ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի ապրիլի 27-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 11-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված եզրակացությունը ստանալուց հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, որն առաջարկությունը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, նշանակում է կատարում տվյալ պաշտոնում, իսկ նշանակում չկատարելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում`
1) հանել «իսկ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի,» բառերը.
2) «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի» բառերից հետո լրացնել «և բարձրագույն խմբի պաշտոններում» բառերով.
3) «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետը` համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը» բառերը:
Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. մայիսի 14 Երևան ՀՕ-49-Ն |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|