Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-81-Ո-Կ-10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 09.10.2024
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.09.2024
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-81-Ո-Կ-10

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի
նախագահ

Կ. Անդրեասյանի

 

մասնակցությամբ՝

անդամներ


 

 

 

Ա. Աթաբեկյանի

Հ. Գրիգորյանի

Ա. Դանիելյանի

Կ. Թումանյանի

Ե. Թումանյանցի

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

Էդ. Հովհաննիսյանի

Ք. ՄԿՈՅԱՆԻ

 

Արդարադատության նախարարի տեղակալ
 

Լ. ԲալՅԱՆԻ

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի դատավոր

Ա. Սուջյանի

 


 Ա. Ադամ
ՅԱՆԻ

 

քարտուղարությամբ՝

 

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Մ. Թելոյանի

 

2024 թվականի սեպտեմբերի 17-ին

 ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2024 թվականի օգոստոսի 5-ի թիվ 76-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարությունում 05032024 թվականին ստացված Արման Թամրազյանի հաղորդումը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։

Արդարադատության նախարարի 05052024 թվականի թիվ 53-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի 05.08.2024 թվականի թիվ 76-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի 26.08.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

09.09.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ 17.09.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցած մարմինը վկայակոչել է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը, 71-րդ հոդվածի 1-ին մասը, միաժամանակ նշելով, որ Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումից բխում է, որ դատավորի՝ ինքնաբացարկ հայտնելու պարտականության ծագման տեսանկյունից անհրաժեշտ է դատավորի տեղյակ լինելն այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը գնում է ողջամիտ կասկածի մասին:

Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ինքնաբացարկի ինստիտուտը կոչված է երաշխավորելու դատական իշխանության գործունեության անկախությունը, արդարադատության արդյունավետությունը, տվյալ գործը քննող դատավորի անկողմնակալությունը՝ նպաստելով արդարադատության բնագավառում անձանց նկատմամբ օբյեկտիվ և անաչառ որոշումների կայացմանը:

Ինքնաբացարկի ինստիտուտին՝ որպես դատարանի անաչառության ապահովման իրավական կարևորագույն երաշխիքներից մեկի, վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել անդրադառնալ անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման համատեքստում: Մասնավորապես, անձի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր է համարվում անաչառ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքը: Դատարանի անաչառությունը ենթադրում է կանխակալ վերաբերմունքի և/կամ կողմնակալության բացակայություն, ինչը հանրության ընկալումներում ձևավորում է դատարանի կողմից գործն արդարացի լուծելու և իրավաչափ դատական ակտ կայացնելու համոզմունք: Կոնկրետ գործով անաչառ դատարանը հանդես է գալիս որպես կողմերի հետ կապ չունեցող, գործի ելքով որևէ կերպ չշահագրգռված արբիտր՝ գործը քննելով և լուծելով միայն կողմերի շահերի հավասարակշռմամբ:

Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանված են Օրենսգրքի 71-րդ հոդվածով: Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրն առանձնացրել է ինքնաբացարկ հայտնելու որոշակի հիմքեր, որոնք ուղղակիորեն արգելում են տվյալ դատավորին մասնակցելու այդ գործի քննությանը՝ չբացառելով նաև հասարակական հարաբերություններում առկա այնպիսի փաստերը, որոնք թեև ուղղակիորեն թվարկված չեն Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասում, սակայն կարող են գործը քննող դատավորի մոտ դատավարության մասնակիցների նկատմամբ առաջացնել կանխակալ մոտեցում: Այդուհանդերձ, հատկանշական է, որ օրենսդիրը, նկատի ունենալով Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով թվարկված հիմքերի առկայությունը, որպես անձի արդար դատաքննության իրավունքին անմիջականորեն խոչընդոտող և այն վտանգող հանգամանքներ՝ դրանք ուղղակիորեն ամրագրել է օրենսդրական մակարդակում՝ որպես գործի քննությանը մասնակցելուն բացառող դեպքեր: Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ նման դեպքերի առկայությունն ինքնին հիմք է, որպեսզի գործը քննող դատավորը տվյալ գործով հայտնի ինքնաբացարկ, այսինքն՝ նման փաստերի առկայության պայմաններում ինքնաբացարկ հայտնելը ոչ թե դատավորի հայեցողական լիազորությունն է, այլ՝ պարտականությունը:

Բացի այդ, ժողովրդավարական հասարակությունում դատարանների նկատմամբ վստահություն ներշնչելու տեսանկյունից կարևոր է, որ յուրաքանչյուր դեպքում դատավորը կոնկրետ գործով իր անաչառությունը գնահատի ոչ միայն իր սուբյեկտիվ համոզմունքներով, այլ նաև անկողմնակալ դիտորդի մոտ դատարանի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցելու տեսանկյունից: Դատարանն իր անաչառության վերաբերյալ անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածների հարուցումը պետք է փարատի իր անաչառության վերաբերյալ օբյեկտիվ երաշխիքներ ներկայացնելու միջոցով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) իր որոշումներում անդրադարձել է անկախ և անաչառ դատարանի կողմից անձի՝ իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքի երաշխավորման իրավաչափության խնդիրներին՝ դրանք դիտարկելով որպես արդար դատաքննության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր (տե´ս՝ Սանդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 21.09.2010 թվականի վճռի 41-րդ կետ, Գաուտրին ընդդեմ Ֆրանսիայի գործով 20.05.1998 թվականի վճռի 58-րդ կետը, Պյերսակն ընդդեմ Բելգիայի գործով 01.10.1982 թվականի վճիռ (կետ 30), Գրիվսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 16.12.2003 թվականի վճիռ (կետ 69), Կիպրիանուն ընդդեմ Կիպրոսի գործով 15.12.2005 թվականի վճիռ (կետեր 118, 121), Նիկոլասն ընդդեմ Կիպրոսի գործով 09.01.2018 թվականի վճիռ (կետեր 49, 53), Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով 24.01.2019 թվականի վճիռ (կետեր 45, 47, 51), Micallef v. Malta գործով Եվրոպական դատարանի 15.10.2009 թվականի վճիռը, կետ 98):

Վարույթ հարուցած մարմինը վկայակոչել է նաև Դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանությունների 15-րդ կանոնը, 01.07.1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 277-րդ, 292-րդ, 299-րդ հոդվածերը, 291-րդ հոդվածի 1-ին մասը, 90-րդ հոդվածի 1-ին մասը, 301-րդ հոդվածի 1-2-րդ մասերը:

Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ ՔԴՕ 292-րդ հոդվածը սահմանում է գործի դատական քննության նախապատրաստական փուլում կայացվող որոշումների շրջանակը, ընդ որում, դատավորը նորմով սահմանված 15-օրյա ժամկետում կարող է կայացնել նշված որոշումներից միայն մեկը: ՔԴՕ 292-299-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունից հետևում է, որ 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկի կայացման հիմքերի առկայությունը պարտավորեցնում է դատարանին կայացնել համապատասխան որոշումը՝ բացառելով մյուս որոշումների կայացման հնարավորությունը: Այլ կերպ՝ 292-րդ հոդվածի 2-7-րդ մասով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայությունը հանդիսանում է գործի դատական քննությունը բացառող հանգամանք:

Միաժամանակ օրենսդիրն ամրագրել է դատարանի՝ մինչև ՔԴՕ 292-րդ հոդվածով սահմանված որոշումներից մեկի կայացումը գործի նյութերն ուսումնասիրելու պարտականություն, որպիսի կարգավորումն ինքնանպատակ չէ: Օրենսդիրը դատարանի վրա դրել է գործը վարույթ ընդունելուց հետո որոշակի ժամկետում ՔԴՕ 292-րդ հոդվածով սահմանված որոշումներից մեկը կայացնելու պարտականություն, որի կատարումը հնարավոր է գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում: Ընդ որում, օրենսդիրը նաև կանխորոշել և հստակեցրել է գործի նյութերի այն սահմանները, որոնք գործի քննության տվյալ փուլում պետք է պարունակեն ՔԴՕ 292-րդ հոդվածով սահմանված որոշումներից մեկի կայացման հիմքերը: Մասնավորապես՝ դատական քննության նախապատրաստական փուլում գործի նյութեր կարող են լինել դատախազի կողմից դատարան ուղարկված՝ մեղադրական եզրակացությամբ հաստատված գործում պարունակվող նյութերը:

Վարույթ հարուցած մարմինը նաև հարկ է համարել նկատել, որ դատարանի կողմից դատական քննություն նշանակելու մասին որոշման կայացմանը խոչընդոտ հանդիսացող օրենսդրական հիմքի առկայությամբ նման որոշման կայացումը հանդիսանում է հետագա դատաքննության պատշաճ ընթացքը խաթարող հանգամանք:

Քննարկվող դեպքում Դատավորի կողմից ԱՐԴ/0230/01/21 քրեական գործը (այսուհետ նաև՝ Գործ) վարույթ է ընդունվել 10.02.2023 թվականին, 24.02.2023 թվականին կայացվել է Գործի քննությունը վերսկսելու և դատական քննության նշանակելու մասին որոշում, իսկ ինքնաբացարկ հայտնելու մասին որոշումը կայացվել է 14.02.2024 թվականին, ավելի քան 1 տարի հետո: Այդ միջակայքում հրավիրվել են 4 դատական նիստեր, որոնցից 2-ը կայացել են: Գործի փաստերի համաձայն՝ պաշտպան Կրոմվել Գրիգորյանը (այսուհետ նաև՝ Պաշտպան) ի սկզբանե ներգրավված է եղել Գործի քննությանը:

Գործով 14.02.2024 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Դատավորի կողմից արված հայտարարությունների հիման վրա հաստատված փաստ է, որ Դատավորը և Պաշտպանն ուսանողական տարիների ընկերներ են, միմյանց ճանաչում են վաղուց, Դատավորը նախկինում բազմիցս մասնակցել է Պաշտպանի՝ ծննդյան, ամուսնության առիթներով կազմակերպված միջոցառումներին:

Նման փաստական հանգամանքների ամբողջությունը, մասնավորապես՝ ուսանողական տարիներից ընկերներ լինելը, Պաշտպանի կյանքում կարևոր նշանակություն ունեցող առիթներին՝ Դատավորի բազմիցս հրավիրված լինելը և մասնակցելը, վկայում են Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանգամանքների առկայության մասին.

Նախ՝ Դատավորի և Պաշտպանի ընկեր լինելու հանգամանքը, որի մասին տեղյակ է Դատավորը՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել Գործով Դատավորի անաչառության մեջ (Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մաս):

Երկրորդ՝ վերը հիշատակված առիթներին բազմիցս հրավիրված լինելն ու մասնակցելը, ինչպես նաև Դատավորի կողմից իրեն և Պաշտպանին ընկերներ կարգավիճակում դասելը, իր և Պաշտպանի հարաբերություններն ընկերական որակելն օբյեկտիվորեն վկայում են Դատավորի՝ Պաշտպանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու մասին:

Այս կապակցությամբ վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել արձանագրել հետևյալ հանգամանքը.

Դատավորը 2023 թվականի սկզբում (հաշվի առնելով, որ քրեական գործը հարուցվել է 21.02.2023 թվականին) հրավիրված է եղել Պաշտպանի թոռնուհու ծնունդին, որին չի կարողացել մասնակցել ժամանակ չունենալու պատճառով: Պաշտպանը հյուրասիրության նպատակով իր ձեռքով պատրաստած կոնյակ է փոխանցել Դատավորին: Նշվածի համատեքստում Դատավորի և Պաշտպանի շարունակվող ընկերական հարաբերությունների մասին են վկայում հետևյալ 2 դրվագները՝ հիշատակված միջոցառմանը Դատավորի չմասնակցելը՝ Դատավորի կամքից անկախ հանգամանքով և Դատավորի կողմից Պաշտպանի կողմից արված նվեր ընդունելը (71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ):

Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգավորման, Եվրոպական դատարանի վերը վկայակոչված որոշումներով արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո ուսումնասիրելով սույն կարգապահական վարույթով ձեռքբերված փաստական տվյալները՝ վարույթ հարուցած մարմինը գտել է, որ Գործով առկա են Դատավորի ինքնաբացարկի հիմքեր, որոնք Դատավորին հայտնի են եղել Գործը վարույթ ընդունելուց հետո Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում նախքան ՔԴՕ 292-րդ հոդվածով սահմանված որոշումներից մեկի կայացումը:

Մինչդեռ Դատավորն ինքնաբացարկ հայտնելու որոշում կայացնելու փոխարեն կայացրել է Գործը դատական քննության նշանակելու մասին որոշում և Գործով իրականացրել է դատական քննություն՝ հրավիրվել և կայացվել են դատական նիստեր: Արդյունքում, մինչև 14.02.2024 թվականի որոշումը կայացնելը Գործը 1 տարուց ավել ժամանակահատվածով գտնվել է Դատավորի վարույթում, ինչը նաև նշանակում է, որ այդքան ժամանակահատվածով անհիմն հետաձգվել է Գործի քննությունը՝ հաշվի առնելով այն կարգավորումը, որ գործը վարույթ ընդունած նոր դատավորը գործի քննությունը վերսկսում է:

Արդյունքում, Գործով Դատավորի կողմից թույլ են տրվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 71-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ:

Անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված բացատրությանը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ 14.02.2024 թվականի «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում), ինչպես նաև բացատրությամբ ներկայացվել են միայն սուբյեկտիվ չափանիշներով պայմանավորված հիմնավորումներ, սակայն հաշվի առնելով Գործի փաստերը՝ Դատավորի և Պաշտպանի ընկերներ լինելու հանգամանքը, նրանց միջև ընկերական հարաբերությունների բնույթը, դրանք արդեն իսկ անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած են հարուցում դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերալ, այլ կերպ՝ օբյեկտիվ չափանիշների առումով դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ողջամիտ կասկածը փարատված չէ:

Մասնավորապես՝ Դատավորի կողմից բերված փաստարկի կապակցությամբ առ այն, որ Պաշտպանի և Դատավորի միջև հարաբերություններն այնքան էլ մտերմիկ չեն, որ կարող են կաշկանդել Դատավորին՝ Պաշտպանի մասնակցությամբ Գործը քննելիս՝ վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել նշել, որ նշված հիմնավորումը չի կարող համարվել բավարար ինքնաբացարկ հայտնելու հիմքի բացակայությունը հաստատված համարելու համար, քանի որ Դատավորը չի ներկայացրել որևէ երաշխիք, որը կվկայեր, որ Դատավորի կողմից Պաշտպանի նկատմամբ ունեցած վերաբերմունքը որևէ ազդեցություն չի ունենա նրա մասնակցությամբ Գործի ելքի վրա:

Ավելին, հաշվի առնելով 14.02.2024 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Դատավորի կողմից արված հայտարարությունները և գնահատականները, անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկածներ առաջանալ, որ Դատավորի կողմից Պաշտպանի նկատմամբ ունեցած վերաբերմունքն ուղղակիորեն անդրադարձ կունենա Պաշտպանի մասնակցությամբ Գործի ելքի վրա, ինչը հիմնավորապես չեզոքացնելն ու փարատելը կոնկրետ դեպքում չի հաջողվել:

Բացի այդ, կարգապահական վարույթի ընթացքում կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ ըստ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների՝ դեռևս 16.11.2018 թվականին մեկ այլ՝ թիվ ԱՐԴ/0034/01/14 քրեական գործով ըստ մեղադրանքի Հերմինե Վարդուխի Ավանեսյանի՝ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Դատարանը քննելով ամբաստանյալ Հերմինե Ավանեսյանի և վերջինիս պաշտպան նույն ինքը Կրոմվել Գրիգորյանի միջնորդությունը (ամբաստանյալի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական պատասխանատվությունից ազատելու մասին)՝ կայացրել է որոշում վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ: Այսինքն՝ առնվազն մեկ այլ գործով նախկինում Դատավորը քննել է նույն պաշտպանի մասնակցությամբ դատական գործ, ում հետ դեռևս ուսանողական ժամանակներից սկսած եղել է ընկերական հարաբերությունների մեջ:

Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն:

Անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերը, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում Դատավորի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են մեղավորությամբ, որոնք դրսևորվել են կոպիտ անփութությամբ: Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը:

Նշանակված դատական նիստում Արդարադատության նախարարի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:

 

3Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ Դատավորը մասնավորապես նշել է. «ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում 2023թ. փետրվարի 21-ին նախաձեռնվել էր թիվ 58206923 քրեական վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 437-րդ հոդվածի 1-ին մասով: Սույն քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարցաքննվել էր նաև փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: 2023թ.-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի որոշմամբ իմ նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել մեղսագրվող արարքն իմ կողմից չկատարելու հիմքով, սակայն նախաքննության ընթացքում կասկածի տակ է դրվել իմ և փաստաբան Կրոմվել Գրիգորյանի փոխհարաբերությունները:

Անկողմնակալ դիտորդի մոտ իմ անկողմնակալության վերաբերյալ կասկածներ չհարուցելու, հետագա դատական ակտերի օբյեկտիվության նկատմամբ կասկածներ չհարուցելու և արդարադատության շահից ելնելով ինքս ինքնաբացարկ եմ հայտնել, չքննարկելով փաստաբան Կրոմվել Գրիգորյանի կողմից ներկայացրած գրավոր ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Քրեական գործը 10.02.2023թ. վարույթ ընդունելիս ինքնաբացարկ չեմ հայտնել, քանի որ փաստաբան Կ. Գրիգորյանի հետ ունեցած իմ հարաբերություններն այնքան մտերմիկ չեն եղել, որը որ կարող էր կաշկանդել ինձ նրա մասնակցությամբ գործ քննելիս»:

09.09.2024 թվականին կայացած Խորհրդի նիստում Դատավորն ըստ էության պնդել է վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ արտահայտած դիրքորոշումը և հավելել է, որ Պաշտպանին ուսանողական տարիներից ճանաչում է, սակայն նրանց հարաբերություններն այնպիսին չեն եղել, որ երբևիցե կարող էին խոչընդոտ հանդիսանալ իր կատարած աշխատանքին։ Դատավորը հայտնել է, որ իր վարույթում եղած բազմաթիվ գործերով, որպես կողմ հանդես է եկել Պաշտպանը և տարբեր դատական ակտեր են կայացվել, որոնց վրա երբևիցե իրենց հարաբերություններն ազդեցություն չեն ունեցել։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Դատավորը պարտավոր էր ինքնաբացարկը շուտ հայտնել, ապա Դատավորը նշել է, որ որևէ խնդիր չի տեսել ինքնաբացարկ հայտնելու և եթե Պաշտպանի կողմից կոնյակն իրեն փոխանցելու դեպքը չլիներ և դա քննարկման առարկա չհանդիսանար, Դատավորն ինքնաբացարկ չէր հայտնի և կշարունակեր քննել Գործը և օրենքով սահմանված կարգով կավարտեր ոչ միայն քննարկման առարկա դարձած Գործը, այլ նաև ցանկացած գործ։

Միաժամանակ Դատավորը նշել է, որ կոնյակը փոխանցելու դեպքը քննարկումների առարկա հանդիսանալու կապակցությամբ ինքն է հայտնել ինքնաբացարկ միայն այն պատճառով, որ անկողմնակալ դիտորդի մոտ որևէ կասկած չառաջանա և տվյալ դեպքում իր համոզմամբ եթե ինքը չհայտներ ինքնաբացարկ, այլ քններ Պաշտպանի կողմից ներկայացված ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդության պահանջը և մերժելով այն շարունակեր Գործի քննությունը, այդ ժամանակ անկողմնակալ դիտորդի մոտ կասկածներ կառաջանային։

Խորհրդի կողմից այն հարցին, թե՞ վարույթ հարուցած մարմնի կողմից հայտարարություն է արվել այն մասին, որ նախկինում շատ միջոցառումների մասնակցելու ծննդյան առիթ, ամուսնության հարց, դրանք ում կողմից կազմակերպված առիթներ են եղել Ձեր, Կրոմվել Գրիգորյանի, թե մեկ այլ ուսանողական տարիների ընկերոջ, Դատավորն ի պատասխան նշել է, որ մեկ անգամ մասնակցել է Պաշտպանի 50 ամյակին, որը տեղի է ունեցել մոտ 10 տարի առաջ, որտեղ ներկա են գտնվել նաև շատ համակուրսեցիներ և մեկ անգամ մասնակցել է Պաշտպանի ավագ որդու հարսանյաց արարողությանը, որը տեղի է ունեցել 5 տարի առաջ, որին նույնպես մասնակցել են ուսանողական տարիների մյուս ընկերները։

Խորհրդի այն հարցերին, թե՞ Կրոմվել Գրիգորյանի մասնակցությամբ գործեր քննելիս գերակշիռ մասը կայացված ակտերի եղել են ի վնաս, թե ի օգուտ Պաշտպանի և կայացված ակտերից քանիսն են բողոքարկվել վերադաս դատական ատյաններ և քանիսն են վերադաս ատյաններում բեկանվել, Դատավորն ի պատասխան նշել է, որ 2001 թվականից մինչև 2020 թվականներն Արմավիրի մարզում աշխատել է միայնակ, մեծ ծանրաբեռնվածությամբ քննելով հազարավոր գործեր և չի կարող մտաբերել, թե քանիսն են եղել Պաշտպանի մասնակցությամբ, սակայն նշել է, որ բոլոր դատական ակտերը եղել են օբյեկտիվ և պատիժներ են տրվել օրենքով սահմանված կարգով, որոնք Պաշտպանի կողմից բազմաթիվ գործերով բողոքարկվել են վերադաս դատական ատյաններ և երբևիցե բեկանման ակտեր չեն կայացվել։

Խորհրդի ինքնաբացարկ հայտնելու չափորոշիչների վերաբերյալ հարցին ի պատասխան, Դատավորը նշել է, որ լինում են դեպքեր, երբ նախկինում որպես դատախազ աշխատած փաստաբանների, որոնց հետ բազմաթիվ անգամներ աշխատանքային շփումներ են եղել և գործով որպես կողմ են հանդես գալիս, Դատավորը դատական նիստում պարզաբանում է, որ նախկինում աշխատանքային հարաբերություններ է ունեցել տվյալ անձանց հետ և կողմերին հնարավորություն է տալիս քննարկել իր ինքնաբացարկի հարցը՝ պարզաբանելով իր անաչառության վերաբերյալ համոզմունք ունենալու մասին։

Խորհրդի այն հարցադրմանը, թե՞ Ձեր պրակտիկան, որ արդեն հիմա կիրառում եք և այս մի դեպքն իրարից տարբերվում են, թե՞ ոչ, Դատավորը նշել է, որ այո, տարբերվում են։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

4.1. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի 13.10.2021 թվականի որոշմամբ Գործն ըստ մեղադրանքի Վազգեն Շիրազի Հարությունյանի (այսուհետ նաև՝ Ամբաստանյալ)՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ընդունվել է վարույթ:

4.2. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի կողմից 27.10.2021 թվականին կայացվել է Գործով դատական քննություն նշանակելու մասին որոշում, որով Գործի քննությանը թույլատրել է Կրոմվել Գրիգորյանի մասնակցությունը, որպես Ամբաստանյալի շահերի պաշտպան:

4.3. Ըստ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում Գործով առկա տվյալների՝ փաստաբան Կրոմվել Գրիգորյանը դեռևս 02.11.2021 թվականին հրավիրված նիստից Գործով ներգրավված է եղել որպես Ամբաստանյալի պաշտպան:

4.4. Դատավոր Ադրինե Ղուկասյանի՝ այլ դատարան տեղափոխվելու հիմքով Գործը վերամակագրվել է Դատավորին:

4.5. Դատավորը, ղեկավարվելով 01.07.1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 41-42-րդ և 291-րդ հոդվածներով և 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածով, 10.02.2023 թվականին Գործն ընդունել է վարույթ:

4.6. Դատավորը, ղեկավարվելով ՔԴՕ 292-րդ, 293-րդ, 300-րդ, 301-րդ հոդվածներով, 24.02.2023 թվականին կայացրել է Գործի քննությունը վերսկսելու և դատական քննություն նշանակելու մասին որոշում:

4.7. Գործով դատական նիստեր են նշանակվել 03.03.2023 թվականին, որը չի կայացվել Դատավորի կողմից այլ քրեական գործ քննելու պատճառով, 05.06.2023 թվականին, որը կայացվել է, Դատավորը հայտարարել է, որ Ամբաստանյալի շահերը պաշտպանում է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, որից Ամբաստանյալը չի հրաժարվում, 11.09.2023 թվականին, որը հետաձգվել է կողմերի և վկաների չներկայանալու պատճառով, 22.11.2023 թվականին, որը չի կայացվել Դատավորի արձակուրդում գտնվելու պատճառով:

48 Պաշտպանի կողմից Դատավորին ներկայացվել է բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն, որը Դատարան է մուտքագրվել 12.02.2024 թվականին: Դրանով միջնորդվել է 3 քրեական գործերով հայտնել ինքնաբացարկ՝ հիմքում դնելով Պաշտպանի և Դատավորի հարաբերությունների առկայությունը:

4.9. Դատավորի կողմից 14.02.2024 թվականին կայացվել է «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշում:

Համաձայն Որոշման պատճառաբանական մասի՝ «Դատարանները պետք է վստահություն ներշնչեն հասարակությանը, իսկ այդպիսին ստուգելու դեպքում պետք է գնահատվի ոչ միայն դատավորի անձնական պահվածքով, այլ նաև պետք է ուշադրության արժանանա, թե արդյոք կան արժանահավատ այլ փաստեր, որոնք կարող են կասկածներ առաջացնել դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ:

Վերոգրյալի համատեքստում հարկ եմ համարում նշել հետևյալը.

ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի փետրվարի 21-ին նախաձեռնվել էր թիվ 58206923 քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 437-րդ հոդվածի 1-ին մասով: Սույն քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարցաքննվել է նաև փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: 2023թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի որոշմամբ իմ նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել մեղսագրվող արարքն իմ կողմից չկատարելու հիմքով, սակայն նախաքննության ընթացքում կասկածի տակ է դրվել իմ և փաստաբան Կրոմվել Գրիգորյանի փոխհարաբերությունները: (…)»:

Համաձայն Որոշման եզրափակիչ մասի՝ Դատարանը որոշել է. «Թիվ ԱՐԴ/0230/01/21 քրեական գործով հայտնել ինքնաբացարկ՝ որոշման մեջ նշված պատճառաբանությամբ: (...):»:

4.10. Համաձայն 14.02.2024 թվականի դատական նիստի ձայնային արձանագրության՝ նիստին չեն ներկայացել մեղադրյալը և Պաշտպանը: Դատարանը հրապարակել է Պաշտպանի գրավոր միջնորդությունը Դատավորին բացարկ հայտնելու մասին:

Դատարանը, մասնավորապես, հայտարարել է,

- Դատարանն առանց պաշտպանի միջնորդությանն անգամ անդրադառնալու ինքնաբացարկ է հայտնում, քանի որ մեկ այլ՝ Ալյազ Մաջիթի Ամոյանի վերաբերյալ քրեական գործով հայտնել է ինքնաբացարկ, քանի որ այդ գործով դատական նիստերից մեկի ավարտից հետո Պաշտպանը թոռնուհու ծննդյան կապակցությամբ տնայնագործական եղանակով իր կողմից պատրաստված կոնյակ է հանձնել, ինչի կապակցությամբ ԱԱԾ քննչական վարչությունում նախաձեռնվել է թիվ 58206923 քրեական վարույթ, և 28.12.2023 թվականին Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, և հետագայում այլ շահարկումներ չլինելու համար սույն քրեական գործով հայտնում է ինքնաբացարկ:

- Ինքնաբացարկ է հայտնում և ինքնաբացարկի որոշումը կուղարկվի կողմերին:

- Պաշտպանի հետ ուսանողական տարիների ընկերներ են, վաղուց են ճանաչում միմյանց: Նախկինում շատ միջոցառումների է մասնակցել, ծննդյան առիթ, ամուսնության հարց, որը երբևիցե Դատավորին չի կաշկանդել քննություն իրականացնել, եթե Պաշտպանը դատավարության կողմ է:

411 Վարույթ հարուցող մարմնի ներկայացուցիչները միջնորդության քննության ընթացքում որևէ կերպ չեն վիճարկել Դատավորի այն փաստարկը, որ շուրջ 20 տարի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի մասնակցությամբ իրականացրել է բազմաթիվ դատավարություններ (վարել է գործեր), որոնցով կայացրել է Պաշտպանի համար անբարենպաստ ելքով մի շարք դատական ակտեր, որոնք վերջինիս կողմից բողոքարկվել են վերադաս դատական ատյաններ։

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.

Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1. արդյո՞ք Դատավորի կողմից թիվ ԱՐԴ/0230/01/21 քրեական գործով դատական քննության նախապատրաստական փուլում ինքնաբացարկ չհայտնելով թույլ է տրվել վարքագծի կանոնի խախտում,

5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, Լիազոր մարմնի ներկայացուցիչների և Դատավորի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:

Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Խորհուրդը, անդրադառնալով առաջին հարցադրմանը, հարկ է համարում արձանագրել հետևյալը

Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը:

Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ` դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը ենթակա է արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:

Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

ՔԴՕ 291-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարան մուտք եղած քրեական գործը դատավորները սահմանված կարգով իրենց վարույթ են ընդունում, որի մասին կայացվում է որոշում:

ՔԴՕ 292-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը՝

1) դատական քննություն նշանակելու մասին.

2) քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.

3) քրեական գործի վարույթը կասեցնելու մասին.

4) գործը մեղադրողին վերադարձնելու մասին.

5) քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին.

6) գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին.

7) ինքնաբացարկի մասին:

ՔԴՕ 299-րդ հոդվածի համաձայն՝ եթե դատավորը պարզում է, որ գործով առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով սահմանված ինքնաբացարկի հիմք, ապա որոշում է կայացնում ինքնաբացարկի մասին: Այդ դեպքում նախագահող դատավորը գործը ներկայացնում է վերաբաշխման ընդհանուր կարգով:

ՔԴՕ 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով:

ՔԴՕ 301-րդ հոդվածի 1-2-րդ մասերի համաձայն՝ յուրաքանչյուր գործ քննվում է դատարանի նույն կազմով: Դատավորի մասնակցությունը դատական քննությանն անհնար լինելու դեպքում նա փոխարինվում է այլ դատավորով, իսկ գործի քննությունը վերսկսվում է:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ Սահմանադրությունը դատավորներին է վերապահում արդարադատության իրականացման բացառիկ իրավասությունը, որն, ուղղակիորեն առնչվելով անհատների իրավունքների և ազատությունների հետ, ազդում է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության ձևավորման վրա: Ուստի հաշվի առնելով դատավորի պաշտոնի առանձնահատուկ դերն արդարադատության իրականացման հարցում՝ դատավորներին վերաբերելի վարքագծի կանոններն իրենց բնույթով ավելի խիստ են, քան պետական մյուս պաշտոնյաներինը: Այլ կերպ ասած, դատավորներն իրենց վարքագծով ոչ միայն պետք է ձեռնպահ մնան դատական համակարգը վարկաբեկելուց, այլև պետք է խթանեն դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը:

Դատավորի, դատարանի և դատական իշխանության յուրահատուկ դերը և դրանից բխող կարգավիճակն ամրագրված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։ Դրանց մեջ կարևոր են հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելված՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A (XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի Եվրոպական խարտիան և Եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի՝ «Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ CM/Rec(2010) 12 հանձնարարականը, Եվրոպական Դատավորների Խորհրդատվական խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք եզրակացություններ ու զեկույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ և այլն։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ որոշումներում բացահայտել է դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները: Այսպես՝ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ չափանիշն է, որը վերաբերում է քննվող գործի կապակցությամբ տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին, իսկ երկրորդը՝ օբյեկտիվ չափանիշը, վերաբերում է առաջարկվող այն երաշխիքներին, որոնք պետք է բավարար լինեն դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար:

Սուբյեկտիվ չափանիշի համաձայն` դատարանի կամ դատավորի անկողմնակալությունը հանդես է գալիս որպես կանխավարկած, հետևաբար, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, դատավորը համարվում է սուբյեկտիվորեն անկողմնակալ: Հակառակ դրան` օբյեկտիվ անկողմնակալությունը կախված է արտաքին գործոններից, և այս դեպքում դատավորի վարքագիծը երկրորդական նշանակություն է ստանում: Մասնավորեցնելով օբյեկտիվ չափանիշը` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել՝ արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ դատարանն անկողմնակալ չէ (տե՛ս, օրինակ, Piersack v. Belgium գործով Եվրոպական դատարանի 01.10.1982 թվականի վճիռը, կետ 30, Grieves v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 16.12.2003 թվականի վճիռը, կետ 69, Kyprianou v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը, կետեր 118, 121, Nicholas v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 09.01.2018 թվականի վճիռը, կետեր 49, 53, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետ 45):

Օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից Եվրոպական դատարանը կարևորել է նաև կոնկրետ գործի քննությանը դատավորի ունեցած դերը, դատավորի կողմից իրականացված գործողությունների շրջանակն ու բնույթը և գտել է, որ դատավորի կողմից գործի նյութերին պարզապես ծանոթ լինելը չի հանգեցնում վերջինիս անաչառության վերաբերյալ ծագած կասկածների ողջամտությանը (տե՛ս, Morel v. France գործով Եվրոպական դատարանի 18.10.2000 թվականի վճիռը, կետ 45, Fazlı Fazli Aslaner v. Turkey գործով Եվրոպական դատարանի 07.07.2014 թվականի վճիռը, կետ 31): Վերադաս դատարաններում նույնիսկ երկու այլ դատավորների հետ գործի քննությունն իրականացնող և գործի քննությունը նախագահող դատավորը չպետք է քննի իր իսկ որոշման դեմ ներկայացված բողոքները (տե՛ս De Haan v. the Netherlands գործով Եվրոպական դատարանի 26.08.1997 թվականի վճիռը, կետ 51): Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես՝ դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի՝ դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն (տե՛ս, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետեր 47, 51):

Եվրոպական դատարանն անդրադարձել է նաև «անկողմնակալության» հարցին, մասնավորապես նշելով, որ այս պահանջի մասով գոյություն ունի երկու ասպեկտ։ Նախ, դատարանը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարմունքից կամ կանխակալությունից։ Երկրորդ, այն պետք է նաև օբյեկտիվորեն անկողմնակալ լինի, այն է՝ պետք է ապահովի բավարար երաշխիքներ՝ բացառելու ցանկացած օրինաչափ կասկած այդ առումով։ Անկախության և օբյեկտիվ անկողմնակալության հասկացությունները սերտորեն կապված են, և դատարանը դրանք հաճախ միասին է դիտարկում (տե՛ս Ֆինդլեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [Findlay v. the United Kingdom], 25 փետրվարի 1997 թվական, § 73, Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույցներ 1997‑I, Բրուդնիկան և այլոք ընդդեմ Լեհաստանի [Brudnicka and Others v. Poland], գանգատ թիվ 54723/00, § 38, ՄԻԵԴ 2005‑II)։»։

Դատավորի վարքագծի Բանգալորյան սկզբունքների 2.5-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել կամ երբ անկողմնակալ դիտորդին թվում է, թե նա ի վիճակի չէ տվյալ գործով անաչառ որոշում կայացնել: Նույն սկզբունքների 4-րդ կետի համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է:

Դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանությունների 15-րդ կանոնի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել, կամ անկողմնակալ դիտորդին կարող է թվալ, որ նա ի վիճակի չէ տվյալ գործով արդարացի որոշում կայացնել։ Նման հիմքեր կարող են լինել, երբ՝ ա) Դատավորի մոտ առկա է նախատրամադրվածություն վիճող կողմերի նկատմամբ, կամ նախօրոք անձամբ ծանոթ է գործով ապացույց հանդիսացող վիճարկվող փաստական տվյալներին և դրանց վերաբերյալ ունի կանխակալ կարծիք. (...)։

Դատավորի կողմնակալությունը և նախատրամադրվածությունը կարող են ունենալ բազմաթիվ և բազմաբնույթ դրսևորումներ, այդ պատճառով էլ դրանք բավարար որոշակիությամբ սահմանվել չեն կարող։ Ի տարբերություն օրենքի պահանջի՝ քննարկվող կանոնն ունի լրացուցիչ պահանջներ։ Դրանք են՝ 1. դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե գործի քննությունը նրա կողմից ողջամտորեն կարող է կասկած հարուցել նրա անաչառության նկատմամբ. (...)։

Անդրադառնալով անկողմնակալ դիտորդի հարցին՝ Խորհուրդն իր 29112021 թվականի թիվ ԲԴԽ-84-Ո-Կ-24 որոշմամբ արձանագրել է, որ «անկողմնակալ դիտորդ» արտահայտությունն արդեն իսկ հուշում է, որ գործով անկողմնակալ կարող է լինել այն սուբյեկտը, որն որևէ անմիջական առնչություն չունի տվյալ գործի հետ, գործի լուծումն որևէ կերպ չի կարող ազդել վերջինիս իրավունքների և պարտականությունների վրա։ Բառարանային բացատրությամբ «անկողմնակալ դիտորդը» բառակապակցությունն ունի հետևյալ մեկնաբանությունը՝ (...) Անկողմնակալ դիտորդ է համարվում այն անձը, ով անմիջականորեն ներգրավված չէ որոշակի իրավիճակում, հետևաբար, կարող է արդար կարծիք կամ որոշում հայտնել դրա վերաբերյալ (...)։ Վերոգրյալի համատեքստում Խորհուրդն արձանագրել է, որ անկողմնակալ դիտորդ կարող է լինել ցանկացած սուբյեկտ, բացի գործը քննող դատավորից և դատավարության մասնակիցներից։

Վկայակոչված միջազգային փաստաթղթերում ամրագրված են դատական իշխանության, դատավորների անկախության, դատավորների գործունեության, ինչպես նաև վերջիններիս վարքագծի կանոնների վերաբերյալ ելակետային դրույթներ:

Տվյալ դեպքում վարույթ հարուցած մարմինը, որպես Դատավորի կողմից թույլ տրված խախտում, դիտարկել է այն հանգամանքը, որ Դատավորը 10.02.2023 թվականին վարույթ է ընդունել թիվ ԱՐԴ/0230/01/21 քրեական գործը, որով որպես ամբաստանյալի պաշտպան է հանդիսացել իր ուսանողական տարիների ընկեր Կրոմվել Գրիգորյանը, և 24.02.2023 թվականին կայացրել է քրեական գործի քննությունը վերսկսելու և դատական քննության նշանակելու մասին որոշում, այն պարագայում, երբ Դատավորն ի սկզբանե Պաշտպանի հետ հանդիսացել են ուսանողական տարիների ընկերներ և Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանգամանքների առկայությամբ պայմանավորված չի հայտնել ինքնաբացարկ, որից հետո 14.02.2024 թվականին կայացված դատական նիստով (այդ ընթացքում հրավիրվել են 4 դատական նիստեր, որոնցից 2-ը կայացել են) Դատարանն ինքնաբացարկ է հայտնել: Այլ կերպ՝ Դատավորի և Պաշտպանի միջև եղած ընկերական հարաբերությունների պայմաններում Դատավորը դատական քննության նախապատրաստական փուլում ինքնաբացարկ հայտնելու պարտականություն ունենալով, այն չի կատարել, որն էլ հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնների խախտման:

Խորհուրդը, վերլուծելով ինքնաբացարկի ինստիտուտին նվիրված վերոհիշյալ իրավակարգավորումները և Եվրոպական դատարանի մեկնաբանությունները, դրանք համադրելով սույն վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստերի հետ, արձանագրում է, որ իր կողմից վարույթ ընդունված թիվ ԱՐԴ/0230/01/21 քրեական գործով դատական քննության նախապատրաստական փուլում Դատավորը կանխակալ վերաբերմունք չի ունեցել որպես դատավարության կողմ հանդիսացող ամբաստանյալի պաշտպանի նկատմամբ, քանի որ տվյալ դեպքում Դատավորի և Պաշտպանի՝ ուսանողական տարիների ընկերներ լինելու, ինչպես նաև Պաշտպանի կազմակերպած՝ 5-10 տարի վաղեմություն ունեցող ընտանեկան միջոցառումներին Դատավորի կողմից ուսանողական տարիների մյուս ընկերների հետ միասին մասնակցելու հանգամանքներն ինքնին չեն կարող վկայել Պաշտպանի մասնակցությամբ գործերով Դատավորի անաչառ չլինելու մասին։ Նշված եզրահանգումը հիմնավորվում է ինչպես այն անվիճելի հանգամանքներով, որ Դատավորի կողմից շուրջ 20 տարի Պաշտպանի մասնակցությամբ իրականացված տարբեր դատավարություններով, որտեղ Դատավորի կողմից Պաշտպանի համար անբարենպաստ ելքով բազմաթիվ դատական ակտեր են կայացվել, որոնք վերջինիս կողմից բողոքարկվել են վերադաս դատական ատյաններ, այնպես էլ դատավարության ավելի ուշ փուլում Դատավորի ինքնաբացարկի հիմքում ընկած այն հանգամանքներով, որ «ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի փետրվարի 21-ին նախաձեռնվել էր թիվ 58206923 քրեական վարույթը՝ (…) նախաքննության ընթացքում կասկածի տակ է դրվել իմ և փաստաբան Կրոմվել Գրիգորյանի փոխհարաբերությունները», «(…) հետագայում այլ շահարկումներ չլինելու համար սույն քրեական գործով հայտնում է ինքնաբացարկ: (…) Պաշտպանի հետ ուսանողական տարիների ընկերներ են, վաղուց են ճանաչում միմյանց: Նախկինում շատ միջոցառումների է մասնակցել, ծննդյան առիթ, ամուսնության հարց, որը երբևիցե Դատավորին չի կաշկանդել քննություն իրականացնել, եթե Պաշտպանը դատավարության կողմ է»։

Այս համատեքստում Խորհուրդը ցանկանում է անդրադառնալ նաև Լիազոր մարմնի այն փաստարկին, որ Դատավորի հիմնավորումը չի կարող համարվել բավարար ինքնաբացարկ հայտնելու հիմքի բացակայությունը հաստատված համարելու համար, քանի որ Դատավորը չի ներկայացրել որևէ երաշխիք, որը կվկայեր, որ իր կողմից Պաշտպանի նկատմամբ ունեցած վերաբերմունքը որևէ ազդեցություն չի ունենա նրա մասնակցությամբ գործի ելքի վրա։ Այս առումով հատկանշական է, որ Լիազոր մարմինը չի պարզաբանել, թե ինչպիսի երաշխիքները կարող են բավարար լինել Դատավորի անկողմնակալությունն ու անաչառությունը կասկածի տակ չառնելու համար, որպիսի հանգամանքով պայմանավորված կանխատեսելի չէ, թե Դատավորն արդյո՞ք կարող էր առհասարակ նման երաշխիքներ ներկայացնել, այն դեպքում, երբ այդպիսի երաշխիք է նախկինում Պաշտպանի համար բազմաթիվ ոչ բարենպաստ դատական ակտերը և ըստ էության, հավելյալ երաշխիք ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում էր։

Նման պայմաններում Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը և Պաշտպանը չեն ունեցել այնպիսի միջանձնային մտերիմ հարաբերություններ, որոնց հաշվառմամբ Դատավորի կողմից Պաշտպանի մասնակցությամբ գործերով արդարադատության իրականացումն անհնար կլիներ և թույլ կտար անկողմնակալ դիտորդին կասկածի տակ առնել Դատավորի անկողմնակալությունն ու անաչառությունը։ Ուստի Խորհրդի գնահատմամբ դատական քննության նախապատրաստական փուլում գործով Պաշտպանի և Դատավորի միջև առկա հարաբերությունների առնչությամբ անկողմնակալ դիտորդի մոտ Դատավորի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանք, հետևաբար նաև Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմք առկա չի եղել։

Ամփոփելով՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը չի կատարել վարքագծի կանոնների խախտումների հատկանիշներ պարունակող այնպիսի արարք, որը որևէ կերպ վարկաբեկել է դատական իշխանությունը կամ նվազեցրել է դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը, իսկ Պաշտպանի և իր միջև առկա հարաբերությունների առնչությամբ դատաքննության ավելի ուշ փուլում անկողմնակալ դիտորդի մոտ կողմնակալության տպավորության կասկած հարուցող հանգամանք ի հայտ գալուն պես ինքնաբացարկ է հայտնել։

Միաժամանակ, կարևորելով ինքնաբացարկի հիմքերի առկայության պարագայում Դատավորի կողմից դրանք կողմերին բացահայտելու պարտականությունը, որը Դատավորն ընդունել է միջնորդության քննության ընթացքում, այդուհանդերձ Խորհուրդն նշված հարցը քննարկման առարկա չի դարձնում՝ նկատի ունենալով, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ վարույթ հարուցած մարմնի կողմից նշված հարցին որևէ անդրադարձ չի կատարվել։

Խորհուրդն ընդգծում է, որ խախտման բացակայության հիմքով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժվելու պարագայում Դատավորի կողմից թույլ տրված արարքում մեղքի առկայության հարցի պարզումը և մեղքի ձևի գնահատումը դառնում է ոչ նպատակահարմար, հետևաբար Խորհուրդը դրանց չի անդրադառնում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2 Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 
Անդամներ`

 

Դեմ (Հատուկ կարծիք)

 

 

Ա. Աթաբեկյան

Հ. Գրիգորյան

Ա. Դանիելյան

Կ. Թումանյան

Ե. Թումանյանց

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Էդ. Հովհաննիսյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հոկտեմբերի 2024 թվական:

 

Հայաստանի Հանրապետության

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կ.Թումանյանի

 

Հատուկ կարծիքը

 

(Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան 17.09.2024 թվականի թիվ ԲԴԽ-81-ՈԿ-10 որոշման վերաբերյալ)

 

1. Հատուկ կարծիքի էությունը

Չհամաձայնելով Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության հիման վրա ընդունած որոշման հետ, գտնելով, որ դատավորը թույլ է տվել իրեն վերագրվող արարքի կատարումը, ինչի հիման վրա ենթակա էր պատասխանատվության։ Հետևապես ներկայացնում եմ հատուկ կարծիք՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ։

 

2 Արդարադատության նախարարի դիրքորոշումը

Արդարադատության նախարարի միջնորդությունը ներկայացվել է հետևյալ հիմքերով և հիմնավորումներով.

Արդարադատության նախարարը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը, 71-րդ հոդվածի 1-ին մասը, գտել է, որ Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումից բխում է, որ դատավորի ինքնաբացարկ հայտնելն անհրաժեշտ է, եթե գործը քննող դատավորը տեղյակ լինի այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկած հարուցել նրա անաչառության մեջ:

Վարույթ հարուցած մարմինը վկայակոչել է նաև Դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանությունների 15-րդ կանոնը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 277-րդ, 292-րդ, 299-րդ հոդվածները, 291-րդ հոդվածի 1-ին մասը, 90-րդ հոդվածի 1-ին մասը, 301-րդ հոդվածի 1-2-րդ մասերը:

 

3. Էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ

Հատուկ կարծիք ներկայացնելու համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

3.1. թիվ ԱՐԴ/0230/01/21 քրեական գործը Դատավորի վարույթում է գտնվել 10.02.2023 թվականից, որով որպես մեղադրյալի պաշտպան հանդիսացել է փաստաբան Կրոմվել Գրիգորյանը (այսուհետ՝ Պաշտպան):

3.2. Պաշտպանի կողմից Դատավորին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել է 12.02.2024 թվականին: Պաշտպանը միջնորդել է 3 քրեական գործերով հայտնել ինքնաբացարկ՝ հիմքում դնելով իր և Դատավորի հարաբերությունների առկայությունը:

3.3. Դատավորի կողմից 14.02.2024 թվականին կայացվել է «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշում (այսուհետ՝ նաև Որոշում): Որոշման պատճառաբանական մասի համաձայն՝ «Դատարանները պետք է վստահություն ներշնչեն հասարակությանը, իսկ այդպիսին ստուգելու դեպքում պետք է գնահատվի ոչ միայն դատավորի անձնական պահվածքով, այլ նաև պետք է ուշադրության արժանանա, թե արդյո՞ք կան արժանահավատ այլ փաստեր, որոնք կարող են կասկածներ առաջացնել Դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ: Վերոգրյալի համատեքստում հարկ եմ համարում նշել հետևյալը. ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի փետրվարի 21-ին նախաձեռնվել էր թիվ 58206923 քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 437-րդ հոդվածի 1-ին մասով: Սույն քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարցաքննվել է նաև փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: 2023 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի որոշմամբ իմ նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել՝ մեղսագրվող արարքն իմ կողմից չկատարելու հիմքով, սակայն նախաքննության ընթացքում կասկածի տակ են դրվել իմ և փաստաբան Կրոմվել Գրիգորյանի փոխհարաբերությունները»:

3.4. Դատավորը կարգապահական վարույթի ընթացքում ներկայացրել է բացատրություն հետևյալ բովանդակությամբ.

«ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում 2023թ. փետրվարի 21-ին նախաձեռնվել էր թիվ 58206923 քրեական վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 437-րդ հոդվածի 1-ին մասով։ Սույն քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարցաքննվել էր նաև փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: 2023թ.-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի որոշմամբ իմ նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել մեղսագրվող արարքն իմ կողմից չկատարելու հիմքով, սակայն նախաքննության ընթացքում կասկածի տակ են դրվել իմ և փաստաբան Կրոմվել Գրիգորյանի փոխհարաբերությունները: Անկողմնակալ դիտորդի մոտ իմ անկողմնակալության վերաբերյալ կասկածներ չհարուցելու, հետագա դատական ակտերի օբյեկտիվության նկատմամբ կասկածներ չհարուցելու և արդարադատության շահից ելնելով, ինքս ինքնաբացարկ եմ հայտնել, չքննարկելով փաստաբան Կրոմվել Գրիգորյանի կողմից ներկայացրած գրավոր ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Քրեական գործը 10.02.2023թ. վարույթ ընդունելիս ինքնաբացարկ չեմ հայտնել, քանի որ փաստաբան Կ.Գրիգորյանի հետ ունեցած իմ հարաբերություններն այնքան մտերմիկ չեն եղել, որը կարող էր կաշկանդել ինձ նրա մասնակցությամբ գործ քննելիս»:

3.5. Միջնորդության քննության ընթացքում Դատավորը ընդունեց, որ իր կողմից թույլ է տրվել վերագրվող խախտումը, խնդրեց մեղմ մոտենալ:

3.6. Գործով 14.02.2024 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Դատավորի կողմից արված հայտարարությունների հիման վրա հաստատվել է, որ Դատավորը և Պաշտպանը ուսանողական տարիների ընկերներ են, միմյանց ճանաչում են վաղուց, Դատավորը նախկինում բազմիցս մասնակցել է Պաշտպանի ծննդյան, ամուսնության առիթներով կազմակերպված միջոցառումներին: Այս փաստը Դատավորի կողմից չի հերքվել նաև միջնորդության քննության ընթացքում:

3.7. Արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է այն հիմքով, որ

-Դատավորն ուսանողական տարիներից ունեցել է տվյալ գործով պաշտպանի հետ ընկերական հարաբերություններ, մասնակցելով պաշտպանի կյանքում կարևոր նշանակություն ունեցող միջոցառումներին և առիթներին, անկողմնակալ դիտորդի մեջ կարող է ողջամիտ կասկած հարուցել նրա անաչառության մեջ (ըստ Արդարադատության նախարարի միջնորդության):

- Դատավորի կողմից իրեն և Պաշտպանին ընկերներ կարգավիճակում դիտարկելը, իր և Պաշտպանի հարաբերություններն ընկերական որակելն օբյեկտիվորեն վկայում են Դատավորի՝ Պաշտպանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու մասին: Պաշտպանը հյուրասիրության նպատակով իր ձեռքով պատրաստած կոնյակ է փոխանցել Դատավորին: Դատավորի կողմից Պաշտպանի փոխանցած նվերը ընդունվել է: Տվյալ փաստը հաստատվել է օրենքով սահմանված կարգով օպերատիվ դիտում իրականացնելու արդյունքում: Նիստի ժամանակ Դատավորն ընդունեց, որ դատարանի աշխատակիցների միջոցով փաստաբանի փոխանցած փաթեթը առանց նայելու ընդունել է։

3.8. Արդարադատության նախարարի միջնորդության համաձայն՝ Դատավորը թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 71-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ։

 

4. Իրավական խնդիր

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի կողմից ներկայացրած միջնորդությունն անհրաժեշտ էր քննարկել հետևյալ իրավական հարցադրումների լույսի ներքո.

4.1. արդյո՞ք Դատավոր Արթուր Ադամյանը սույն գործով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով 10.02.2023 թվականից մինչև 12.02.2024 թվականը թիվ ԱՐԴ/0230/01/21 քրեական գործով հանդիսացել է օրենքի հիման վրա գործող (ստեղծված) Դատարան։

4.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ է տրվել կարգապահական կանոնների և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որով հեղինակազրկել է դատական իշխանությունը՝ էապես նվազեցնելով դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասելով դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալումը:

 

5. Հատուկ կարծիքի վերաբերյալ հիմնավորումները

Մինչև Դատավորի կողմից թույլ տված խախտման վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելը, հարկ եմ համարում արձանագրել, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում (տես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի 1-ին մաս)։

Իմ կարծիքով «կարգապահական խախտման սահմաններ» եզրույթը պետք է դիտարկել Դատավորին վերագրվող խախտման (գործողություն կամ անգործություն) բնույթն ու էությունն ամբողջության մեջ։

Ուստի, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է քննության առարկա դարձներ ոչ թե Լիազոր մարմնի կողմից ներկայացրած միջնորդության մեջ նշված ձևակերպումները, այլ միջնորդության մեջ նշված Դատավորին վերագրվող կարգապահական խախտման էությանը։

Հետևապես, Բարձրագույն դատական խորհրդի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասից տարբերվող, Դատավորի կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ հատուկ կարծիքը ներկայացնում եմ վերոնշված մեկնաբանության լույսի ներքո, և գտնում եմ, որ դատավորը թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 71-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի և 4-րդ մասով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, ինչի հետևանքով ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի իմաստով 10.02.2023 թվականից մինչև 12.02.2024 թվականը թիվ ԱՐԴ/0230/01/21 քրեական գործով չի հանդիսացել օրենքի հիման վրա գործող (ստեղծված) Դատարան, որի հետևանքով հեղինակազրկել է դատական իշխանությունը՝ էապես նվազեցնելով դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասել դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալումը։

Նշված պնդումը պատճառաբանվում է հետևյալ փաստարկներով.

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը, օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար:

Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում` դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց: Զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը։

Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր: Լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց:

Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե ինքը տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով իր անաչառության մեջ։

Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումից բխում է, որ դատավորի՝ ինքնաբացարկ հայտնելու պարտականության ծագման տեսանկյունից անհրաժեշտ է դատավորի տեղյակ լինելն այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկած հարուցել տվյալ գործով իր անաչառության մեջ: Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը ողջամիտ կասկածի մասին է:

Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ որոշումներում բացահայտել է դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները: Այսպես, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից:

Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով:

Առաջինը սուբյեկտիվ չափանիշն է, որը վերաբերում է քննվող գործի կապակցությամբ տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին, իսկ երկրորդ՝ օբյեկտիվ չափանիշը, վերաբերում է առաջարկվող այն երաշխիքներին, որոնք պետք է բավարար լինեն դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար:

Սուբյեկտիվ չափանիշի համաձայն` դատարանի կամ դատավորի անկողմնակալությունը դիտվում է որպես կանխավարկած, հետևաբար, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, դատավորը համարվում է սուբյեկտիվորեն անկողմնակալ: Հակառակ դրան` օբյեկտիվ անկողմնակալությունը կախված է արտաքին գործոններից, և այս դեպքում դատավորի վարքագիծը երկրորդական նշանակություն է ստանում:

Մասնավորեցնելով օբյեկտիվ չափանիշը` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել՝ արդյո՞ք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ դատարանն անկողմնակալ չէ (տե՛ս, օրինակ, Piersack v. Belgium գործով Եվրոպական դատարանի 01.10.1982 թվականի վճիռը, կետ 30, Grieves v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 16.12.2003 թվականի վճիռը, կետ 69, Kyprianou v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը, կետեր 118, 121, Nicholas v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 09.01.2018 թվականի վճիռը, կետեր 49, 53, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետ 45):

Եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն, անկողմնակալություն սովորաբար նշանակում է կանխակալության կամ կողմնակալության ու դրա տարբեր ձեւերով դրսեւորումների բացակայություն (տե՛ս, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետեր 42):

Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես՝ դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի՝ դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն (տե՛ս, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետեր 47, 51):

Դատավորների վարքագծի Բանգալորյան սկզբունքները հստակ սահմանում են, որ դատավորի վարքագիծն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից պետք է անթերի լինի: Դատավորի գործողությունները և վարքագիծը պետք է ամրապնդեն ժողովրդի հավատը հանդեպ դատական համակարգի ազնվությունն ու անկաշառելիությունը: Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ պետք է իրականացվի հասարակության համար տեսանելի ձևով:

Եվրոպական դատարանն անդրադարձել է նաև «անկողմնակալության» հարցին, մասնավորապես նշելով, որ այս պահանջի մասով գոյություն ունի երկու ասպեկտ։ Նախ, դատարանը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարմունքից կամ կանխակալությունից։ Երկրորդ, այն պետք է նաև օբյեկտիվորեն անկողմնակալ լինի, այն է՝ պետք է ապահովի բավարար երաշխիքներ՝ բացառելով ցանկացած օրինաչափ կասկած այդ առումով։ Անկախության և օբյեկտիվ անկողմնակալության հասկացությունները սերտորեն կապված են, և դատարանը դրանք հաճախ միասին է դիտարկում (տե՛ս Ֆինդլեյն ընդդեմ Միացյալ Թագավորության (Findlay v. the United Kingdom), 25 փետրվարի 1997 թվական,ՙ 73, Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույցներ 1997-I, Բրուդնիկան և այլոք ընդդեմ Լեհաստանի (Brudnicka and Others v. Poland), գանգատ թիվ 54723/00, ՙ 38, ՄԻԵԴ 2005-II)։»։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով, Դատարանի անաչառության նկատմամբ հանրային կարծիքի ապահովման և դատավարության մասնակիցների մեջ կասկածները փարատելու նպատակով յուրաքանչյուր դեպքում Դատավորի պարտականությունն է բացահայտել իր մասնակցության խոչընդոտները, ինչպես նաև այն դեպքերը, երբ վիճելի է իր մասնակցությունը տվյալ գործի քննությանը կամ ընդհանրապես հրաժարվել իրականացնելու գործի քննությունը (տե՛ս SIGRÍÐUR ELÍN SIGFÚSDÓTTIR v. ICELAND թիվ 41382/17 վճիռը կայացված 25/06/2020 թվականին կետ 35):

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ նման պարտադիր կարգավորում նախատեսված է նաև Հայաստանի ներպետական օրենսդրությամբ, մասնավորապես, Օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ Դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել այն հանգամանքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ինքնաբացարկի համար։ Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը (…):

Բարձրագույն դատական խորհուրդն իր 29.11.2021 թվականի ԲԴԽ-84-Ո-Կ-24 որոշմամբ գտել է, որ. «...դատավորի կողմից ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում ինքնաբացարկ չհայտնելը կամ բացարկի միջնորդությունը մերժելը շատ ավելի բացասական է անդրադառնում հանրության կողմից դատական իշխանության անաչառության և անկախության ընկալման վրա, քան առանց բավարար հիմքերի ինքնաբացարկ հայտնելը»:

Դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթի քննության արդյունքում հաստատվել են հետևյալ փաստերը.

-Դատավորի վարույթում քննվող գործով 10.02.2023 թվականից մինչև 12.02.2024 թվականը որպես պաշտպան մասնակցել է փաստաբան Կրոնվել Գրիգորյանը:

-Դատավորը և փաստաբանը հանդիսանում են ուսանողական ընկերներ, Դատավորը նախկինում բազմիցս մասնակցել է Պաշտպանի՝ ծննդյան, ամուսնության առիթներով կազմակերպված միջոցառումներին:

- Պաշտպանը Դատավորին հրավիրել է իր թոռան ծննդյան կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը (ինչը ենթադրում է գործի քննության ընթացքում Դատավորի և գործով մասնակցող Պաշտպանի (ընդդիմազերծ) շփումներ)։

- 2023 թվականի փետրվարի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված թիվ 58206923 քրեական վարույթի շրջանակներում՝ Դատավորի աշխատասենյակում օպերատիվ դիտում իրականացնելու արդյունքում հայտնաբերվել է, որ Դատավորը փաստաբանից ստացել է նվեր (կոնյակի տեսքով):

- Նշված փաստերը երրորդ անձանց հասանելի դառնալուց հետո Պաշտպանը միջնորդություն է ներկայացվել դատավորին բացարկ հայտնելու վերաբերյալ: Պաշտպանը ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրել է իր և Դատավորի հարաբերությունների առկայության փաստով, ինչը Դատավորի կողմից չի հերքվել:

Նախ, Դատավորը պարտավոր էր բացառել (ընդդիմազերծ) շփումներ գործով մասնակցող անձանցից որևէ մեկի հետ:

Երկրորդ, Դատավորը պարտավոր էր դատավարության կողմերի առջև բացահայտել դատավարության կողմերից մեկի հետ իր մտերիմ կապի առկայության, ինչպես նաև դատավարության կողմի հետ տեղի ունեցած (ընդդիմազերծ) շփումների մասին:

Մինչդեռ, Դատավորը շուրջ մեկ տարի քննության առնելով քրեական գործը, ոչ միայն չի բացահայտել իր մտերիմ կապը դատավարության մասնակիցներից մեկի՝ փաստաբանի հետ, այլև այդ ընթացքում պարբերաբար նրա հետ ունեցել է (ընդդիմազերծ) շփումներ և ընդունել նվեր։ Դրանով խախտել է դատավորների վարքագծի կանոնների 8-րդ կետը։ Ընդ որում, նշված փաստը հանրությանը հայտնի է դարձել այդ հանգամանքը իրավասու մարմինների կողմից բացահայտելու արդյունքում:

Տվյալ պարագայում էական նշանակություն ունի գնահատել այն հանգամանքը, թե արդյո՞ք «անկողմնակալ դիտորդի» մոտ կարող էր ողջամտորեն կասկած հարուցել Դատավորի կողմից տվյալ գործով արդարացի, անկողմնակալ և օբյեկտիվ չափանիշներին համապատասխան քննություն իրականացնելը:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդար դատաքննության իմաստով դատական քննության ողջ գործընթացի սահմանադրականությունը, ի թիվս այլ երաշխիքների, պայմանավորված է նաև նրանով, որ բացառում է անկողմնակալ դիտորդի ողջամիտ կասկածն առ այն, որ գործընթացն իրականացվում է օրինականության, դատարանի գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու սկզբունքների նախատեսմամբ:

Հարկ եմ համարում արձանագրել, որ Դատավորը գործով կողմերից որևէ մեկի հետ ունենալով որևէ կապ (համակուրսեցի, համադասարանցի կամ ընկերական կամ բարեկամական որևէ այլ կապ), թեև ինքն իրեն կարող է համարել ներքուստ անկախ, այդ հարաբերություններն իր համոզմամբ խոչընդոտ չհանդիսանան գործն օբյեկտիվ քննելու համար, այնուամենայնիվ Դատավորի անկախությունը և անկողմնակալությունը այդ համատեքստում պետք է առաջին հերթին գնահատվի անկողմնակալ դիտորդի, այլ կերպ ասած հանրային ընկալման տեսանկյունից։ Դատավորի և գործին մասնակցող անձանցից որևէ մեկի հետ պարբերաբար շփումների մասին (անձնական և ընտանեկան միջոցառումներին մասնակցելը, միմյանց նվերներ հանձնելը, միջոցառումներին հրավիրելը) դատավարության մյուս մասնակիցների մոտ չբացահայտելը, այլ այդ հարաբերությունները իրենցից անկախ հանգամանքներում բացահայտվելը չեն կարող հանրության մեջ ողջամիտ համոզմունք չձևավորել, որ Դատավորը գործի քննության պահին կաշկանդված չի եղել տվյալ հարաբերություններով։

Սույն դեպքում, Դատավորը դատավարության մյուս մասնակիցների առջև չբացահայտելով իր և փաստաբանի մտերիմ կապը, շարունակել է իրականացնել գործի քննություն և այդ ընթացքում ընդունել նվեր: Այդ փաստը բացահայտվելուց հետո Դատավորը հայտնել է ինքնաբացարկ։

Դատավորը ինքնաբացարկ հայտնելու միջոցով ընդունել և հաստատել է այն հանգամանքը, որ իր կողմից իրականացվող «արդարադատության» նկատմամբ «անկողմնակալ դիտորդի» մոտ ողջամտորեն կարող էր կասկած հարուցվել, առ այն, որ Դատավորը չի կարող գործը քննել արդարացի, անկողմնակալ և օբյեկտիվ չափանիշներին համապատասխան։

Սույն վարույթով առկա փաստերի համադրությունը ցույց է տալիս, որ Դատավորի մասնակցությունը վարույթին բացառելու համար առկա է օբյեկտիվ փաստեր, որի հաշվառմամբ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից Դատավորը չէր կարող լինել պատշաճ դատարան։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ Դատավոր Արթուր Ադամյանը Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով 10.02.2023 թվականից մինչև 12.02.2024 թվականը թիվ ԱՐԴ/0230/01/21 քրեական գործով չի հանդիսացել օրենքի հիման վրա գործող (ստեղծված) Դատարան։

Գնահատելով Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական կանոնների և դատավարական իրավունքի նորմերի խախտման բնույթը և ակնհայտությունը՝ հարկ եմ համարում արձանագրել, որ Դատավորը հեղինակազրկել է դատական իշխանությունը՝ էապես նվազեցնելով դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասել դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը, հետևապես Դատավորը պետք է ենթարկվեր տույժի։

 

Բարձրագույն դատական

խորհրդի անդամ

Կ. Թումանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան