Գլխավոր տեղեկություն
Համար
N 898-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 17.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2024 թվականի N 898-Լ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ծրագրի իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների միջև համագործակցության պայմանագրի ու որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված հավաստագրի (այսուհետ՝ հավաստագիր) օրինակելի ձևերը.

2) մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության տրամադրման ընթացակարգը.

3) մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հավաստագրի իրացման արդյունքում առաջացած դրական մնացորդի իրացման ընթացակարգը.

4) մինչև 2025 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցելով ապահովել որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջի ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացումը տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 14-ի N 898-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից իրականացվող՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագրերի տրամադրման, հիփոթեքային վարկերի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված աջակցության գումարների տրամադրման և օգտագործման հետ կապված գործընթացները, ինչպես նաև աջակցության դադարեցման հիմքերը և ընթացակարգը:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

1) ծրագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր».

2) դիմող՝ ծրագրի շահառուի կարգավիճակ ստանալու նպատակով դիմում-հայտարարություն ներկայացրած անձ․

3) շահառու` որոշման N 1 հավելվածի 5-րդ կետով սահմանված ընտանիք.

4) հիփոթեքային վարկ` Հայաստանի Հանրապետությունում բնակարան կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տրամադրվող կամ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նույն նպատակով շահառուին արդեն իսկ տրամադրված և գործող հիփոթեքային վարկ.

5) կազմակերպություն` առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ, որոնք ծրագրի շրջանակում համագործակցում են ծառայության հետ.

6) ընտանիքի անդամ՝ որոշման N 1 հավելվածի 6-րդ կետով սահմանված միավորի մեջ ներառված անձ.

7) վարկային պայմանագիր` ծրագրի ներքո հիփոթեքային վարկի վերաբերյալ կազմակերպության և շահառուի միջև կնքված վարկային պայմանագիր.

8) աջակցության գումար` հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված գումարի սուբսիդավորում ծառայության կողմից որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված սահմանաչափերով.

9) հավաստագիր՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված, ծառայության կողմից տրամադրվող՝ ծրագրի շահառու հանդիսանալու մասին փաստը հավաստող փաստաթուղթ.

10) հաշիվ՝ կազմակերպության բանկային հաշիվ, որին ծրագրի շրջանակում ծառայությունը փոխանցում է աջակցության գումարը.

11) պայմանագիր՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ ծրագրի շրջանակում ծառայության և կազմակերպության միջև կնքված պայմանագիր։

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

3. Ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1) որոշման N 1 հավելվածի 18-րդ կետով սահմանված պահանջներին բավարարող դիմողը՝ 2024 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը էլեկտրոնային տարբերակով դիմում է ծառայություն՝ դիմում-հայտարարության մեջ նշելով՝

ա. իր և իր ընտանիքի անդամի (անդամների) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), ազգակցական կապը),

բ. հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը,

գ. փաստացի բնակության վայրի հասցեն,

դ. որոշման N 1 հավելվածի 4-րդ կետով նախատեսված աջակցության նախընտրելի եղանակը (բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերում, անհատական բնակելի տան կառուցում, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն),

ե. անհատական բնակելի տան կառուցման դեպքում՝ անհատական բնակելի տների կառուցման բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի ցանկից իր նախընտրած տարբերակի կամ լիցենզավորված կազմակերպության կողմից մշակված, սահմանված կարգով փորձաքննություն անցած և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության մասին.

2) ստացված դիմում-հայտարարության մշակման արդյունքում 10 աշխատանքային օրվա ընթացքում որոշման պահանջներին բավարարող դիմողն ինքնաշխատ եղանակով ստանում է շահառուի կարգավիճակ, հիմք ընդունելով՝

ա. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալները,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների տվյալները՝ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանի ստուգման համար,

գ. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանի ստուգման համար,

դ. բնակչության պետական ռեգիստրից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու վերաբերյալ,

ե. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը երեխա-ծնող կապի, շահառուների ողջ լինելու ու գրանցված ամուսնության առկայության/բացակայության վերաբերյալ.

3) ծրագրի շահառու հանդիսանալու դեպքում 2-օրյա ժամկետում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հավաստագիրը, որը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին.

4) ծրագրի շահառու չհանդիսանալու դեպքում 2-օրյա ժամկետում ինքնաշխատ եղանակով հաղորդագրություն է ուղարկվում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված մերժման հիմքերը.

5) դիմում-հայտարարությունը մերժվում է, եթե՝

ա. դիմողի կամ ընտանիքի որևէ անդամի տվյալը բացակայում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում,

բ. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, եթե ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը գերազանցում է 12 քառ. մ՝ բացառությամբ հիփոթեքային վարկի շրջանակներում գրավի առարկա հանդիսացող միակ անշարժ գույքի կամ գնման իրավունքի,

գ. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը բնակչության պետական ռեգիստրից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվության համաձայն՝ չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

դ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվության համաձայն՝ առկա է երեխա-ծնող կապի, շահառուների ողջ լինելու ու գրանցված ամուսնության վերաբերյալ անհամապատասխանություն.

ե. ընտանիքը չի համապատասխանում դիմում-հայտարարության մեջ ընտրված թիրախային խմբին (3 և ավելի անչափահաս երեխա ունեցող, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անդամով ընտանիք),

զ. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել է հավաստագիր.

6) դիմում-հայտարարությունը մերժվելու դեպքում հնարավոր է ներկայացնել նոր դիմում-հայտարարություն՝ լրացնելով ընտանիքի՝ որոշման պահանջներին բավարարող անդամների տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմում-հայտարարության մերժման համար հիմք է հանդիսացել 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շահառու հանդիսանալը.

7) հավաստագիրն ստանալուց հետո շահառուն դիմում է կազմակերպություն հիփոթեքային վարկավորման գործընթացն սկսելու համար.

8) շահառուի հետ համապատասխան վարկային պայմանագիր կնքելուց և հիփոթեքային վարկը փաստացի հատկացնելուց հետո, կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները.

9) ծառայությունն ամսական պարբերականությամբ կազմակերպության հաշվին է փոխանցում աջակցության գումարները՝ ըստ սույն կետի 8-րդ ենթակետում նշված ժամանակացույցի։ Ժամանակացույցով նախատեսված վճարումները (աջակցության գումարի սահմանաչափին համապատասխան) չիրականացնելու դեպքում ժամկետանց պարտավորությունների համար տույժերը, տուգանքները վճարում է ծառայությունը.

10) եթե հիփոթեքային վարկի գծով ամսական վճարները (մայր գումար և տոկոսագումար) գերազանցում են աջակցության գումարի սահմանաչափերը, ապա սույն կետի 8-րդ ենթակետում նշված ժամանակացույցով սահմանված ամսական վճարների և աջակցության գումարի տարբերությունը վճարվում է շահառուի կողմից.

11) ծրագրի իրականացման ամբողջ գործընթացը (դիմում-հայտարարությունների ընդունում, տվյալների նույնականացում, հաստատում, շահառուի կարգավիճակի տրամադրում, աջակցության վճարում) իրականացվում է համապատասխան ծրագրային ապահովման միջոցով՝ ինքնաշխատ եղանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալների նույնականացումը հնարավոր չէ իրականացնել ինքնաշխատ եղանակով համապատասխան թվային տվյալների (երեխա-ծնող կապը, գրանցված ամուսնության փաստը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու փաստը հավաստող տվյալների) բացակայության կամ թերի լինելու պատճառով։ Այս դեպքում ծառայությունը դիմում-հայտարարությունը հաստատում կամ մերժում է՝ հիմք ընդունելով շահառուների նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները, որոնք ի լրումն առցանց դիմում-հայտարարության՝ շահառուն ներկայացնում է ծառայություն համապատասխան էլեկտրոնային ծանուցումը ստանալուց հետո։ Ծառայությունը դիմում-հայտարարությունը հաստատում կամ մերժում է վերոնշյալ բնօրինակները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում.

12) մինչև սույն կետի 11-րդ ենթակետում նշված ծրագրային ապահովման ներդրումը՝ ծրագրի իրականացման գործընթացն իրականացվում է մեխանիկական եղանակով, իսկ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները ծառայության և կազմակերպությունների միջև փոխանակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (ՍիԲիԷյ-նեթ միջբանկային համակարգչային ցանցի միջոցով).

13) եթե շահառուն սույն կարգով սահմանված ընթացակարգով ստանում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագիր, ապա հիփոթեքային վարկ տրամադրած բանկից կամ վարկային կազմակերպությունից վերցնում է տեղեկանք, որում ներառված են հետևյալ տեղեկությունները՝

ա. կազմակերպության անվանումը, բանկային (տարանցիկ) հաշվի համարը,

բ. շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթուղթը,

գ. վարկային պայմանագրի համարը, կնքման ամսաթիվը, գործողության ժամկետը, վարկի տեսակը (ձեռքբերում, կառուցապատում),

դ. անշարժ գույքի ձեռքբերման արժեքը,

ե. ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի հասցեն,

զ. ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի բնակելի մակերեսը,

է. ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի սեփականատերերի (համասեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթուղթը,

ը. հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարը տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ (եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է արտարժույթով, ապա մնացորդային չափը տրվում է դրամով՝ հիմք ընդունելով տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքը),

թ. հիփոթեքային վարկի վճարման ժամանակացույցը.

14) շահառուն, սույն կետի 13-րդ ենթակետում նշված տեղեկանքին կցում է իր անձը հաստատող փաստաթուղթը, հավաստագիրը, ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի սեփականության վկայականը և հավաստագրի գործողության ընթացքում ներկայացնում է ծառայություն (այդ թվում՝ տարածքային կենտրոններ).

15) ծառայությունը համապատասխան ծրագրային ապահովման միջոցով 5 աշխատանքային օրվա ընթացքում մշակում է ստացված տեղեկատվությունը, ստուգում է գործող հիփոթեքային վարկի համապատասխանությունը ծրագրի հիմնական պայմաններին, որից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի պայմաններին բավարարող շահառուների համար տեղեկանքում նշված բանկային հաշվի համարին փոխանցում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 2 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան դիմելու պահին այդ հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափը, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը.

16) ծրագրի հիմնական պայմաններին չբավարարող հիփոթեքային վարկ ունեցող շահառուների՝ ծառայություն ներկայացրած դիմումը մերժվում է, եթե՝

ա. ձեռք բերված բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման գինը գերազանցում է 55 մլն դրամը,

բ. ձեռք բերված բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս է 12 քմ-ից,

գ. ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չէ շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով.

17) սույն հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է փոփոխման հավաստագրում ներառված ընտանիքի որևէ անդամի մահվան վկայականի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը մահվան վկայականը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրից հեռացնում է ընտանիքի մահացած անդամի տվյալները և շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկում փոփոխված հավաստագիրը.

18) սույն հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է չեղարկման հավաստագրից հրաժարվելու վերաբերյալ շահառուի դիմումի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում չեղարկում է հավաստագիրը, որն այդ պահից սկսած դառնում է անվավեր, և շահառուն կարող է սույն կարգով սահմանված ընթացակարգով ներկայացնել նոր դիմում-հայտարարություն։

(3-րդ կետը լրաց. 26.09.24 N 1526-Լ)

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

4. Աջակցության գումարների տրամադրման վաղաժամկետ դադարեցման հիմքերը սահմանված են որոշման N 1 հավելվածի 14-րդ կետով, որով սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում, դրամական աջակցության վճարումն ամբողջությամբ դադարում է այդ պահից սկսած, բացառությամբ որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հանգամանքի ի հայտ գալու դեպքի, որի ժամանակ շարունակվում է աջակցության գումարի վճարումը կազմակերպությանը մինչև վարկի ամբողջական մարումը, իսկ ձեռք բերված կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը։

5. Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման բոլոր դեպքերում ձեռք բերված կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը։

6. Որոշման N 1 հավելվածի 14-րդ կետով սահմանված իրավիճակներում աջակցության գումարի վճարումն ամբողջական դադարեցնելու դեպքում, այդ պահի դրությամբ վճարված աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման։

7. Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ անհատական բնակելի տունն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը շահառուի կողմից ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով, իսկ դրա ձեռքբերման նախապատվության իրավունքը պատկանում է պետությանը։

(հավելվածը լրաց. 26.09.24 N 1526-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.09.2024, N 1526-Լ 27.09.2024, N 898-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան