրատվամիջոցների հաղորդումներից տարբեր հայ դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների մասին, որոնցով ենթադրաբար դիտավորությամբ անարգանքի ու ծաղրի են ենթարկվում Եվրոպական համընդհանուր ընդունված ստանդարտները։

Դատավորները, ովքեր կայացրել են որոշումներ, իսկ հետագայում, երբ դրանցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) կողմից արձանագրվել են մարդու իրավունքների խախտումներ ու պետությունը ենթարկվել է տույժերի, ենթարկվել են կարգապահական պատասխանատվության նույնիսկ այն դեպքերում, երբ տույժերի պատճառը օրենքի բացերն են եղել, և հետևաբար դատավորների սխալը չի եղել։

Դատավորների մեկ այլ խումբ ենթարկվել են պատասխանատվության արդարադատության համակարգի թերացումների կամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ քննադատական դիտարկումների համար։ Նույնիսկ բարձր հեղինակություն ունեցող և երբևէ կարգապահական պատասխանատվության չենթարկված դատավորները ենթարկվել են անհամաչափ պատասխանատվության դադարեցվել են լիազորությունները։

Առավել մտահոգիչ են կարգապահական վարույթների հարուցման և դրանց քննարկման հետ կապված հաղորդումները։

Հաղորդումներից անառարկելիորեն բխում է, որ առկա է բացահայտ արհամարհանք (կամ անտեղյակություն) արդար դատաքննության սկզբունքների կիրառման նկատմամբ։

Դատավորների եվրոպական միության խորհուրդը հարկ է համարում կրկին հղում կատարել նամակին կից 2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հայտարարությանը»18։

1.17. Ամբողջ վերոգրյալը մասնակի տեղեկատվություն է պարունակում տեղի ունեցածի մասին, առավել մանրամասն նշվածի մասին Դիմողը կարող է խոսել մասնավորապես դռնբաց դատական նիստում, ներկայացված հանգամանքների վերաբերյալ որևէ կասկածի փարատման և/կամ հաստատման մասին, լրացուցիչ տեղեկատվություն, ապացույց կարող է տրամադրել առաջին իսկ պահանջի դեպքում։

Այդուհանդերձ առավել հստակ ու պատշաճ տեղեկություններ հայտնելու հնարավորություն դիմողը կստանա, կողմին հասցեագրված հարցերի պատասխանները ստանալուց հետո։

1.18. Հաշվի առնելով՝ վերը ներկայացվածը, դիմողը գտնում է, որ անհրաժեշտ է նաև ներկայացնել վկաներ դատակոչելու միջնորդություն, ինչը կներկայացվի հետագայում՝ մասնավորապես պատասխան ստանալուց հետո։

1.19. Վերոգրյալ ու հավելյալ ներկայացվելիք փաստարկների ներքո Դիմողը ներկայացնելու է նաև բացարկի միջնորդություն, որը պետք է նախորդի, ինչպես սույն այնպես էլ այլ ցանկացած այլ դատավարական փաստաթղթի քննարկմանը։

Խնդրում եմ քննարկել սույն դիմումի մեջ նշված բոլոր հանգամանքները»:

 

3. Լիազոր մարմնի դիրքորոշումը.

Արդարադատության նախարարը 13.09.2024 թվականին Խորհրդին ներկայացված դիրքորոշմամբ հայտնել է հետևյալը.

«Արդարադատության նախարարությունում 2024 թվականի սեպտեմբերի 4-ին ստացվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի թիվ ԴԴ-1-ԴԴ-3537-24 գրությունը և Դավիթ Հարությունյանի` «Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ ԲԴԽ 2023 թվականի հուլիսի 3-ի թվագրմամբ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայելու մասին» միջնորդությունը (այսուհետ` Միջնորդություն)։ Դատական դեպարտամենտի ղեկավարի նշված գրությամբ նաև փաստվել է, որ. «(...) Միջնորդության քննարկման պատշաճ ընթացքն ապահովելու նկատառումով` Օրենսգրքի 157-րդ հոդվածով և Աշխատակարգով` Խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով որոշման վերանայման ընթացակարգը սահմանող կարգավորումների բացակայության հանգամանքով պայամանավորված, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական հնարավորության հաշվառմամբ` կկիրառվի նոր հանգամանքի հիմքով Խորհրդի ԲԴԽ-57-04-16 որոշման վերանայման ընթացքը կարգավորող իրավական նորմը՝ համանման հարաբերությունները Օրենսգրքի 156.1-րդ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը բողոքարկելը» վերտառությամբ հոդվածով (դրա էության հաշվառմամբ) և դրա իրացմանն ուղղված` Աշխատակարգի 1-ին հավելվածի 9-րդ գլխով սահմանված կանոնները (...)»։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 156.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ ստորև ներկայացվում է Արդարադատության նախարարի պատասխանը:

Դավիթ Հարությունյանը Միջնորդության շրջանակներում պահանջ է ներկայացրել վերանայել Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ ԲԴԽ 2023 թվականի հուլիսի 3-ի թվագրմամբ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը՝ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի (այսուհետ նաև՝ ՍԴ) 21.05.2024 թվականի ՍԴՈ-1729 որոշումը:

Այս համատեքստում անդրադառնալով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1729 որոշմանը` առաջին հերթին հարկ ենք համարում արձանագրել, որ ՍԴ-ն իր որոշման շրջանակներում անդրադարձել է հետևյալ երկու հարցադրումներին.

1) Արդյո՞ք Օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանության պայմաններում, որի համաձայն` որպես դատարան հանդես գալու դեպքում Խորհրդի նիստերը կարող են անցկացվել դռնփակ` արդարադատության շահերի պաշտպանության նպատակով, նաև այն դեպքում, երբ դռնփակության համար հիմք հանդիսացող փաստերը կարգապահական վարույթի քննության պահին արդեն իսկ հանրայնացվել են, ապահովվո՞ւմ է անձի` Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորությունը` գործի հրապարակային քննության իրավունքի երաշխավորման համատեքստում,

2) Արդյո՞ք Վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2- րդ կետն իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանության պայմաններում, որի համաձայն` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել` առանց երաշխավորելու նշված սանկցիայի կիրառումից հետո դատավորի ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը, համահունչ է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի և Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը։

Առաջին հարցադրման կապակցությամբ ՍԴ-ն գտել է, որ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ նաև` ԲԴԽ) կողմից Օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում նշված նորմի սահմանադրաիրավական նշանակությանն ու բովանդակությանը և այդպիսով չի ապահովում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման պահանջները` հանգեցնելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` գործի հրապարակային քննության իրավունքի խախտման։ Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտել է, որ Օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն` «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը։

ՍԴ վերոշարադրյալ դիրքորոշման հիման վրա կարող ենք փաստել, որ դատարանն ընդունելի չի համարել ԲԴԽ հիմնավորումները և պատճառաբանությունները նիստը դռնփակ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ, որպիսի պայմաններում Միջնորդության քննությունը բանավոր կարգով իրականացվելու դեպքում, ԲԴԽ-ը պետք է վերստին անդրադարձ կատարի նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու անհրաժեշտության հարցին` հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումը։ Այնուամենայնիվ, Օրենսգրքի 156.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ ներկայացված բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել նիստում։ Բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ կայացվում է որոշում։ Դատական դեպարտամենտի ղեկավարի թիվ ԴԴ-1-ԴԴ3537-24 գրության բովանդակությունից պարզ է դառնում, որ գործի քննությունն իրականացվելու է գրավոր ընթացակարգով և գործը նիստում քննելու անհրաժեշտության բացակայության պայմաններում` Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին ԲԴԽ-57-04-16 որոշման վերանայման շրջանակներում` նիստի դռնփակ կամ դնռբաց անցկացման հարցի քննարկումն առարկայազուրկ է։

Անդրադառնալով երկրորդ հարցադրմանը` ՍԴ-ը գտել է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ ԲԴԽ-ը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը` դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։

Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ արդար դատաքննության սահմանադրական իրավունքի երաշխավորումը պահանջում է, որ յուրաքանչյուր դեպքում` «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառման հարցին զուգահեռ, ԲԴԽ-ն միջոցներ ձեռնարկի դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար` երաշխավորելով դատավորի ներկայացուցչի մասնակցությունը կարգապահական վարույթին, և նույնիսկ նման հնարավորության բացակայության պայմաններում առնվազն ապահովի, որ կողմի դիրքորոշումները, եթե հնարավոր չէ նրա մասնակցությունը վարույթին, ներկայացվեն առնվազն գրավոր կերպով։ Միաժամանակ, Դատական դեպարտամենտի ղեկավարի թիվ ԴԴ-1-ԴԴ-3537-24 գրությամբ նշվել է, որ զեկույցի ներկայացման արդյունքում ի հայտ եկած հարցադրումները կուղղվեն Միջնորդություն ներկայացրած անձին։ Վերոգրյալից հետևում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Միջնորդություն ներկայացրած անձին գրավոր եղանակով դիքորոշման ներկայացման հնարավորության ընձեռումն այն պայմաններում, երբ գործի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, համապատասխանում է Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշման։

Վերոգրյալից զատ հարկ ենք համարում ընդգծել, որ Սահմանադրական դատարանն իր որոշման շրջանակներում գնահատական չի տվել կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության կամ բացակայության կամ տույժի տեսակի համաչափության հարցերին։ Միաժամանակ, ևս մեկ անգամ պնդում ենք Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդությամբ և գործի քննության ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հայտնած դիրքորոշումը:»:

 

4. Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

4.1. Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը 2023 թվականի մայիսի 24-ին N 42-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ նշելով, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված՝ դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտումը, իսկ կարգապահական վարույթ հարուցելու առիթ՝ զանգվածային լրատվության միջոցի համապատասխան հրապարակումը:

4.2. Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշման համաձայն որոշվել է. «1. Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»:

4.3. Սահմանադրական դատարանը, Որոշմամբ անդրադառնալով այն հարցադրմանը, թե արդյո՞ք Օրենսգրքի 90-րդ հոդվածի 6-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության պայմաններում, որի համաձայն՝ որպես դատարան հանդես գալու դեպքում Խորհրդի նիստերը կարող են անցկացվել դռնփակ՝ արդարադատության շահերի պաշտպանության նպատակով, նաև այն դեպքում, երբ դռնփակության համար հիմք հանդիսացող փաստերը կարգապահական վարույթի քննության պահին արդեն իսկ հանրայնացվել են, ապահովվո՞ւմ է անձի՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորությունը՝ գործի հրապարակային քննության իրավունքի երաշխավորման համատեքստում, նշել է հետևյալը.

«5.1. (…) Վերոնշյալի համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Խորհրդի կողմից կարգապահական վարույթի դռնփակ քննությամբ հրապարակայնության սկզբունքի սահմանափակումը հիմնվել է Խորհրդի այն դիրքորոշման վրա, որի համաձայն՝ դատավորի կողմից հարցազրույցում արտահայտված՝ Խորհրդի գործունեությունը քննադատող կարծիքի կրկնությունը դռնբաց դատական նիստում, կարող է թիրախավորել դատական իշխանության հեղինակությունն ու այդպիսով՝ վնասել արդարադատության շահերը։ Այնինչ, դատական իշխանության հեղինակությունը թիրախավորելու հանգամանքից զերծ, կոնկրետ կարգապահական վարույթով արդարադատության իրականացման արդյունավետության և դրա ընթացքը խոչընդոտելու որևէ հանգամանք չի վկայակոչվել։ Ավելին, Դիմողի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել և հաջորդաբար Բարձրագույն դատական խորհրդում իրականացվել է հենց իր կողմից թույլ տրված արտահայտություններով դատավորի վարքագծի կանոնների խախտումների առնչությամբ, որի վերաբերյալ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման որոշման հիմքում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «արդարադատության շահի» պաշտպանության նպատակի համար չի ներկայացվել ո՛չ ապացույցների ձեռքբերման, հետազոտման և դրանց ամբողջականությունը և անխախտելիությունը պաշտպանելու, ո՛չ էլ ինքնին վարույթի ընթացքը խոչընդոտելու վտանգ պարունակող այլ հանգամանք։ Արձանագրվածով հանդերձ, Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ Դատավորի կողմից կատարված արտահայտությունները, որոնք հիմք էին հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար, արդեն իսկ հանրայնացվել էին՝ տարածվելով զանգվածային լրատվության միջոցներով, և հանրությանը հայտնի էին դարձել նախքան կարգապահական վարույթի հարուցումը։ Այսինքն՝ արդարադատության շահերի պաշտպանության նպատակով կարգապահական վարույթը դռնփակ դատական նիստում իրականացնելու մասին որոշման կայացման պահին նման արտահայտությունները, որոնց իրավաչափության գնահատականը վերապահված է Բարձրագույն դատական խորհրդի իրավասությանը, կարգապահական վարույթի հրապարակայնության սահմանափակման վերաբերյալ որոշման մեջ այլ հիմնավորման բացակայության պայմաններում արդեն իսկ ունեցել էին իրենցով դատական իշխանության հեղինակության նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդի գնահատականով վնասելու ազդեցությունը։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խորհրդի կողմից Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում նշված նորմի սահմանադրաիրավական նշանակությանն ու բովանդակությանը և այդպիսով չի ապահովում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման պահանջները՝ հանգեցնելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման:

Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը:(…)»:

4.4. Նույն Որոշմամբ Սահմանադրական դատարանն անդրադառնալով այն հարցադրմանը, թե արդյո՞ք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանության պայմաններում համաձայն, որի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել՝ առանց երաշխավորելու նշված սանկցիայի կիրառումից հետո դատավորի ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը, համահունչ է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի և Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը, նշել է հետևյալը.

«5.2. (…) Վերոնշյալ սկզբունքները Սահմանադրական դատարանը սույն գործի անհատական հանգամանքների նկատմամբ տեղայնացնելու շրջանակում արձանագրում է, որ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան Խորհրդի կողմից Դատավորի նկատմամբ կիրառվել է վերջինիս ներկայացուցիչների բացակայության պայմաններում, և Դատավորի՝ դատական նիստերի դահլիճից հեռացվելուց շուրջ 20 րոպե անց սույն գործի դատաքննությունն ավարտվել է։ Այսինքն՝ Խորհրդի կողմից իրականացված վարույթում իր դատական լիազորությունների գործադրման և որոշումների իրավաչափության նկատմամբ հարգանքով հանդերձ, Սահմանադրական դատարանը նկատում է, որ Դիմողի կողմից իր լսված լինելու իրավունքի իրացման առնչությամբ Խորհրդի կողմից կիրառված սանկցիայի ազդեցությամբ դատական նիստերի դահլիճում վարույթին մասնակցելու անհնարինության պայմաններում Դիմողն ի վիճակի չի եղել ներկայացնել իր դիրքորոշումները նույնիսկ գրավոր կերպով՝ առանց նիստին անձամբ կամ իր ներկայացուցիչների միջոցով մասնակցելու՝ իր հեռացման և դատաքննության ավարտի՝ իր կողմից գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու համար ոչ ողջամիտ, եթե ոչ անհնարինությունը սահմանագծող, սեղմ ժամկետի պատճառով։

Ամբողջացնելով սույն սահմանադրաիրավական վեճի պատկերը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի նմանօրինակ մեկնաբանման և կիրառման հետևանքով ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է Դատավորի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է Դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած՝ նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ խնդրո առարկա դատական սանկցիայի կիրառումը բոլոր դեպքերում չպետք է հանգեցնի անձի լսված լինելու իրավունքի չեզոքացման:

Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:(…)»:

4.5. Դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար հիմք են հանդիսացել՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների խախտումները, որոնք դրսևորվել են դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող հրապարակային արտահայտություններ թույլ տալով, ինչպես նաև դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց և այնպիսի վարքագիծ դրսևորելուց զերծ չմնալով, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը:

4.6. Խորհրդի 03.07.2023 թվականի ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշման համաձայն.

«(…) Ելնելով վերոգրյալից՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կատարված արտահայտություններով թույլ են տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջների խախտումներ, մասնավորապես, վերջինիս կողմից կատարված արտահայտությունները վարկաբեկում են դատական իշխանությունը, նման արտահայտություններով նվազեցվում է հանրության վստահությունը դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ, ինչպես նաև հրապարակայնորեն կասկածի տակ են առնում Խորհրդի որոշումների օրինականությունն ու որոշումների կայացման ընթացքում Խորհրդի անդամների անկախությունը և անաչառությունը՝ անկախ այն հանգամանքից, թե՛ Դատավորի կողմից «անօրինական» որակված Խորհրդի որոշումները հանդիսանում են Խորհրդի՝ որպես դատարանի իրավակիրառ գործունեության և թե՛ Օրենսգրքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման արդյունք: (…) Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:(…)»:

 

5. Սույն Դիմումի քննության շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումը.

Հաշվի առնելով Դիմողի կողմից բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Լիազոր մարմնի կողմից ներկայացված դիրքորոշումը` Խորհուրդը նոր հանգամանքի հիմքով վերանայման մասին Դիմումի քննության համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

5.1. Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակության պարագայում արդյո՞ք Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1729 որոշումը կարող է հիմք հանդիսանալ Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-54-Ո-Կ-16 որոշումը նույն հոդվածի 8-րդ մասի իմաստով վերանայելու համար:

 

6 Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Խորհուրդը, նախ հարկ է համարում անդրադառնալ Դիմումի քննության ընթացքը կարգավորող կիրառելի նորմերի որոշման հարցին, որի շրջանակներում կարևոր է համարում արձանագրել, հետևյալը.

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:

Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Օրենսգրքի 156.1.-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ ներկայացված բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել նիստում: Բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ կայացվում է որոշում:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բողոքի քննությունը կատարվում, և որոշումը կայացվում է բողոքը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում։

Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են Բարձրագույն դատական խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե` Սահմանադրական դատարանը կարգապահական վարույթով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու դիմումը կարող է ներկայացվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմնի կամ այն դատավորի կողմից, որի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է դիմում ներկայացրած անձը:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը, ապա որոշում է ընդունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը չվերանայելու վերաբերյալ:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Տվյալ դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորի թափուր պաշտոն չլինելու դեպքում դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: Նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու դեպքում դատավորին վճարվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա):

Տվյալ դեպքում Խորհուրդը Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 որոշման հիման վրա Դիմողի կողմից ներկայացված միջնորդության քննարկման պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով քննության ընթացքը կանոնակարգող նորմերի բացակայության հանգամանքով պայմանավորված՝ օրենքի անալոգիայի կիրառման արդյունքում կիրառելի է համարել համանման հարաբերությունները կարգավորող՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը բողոքարկելը» վերտառությամբ Օրենսգրքի 156.1-րդ հոդվածի 2-6-րդ մասերը, որոնք վերաբերում են մասնավորապես՝ ստացված վերանայման դիմումը մյուս կողմին ուղարկվելուց հետո դիմումի պատասխան ներկայացնելու ժամկետին, դիմումի վերաբերյալ որոշման կայացման ընթացակարգին (գրավոր ընթացակարգով կամ նիստում), նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցելուն, ընտրված զեկուցող անդամի կողմից զեկույց ներկայացնելուն, զեկուցողին հարցեր տալուն, ինչպես նաև քննության տևողությանը:

Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացակայում է Դիմումի քննությունը դատական նիստում իրականացնելու անհրաժեշտությունը՝ Խորհուրդը գտել է, որ Դիմումի քննությունը նպատակահարմար է իրականացնել գրավոր ընթացակարգով, միաժամանակ Դիմողի համար ապահովելով գրավոր դիրքորոշում ներկայացնելու միջոցով լսված լինելու իրավունքի իրացման լիարժեք հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի՝ 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը:

Ինչ վերաբերում Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրական դատարանի 11.04.2012 թվականի թիվ ՍԴՈ-1020 որոշմանը, ապա Խորհուրդը նախ կարևոր է համարում արձանագրել, որ տվյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը քննարկել է 2014 թվականի հունվարի 7-ին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը և արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և մատնանշել, որ ՀՀ վարչական դատավարությունում առկա իրավակարգավորման բացը` կապված գրավոր ընթացակարգով դատավարության հստակ կարգի բացակայության հետ կարող է իրացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում գրավոր ընթացակարգի կանոններ նախատեսելով: Տվյալ պարագայում Խորհրդի կողմից անալոգիայի կիրառման արդյունքում ընտրված Օրենսգրքի 156.1-րդ հոդվածի իրավակարգավորումները, ինչպես արդեն մատնանշվել է, վերաբերում են ստացված վերանայման դիմումը մյուս կողմին ուղարկվելուց հետո դիմումի պատասխան ներկայացնելու ժամկետին, դիմումի վերաբերյալ որոշման կայացման ընթացակարգին (գրավոր ընթացակարգով կամ նիստում), նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցելուն, ընտրված զեկուցող անդամի կողմից զեկույց ներկայացնելուն, զեկուցողին հարցեր տալուն, ինչպես նաև քննության տևողությանը, հետևաբար, վերոնշյալի հաշվառմամբ Դիմողի կողմից վկայակոչված պնդումներն անհիմն են:

Միաժամանակ, Խորհուրդը Սահմանադրական դատարանի դիրքորոշման հաշվառմամբ, կարևորելով կարգապահական վարույթների քննության հրապարակայնության ապահովվումը և «ստվերային արդարադատության» կայացման մասին հանրային ընկալումների սերմանումը կանխելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով նաև Դիմողի արդեն իսկ դատավորի կարգավիճակ չունենալու հանգամանքը, ինչպես արդեն արձանագրել է, սույն գործով հրապարակայնացնելու արգելք այլևս գոյություն չունի:

Դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումների հաշվառմամբ Խորհուրդը հարկ է համարում նշել, որ իր՝ 03.07.2023թ. թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ արձանագրվել է, որ «(...) յուրաքանչյուր դատավոր պետք է զերծ մնա այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը, քանի որ դատավորների հրապարակային դիրքորոշումներն իրենց բոլոր դետալներով հանրության կողմից ընկալվում են իբրև օբյեկտիվ, հետևաբար դատավորի խոսքի իրավունքի ազատության սահմանազանցման հարցը քննարկելիս անհրաժեշտ է բացահայտել, թե դրանք ինչպես կարող են ընկալվել հանրության կողմից։ Տվյալ դեպքում, Դատավորի կողմից արված՝ «(…) Գիտեք անկախ նրանից ուղղորդում լինի, ում կողմից լինի, երբ որ կանգնում ասում են, որ իրանց մոտ բացարձակ կոնսենսուս ա, դա էդպես չի կարա լինի ուղղակի, դա ինչ-որ նշանակում ա, եթե բացարձակ կոնսենսուս կա, ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում ա, իսկ դա չի կարող էդպես լինել (...) Հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան (...)» արտահայտությունը կասկածի տակ է դնում Խորհրդի որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող անկախ պետական մարմնի կողմից որոշումների կայացման գործընթացում Խորհրդի յուրաքանչյուր անդամի սեփական, ինքնուրույն կարծիքը ունենալու և այն պնդելու հնարավորության առկայության հանգամանքը՝ հայտարարելով, որ «եթե կա բացարձակ կոնսենսուս, ապա ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է», ինչը տվյալ տեսանյութը դիտող յուրաքանչյուր ողջամիտ անձի մոտ կստեղծի տպավորություն, որ Խորհուրդը որոշումներ կայացնելիս անկախ և անաչառ չէ և ենթարկվում է ուղղորդման:

Քննարկվող պարագայում դիտարկելով Դատավորի կողմից հնչեցված արտահայտությունները, հաշվի առնելով վերոհիշյալ փաստական և իրավական հանգամանքները՝ Խորհուրդն արձանագրում է, որ միջնորդության հիմքում վկայակոչված փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Դատավորի կողմից թույլ են տրվել արտահայտություններ, որոնք կասկածի տակ են դրել Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի կայացրած՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների օրինականությունը, մինչդեռ դատավորը պարտավոր է դրսևորել բավարար շրջահայացություն, զսպվածություն և խուսափել դատարանի գործողությունները և որոշումները կասկածի տակ դնելուց»19:

Միաժամանակ անդրադառնալով 20-ից ավելի դատավորների լիազորությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ և 11-րդ մասերով և նույն օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով կայացված՝ համապատասխանաբար, որոշակի թվով դատավորների ռեզերվային դատավորների կարգավիճակ ձեռք բերելու և դատավորի պաշտոնների թափուր տեղեր առաջանալու փաստերի արձանագրման մասին Խորհրդի որոշումներն անօրինական գնահատելու, ինչպես նաև Խորհրդի կողմից կայացված դատական ակտերի հրապարակային քննադատությունը, ապա Խորհուրդը հարկ է համարում նշել, որ իր՝ 03.07.2023թ. թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ արձանագրվել է, որ. «(...) եթե նույնիսկ Խորհուրդը Դատավորի կողմից հնչեցված կարծիքը դիտարկի նշված համատեքստում, ապա նման պարագայում ևս Դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, այն պայմաններում երբ դատավորը պետք է դրսևորի բացառիկ շրջահայացություն՝ խուսափելով որևէ կերպ դատական համակարգի անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ առնելուց, քանի որ դատավորների հրապարակային դիրքորոշումներն իրենց բոլոր դետալներով հանրության կողմից ընկալվում են իբրև օբյեկտիվ: Հետևաբար, վերոնշյալ իրավիճակում ևս դատավորի կողմից արված արտահայտություններում առկա է Օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջի խախտում:»20:

Ավելին, անդրադառնալով Դիմողի կողմից մատնանշված քննադատություն հնչեցնելու վերաբերյալ դիտարկումներին, Խորհուրդը հարկ է համարում նշել, որ իր՝ 03.07.2023թ. թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ արձանագրվել է, որ. «(...) որևէ մարմին քննադատությունից վեր չէ, առավել ևս՝ սահմանադրական մարմինները, որոնք ունեն առանցքային դեր ժողովրդավարական հասարակություններում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման հարցում։ Այնուամենայնիվ, երբ դատավորներն իրենց խոսքի ազատության իրավունքի շրջանակներում քննադատության են ենթարկում հատկապես այդ մարմիններին, ապա իրենց խոսքերում պարտավոր են դրսևորել առավել զգուշավոր մոտեցում։ Դատավորները, հաշվի առնելով իրենց խոսքի ազդեցիկությունը, պարտավոր են հանրությանը մանրամասն բացատրել իրենց քննադատության պատճառները և հիմնավորումները։ Ավելին, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է դրսևորեն հավասարակշիռ մոտեցում, խուսափեն որևէ կողմնակալության տպավորություն ստեղծելուց և փոխարենը ձգտեն արդարացի և բազմակողմանի ներկայացնել խնդրի բոլոր կողմերը։

Նշած պահանջների կարևորությունն առավել ակներև է, երբ դատավորների քննադատության թիրախը հանդիսանում է Բարձրագույն դատական խորհուրդը, քանի որ դատական համակարգի անկախության երաշխավոր հանդիսացող մարմինը հեղինակազրկող խոսքերն ուղղակիորեն կասկածի տակ են դնում դատական ամբողջ համակարգին, այսինքն՝ դատական համակարգի անկախությունն ընդհանրապես։ Դատավորի կողմից քննադատական խոսքը չպետք է նպատակ ունենա որևէ մարմնի, առավել ևս Բարձրագույն դատական խորհրդին հեղինակազրկել, և այն պետք է լինի կառուցողական։

Այս առումով, Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ կառուցողական քննադատությունը, որը համակարգում առկա խնդիրներին անդրադառնում է բազմակողմանիորեն և հստակորեն, նպաստում է իրավական համակարգի և հանրության միջև փոխըմբռնման և վստահության ամրապնդմանը։ Մինչդեռ այն պարագայում, երբ դատավորներն առանց հիմնավորման և կողմնակալ կերպով քննադատության են ենթարկում Խորհրդի գործողությունները և որոշումները, ապա որպես հետևանք վնասվում է ոչ միայն Խորհրդի հեղինակությունը, այլև կասկածի տակ է դրվում ամբողջ դատական համակարգի անկախությունը և վստահելիությունը: (…) նման արտահայտություններով նվազեցվում է հանրության վստահությունը դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ, ինչպես նաև հրապարակայնորեն կասկածի տակ են առնում Խորհրդի որոշումների օրինականությունն ու որոշումների կայացման ընթացքում Խորհրդի անդամների անկախությունը և անաչառությունը՝ անկախ այն հանգամանքից, թե՛ Դատավորի կողմից «անօրինական» որակված Խորհրդի որոշումները հանդիսանում են Խորհրդի՝ որպես դատարանի իրավակիրառ գործունեության և թե՛ Օրենսգրքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման արդյունք:» 21:

Ընդ որում, Խորհուրդը կարևորելով ժողովրդավարական հասարակությունում արտահայտվելու ազատության հիմնաքարային բնույթը, գտնելով, որ ցանկացած միջամտություն դատավորի խոսքի ազատության իրացմանը, պետք է մանրազնին ուսումնասիրության առարկա դառնա Բարձրագույն դատական խորհրդի կողմից, իր՝ 03.07.2023թ. թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ արձանագրել է. «(...) ՀՀ Սահմանադրությունը դատավորներին է վերապահում արդարադատության իրականացման բացառիկ իրավասությունը, որն, ուղղակիորեն առնչվելով անհատների իրավունքների և ազատությունների հետ, ազդում է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության ձևավորման վրա: Ուստի հաշվի առնելով դատավորի պաշտոնի առանձնահատուկ դերն արդարադատության իրականացման հարցում՝ դատավորներին վերաբերելի վարքագծի կանոններն իրենց բնույթով ավելի խիստ են քան պետական մյուս պաշտոնյաներինը: Այլ կերպ ասած, դատավորներն իրենց վարքագծով ոչ միայն պետք է ձեռնպահ մնան դատական համակարգը վարկաբեկելուց, այլև պետք է խթանեն դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը:

Դատավորի, դատարանի և դատական իշխանության յուրահատուկ դերը և դրանից բխող կարգավիճակն ամրագրված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։ Դրանց մեջ կարևոր են հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելված՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A (XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի Եվրոպական խարտիան և Եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի՝ «Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ CM/Rec(2010) 12 հանձնարարականը, Եվրոպական Դատավորների Խորհրդատվական խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք եզրակացություններ ու զեկույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ և այլն։

Վկայակոչված միջազգային փաստաթղթերում ամրագրված են դատական իշխանության, դատավորների անկախության, դատավորների գործունեության, ինչպես նաև վերջիններիս վարքագծի կանոնների վերաբերյալ ելակետային դրույթներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հովանու ներքո հրապարակված ««Դատական սեմինար» Վստահության ամրապնդումը դատական համակարգի նկատմամբ» հաշվետվողական փաստաթղթում ամրագրված են եվրոպական չափանիշներով ընդունելի մոտեցումները, մասնավորապես այն, որ դատավորի շրջահայաց լինելու պարտականությունը հետապնդում է որոշակի նպատակ, այն է՝ դատավորի խոսքն ի տարբերություն փաստաբանների, ընկալվում է, որպես օբյեկտիվ գնահատականի արտահայտում, որը պարտավորեցնող է ոչ միայն դատավորի՝ որպես առանձին սուբյեկտի, այլ նաև ամբողջ դատական համակարգի համար։

Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999 թվականի նոյեմբերի 17-ին Թայվանում ընդունված, Վերանայված 2017 թվականի նոյեմբերի 14-ին Սանտյագոյում (Չիլի) դատավորների համընդհանուր խարտիայի 6.2 հոդվածի համաձայն՝ դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի վարքագծից, գործողություն կատարելուց կամ արտահայտություն անելուց, որն ազդեցություն կունենա նրա անկողմնակալության, անկախության, ինչպես նաև վստահության վրա:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Դատավորի վարքագծի Բանգալորյան սկզբունքների 4-րդ կետի համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է:

Իսկ նույն սկզբունքների 4.6-րդ կետի համաձայն՝ դատավորը, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, ունի ազատ արտահայտվելու, դավանանքի, միավորման և հավաքների իրավունք, սակայն այդ իրավունքների իրականացման ճանապարհին դատավորը միշտ պետք է դրսևորի իրեն այնպես, որ բարձր պահի դատավորի պաշտոնի համբավը և զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են դատական իշխանության անաչառության և անկախության հետ:

Նույն սկզբունքների 4.1-րդ կետի համաձայն՝ դատավորը պետք է պահպանի վարքագծի կանոնները և դատավորի պաշտոնի հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս զերծ մնա ոչ պատշաճ տպավորություն թողնելուց:

Բանգալորյան սկզբունքների 4-րդ և 4.6-րդ կետերի բովանդակությունից հետևում է, որ ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ՝ դատավորն ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն դատավորի կողմից այդ իրավունքի իրականացումը պետք է կատարվի զգուշորեն, իր բարձր պաշտոնի համբավը չվնասելու և իր ազատ արտահայտվելու իրավունքի իրականացման շրջանակում կատարված արտահայտությունները դատական իշխանության անաչառության և անկախության հետ անհամատեղելի չդիտվելու նկատառմամբ։

Միաժամանակ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությամբ նշված է, որ դատավորն իր պաշտոնը ստանձնելուց հետո չի կորցնում ազատ արտահայտվելու իրավունքը, ինչպես նաև նախկինում ձևավորված իր քաղաքական համոզմունքները և քաղաքական հարցերում հետաքրքրվածություն ունենալու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, նշված իրավունքների իրականացումը պետք է սահմանափակվի դատական իշխանության անաչառության և անկախության նկատմամբ հանրության վստահությունը չնվազեցնելու նկատառմամբ։ Այս կապակցությամբ դատավորի կամ դատական իշխանության կողմից հանրային հնչեղություն ունեցող հարցերի (public debate) քննարկմանը ներգրավվելու աստիճանի պատշաճությունը գնահատելու, առաջնորդվելու հիմք հանդիսացող չափանիշներից մեկն էլ այն հանգամանքն է, թե արդյո՞ք դատավորի կողմից հանրային հնչեղություն ունեցող հարցի քննարկմանը ներգրավվելը կամ դրա կապակցությամբ կարծիք հայտնելը ողջամտորեն նվազեցնում է դատավորի անաչառության վերաբերյալ վստահությունը22:

Որպես հասարակության սևեռուն ուշադրության առարկա՝ դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել անձնական սահմանափակումներ, չնայած նրան, որ դրանք շարքային քաղաքացու համար կարող են դժվար իրականանալի թվալ: Մասնավորապես՝ դատավորի վարքագիծը պետք է համապատասխանի դատավորի պաշտոնի արժանապատվությանը:

Միաժամանակ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությամբ ևս նշված է, որ կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել քաղաքականապես վիճելի հարցի մասին, այն է՝ երբ հարցն ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության, դատական իշխանության անկախության վրա (ինչը կարող է ներառել դատավորների աշխատավարձերը կամ սոցիալական երաշխիքները), արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության հիմնարար ասպեկտները: Այնուամենայնիվ, նույնիսկ այս հարցերում դատավորը պետք է գործի մեծ զսպվածությամբ։ Թեև դատավորը կարող է հրապարակայնորեն Կառավարության ուշադրությունը հրավիրել նշված հարցերին, սակայն դա չպետք է դիտվի որպես «լոբբիստական» որպես Կառավարության ուղղորդում, կամ ինչ-որ կերպ ցույց տա, թե նա ինչպես որոշում կկայացնի, եթե տվյալ հարցի լուծումը տրվի դատարանին: Ավելին, դատավորը պետք է հիշի, որ իր հրապարակային մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես դատական իշխանության տեսակետների արտացոլում. դատավորի համար երբեմն կարող է դժվար լինել արտահայտել այնպիսի կարծիք, որը կընդունվի որպես զուտ անձնական, այլ ոչ թե ընդհանրապես դատական իշխանությանը23:

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) իր 2015 թվականի հունիսի 23-ի ո՛806/2015 եզրակացության 80-րդ կետում արձանագրում է, որ «եվրոպական երկրների օրենսդրական և սահմանադրական դրույթները, ինչպես նաև համապատասխան նախադեպային իրավունքը ցույց են տալիս, որ խոսքի ազատության երաշխիքները տարածվում են նաև քաղաքացիական ծառայողների, այդ թվում՝ դատավորների վրա։ Բայց, դատավորների լիազորությունների և պարտականությունների յուրահատկությունը և դատական իշխանության անկողմնակալությունն ու անկախությունն ապահովելու անհրաժեշտությունը համարվում են օրինաչափ նպատակներ՝ դատավորների խոսքի, միավորման և հավաքների ազատության իրավունքները որոշակիորեն սահմանափակելու համար»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «… արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից մեկն է և դրա առաջընթացի ու յուրաքանչյուր անհատի ինքնաիրացման հիմնական պայմաններից մեկը: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դա տարածվում է ոչ միայն այն «տեղեկությունների» կամ «գաղափարների» վրա, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են ոչ վիրավորական կամ պարզապես անտարբերությամբ հնչեցված, այլև՝ վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող արտահայտությունների վրա. այդպիսիք են բազմակարծություն, հանդուրժողականություն և լայն մտածելակերպ պահանջող արտահայտությունները, առանց որոնց «ժողովրդավարական հասարակություն» լինել չի կարող: Արտահայտվելու ազատությունը, ինչպես շարադրված է 10-րդ հոդվածում, ենթակա է մի շարք բացառությունների, որոնք, սակայն, պետք է նեղ մեկնաբանություն ստանան, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է համոզիչ կերպով հիմնավորվի»:

Միաժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բակկան ընդդեմ Հունգարիայի գործով որպես ընդհանուր կանոն արձանագրել է. «(…) դատական համակարգում ծառայող պետական պաշտոնյաներից կարելի է ակնկալել, որ նրանք պետք է զսպվածություն ցուցաբերեն իրենց խոսքի ազատությունն իրականացնելիս բոլոր այն դեպքերում, երբ դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը կարող են կասկածի տակ դրվել։ Նույնիսկ ճշգրիտ տեղեկատվության տարածումը պետք է իրականացվի չափավոր և պատշաճ ձևով»24։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դատավորի խոսքի ազատության սահմանափակումը համապատասխանում է «սոցիալական անհրաժեշտության» և «օրինական նպատակին համաչափ լինելու» չափանիշներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր դատավարական պրակտիկայում հարցը քննարկում է կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավարական պրակտիկայի ուսումնասիրությունից պարզ են դառնում այն գործոնները, որոնք առավել կարևորություն ունեն կոնվենցիայի խախտման առկայությունը կամ բացակայությունն արձանագրելիս ա) դատավորի պաշտոնը, բ) խնդրո առարկա հայտարարության բովանդակությունը, գ) համատեքստը, որում հայտարարությունն արվել է, դ) դատավորի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների բնույթը և խստությունը։

Խորհուրդն իր ԲԴԽ-48-Ո-Կ-17 որոշմամբ արձանագրել է, որ խոսքի ազատության իրավունքը դատավորի անքակտելի իրավունքներից մեկն է՝ երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով։ Այնուամենայնիվ, խոսքի ազատության իրավունքը բացարձակ չէ և որոշակի խումբ անձանց համար այդ իրավունքն ավելի լայն սահմանափակումների կարող է ենթարկվել։ Դատավորները, հանդիսանալով պետական իշխանության թևերից մեկի ներկայացուցիչներ, ի պաշտոնե պարտավոր են պահպանել զսպվածություն՝ վտանգի տակ չդնելով իրենց անաչառությունը, դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը, ինչպես նաև պարտավոր են համատեղել իրենց վարքագիծը և կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ իրենց՝ որպես դատավորի, ազատ արտահայտման իրավունքի իրացման արդյունքում:»25:

Խորհուրդն անդրադառնալով Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի միջև կապի մասին Դիմողի կողմից ներկայացված պատասխանում տեղ գտած փաստարկներին, նախ հարկ է համարում արձանագրել, որ ինչպես արդեն նշվել է Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը սույն դիմումի քննությանը չի մասնակցել՝ իր կողմից ինքնաբացարկ ներկայացնելու և ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը Խորհրդի կողմից ընդունվելու հիմքով, այնուամենայնիվ Խորհուրդը նաև կարևորում է վկայակոչել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանի դիմումի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 06.06.2023 թվականի վարույթի հարուցումը մերժելու մասին թիվ N 01-ԴՄ որոշումը, որով ի թիվս այլնի անդրադառնալով այն հարցին թե «արդյո՞ք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հետ ընկերական, գաղափարական և ընդհանուր տնտեսական շահով պայմանավորված կապերի պայմաններում տվյալ հիմքով կարգապահական վարույթ հարուցելու նախարարի գործունեությունն ընդհանրապես և մեր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առնչությամբ, մասնավորապես կոռուպցիոն առումով ռիսկային չէ և չի հանգեցնում շահերի բախման, վարքագծի կանոնների և այլ սահմանափակումների խախտումների»՝ գտել է, որ.

«(…) 17. Այսպես, ներպետական նյութական իրավունքի նորմերի բովանդակությունից հետևում է, որ անձի անձնական շահերի և պաշտոնեական պարտականությունների միջև առկա հակասությունն ինքնին շահերի բախում չի դիտարկում: Ներպետական օրենսդրությունը շահերի բախման համար որպես պայման դիտարկում է այս կամ այն կերպ գույքային կամ իրավական դրության բարելավումը, որևէ արտոնության ապահովումը, որը դրսևորվելու է իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։

Շահերի բախման վերաբերյալ միջազգային չափորոշիչների և սահմանումների բովանդակությունից ևս հետևում է, որ շահերի բախումն, ըստ էության, անձնական և հանրային/պաշտոնեական շահերի (հարաբերությունների)՝ միջև առկա հակասություն է. Յուրաքանչյուր այն դեպքում, երբ առկա է այնպիսի հարաբերություն, որի առկայությամբ կարող է պայմանավորել կամ ազդեցություն ունենալ անձի կողմից պաշտոնեական լիազորությունների իրականացման վրա, ապա առկա է շահերի բախման ռիսկ: Խիստ կարևոր է, որ շահերի բախման մեկնաբանման ընթացքում կառավարման տարբեր ոլորտների առանձնահատկությունները չանտեսվեն այնպես, որ խաթարվի իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիմնարար սկզբունքը, և հնարավոր պատասխանատվության կիրառման գործընթացը չհանգեցնի իշխանության մեկ ճյուղի կողմից մյուսի գործունեության միջամտության:

Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել հարաբերությունների կողմերը, զբաղեցրած պաշտոնները և այն խնդիրները, որոնց կապակցությամբ նշված սուբյեկտներն առնչություն ունեն.

1) Սուբյեկտներից մեկը հանդիսանում է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավար, այս պարագայում Արդարադատության նախարար, ով գործում է Սահմանադրության և օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում:

2) Սուբյեկտներից մյուսը հանդիսանում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Բարձրագույն դատական խորհուրդը սահմանադրական մարմնի կարգավիճակ ունեցող անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը և գործում է կոլեգիալության հիման վրա: Բարձրագույն դատական խորհրդի անդամներից հինգը հանդիսանում են դատավոր անդամներ, մնացած հինգը՝ գիտնական անդամներ, նրանցից յուրաքանչյուրը ինքնուրույն ձայնի իրավունքով մասնակցում են որոշումների կայացման գործընթացին: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Հետևաբար՝ դիմումում ներկայացված երկու սուբյեկտներն իրականացնում են Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններ, որոնք ուղղված են հանրային շահի իրացմանը:

18. Սույն գործով՝ շահերի բախման համատեքստում, Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում գնահատել, արդյո՞ք ընկերական, գաղափարական կապերի և առկա ընդհանուր տնտեսական շահերի առկայության պայմաններում մի պետական մարմնի ներկայացուցչի՝ այս դեպքում Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելը հանգեցնում է վարքագծի կանոնների, շահերի բախման և անհամատեղելիության պահանջների խախտման:

Այսպես, թե՛ ներպետական օրենսդրությամբ, թե՛ միջազգային չափորոշիչներով մասնավոր շահը ի պաշտոնե կատարած գործողության, անգործության կամ որոշման կայացումն է, որի արդյունքում պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձը կամ կազմակերպությունը պաշտոնատար անձի կողմից դրսևորած գործողության, անգործության կամ կայացրած որոշման դիմաց ստանում է որևէ արտոնություն կամ առավելություն: Մինչդեռ, սույն դիմումով ներկայացված փաստերի շրջանակում կարգապահական վարույթը ներկայացվում է սահմանադրական մարմնի կարգավիճակ ունեցող անկախ պետական մարմին, և ըստ էության ներկայացված փաստերով որևէ կերպ չի հիմնավորվում, թե կարգապահական վարույթ հարուցելով Արդարադատության նախարարն ինչ արտոնություն կամ առավելություն է տրամադրել իր հետ փոխկապակցված անձին կամ կազմակերպությանը: Ընդ որում, ներկայացված հիմքով կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունն Արդարադատության նախարարի համար սահմանված է օրենքով: Հետևաբար, սույն գործով ներկայացված փաստերի համատեքստում կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի կարող մեկնաբանվել որպես Արդարադատության նախարարի մասնավոր շահի սպասարկում: Մինչդեռ, շահերի բախումը անձի մասնավոր շահի անհարկի ազդեցությունն է պաշտոնեական պարտականությունների կատարման անաչառության վրա, օգուտ կամ առավելություն ապահովելով իր հետ փոխկապակցված անձի կամ կազմակերպության համար: (…)»26:

Ի լրումն վերոնշյալի՝ անհրաժեշտ է հիշատակել նաև Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների 2.5.3. կետը, որի համաձայն՝ Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել կամ երբ անկողմնակալ դիտորդին թվում է, թե նա ի վիճակի չէ տվյալ գործով անաչառ որոշում կայացնել: Նման գործերը ներառում են, սակայն չեն սահմանափակվում այն դեպքերով, երբ՝ (…) դատավորը կամ դատավորի ընտանիքի անդամը նյութական շահ ունի առկա գործի ելքով: Տվյալ դեպքում նյութական շահի և/կամ մասնավոր շահի որևէ դրսևորում առկա չէ և համապատասխան պաշտոնատար անձինք իրականացնում են Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններ, որոնք ուղղված են հանրային շահի իրացմանը: Մասնավորապես, հարկ է վերահաստատել, որ դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը, նաև որպես դատական համակարգի «առողջացման» կառուցակարգ, անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգ ունենալու և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու անհրաժեշտ գործիքներից է: Իր հերթին, դատական իշխանության հանրային դրական ընկալումները և վստահության բարձր աստիճանը ամուր և անկախ դատական համակարգ ունենալու կարևոր նախապայման են: Հետևաբար, ինչպես նշում է Վենետիկի հանձնաժողովը, եթե դատավորի սխալ վարքագիծը ունակ է թուլացնելու դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը, ապա հանրության շահերից է բխում այդ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը27:

Դիմողի կողմից Խորհրդի անդամներ Երանուհի Թումանյանցին, Քրիստինե Մկոյանին, Արթուր Աթաբեկյանին և Հայկ Գրիգորյանին հայտնված բացարկները մերժվել են հիմնավոր չլինելու հանգամանքով պայմանավորված: Միաժամանակ, Խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ Դիմողի կողմից բացարկների միջնորդություններում վկայակոչված՝ Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իրավակարգավորմանը, այն է՝ ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ` դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում: Մինչդեռ, «այլ դատարան» եզրույթը, Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակով պայմանավորված, տվյալ դեպքում կիրառելի չէ՝ հաշվի առնելով այն, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը վերանայելու իրավունք ունի Բարձրագույն դատական խորհուրդը, որը և կայացրել է համապատասխան որոշումը։ Այնուամենայնիվ, եթե անգամ «այլ դատարան» եզրույթը կիրառելի համարվի նշված իրավիճակում, ապա հարկ է արձանագրել, որ Դատավորների վարքագծի Բանգալորյան սկզբունքները (ընդունված 26112002 թվականին ՄԱԿ-ի շրջանակներում), ի թիվս այլնի, սահմանելով դատավորի ինքնաբացարկի հիմքերը (կետ 2.5), միաժամանակ թույլ են տալիս այդ հիմքերի առկայության պայմաններում ինքնաբացարկ չհայտնել այն իրավիճակներում, երբ «որևէ այլ դատարան չի կարող քննել տվյալ գործը կամ պայմանավորված գործի հրատապությամբ՝ քննության ձգձգումը կարող է հանգեցնել լուրջ դատական սխալի»: Այսինքն՝ նշված սկզբունքներն ամրագրում են անհրաժեշտության կանոնը (դոկտրինը), որի համաձայն՝ ինքնաբացարկի հիմքերի առկայության պայմաններում դատավորը կարող է ինքնաբացարկ չհայտնել, եթե ինքնաբացարկը կարող է հանգեցնել արդարադատության մերժման: Նշված սկզբունքն ամրագրվել է նաև Օրենսգրքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով:

Խորհուրդն անդրադառնալով Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 որոշման եզրափակիչ մասում կատարված եզրահանգմանը, կարևոր է համարում արձանագրել հետևյալը.

Սահմանադրական դատարանը քննելով «Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի՝ հաշվի առնելով նաև նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը», Որոշմամբ արձանագրել է, որ Օրենսգրքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում են Սահմանադրությանը այլ մեկնաբանությամբ:

Օրենսգրքի «Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով» վերտառությամբ 157-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի համադրված վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ Խորհուրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու սահմանադրական օրենքի մակարդակով ամրագրված իրավունքն իր տրամաբանական շարունակությունը ստացել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը վերանայելու հիմքերի առկայության կամ բացակայության հանգամանքը գնահատելու արդյունքում իր որոշումը չվերանայելու կամ իր կայացրած որոշումը վերացնելու և նոր որոշում կայացնելու օրենսդրական հնարավորության գոյությամբ, հետևաբար կարգապահական վարույթով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթի Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված կամ կիրառված մեկնաբանությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչված լինելու պայմաններում, օրենսդիրը Բարձրագույն դատական խորհրդին Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև նույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի ուժով իրավունք է վերապահվել վերանայել կամ չվերանայել իր կայացրած որոշումը։

Օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է Բարձրագույն դատական խորհրդի՝ սահմանադրական կարգավիճակի առանձնահատկություններով, հաշվի առնելով Խորհրդի՝ որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու սահմանադրական առաքելություն ունեցող անկախ պետական մարմին հանդիսանալու հանգամանքը։

Հակառակ մեկնաբանման պարագայում, առարկայազուրկ և անբովանդակ կդառնա օրենսդրի կողմից Խորհրդին Օրենսգրքի 157-րդ հոդվածի 7-րդ մասով պատվիրակված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայությունը գնահատելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը չվերանայելու իրավակարգավորումը, ինչ էլ իր հերթին անխուսափելիորեն կհանգեցնի Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու իրավունքի գործնականում կենսագործման անհնարինությանը։ Հարկ է արձանագրել նաև, որ նույն տրամաբանությամբ է առաջնորդվել Խորհուրդը Դիմողի կողմից վկայակոչված՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի կողմից 27.02.2020թ. ընդունված թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշմամբ: Մասնավորապես, Խորհուրդը հղում կատարելով Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասին՝ արձանագրելով, որ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով, գտել է, որ նշված դեպքում առկա է վերանայման անհրաժեշտություն, քանի որ Սահմանադրական դատարանը դատավորի լիազորությունների դադարեցման հիմքում դրված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Տվյալ պարագայում հարկ է արձանագրել, որ Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ Դիմողի լիազորությունների դադարեցման համար հիմք է հանդիսացել Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված էական կարգապահական խախտումը, որը դրսևորվել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջների խախտումներով, մինչդեռ Դիմումի քննությունը պայմանավորված է ոչ թե 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ Դիմողի լիազորությունների դադարեցման համար անմիջական հիմք հանդիսացող՝ վերոնշյալ նորմերը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված լինելու, այլ միջնորդության քննության ընթացակարգին վերաբերվող՝ Օրենսգրքի 90-րդ հոդվածի 6-րդ մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին Սահմանադրական դատարանի կողմից տրված այլ մեկնաբանությունների առկայությամբ:

Վերը նշվածի հաշվառմամբ, Սահմանադրական դատարանի կողմից Օրենսգրքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերաբերյալ Խորհրդի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ ընկալելու հանգամանքով պայմանավորված, Խորհուրդը սույն քննության շրջանակներում Դիմողի համար ստեղծել է «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառման արդյունքում չարտահայտված դիրքորոշումների գրավոր ներկայացման հնարավորություն, որի շրջանակներում սույն քննության ընթացքում Դիմողի կողմից Խորհրդին ներկայացված գրավոր դիրքորոշումները չեն բովանդակում այնպիսի փաստարկներ, որոնք Խորհրդին բավարար հիմք կտային նոր հանգամանքի առկայության հիմքով Օրենսգրքի 157-րդ հոդվածի իմաստով Խորհրդի 03.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածով, 157-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Բարձրագույն դատական խորհրդի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 03072023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայել։

2 Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և վերջնական է:

 

_____________________________

1 http://factor.am/474642.html?fbclid=IwAR1PR6x-SxNqZoyaFoSCWp3D-CLF4utUk5DptOV86xXNi78kDCjbonkYTc aem th AWCdjbpOl11noGY8JYqWijsteb7ND 9sEzq mpxsbQZv9Gbmy9ItGKfWnkJytKr1Eke&nubextid=Zxz2cZ

2 https://news.am/arm/news/680784.html?fbclid=IwAR2gXGPeGiWL5yCMFUpJUj5pMsbPQgBqpvR1HMNU9to2psx7g9hSjI6rx6g aem th AdqfYtpKWO –wejgH8ck6rm9QlaLjqoL—Z59t9kxzyZzxguw4DZIjuzX UhoKqdSx8

3 https://news.am/arm/news/678681.html

4 https://aravot.am/2022/01/27/1243874/

5 https://hraparak.am/post/54241d53547b7f5e9e272a4f8bdcac0b

6 https://www.youtube.com/watch?v=ePzlVAQ2DFE

7 Օրինակ՝ http://www.moj.am/article/3423

8 https://factor.am/758175.html

9 https://registry.cpcarmenia.am/declaration/?id=1_2_2_102629

10 https://registry.cpcarmenia.am/declaration/?id=1_1_1_108310

11 հttps։//factor.am/664001.html

12 http://www.youtube.com/watch?v=4h-reRj4ek8

13 http://www.facebook.com/BanksNews.am/videos/1549326258997698/

14 http://www.factor.am/814175.html

15 հttps://www.court.am/storage/uploads/files/bdx-disciplinary-proceedings/tGAey3jikVb1QdUyxH2Wxz0AsydvohvCW8STfVmJ.pdf

16 https://www.court.am/storage/uploads/files/bdx-disciplinary-proceedings/tGAey3jikVb1QdUyxH2Wxz0AsydvohvCW8STfVmJ.pdf

17 https://www.iaj-uim.org/news/letter-eaj-board-on-armenia

18 https://www.iaj-uim.org/news/letter-eaj-board-on-armenia

19 https://www.iaj-uim.org/iuw/wp-content/uploads/2023/06/EAJ-statement-on-current-issues-affecting-judicial-independence-in-Armenia.pdf

19 Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023թ. ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշում:

20 Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023թ. ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշում:

21 Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023թ. ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշում:

22 Տես, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի կողմից հաստատված Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, 2007թ., էջ 95-97, կետ 134, 136, 138, https://www.unodc.org/documents/nigeria/publications/Otherpublications/Commentry_on_the_Bangalore_principles_of_Judicial_Conduct.pdf:

23 Տես, նույն տեղում, կետ 138:

24 Տես, Բակկան ընդդեմ Հունգարիայի, թիվ 20261/12 դիմում, Վերին պալատ, 23/06/2016, պար․164։

25 Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023թ. ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշում:

26 Տես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 06.06.2023 թվականի վարույթի հարուցումը մերժելու մասին թիվ N 01-ԴՄ որոշում, http://cpcarmenia.am/files/legislation/1041.pdf:

27 Տես, COMPILATION OF VENICE COMMISSION OPINIONS AND REPORTS CONCERNING COURTS AND JUDGES, Strasbourg, 12 July 2019 CDL-PI(2018)008, էջ 32:

 

Նախագահությամբ

խորհրդի անդամ`

Ա. Դանիելյան

 
Անդամներ`

 

 

 

 

Ա. Աթաբեկյան

Հ. Գրիգորյան

Կ. Թումանյան

Ե. Թումանյանց

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Էդ. Հովհաննիսյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2024 թվական: