ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2024 թվականի N 1584-Ն
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի․
2) մասնագիտական որակավորման քննությունների հանձնման կարգը` համաձայն N 2 հավելվածի․
3) մասնագիտական որակավորման վկայականին ներկայացվող պահանջները` համաձայն N 3 հավելվածի։
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, այլ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված վարորդների մասնագիտական որակավորման վկայականներն ուժի մեջ են մինչև դրանց ժամկետների ավարտը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականիհոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ (այսուհետ՝ միջպետական փոխադրումներ) կատարող «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ (ենթակարգ) ունեցող վարորդները (այսուհետ՝ վարորդներ) պետք է ունենան մասնագիտական որակավորման վկայական (այսուհետ՝ ՄՈՎ)։
2․ Միջպետական փոխադրումներ կատարող վարորդների նախնական մասնագիտական որակավորման և պարբերական վերապատրաստման դասընթացներն իրականացնում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի պահանջներին համապատասխան լիազոր մարմնից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած կազմակերպությունները (այսուհետ՝ ուսումնական կենտրոն)։
3․ Սույն որոշմամբ սահմանված նախնական մասնագիտական վերապատրաստման դասընթաց անցնելուց և տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից կազմակերպված տեսական քննությունը դրական արդյունքով հանձնելուց և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը վճարելուց հետո լիազոր մարմինը վարորդին տալիս է ՄՈՎ։
4․ Միջպետական փոխադրումներ կատարող վարորդները նախնական մասնագիտական որակավորումից և ՄՈՎ-ը ստանալուց հետո յուրաքանչյուր 5 տարին մեկ ուսումնական կենտրոնում պետք է անցնեն պարբերական վերապատրաստման դասընթաց։
5․ Սույն պահանջների N 1 ձևով սահմանված միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստման դասընթաց անցնելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա ՄՈՎ-ի մեջ լիազոր մարմնի կողմից իրականացվում է նշում կամ տրամադրվում է նոր ՄՈՎ։
2․ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ
6. Միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների նախնական մասնագիտական որակավորումն իրականացվում է նախնական մասնագիտական վերապատրաստման դասընթաց անցնելուց և մասնագիտական որակավորման քննությունը դրական արդյունքով հանձնելու արդյունքում։
7․ Նախնական մասնագիտական վերապատրաստման դասընթացը լինում է՝
1) ամբողջական, որի տևողությունը 280 ժամ է, որից 20 ժամը գործնական ուսուցումն է․
2) արագացված, որի տևողությունը 140 ժամ է, որից 10 ժամը գործնական ուսուցումն է․
3) կարճաժամկետ, որի տևողությունը 35 ժամ է, որից 3 ժամը գործնական ուսուցումն է։
8․ Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված մասնագիտական վերապատրաստման ամբողջական դասընթացն անցնում են 18-ից 21 տարեկան վարորդները, արագացված դասընթացը՝ 21 տարեկանից բարձր տարիք ունեցող վարորդները, իսկ կարճաժամկետը՝ մինչև 2016 թվականի հունվարի 1-ը որևէ «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգի (ենթակարգի) վարորդական վկայական ունեցող վարորդները։
9․ Ուսումնական կենտրոնները նախնական մասնագիտական դասընթացի ընթացքում պետք է իրականացնեն վարորդների գործնական ուսուցում վարորդական կարգին համապատասխան դասի տրանսպորտային միջոցի կամ սիմուլյատորի միջոցով։
10․ Գործնական ուսուցման ժամանակ վերապատրաստվող վարորդը տրանսպորտային միջոցը կարող է անընդմեջ վարել վերապատրաստման նպատակով անհատապես վարելու համար նախատեսված քսան ժամից առավելագույնը ութ ժամ, իսկ արագացված կարգով նախնական մասնագիտական որակավորման դեպքում տրանսպորտային միջոցը վերապատրաստման նպատակով անհատապես վարելու համար նախատեսված տասը ժամից առավելագույնը չորս ժամ։
11․ Գործնական ուսուցում անցնող վարորդին պետք է ուղեկցի ուսումնական կենտրոնի հրահանգիչը։
12․ Վարորդի գործնական վերապատրաստումը տրանսպորտային միջոցով հատուկ տարածքում կամ համապատասխան սիմուլյատորի միջոցով պետք է իրականացվի ճանապարհային և եղանակային տարբեր պայմաններում, օրվա տարբեր ժամերի։
13․ Ուսումնական կենտրոնը միջպետական փոխադրումներ կատարող վարորդներին տրամադրում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց անցնելու վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն N 1 ձևի։
3․ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
14․ ՄՈՎ ստացած «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգի (ենթակարգի) վարորդական վկայական ունեցող վարորդները միջպետական փոխադրումներ իրականացնելու համար ուսումնական կենտրոնում պետք է անցնեն պարբերական մասնագիտական վերապատրաստման դասընթաց։
15․ Պարբերական մասնագիտական վերապատրաստման դասընթացը վարորդները պետք է անցնեն 5 տարվա պարբերականությամբ։
16․ Պարբերական մասնագիտական վերապատրաստման դասընթացը ներառում է տեսական և գործնական ուսուցում:
17․ Վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստման դասընթացների ընդհանուր տևողությունը պետք է լինի 35 ժամ, օրական ոչ ավելի, քան յոթ ժամ տևողությամբ։
18․ Պարբերական մասնագիտական վերապատրաստումների գործնական ուսուցումը կարող է անցկացվել բարձրակարգ սիմուլյատորների միջոցով կամ համապատասխան դասի տրանսպորտային միջոցով։
19․ Ուսումնական կենտրոնը պարբերական մասնագիտական վերապատրաստում անցած վարորդներին տալիս է վերապատրաստման դասընթացն անցնելու վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն N 1 ձևի, որի հիման վրա ՄՈՎ-ի մեջ լիազոր մարմնի կողմից կիրականացվի նշում կամ կտրամադրվի նոր ՄՈՎ։
4․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
20. Վարորդների պարտադիր պարբերական կամ նախնական մասնագիտական վերապատրաստման դասընթացները կարող են իրականացնել սույն կարգի 2-րդ կետում նշված ուսումնական կենտրոնները։
21․ Ուսումնական կենտրոնները պետք է ունենան՝
1) ուսումնական ծրագիր.
2) համապատասխան որակավորում ունեցող դասախոսական կազմ և գործնական վերապատրաստում իրականացնող հրահանգիչներ․
3) վերապատրաստման դասընթացները կազմակերպելու համար համապատասխան տարածք, ուսումնական նյութեր, գործնական աշխատանքի համար համապատասխան դասի տրանսպորտային միջոցներ կամ սիմուլյատոր։
22․ Գործնական մասնագիտական վերապատրաստում իրականացնող հրահանգիչները պետք է ունենան համապատասխան դասի տրանսպորտային միջոց վարելու վարորդական վկայական։
23․ Ուսումնական կենտրոնը մասնագիտական վերապատրաստման դասընթացի ուսումնական ծրագիրը կազմում է սույն որոշմամբ հաստատված՝ N 2 հավելվածում ներկայացված գիտելիքների և կոմպետենցիաների շրջանակներում։
Ձև N 1
ՏԵՂԵԿԱՆՔ
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույնով հավաստվում է, որ ----------------------------------------------------------------
անունը, հայրանունը, ազգանունը
ծնված՝ -----------------------------------------------, «-------»-------------------20 --------թ․
------------------------------------------------------------------------------------------ում անցել է
ուսումնական կենտրոնի անվանումը
միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդի ---------------------------
նախնական/պարբերական
մասնագիտական վերապատրաստման դասընթաց ---------- ուսումնական ժամ տևողությամբ։
Ուսումնական կենտրոնի ղեկավար -------------------------- ------------------------------
ստորագրությունը անունը, ազգանունը
Կ․Տ․
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
07.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականիհոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ
1․ Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգի (ենթակարգի) վարորդական վկայական ունեցող վարորդները մասնագիտական որակավորման վկայական (այսուհետ՝ ՄՈՎ) ստանալու համար պետք է հանձնեն մասնագիտական որակավորման քննություններ։
2. Սույն կարգի 1-ին կետում նշված ՄՈՎ ստանալու մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար անձը լիազոր մարմին պետք է ներկայացնի՝
1) անձը հաստատող փաստաթղթի` անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը․
2) «C» կամ «D», կամ «CE», կամ «DE», կամ «C1E», կամ «D1E» կարգերի (ենթակարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու ուժի մեջ գտնվող վարորդական վկայականի պատճենը.
3) վարորդների մասնագիտական որակավորման քննություն հանձնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող ուսումնական կենտրոնի կողմից տրված մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ տեղեկանք (սույն որոշմամբ սահմանված պահանջի դեպքում)։
3. Տեսական քննությունն սկսելուց առաջ քննություն ընդունողը քննություն հանձնողին բացատրում է քննության անցկացման կարգը:
4․ Տեսական թեստը բաղկացած է 25 հարցից, որոնք ներառում են՝
1) բազմակի ընտրության հարցեր, ուղղակի պատասխան պահանջող հարցեր կամ երկուսի համադրությունը․
2) կոնկրետ դեպքի ուսումնասիրություն։
5․ Տեսական թեստի առավելագույն տևողությունը պետք է լինի 90 րոպե։
6. Թեստերի հարցերն ընտրվում են սույն կարգի N 1 ձևով սահմանված մասնագիտական որակավորման առարկաներից` համակարգչային ծրագրով պատահական ընտրության միջոցով:
7․ Տեսական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 60 տոկոսին տվել է ճիշտ պատասխան։
8․ Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում նրան թույլատրվում է մեկ տարվա ընթացքում մասնակցել գործնական քննությանը:
9․ Գործնական քննության տևողությունը 60 րոպե է, որի ընթացքում գնահատվում է համապատասխան դասի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ուղևորափոխադրման կամ բեռնափոխադրման պահանջներին համապատասխան արդյունավետ և անվտանգ վարելու կարողությունը, մասնավորապես, ճանապարհային և մթնոլորտային տարբեր պայմաններում, ինչպես նաև ցերեկային կամ գիշերային ժամերին վարելու առումով։
10․ Գործնական քննությունը կարող է անցկացվել համապատասխան դասի տրանսպորտային միջոցով կամ բարձրակարգ սիմուլյատորի միջոցով։
11. Տեսական քննությունը դրական հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում գործնական քննությունը դրական չհանձնելու դեպքում տեսական քննության արդյունքը համարվում է ուժը կորցրած, և անձը սույն կարգով սահմանված կարգով կրկին պետք է հանձնի տեսական քննությունը:
Ձև N 1
Ց Ա Ն Կ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ
1. Տրանսպորտային միջոցն անվտանգության պահանջներին համապատասխան արդյունավետ վարելու վերապատրաստման դասընթացը ներառում է՝
1) տրանսպորտային միջոցի կառուցվածքի իմացություն՝ ներառյալ փոխանցման տուփի, շարժիչի, արգելակային համակարգի և այլ հանգույցների աշխատանքի, տախոգրաֆի համակարգի կիրառման վերաբերյալ տեղեկատվություն.
2) տրանսպորտային միջոցով ուղևորափոխադրման և բեռնափոխադրման դեպքում անվտանգության պահանջներին համապատասխան կառավարելու հմտություն․
3) վառելիքի օպտիմալ օգտագործման ունակություն․
4) C, CE, C1 և C1E կարգի (ենթակարգի) վարորդական վկայականների դեպքում լրացուցիչ՝ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռի առանձնահատկություններից կախված տրանսպորտային միջոցը վարելու, բեռը փոխադրելու պահանջներ, բեռի բաշխման պայմաններ, սռնիների գերբեռնվածության հետևանքներ․
5) D, DE, D1 և D1E կարգի (ենթակարգի) վարորդական վկայականների դեպքում լրացուցիչ՝ ուղևորների որակյալ սպասարկման և երթևեկության անվտանգության պահանջների ապահովում, ուղևորափոխադրման համար նախատեսված ենթակառուցվածքներից օգտվելու հմտություն։
2. Մասնագիտական վերապատրաստմանն առնչվող այլ անհրաժեշտ կարգավորումների կիրառումը վարորդական բոլոր վկայականների դեպքում՝
1) ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի օրենսդրության իմացություն, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածների և թվային տախոգրաֆի սարքերի կիրառման պահանջների իմացություն, թվային տախոգրաֆի խախտումների դեպքում պատժամիջոցների կիրառման, վարորդների իրավունքների ու պարտականությունների իմացություն.
2) միայն C, CE, C1 և C1E կարգի (ենթակարգի) վարորդական վկայականների դեպքում՝ բեռների փոխադրման պահանջների իմացություն, բեռների փոխադրման փաստաթղթերի, թույլտվությունների, պայմանագրերի իմացություն, սահմանային անցման առանձնահատկությունների և կանոնակարգերի իմացություն.
3) միայն D, DE, D1 և D1E կարգի (ենթակարգի) վարորդական վկայականների դեպքում՝ ուղևորների փոխադրման պահանջները սահմանող կարգավորումների իմացություն, ուղևորների առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, երեխաներ) փոխադրման առանձնահատկություններ։
3. Առողջապահության, ճանապարհային երթևեկության և շրջակա միջավայրի անվտանգություն ապահովում վարորդական բոլոր վկայականների դեպքում՝
1) ճանապարհային վտանգների և պատահարների վերաբերյալ տեղեկատվություն, ճանապարհային պատահարների վիճակագրություն, վթարների բացասական հետևանքներ․
2) անօրինական ներգաղթողների քրեական պատասխանատվության և թրաֆիքինգի կանխարգելիչ միջոցառումներ, տրանսպորտի օպերատորի պատասխանատվության մասին օրենսդրական կարգավորումներ.
3) ֆիզիկական վտանգների կանխում, անձնական պաշտպանության պահանջներ.
4) ֆիզիկական և մտավոր ունակություն, վարքագծի վրա ազդող ալկոհոլի, թմրանյութերի և այլ հոգեմետ նյութերի բացասական ազդեցություն, լարվածության և սթրեսի ազդեցություն․
5) արտակարգ իրավիճակների և տարբեր պատահարների դեպքում վարքագծի կանոններ․
6) կազմակերպության հեղինակության բարձրացմանը նպաստող վարքագծի դրսևորում, վարորդի աշխատանքի պահանջների ապահովում․
7) միայն C, CE, C1 և C1E կարգի (ենթակարգի) վարորդական վկայականների դեպքում՝ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների տնտեսական միջավայրի և շուկայի իմացություն, բեռնափոխադրումների ոլորտում տարբեր մասնագիտացումներ և տրամադրվող ծառայություններ․
8) միայն D, DE, D1 և D1E կարգի (ենթակարգի) վարորդական վկայականների դեպքում՝ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների տնտեսական միջավայրի և շուկայի իմացություն, միջպետական և ներպետական ուղևորափոխադրումների ոլորտում տրամադրվող ծառայություններ։
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
07.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2024 թվականիհոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
Դիմերես
Դարձերես
1․ Մասնագիտական որակավորման վկայականը (այսուհետ՝ ՄՈՎ) պետք է համապատասխանի ISO 7810 և 7816-1 ստանդարտներին։ ՄՈՎ-ի ֆիզիկական բնութագրերն ստուգելու մեթոդները, որոնք նպատակ ունեն ապահովելու դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին, պետք է համապատասխանեն ISO 10373 ստանդարտին։
2. ՄՈՎ-ը պատրաստվում է 54 x 85.7 մմ չափերի պոլիկարբոնատից և ունի երկու կողմ՝ դիմերես և դարձերես։
3․ ՄՈՎ-ի դիմերեսն ունի կապույտ հիմնագույն և պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
1) վերևի հորիզոնական շերտագծի վրա` շերտագծի ձախ եզրից 21.3 մմ հեռավորության վրա, սպիտակ գույնով, 7.2 կետաչափ տպատառով տպագրված են «ՎԱՐՈՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ/ DRIVER QUALIFICATION CARD»՝ հայերենով և անգլերենով.
2) Հայաստանի Հանրապետության միջազգային տարբերանշանը «AM»՝ տպագրված նեգատիվով կապույտ ուղղանկյան մեջ.
3) վարորդին վերաբերող տեղեկությունները տպագրվում են անձնավորման դաշտերի հետևյալ համարակալմամբ՝ «1, 2, 3, 4a, 4b, 4c, 4d, 5, 7, 8, 9».
ա. «1. Ազգանունը/Sսrname»․
բ. «2. Անունը/Given name(s)».
գ. «3. Ծննդյան ամսաթիվը և վայրը/Date and place օf birtհ» (հերթականությամբ լրացվում են ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը).
դ․ «4a. Տրման ամսաթիվը/Date օf issսe» (հերթականությամբ լրացվում են օրը, ամիսը, տարեթիվը)․
ե․ «4b. Վավեր է մինչև/Administrative expiry date» (լրացվում է վկայականի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը` օրը, ամիսը, տարեթիվը).
զ. «4c. Տրված է/issսed by» (լրացվում է վկայականը հատկացնող մարմնի ծածկագիրը).
է․ «5a. Վարորդական վկայական No/Licence No».
ը․ «5b. Վկայական No/Serial No» (9 կետաչափ տպատառերով լրացվում է 8 նիշ պարունակող ծածկագիր` 2 տառ, 6 թիվ),
թ․ «6․ Լուսանկարը/photo» (գունավոր լուսանկար, 3 x 4 մմ չափի)․
ժ․ «7. Ստորագրությունը/Hօlder’s signatսre»,
ժա․ «8. Բնակության վայրը/Address» (պարտադիր չէ).
ժբ. «9. Կարգը (Ենթակարգը)/Categօry (Subcategory)» (լրացվում են տրանսպորտային միջոցների կարգերը (ենթակարգերը):
4․ ՄՈՎ-ի դարձերեսը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
1) վարման իրավունքի կարգերը (ենթակարգերը) և դրանց հետ կապված նախնական մասնագիտական որակավորման և պարբերական վերապատրաստման պահանջները բավարարելու ժամկետի վերաբերյալ տեղեկությունները.
2) վարչական բնույթի տեղեկությունների կամ ճանապարհային անվտանգության հետ կապված տեղեկությունների հնարավոր մուտքագրման համար հատկացված մաս (պարտադիր չէ)․
3) ՄՈՎ-ի դիմերեսի և դարձերեսի վրա զետեղված համարակալված կետերի բացատրությունը (առնվազն 1, 2, 3, 4a, 4b, 4c, 5a և 5b կետերի անվանումները)։
5. ՄՈՎ-ը պետք է ունենա անվտանգության՝ ներառյալ տվյալների պաշտպանության այնպիսի մակարդակ, որը կբացառի քարտի կեղծման կամ բաղկացուցիչ մասերին միջամտության ցանկացած փորձ։ Քարտի անվտանգության մակարդակը պետք է համապատասխանի վարորդական վկայականի անվտանգության մակարդակին։
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
07.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2024 թվական: