Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-65-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.646
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի մայիսի 18-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123-րդ հոդվածը «լողամիջոցները» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 129.1-րդ և 129.2-րդ հոդվածներում՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 129.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 129.1.

 Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կտրոնի օգտագործման կանոնները խախտելը

 

Առանց ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կտրոնը (այսուհետ` ԱՊՊԱ կտրոն) սահմանված տեղում փակցնելու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոց վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնով Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոց վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ԱՊՊԱ կտրոնը այլ անձի հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 129.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 129.2.

 Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, առանց տվյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելը, ինչպես նաև առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելը կամ ԱՊՊԱ կտրոն չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր`

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելը կամ ԱՊՊԱ կտրոն չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ կտրոնի ներկայացումը (ԱՊՊԱ կտրոն ունենալը) տրանսպորտային միջոցի հաշվառման (դրա նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու)` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է`

առաջացնում է տուգանքի նշանակում` համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը «129» թվից հետո լրացնել «, 129.1, 129.2» թվերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 302-րդ հոդվածի առաջին պարբերությունը «129» թվից հետո լրացնել «, 129.1, 129.2» թվերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 305-րդ հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններում «129» թիվը փոխարինել «129.2» թվով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալու համար տուգանքի տարեկան առավելագույն չափը սահմանող դրույթը, ինչպես նաև առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելու համար տուգանքի չափը սահմանող դրույթն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կատարված` սույն հոդվածով նախատեսված արարքների համար տուգանքի` համապատասխանաբար տարեկան առավելագույն չափը և չափը սահմանվում են սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 9

Երևան

ՀՕ-65-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան