Գլխավոր տեղեկություն
Համար
N 1924-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.10.2024-16.11.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 05.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2020

03.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 28.09.23 N 1668-Լ)

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1924-Լ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 28.09.23 N 1668-Լ)

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին ու 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Սույն որոշման իմաստով անհայտ կորած են համարվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ կամ գերեվարված այն քաղաքացիական անձինք, որոնց տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի կամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության մեջ:

3. Սույն որոշման իմաստով անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձ է համարվում սույն որոշման 2-րդ կետի համաձայն անհայտ կորած համարված այն քաղաքացիական անձը, որի գտնվելու վայրը դարձել է հայտնի:

4. Սահմանել, որ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի դիմելու դեպքում սույն որոշմամբ սահմանված, անհայտ կորածի համար դեռևս չնշանակված կամ չվճարված, սոցիալական աջակցությունը տրամադրվում է իրեն:

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1924-Լ որոշման

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին (այսուհետ՝ շահառու):

2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական 300.000 դրամի չափով:

3. Սույն միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում՝

1) ամուսինը.

2) զավակը (զավակները).

3) ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը.

4) 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև անհայտ կորած քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:

4. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է համապատասխան գումարը բանկային հաշվեհամարին կամ շահառուի ընտրված բանկին փոխանցելու միջոցով:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1924-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են շահառուի սոցիալական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) տրամադրման (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:

2. Աջակցությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ շահառուի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։ Աջակցության տրամադրման համար դիմում կարող է ներկայացնել նաև անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձը:

3. Դիմումը ներկայացնելու համար շահառուն, մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ, e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով նախարարություն է ներկայացնում՝

1) շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը կամ բանկը.

2) ամուսնության վկայականի կամ ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` անհայտ կորածի ամուսնու համար.

3) անհայտ կորածի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` անհայտ կորածի ծնողի կամ օրինական ներկայացուցչի համար.

4) երեխայի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի և առկայության դեպքում՝ երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը՝ անհայտ կորածի երեխայի համար.

5) ըստ անհրաժեշտության՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթղթի, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ որոշման (վարչական ակտի), ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալ հանդիսանալը հաստատող փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները.

6) տեղեկություն այլ շահառուների (ընտանիքի անդամներ՝ ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) առկայության վերաբերյալ (բացառությամբ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի դիմելու դեպքի)՝ համաձայնության դեպքում կցելով անհայտ կորածի համար նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների կողմից ստորագրված համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը։

(3-րդ կետը փոփ. 30.11.23 N 2088-Լ, 25.01.24 N 105-Լ, 28.03.24 N 428-Լ, 06.06.24 N 835-Լ, 15.08.24 N 1269-Լ, 10.10.24 N 1595-Լ)

4. Նախարարությունը, դիմումով ներկայացված տվյալները համեմատում (համադրում) է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի կամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից տրամադրված տվյալների հետ, անհրաժեշտության դեպքում, համեմատում (համադրում) է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բազաների տվյալների հետ և մերժում է կամ հաշվառում է դիմումը։ Ընդ որում, ճշգրտվում է նաև այլ շահառուների առկայության վերաբերյալ տեղեկությունը:

5. Դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված տվյալները թերի են և դրա մասին նախարարությունից դիմումը ստանալուց տասն աշխատանքային օրվա ընթացքում տեղեկանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում չեն լրացվել.

2) ներկայացված տվյալները հավաստի չեն (նախարարության իրականացրած ուսումնասիրության արդյունքում).

3) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մահվան պետական գրանցում: Այս դեպքում այլ շահառուի առկայության դեպքում՝ այդ շահառուն աջակցությունից օգտվելու համար դիմում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով.

4) ուսումնասիրության արդյունքում չի հաստատվել սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով սահմանված՝ ընտանիքի անդամ լինելու հանգամանքը.

5) շահառուի համար առկա է հաստատված դիմում, բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն հանդիսանում է նաև անհայտ կորած քաղաքացիական այլ անձի ընտանիքի անդամ.

6) աջակցության տրամադրումը նաև մերժվում կամ դադարեցվում է՝ անհայտ կորած քաղաքացիական անձի մասին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից ստացված կարգավիճակի հստակեցման (փոփոխության) մասին տեղեկատվության առկայության դեպքում:

6. Եթե դիմումը չի մերժվում, ապա նախարարությունը՝

1) հաշվառում է դիմումը և դիմելու օրվա ամսվանից հաշվարկում է շահառուի ամսական աջակցության չափը՝ սկսած սույն կարգը հաստատելու ամսվանից մինչև 2024 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետի՝

ա. 300.000 դրամ/շահառուների թիվ (գումարը բաժանվում է շահառուների միջև, եթե չկա նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին համաձայնություն),

բ. եթե առկա չէ շահառուների վերաբերյալ ճշգրտված տեղեկատվություն, ապա հաշվարկվում է ամսական աջակցության նախնական չափ՝ 100.000 դրամ: 2024 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ ամսական աջակցության վերջնական չափի հաշվարկումը կատարվում է համաձայն սույն ենթակետի «ա» պարբերության,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 635-Լ որոշման հիման վրա շահառուին վճարված միանվագ աջակցության առկայության դեպքում սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված ամսական միանվագ աջակցության չափը հաշվարկվում է՝ վճարված միանվագ աջակցության չափը նվազեցնելուց հետո.

2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, անհայտ կորածի վերաբերյալ դեպքը տեղի ունենալու կամ կարգավիճակի հստակեցման (անհայտ կորած համարելու հիմքերը հայտնի դառնալու կամ դադարելու) օրվա կամ ամսվա մասին, ստացված տեղեկատվության առկայության դեպքում շահառուի կամ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի ամսական աջակցության չափը հաշվարկվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված չափերով՝ դեպքը տեղի ունենալու ամսվանից մինչև կարգավիճակի հստակեցման ամիսը ներառյալ.

3) հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում:

(6-րդ կետը փոփ. 30.11.23 N 2088-Լ, 25.01.24 N 105-Լ, 28.03.24 N 428-Լ, 06.06.24 N 835-Լ, 15.08.24 N 1269-Լ, 10.10.24 N 1595-Լ)

7. Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին որոշումը նախարարությունը կայացնում է դիմումն ստանալուց հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում, որի մասին գրավոր տեղեկացնում է դիմողին: Ընդ որում, աջակցությունը նշանակելու դեպքում՝ նշվում է նաև hաշվարկված աջակցության չափը։

8. Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ աջակցության գումարը՝ դիմումը հաստատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցելու կամ շահառուի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ կամ նոտարական կարգով լիազորված անձի ներկայանալու և վերջինիս նույնականացնելու միջոցով:

9. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:

10. Սույն կարգի հիման վրա նշանակված և շահառուի մահվան պատճառով մինչև 2024 թվականի հոկտեմբերի 20-ը չվճարված գումարը վճարվում է դիմողի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, դիմողի մահվան վկայականը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը և այլն) նախարարություն են ներկայացվում մինչև 2024 թվականի հոկտեմբերի 25-ը։

(10-րդ կետը փոփ. 30.11.23 N 2088-Լ, 25.01.24 N 105-Լ, 28.03.24 N 428-Լ, 06.06.24 N 835-Լ, 15.08.24 N 1269-Լ, 10.10.24 N 1595-Լ)

(հավելվածը փոփ. 30.11.23 N 2088-Լ, 25.01.24 N 105-Լ, 28.03.24 N 428-Լ, 06.06.24 N 835-Լ, 15.08.24 N 1269-Լ, 10.10.24 N 1595-Լ)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան