Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-2-Ն-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.16/4(1457) Հոդ.25
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.01.2019
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

          

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                

          

ԲԴԽ-2-Ն-1

2019 թ.

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ  Է

     

1. Հաստատել «Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները»՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Գ. Հարությունյան

       

2019 թ. հունվարի 11

Երևան

       

 

 

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2019 թվականի հունվարի 11-ի

թիվ ԲԴԽ-2-Ն-1

 

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները (այսուհետ՝ Կանոններ) կարգավորում են զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների գործունեության լուսաբանմանը, Դատական իշխանության վերաբերյալ հանրության համակողմանի իրազեկվածությանն ու դատական իշխանության գործունեության առնչությամբ զանգվածային լրատվության միջոցների հետ փոխգործակցությանը վերաբերող հարաբերությունները:

2. Կանոններ սահմանելու նպատակն է նպաստել՝ Դատական իշխանության գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության և վստահության բարձրացմանը, դատական համակարգի գործունեության հրապարակայնությանը, այդ գործունեության վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի իրացմանը դատական համակարգի և զանգվածային լրատվության միջոցների միջև պատշաճ և օրինաչափ հաղորդակցությանը՝ ապահովելով դատական համակարգի գործունեության թափանցիկությունը:

3. Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած կամ հաստատած միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Օրենք), այլ օրենքներով և սույն Կանոններով:

4. Դատական վարույթի ընթացքում զանգվածային լրատվության միջոցների գործունեությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Կանոններով՝ այնքանով, որքանով դրանք անմիջականորեն առնչվում են Կանոնների 2-րդ կետով սահմանված նպատակների իրագործման համատեքստում զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերությանը՝ պահպանելով դատական վարույթի հրապարակայնության սկզբունքի սահմանադրական և օրենսդրական նորմերը:

5. Կոնկրետ գործերով դատական վարույթի ընթացքը լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների գործունեությանն առնչվող հարաբերություններում դատարանները ղեկավարվում են դատական վարույթի հրապարակայնության սկզբունքը կարգավորող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և դատավարական օրենսգրքերի համապատասխան նորմերով:

6. Կանոնները, համապատասխան վերապահումներով, տարածվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամների և դատավորների գործունեությանը վերաբերող նաև այն հարաբերությունների վրա, որոնք չեն առնչվում նրանց ի պաշտոնե գործելիս սահմանված պարտականությունների կատարման հետ:

 

ԳԼՈՒԽ 2. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

7. Հրապարակայնությունն ու թափանցիկությունը. Դատական իշխանությունը հնարավոր, ողջամիտ ջանքեր է գործադրում ապահովելու՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների դռնբաց նիստերին մասնակցությունը և հասանելիությունը զանգվածային լրատվության միջոցների համար, ինչպես նաև ապահովում է արդարադատության իրականացման թափանցիկությունը:

8. Դատական իշխանության վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրումը հանրությանը. դատական իշխանության մարմինների կազմավորման և գործունեության վերաբերյալ տարածվող տեղեկատվությունը հանրությանը պետք է հասանելի դառնա լիարժեք կերպով: Լրագրողները պետք է գործնականում ի վիճակի լինեն ազատ լուսաբանելու և մեկնաբանելու արդարադատության գործառույթի իրականացումը, բացառությամբ՝ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված սահմանափակումներով նախատեսված դեպքերի:

9. Անմեղության կանխավարկածը. անմեղության կանխավարկածի սկզբունքի հարգումն արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչ է: Զանգվածային լրատվության միջոցներով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվություն կամ կարծիք չպետք է խաթարի ձերբակալված անձի կամ մեղադրյալի անմեղության կանխավարկածի սկզբունքը: Վարչաիրավական և քաղաքացիաիրավական գործերով հրապարակվող տեղեկատվությունը կամ կարծիքը չպետք է խաթարի կողմերի բարեխղճության կանխավարկածը, քանի դեռ օրենքի խախտման փաստը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

10. Տեղեկատվության ճշգրտությունը. զանգվածային լրատվության միջոցներին տրամադրվում է բացառապես պատշաճ կարգով ստուգված կամ առնվազն հիմնավորված եզրահանգումներով տեղեկատվություն:

11. Տեղեկատվության մատչելիությունը և տրամադրման հավասարությունը. Դատական իշխանությունն ապահովում է դատական իշխանությանն առնչվող հրապարակման ենթակա տեղեկատվության ճշգրիտ, ամբողջական և ժամանակին տրամադրումը զանգվածային լրատվության միջոցներին: Դատական իշխանությանն առնչվող հրապարակման ենթակա տեղեկատվությունը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում, ինչպես նաև տեղեկատվության հրապարակման համար նախատեսված այլ հարթակներում և պարբերաբար թարմացվում է։ Հրապարակված տվյալները պետք է լինեն ամբողջական, հասկանալի, ժամանակին և տրամադրվեն հավասար պայմաններով:

12. Հանրային էական շահերին առնչվող գործերով դատաքննության և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնացումը, և արդարադատության շահն էապես վտանգող տեղեկատվություն տրամադրելու արգելքը. հանրային շահերը շոշափող գործերով և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել՝ անկախ դրա առնչությամբ զանգվածային լրատվության միջոցների հարցումների: Այդպիսի գործերով դատական քննությունը տևական լինելու դեպքում կարող է համարժեք տեղեկատվություն տրվել դատաքննության վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների կողմից տրամադրված, այդ թվում՝ մամլո հաղորդագրություններում արտացոլված տեղեկատվությունն իր բովանդակությամբ չպետք է էապես վտանգի կոնկրետ գործով արդարադատության շահը: Նման տեղեկատվության նկատմամբ հանրային մեծ հետաքրքրության առկայության դեպքում՝ այն կարող է հրապարակվել ինչպես կոնկրետ գործով դատական քննության որոշակի փուլի, այնպես էլ ամբողջ դատավարության ավարտից և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Դատավարության ընթացքում նյութը հրապարակելու նպատակահարմարության հարցում կարևորվում է գործը քննող դատավորի դիրքորոշումը:

13. Անձնական կյանքի և անձնական տվյալների պաշտպանությունը. դատական իշխանության իրավասու մարմինների կողմից դատավարության մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս անհրաժեշտ է հարգել Սահմանադրությամբ ամրագրված անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի անչափահասների, տուժողների, վկաների, ձերբակալված անձի կամ մեղադրյալի և նրանց ընտանիքների անդամների հիշյալ իրավունքի պաշտպանությանը: Տեղեկատվության տրամադրումը չպետք է հանգեցնի դատավարության մասնակիցների համար ոչ իրավաչափ և ոչ բարվոք հետևանքների, ինչպես նաև առանց իրավաչափ հիմքերի՝ չբացահայտի նրանց ինքնությունը:

14. Զանգվածային լրատվության միջոցներով Բարձրագույն դատական խորհրդի անդամների և դատավորների ելույթներում ապաքաղաքականացվածությունը. Բարձրագույն դատական խորհրդի անդամները և դատավորները զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում և ցանկացած այլ հրապարակային ելույթներում, ներառյալ՝ սոցիալական հարթակներում, պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն, ինչպես նաև զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունն ու անաչառությունը։

 

ԳԼՈՒԽ 3. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

 

15. Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների գործունեության լուսաբանումը կազմակերպվում է Դատական դեպարտամենտի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության (այսուհետ՝ Մամուլի ծառայություն) աջակցությամբ:

16. Ի լրումն իր կանոնադրական գործառույթների՝ Մամուլի ծառայությունը.

1) ապահովում է ակտիվ, պրոակտիվ, կանոնավոր, ճշգրիտ, լիարժեք և օրենսդրությանը համապատասխան հաղորդակցություն,

2) ապահովում է տեղեկատվության մատչելիությունը հարցումների հիման վրա՝ պատասխանելով տեղեկություն ստանալու մասին հարցումներին, այդ թվում՝ սոցիալական հարթակներով ստացված հարցումներին,

3) ապահովում է ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակման ենթակա տեղեկատվության տեղադրումը, դրանց ժամանակին և կանոնավոր թարմացումը,

4) համակարգում է դատարանների հանրային կապերի պատասխանատուների ցանցի աշխատանքը:

17. Դատարանների հանրային կապերի պատասխանատուներն աջակցում են դատարանների և զանգվածային լրատվության միջոցների միջև կապի ապահովմանը։

18. Դատարանի հանրային կապերի պատասխանատուն.

1) ապահովում է զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների և դատավորների կապը,

2) աջակցում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին դատարաններում տեղեկատվության տրամադրմանը,

3) զանգվածային լրատվության միջոցներին տրամադրում է տեղեկատվություն՝ քննվող գործի փաստական հանգամանքների վերաբերյալ՝ առանց մեկնաբանությունների և պարզաբանումների,

4) պատրաստում և տարածում է կոնկրետ գործերով դատարանի դատական ակտերի ամփոփագրերը,

5) աջակցում է դատավորներին՝ մամուլի հրապարակումների կապակցությամբ հաղորդագրություններ, հերքումներ կամ պատասխաններ տարածելու հարցում,

6) դատարանների և դատավորների կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ պատրաստում են պատմողական և պարզաբանող տեսանյութեր, ամփոփագրեր,

7) իրականացնում է դատարանների և զանգվածային լրատվության միջոցների միջև կապի ապահովման համար անհրաժեշտ այլ գործառույթներ:

19. Բարձրագույն դատական խորհրդի դռնբաց նիստերին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցները, իսկ Բարձրագույն դատական խորհրդի արձանագրային որոշմամբ՝ կարող են ամբողջությամբ կամ նիստի մի հատվածում կատարել լուսա-տեսանկարահանումներ, այդ թվում՝ անմիջապես հեռարձակել ուղիղ եթեր, որի թույլտվությունը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ձեռք են բերում նախապես՝ Մամուլի ծառայության միջոցով։

20. Մամուլի ծառայությունը նախապես՝ Բարձրագույն դատական խորհրդի հերթական դռնբաց նիստից առնվազն 24 ժամ առաջ, դատական իշխանության պաշտոնական www.court.am կայքում զետեղում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերի մասին հաղորդագրություն (այսուհետ՝ Հաղորդագրություն): Արտաhերթ նիստի պարագայում Հաղորդագրությունը հրապարակվում է մինչև արտահերթ նիստը գումարվելը՝ հնարավոր սեղմ ժամկետում:

21. Հաղորդագրությունն առնվազն պարունակում է Բարձրագույն դատական խորհրդի նիստի վայրի և ժամանակի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նիստի օրակարգային հարցերի քննարկման հրապարակայնության մասին նշումներ:

22. Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների գործունեության լուսաբանման նպատակով ներկայացած լրագրողների առավելագույն քանակը որոշվում է՝ նիստի համար նախատեսված սրահի փաստացի պայմաններից ելնելով:

23. Բարձրագույն դատական խորհրդի կամ դատարանների գործունեության վերաբերյալ կոնկրետ հարցի առնչությամբ լուսաբանումները, այդ թվում՝ մամուլի հրապարակումներին արձագանքումները համակարգելու, ինչպես նաև անհարկի կրկնություններն ու տարաձայնությունները բացառելու նպատակով, Բարձրագույն դատական խորհրդի անդամները կամ դատավորները հաղորդագրությունները, հերքումները կամ պատասխանները տարածելու անհրաժեշտության դեպքում դիմում են Մամուլի ծառայություն, որն էլ համակարգում և կազմակերպում է հաղորդագրությունների, հերքումների կամ պատասխանների հրապարակումը: Դատավորն իր հաղորդագրությունները, հերքումները կամ պատասխանները կարող է տարածել սեփական նախաձեռնությամբ՝ իր միջոցներով: Բարձրագույն դատական խորհրդի կամ առանձին դատարանների անունից նյութերը հրապարակվում են անմիջականորեն Մամուլի ծառայության, դատարանների հանրային կապերի պատասխանատուների կողմից:

24. Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային խորհրդակցություններում զանգվածային լրատվության միջոցների մասնակցության դեպքում՝ գործում են սույն գլխով սահմանված կանոնները:

25. Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների գործունեության լուսաբանման համար կարող են կազմակերպվել պարբերաբար հեռարձակվող հաղորդաշարեր, այլ եղանակով լուսաբանումներ, որոնց կազմակերպմանն ու մասնակցությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Բարձրագույն դատական խորհրդի արձանագրային որոշումներով:

26. Բարձրագույն դատական խորհրդում գործունեություն իրականացնելու համար լրագրողը ներկայանում է լրատվամիջոցի/գործատուի կողմից տրված իր վկայականով, աշխատակցի քարտով (բեյջով), իսկ անհատ լրագրողի դեպքում՝ իր կարգավիճակը հաստատող վկայականով:

27. Բարձրագույն դատական խորհրդի նիստերին մասնակցող լրագրողները՝ առանց խտրականության, օգտվում են լրագրողների համար ստեղծված պայմաններից՝ չխոչընդոտելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, անդամների և Դատական դեպարտամենտի ծառայողների պարտականությունների կատարմանը:

28. Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքին, Կանոններին և Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգին համապատասխան:

29. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի` լրագրողի` Բարձրագույն դատական խորհրդի նիստերին մասնակցությունն արգելելու հիմք է Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցված լինելու հանգամանքը:

30. Բարձրագույն դատական խորհրդի նիստերի դահլիճում՝ փաստացի պայմաններից ելնելով և հնարավորության սահմաններում, լրագրողների բնականոն գործունեության համար ապահովվում են աշխատանքային անհրաժեշտ պայմաններ և հատուկ այդ նպատակի համար նախատեսված տարածք: Սրահում բավականաչափ տարածության բացակայությամբ պայմանավորված՝ հնարավորության դեպքում, լրագրողների համար ապահովվում է մեկ այլ սրահից լուսաբանման աշխատանքների իրականացումը:

31. Դատարանների գործունեության լուսաբանումը և հանրային իրազեկումը կազմակերպվում է դատարանների հանրային կապերի պատասխանատուների կողմից՝ Մամուլի ծառայության աջակցությամբ, իսկ Դատարանում հանրային կապերի պատասխանատուների բացակայության դեպքում՝ Մամուլի ծառայության կողմից:

32. Դատաքննության փուլում և դրա ավարտից հետո առանձին դատական գործով տեղեկատվության տրամադրումը կատարվում է տվյալ դատարանի հանրային կապերի պատասխանատուի կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Մամուլի ծառայության կողմից։

33. Լրագրողներն առանց որևէ խտրականության և նախնական հավատարմագրման, կարող են անարգել ներկա գտնվել դատական դռնբաց նիստերին:

34. Դատական նիստերի լուսաբանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով։

35. Դատական նիստերի դահլիճում լրագրողների գործունեության համար աշխատանքային պայմաններն ապահովվում են՝ նիստերի դահլիճի փաստացի պայմաններից ելնելով:

36. Դատարանի շենքում լուսա-տեսանկարահանում կատարելու թույլտվությունը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ձեռք են բերում նախապես՝ տվյալ դատարանի հանրային կապերի պատասխանատուի կամ Մամուլի ծառայության միջոցով։

 

ԳԼՈՒԽ 4. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

37. Զանգվածային լրատվության միջոցներով Բարձրագույն դատական խորհրդի անդամները կարող են հանդես գալ իրենց հայեցողությամբ, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ Բարձրագույն դատական խորհրդի արձանագրային որոշմամբ, իսկ դատավորները՝ իրենց հայեցողությամբ և անմիջականորեն կամ Մամուլի ծառայության միջոցով:

38. Զանգվածային լրատվության միջոցներով հանդես գալիս՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամները և դատավորները պարտավոր են պահպանել Կանոններով սահմանված սկզբունքները, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնները:

39. Դատաքննության ավարտից հետո դատավորը կարող է պարզաբանել կոնկրետ գործով իր կողմից կայացված դատական ակտն այնքանով, որքանով այն կասկածի տակ չի դնում արդարադատությունը, և չի նվազեցնում դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը։

40. Բարձրագույն դատական խորհրդի անդամները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հանդես են գալիս այն դեպքերում, երբ անհրաժեշտ է պարզաբանումներ ներկայացնել դատական իշխանության գործունեության վերաբերյալ իրավական հիմքերի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի ընդունած առանձին որոշումների առնչությամբ: Որպես կանոն՝ Բարձրագույն դատական խորհրդի ընդունած որոշումների մասին զանգվածային լրատվության միջոցներին պարզաբանումներ է տալիս տվյալ որոշման նախագիծը պատրաստած Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկը: Առավել հրատապ դեպքերում, Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել անմիջապես Բարձրագույն դատական խորհրդի նիստից հետո զանգվածային լրատվության միջոցներով ելույթ ունենալու մասին՝ պատվիրակելով այն Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկին կամ մի քանիսին:

41. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ու դատավորները, իրենց հայեցողությամբ զանգվածային լրատվության միջոցներով հանդես գալու դեպքում, ընդգծում են, որ իրենք ներկայացնում են իրենց սեփական կարծիքը, եթե տվյալ դեպքում այն տարբերվում է համապատասխան հարցադրման առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի՝ որոշակիորեն արձանագրված դիրքորոշումից:

42. Զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվությունը կարող է տրամադրվել ինչպես անմիջականորեն, այնպես էլ Մամուլի ծառայության միջոցով:

43. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ու դատավորները լրատվության միջոցներին որևէ եղանակով տեղեկատվություն տրամադրելու դեպքում այդ մասին հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկում են Մամուլի ծառայությանը:

44. Իրենց լիազորությունների առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներ ունենալու կամ որևէ այլ կերպ փոխհարաբերվելու հարցով նախաձեռնության պարագայում՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ու դատավորներին պատշաճ աջակցություն է ցուցաբերում Մամուլի ծառայությունը: Տեղեկատվություն տրամադրելու եղանակներն ու սահմանները որոշում են Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ու դատավորները՝ իրենց հայեցողությամբ՝ Մամուլի ծառայության աջակցությամբ:

 

ԳԼՈՒԽ 5. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

45. Մամուլի ծառայությունը յուրաքանչյուր աշխատանքային օր իր կողմից անցկացված մշտադիտարկման արդյունքներով պատրաստում է դատական իշխանության գործունեությանն առնչվող զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության ամփոփագրեր և էլեկտրոնային եղանակով ուղարկում Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և դատարանների նախագահներին: Ամփոփագրերում հղումներ են կատարվում հրապարակումների աղբյուրներին (այդ թվում՝ էլեկտրոնային): Սույն կետի կանոնը չի տարածվում Կանոնների 6-7-րդ գլուխներով կարգավորվող հարաբերությունների վրա:

46. Բարձրագույն դատական խորհուրդը (այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամը), դատարանը կամ դատավորը կարող են արձագանքել այն հրապարակումներին, որոնք իրենց դիտարկմամբ էական նշանակություն ունեն: Այդ դեպքում նրանք կարող են, Մամուլի ծառայության աջակցությամբ, կամ իրենց հայեցողությամբ պատրաստել հաղորդագրություններ, հանդես գալ հարցազրույցներով կամ անհրաժեշտ համարվող նյութը լուսաբանել այլ եղանակներով՝ Կանոնների 4-րդ գլխով նախատեսված կարգով:

 

ԳԼՈՒԽ 6. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

47. Օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ զանգվածային լրատվության միջոցների՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների կամ դատավորների կարգապահական խախտման մասին հրապարակումներն ուսումնասիրում է Մամուլի ծառայությունը: Ուսումնասիրության արդյունքներով՝ 3-օրյա ժամկետում, կազմվում են անհրաժեշտ քաղվածքներ ներառող ամփոփ տեղեկանքներ, որոնք ներկայացվում են Դատական դեպարտամենտի ղեկավարին:

48. Մամուլի ծառայության ամփոփ տեղեկանքներում արտացոլված և անմիջապես Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված հրապարակումների վերաբերյալ ուղեկցական նամակների քննարկումն իրականացվում է Դատական դեպարտամենտի կողմից և քննարկման ընթացքի ու արդյունքների մասին տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

49. Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամների կամ դատավորների կողմից կարգապահական խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներն ակնհայտ չեն համապատասխանում իրականությանը, ապա, ըստ անհրաժեշտության, Դատական դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ Մամուլի ծառայությունը հրապարակում է հերքող նյութ, որի մասին կանխավ տեղեկացվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

50. Այն դեպքում, երբ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներն անմիջականորեն չեն բովանդակում Բարձրագույն դատական խորհրդի անդամների կամ դատավորների կողմից կարգապահական խախտումներ թույլ տալու վերաբերյալ տեղեկատվություն, սակայն դրանցում առկա են այդպիսի խախտումների փաստերի առկայությունը պարզելու վերաբերյալ կոնկրետ հարցումներ, ապա, ըստ անհրաժեշտության, Դատական դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ Մամուլի ծառայությունը հրապարակում է համապատասխան պատասխան կամ ներկայացնում է պարզաբանում, որի մասին կանխավ տեղեկացվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

51. Զանգվածային լրատվության միջոցներով Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ դատավորի կողմից կարգապահական խախտման վերաբերյալ հրապարակումների հերքման կամ պատասխանի նախագիծը (այսուհետ՝ Հրապարակման պատասխան) պատրաստվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ դատավորի կողմից՝ անմիջականորեն կամ Մամուլի ծառայության աջակցությամբ: Նշվածի առնչությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամը կամ դատավորը կարող է դիմել Մամուլի ծառայությանը՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և հերքում կամ պատասխան կազմելու և հրապարակելու միջնորդությամբ:

52. Հրապարակման պատասխանը Մամուլի ծառայության կողմից կազմման դեպքում՝ անհապաղ տեղյակ է պահվում Բարձրագույն դատական խորհրդի այն անդամը կամ դատավորը, որին վերաբերում է տվյալ հրապարակված նյութը: Բարձրագույն դատական խորհրդի անդամը կամ դատավորը, իր հայեցողությամբ, կարող է տրամադրել անհրաժեշտ նյութեր կամ պարզաբանումներ, որոնք պետք է համարժեք հաշվի առնվեն հերքման կամ պատասխանի նախագծի տեքստում:

53. Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհրդի անդամը կամ դատավորը կարող է իր հայեցողությամբ անմիջականորեն հանդես գալ զանգվածային լրատվության միջոցներով և ներկայացնել իր սեփական դիտարկումներն ու տեսակետը՝ պահպանելով Կանոններով ամրագրված սկզբունքները: Նման դեպքերում Հրապարակման պատասխանի տեքստը պետք է պարունակի նշում՝ այն Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ դատավորի կողմից կազմված լինելու մասին:

 

ԳԼՈՒԽ 7. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

54. Բարձրագույն դատական խորհրդի անդամների կամ դատավորների կողմից հանցագործությունների մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները քննարկվում են Բարձրագույն դատական խորհրդում՝ դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տեղեկատվության առկայության տեսանկյունից, և ըստ այդմ էլ՝ բավարար հիմքերի առկայության պարագայում դրանք ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:

55. Եթե հանցագործության մասին հաղորդումները բովանդակային կտրվածքով, ըստ էության, հանդիսանում են կարգապահական խախտումների վերաբերյալ հաղորդումներ, ապա դրանք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից փոխանցվում են Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին և դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող Լիազոր մարմնին:

56. Եթե հանցագործության մասին հաղորդումները, ըստ էության, չեն բովանդակում որևէ առերևույթ իրավախախտման մասին տվյալներ կամ անանուն են կամ կեղծ անուններով են, ապա դրանց արձագանքելը թողնվում է՝ համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ դատավորի հայեցողությանը:

(հավելվածը փոփ. 26.05.20 ԲԴԽ-30-Ն-6, 05.04.21 ԲԴԽ-20-Ն-8, խմբ. 28.10.24 ԲԴԽ-99-Ն-38)