Գլխավոր տեղեկություն
Համար
N 169-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 19.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2022 թվականի N 169-Լ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 (վերնագիրը խմբ. 16.06.23 N 982-Լ, փոփ. 15.02.24 N 210-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։

(1-ին կետը խմբ. 16.06.23 N 982-Լ, փոփ. 15.02.24 N 210-Լ)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։

(2-րդ կետը փոփ. 15.02.24 N 210-Լ)

3. (կետն ուժը կորցրել է 15.02.24 N 210-Լ)

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 169-Լ որոշման

(գլխագիրը փոփ. 16.06.23 N 982-Լ)

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Լեռնային Ղարաբաղի ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 15.02.24 N 210-Լ)

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կարևորագույն խնդիրներից է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիքների բնակարանային ապահովությունը։

(1-ին կետը փոփ. 15.02.24 N 210-Լ)

2. Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է, որի ուղղությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր։

(2-րդ կետը փոփ. 15.02.24 N 210-Լ)

3. Ներկա փուլում առաջարկվում է իրականացնել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր (այսուհետ՝ ծրագիր)։

(3-րդ կետը փոփ. 15.02.24 N 210-Լ)

 

II. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

4. Ծրագրի իմաստով շահառուն Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված, Լեռնային Ղարաբաղում հաշվառված և առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի (մշտապես) բնակված կամ հաշվառում չունենալու դեպքում վերջին երեք տարում փաստացի (մշտապես) բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքն է (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների (անձանց), որոնք որևէ ծրագրի շրջանակներում գործուղվել են Լեռնային Ղարաբաղ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։ Պարտադիր բնակության պահանջը տարածվում է ընտանիքի՝ առնվազն մեկ անդամի վրա։ Ընտանիքի բացակա անդամները դիտվում են շահառու և ընդգրկվում են տվյալ ընտանիքի կազմում, եթե նրանց բացակայությունը պայմանավորված է բուժման կամ ուսման կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելու հետ։ Ծնողների հետ միևնույն հասցեում բնակված՝ ամուսնացած կամ ամուսնալուծված զավակի ընտանիքը որպես առանձին շահառու կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այդ ընտանիքին սեփականության իրավունքով պատկանել է մեկ այլ բնակելի անշարժ գույք Լեռնային Ղարաբաղի այն շրջանում, որտեղ բնակվել է այդ ընտանիքը։

(4-րդ կետը խմբ., լրաց. 16.06.23 N 982-Լ, փոփ. 15.02.24 N 210-Լ)

5. Ծրագրի իմաստով ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, թոռները, ինչպես նաև ցանկացած անձ, որը սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված ժամանակահատվածում փաստացի (մշտապես) բնակվել է տվյալ ընտանիքում, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները։ Սույն կետով սահմանված ընտանիքի անդամները ծրագրի շրջանակներում կարող են հանդիսանալ ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր շահառու ընտանիքների անդամներ։ Սակայն ընտանիքի միևնույն անդամը կարող է հանդիսանալ միայն մեկ շահառու ընտանիքի անդամ։

(5-րդ կետը լրաց. 16.06.23 N 982-Լ)

6. Աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան, անհատական բնակելի տուն, կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունք (այսուհետ՝ միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով հիփոթեքային վարկ ստացող շահառուին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։

(6-րդ կետը խմբ., լրաց. 23.02.23 N 239-Լ, խմբ. 15.02.24 N 210-Լ)

7. Ընտանիքը (ընտանիքի անդամը), որպես շահառու, ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում), բացառությամբ 2023 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերած, անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուների, որոնք կարող են ծրագրից օգտվել երկրորդ անգամ՝ Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու, անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով։

(7-րդ կետը լրաց. 15.02.24 N 210-Լ)

8. Շահառուն իրավունք ունի օգտվել ծրագրից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից (եկամտահարկի վերադարձի, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից) օգտվելու հանգամանքից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ հաստատված ծրագրի)։ Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարները ենթակա են վերադարձման բացառապես շահառուի կողմից վճարված տոկոսների գումարների չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշման հավելվածի 5.4-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան։

(8-րդ կետը լրաց. 06.10.22 N 1541-Լ)

9. (կետն ուժը կորցրել է 15.02.24 N 210-Լ)

10. Երևան քաղաքում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման (կառուցապատումը շարունակելու) նպատակով աջակցությունը տրամադրվում է բացառապես այն անձանց և նրանցից սերված ընտանիքներին, ովքեր նախքան Լեռնային Ղարաբաղում բնակվելն ունեցել են Երևան քաղաքի հաշվառում։

(10-րդ կետը լրաց. 23.02.23 N 239-Լ, փոփ. 15.02.24 N 210-Լ)

11. Սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված դեպքից բացի, մնացած բոլոր դեպքերում աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման (կառուցապատումը շարունակելու) նպատակով։

(11-րդ կետը խմբ. 06.10.22 N 1541-Լ, լրաց. 23.02.23 N 239-Լ, խմբ. 15.02.24 N 210-Լ)

12. (կետն ուժը կորցրել է 15.02.24 N 210-Լ)

13. Ծրագրի շրջանակներում դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հուլիսի 1-ը։

(13-րդ կետը փոփ. 23.02.23 N 239-Լ, 16.06.23 N 982-Լ, 15.02.24 N 210-Լ)

14. Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի մարման համար։

(14-րդ կետը լրաց. 23.02.23 N 239-Լ, փոփ. 15.02.24 N 210-Լ)

15. Ծրագրի հիմնական պայմաններն են՝

1) կատարվող կանխավճարի նվազագույն չափը (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով հիփոթեքային վարկ ստացող շահառուին) կազմում է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնի առնվազն՝

ա. 10 տոկոսը, եթե աջակցությունը տրամադրվում է Երևանում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար,

բ. 2.5 տոկոսը, եթե աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար,

գ. 1 տոկոսը, եթե աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված գյուղական բնակավայրում (այսուհետ՝ սահմանամերձ բնակավայր) հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար կամ, եթե շահառուն ունի առնվազն 4 անչափահաս երեխա կամ հավաստագրում ներառված ընտանիքի բոլոր անդամների 65 տարին լրացած է.

2) հիփոթեքային վարկի նվազագույն ժամկետը 120 ամիս է.

3) հիփոթեքային վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով.

4) ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է բացառապես շահառու ընտանիքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 453-Լ որոշման հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված հավաստագրում ներառված բոլոր չափահաս անդամների անունով.

5) (ենթակետն ուժը կորցրել է 16.06.23 N 982-Լ)

6) հիփոթեքային վարկի ամբողջական մարման դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը.

7) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց (բացառությամբ ընտանիքի անդամների) անունով գրանցելու դեպքում (անկախ բաժնեմասի չափից) դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը.

8) (ենթակետն ուժը կորցրել է 06.10.22 N 1541-Լ)

9) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի (վարկառուի) մահվան դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, եթե շահառուի ժառանգը չի հանդիսանում սույն հավելվածի 5-րդ կետում նշված ընտանիքի անդամ, ընդ որում՝ այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը, իսկ եթե շահառուն չունի ժառանգ, ապա նրա մահվան դեպքում աջակցության գումարի վճարումը կազմակերպությանը շարունակվում է մինչև վարկի ամբողջական մարումը.

10) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում (եթե ժամանակացույցով նախատեսված ամսական վճարները գերազանցում են սույն հավելվածի 16-րդ կետով սահմանված սահմանաչափերը) 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը.

11) (ենթակետն ուժը կորցրել է 15.02.24 N 210-Լ)

12) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով.

13) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ձեռք բերվող անշարժ գույքը չի հանդիսացել շահառու ընտանիքի որևէ անդամի սեփականությունը, այդ թվում՝ չի պատկանել բաժնային սեփականությամբ.

14) հիփոթեքային վարկի ձևակերպման ժամանակ որպես վարկառու (համավարկառու) կարող է հանդես գալ սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված՝ ընտանիքի ցանկացած չափահաս անդամ.

15) կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի ձեռքբերման վարկն ապահովված է՝

ա. կառուցապատողի հատուկ հաշվին գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից փոխանցված դրամական միջոցների և անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրավով՝ մինչև կառուցվող շենքում ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը,

բ. կառուցվող շենքում բնակելի անշարժ գույքի (բազմաբնակարան շենքում բնակարանի) ձեռքբերման իրավունքի գրավով և կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված վարկային միջոցների գրավով վարկավորման գումարի առնվազն 100%-ի չափով։

Ընդ որում, մինչև կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի ձեռքբերման ավարտական ակտի հանձնումը՝ կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցները ենթակա են սառեցման/կուտակման և չեն կարող օգտագործվել վերջինիս կողմից՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջի:

(15-րդ կետը լրաց., փոփ. 06.10.22 N 1541-Լ,  լրաց. 01.12.22 N 1842-Լ, լրաց., խմբ., փոփ. 23.02.23 N 239-Լ, փոփ., լրաց. 16.06.23 N 982-Լ, 15.02.24 N 210-Լ, խմբ. 31.10.24 N 1722-Լ)

16. Աջակցության չափը կազմում է՝

1) Երևանում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 113 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 8%, հանրագումարային մինչև 3.648 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 63 հազ. դրամ.

2) Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 153 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 10%, հանրագումարային մինչև 5.850 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 98 հազ. դրամ.

3) սույն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 200 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 12%, հանրագումարային մինչև 8.660 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 140 հազ. դրամ.

4) սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 242 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 11.085 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 177 հազ. դրամ.

5) սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու), ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 277 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12.668 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 207 հազ. դրամ.

6) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարների փոխհատուցման համար՝ սեփականության իրավունքի գրանցման վճարը՝ 25,000 դրամ և 20,000 դրամ պետական տուրքը, գրավի իրավունքի պետական գրանցման վճարը՝ 25,000 դրամ և 1,000 դրամ պետական տուրքը: Սահմանամերձ բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար վերը նշված օրենքներով սահմանված վճարները գանձվում են 50%-ի չափով։

(16-րդ կետը լրաց. 06.10.22 N 1541-Լ, 29.12.22 N 2077-Լ, լրաց., փոփ. 23.02.23 N 239-Լ, լրաց. 16.06.23 N 982-Լ, փոփ. 15.02.24 N 210-Լ)

16.1. Սույն հավելվածի 16-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված աջակցության ամսական սահմանաչափերը (մայր գումարի և տոկոսագումարների) չեն կիրառվում ժամանակացույցով նախատեսված առաջին ամսվա ամսական վճարների նկատմամբ:

(16.1-ին կետը լրաց. 23.02.23 N 239-Լ)

16.2. Սույն հավելվածի 16-րդ կետի 2-5-րդ ենթակետերով սահմանված աջակցության չափերը վարկի տոկոսագումարի սուբսիդավորման գծով բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում կազմում են՝

1) հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում մինչև 13%.

ա. Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հանրագումարային մինչև 7.925 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 168 հազ. դրամ,

բ. սույն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հանրագումարային մինչև 9.505 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 202 հազ. դրամ,

գ. սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հանրագումարային մինչև 11.085 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 177 հազ. դրամ,

դ. սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու), ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հանրագումարային մինչև 12.668 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 207 հազ. դրամ.

2) լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 3 % չափով՝ վարկի տրամադրման պահին.

ա. Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հանրագումարային մինչև 10.3 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 192 հազ. դրամ,

բ. սույն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հանրագումարային մինչև 12.4 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 230 հազ. դրամ,

գ. սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հանրագումարային մինչև 14.5 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 270 հազ. դրամ,

դ. սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու), ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հանրագումարային մինչև 16.8 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 310 հազ. դրամ։

(16.2-րդ կետը լրաց. 15.02.24 N 210-Լ)

16.3. Լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող 36 ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն վերափոխվում է լողացող տոկոսադրույքի՝ փոփոխվելով Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն՝ տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ)։ Լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տարեկան 2 անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին։ Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով։ Հիփոթեքային վարկավորման դեպքում (այդ թվում՝ նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված վարկերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 453-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված վերանորոգման վարկերի դեպքում) աջակցության չափը տոկոսագումարների մարման համար հաշվարկվում է 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան։

(16.3-րդ կետը լրաց. 15.02.24 N 210-Լ)

16.4. Անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրված վարկերի դեպքում գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից փաստացի տրամադրված գումարները շահառուի կողմից փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով ենթակա են վերադարձման պետությանը, եթե՝

1) շահառուի ժառանգը չի հանդիսանում սույն հավելվածի 5-րդ կետում նշված ընտանիքի անդամ.

2) վարկային պայմանագրի կնքման օրվանից 3 տարվա ընթացքում շահառուի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակտը չի ներկայացվում հիփոթեքային վարկ տրամադրած կազմակերպություն։

(16.4-րդ կետը լրաց. 15.02.24 N 210-Լ)

 

III. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

17. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)` հիմք ընդունելով ծրագրի ընթացքի վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները։

18. Նախարարությունը վեցամսյա պարբերականությամբ պաշտոնական կայքէջում հրապարակում է վարչական և վիճակագրական տեղեկատվություն ծրագրում ընդգրկված շահառուների թվի, նրանց տրամադրված պետական աջակցության գումարների վերաբերյալ։

 

IV. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

19. Ծրագրի հիմնական ռիսկերն են՝

1) ծրագրի գծով բյուջետային հատկացումների անբավարարություն՝ պայմանավորված ծրագրի բարձր պահանջարկով (ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության, կհատկացվեն լրացուցիչ միջոցներ).

2) ծրագրի ցածր պահանջարկ (ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության, համապատասխան փոփոխություններ կկատարվեն ծրագրի հիմնական պայմաններում).

3) ֆորս մաժորային իրավիճակներ (երկրաշարժ, հրդեհ և այլն)։

20. Ծրագրի կապակցությամբ այլ հիմնական ռիսկեր չեն նույնականացվել։

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

21. Ծրագրի շրջանակներում Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված 4,308 ընտանիքի աջակցություն տրամադրելու համար 2022 թվականին կպահանջվի շուրջ 3.4 մլրդ դրամ։

(21-րդ կետը փոփ. 15.02.24 N 210-Լ)

22. Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ֆինանսական միջոցների ավելացման (պակասեցման) հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ծրագրի գծով նախորդ տարիներին կատարված փաստացի ծախսերը:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

23. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ցուցաբերել ֆինանսական աջակցություն Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիքներին՝ իրենց բնակարանային ապահովության խնդիրները լուծելու համար։

(23-րդ կետը փոփ. 15.02.24 N 210-Լ)

24. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել 4,308 շահառուի։

(24-րդ կետը փոփ. 15.02.24 N 210-Լ)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 06.10.22 N 1541-Լ, լրաց. 01.12.22 N 1842-Լ, 29.12.22 N 2077-Լ, խմբ., լրաց., փոփ. 23.02.23 N 239-Լ, 16.06.23 N 982-Լ, 15.02.24 N 210-Լ, խմբ. 31.10.24 N 1722-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

 փետրվարի 17-ի N 169-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

 

Մարզը

Համայնքը

Բնակավայրը

ՀՀ Արագածոտնի մարզ

Արագած

գ. Ալագյազ

Թալին

գ. Գառնահովիտ

գ. Լուսակն

ՀՀ Արարատի մարզ

Արալեզ

գ. Արալեզ

Արտաշատ

գ. Բարձրաշեն

գ. Դեղձուտ

ՀՀ Արմավիրի մարզ

Արաքս

գ. Արտիմետ

Արմավիր

գ. Այգևան

գ. Լենուղի

գ. Նորավան

գ. Սարդարապատ

Բաղրամյան

գ. Արգինա

Խոյ

գ. Արագած

գ. Շահումյան

Մեծամոր

գ. Արմավիր

գ. Արևիկ

գ. Գետաշեն

գ. Փշատավան

գ. Ջանֆիդա

ՀՀ Գեղարքունիքի մարզ

Ճամբարակ

գ. Ջիլ

Մարտունի

գ. Աստղաձոր

գ. Լեռնահովիտ

գ. Ներքին Գետաշեն

գ. Վերին Գետաշեն

Սևան

գ. Գագարին

Վարդենիս

գ. Ակունք

գ. Շատջրեք

ՀՀ Լոռու մարզ

Ալավերդի

գ. Հագվի

Լոռի Բերդ

գ. Ագարակ

Սպիտակ

գ. Գոգարան

գ. Լեռնավան

գ. Լուսաղբյուր

Ստեփանավան

գ. Վարդաբլուր

Տաշիր

գ. Մեդովկա

ՀՀ Կոտայքի մարզ

Աբովյան

գ. Կաթնաղբյուր

Հրազդան

գ. Ջրառատ

ՀՀ Շիրակի մարզ

Ախուրյան

գ. Կապս

Ամասիա

գ. Արեգնադեմ

գ. Բերդաշեն

Արթիկ

գ. Արևշատ

ՀՀ Վայոց ձորի մարզ

Եղեգնաձոր

գ. Շատին

գ. Եղեգիս

գ. Չիվա

Վայք

գ. Գոմք

ՀՀ Տավուշի մարզ

Այրում

գ. Բագրատաշեն

ՀՀ Սյունիքի մարզ

Գորիս

գ. Հարժիս

Սիսիան

գ. Դարբաս

գ. Վաղատին

Ընդամենը՝

28 համայնք

48 բնակավայր

(հավելվածը լրաց.16.06.23 N 982-Լ)

 

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ