ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՆԱԼԹԱԿՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 30312/11)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
4 հուլիսի 2023 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]` Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Վալենտին Նիկոլեսկու [Valentin Nicolescu]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածին համապատասխան I հավելվածում նշված դիմումատուների (դիմումատուներ) կողմից, որոնց ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ տկն. Ս. Սահակյանը, տկն. Մ. Ղուլյանը և պրն. Գ. Մարգարյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2011 թվականի մայիսի 2-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 30312/11),
Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, դիմումատուների՝ Վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքների մասին ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2023 թվականի հունիսի 13-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է վարչական վարույթի շրջանակներում կայացված որոշման դեմ դիմումատուների վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից ընդունելը մերժելուն, որում նրանք վիճարկել էին Կառավարության որոշումը, որի համաձայն գյուղատնտեսական նշանակության իրենց հողակտորները նշված էին պետության կարիքների համար վերցնելու ենթակա գույքերի ցանկում:
2. «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (Ընկերություն) 2010 թվականի փետրվարի 5-ին դրա հիմնադրումից հետո 2010 թվականի փետրվարի 25-ին գրանցվել է:
3. Նույն օրն Ընկերությունը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի (Օրենք) հիման վրա դիմում է ներկայացրել Կառավարություն՝ ցանկանալով հողակտորներ ձեռք բերել Արտավազ գյուղական համայնքում: Դիմումի համաձայն՝ հողի ձեռքբերումն անհրաժեշտ էր գերակա հանրային շահի համար, այսինքն՝ համայնքում հանքային ջրերի գործարանի կառուցման ներդրումային նախագիծ իրականացնելու համար:
4. 2010 թվականի փետրվարի 25-ին Կառավարությունն ընդունել է թիվ 241-Ն որոշումը (Որոշում)՝ հաստատելով Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում օտարման ենթակա գոտիները, որոնք ներառում էին դիմումատուներին պատկանող գյուղատնտեսական հողերը, որոնք պետք է վերցվեին պետության կարիքների համար: Որոշման մեջ նշված էր, որ օտարումը հիմնավորված էր՝ պայմանավորված համաչափ տարածքային զարգացումն ապահովելու նպատակով ներդրումային նախագիծն իրականացնելու գերակա հանրային շահով (հանքային ջրերի գործարանի կառուցում): Դիմումատուների հողակտորներն ընդգրկված էին այն հողային միավորների ցանկում, որոնք գտնվում էին տեխնիկական չափորոշիչներին (դասավորություն, ինժեներաշինարարական համապատասխանություն, տարածքում թարմ հանքային ջրերի առկայություն և այլն) համապատասխան ընտրված՝ օտարման այդ գոտիներում:
5. 2010 թվականի մայիսի 7-ին դիմումատուները և համայնքում մի շարք այլ հողատերեր հայց են ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով Որոշումն անվավեր ճանաչել: Նրանք պնդել են, որ Որոշումն անօրինական էր, և որ Կառավարությունը չի կարողացել արդարացի հավասարակշռություն ապահովել իրենց շահերի և վկայակոչված հանրային շահի միջև: Օրենքով պահանջվում էր, որ ստացող մարմինն օտարման համար հիմնավորում պարունակող դիմում ներկայացներ Կառավարություն, իսկ Կառավարությունը պետք է քննության առներ այդ հիմնավորումները՝ խորհրդակցելով համապատասխան այլ մարմինների հետ, և այնուհետև որոշում կայացներ: Նրանց դեպքում, այնուամենայնիվ, Ընկերության գրանցումը, դիմումի ենթադրյալ ներկայացումը և Որոշման ընդունումը տեղի էին ունեցել նույն օրը, ինչը ցույց էր տալիս իրենց գույքից զրկելու հետ կապված որոշումների կայացման գործընթացի անփույթ և կամայական բնույթը: Մասնավորապես գրանցված լինելով Որոշումն ընդունելու նույն ամսաթվին՝ տեսականորեն և գործնականորեն անհնար էր, որ Ընկերությունը ներկայացրած լիներ Օրենքի և համապատասխան ընթացակարգի բոլոր ձևական պահանջներին համապատասխանող դիմում, քանի որ նման դիմում ներկայացնելուն նախորդում է դրա քննարկումը Կառավարության կողմից, որոշման նախագծի նախապատրաստումը և դրա քննարկումը համապատասխան մարմիների հետ՝ մինչև համապատասխան որոշումն ընդունելը:
6. 2010 թվականի սեպտեմբերի 14-ին Վարչական դատարանը մերժել է հայցը՝ հղում կատարելով Որոշմանը և համարելով, որ դրա ընդունումը նպատակաուղղված է եղել աշխատատեղերի ստեղծման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով համայնքի և մարզի տնտեսական զարգացման գերակա հանրային շահին՝ ապահովելով, որ ստորերկրյա ջրերը (քաղցրահամ և հանքային) պաշտպանված լինեն հանքարդյունաբերությամբ պայմանավորված աղտոտումից (շրջակա միջավայրի պաշտպանություն): Այն փաստը, որ Ընկերության գրանցումը, նրա կողմից օտարման դիմում ներկայացնելը և Որոշման ընդունումը տեղի են ունեցել նույն օրը, հիմք չէր Որոշումն անօրինական ճանաչելու համար: Դիմումատուները չէին կարող հիմնավորել իրենց հայցն այն փաստարկով, որ Կառավարությունը խորհրդակցություններ չէր անցկացրել համապատասխան մարմինների հետ, քանի որ այդ հարցը Կառավարության լիազորությունների շրջանակում էր:
7. 2010 թվականի հոկտեմբերի 14-ին դիմումատուները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Նրանք մասնավորապես պնդել են, որ Վարչական դատարանն ընդամենը հղում է կատարել իրենց գույքն օտարելու՝ վկայակոչված հանրային շահին՝ առանց, այնուամենայնիվ, քննության առնելու իրենց անհատական շահերը և հավասարակշռելու (համեմատելու) դրանք այդ հանրային շահի հետ: Մասնավորապես նրանց հողը, որը, որպես տվյալ գյուղական տարածքում ապրող ֆերմերներ, նրանց համար «կենսական շահի աղբյուր էր», օտարվում էր մասնավոր ընկերության ձեռնարկատիրական նպատակների համար՝ առանց այդ ասպեկտը պատշաճ կերպով հաշվի առնելու: Ընդունման ընթացակարգի, բովանդակության և ձևի շրջանակներում Որոշումը քննության առնելու փոխարեն Վարչական դատարանը փաստացի «լրացրել է» Որոշումը՝ հղում կատարելով այնտեղ անգամ չհիշատակված որոշակի շահերի, որոնցից են «տնտեսական զարգացումը», «աշխատատեղերի ստեղծումը», «ռեսուրսների արդյունավետ օգտագործումը» և «շրջակա միջավայրի պաշտպանությունը»: Ի վերջո, Վարչական դատարանը պատշաճ կերպով չէր անդրադարձել Որոշումն ընդունելու իրավական ընթացակարգի խախտման առնչությամբ իրենց փաստարկներին:
8. 2010 թվականի նոյեմբերի 3-ին Վճռաբեկ դատարանը բողոքը ճանաչել է անընդունելի («վերադարձրել է» այն, այսինքն՝ մերժել է բողոքը) հետևյալ պատճառաբանությամբ.
«Վճռաբեկ դատարանը գտնում է, որ [Վարչական դատարանի] կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումների մասին բողոք բերած անձանց հիմնավորումը հերքվում է [Վարչական դատարանի] վճռում նշված պատճառաբանություններով:
Այսպես, [մեջբերում Վարչական դատարանի վճռից], ...
... [Դատարանը «Մելտեքս» ՍՊԸ–ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 32283/04, § 88] գործով 17.06.2008 թվականի վճռով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ «Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ:»
բողոք բերած անձինք չեն հիմնավորել նաև օրենքի միատեսակ կիրառության համար սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը:
...
վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոք բերած անձանց հիմնավորումները՝ [Վարչական դատարանի կողմից] դատական սխալ թույլ տալու, ինչպես նաև բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու մասին, անհիմն են, քանի որ բողոքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.6 հոդվածի 1-ին մասի պահանջներին: Հետևաբար … այն ենթակա է վերադարձման»:
9. Հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա՝ դիմումատուները բողոքել են, որ իրենք զրկվել են Վճռաբեկ դատարանի մատչելիությունից:
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
10. Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուներ Յուրիկ և Տոնիկ Նալթակյանները, Մարգուշ Բադալյանը, Խորեն Նալթակյանը և Հայկազ Ղազարյանը գանգատը ներկայացնելուց հետո մահացել են (համապատասխան ամսաթվերի համար տե՛ս Հավելված I): Նրանց ժառանգները՝ համապատասխանաբար դիմումատուներ Երվանդ Նալթակյանը (Յուրիկ և Տոնիկ Նալթակյանների փոխարեն), Արկադի Բադալյանը, Սերոժ Նալթակյանը և Գուրգեն Ղազարյանը, դիմել են նրանց փոխարեն գանգատի առնչությամբ քննությունը շարունակելու համար:
11. Կառավարությունը պնդել է, որ գանգատը վերաբերում էր անօտարելի իրավունքներին: Նրանք նաև պնդել են, որ դիմումատու Արկադի Բադալյանը չէր տրամադրել համապատասխան փաստաթղթեր իր դիրքորոշումը հիմնավորելու համար՝ մահացած դիմումատու Մարգուշ Բադալյանի անունից գանգատի առնչությամբ քննությունը շարունակելու նպատակով:
12. Հաշվի առնելով ներկայացված փաստաթղթերը և նախադեպային իրավունքի համապատասխան սկզբունքները՝ Դատարանն ընդունում է, որ դիմումատուներ Երվանդ Նալթակյանը, Արկադի Բադալյանը, Սերոժ Նալթակյանը և Գուրգեն Ղազարյանն ունեն անհրաժեշտ locus standi (դատարան դիմելու իրավունքը)՝ մասնակցելու վարույթներին մահացած դիմումատուների (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը) անունից (տե՛ս Մնացականյանն ընդդեմ Հայաստանի [Mnatsakanyan v. Armenia], թիվ 2463/12, §§ 39-43, 2022 թվականի դեկտեմբերի 6, հաջորդող հղումներով):
13. Գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով կամ անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
14. Ավելի բարձր ատյանի դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Զուբաքն ընդդեմ Խորվաթիայի [Zubac v. Croatia] գործում ([ՄՊ] [GC], թիվ 40160/12, §§ 80-82 և § 84, 2018 թվականի ապրիլի 5):
15. Դիմումատուները պնդել են, որ Վճռաբեկ դատարանը, որը Վարչական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը) բողոքարկելու միակ դատարանն էր, ոչ հիմնավոր կերպով սահմանափակել էր դատական վերանայման մասով իրենց մատչելիության իրավունքը: Նրանք հիմնվում էին Սահամանադրական դատարանի 2008 թվականի նոյեմբերի 25-ի (թիվ 780) և 2010 թվականի ապրիլի 13-ի (թիվ 873) որոշումների վրա, որոնց համաձայն՝ եռաստիճան քաղաքացիական վարույթում կիրառվող ընդունելիության նույն չափորոշիչների կիրառումը վարչական վարույթի շրջանակներում վճռաբեկ բողոքների նկատմամբ, որտեղ չկար բողոքարկման երկրորդ ատյան, «դատական պաշտպանության իրավունքի չհիմնավորված սահմանափակում» էր: Այդ որոշումներն ի վերջո հանգեցրել էին Վարչական դատավարության օրենսգրքում օրենսդրական փոփոխությունների, ինչի արդյունքում սույն գործով քննվող վարույթն ավարտվելուց անմիջապես հետո ստեղծվել էր Վերաքննիչ վարչական դատարանը՝ որպես Վարչական դատարանի կողմից քննվող գործերով բողոքարկման երկրորդ ատյան:
16. Կառավարությունը պնդել է, որ միայն այն փաստը, որ տվյալ ժամանակահատվածում Վարչական դատարանի որոշումները ենթակա էին բողոքարկման Վճռաբեկ դատարանում՝ որպես բողոքարկման առաջին և վերջնական ատյան, չէր խախտում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները: 2010 թվականի նոյեմբերի 3-ի իր որոշման մեջ (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը) Վճռաբեկ դատարանը հղում էր կատարել ներպետական իրավունքի համապատասխան դրույթներին և ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումներին՝ եզրակացնելով, որ հիմք չկար համարելու, որ դիմումատուների գործով ընդունվելիք դատական ակտը կարող էր էական նշանակություն ունենալ իրավունքի միատեսակ կիրառության տեսանկյունից: Ի վերջո, Վարչական դատարանը նրանց գործով հիմնավորված վճիռ էր կայացրել:
17. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը Պայմանավորվող պետություններին չի պարտավորեցնում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ։ Այնուամենայնիվ, այդպիսի դատարանների առկայության պարագայում 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները պետք է պահպանվեն. օրինակ՝ նրանց քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները սահմանելու նպատակով այն դատավարության մասնակիցների համար երաշխավորում է դատարանների արդյունավետ մատչելիության իրավունք (տե՛ս վերևում հիշատակված՝ Զուբաքի գործը, § 80, հաջորդող հղումներով): Ավելին, 6-րդ հոդվածի 1-ին կետը վերաքննիչ և վճռաբեկ դատարանների նկատմամբ կիրառելու եղանակը պայմանավորված է տվյալ վարույթի առանձնահատկություններով, և պետք է հաշվի առնել ներպետական իրավակարգի շրջանակներում իրականացվող վարույթների ամբողջականությունն ու դրանցում վճռաբեկ դատարանի դերը (նույն տեղում, § 82):
18. Դատարանը նշում է, որ Վճռաբեկ դատարանը, հանդիսանալով վերջին ատյանը, հրաժարվել է դիմումատուներին թույլտվություն տալ բողոքարկելու Վարչական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը՝ հղում կատարելով միևնույն որոշմանը և համապատասխան իրավական դրույթներին դիմումատուների վճռաբեկ բողոքը հաջողության հեռանկարներ չունենալու հիմքով մերժելու համար (տե՛ս վերևում՝ 6-րդ և 8-րդ պարբերությունները):
19. Դատարանը նշում է, որ այն արդեն պարզել է, որ մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է քաղաքացիական վարույթներին, վճռաբեկ բողոքն ըստ էության քննության առնելու համար ընդունումը Վճռաբեկ դատարանի կողմից ոչ բավարար պատճառաբանությամբ մերժելը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտում չէր (տե՛ս Ներսեսյանն ընդդեմ Հայաստանի (որոշում) [Nersesyan v. Armenia (dec.)], թիվ 15371/07, §§ 9 և 24, 2010 թվականի հունվարի 19): Այդ եզրահանգմանը գալու համար Դատարանը հաշվի է առել այն փաստը, որ գործը քննվել էր լրիվ իրավազորությամբ երկու դատական ատյաններում, որոնք մանրամասն պատճառաբանություններ էին ներկայացրել իրենց վճիռներում (նույն տեղում):
20. Այնուամենայնիվ, սույն գործով Վճռաբեկ դատարան բողոքարկման վարույթի թույլտվությունից առաջ դիմումատուների գործը քննվել էր միայն Վարչական դատարանի կողմից, որը, ինչպես նրանք պնդում էին Վճռաբեկ դատարանում բողոքարկման թույլտվություն ստանալու նպատակով, չէր քննել Որոշումը վիճարկող նրանց հիմնական փաստարկները, ներառյալ՝ այն գույքի առևտրային նպատակներով օտարման հանրային շահի առկայությունը, որը նրանց եկամտի միակ աղբյուրն էր, և Որոշումն ընդունելու ընթացակարգում ենթադրյալ խախտումները (տե՛ս վերևում՝ 5-7-րդ պարբերությունները): Իր հերթին Վճռաբեկ դատարանն առանձնապես չէր անդրադարձել դիմումատուների կողմից վկայակոչված բողոքի հիմքերին, ներառյալ՝ նրանց փաստարկներին այն մասին, որ Վարչական դատարանը չէր քննել նրանց բողոքում (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը) նրանց կողմից բարձրացված հիմնական հարցերը, և 2010 թվականի նոյեմբերի 3-ի իր որոշման մեջ ընդամենը սահմանափակվել էր համապատասխան իրավական դրույթների և Վարչական դատարանի որոշման մասերի մեջբերմամբ՝ դիմումատուներին չտալով բողոքարկման թույլտվություն (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Հելլեն ընդդեմ Ֆինլանդիայի [Helle v. Finland], 1997 թվականի դեկտեմբերի 19, § 60, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997 - VIII):
21. Կառավարությունը հղում է կատարել Մելտեքս ՍՊԸ–ի և Մովսեսյանի գործով Դատարանի վճռին (վերևում հիշատակված, § 88), որը հիշատակված էր Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 3-ի որոշման մեջ: Այդ վճիռը, այնուամենայնիվ, վերաբերում էր իրադարձությունների, որոնք տեղի էին ունեցել 2005 թվականի նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխություններից առաջ, ինչից հետո Վճռաբեկ դատարանին նոր դեր էր շնորհվել, մասնավորապես՝ ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը և ճշգրիտ մեկնաբանումը և խթանելու դրա մշակումը, ինչի արդյունքում ներկայացվելու էին նոր (առավել խիստ) ընդունելիության պահանջներ վճռաբեկ բողոքների համար: Այսպիսով, այդ գործով քննության առնելով, թե որքանով էր Վճռաբեկ դատարանը հիմնավորել դիմումատու ընկերության՝ ավելի ցածր ատյանի դատարանում ներկայացված փաստարկների համեմատությամբ գրեթե նույն փաստարկների մերժումը, որոնք Դատարանի կարծիքով հանգամանորեն քննության էին առնվել այդ դատարանի կողմից, այն համարել է, որ չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր հիմնավորել իր որոշումը միայն այն պատճառով, որ այն հիմնվել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումների վրա:
Սույն գործով Վճռաբեկ դատարանը, կիրառելով վերջերս ներմուծված ընդունելիության չափորոշիչները և ընդամենը հիշատակելով Վարչական դատարանի վիճարկվող որոշման համապատասխան մասերը, հրաժարվել է դիմումատուներին այդ որոշումը բողոքարկելու թույլտվություն տրամադրել, որով, ինչպես նրանք պնդում էին իրենց բողոքում, անդրադարձ չէր արվել իրենց հիմնական փաստարկներին:
22. Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Դատարանը գտնում է, որ այն ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը քննության առնելու համար միակ և վերջնական ատյանը հանդիսացող Վճռաբեկ դատարանի կողմից դիմումատուների վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները ձևական պահանջների հիման վրա այսպես մերժելը, որը, ինչպես դիմումատուներն են պնդել, չէր անդրադարձել իրենց հիմնական փաստարկներին, սահմանափակել էր դատական վերանայման մատչելիության իրենց իրավունքն այն ձևով և այնքանով, որ խախտվել էր դատարան դիմելու իրավունքի բուն էությունը (համեմատել և հակադրել Զուբաքի գործի հետ, § 125, և Ներսեսյանի գործի հետ, § 24, երկուսն էլ վերևում հիշատակված):
23. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
24. Դիմումատուները խնդրել են Դատարանին իրենց փոխհատուցում շնորհել ոչ նյութական վնասի համար: Նրանք նաև պահանջել են 5 670 եվրո Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար:
25. Կառավարությունն այս պահանջները վիճարկել է։
26. Դատարանը համարում է, որ դիմումատուները հավանաբար ոչ նյութական վնաս են կրել Վարչական դատարանի այն որոշման դեմ բերված նրանց վճռաբեկ բողոքի ըստ էության քննությունը Վճռաբեկ դատարանի կողմից մերժվելու հետևանքով, որով Վարչական դատարանն ուժի մեջ էր թողել նրանց գույքի օտարումը հաստատող Որոշումը: Իր գնահատումն իրականացնելով արդարության սկզբունքի հիման վրա՝ այս կետով այն շնորհում է 3 600 եվրո յուրաքանչյուր տնտեսությանը և յուրաքանչյուր առանձին դիմումատուին, ինչպես նշված է ստորև՝ II հավելվածում:
27. Հաշվի առնելով իր տրամադրության տակ առկա փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուներին միասին շնորհել 1 000 եվրո՝ Դատարանում վարույթի համար՝ գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո) յուրաքանչյուր տնտեսության և յուրաքանչյուր առանձին դիմումատուի՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ դիմումատուներին միասին 1 000 եվրո (հազար եվրո)՝ գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, վերոնշյալ գումարների նկատմամբ պետք է հաշվարկվի պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հուլիսի 4-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վալենտին Նիկոլեսկու՝ |
Անյա Սիբերտ Ֆուա՝ |
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ
Դիմումատուների ցանկը.
Թիվ |
Դիմումատուի անունը |
Ծննդյան տարեթիվը/գրանցումը |
Քաղաքացիությունը |
Բնակության վայրը |
1. |
Երվանդ ՆԱԼԹԱԿՅԱՆ |
1958 |
ՀՀ |
Արտավազ |
2. |
Արշալույս ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
1950 |
ՀՀ |
գյուղ Փյունիկ |
3. |
Մեխակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
1948 |
ՀՀ |
գյուղ Փյունիկ |
4. |
Ռադիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
1982 |
ՀՀ |
գյուղ Փյունիկ |
5. |
Արթուրիկ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ |
1964 |
ՀՀ |
Արտավազ |
6. |
Հրանուշ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ |
1968 |
Փախստականի կարգավիճակ |
Արտավազ |
7. |
Լեւոն ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ |
1987 |
Փախստականի կարգավիճակ |
Արտավազ |
8. |
Նիկոլայ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ |
1989 |
Փախստականի կարգավիճակ |
Արտավազ |
9. |
Արկադի ԲԱԴԱԼՅԱՆ |
1961 |
ՀՀ |
Հրազդան |
10. |
Մարգուշ ԲԱԴԱԼՅԱՆ |
1935 Մահացել է 2020 թվականին |
ՀՀ |
Արտավազ |
11. |
Հայկազ ՂԱԶԱՐՅԱՆ |
1929 Մահացել է 2012 թվականին |
ՀՀ |
Արտավազ |
12. |
Գուրգեն ՂԱԶԱՐՅԱՆ |
1968 |
ՀՀ |
Արտավազ |
13. |
Սասուն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ |
1957 |
ՀՀ |
Հրազդան |
14. |
Համբարձում ՆԱԼԹԱԿՅԱՆ |
1985 |
ՀՀ |
Արտավազ |
15. |
Խորեն ՆԱԼԹԱԿՅԱՆ |
1956 Մահացել է 2017 թվականին |
ՀՀ |
գյուղ Արտավազ |
16. |
Նաիրա ՆԱԼԹԱԿՅԱՆ |
1979 |
Փախստականի կարգավիճակ |
Արտավազ |
17. |
Սերոժ ՆԱԼԹԱԿՅԱՆ |
1981 |
ՀՀ |
գյուղ Արտավազ |
18. |
Տոնիկ ՆԱԼԹԱԿՅԱՆ |
1936 Մահացել է 2012 թվականին |
ՀՀ |
Արտավազ |
19. |
Վարդանուշ ՆԱԼԹԱԿՅԱՆ |
1961 |
ՀՀ |
Արտավազ |
20. |
Վարսենիկ ՆԱԼԹԱԿՅԱՆ |
1982 |
ՀՀ |
Արտավազ |
21. |
Յուրիկ ՆԱԼԹԱԿՅԱՆ |
1929 Մահացել է 2020 թվականին |
ՀՀ |
Արտավազ |
22. |
Գրիշա ՍԱՀԱԿՅԱՆ |
1954 |
ՀՀ |
Արտավազ |
23. |
Լյովա ՍԱՄՍՈՆՅԱՆ |
1962 |
ՀՀ |
Երեւան |
24. |
Ալեքսան ԹԱՎԱՔԱԼՅԱՆ |
1979 |
ՀՀ |
Հրազդան |
ՀԱՎԵԼՎԱԾ II
Դիմումատուների ցանկը (առանձին և տնտեսության մաս կազմող).
Տնտեսություն
1. Երվանդ ՆԱԼԹԱԿՅԱՆ
2. Վարդանուշ ՆԱԼԹԱԿՅԱՆ
3. Համբարձում ՆԱԼԹԱԿՅԱՆ
Տնտեսություն
4. Մեխակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
5. Ռադիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
6. Արշալույս ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Տնտեսություն
7. Տոնիկ ՆԱԼԹԱԿՅԱՆ
8. Յուրիկ ՆԱԼԹԱԿՅԱՆ
Տնտեսություն
9. Լևոն ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
10. Արթուրիկ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
11. Հրանուշ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
12. Նիկոլայ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
Տնտեսություն
13. Արկադի ԲԱԴԱԼՅԱՆ
14. Մարգուշ ԲԱԴԱԼՅԱՆ
Տնտեսություն
15. Վարսենիկ ՆԱԼԹԱԿՅԱՆ
16. Նաիրա ՆԱԼԹԱԿՅԱՆ
17. Խորեն ՆԱԼԹԱԿՅԱՆ
18. Սերոժ ՆԱԼԹԱԿՅԱՆ
Տնտեսություն
19. Գուրգեն ՂԱԶԱՐՅԱՆ
20. Հայկազ ՂԱԶԱՐՅԱՆ
Առանձին դիմումատուներ՝
21. Գրիշա ՍԱՀԱԿՅԱՆ
22. Լյովա ՍԱՄՍՈՆՅԱՆ
23. Սասուն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
24. Ալեքսան ԹԱՎԱՔԱԼՅԱՆ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|