Basic information
Number
ՀՕ-236-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (29.07.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2023
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
26.06.2023
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
18.07.2023
Effective date
29.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 384.1-ին հոդվածով.

 

«Հոդված 384.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքն ստանալը

 

1. Վճռաբեկ բողոքի քննության ընթացքում Վճռաբեկ դատարանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԿ) սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, եթե դա անհրաժեշտ է գործով որոշում կայացնելու համար:

2. Խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն կարող է ներկայացնել յուրաքանչյուր դատավոր, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում:

3. Խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը ներառում է՝

1) բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար էական նշանակություն ունեցող փաստակազմն ու իրավական հիմքերը.

2) բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար վերաբերելի ներպետական օրենսդրությունը.

3) ՄԻԵԿ-ի վերաբերելի դրույթները, մասնավորապես վերաբերելի կոնվենցիոնալ իրավունքները և ազատությունները.

4) հնարավորության դեպքում և, եթե անհրաժեշտ է, բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերլուծություններն ու մեկնաբանությունները.

5) անհրաժեշտության դեպքում՝ դիմումն անհապաղ քննելու վերաբերյալ հիմնավորումներ.

6) անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություն՝ ապահովելու վարույթում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց անանունությունը.

7) վերաբերելի լինելու դեպքում՝ բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ կողմերի փաստարկների ամփոփ շարադրանքը:

4. Դիմումին կարող են կցվել այն հիմնավորող անհրաժեշտ նյութեր:

5. Դիմումը պետք է համապատասխանի ՄԻԵԴ-ի սահմանած տեխնիկական պահանջներին:

6. ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցությունն ապահովում է գործով զեկուցում ներկայացնող դատավորը, որը պատրաստում և ՄԻԵԴ է ներկայացնում դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ ՄԻԵԴ-ի քարտուղարության կողմից հայցվող տեղեկությունը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-236-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation