ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3604-Ա |
«19» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ 90.016 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով 2023 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված թիվ 90.016 ֆինանսական պայմանագիրը և Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված ծրագրի իրականացման համաձայնագիրը.
1. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ ԵՆԲ) միջև 2023 թվականի նոյեմբերի 29-ին կնքված թիվ 90.016 ֆինանսական պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) հաստատված Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման աշխատանքները վերապահել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ):
2. «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենին՝ ապահովել.
1) սույն որոշման ստորագրումից հետո Գանձապետարանում համապատասխան գանձապետական հաշիվների բացումը և դրանց կառավարումը (բացառությամբ` Երևանի քաղաքապետարանի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհի).
2) Ծրագրի համար բացված գանձապետական հաշիվների, ինչպես նաև՝ ԵՆԲ ընթացակարգերով մասհանման հայտերի ներկայացման և այլ էլեկտրոնային համակարգերի համար լիազորված անձանց ստորագրությունների նմուշների ներկայացումն ու փոփոխումը:
3. «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ-ի համապատասխան խմբի ղեկավարին՝ ապահովել.
1) Ծրագրի շրջանակներում փաստաթղթաշրջանառությունը և վերջինիս իսկության հավաստումը.
2) ըստ հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի՝ շինարարության իրականացման գործընթացը՝ ժամկետների պահպանմամբ.
4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետին՝ ապահովել.
1) Ծրագրում ներառված բոլոր հասարակական շենքերի սեյսմիկ ուսումնասիրության եզրակացությունը.
2) ըստ անհրաժեշտության՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի ձեռբերման գործընթացը.
3) պարզ փորձաքննության դրական եզրակացությամբ նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի փոխանցումը (էլեկտրոնային և թղթային եղանակով) «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենին:
5. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենին, ըստ պահանջի, էլեկտրոնային տարբերակով տրամադրել Ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային միջոցներից կատարված վճարումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումը վերապահել Երևանի քաղաքապետի՝ շինարարության և բարեկարգման ոլորտը համակարգող տեղակալին:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Տ. Ավինյան |