ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Զ. Զաքինյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
ՏԴ/0181/01/21 | ||
|
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ. ԹադևոսյանիԱ. Պողոսյանի |
16 օգոստոսի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արարատ Սեյրանի Առաքելյանի, Իշխան Յուրիկի Մարտիրոսյանի և Արմինե Ռուբենի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 23-ի որոշման դեմ Ա.Առաքելյանի պաշտպան Շ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի հուլիսի 13-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է թիվ 38159921 քրեական գործը, որով նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ Արարատ Սեյրանի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Իշխան Յուրիկի Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 17-ի որոշումներով մեղադրյալներ Ա.Առաքելյանի և Ի.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ Արմինե Ռուբենի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։
Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ մեղադրյալ Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումներով Ա.Առաքելյանին առաջադրված մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մասը վերացվել է, վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Նախաքննության մարմնի՝ նույն օրվա այլ որոշումներով Ի.Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի` ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մասը վերացվել է, վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
2021 թվականի սեպտեմբերի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի դատավճռով Ա.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ու 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Ա.Առաքելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով:
Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2021 թվականի հուլիսի 17-ից, և նրա նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
2.1. Նույն դատավճռով Ի.Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ու 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Ի.Մարտիրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:
Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2021 թվականի հուլիսի 17-ից, և նրա նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
2.2. Նույն դատավճռով Ա.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ու 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Ա.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
Պատժի կրման սկիզբը հաշվվել է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից, և նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Ա.Առաքելյանի և Ա.Սարգսյանի պաշտպան Վ.Ներկարարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի դատավճիռը մասնակիորեն՝ Ա.Սարգսյանի մասով, փոփոխել է։ Ա.Սարգսյանի նկատմամբ նշանակված վերջնական պատիժը՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ա.Առաքելյանի պաշտպան Շ.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բավարար չափով պատճառաբանված ու հիմնավորված չէ։
Բողոքաբերի կարծիքով՝ ստորադաս դատարանը, հիմնվելով գործի փաստական հանգամանքների վրա, քրեական գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց վերլուծելով թույլատրելիության, վերաբերելիության, արժանահավատության, իսկ ապացույցների ողջ համակցությունը՝ քրեական գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգեր հետևության, որ Ա.Առաքելյանն իրեն մեղսագրվող արարքները չի կատարել և արդարացներ նրան։
Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանն Ա.Առաքելյանի արարքում առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հետևանքի առկայության պայմաններում, վերջինիս մեղավոր է ճանաչել ինչպես ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, այնպես էլ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար։
Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանն Ա.Առաքելյանի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու հարցը լուծելիս հաշվի չի առել ենթադրաբար կատարված հանցանքի բնույթը և հասարակական վտանգավորությունը, նրա անձը, այդ թվում նաև՝ այն, որ Ա.Առաքելյանի ոտնաթաթն անդամահատված է, տառապում է բազմաթիվ հիվանդություններով, վերջինիս գործողությունները բխել են տուժողի հակաիրավական և հակաբարոյական գործողություններից։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, ճանաչել և հռչակել Ա.Առաքելյանի անմեղությունն իրեն մեղսագրվող արարքներում։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանը, Ա.Առաքելյանին, Ի.Մարտիրոսյանին և Ա.Սարգսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, հաստատված է համարել հետևյալը. 2021թ. հուլիսի 10-ին Երևան քաղաքից երթուղային տաքսիով Իջևան գնալու ժամանակ գործով տուժող Նարեկ Ավետիսյանը ծանոթացել է ամբաստանյալ Արմինե Սարգսյանի հետ: Վերջինս հայտնել է, որ աշխատանք չունի, իսկ Նարեկ Սարգսյանը` ներկայանալով որպես գործարար, խոստացել է նրան տեղավորել աշխատանքի: Նրանք փորձել են հյուրանոցում տեղավորվել, սակայն չի հաջողվել և ժամը 19:00-ի սահմաններում գնացել են Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի 5-րդ շենքի 36-րդ հասցեում գտնվող Արսեն Աղասարյանի բնակարան: Այդ պահին այնտեղ են եղել բնակարանի տերը և գործով ամբաստանյալ Արարատ Սեյրանի Առաքելյանը: Որոշ ժամանակ անց նրանց է միացել նաև ամբաստանյալ Իշխան Յուրիկի Մարտիրոսյանը: Նրանք ընթրել են, որի ժամանակ օգտագործել են նաև ոգելից խմիչք` պատրաստված բժշկական սպիրտից: Հացկերույթի ժամանակ, ծանոթանալով Արմինե Սարգսյանի հետ, Արարատ Առաքելյանը պարզել է, որ նա իր ընկերոջ բարեկամն է: Այդ ժամանակ վիճաբանություն է առաջացել նրա և տուժողի միջև: Այնուհետև Արմինե Սարգսյանը հրել է Նարեկ Ավետիսյանին, ինչի հետևանքով վերջինս ընկել է գետնին: Ընկած վիճակում նրա մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել երեք ամբաստանյալները, որի հետևանքով տուժողն ստացել է աջ ականջախեցու հետին մակերեսի քերծվածք, ձախ վերին կոպի, արտաքին սեռական օրգանի՝ առնանդամի, արյունազեղումներ և գոտկային 2-րդ, 3-րդ, 4-րդ ողերի ձախ լայնական ելունների կոտրվածքներ:
Միաժամանակ Արարատ Առաքելյանը, Իշխան Մարտիրոսյանը և Արմինե Սարգսյանը թքել են Նարեկ Ավետիսյանի դեմքին, իսկ Իշխան Մարտիրոսյանը և Արարատ Առաքելյանը` վառվող ծխախոտը հանգցրել են նրա ճակատին` իրենց գործողություններով նրան պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ1:
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի դատավճռի համաձայն՝ (…) Վերլուծելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները` դատարանը գտավ, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են, և նրանք ենթակա են պատասխանատվության 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 119 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
(…)
Պատիժ նշանակելիս դատարանն ամբաստանյալ Արարատ Առաքելյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նա վատառողջ է, նրա մոտ 2019թ. հոկտեմբերի 10-ի հետազոտությամբ ախտորոշվել է աթերոսկլերոզ: Ստորին վերջույթների մագիստրալ զարկերակների ԱՍ ախտահարում: ԽԶԱ 4-րդ աստիճան: Աջ ոտնաթաթի 1-ին մատի գանգրենա և կատարվել է վիրահատություն` աջ ոտնաթաթի 1-ին մատի ամպուտացիա:
Պատիժ նշանակելիս դատարանն ամբաստանյալ Իշխան Մարտիրոսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում խնամքին 12.02.2015թ. ծնված Թագուհի Իշխանի Մարտիրոսյանի, 10.03.2016թ. ծնված Նարեկ Իշխանի Մարտիրոսյանի և 14.07.2021թ. ծնված Վիգեն Իշխանի Մարտիրոսյանի առկայությունը, ինչպես նաև հաշվի է առնում այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, ծառայել է սահմանամերձ զորամասում, բնութագրվում է բավարար:
Պատիժ նշանակելիս դատարանն ամբաստանյալ Արմինե Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում, որ նա նախկինում արատավորված չի եղել:
Դատարանն ամբաստանյալ Արարատ Առաքելյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտում հանցանքը կատարելու ռեցիդիվը, իսկ ամբաստանյալներ Իշխան Մարտիրոսյանի և Արմինե Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն:
Վերլուծելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, հաշվի առնելով ամբաստանյալների պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները` դատարանը գտավ, որ նրանց նկատմամբ պետք է նշանակել ազատազրկման ձևով պատիժ, որը նրանք պետք է կրեն (…)2:
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ (…) Առաջին ատյանի դատարանը ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել է վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
(…) Ա.Առաքելյանի և Ա․Սարգսյանի կողմից (…) հանցանքներ կատարելու հանգամանքն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրական դատավճռի հիմքում դրված, քրեական գործին վերաբերող փոխկապակցված հավաստի, ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ապացույցների բավարար ամբողջությամբ (…):
(…)
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ (…) թույլատրելի և վերաբերելի ապացույցների ամբողջությունը, դրանցում առկա փաստական տվյալները ինչպես բողոքարկվող դատական ակտը կայացնելիս բավարար էին, այնպես էլ դատական ակտը կայացնելուց հետո էլ բավարար են, որ ամբաստանյալներ Ա.Առաքելյանը և Ա․Սարգսյանը կատարել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն (որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին և ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), որը որակված է ճիշտ, վերջինս քրեական պատասխանատվության և պատժի է ենթակա այդ հոդվածի համապատասխան մասով և կետով, այդ առնչությամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական, հիմնավորված ու պատճառաբանված է:
(…) [Ա]նդրադառնալով ամբաստանյալներ Ա․Առաքելյանի և Ա․Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմնավորումներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքում նշված՝ ամբաստանյալներ Ա․Առաքելյանի և Ա․Սարգսյանի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, Ա․Առաքելյանի պատասխանատվությունը ու պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը բավարար չէին ամբաստանյալներին վերագրվող արարքների հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն չափից ցածր կամ ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու համար, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը նրա նկատմամբ կիրառելի չէր ինչպես Առաջին ատյանի դատական ակտը կայացնելու ժամանակ, այնպես էլ՝ կիրառելի չէ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը կայացնելիս. ամբաստանյալներ Ա․Առաքելյանի և Ա․Սարգսյանի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքներն իրենց համակցությամբ չեն հանդիսանում բացառիկ հանգամանք, չեն նվազեցնում ամբաստանյալների, ինչպես նաև նրանց կատարած արարքների հանրության համար վտանգավորության աստիճանը և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման օբյեկտիվ հիմքեր չեն։
(…) [Ա]նդրադառնալով ամբաստանյալ Արարատ Առաքելյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու հարցին (պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությանը), դրա վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքին՝ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության բարձր աստիճանը (որից մեկը տուժողի առողջության դեմ ուղղված դիտավորյալ միջին ծանրության հանցագործություն է, իսկ մյուսը՝ տուժողի ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված ծանր հանցագործություն է), հանցանքը խմբի կազմում կատարելը, ինչպես նաև իրեն փաստացի մեղավոր չճանաչելու և չզղջալու պայմաններում, Ա․Առաքելյանի պատասխանատվությունը ու պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը, արձանագրում է, որ դատական ակտը կայացնելու պահին առերևույթ բավարար չէին գալու այն եզրահանգման, որ նրա ուղղումը հնարավոր է առանց սույն գործով նշանակված պատիժը ռեալ (իրական) կրելու: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դատական ակտում թվարկված տվյալներն ու հանգամանքները, ինչպես բողոքարկվող դատական ակտը կայացնելիս բավարար չէին, այնպես էլ դատական ակտը կայացնելուց հետո էլ բավարար չեն գալու այն եզրահանգման, որ նրա ուղղումը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը ռեալ կրելու, այլ կերպ ասած՝ առկա չէին և առկա չեն օբյեկտիվորեն գոյություն ունեցող այնպիսի տվյալներ, որոնք թույլ կտային հանգել այն համոզման, որ պատժի նպատակներին տվյալ դեպքում հնարավոր է հասնել վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու եղանակով:
Ամբաստանյալ Ա․Առաքելյանի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերոնշյալ հանգամանքների ամբողջությունն Առաջին ատյանի դատարանն արդեն իսկ հաշվի է առել նրա նկատմամբ տվյալ հոդվածների սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելիս:
(…) [Ա]նդրադառնալով ամբաստանյալ Արմինե Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու հարցին (պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությանը), դրա վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքին՝ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության բարձր աստիճանը (որից մեկը տուժողի առողջության դեմ ուղղված դիտավորյալ միջին ծանրության հանցագործություն է, իսկ մյուսը՝ տուժողի ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված ծանր հանցագործություն է), հանցանքը խմբի կազմում կատարելը, արձանագրում է, որ ամբաստանյալ Ա․Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր առաջնորդվել նաև մարդասիրության սկզբունքով, այն է՝ դատավճռում արձանագրած և գնահատման ենթարկած՝ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների հետ մեկտեղ հաշվի առնել նաև՝ պատահականորեն ծագած վեճի ընթացքում նույն տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելու և համակցված վնասվածքների գնահատման արդյունքներով այդ տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու փաստը, ինչպես նաև Ա․Սարգսյանի կին հանդիսանալու, վերջինի բնակության վայրերում դրականորեն բնութագրվելու և վատառողջության վերաբերյալ ներկայացված տվյալները, որի պայմաններում հնարավոր էր եզրակացնել, որ համակատարմամբ, բայցև առանց նախնական համաձայնության գործած անձանցից մեկի՝ գործով ամբաստանյալ Արմինե Սարգսյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելը նպատակահարմար է և ողջամիտ ժամկետով՝ 2 տարով փորձաշրջան սահմանելու պարագայում կարող է ապահովվել նրա նկատմամբ պատժի նպատակների իրացվելիությունը՝ նրա ուղղումը, սոցիալական արդարության վերականգնումը, նոր հանցագործությունների կանխումը (…)3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքի կատարման մեջ Ա.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
12. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով գործի փաստական հանգամանքների բացահայտման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքում Ա.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:
Մասնավորապես, Ա.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված և հիմնավորված են, և նրա մեղավորությունը հաստատվել է ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում՝ իր, Ի.Մարտիրոսյանի, Ա.Սարգսյանի, տուժող Ն.Ավետիսյանի ցուցմունքներով, վկա Արսեն Աղասարյանի նախաքննական ցուցմունքով, բանավոր հաղորդում ընդունելու մասին թիվ 019193 արձանագրությամբ, դատաբժշկական փորձաքննության թիվ 225 եզրակացությամբ4: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության է ենթարկել գործում առկա ապացույցները, և Ա.Առաքելյանի մեղավորության հարցում հանգել ճիշտ հետևության՝ կայացնելով պատճառաբանված որոշում։
13. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքի կատարման մեջ Ա.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ Ա.Առաքելյանին վերագրվող արարքը ենթակա է որակման և՛ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և՛ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։
15. ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն՝ 1. Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ [դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը] և 113-րդ [դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը] հոդվածներով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության [խոշտանգումը] հատկանիշները (…):
2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝
(…)
5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից (…):
16. Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները մեկնաբանել է Էրիկ Եղինյանի գործով որոշման շրջանակներում5։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող հոդվածում նախատեսված է հանցակազմի բացասական (նեգատիվ) հատկանիշ, այն է՝ եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ քննարկվող բացասական հատկանիշը նախատեսելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել բացառել արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված հանցակազմով որակելն այն դեպքերում, երբ առաջանում են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հանցակազմերով նախատեսված հետևանքները, կամ երբ առկա են խոշտանգման հատկանիշները։ Այլ կերպ՝ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածում նախատեսված հանցակազմով որակելու համար, փաստորեն, անհրաժեշտ նախապայման է անձի արարքում միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքների չառաջացումը, և ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայությունը: Հետևաբար, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքում, երբ նաև դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվում, կամ երբ առկա են խոշտանգման հատկանիշները, անձի արարքը հոդվածում առկա բացառության ուժով ենթակա չէ որակման ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը չի բացառում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ և 112-րդ կամ 113-րդ հոդվածներով՝ իրական համակցության կանոններով որակման հնարավորությունը, եթե կատարվող արարքների միջև բացակայում է ներքին սուբյեկտիվ կապը, և դրանք ընդգրկված չեն մեկ միասնական դիտավորության շրջանակներում։
17. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանը, Ա.Առաքելյանին, Ի.Մարտիրոսյանին և Ա.Սարգսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, հաստատված է համարել, որ վերջիններս Նարեկ Ավետիսյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հետ միաժամանակ նրան պատճառել են հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ6:
- Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ա.Առաքելյանը և Ա․Սարգսյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն, որը որակված է ճիշտ7:
18. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում մեջբերված իրավական նորմի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն Ա.Առաքելյանին վերագրվող արարքը որակել են միաժամանակ և՛ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և՛ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ անտեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածում նախատեսված հանցակազմի բացասական հատկանիշը, ըստ որի՝ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածում նախատեսված հանցակազմով որակելու համար անհրաժեշտ նախապայման է անձի արարքի արդյունքում դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հանցակազմով նախատեսված հետևանքների չառաջացումը, իսկ նման հետևանքների առաջացման դեպքում արարքը ենթակա էր որակման միայն ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով։
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն վարույթի նյութերի վերլուծությունից հետևում է, որ Ա.Առաքելյանին մեղսագրվում է խմբի կազմում տուժող Ն․Ավետիսյանի նկատմամբ բռնության գործադրում, ինչի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս և, միաժամանակ, ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք։ Այլ կերպ՝ վերոնշյալ արարքներն ընդգրկված են մեկ միասնական դիտավորության շրջանակներում, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված բացառության ուժով, կատարվածը չէր կարող որակվել իրական համակցության կանոններով։
19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ Ա.Առաքելյանին վերագրվող արարքը ենթակա է որակման և՛ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և՛ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, հիմնավորված չեն։
20. Ինչ վերաբերում է Ա.Առաքելյանի նկատմամբ նշանակված պատժի և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունների՝ ոչ հիմնավոր լինելու մասին բողոքաբերի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցը որոշելիս, ստորադաս դատարանները, համադրված վերլուծության և իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման ենթարկելով սույն գործի փաստական հանգամանքները, այդ թվում նաև՝ Ա.Առաքելյանի վատառողջ լինելը, հանցանքը կատարելու ռեցիդիվը, կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, տուժողի առողջության դեմ ուղղված դիտավորյալ միջին ծանրության հանցագործություն կատարելը, հանցանքը խմբի կազմում կատարելը, հանգել են հիմնավորված հետևության, որ սույն գործով հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանն Ա.Առաքելյանի նկատմամբ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և նշանակված պատիժը ռեալ (իրական) կրելու միջոցով: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն այդ մասով կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր:
21. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները հաստատված են համարել Ա.Առաքելյանի, Ի.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի կողմից խմբի կազմում նույն արարքի կատարումը և վերջիններիս արարքներին տվել են քրեաիրավական նույն որակումը։ Նման պայմաններում, հաշվի առնելով, որ ստորադաս դատարանների դատական ակտերը՝ Ա.Առաքելյանի արարքին տրված քրեաիրավական որակման մասով, ենթակա են փոփոխման, և հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում ամրագրված նորմը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկված դատական ակտի փոփոխման հիմքն ակնհայտորեն վերաբերում է նաև դատական ակտը չբողոքարկած մեղադրյալներին՝ Ի.Մարտիրոսյանին և Ա.Սարգսյանին: Հետևաբար, անհրաժեշտ է անդրադառնալ նաև Ի.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի արարքների քրեաիրավական որակման հարցին, քանի որ սույն վարույթով առերևույթ առկա է վճռաբեկ բողոքի սահմաններից դուրս գալու հիմք՝ ի շահ մեղադրյալներ Ի.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի։
22. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Առաքելյանի արարքին տրված քրեաիրավական որակման առնչությամբ սույն որոշմամբ կատարված հետևությունները վերաբերելի են նաև Ի.Մարտիրոսյանին և Ա.Սարգսյանին, հետևաբար վերջիններիս արարքները ևս ենթակա են որակման միայն ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
23. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ստորադաս դատարանների կողմից հաստատված՝ Ի.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի վերաբերյալ փաստական հանգամանքները, այդ թվում նաև՝ վերջիններիս անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի նպատակների իրագործմանը հնարավոր է հասնել Ի.Մարտիրոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելու միջոցով և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը վերջինիս նկատմամբ կիրառելի չէ, իսկ Ա.Սարգսյանի դեպքում պատժի նպատակների իրագործմանն հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու պայմաններում՝ 1 (մեկ) տարի ժամկետով փորձաշրջան սահմանելով։
24. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները կիրառել են ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման։ Այսինքն, թույլ է տրվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելու համար։ Արդյունքում, անհրաժեշտ է Ա.Առաքելյանին, Ի.Մարտիրոսյանին և Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի իրավական հիմնավորումից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ արարքին սխալ իրավական գնահատական տրված լինելու պատճառաբանությամբ։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է Ա.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով8 նշանակված ազատազրկումը՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, թողնել անփոփոխ, Ի.Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված ազատազրկումը՝ 1 (մեկ) տարի ժամկետով, թողնել անփոփոխ և պատժի կրման սկիզբը հաշվելով 2021 թվականի հուլիսի 17-ից՝ Ի.Մարտիրոսյանի կողմից պատիժը համարել կրած և նրան անհապաղ ազատ արձակել, իսկ Ա.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը9 թողնել անփոփոխ՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արարատ Սեյրանի Առաքելյանի, Իշխան Յուրիկի Մարտիրոսյանի և Արմինե Ռուբենի Սարգսյանի վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 23-ի որոշումը փոփոխել։
Արարատ Սեյրանի Առաքելյանին առաջադրված մեղադրանքի իրավական հիմնավորումից հանել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ արարքին սխալ իրավական գնահատական տրված լինելու պատճառաբանությամբ։
Արարատ Սեյրանի Առաքելյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված ազատազրկումը՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, թողնել անփոփոխ։
Իշխան Յուրիկի Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի իրավական հիմնավորումից հանել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ արարքին սխալ իրավական գնահատական տրված լինելու պատճառաբանությամբ։
Իշխան Յուրիկի Մարտիրոսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված ազատազրկումը՝ 1 (մեկ) տարի ժամկետով, թողնել անփոփոխ։ Պատժի կրման սկիզբը հաշվելով 2021 թվականի հուլիսի 17-ից՝ Իշխան Յուրիկի Մարտիրոսյանի կողմից պատիժը համարել կրած և նրան անհապաղ ազատ արձակել։
Արմինե Ռուբենի Սարգսյանին առաջադրված մեղադրանքի իրավական հիմնավորումից հանել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ արարքին սխալ իրավական գնահատական տրված լինելու պատճառաբանությամբ։
Արմինե Ռուբենի Սարգսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը թողնել անփոփոխ՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով։
2․ Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
______________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 48-57։
2 Տե՛ս նույն տեղում։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 112-140։
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 48-57։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էրիկ Եղինյանի գործով 2021 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ ԼԴ1/0030/01/16 որոշման 13-21-րդ կետերը։
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
8 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Ա.Առաքելյանի, Ի.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կարգավորումը:
9 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական:
>