Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.11.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.09.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1239/05/24

2024 թ. 

Վարչական գործ թիվ ՎԴ/1239/05/24

Նախագահող դատավոր`

 Ռ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի սեպտեմբերի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նունե Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձ՝ Նունե Վարդանյան՝ ՀՀ, ք Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածքի նկատմամբ 31.01.2024 թվականին կատարված Նունե Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ, ք Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածքի նկատմամբ Նունե Վարդանյանի անվամբ 31.01.2024 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ ներկայացրել է միջնորդություն՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Մաքեյան) (այսուհետ՝ Դատարան) 13022024 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08042024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 13022024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացվել է, և կայացվել է նոր դատական ակտ, այն է՝ Ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է, կասեցվել է ՀՀ, ք Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածքի նկատմամբ 31.01.2024 թվականին կատարված Նունե Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Նունե Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30–րդ հոդվածի 2–րդ մասը և 83–րդ հոդվածի 4–րդ մասը։

Բողոքաբերը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորի միջնորդությունը չբավարարվելու և անշարժ գույքը տիտղոսային սեփականատիրոջ կողմից օտարվելու պարագայում անհնարին կդառնա հայցվորի իրավունքների դատական պաշտպանությունը, և այդ հիմքով բավարարել է կասեցման միջնորդությունը՝ անտեսելով այն հանգամանքը, որ իրավունքների պաշտպանության անհնարինությունը և վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելիս դատարանը, մինչև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված չափանիշներին անդրադառնալը, պարտավոր է գնահատման առարկա դարձնել շատ ավելի գլոբալ և դատական պաշտպանության էությանն առնչվող խնդիր, որն այդ իրավունքների առհասարակ առկայությունն է։ Այլ կերպ ասած՝ սույն գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ բանկի գրավի իրավունքի դատական պաշտպանության անհնարինության խնդիր չի կարող առաջանալ, քանի որ այդ իրավունքը, ընդհուպ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հաստատված նախադատելի փաստի հիման վրա, առհասարակ գոյություն չունի։

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 08042024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով ամրագրված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու իրավակարգավորման առանձնահատկություններին և այդ համատեքստում բացահայտել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության բավարարման համար անհրաժեշտ չափանիշները՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածում իր ամրագրումն է ստացել նաև արդար դատաքննության իրավունքը, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր 13.09.1989 թվականի «Վարչական գործերով ժամանակավոր դատական պաշտպանության վերաբերյալ» թիվ (89) 8 հանձնարարականով1 արձանագրել է, որ դատարանների կողմից կիրառվող ժամանակավոր պաշտպանության միջոցները կարող են լինել վարչական ակտի կատարումը ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու, վարչական ակտի ընդունման պահին կամ հետագա ցանկացած ժամանակ եղած դրությունը ամբողջությամբ կամ մասնակի վերականգնելու և վարչակազմի վրա դատարանի լիազորություններից բխող ցանկացած պարտականություն դնելու միջոցով:

Նշված հանձնարարականի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը, նախնական պաշտպանության միջոց տրամադրելու հարցը քննարկելիս, պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոններն ու շահերը։ Նախնական պաշտպանության միջոց, մասնավորապես, պետք է կիրառվի այն դեպքում, եթե վարչական ակտի կատարումը կարող է պատճառել լուրջ վնաս, որը կարող է վերականգնվել դժվարությամբ կամ վարչական ակտն առերևույթ (prima-facie) իրավաչափ չէ։

 Նույն հանձնարարականի 3-րդ կետում ամրագրված է, որ իրավասու դատարանի կողմից կիրառվող նախնական պաշտպանության միջոցները կարող են դրսևորվել վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելով, վարչական ակտի ընդունման պահին գոյություն ունեցած վիճակը ամբողջովին կամ մասնակիորեն պահպանելով և վարչական մարմնի վրա որևէ պարտականություն դնելով։ Նախնական պաշտպանության միջոցները կարող են տրամադրվել այնքան ժամկետով, որքան դատարանը պատշաճ կհամարի։ Դրանք կարող են ենթարկվել որոշակի պայմանների։ Դրանք կարող են վերացվել։ Նախնական պաշտպանության միջոցները որևէ կերպ չեն կարող կանխորոշել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները)։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։

Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Նախկինում կայացրած որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը համապարփակ կերպով անդրադարձել է վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտին և բացահայտել դրա բովանդակությունը՝ այդ համատեքստում հստակեցնելով նաև վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության բավարարման համար անհրաժեշտ չափանիշները։ Այսպես

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում գտել է «(…) Օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է՝ մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Նշված ընդհանուր կանոնից սահմանվել են բացառություններ։ (…) օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության առկայության պարագայում։ (…) Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ (…) միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (…)» (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է «(…) օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե

-առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

-անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

(…) վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Այսինքն, դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում, ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Ընդ որում, վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։

(…) հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության։

(…) օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը» (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25062021 թվականի որոշումը)։

Նույն որոշմամբ անդրադառնալով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բովանդակությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնել է հետևյալը «(…) «հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ «հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով։ Ընդ որում, «կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին։

(…) քննարկվող նորմի իմաստով «hիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը և այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետևության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Նման պայմաններում հարց է առաջանում, թե, ի վերջո, կասկածի ողջամտության ինչ աստիճան պետք է հիմք ընդունի դատարանը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է։ (…) այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված (…)» (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25062021 թվականի որոշումը)։

Վերահաստատելով և զարգացնելով Օրենսգրքի 83-րդ հոդվածի կապակցությամբ արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է «(…) վարչական ակտի կատարմամբ հայցվորին վնաս պատճառելու հիմնավոր կասկածն օրենսդրի կողմից որոշակիացվել է «զգալի» հատկանիշի կիրառմամբ, որպիսի հատկանիշի ամրագրումն ինքնանպատակ չէ: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում «զգալի» եզրույթի կիրառումը ենթադրում է, որ դատարանը կարող է կասեցնել վարչական ակտի կատարումը հայցվորին` ոչ թե ցանկացած վնաս (անկախ դրա չափից ու ընդգրկումից) պատճառվելու հիմնավոր կասկածի, այլ զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում: Այսինքն՝ պատճառվելիք վնասը պետք է ունենա խստության, լրջության որոշակի մակարդակ, որպեսզի արդարացված լինի վարչական ակտի կատարման կասեցումը: (…) յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ոչ միայն պետք է հիմնավորվի զուտ վնասի վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը, այլ նաև վնասի զգալի բնույթը։ Զուտ վնասի վերաբերյալ հիմնավոր կասկածը դեռևս բավարար հիմք չէ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար անհրաժեշտ պայման է նաև վնասի զգալի լինելու հանգամանքը։ Ընդ որում, վնասի զգալի չափը չի կարող հիմնվել զուտ հայցվորի սուբյեկտիվ ընկալման վրա, այն պետք է ունենա իր օբյեկտիվ հիմնավորումը, հիմնվի որոշակի փաստական տվյալների վրա (…)» (տե՛ս, «Վան Բիզնես Կենտրոն» ՓԲԸ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0257/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22122023 թվականի որոշումը)։

Հաջորդիվ, անդրադառնալով Օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու առանձնահատկությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է «(…) իրավունքի պետական գրանցումը վիճարկելու վերաբերյալ հայցադիմումին կից ներկայացնելով միջնորդություն վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ և դրանով ներկայացնելով զգալի վնասի և/կամ իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի վերաբերյալ փաստարկներ՝ հայցվորը հայցում է ոչ թե իրավունքի պետական գրանցման կասեցում, այլ իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարման կասեցում։ «Իրավունքի պետական գրանցման վարույթի կասեցում» և «իրավունքի պետական գրանցման կատարման կասեցում» հասկացություններն էապես տարբերվում են առաջին դեպքում խոսքը վերաբերում է մինչև վարչական ակտի ընդունումը տեղի ունեցող գործընթացի, երկրորդ դեպքում՝ վարչական ակտի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցող գործընթացի։

(…) իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարման կասեցումը ենթադրում է վիճարկվող վարչական ակտի հասցեատիրոջ կողմից այնպիսի գործարքներ կնքելու արգելք, որոնք կնքելու իրավազորությամբ գրանցված իրավունքի իրավատերն օժտվում է տվյալ իրավունքի պետական գրանցման՝ վարչական ակտի ընդունման ուժով։ Իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարման կասեցումը ենթադրում է նաև այդ գործարքները վավերացնելու, դրանց հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու՝ իրավասու մարմիններին ուղղված արգելք (…)» (տե՛ս, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը

Միաժամանակ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է «(…) հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու ցանկացած միջնորդություն չէ, որ կարող է դատարանի կողմից բավարարվել, և ըստ այդմ՝ հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման համար։ Առանցքային նշանակություն ունի ինչպես միջնորդության մեջ զգալի վնասի և (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության հավանականության վկայակոչումը, այնպես էլ այդ հավանականությունն այնպիսի համոզիչ, հստակ փաստարկներով և միջնորդությանը կից ապացույցներով հիմնավորելը, որ դատարանի մոտ ձևավորվի հիմնավոր կասկած՝ հայցվորին զգալի վնաս պատճառվելու և (կամ) նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու կապակցությամբ։ Այլ կերպ ասած՝ հայցվորը միջնորդությամբ պետք է նախանշի նաև վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իր համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որը նյութական առումով անհամարժեք վնաս կպատճառի իրեն և (կամ) այլևս կիմաստազրկի իրավունքների հետագա պաշտպանությունը (…)» (տե՛ս, Խաչատուր Թումոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2024 թվականի որոշումը

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ իրավական համակարգում արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի՝ որպես սահմանադրորեն ամրագրված իրավունքի լիարժեք կենսագործմանն ուղղված կառուցակարգերից է նաև Օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը։ Ըստ այդմ, վերջինիս, իբրև նախնական պաշտպանության միջոցի, բնորոշիչ է պաշտպանիչ և կանխարգելիչ բնույթը։ Այսինքն՝ վարչական ակտի կատարման կասեցումը կոչված է «արգելակելու» հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ վերջինիս իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու այն վտանգը, որը ձևավորվել է հիմնավոր կասկածի հիման վրա։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին դատարանի որոշումը ուղիղ համեմատական է ներկայացված միջնորդությամբ վկայակոչված փաստարկների հիմնավորվածությանը։ Նշված դատողության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ՀՀ վարչական դատարանը մեծապես առաջնորդվում է հայցվորի ներկայացրած փաստարկներով և ապացույցներով, ուստի որքան համոզիչ և փաստարկված են դրանք, այդքան «ընդգծվում» է վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը։

Ամփոփելով վերոգրյալը և ելնելով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա հետևյալ ուղղությամբվիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության քննարկման արդյունքում որոշում կայացնելիս դատարանը վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու և (կամ) իր իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու հիմնավոր կասկածի հարցը պետք է գնահատի ոչ միայն հայցվորի կողմից իր միջնորդության մեջ զգալի վնասի և (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության մասին նշում կատարած լինելու պայմանի առկայությամբ, այլև յուրաքանչյուր դեպքում գնահատման առարկա պետք է դարձնի միջնորդության մեջ նշված փաստարկների հիմնավորվածությունը և միջնորդությանը կից ներկայացված ապացույցների բովանդակությունը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ, ք Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածքի նկատմամբ Նունե Վարդանյանի անվամբ 31.01.2024 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Միաժամանակ հայցադիմումին կից Ընկերությունը ներկայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» վերտառությամբ միջնորդություն, որով խնդրել է «կասեցնել ք Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածքի նկատմամբ 31.01.2024 թվականին կատարված Նունե Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը» (հավելված, գ.թ. 3-18)։

Դատարանը 13022024 թվականին կայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշում այն հիմավորմամբ, որ «(․․․) տվյալ դեպքում հայցվորի կողմից դատարան ներկայացված փաստարկները դատարանի գնահատմամբ բավարար չեն վարչական ակտի կատարման դեպքում վերջինիս կողմից զգալի վնաս կրելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հիմնավոր կասկածի ձևավորման համար։ (․․․ (հավելված, գ.թ. 52-53)։

Վերաքննիչ դատարանը 08.04.2024 թվականի որոշմամբ, բավարարելով Ընկերության վերաքննիչ բողոքը, վերացրել է Դատարանի 13022024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը՝ հետևյալ պատճառաբանությամբ«(․․․) վիճելի անշարժ գույքի օտարման դեպքում սույն գործի շրջանակներում վիճարկվող պետական գրանցման (վարչական ակտի) վիճարկումն այլևս անհնարին կդառնա: Մասնավորապես, վիճահարույց գույքի նկատմամբ պետական գրանցման, որպես վարչական ակտի, կատարումը ենթադրում է իրավատիրոջ (սեփականատիրոջ)՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով և Սահմանադրությամբ երաշխավորված գույքի ճակատագիրը որոշելու, գույքը տնօրինելու իրավունքի իրացման գործնական հնարավորության ստեղծում, իսկ հայցվոր կողմը պահանջում է անվավեր ճանաչել նախորդիվ նշված իրավունքի պետական գրանցումը (վարչական ակտը): Հետևապես տիտղոսային սեփականատիրոջ (սույն գործով երրորդ անձի) կողմից վիճահարույց գույքի հնարավոր օտարման պայմաններում հայցվորն այլևս կորցնում է երրորդ անձի անվամբ իրականացված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ իրավունքի պետական գրանցման կատարումը չկասեցվելու պայմաններում, հաշվի առնելով վիճահարույց գույքի տնօրինման տիտղոսային սեփականատեր երրորդ անձի իրավունքի իրացման հնարավորության առկայությունը, այլևս անհնարին կդառնա ներկայացված և քննության համար պահպանված հայցով հայցվորի իրավունքների դատական պաշտպանությունը» (հավելված, գ.թ. 71-73)։

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Տվյալ դեպքում Ընկերությունը վիճարկման հայցադիմումին կից ներկայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» միջնորդություն, որում իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի, կատարման կասեցման անհրաժեշտությունը պայմանավորել է միաժամանակ երկու վավերապայմաններով, այն է՝ առկա է հիմնավոր կասկած, որ

1վարչական ակտի կատարումը իրեն զգալի վնաս կպատճառի և

2անհնարին կդարձնի իր իրավունքների պաշտպանությունը։

Ընդ որում, որպես նշվածի հիմնավորում Ընկերությունը հայտնել է հետևյալը «(․․․) ք Երևան, Ռիգայի փող, 126/4 շենքի 56 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ 01022024թ-ին երրորդ անձ Ինգա Ավագյանի (հավանական գնորդի) կողմից ՀՀ կադաստրի կոմիտեին է ներկայացվել գույքի նկատմամբ միասնական տեղեկատվություն տրամադրելու դիմում, որը տրամադրվելու է 05022024թ-ին, ինչից ակնհայտ է, որ առկա է հիմնավոր կասկած/վտանգ առ այն, որ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցնելու պայմաններում Նունե Վարդանյանի կողմից ք Երևան, Ռիգայի փող, 126/4 շենքի 56 տարածքը կարող է օտարվել այլ անձանց (․․․(հավելված, գ. թ. 11-12)։

Միջնորդության, ինչպես նաև կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ Ընկերության կողմից զգալի վնասի և իրավունքների դատական պաշտպանության անհնարինության հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ ներկայացված եզրահանգումները բացառապես հիմնվել են «Ինգա Ավագյան» անուն ազգանունը կրող անձի կողմից Կոմիտե գույքի նկատմամբ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին դիմում մուտքագրելու հանգամանքի վրա։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը նկատում է, որ ներկայացված փաստարկն ինքնին չի կարող ձևավորել Ընկերությանը զգալի վնաս պատճառելու և Ընկերության իրավունքների դատական պաշտպանության անհնարինության վերաբերյալ հիմնավոր կասկած, քանի որ նման պնդումը հիմնված է բացառապես հայցվորի ենթադրությունների վրա և չի կրում առարկայական բնույթ։ Ավելին, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ քննարկվող դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությամբ հիմնավոր կասկածի ձևավորման տեսանկյունից միասնական տեղեկանքի առկայությունն առանցքային նշանակություն չունի նաև հետևյալ պատճառաբանությամբ.

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով դիմելու գրանցումն իրականացնող լիազոր մարմնին։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է գրանցման մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքի (այսուհետ՝ միասնական տեղեկանք), գույքի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների, սահմանափակումների կամ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում առկա գույքի վերաբերյալ այլ տեղեկությունների, ինչպես նաև կադաստրային գործի առանձին փաստաթղթերի քաղվածքների կամ պատճենների ձևով:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ միասնական տեղեկանքում պետք է նշվեն դրա տրամադրման պահին տվյալ անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցման մատյանում գրանցված բոլոր իրավունքները և սահմանափակումները, ինչպես նաև գրանցման մատյանում գույքի վերաբերյալ գրառված այլ տեղեկությունները։ Միասնական տեղեկանքը գործարքներ կնքելու համար միակ փաստաթուղթն է, որով հավաստվում են սույն մասում ներկայացված տեղեկությունները, և որը պարտադիր է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված գործարքների վավերացման համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման դեպքերի:

Միասնական տեղեկանք տրամադրվում է միայն անշարժ գույքի այն միավորների վերաբերյալ, որոնց նկատմամբ իրավունքները գրանցվել են 1998 թվականի մարտի 1-ից հետո: Միասնական տեղեկանքն ուժի մեջ է 15 աշխատանքային օր (․․․

Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում (․․․

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նոտարը պետք է կողմերից պահանջի ներկայացնել տվյալ գործարքը վավերացնելու համար սույն օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր, ներառյալ՝ ապացույցներ, որ գույքը կամ դրա նկատմամբ իրավունքը պատկանում է այն տնօրինող (օտարող, գրավ դնող, օգտագործման կամ հավատարմագրային կառավարման հանձնող և այլն) անձին, իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու պահանջի դեպքում՝ նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վերը վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունը հիմք է տալիս Վճռաբեկ դատարանին փաստելու, որ միասնական տեղեկանքը դասվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված համապատասխան գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելիս պահանջվող փաստաթղթերի շարքին։ Ընդ որում, օրենսդրի դիտարկմամբ՝ վերջինս այն եզակի փաստաթուղթն է, որով ապահովվում է դրա տրման պահի դրությամբ խնդրարկվող անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցման մատյանում գրանցված բոլոր իրավունքների և սահմանափակումների, ինչպես նաև տվյալ գույքի վերաբերյալ գրառված այլ տեղեկությունների ամբողջությունը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը նկատում է, որ թեև միասնական տեղեկանքը տրամադրվում է ցանկացած անձի՝ անկախ գույքի սեփականատեր լինելու հանգամանքից, այդուհանդերձ վերջինիս հիման վրա տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված համապատասխան գործարքները կարող են իրականացվել միայն 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվարկված միասնական տեղեկանքի տրամադրման պահից։

Ի լրումն վերոգրյալի՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նման կարգավորումները միտված են տվյալ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը և փոխանցմանն ուղղված գործարքների պաշտպանության համար անհրաժեշտ երաշխիքների ապահովմանը՝ դրանով իսկ հետապնդելով իրավաչափ նպատակ։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքները չեն սահմանափակվում միայն օտարման գործարքներով, այլ դրանք ներառում են նաև անշարժ գույքի նկատմամբ տիրապետման ու օգտագործման իրավունքների ծագման, փոփոխման և փոխանցման գործարքները ևս։ Հետևաբար անհիմն են նաև Ընկերության եզրահանգումները «Ինգա Ավագյան»-ի հավանական գնորդ հանդիսանալու, և այդ հանգամանքով պայմանավորված զգալի վնասի և իրավունքների դատական պաշտպանության անհնարինության հիմնավոր կասկածի առկայության հիմնավորումների վերաբերյալ։

Վերը նշված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել

 ՀՀ, ք Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ միասնական տեղեկանք տրամադրելու վերաբերյալ դիմումը Ինգա Ավագյանի կողմից Կոմիտե մուտքագրվել է 01022024 թվականին։ Իսկ, որպես հայցվող տեղեկատվության տրամադրման ժամկետ սահմանվել է դիմումը ներկայացվելու օրվանից հետո երրորդ աշխատանքային օրը, այսինքն՝ 05022024 թվականը,

Ընկերությունը վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը (վիճարկման հայցադիմումին կից) ՀՀ վարչական դատարան մուտքագրել է 06022024 թվականին՝ առձեռն հանձնման եղանակով,

 Դատարանը «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը կայացրել է 13022024 թվականին,

 Նշված որոշման դեմ Ընկերությունը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 21022024 թվականին՝ փոստային առաքման եղանակով,

 Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը կայացրել է 07032024 թվականին, իսկ «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը՝ 08042024 թվականին։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը նկատում է, որ ՀՀ, ք Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրած լինելու պարագայում, դրա հիման վրա տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու մասին դիմումն իրավասու մարմին հնարավոր էր ներկայացնել մինչև 26022024 թվականը ներառյալ (նկատի ունենալով, որ միասնական տեղեկանքը ուժի մեջ է 15 աշխատանքային օր, և եթե 05022024 թվականին, այնուամենայնիվ, այն տրամադրվել է, ապա վերջինիս գործողության 15-րդ աշխատանքային օրը լրանալու էր 26022024 թվականին)։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը կայացրել է 08042024 թվականին, այսինքն՝ միասնական տեղեկանքի ուժի մեջ գտնվելու ժամկետից ավելի քան մեկ ամիս անց։ Ուստիև Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ «իրավունքի պետական գրանցման կատարումը չկասեցվելու պայմաններում, հաշվի առնելով վիճահարույց գույքի տնօրինման տիտղոսային սեփականատեր երրորդ անձի իրավունքի իրացման հնարավորության առկայությունը, այլևս անհնարին կդառնա ներկայացված և քննության համար պահպանված հայցով հայցվորի իրավունքների դատական պաշտպանությունը» անհիմն է՝ նկատի ունենալով միասնական տեղեկանքի «պիտանիության» հարցը։ Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ միասնական տեղեկանքի գործողության մեջ գտնվելը սահմանափակված է որոշակի ժամկետով և այդ ժամկետի լրացմամբ սպառվել է նաև նշված տեղեկանքի օգտագործման իրավական հնարավորությունը, որպիսի պարագայում Ընկերության վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման:

Ի ամփոփումն վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից միջնորդության մեջ վկայակոչված փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելու պայմաններում զգալի վնաս կպատճառվի իրեն կամ անհնարին կդառնա իր իրավունքների պաշտպանությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 08.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08042024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

__________________

1 Տե՛ս Council of Europe Commitee of Ministers, Recommendation No. R(89) 8 of the Commitee of Ministers to member states on provosional court protection in administrative matters, 13 September 1989, էջ 2 (հղումը՝ https://rm.coe.int/16804f288f):

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

ա. Թովմասյան

լ. Հակոբյան

ռ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական: