Գլխավոր տեղեկություն
Համար
N 3489-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
13.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3489-Ա

«13» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

 Երևանի քաղաքապետարան հասցեագրված Դավիթ Գալստյանի 2024 թվականի օգոստոսի 12-ի թիվ Դ-102540-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ իրականացվել է վարչարարություն:

Ուսումնասիրելով Դավիթ Գալստյանի 2024 թվականի օգոստոսի 12-ի թիվ Դ-102540-24 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Թիվ Դ-102540-24 դիմումին կից ներկայացված ապացույցների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 29-ին Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 հասցեում կայանված՝ Դավիթ Գալստյանի սեփականությունը հանդիսացող «Hyundai Elantra 2.0 I» մակնիշի «02 LL 505» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ է ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է վնաս:

Դավիթ Գալստյանը, ներկայացնելով «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից տրված՝ 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ ՎՊ-24-148-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և 2024 թվականի օգոստոսի 9-ի թիվ ՎՊ-24-149-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում 2024 թվականի հունիսի 29-ին ստացված հաղորդման կապակցությամբ և թիվ ՀՎՊԳ N3493 համարով կազմված նյութերը՝ խնդրել է փոխհատուցել «Hyundai Elantra 2.0 I» մակնիշի «02 LL 505» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու հետևանքով առաջացած վնասը:

Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 01XX457228 վկայականի և 2021 թվականի նոյեմբերի 5-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ XB457271 վկայագրի համաձայն՝ «Hyundai Elantra 2.0 I» մակնիշի «02 LL 505» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Դավիթ Գալստյանի սեփականությունը:

 Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հուլիսի 11-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի թիվ 15 հասցեում 2024 թվականի հունիսի 29-ին ժամը 18։00-ին քաղաքացի Դավիթ Գալստյանին պատկանող «Hyundai Elantra 2.0 I» մակնիշի «02 LL 505» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա կոտրվել և ընկել է արտաքինից կենսունակ մանրատերև թեղու կիսաչոր ցողուն։

 «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի օգոստոսի 8-ին տրված թիվ ՎՊ-24-148-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ «Hyundai Elantra 2.0 I» մակնիշի «02 LL 505» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա հետքերն ու վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով համապատասխանում են փորձաքննությանը ներկայացված պատահարի վայրի էլեկտրոնային լուսանկարներում առկա՝ «Hyundai Elantra 2.0 I» մակնիշի «02 LL 505» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկնելու հետևանքով առաջացած հետքերին ու վնասվածքներին և այդպիսիք կարող էին առաջանալ «Պատահարի հանգամանքները» բաժնում նշված ժամանակ և հանգամանքներում նշված ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկնելու հետևանքով, այն է՝ տեղի ունեցած պատահարի ու նշված ավտոմեքենայի հետքերի և վնասվածքների միջև առկա է պատճառահետևանքային կապ (պատճառը ծառի ճյուղի ընկնելն է, հետևանքը՝ դրանից առաջացած հետքերն ու վնասվածքները):

 «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2024 թվականի օգոստոսի 9-ի թիվ ՎՊ-24-149-ԱՊ ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Hyundai Elantra 2.0 I» մակնիշի «02 LL 505» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2024 թվականի հունիսի 29-ի դրությամբ, կազմել է շուրջ 442,000 (չորս հարյուր քառասուներկու հազար) ՀՀ դրամ:

 «ԱԿԲԱ բանկ» բաց բաժնետիրական ընկերության «Շինարարներ» մասնաճյուղից 2024 թվականի հուլիսի 29-ին ստացված թիվ 11184 և թիվ 10990 անդորրագրերի համաձայն՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ փորձաքննության կատարման ծառայությունների մատուցման մասին թիվ ՓԾՊ/148 և թիվ ՓԾՊ/149 պայմանագրերի հիման վրա՝ Դավիթ Գալստյանի կողմից վճարվել է ընդհանուրը 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

 3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Թիվ Դ-102540-24 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Դավիթ Գալստյանի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

 Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հուլիսի 11-ին տրամադրված տեղեկատվությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում 2024 թվականի հունիսի 29-ին ստացված հաղորդման կապակցությամբ և թիվ ՀՎՊԳ N3493 համարով կազմված նյութերը, «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից տրված՝ 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ ՎՊ-24-148-ՀՓ հետքաբանական և 2024 թվականի օգոստոսի 9-ի թիվ ՎՊ-24-149-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Դավիթ Գալստյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2024 թվականի օգոստոսի 12-ի թիվ Դ-102540-24 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի օգոստոսի 9-ի թիվ ՎՊ-24-149-ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Hyundai Elantra 2.0 I» մակնիշի «02 LL 505» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 442,000 (չորս հարյուր քառասուներկու հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 100,000 ՀՀ դրամը, որպես 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ ՎՊ-24-148-ՀՓ հետքաբանական և 2024 թվականի օգոստոսի 9-ի թիվ ՎՊ-24-149-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները ձեռք բերելու նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Դավիթ Գալստյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ