ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3656-Ա |
«24» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «ԱՎՐՈՐԱ ՍԹԱՐ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) միջև 30.04.2024թ. թվականին կնքված «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-24/59-5» ծածկագրով ծառայությունների մատուցման գնման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ «Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցման պարտավորությունը /այսուհետ` ծառայություն/` համաձայն սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագրի պահանջների»։
Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ «Ծառայությունը մատուցվում է Պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխան և N 2 հավելվածով սահմանված ծառայության մատուցման ժամանակացույցով նախատեսված ժամկետներով»։
Ընկերությունը խախտելով պայմանագրով սահմանված պարտավորությունները, չի՛ կազմակերպել և չի՛ իրականացրել Պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագրով պահանջված սպորտային միջոցառումը /«Երևան մարաթոն» մրցաշար/, որի մատուցման ժամկետ էր սահմանված մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։
Միաժամանակ՝ համաձայն Պայմանագրի տեխնիկական բնութագրով սահմանված՝ մրցաշարի հետ կապված բոլոր մանրամասները պատվիրատուի հետ համաձայնեցնելու վերաբերյալ դրույթի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը /այսուհետ` Վարչություն/ տեղեկացրել է, որ «Երևան մարաթոն» մրցաշարն անցկացվելու է ս/թ սեպտեմբերի 15-ին։ Վարչությունը Պայմանագրով պատվիրատուին վերապահված իրավունքների և պարտականությունների շրջանակներում 29.08.2024թ. h.46.1/143210-24, 04.09.2024թ. h.46.1/146528-24 և 10.09.2024թ. հ.46.1/149373-24 գրություններով, ինչպես նաև star.avrora@inbox.ru էլեկտրոնային հասցեով Ընկերությանը տեղեկացրել է «Երևան մարաթոն» մրցաշարի անցկացման ժամկետների վերաբերյալ և խնդրել, որպեսզի Ընկերությունը ներկայացնի մրցաշարի անցկացման հետ կապված բոլոր համաձայնեցումները՝ ներառյալ միջոցառման շրջանակներում արտերկրից ժամանող հյուրերի դիմավորման, հյուրանոցի տեղափոխման և այլ ծառայությունների մատուցման մասով, որը համաձայն տեխնիկական բնութագրի պետք է իրականացնի Ընկերությունը, սակայն վերոնշյալ գրություններին Ընկերության կողմից որևէ արձագանք չի եղել և արդյունքում նշված ժամկետում չի մատուցվել ծառայությունը։
Պայմանագրի 2.1.3 կետի համաձայն` Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է պայմանագիրը։ Կատարողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝
բ) խախտվել է ծառայության մատուցման ժամկետը։
Պայմանագրի 2.4.1 կետի համաձայն` Կատարողը պարտավոր է «Պայմանագրի N 1 և N 2 հավելվածներով սահմանված պայմաններով ապահովել ծառայության մատուցումը` ղեկավարվելով գործող օրենսդրությամբ»։
Երևանի քաղաքապետարանը, ղեկավարվելով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 2.1.3 կետի բ) ենթակետի պահանջով՝ միակողմանի /ամբողջությամբ/ լուծել է 30.04.2024 թվականին կնքված «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-24/59-5» ծածկագրով պայմանագիրը։
30.04.2024 թվականին կնքված «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-24/59-5» ծածկագրով պայմանագրի միակողմանի /ամբողջությամբ/ լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի սեպտեմբերի 17-ին և Պայմանագիրը սեպտեմբերի 18-ի դրությամբ համարվում է լուծված:
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ԱՎՐՈՐԱ ՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Տ. Ավինյան |