Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1753
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 09.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.10.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

8 հոկտեմբերի 2024 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուրադյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2024 թվականի հուլիսի 25-ի N 1152-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի հուլիսի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի մայիսի 14-ին` Հայաստանի Սյունիքի մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնի (ՄԼԿ) կառուցման հարցում Հայաստանին օժանդակելու նպատակով:

 

2. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի VI հոդվածով սահմանված կարգով: Ստանդարտ պայմանների 9․02 բաժնի «գ» կետի նպատակների համար Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար որպես լրացուցիչ նախապայման սահմանված է Համաձայնագրին համապատասխան և Բանկի կողմից ընդունելի համարվող Ծրագրի իրականացման գրասենյակի ստեղծումը:

Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու պետական մարմին և Ծրագիրն իրականացնող մարմին է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, իսկ լիազորված ներկայացուցիչ՝ Ֆինանսների նախարարությունը:

 

3. Համաձայնագիրն ունի թվով 4 հավելվածներ, Հավելված 1. «Ծրագրի նկարագրությունը», Հավելված 2. «Կատեգորիաները և Առհանումները», Հավելված 3. «Հատուկ հաշիվ», Հավելված 4. «Բնապահպանական և սոցիալական գործողությունների ծրագիրը»:

 

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝

4.1. սկսած 2028 թվականի հուլիսի 15-ից մինչև 2040 թվականի հունվարի 15-ը՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին, [22] հավասարաչափ (կամ հնարավորինս հավասարաչափ) կիսամյակային վճարումներով՝ լողացող տոկոսադրույքով1, մարել Վարկը, ընդ որում, Վարկի ամբողջ գումարը մինչև Համաձայնագրի 2.02 բաժնի «ե» կետում նշված վարկի առաջին վճարման ամսաթիվը չառհանելու և Բանկի կողմից Համաձայնագրի 2.02 բաժնի «զ» կետում նշված Վերջին հասանելիության ժամկետը մինչև Վարկի առաջին վճարման ամսաթվից հետո ընկնող օր երկարաձգելու դեպքում, Վարկի առաջին վճարման ամսաթվին կամ դրանից հետո կատարված յուրաքանչյուր առհանման գումար բաշխվում է վճարման համար հավասարաչափ մասնաբաժիններով՝ Վարկի մարման տարբեր ամսաթվերի միջև, որոնք այդ առհանումից հետո ընկած ժամանակահատվածում են (Բանկն ըստ անհրաժեշտության կլորացնում է այդ կերպ բաշխված գումարները՝ յուրաքանչյուր դեպքում ամբողջ թիվ ստանալու համար) (հոդված II, բաժին 2.02, կետեր «ե(1)», «ե(2)» և «ը»),

4.2. վճարել Պարտավճար՝ տարեկան 0.5% չափով (հոդված II, բաժին 2.02, կետ «է»),

4.3. Բանկի պահանջով Ծրագրի նպատակների համար բացել և պահպանել Վարկի արժույթով արտահայտված հատուկ ավանդային հաշիվ Հայաստանի Հանրապետության գանձապետարանում՝ Բանկի համար բավարար պայմաններով (հոդված II, բաժին 2.03, կետ «բ»),

4.4. բացի Ստանդարտ պայմանների IV հոդվածով սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվել, ապա ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու բավարար միջոցներ և այլ ռեսուրսներ, այդ թվում՝ մարդկային ռեսուրսներ, Ծրագրի իրագործման համար, ինչպես նաև ձեռնարկել բոլոր գործողությունները և, մասնավորապես՝ ընդունել կամ պարտավորեցնել, որ ընդունվեն Բնապահպանական և սոցիալական գործողության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր կանոնակարգերը (հոդված III, բաժին 3.01, կետեր «ա», «զ»),

4.5. բացի Ստանդարտ պայմանների IV հոդվածով սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկի հետ այլ համաձայնություն չեռք չի բերվել, ապա Վարկից ստացված միջոցներն օգտագործել բացառապես Ծրագրի իրականացման համար՝ համաձայն 1-ին հավելվածի (հոդված III, բաժին 3.01, կետ «բ»),

4.6. բացի Ստանդարտ պայմանների IV հոդվածով սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվել, ապա ապահովել, որ Ծրագիրն իրականացվի բարեխղճորեն և արդյունավետ կերպով՝ ողջամիտ ինժեներական, ֆինանսական և բիզնես գործելակերպերին համապատասխան, բոլոր կիրառելի օրենքների պահպանմամբ՝ պատշաճ կերպով հաշվի առնելով շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության պահանջները, ինչպես նաև ընդունելի միջազգային ստանդարտներին և գործելակերպերին համապատասխան և ապահովել, որ Ծրագրի իրականացման գրասենյակի համապատասխան բաժին(ներ)ը բարեխղճորեն և արդյունավետ կերպով վերահսկեն Ծրագրի իրականացման և կառավարման ամբողջ գործընթացը (հոդված III, բաժին 3.01, կետեր «գ» և «դ»),

4.7. բացի Ստանդարտ պայմանների IV հոդվածով սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկի հետ այլ համաձայնություն չեռք չի բերվել, ապա ձեռք բերել, պահպանել, թարմացնել բոլոր անհրաժեշտ լիցենզիաները, հաստատումները և գրանցումները և համապատասխանել դրանց (հոդված III, բաժին 3.01, կետ «ե»),

4.8. բացի Ստանդարտ պայմանների IV հոդվածով սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկի հետ այլ համաձայնություն չեռք չի բերվել, ապա պահպանել և իրականացնել, ինչպես նաև պարտավորեցնել Ծրագրի իրականացման գրասենյակի կապալառուներին պահպանելու և իրականացնելու Բնապահպանական և սոցիալական գործողության ծրագիրը (հոդված III, բաժին 3.01, կետ «է»),

4.9. բացի Ստանդարտ պայմանների IV հոդվածով սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկի հետ այլ համաձայնություն չեռք չի բերվել, ապա ապահովել, որ շինարարությունն ավարտելուց հետո 12 ամսվա ընթացքում ՄԼԿ-ն ձեռք բերի Էկոշինարարության հավաստագիր, ընդ որում ապահովել, որ այդ հավաստագիրը համապատասխանի «Էներգաարդյունավետ և բնապահպանական նախագծման ուղեցույցի» (LEED) առնվազն արծաթե կամ համարժեք մակարդակին (հոդված III, բաժին 3.01, կետ «ը»),

4.10. Ծրագրի իրականացման բոլոր հայեցակետերը, այդ թվում՝ Ծրագրի համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացը համակարգելու, կառավարելու, դիտանցելու և գնահատելու համար, եթե Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվել, Ծրագրի իրականացման մարմնին պարտավորեցնել ստեղծել բավարար ռեսուրսներ և համապատասխան որակավորմամբ անձնակազմ ունեցող ծրագրի իրականացման գրասենյակ (կամ այլ թիմային կառույց) և Ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում շահագործել այն՝ Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքներին համապատասխան (հոդված III, բաժին 3.02),

4.11. Ստանդարտ պայմանների 4.03 բաժնի նպատակներով՝ Ծրագրի համար անհրաժեշտ և Վարկից ստացված միջոցներով ֆինանսավորվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների գնման գործընթացն իրականացնել Համաձայնագրի III հոդվածի 3.03 բաժնի դրույթներով սահմանված կարգով՝ բացառությամբ Բանկի կողմից այլ համաձայնություն ձեռք բերելու դեպքի (հոդված III, բաժին 3.03),

4.12. ապահովել Համաձայնագրի III հոդվածի 3.04 բաժնում սահմանված բնապահպանական և սոցիալական նորմերի պահպանման դաշնագրերի կատարումը (հոդված III, բաժին 3.04),

4.13. եթե այլ բան համաձայնեցված չէ Բանկի հետ, Ծրագրի իրականացման հարցում աջակցություն ցուցաբերելու համար, ըստ անհրաժեշտության, ներգրավել կամ պարտավորեցնել ներգրավել խորհրդատուներ և օգտվել վերջիններիս ծառայություններից, որոնց որակավորումները, փորձը և տեխնիկական առաջադրանքները բավարար են Բանկի համար, այդ թվում նաև խորհրդատուներ՝ Ծրագրի իրականացման գրասենյակին աջակցելու համար (հոդված III, բաժին 3.05, կետ «ա»),

4.14. Ծրագրին առնչվող հարցերում կամ գործողություններին աջակցելու համար ներգրավված ցանկացած խորհրդատուի անվճար տրամադրել իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ բոլոր միջոցները և օժանդակությունը, ինչպես նաև բոլոր փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկություններ, որոնք կարող են վերաբերել նրանց աշխատանքին (հոդված III, բաժին 3.05, կետ «բ»),

4.15. ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած՝ կիսամյակային կտրվածքով հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո [60] օրվա ընթացքում մինչև Ծրագրի ավարտը ներկայացնել Ստանդարտ պայմանների 4.04 «ա» (v) բաժնում նշված Ծրագրի պարբերական հաշվետվությունները. այդ հաշվետվությունները ներառում են Համաձայնագրի III հոդվածի 3.07 բաժնի «բ» կետում շարադրված հատուկ հատկանիշները (հոդված III, բաժին 3.07, կետ «բ»),

4.16. անմիջապես Հայաստանի Հանրապետության (Ծրագրի իրականացման մարմնի) հետ կապված որևէ միջադեպից կամ պատահարից հետո, որն ունի կամ կարող է էական բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի, աշխատողների կամ հասարակական կամ մասնագիտական առողջության կամ անվտանգության վրա, տեղեկացնել Բանկին և դրանից հետո անմիջապես ծանուցել Բանկին այդ մասին՝ նշելով այդպիսի միջադեպի կամ պատահարի բնույթը և այն շտկելու համար ձեռնարկած բոլոր քայլերը, բացառությամբ այն դեպքերի, երբ միջադեպը ներառում է անձի հետ կապված զգայուն տեղեկություններ կամ հաշվեհարդարի որևէ ռիսկ, որի դեպքում Բանկին ուղղված նախնական ծանուցումը չի ներառում ներգրավված անձանց ինքնության մասին մանրամասն տվյալներ (հոդված III, բաժին 3.07, կետ «գ»),

4.17. անհապաղ ծանուցել Բանկին աշխատողների կամ հանրության անդամների ցանկացած նշանակալի բողոքի կամ միջնորդության մասին, որն ուղղված է կամ առնչվում է Հայաստանի Հանրապետությանը (Ծրագրի իրականացման մարմնին) կամ Ծրագրին, որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության (Ծրագրի իրականացման մարմնի) կամ Ծրագրի վրա, կամ որը դարձել է կամ ամենայն հավանականությամբ հայտնի կդառնա հանրությանը լրատվամիջոցների կողմից լուսաբանման միջոցով կամ այլ կերպ և այդ ծանուցումից հետո տասը օրվա ընթացքում Բանկին ներկայացնել բավարար հաշվետվություն՝ նշելով նման բողոքի մասով քննության արդյունքը և Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված կամ առաջարկվող քայլերը՝ բողոքով կամ միջնորդությամբ բարձրացված հարցերը լուծելու համար (հոդված III, բաժին 3.07, կետ «դ»),

4.18. Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումների կամ գերատեսչությունների (Ծրագրի իրականացման մարմնի) մասով, որոնք պատասխանատու են Ծրագրի կամ դրա որևէ մասի իրականացման համար, վարել ընթացակարգեր, փաստաթղթեր և հաշվետվություններ, որոնք բավարար են միջազգայնորեն ընդունված հետևողականորեն կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան Ծրագրի հետ կապված կիրառելի գործառնությունները, ռեսուրսները և ծախսերը ներկայացնելու, ինչպես նաև Ծրագրի առաջընթացը (այդ թվում՝ դրա ծախսերը և դրանից բխող օգուտները) վերահսկելու և արձանագրելու համար (հոդված IV, բաժին 4.01, կետ «ա»),

4.19. ունենալ Հատուկ հաշվին առնչվող փաստաթղթերն ու հաշվետվությունները՝ յուրաքանչյուր Ֆինանսական տարվա համար և ապահովել, որ վերջիններիս աուդիտն իրականացվի Բանկի համար ընդունելի անկախ աուդիտորների կողմից՝ միջազգայնորեն ընդունված աուդիտի սկզբունքներին և ստանդարտներին համապատասխան, հնարավորինս շուտ, սակայն ամեն դեպքում՝ յուրաքանչյուր Ֆինանսական տարվա ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, Բանկին տրամադրել աուդիտորների կողմից այդպիսի ծավալով և մանրամասն ներկայացված հաշվետվություն և այդ փաստաթղթերի, հաշվետվությունների և դրանց աուդիտի վերաբերյալ այնպիսի այլ տեղեկություններ, որոնք Բանկը կարող է ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջել (հոդված IV, բաժին 4.01, կետ «բ»),

4.20. չնայած Համաձայնագրի 2-րդ հավելվածի 1-ին պարբերության դրույթների՝ Առհանումները կատարել Համաձայնագիրը կնքելուց առաջ ի հայտ եկած ծախսերի նկատմամբ (Հավելված 2, պարբերություն 3),

4.21. Հատուկ հաշվից կատարվող վճարումները կատարել բացառապես Թույլատրելի ծախսերի համար՝ համաձայն Համաձայնագրի հավելված 3-ի դրույթների (Հավելված 3, պարբերություն 2),

4.22. Համաձայնագրի Հավելված 3-ի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում Բանկի ծանուցումից անմիջապես հետո Բանկին որպես կանխավճար վճարել այդ գումարին համարժեք Վարկի մի մասը (Հավելված 3, պարբերություն 8),

4.23. իրականացնել Ծրագիրը Համաձայնագրի Հավելված 3-ով սահմանված՝ Բնապահպանական և սոցիալական գործողությունների ծրագրին համապատասխան (Հավելված 4):

 

5. Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության մեջ առկա են թարգմանչական/տեխնիկական թերություններ։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

____________________________

1 Չհակասելով վերոնշյալին՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է ինչպես վարկի ամբողջ գումարի, այնպես էլ դրա՝ այդ պահի դրությամբ չվճարված ցանկացած մասնաբաժնի համար որպես Լողացող տոկոսադրույքի այլընտրանք ընտրել վճարման համար Ֆիքսված տոկոսադրույքը Վարկի այդպիսի մասնաբաժնի համար՝ Ստանդարտ պայմանների 3.04 բաժնի «գ» կետին համապատասխան:

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

8 հոկտեմբերի 2024 թվականի

ՍԴՈ-1753

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան