Գլխավոր տեղեկություն
Համար
N 1495-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.12.25/34(603) Հոդ.1237
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2017 թվականի N 1495-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 10.12.20 N 2026-Ն, լրաց. 24.10.24 N 1691-Ն)

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 1 հավելվածի 200-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.12.20 N 2026-Ն, 06.05.21 N 720-Ն, լրաց. 24.10.24 N 1691-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ներգերատեսչական հսկողության կարգը.

2) 2021 թվականի հուլիսի 1-ից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, կենտրոնական ապարատի իրավասու ստորաբաժանումներում և ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասերում հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացներն իրականացնել ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ.

3) մինչև 2021 թվականի հունվարի 28-ը հաստատել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացն ապահովող ավտոմատացված տեղեկատվական համակարգից օգտվելու ուղեցույցը:

(2-րդ կետը փոփ., խմբ. 10.12.20 N 2026-Ն, փոփ. 06.05.21 N 720-Ն)

2.1. (կետն ուժը կորցրել է 30.06.22 N 996-Ն)

2.2. Սույն որոշման N 2 հավելվածը գործում է մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:

(2.2-րդ կետը լրաց. 06.05.21 N 720-Ն)

2.3. Մինչև ավտոմատացված տեղեկատվական համակարգի լիարժեք գործարկումը, սակայն ոչ ուշ, քան մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունվում, գրանցվում, հաշվառվում և դրանց ընթացք է տրվում նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն առանց ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառման ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգով՝ համաձայն N 3 հավելվածի, որը գործում է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։

(2.3-րդ կետը լրաց. 30.06.22 N 996-Ն, փոփ. 29.06.23 N 1044-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 30

Երևան

 

 

Հավելված N 1 

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման

(գլխագիրը փոփ. 06.05.21 N 720-Ն)

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ

(վերնագիրը խմբ. 10.12.20 N 2026-Ն, լրաց. 24.10.24 N 1691-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու հետ կապված իրավահարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 24.10.24 N 1691-Ն)

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

1) ոստիկանության ծառայողների կողմից անմիջականորեն հայտնաբերված վարչական իրավախախտումների դեպքերի վրա, որոնցով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, կամ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել առանց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու.

2) տեխնիկական միջոցներով հայտնաբերված վարչական իրավախախտումների դեպքերի վրա, որոնք քննվել են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) հաղորդում` հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին ստացված ցանկացած հեռախոսազանգ կամ SMS հաղորդագրություն (շարժական կապի օպերատորների կողմից SMS հաղորդագրության համար տեխնիկական հնարավորություն ապահովելու դեպքում), քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և դրանց ենթակա տարածքային ստորաբաժանումներում (այսուհետ՝ իրավասու ստորաբաժանումներ) կամ պարեկային կարգախմբի կողմից ստացված տեղեկություններ հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ, այդ թվում՝ 102@police.am էլեկտրոնային փոստին ստացված.

2) հանցագործության մասին հաղորդումներ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 174-177-րդ հոդվածներով նախատեսված աղբյուրներից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ.

3) վարչական իրավախախտումների մասին հաղորդումներ՝ գրավոր և բանավոր հաղորդումներ, որոնք պարունակում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ, ոստիկանության ծառայողի զեկուցագիրը` հայտնաբերված վարչական իրավախախտման մասին, վարչական իրավախախտում հայտնաբերելու մասին նախաքննության մարմնից, պետական կամ իրավասու այլ մարմնից, ոստիկանության կենտրոնական ապարատից կամ ոստիկանության կառուցվածքային այլ ստորաբաժանումներից ստացված գրությունը կամ հաղորդումը.

4) պատահարների վերաբերյալ հաղորդումներ՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին ստացված հեռախոսազանգեր, անմիջապես ոստիկանությունում հաղորդված կամ կապի միջոցներով ֆիզիկական և իրավաբանական անձանցից, պետական մարմիններից, ոստիկանության ծառայողներից ստացված բանավոր տեղեկություններ դեպքերի կամ իրադարձությունների մասին, որոնք առերևույթ հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշներ չեն պարունակում.

5) հաղորդման գրանցում՝ հաղորդման բովանդակության համառոտագրում հաղորդումների էլեկտրոնային գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան).

6) հաղորդման հաշվառում՝ յուրաքանչյուր ընդունված հաղորդման հերթական համարով համարակալում, դրա հետագա ընթացքի վերլուծություն և սույն կարգով նախատեսված դեպքերում` նյութերի հաշվառում.

7) հաղորդմանն ընթացք տալը՝ ոստիկանության իրավասու ծառայողների կողմից հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքների ստուգման նպատակով օրենքով նախատեսված գործողությունների իրականացում և որոշումների ընդունում (այսուհետ՝ ստուգում).

8) նյութեր՝ հաղորդման ընդունման և ստուգման արդյունքում ձեռք բերված (ստեղծված) փաստաթղթերի, նյութական այլ կրիչների և առարկաների ամբողջություն.

9) անանուն հաղորդում՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին մտացածին անձի անունից կամ առանց զանգահարողի անվան, ազգանվան հիշատակման կատարված հեռախոսազանգերը, կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված կամ առանց հաղորդում ներկայացնողի անվան, ազգանվան հիշատակման, ինչպես նաև առանց ստորագրության հաղորդում, իսկ էլեկտրոնային եղանակով ֆիզիկական անձից ստացված հաղորդման դեպքում՝ առանց էլեկտրոնային թվային ստորագրության կամ ֆիզիկական անձի նույնականացումն ապահովող այլ միջոցի (բացառությամբ ծրիչի (սկաների) միջոցով ներբեռնված ստորագրության), անվան, ազգանվան նշման հաղորդում.

10) նույնաբովանդակ հաղորդումներ՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին, իրավասու ստորաբաժանումներում կամ պարեկային կարգախմբի կողմից ստացված ինչպես նույն անձի, այնպես էլ տարբեր անձանց կողմից նախկինում ներկայացված նույն բովանդակությամբ հաղորդումներ։

(3-րդ կետը խմբ. 30.06.22 N 996-Ն, փոփ., խմբ. 24.10.24 N 1691-Ն)

4. Ոստիկանության իրավասու ստորաբաժանումներում` տեսանելի վայրերում, ամրացվում են ցուցապաստառներ, որոնցում առկա են տեղեկություններ՝ հաղորդումներ ընդունելու մասին, արձանագրությունների ձևի, հաղորդումները ոստիկանության ծառայողի կողմից ապօրինաբար չընդունելու իրավական հետևանքների, դրանք գրանցելու և ստուգելու կարգի և ժամկետների, սույն կարգի պահանջների նկատմամբ ներգերատեսչական հսկողություն իրականացնող վերադաս ստորաբաժանման, դատախազության, վերջինիս աշխատանքային, ինչպես նաև ոստիկանության «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարների վերաբերյալ: Նույնաբովանդակ տեղեկություններ զետեղվում են նաև ոստիկանության պաշտոնական կայքէջում:

(4-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն, 24.10.24 N 1691-Ն)

 

2. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

5. Հաղորդումները, անկախ իրավախախտումների կատարման կամ պատահարների առաջացման վայրից և ժամանակից, ինչպես նաև դրանցում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունից, պարտադիր ենթակա են ընդունման և գրանցման պարեկային կարգախմբի կողմից, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, իրավասու ստորաբաժանումներում (այսուհետ՝ հաղորդում ընդունող ստորաբաժանումներ):

(5-րդ կետը փոփ. 24.10.24 N 1691-Ն)

6. Պարեկային կարգախմբի կողմից ստացված իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն անմիջապես ներմուծվում են ավտոմատացված տեղեկատվական համակարգ և փոխանցվում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ստացված հաղորդումները փոխանցում է ոստիկանության իրավասու ստորաբաժանում, որտեղ հաղորդման հետագա ընթացքը լուծվում է օրենքով սահմանված կարգով:

(6-րդ կետը խմբ. 24.10.24 N 1691-Ն)

7. Պարեկային կարգախմբի հետագա գործողությունները համակարգվում են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից:

8. Ոստիկանության իրավասու ստորաբաժանումների հերթապահ մասերը (այսուհետ` հերթապահ մաս) կամ հերթապահ ծառայողն ապահովում են հաղորդումների շուրջօրյա ընդունումն ու գրանցումը:

(8-րդ կետը խմբ. 24.10.24 N 1691-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 24.10.24 N 1691-Ն)

10. Փոստային, հեռագրական, ֆաքսիմիլային կապի միջոցներով ոստիկանության իրավասու ստորաբաժանումում ստացված հաղորդումներն աշխատանքային օրերին և ժամերին գրանցվում են փաստաթղթաշրջանառության աշխատանքներ իրականացնող աշխատակցի կողմից, որից հետո անհապաղ ներկայացվում են իրավասու ստորաբաժանման պետին, իսկ նրա բացակայության դեպքում` իրավասու տեղակալին։ Վերջինս պարտավոր է հաղորդումն անհապաղ ուղարկել գրանցման:

(10-րդ կետը խմբ. 24.10.24 N 1691-Ն)

11. Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց անմիջական հաղորդումները պարեկային կարգախմբի կողմից ընդունվում և ամրագրվում են պարեկի կողմից հանցագործության մասին անմիջական հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) (ձև N 1), իսկ իրավասու ստորաբաժանումում՝ հանցագործության մասին անմիջական հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության (ձև N 2) մեջ, որում նշվում են`

1) հաղորդում ներկայացնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, բնակության (հաշվառման) վայրի, իսկ առկայության դեպքում՝ նաև ծառայողական հասցեն և պաշտոնը, հեռախոսահամարը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, նրա առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը, ստորագրությունը, առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, հանցագործության դեպքի նկարագրությունը, ենթադրյալ հանցանք կատարած անձի վերաբերյալ տվյալները (հայտնի լինելու դեպքում), օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, վայրը.

2) 16 տարին լրացած անձի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու դեպքում՝ սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին գրավոր նախազգուշացված լինելու մասին նշումը.

3) հաղորդում ընդունողի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ստորագրությունը, արձանագրությունը կազմելու վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն.

4) կտրոն-ծանուցագիր ստանալու մասին տվյալները:

(11-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն, 24.10.24 N 1691-Ն)

12. Հաղորդումն արձանագրության մեջ շարադրվում է առաջին դեմքով:

13. Հաղորդում ներկայացնողի կողմից հայերենին չտիրապետելու դեպքում հաղորդումն ընդունվում է հայերենին և այն օտար լեզվին տիրապետող, համապատասխան որակավորում ունեցող թարգմանչի մասնակցությամբ, որին տիրապետում է հաղորդում ներկայացնող անձը: Հաղորդում ներկայացնող անձը հաղորդումը շարադրում է այն լեզվով, որին ինքը տիրապետում է, ինչին հաջորդում է արձանագրությունում թարգմանչի կատարած թարգմանության շարադրումը, որը հաստատվում է թարգմանչի կողմից: Այս դեպքում հաղորդումն ամրագրվում է միայն իրավասու ստորաբաժանումում հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության (ձև N 2) մեջ։

(13-րդ կետը փոփ. 24.10.24 N 1691-Ն)

14. Եթե հանցագործության մասին հաղորդում ներկայացնող անձը ֆիզիկական թերությունների կամ առողջական վիճակի կամ գրաճանաչ չլինելու պատճառով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթության է ներկայացվում ծնողի կամ այլ մերձավոր ազգականի, իսկ անհնարինության դեպքում այլ անձանց միջոցով կամ նրանց համաձայնությամբ հիշյալ գործողությունը կարող է տեսաձայնագրառվել՝ ստորագրությամբ հաստատելով արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը և հաղորդում ներկայացնող անձի կողմից այն ստորագրելու անհնարինությունը: Այս դեպքում հաղորդումն ամրագրվում է միայն իրավասու ստորաբաժանումում՝ հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության (ձև N 2) մեջ։

(14-րդ կետը փոփ. 24.10.24 N 1691-Ն)

15. Եթե հանցագործության մասին հաղորդում ներկայացնող անձը հայտնում է իր տվյալները, սակայն հրաժարվում է ստորագրել ոստիկանության ծառայողի կազմած արձանագրությունը, ապա ոստիկանության ծառայողը այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ (հնարավորության դեպքում արտացոլելով հրաժարման պատճառները): Արձանագրությունը սույն կարգի համաձայն ստորագրվում է այն կազմող ոստիկանության ծառայողի կողմից, իսկ հաղորդումը գրանցվում է տվյալ ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա։

(15-րդ կետը խմբ. 30.06.22 N 996-Ն)

16. Անհայտ կորածների մասին հաղորդումներն ընդունվում և գրանցվում են որպես հանցագործության մասին հաղորդումներ:

17. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածով չնախատեսված աղբյուրներից ստացված և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումները գրանցվում են դրանք ստացած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա:

(17-րդ կետը խմբ. 30.06.22 N 996-Ն)

18. Հաղորդումները (այդ թվում՝ անանուն) գրանցվում են գրանցամատյանում կենտրոնացված հերթական համարակալմամբ:

19. Գրանցամատյանում գրառում կատարելու իրավունք ունի ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի իրավասու ծառայողը, պարեկային կարգախմբի ծառայողը, հերթապահ մասի հերթափոխի ավագը կամ հերթապահ ծառայողը կամ պետի կողմից լիազորված այլ ծառայողը։

(19-րդ կետը խմբ. 24.10.24 N 1691-Ն)

20. (կետն ուժը կորցրել է 24.10.24 N 1691-Ն)

21. Գրանցամատյանում գրանցված հաղորդմանը տրվում է հերթական հաշվառման համար` օրացուցային յուրաքանչյուր տարվա սկզբից նոր համարակալմամբ:

22. Գրանցամատյանում գրառումները պարունակում են հաղորդումը գրանցելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, իրավախախտման կամ պատահարի հակիրճ նկարագրությունը (ժամանակը, վայրը, հանգամանքները), հաղորդում ներկայացնող անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը), ձեռնարկված միջոցառումները, հաղորդումով իրավախախտման կամ պատահարի վայր մեկնած պարեկային կարգախմբի, ոստիկանության իրավասու ստորաբաժանման ծառայողի, այդ թվում` օպերատիվ խմբի ղեկավարի տվյալները, հաղորդումն ստուգելու հանձնարարություն ստանալու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, ստուգումն իրականացնող ոստիկանության ծառայողի տվյալները, ստուգելու արդյունքում ընդունված որոշումը և այն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը, քրեական վարույթի համարը, այն մարմինը, ուր հաղորդումը (նյութերը) ուղարկվել է ըստ ենթակայության, հանցագործության մասին հաղորդում ընդունելու մասին արձանագրության համարը, նախկինում գրանցված հաղորդումը նոր հաղորդմանը կցելու մասին տեղեկություններ, ինչպես նաև հաղորդմանն առնչվող ցանկացած այլ տեղեկություն:

(22-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն, 24.10.24 N 1691-Ն)

23. Գրանցամատյանում օրվա ընթացքում հաշվառված հաղորդումների, ինչպես նաև հանցագործությունների մասին ստացված հաղորդումների էլեկտրոնային տարբերակը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է դատախազին:

24. (կետն ուժը կորցրել է 30.06.22 N 996-Ն)

25. Փաստաթղթաշրջանառության աշխատանքներ իրականացնող աշխատակիցներին արգելվում է քաղաքացիներից կամ նրանց ներկայացուցիչներից առձեռն ստանալ կամ ընդունել հանցագործության մասին հաղորդումներ:

(25-րդ կետը փոփ. 24.10.24 N 1691-Ն)

26. Եթե անանուն հաղորդման ստուգումը չի պահանջում պատահարի կամ իրավախախտման վայրի մեկնում, ապա այն գրանցամատյանում գրանցելուց հետո ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա, ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետի (իրավասու այլ պաշտոնատար անձի) ցուցումով (մակագրությամբ) թողնվում են անհետևանք:

(26-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն, 24.10.24 N 1691-Ն)

27. Հանցագործությունների մասին անանուն բանավոր հաղորդումները գրանցամատյանում գրանցվելուց հետո, այն ընդունող ոստիկանության ծառայողի զեկուցագրով, իսկ գրավոր հաղորդումները փաստաթղթաշրջանառության աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվելուց հետո, հանձնվում են քննիչին կամ դատախազին՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման միջոցով դրանք ստուգելու անհրաժեշտության հարցը որոշելու համար:

(27-րդ կետը խմբ. 30.06.22 N 996-Ն, փոփ. 24.10.24 N 1691-Ն)

28. Եթե գրանցվում են միևնույն բովանդակությամբ երկու և ավելի հաղորդում, ապա դրանք որպես նույնաբովանդակ հաղորդումներ փոխկապակցվում են առաջինը գրանցվածին:

29. Միևնույն անձից երկու և ավելի անգամ ստացված հաղորդումները գրանցվում են սույն կարգի համաձայն, սակայն կարող են չստուգվել, եթե վերաբերում են միևնույն իրավախախտման կամ պատահարի միևնույն հանգամանքներին: Ստուգում չիրականացնելու հիմնավորումների մասին հաղորդումը ներկայացնողին տրվում է գրավոր պարզաբանում:

30. Հեռախոսային կապի միջոցով հերթապահ մասեր կամ հերթապահ ծառայություններ, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ուղղված բոլոր հեռախոսազանգերը ձայնագրվում են: Ձայնագրությունները պահպանվում են երեք ամիս և ոչնչացվում են ինքնաշխատ եղանակով:

(30-րդ կետը խմբ. 24.10.24 N 1691-Ն)

31. Քննիչի կամ դատախազի՝ հանցագործության նոր դեպքի կամ վարչական իրավախախտման հայտնաբերման մասին գրությունն անհապաղ գրանցվում է գրանցամատյանում:

32. Հանցագործության նոր դեպքի մասին գրությունը գրանցելուց հետո 24-ժամվա ընթացքում քննիչին գրավոր տրամադրվում է ստացված գրության՝ գրանցամատյանում հաշվառման համարը:

33. Անմիջապես իրավասու ստորաբաժանումում կամ պարեկային կարգախմբի կողմից հանցագործության մասին հաղորդում ընդունելիս՝ հաղորդում ներկայացնողին ինքնաշխատ եղանակով արձանագրության մեջ նշված կոնտակտային տվյալներով (էլեկտրոնային փոստային հասցեին, բջջային հեռախոսահամարին) ուղարկվում է ծանուցում (էլեկտրոնային կամ sms հաղորդագրություն), որում նշվում են արձանագրության համարը, օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն, հաղորդումն ընդունող ոստիկանության ծառայողի տվյալները և հաղորդումը ստացած իրավասու ստորաբաժանման անվանումը, իսկ էլեկտրոնային փոստով հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում հաղորդում ներկայացնողին ծանուցումն ուղարկվում է նույն էլեկտրոնային փոստի հասցեով:

(33-րդ կետը փոփ. 24.10.24 N 1691-Ն)

34. Կոնտակտային տվյալներ (էլեկտրոնային փոստային հասցե, բջջային հեռախոսահամար) չունենալու դեպքում, հանցագործության մասին հաղորդում տվողի ցանկությամբ նրան տեղում տրվում է կտրոն-ծանուցագիր (ձև N 3), որի մեջ նշվում են արձանագրության համարը, օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն, հաղորդումն ընդունող ոստիկանության ծառայողի տվյալները, ծառայողական հեռախոսահամարը և հաղորդումը ստացած ոստիկանության իրավասու ստորաբաժանման անվանումը: Կտրոն-ծանուցագիր տալու մասին նշում է կատարվում ձև N 1 կամ ձև N 2 արձանագրություններում:

(34-րդ կետը փոփ. 24.10.24 N 1691-Ն)

 

3. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

35. Հանցագործությունների մասին հաղորդումը կամ ոստիկանության ծառայողի զեկուցագիրը գրանցելուց հետո 4 ժամվա ընթացքում դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը (օպերատիվ հաղորդագրությունը) մուտքագրվում է ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգի օպերատիվ հաղորդագրությունների հաշվառման շտեմարան:

36. Ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգի օպերատիվ հաղորդագրությունների հաշվառման շտեմարան մուտքագրված տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տրամադրվում է դատախազությանը:

37. Ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգում մուտքագրված օպերատիվ հաղորդագրությունները շուրջօրյա ռեժիմով համակարգվում են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում:

(37-րդ կետը փոփ. 29.06.23 N 1044-Ն)

38. Վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

39. (կետն ուժը կորցրել է 30.06.22 N 996-Ն)

40. (կետն ուժը կորցրել է 30.06.22 N 996-Ն)

 

4. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ

 

41. Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդումը գրանցվելուց հետո, դրան անմիջապես արձագանքելու անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կառավարման կենտրոնի իրավասու ծառայողը պարեկային կարգախումբ է ուղարկում իրավախախտման կամ պատահարի վայր, համակարգում պարեկային կարգախմբի գործողությունները, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավասու ստորաբաժանումից լրացուցիչ ուժեր ներգրավելու, պետական այլ մարմինների, բժշկական կազմակերպությունների փոխօգնությանը դիմելու ուղղությամբ։

(41-րդ կետը լրաց. 24.10.24 N 1691-Ն)

42․ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդումը գրանցվելուց հետո, ավտոմատացված տեղեկատվական համակարգն ինքնաշխատ եղանակով փոխանցում է իրավասու ստորաբաժանում:

(42-րդ կետը փոփ. 24.10.24 N 1691-Ն)

43. Ոստիկանության իրավասու ստորաբաժանումում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից կամ անմիջականորեն հաղորդումը ստացվելուց հետո, այն տեղում ստուգելու անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով հաղորդման բնույթը, հերթապահ մասի իրավասու ծառայողը կամ հերթապահ ծառայողը, համագործակցելով ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, ըստ տվյալ ստորաբաժանման կանոնադրային գործառույթների, օպերատիվ խումբ է ուղարկում իրավախախտման կամ պատահարի վայր, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում իրավախախտումները կանխելու կամ խափանելու, պետական այլ մարմինների, բժշկական կազմակերպությունների փոխօգնությանը դիմելու ուղղությամբ և այդ մասին զեկուցում ստորաբաժանման պետին կամ իրավասու տեղակալին և օպերատիվ խմբի ղեկավարին։

(43-րդ կետը խմբ. 24.10.24 N 1691-Ն)

44. (կետն ուժը կորցրել է 30.06.22 N 996-Ն)

45. (կետն ուժը կորցրել է 24.10.24 N 1691-Ն)

46. Ոստիկանության իրավասու ստորաբաժանումներում ստացված ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ հաղորդումները ստուգման համար ուղարկվում են պարեկային ծառայություն։

(46-րդ կետը լրաց. 30.06.22 N 996-Ն, խմբ. 24.10.24 N 1691-Ն)

47. Իրավախախտման կամ պատահարի վայր ժամանած պարեկային կարգախմբի ծառայողները, ինչպես նաև օպերատիվ խմբի ավագը կամ ղեկավարը և անդամներն իրենց իրավասության սահմաններում պարտավոր են`

1) կանխել, խափանել իրավախախտումները, իրավախախտում կատարած անձանց պարզելու և հայտնաբերելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ.

2) իրավախախտումից, պատահարից տուժած, կյանքի կամ առողջության համար վտանգավոր այլ վիճակներում գտնվող անձանց ցույց տալ անհրաժեշտ օգնություն.

3) միջոցներ ձեռնարկել իրավախախտման կամ պատահարի վայրը պահպանելու ուղղությամբ՝ ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4 N 1106-Ն որոշմամբ սահմանված hետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոններին համապատասխան.

4) ձեռնարկվող միջոցառումների ընթացքի մասին հայտնել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կամ հերթապահ մաս կամ հերթապահ ծառայողին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև իրավասու ստորաբաժանման պետին կամ օպերատիվ խմբի ղեկավարին:

(47-րդ կետը լրաց., խմբ. 24.10.24 N 1691-Ն)

48. Հերթապահ մասի իրավասու ծառայողը հայտնաբերված հանցագործության մասին անհապաղ տեղեկացնում է դատախազին և նախաքննության մարմնին:

(48-րդ կետը խմբ. 30.06.22 N 996-Ն)

49. (կետն ուժը կորցրել է 30.06.22 N 996-Ն)

50. Հայտնաբերված հանցագործության վերաբերյալ տեղում հաղորդում ընդունելու անհրաժեշտության դեպքում հանցագործության մասին անմիջական հաղորդումն ընդունում է պարեկային կարգախմբի ավագը, իսկ տեխնիկական հագեցվածության պարագայում կարող է ընդունել նաև օպերատիվ խմբի կազմում ընդգրկված ծառայողը:

(50-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն, 24.10.24 N 1691-Ն)

51․ Օպերատիվ խմբի ղեկավարը կամ ավագը պատասխանատու է հաղորդման ստուգման համար։ Օպերատիվ խմբի կազմը և ղեկավարը նախատեսվում են իրավասու ստորաբաժանման պետի կողմից նախապես հաստատված հերթապահության գրաֆիկով։ Օպերատիվ խմբի ավագը հանդիսանում է տվյալ դեպքի վայրում պաշտոնով կամ կոչումով ավագը:

(51-րդ կետը խմբ. 24.10.24 N 1691-Ն)

52. Իրավախախտման կամ պատահարի վայրից վերադառնալով՝ օպերատիվ խմբի ավագը իրավասու ստորաբաժանման պետին կամ օպերատիվ խմբի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր, որում նշվում է իրավախախտման կամ պատահարի համառոտ բովանդակությունը: Վերջինս, զեկուցագրի բովանդակությունից ելնելով, ընդունում է սույն կարգի 57-րդ կետով սահմանված որոշումներից մեկը:

(52-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն, խմբ. 24.10.24 N 1691-Ն)

53. Այն հաղորդումները, որոնցով ստուգումներ են իրականացվել միայն պարեկային կարգախմբի կողմից, ամփոփվում են տվյալ պարեկային կարգախմբի ծառայողի կողմից ոստիկանության համապատասխան իրավասու ստորաբաժանման պետին կամ օպերատիվ խմբի ղեկավարին ներկայացված զեկուցագրով: Վերջինս իրեն ներկայացված զեկուցագրի բովանդակությունից ելնելով, ընդունում է սույն կարգի 57-րդ կետով սահմանված որոշումներից մեկը:

(53-րդ կետը փոփ. 24.10.24 N 1691-Ն)

54. Ստուգում իրականացնող ոստիկանության ծառայողը պարտավոր է պարզել հաղորդում ներկայացնող անձի և նրա բնակության վայրի վերաբերյալ տվյալների լրիվությունն ու իսկությունը: Տվյալների ոչ լրիվության դեպքում ոստիկանության ծառայողը ոստիկանության իրավասության սահմաններում պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ դրանք ճշտելու ուղղությամբ:

(54-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն)

55. Եթե ստուգման ընթացքում պարզվում է, որ հաղորդում ներկայացրած անձի և նրա բնակության վայրի տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, ապա դրանք ստուգում իրականացրած ծառայողի զեկուցագրի հիման վրա իրավասու ստորաբաժանման պետի մակագրությամբ թողնվում են անհետևանք, դրա մասին նշում է կատարվում գրանցամատյանում, և ընթացքը լուծվում է սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով:

(55-րդ կետը խմբ. 24.10.24 N 1691-Ն)

56. Պատահարների մասին հաղորդումները ստուգելու ընթացքում հանցագործության կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշներ հայտնաբերելիս, ինչպես նաև վարչական իրավախախտման մասին հաղորդումների ստուգման ընթացքում հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելիս՝ ստուգում կատարող ոստիկանության ծառայողը պարտավոր է իր ստորաբաժանման պետին կամ օպերատիվ խմբի ղեկավարին անհապաղ ներկայացնել զեկուցագիր՝ սույն կարգով նախատեսված որոշում ընդունելու նպատակով:

(56-րդ կետը խմբ. 24.10.24 N 1691-Ն)

57. Պատահարի վերաբերյալ հաղորդման ստուգման արդյունքներով իրավասու ստորաբաժանման պետը կամ օպերատիվ խմբի ղեկավարը, ոստիկանության ծառայողի զեկուցագրի բովանդակությունից ելնելով, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնել անհետևանք, եթե ստուգմամբ հնարավոր է փաստել հանցագործության կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշների բացակայությունը.

2) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերի հետագա ընթացքը լուծել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով.

3) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերի հետագա ընթացքը լուծել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով.

4) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերն ուղարկել այն պետական մարմին, որն օրենքով լիազորված է պատահարի քննության արդյունքներով կայացնելու որոշում, կամ իրավասու ստորաբաժանում կամ ըստ տարածքային ենթակայության:

(57-րդ կետը փոփ. 24.10.24 N 1691-Ն)

58. Վարչական իրավախախտման մասին հաղորդումների ստուգման արդյունքում, ստուգում իրականացնող ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա իրավասու ստորաբաժանման պետը կամ օպերատիվ խմբի ղեկավարը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելու.

2) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելը մերժելու.

3) հաղորդումով նյութերը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու (գործը քննելու) լիազորություն ունեցող պետական մարմին կամ ըստ տարածքային ենթակայության ուղարկելու մասին.

4) նյութերի հետագա ընթացքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով լուծելու մասին:

(58-րդ կետը փոփ. 24.10.24 N 1691-Ն)

59. Վարչական իրավախախտումների մասին հաղորդումներն ստուգվում և որոշումներն ընդունվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

60. (կետն ուժը կորցրել է 30.06.22 N 996-Ն)

61. (կետն ուժը կորցրել է 30.06.22 N 996-Ն)

62. Սույն կարգի 57-րդ և 58-րդ կետերով նախատեսված որոշումները իրավասու ստորաբաժանման պետը կամ օպերատիվ խմբի ղեկավարն ընդունում է ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի վրա համապատասխան մակագրություն կատարելու ձևով:

(62-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն, խմբ. 24.10.24 N 1691-Ն)

63. Պատահարի մասին հաղորդումներն ստուգվում և սույն կարգի 57-րդ կետով նախատեսված որոշումներն ընդունվում են պատահարի վերաբերյալ հաղորդումները գրանցվելուց հետո 5-օրյա ժամկետում:

64. Հաղորդման ստուգման արդյունքում կայացված որոշումների մասին 24 ժամվա ընթացքում գրառում է կատարվում գրանցամատյանում:

65. Հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրությունը (Ձև 1 կամ Ձև 2), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված աղբյուրներից ստացված հանցանքի մասին հաղորդումները, սույն կարգի համաձայն գրանցվում են և անմիջապես պաշտոնական գրությամբ փոխանցվում նախաքննության մարմնին:

(65-րդ կետը խմբ. 30.06.22 N 996-Ն)

66. Գրանցված հանցագործությունների մասին հաղորդումներով, քրեական վարույթ նախաձեռնելու կամ քրեական վարույթ չնախաձեռնելու մասին քննիչից տեղեկացում ստանալու դեպքում տեղեկությունները գրանցամատյանում գրառում է հերթապահ մասի ծառայողը կամ հերթապահ ծառայողը կամ լիազորված ծառայողը:

(66-րդ կետը լրաց. 30.06.22 N 996-Ն, խմբ. 24.10.24 N 1691-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _______________

 

Պարեկի կողմից հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ

 

1. _____ ____________20   թ. 2. Ժամը` ____ _____ րոպե 3. քաղաք (համայնք) ___________________ 

4. Ես` _________________________________________________________________________________

(ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

 

5. ընդունեցի հաղորդում քաղաքացի`

________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշվառման հասցեն)

 

5.1. Փաստացի բնակության վայրի հասցեն __________________________________________________

5.2. էլեկտրոնային փոստի հասցեն ___________________ 5.3. հեռախոսահամարը _________________

(առկայության դեպքում)

 

5.4. _____________________________________________________________________________________

(ծառայողական հասցեն, պաշտոնը)

 

5.5. _____________________________________________________________________________________

անձը հաստատող փաստաթուղթ (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

6. Հաղորդում տվողի առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը

6.1. Առնչվում է __________________6.2. Անձի տվյալներ ________________________________________

6.3. Աղբյուր ____________________ 6.4. Անձի տվյալներ ________________________________________

7. Քաղաքացի __________________________________________________________ը նախազգուշացվել է սուտ մատնության համար ՀՀ քր. օր. 476-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին (նախազգուշացվում է, եթե լրացել է 16 տարին)

7.1. ____________________________________________________________________________________

(ստորագրությունը)

 

8. Հանցագործության դեպքի նկարագրությունը, ենթադրյալ հանցանք կատարած անձի վերաբերյալ տվյալները (հայտնի լինելու դեպքում) ______________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

8.1. Օրը, ամիսը, տարեթիվը _____________ -ից ___________ -ը 8.2. ժամը ___ _____ -ից ____ ____ -ը

8.3. Վայրը ______________________________________________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, վայրը)

 

9. Նշում կտրոն-ծանուցագիր ստանալու մասին _______________________________________________

 

10. Հաղորդումն ընդունեց __________________11. Հաղորդումը ներկայացրեց _____________________

(ծառայողի ստորագրությունը)

(քաղաքացու ստորագրությունը)

(ձևը փոփ., լրաց. 30.06.22 N 996-Ն)

 

Ձև N 2

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ______________

 

Հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ

 

1. _____ _________20    թ. 2. Ժամը` ___ _____ րոպե 3. քաղաք (համայնք) _________________________

 

4. Ես` ____________________________________________________________________________________ 

(ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու ստորաբաժանման անվանումը)

 

__________________________________________________________________________________________

(ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

 

5. Ընդունեցի հաղորդում քաղաքացի`

_________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշվառման հասցեն)

 

5.1. Փաստացի բնակության վայրի հասցեն _________________________________________________

5.2. Էլեկտրոնային փոստի հասցեն ________________ 5.3. Հեռախոսահամարը ___________________

(առկայության դեպքում)

5.4. ____________________________________________________________________________________

(ծառայողական հասցեն, պաշտոնը)

5.5. ____________________________________________________________________________________

անձը հաստատող փաստաթուղթ (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

5.6. Մասնակցությամբ ______________________________

5.7. Քաղաքացի` ________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշվառման հասցեն)

 

5.8. Էլեկտրոնային փոստի հասցեն _________________5.9. Հեռախոսահամարը ___________________

(առկայության դեպքում)

5.10. ___________________________________________________________________________________

(ծառայողական հասցեն, պաշտոնը)

5.11. ____________________________________________________________________________________

անձը հաստատող փաստաթուղթ (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

5.12. Մասնակցությամբ _____________________

5.13. Քաղաքացի` _________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշվառման հասցեն)

5.14. Էլեկտրոնային փոստի հասցեն __________________________________

15. Հեռախոսահամարը ____________________________________________

(առկայության դեպքում)

5.16. ____________________________________________________________________________________

(ծառայողական հասցեն, պաշտոնը)

5.17. ____________________________________________________________________________________

անձը հաստատող փաստաթուղթ (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

6. Հաղորդում տվողի առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը

6.1. Առնչվում է ___________________________6.2. Անձի տվյալներ ______________________________

6.3. Աղբյուր _____________________________ 6.4. Անձի տվյալներ ______________________________

7. Քաղաքացի ________________________________________________________ը նախազգուշացվել է սուտ մատնության համար ՀՀ քր. օր. 476-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին (նախազգուշացվում է, եթե լրացել է 16 տարին)

7.1. ____________________________________________________________________________________

(ստորագրությունը)

 

8. Հանցագործության դեպքի նկարագրությունը, ենթադրյալ հանցանք կատարած անձի վերաբերյալ տվյալները (հայտնի լինելու դեպքում) _____________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

8.1. Օրը, ամիսը, տարեթիվը ____________ -ից _________ -ը 8.2. ժամը ___ _____ -ից ___ ____ -ը

8.3. Վայրը _________________________________________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, վայրը)

 

9. Նշում կտրոն-ծանուցագիր ստանալու մասին ____________________________________________

 

10. Հաղորդումն ընդունեց __________________11. Հաղորդումը ներկայացրեց __________________

(ծառայողի ստորագրությունը)

(քաղաքացու ստորագրությունը)

 

Մասնակցությամբ

12. _____________________ __________________________

(մասնակցի ստորագրությունը)

13. _____________________ __________________________

(մասնակցի ստորագրությունը)

(ձևը փոփ., լրաց. 30.06.22 N 996-Ն, փոփ. 24.10.24 N 1691-Ն)

 

Ձև N 3

 

ԿՏՐՈՆ-ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

N ___________________

 

________________________________________

_________________________________________

ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու ստորաբաժանման անվանումը

 

Հաղորդումն ընդունված է`

 

________________________________________

հաղորդում ներկայացնողի անուն, ազգանուն, հայրանուն

________________________________________

իրավաբանական անձի անվանում, հասցե

________________________________________

________________________________________

________________________________________

 

Հաղորդումը ընդունեց` ___________________

________________________________________

պաշտոնը, անուն, ազգանունը, ստորագրությունը

________________________________________

________________________________________

________________________________________

ծառայողական հեռախոսահամարը

 

«____ » __________________20   թ.

Ժամը _______ _______ րոպե

 

 

 

 

 

 

(ձևը փոփ. 24.10.24 N 1691-Ն)

(հավելվածը խմբ. 10.12.20 N 2026-Ն, փոփ. 06.05.21 N 720-Ն, խմբ., փոփ., լրաց. 30.06.22 N 996-Ն, փոփ. 29.06.23 N 1044-Ն, լրաց., փոփ., խմբ. 24.10.24 N 1691-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ

(հավելվածն ուժը կորցրել է սույն որոշման 2.2-րդ կետի համաձայն)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ

(հավելվածն ուժը կորցրել է սույն որոշման 2.3-րդ կետի համաձայն)