Գլխավոր տեղեկություն
Համար
N 1507-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1507-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 4 հավելվածներով հաստատված կարգերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի համայնք Աբովյան ք․, Հատիսի փողոց թիվ 6/29 հասցեում գտնվող՝ 1846,3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված՝ 0,1702 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 11112016-07-0070 վկայական) (այսուհետ՝ գույք) օտարել աճուրդով:

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2023 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 203 100 000 դրամ.

2) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 37 000 000 դրամ.

3) անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 166 929 839 դրամ, որից հատկացված հողամասի տվյալ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 11 631 979 դրամ.

4) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 203 100 000 դրամ.

5) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով՝ 20 310 000 դրամ, որն աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարվելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Աճուրդի չհաղթող մասնակցին (մասնակիցներին) նախավճարը վերադարձվում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.

6) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 653 748 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ.

7) որ աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման արձանագրությունն ստորագրվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթաց քում։

3. Կոմիտեի նախագահին՝

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան մինչև 2025 թվականի նոյեմբերի 24-ը կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.

4) սույն որոշման 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.

5) պայմանագրի կնքումից հետո 15-օրյա ժամկետում համապատասխան տեղեկատվությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ գնորդի հետ գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու նպատակով։

4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով, առանց մեկնարկային գնի նվազեցման։

5. Սահմանել, որ գնորդը վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան


26.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ