Գլխավոր տեղեկություն
Համար
N 1568-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2024 թվականի N 1568-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու և պետական գույքի գրավադրման պայմանները սահմանելու մասին» N 2102-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 22-րդ կետերի, 7-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) որոշման 5-րդ կետում՝

ա. 5-րդ ենթակետի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝

«6) գրավի պայմանագրում նախատեսել, որ գնորդը գրավ դրված գույքը բավարար հիմնավորման դեպքում կարող է փոխարինել չկատարված պարտավորություններին համարժեք բանկային երաշխիքով՝ կոմիտեի համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ։ Ընդ որում, երաշխիքով սահմանված գումարը պետք է վճարվի պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետներում։ Գրավ դրված գույքի նկատմամբ իրավունքների դադարման պետական գրանցումը կատարվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով:».

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝

«5.1. Հաստատել պետական գույքի առուվաճառքի պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։».

4) որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

5) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝

ա. 17-րդ կետը «գրավադրումից» բառից հետո լրացնել «(եթե առկա չէ բանկային երաշխիք)» բառերով,

բ. 19-րդ կետը «գրավադրումից» բառից հետո լրացնել «(եթե առկա չէ բանկային երաշխիք)» բառերով:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված և դեռևս չավարտված պետական գույքի առուվաճառքի և օգտագործման պայմանագրերի վրա։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

03.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1568-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

 

Սույն առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) կնքված է 20__ թվականի ________ -ի _______ -ին, Երևան քաղաքում, հետևյալ կողմերի միջև`

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` վաճառող), ի դեմս կոմիտեի նախագահ _________ -ի, մի կողմից, և _________ -ի (այսուհետ` գնորդ), մյուս կողմից:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն պայմանագիրը կնքված է` հիմք ընդունելով`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը.

2) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները.

3) (պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված լինելու դեպքում` նաև) «Պետական գույքի մասնավորեցման ________  թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 20 _________ թվականի _________ -ի _________ -ի N __ որոշումը, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով առուվաճառքի դեպքում տվյալ իրավական ակտը.

5) (մրցույթի դեպքում` նաև) 20 _ թ. _________ -ի _____ -ին կայացած մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը.

6) (աճուրդի դեպքում` նաև) 20 __ թ. ________ -ի _____-ին կայացած աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԳԻՆԸ

 

2.1. Սույն պայմանագրի առարկան _________ պետական գույքի (բաժնետոմսերի դեպքում` «__________» ________ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող ________ բաժնետոմսերի (այսուհետ` պետական գույք) առուվաճառքն է:

2.2. Վաճառվող պետական գույքի գնահատված արժեքը կազմում է _________ ՀՀ դրամ (բաժնետոմսերի դեպքում` նաև, որը համապատասխանում է _________ բաժնետոմսի, յուրաքանչյուրը _________ ՀՀ դրամ անվանական արժեքով):

2.3. Վաճառվող պետական գույքի վաճառքի գինը կազմում է _______ ՀՀ դրամ, իսկ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ______ հա մակերեսով հողամասի վաճառքի գինը կազմում է _______ ՀՀ դրամ (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով վճարման այլ միջոց նախատեսված լինելու դեպքում` արտահայտված վճարման տվյալ միջոցով):

2.4. Սույն պայմանագրով սահմանված պայմանների հիման վրա վաճառողը վաճառում և գնորդի սեփականությանն է հանձնում պետական գույքը, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այն` որպես իր սեփականություն:

2.5. Ընկերության (պետական գույքի) գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, _________ : (Անշարժ գույքի դեպքում նաև` սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի կամ լիազորված մարմնի կողմից տրված տեղեկանքի տվյալները _________ ):

2.6. Պայմանագիրը կնքելու պահին բաժնետոմսերը (գույքի դեպքում` գույքը) գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում համաձայն _________ տեղեկանքի:

2.7. Սույն պայմանագրի առարկան համարվում է գրավ դրված` ի ապահովումն գնորդի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման (Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով սահմանված լինելու դեպքում):

2.8. Պետական գույքը գնահատված շուկայական արժեքի կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 75 տոկոսից ցածր գնով մասնավորեցվելու և օտարվելու դեպքում՝ պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերի առարկան չի համարվում գրավադրված, եթե գնորդը կոմիտե է ներկայացնում պետական գույքի գնահատված շուկայական արժեքի կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 75 տոկոսի և վաճառքի գնի տարբերության արժեքի չափով բանկային երաշխիք:

 

3. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

3.1. Գնորդը 20__ թ. _________ -ի ____-ին պետական գույքի վաճառքի գինը` _______ ՀՀ դրամ, վճարել է ամբողջությամբ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` տարաժամկետ վճարման առանձնահատկությունները, կարգը և պայմանները):

3.2. Գնորդը 20__ թ.________ -ի ____-ին վճարել է գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ`_________ հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` ________ ՀՀ դրամ:

3.3. Գնորդը 20 __ թ. ______ -ի _____ -ին գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը ______ ՀՀ դրամ վճարել է ամբողջությամբ:

 

4. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

4.1. Պետական գույքի հանձնում-ընդունումը կատարվում է պետական գույքի հանձնման-ընդունման ակտի ստորագրման միջոցով, պայմանագրի ստորագրման պահից 30 օրվա ընթացքում:

Բաժնետոմսերի ընդունում-հանձնումը կիրականացվի բաժնետոմսերի ստորագրման ճանապարհով, ինչի վերաբերյալ համապատասխան գրառումը կատարվում է ընկերության բաժնետոմսերի ռեեստրում:

4.2. (բաժնետոմսերի դեպքում նաև` բաժնետոմսերի մասնավորեցումից հետո ընկերությունը շարունակում է կրել մինչև մասնավորեցումն ունեցած իր գույքային և ոչ գույքային իրավունքները և պարտականությունները):

4.3. Մինչև սույն պայմանագրով նախատեսված իր ամբողջ պարտավորությունների կատարման ավարտը` գնորդը պարտավորվում է սույն պայմանագրի առարկա հանդիսացող գույքն օտարելու դեպքում օտարման պայմանագրում ամրագրել դրույթ սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրավահաջորդության կարգով նոր գնորդին անցնելու մասին: (բաժնետոմսերի դեպքում նաև`

4.4. Գնորդը հավաստիացնում է, որ իրազեկ է ընկերության ֆինանսական, գույքային փաստացի վիճակին և բաժնետոմսերը ձեռք է բերում սույն պայմանագրում նշված արժեքով ու պայմաններով:

4.5. Գնորդը հավաստիացնում է, որ իրազեկ է ընկերության ունեցած գույքային և ոչ գույքային իրավունքներին ու պարտավորություններին):

 

5. ԳՆՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5.1. Գնորդն իրավունք ունի տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իր կողմից ձեռք բերված պետական գույքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:

(բաժնետոմսերի դեպքում նաև`

5.2. Բաժնետոմսերը գնորդին իրավունք են տալիս մասնակցելու ընկերության կառավարմանը, ստանալու շահութաբաժին և լուծարման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու գույքի մաս):

(Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով նախատեսված լինելու դեպքում նաև`

5.3. «________ » ____________ բաժնետիրական ընկերությունը __________ թվականների տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ ________ ):

5.4. Գնորդը պարտավորվում է`

5.4.1. սույն պայմանագրից ծագող սեփականության իրավունքի գրանցումը կատարել պայմանագրի ստորագրման օրվանից 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր միջոցների հաշվին: Նշված ժամկետներում գրանցում չիրականացնելու դեպքում, վաճառողի պահանջով գույքը ենթակա է վերադարձման, իսկ վաճառողի կողմից կրած վնասները փոխհատուցման` գնորդի կողմից.

5.4.2. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրավարման և պահառության դիմաց վճարումները.

5.4.3. իր լիազորությունների սահմաններում նպաստել քաղպաշտպանության միջոցառումների ու քաղպաշտպանության գույքի պահպանման մասին ընկերության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը, իր լիազորությունների սահմաններում նպաստել մոբիլիզացիոն առաջադրանքների իրականացման, մոբիլիզացիոն ռեզերվների պահպանման մասին ընկերության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովմանը.

(Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով նախատեսված լինելու դեպքում նաև`

5.4.4. առնվազն ______ տարվա ընթացքում պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը.

5.4.5. մինչև ________ թվականն ամբողջությամբ վճարել ընկերության տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները).

5.4.6. գույքի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից ______ տարվա ընթացքում կատարել ________ Հայաստանի Հանրապետության դրամի չափով ներդրում` հետևյալ համամասնությամբ, կառուցվածքով և ժամանակահատվածներում`

1) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից առաջին տարվա ընթացքում`

____________ նպատակով` ______ դրամ,

____________ նպատակով` ______դրամ,

________________________.

2) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից երկրորդ տարվա ընթացքում`

____________ նպատակով` ______ դրամ,

____________ նպատակով` ______դրամ,

________________________.

3) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ________ տարվա ընթացքում` ____________.

5.4.7. սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից տարվա ընթացքում ապահովել սոցիալական երաշխիքների իրականացումը.

5.4.8. պայմանագրով նախատեսված պարտավորության ժամկետը լրանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտե ներկայացնել 5.4.9-րդ կետով սահմանված տեղեկությունները՝ կցելով կատարումը հաստատող փաստաթղթերը, գնահատման հաշվետվությունը, ինչպես նաև կոմիտեի պահանջով ներկայացնել պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ և տեղեկություններ։ Ընդ որում, պարտավորությունների վաղաժամկետ կատարման դեպքում կարող է հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) ներկայացնել սույն կետով սահմանված ժամկետից շուտ.

5.4.9. հաշվետվություններում պարտադիր պետք է ներառված լինի հետևյալ տեղեկատվությունը՝

1) եթե գնորդը, վարձակալը և փոխառուն իրավաբանական անձ է, ապա ներդրումների իրականացման դեպքում՝ համապատասխան կատարված ներդրումների ծավալի, կառուցվածքի և համամասնությունների ու անշարժ գույքի անբաժանելի բարելավումների մասին տեղեկատվություն՝ կցելով դրանց կատարումը հաստատող, ինչպես նաև կազմակերպության հաշվապահական հաշվառման մեջ ներդրումների արտացոլումը հաստատող փաստաթղթերի և շինարարական աշխատանքների՝ ըստ փուլերի կամ ամբողջական ծավալով կատարելու վերաբերյալ տեղեկատվությունը (որը կարող է ներառել կապալի պայմանագրի պատճեն): Անհրաժեշտ է օտարման և մասնավորեցման դեպքում ներկայացնել նաև ըստ ներդրումային ծրագրի ձեռք բերվող և տեղակայվող սարքավորումների և այլ շարժական գույքի ցանկը և արժեքները, ինչպես նաև սոցիալական երաշխիքների և պարտավորությունների կատարումը (աշխատատեղերի պահպանում, նոր աշխատատեղերի ստեղծում և աշխատավարձի պահպանում և տրամադրում) հաստատող փաստաթղթերի պատճենները.

2) գնորդը, վարձակալը և փոխառուն, եթե ֆիզիկական անձ է անկախ ընդհանուր ներդրումների և անշարժ գույքի անբաժանելի բարելավումների արժեքից, եթե իրավաբանական անձ է 100 մլն դրամ և ավելի ներդրումներ (այդ թվում՝ անբաժանելի բարելավումների) իրականացնելու դեպքում պայմանագրով նախատեսված միջանկյալ և ավարտական փուլի համար ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ պարտավոր է ներկայացնել նաև անկախ գնահատողի կողմից իրականացված գնահատման հաշվետվությունը.

3) շինարարության ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներդրումային ծրագրով նախատեսված պարտավորությունների վերաբերյալ հաշվետվությանը պարտադիր կցվում են նաև շենքի քանդման դեպքում՝ շենքի քանդման թույլտվության պատճենը, կառուցման և վերակառուցման դեպքում՝ շինարարության իրականացման թույլտվության պատճենը, շինարարության ավարտը փաստագրող ավարտական ակտի պատճենը, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի կողմից տրված՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը.

5.4.10. վաճառողի պահանջով ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարումը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր.

5.4.11. գնորդն ընկերության պետական սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո, մինչև ստանձնած պայմանագրային պարտավորությունների սահմանված կարգի համաձայն կատարման ավարտն ընկերության իր ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 և ավելի տոկոսի չափով իրականացվող օտարման գործարքների դեպքում՝ պարտավոր է դրա մասին տեղեկացնել վաճառողին և ստանալ գրավոր համաձայնություն.

5.4.12. պայմանագրի պարտավորություններով ծանրաբեռնված մասնավորեցման և օտարման մասին իրավական ակտով կամ ներդրումային ծրագրով քանդման ենթակա համապատասխան անշարժ գույքի դեպքում ներկայացնել բանկային երաշխիք քանդման ենթակա գույքի գնահատված շուկայական արժեքի կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի չափով կամ գրավի առարկա դարձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող համարժեք այլ գույք, ինչպես նաև 3-րդ անձին պատկանող համարժեք գույք, վերջինիս համաձայնությամբ:

 

6. ՎԱՃԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6.1. Վաճառողն իրավունք ունի`

6.1.1. գնորդից պահանջելու պայմանագրում ամրագրված պարտավորությունների կատարման մասին հաշվետվություն` հաստատող փաստաթղթերի հետ միասին.

6.1.2. գնորդից պահանջելու պայմանագրում ամրագրված պարտավորությունների կատարման ընթացքի մասին տեղեկատվություն.

6.1.3. անհրաժեշտության դեպքում պահանջելու պարտավորությունների ժամանակին և ամբողջական կատարման հավաստիությունը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր.

6.1.4. մինչև պայմանագրային պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը ցանկացած ժամանակ պայմանագրի առարկա հանդիսացող տարածքում իրականացնել ուսումնասիրություններ, ինչպես նաև կատարել մշտադիտարկման աշխատանքներ (չխոչընդոտելով ներդրումային ծրագրով իրականացվող աշխատանքները).

ուսումնասիրություններ կատարելիս`

1) պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, տեղեկանքներ, տեղեկատվություն, որոնք անմիջականորեն առնչվում են ուսումնասիրությանը,

2) անհրաժեշտության դեպքում ուսումնասիրության աշխատանքներում ներգրավելու տվյալ կազմակերպության համապատասխան մասնագետների (աշխատողների),

3) վերցնելու այն փաստաթղթերի պատճենները, որոնք անմիջականորեն առնչվում են ուսումնասիրության նպատակներին.

6.1.5. մինչև պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ավարտը իրավունք ունի ցանկացած ժամանակ, դրա մասին 5 օր առաջ գնորդին տեղեկացնելով, իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ` համապատասխան իրավական ակտով սահմանված կարգով.

6.1.6. պայմանագրում նշված պարտավորությունները չկատարելու դեպքում (հաշվի առնելով պարտավորությունների չկատարման ու թերակատարման դեպքերում պայմանագրով նախատեսված և սույն կետում նշված կատարման ժամկետներն ու կարգը) օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բռնագանձում կիրառելու կամ պայմանագիրը լուծելու և դրա հետևանքները կիրառելու և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով:

6.2. Վաճառողը պարտավոր է`

6.2.1. գնորդի պահանջով նրան տրամադրել պետական գույքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկություններ.

6.2.2. առանց գնորդի համաձայնության` չհրապարակել մասնավորեցման և (կամ) պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկման ընթացքում վաճառողին հայտնի դարձած` օրենքով նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

6.2.3. 5.4.8-րդ կետով սահմանված տեղեկությունները ստանալուց հետո մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնել ուսումնասիրություններ և տեղազննումներ ու կայացնել որոշում պարտավորությունների կատարումն ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ.

6.2.4. պայմանագրային պարտավորություններով նախատեսված յուրաքանչյուր պարտավորության կատարման վերաբերյալ տեղում ուսումնասիրության և տեղազննության արդյունքներն ամփոփելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ տեղեկացնել գնորդին՝ պարտավորությունները կատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ.

6.2.5. պարտավորությունների կատարումն ընդունելու և գրավադրումից հանելու համար հիմք ընդունելով գնորդի կողմից ներկայացված ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ անկախ գնահատողի գնահատման հաշվետվությունը և/կամ ներդրումային պարտավորությունների կատարումը հաստատող փաստաթղթերը՝ իրականացնել տեղազննություն, դրա վերաբերյալ կազմել արձանագրություն՝ անհրաժեշտության դեպքում կցելով նաև գնորդի գրավոր կարծիքը.

6.2.6. 300 մլն դրամ և ավելի ներդրումային ծրագրերի իրականացման դեպքում պայմանագրային պարտավորությունների կատարումն ընդունելու համար ստեղծել հանձնաժողով․

6.2.7. պայմանագրային պարտավորությունների կատարումն ընդունելուց հետո՝ 15-օրյա ժամկետում գրավոր դիմել համապատասխան իրավասու մարմնին գրավադրումից հանելու համար, որից հետո՝ 5-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել գնորդին։

 

7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

7.1. Գնորդն իրավունք չունի սույն պայմանագրի 5.4.6-րդ ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները կատարել սույն պայմանագրի առարկա հանդիսացող գույքի (եթե պայմանագրի առարկան որևէ ընկերության բաժնետոմսերն են, ապա նաև տվյալ ընկերության գույքի) օտարման միջոցով:

7.2. Գնորդի կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունը`

1) սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված ներդրումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը, վարձակալը և փոխառուն 6 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 (տասնհինգ) տոկոսի չափով, եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, իսկ եթե գերազանցում է 300 մլն դրամը՝ 10 (տասը) տոկոսի չափով.

2) սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված ներդրումը 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը, վարձակալը և փոխառուն 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 10 (տասը) տոկոսի չափով, եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, իսկ եթե գերազանցում է 300 մլն դրամը՝ 5 (հինգ) տոկոսի չափով.

3) սահմանված ժամկետում` պայմանագրով նախատեսված աշխատողների թվի մինչև 50 տոկոսն ապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատողների թիվը` միաժամանակ աշխատանքով չապահովված յուրաքանչյուր աշխատողի համար ամեն ամիս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` այդ պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի _________ ապատիկի չափով.

4) սահմանված ժամկետում` պայմանագրով նախատեսված աշխատողների թվի 50 տոկոսից ավելին ապահովելու, բայց ամբողջությամբ չապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 2 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատողների թիվը` միաժամանակ աշխատանքով չապահովված յուրաքանչյուր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` այդ պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի __________ ապատիկի չափով.

5) պայմանագրով նախատեսված աշխատավարձը մինչև 50 տոկոս ապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատավարձն ամբողջությամբ` միաժամանակ յուրաքանչյուր ամսվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` սահմանված և չվճարված աշխատավարձի գումարի __________ տոկոսի չափով:

Տուժանքի վճարումը գնորդին չի ազատում չվճարված աշխատավարձի գծով պարտավորությունների ամբողջական կատարումից,

5) պայմանագրով նախատեսված աշխատավարձը 50 տոկոսից ավելի ապահովելու, բայց ամբողջությամբ չապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 2 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատավարձն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` սահմանված և չվճարված աշխատավարձի գումարի տոկոսի չափով:

Տուժանքի վճարումը գնորդին չի ազատում չվճարված աշխատավարձի գծով պարտավորությունների ամբողջական կատարումից:

7.3. Չի թույլատրվում մինչև պայմանագրային պարտավորությունների կատարման ավարտը` ձեռք բերված գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի փոփոխություն` առանց վաճառողի գրավոր համաձայնության` բացառությամբ իրավաբանական անձի վերակազմակերպման, գույքի ժառանգաբար փոխանցման և օրենքով նախատեսված այլ դեպքերի:

7.4. Պարտավորություններից որևէ մեկը տուգանքով հաշվարկված ժամկետում չկատարելու դեպքում կոմիտեն օրենքով սահմանված կարգով դիմում է դատարան՝ գնորդին, վարձակալին և փոխառուին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բռնագանձում կիրառելու կամ պայմանագիրը լուծելու, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով:

7.5. Բաժնետոմսերի մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

7.6. Պայմանագրի 7.2-րդ կետով նախատեսված դրույթներից որևէ մեկը չկատարելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ պայմանագրի առարկա հանդիսացող գույքը վերադարձման Հայաստանի Հանրապետությանը։ Ընդ որում, պայմանագիրը լուծվելու կամ բռնագանձում կիրառվելու դեպքում գնորդ-գրավատուի կողմից վճարված և ներդրված գումարները ենթակա չեն վերադարձման:

 

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

8.1. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագրի կնքումից հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Գնորդը պարտավոր է այդպիսի իրավիճակների մասին մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնել վաճառողին: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9.1. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը ենթակա են լուծման` բանակցությունների միջոցով կամ դատական կարգով:

 

10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

10.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով գրանցման պահից:

10.2. Պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող` հայերեն ____ օրինակից, որոնք մեկական օրինակով պահվում են կողմերի մոտ, այն վավերացնող և գրանցող մարմիններում:

 

ՎԱՃԱՌՈՂ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԿՈՄԻՏԵ

 

ԳՆՈՐԴ

_______________________

(լիազորված անձի անունը, ազգանունը)

 

__________________

(գնորդի անունը, ազգանունը)

 

 

_________________

(այլ տվյալներ և հասցեն)

_____________________

(ստորագրությունը)

 

___________________

(ստորագրությունը)

____ _________ 20 _____ թ.

 

 ____ _________ 20 _____ թ.»:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

03.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2024 թվական: