Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1756
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.10.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

8 հոկտեմբերի 2024 թ.

 

«ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 432-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ «Հովնանյան Ինտերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Դիմող) ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Տ. Սարգսյանի և Է. Օհանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի (այսուհետ՝ Պատասխանող) ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Հովնանյան Ինտերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի և 432-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:

Օրենսգրքի՝ «Հայցային վաղեմություն հասկացությունը» վերտառությամբ 331-րդ հոդվածը սահմանում է.

«Հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը»:

Օրենսգրքի՝ «Պարտավորության դադարելը կատարման անհնարինու­թյամբ» վերտառությամբ 432-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝

«1. Պարտավորությունը դադարում է կատարման անհնարինությամբ, եթե դա առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար կողմերից որևէ մեկը պատասխա­նատու չէ: Այդ դեպքում պարտատերն իրավունք չունի պարտապանից պահանջել պարտավորության կատարում»:

Օրենսգրքի վիճարկվող դրույթները չեն փոփոխվել/լրացվել:

Գործի քննության առիթը Դիմողի՝ 2024 թվականի հուլիսի 10-ին Սահմանա­դրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով դիմումը, սույն գործով Պատասխանողի գրավոր բացատրու­թյունը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի վերաբերելի դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1.1. Ալեքսանդր Հովհաննեսի Մանուկյանի ներկայացուցիչը 2020 թվականի նոյեմբերի 2-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան) ընդդեմ Դիմողի, եր­րորդ անձ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ պարտավորություն­ները դադարած ճանաչելու, որպես հետևանք հողամասի նկատմամբ գրանցված սահ­մանափակումների դադարման պետական գրանցում կատարելուն պարտավորեց­նելու պահանջների մասին:

1.2. Դատարանը 2020 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ վերոնշյալ հայցա­դիմումն ընդունել է վարույթ:

1.3. Դիմողը 2021 թվականի դեկտեմբերի 3-ին հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Ալեքսանդր Հովհաննեսի Մանուկյանի, երրորդ անձ Հայաստանի Հանրապե­տության կադաստրի կոմիտեի՝ պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

1.4. Դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ Դիմողի հակընդ­դեմ հայցադիմումն ընդունել է վարույթ և որոշել այն քննել սկզբնական հայցի հետ համատեղ։

1.5. Հակընդդեմ հայցի շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 21-ին Ալեք­սանդր Հովհաննեսի Մանուկյանի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն։

1.6. Դատարանը 2022 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ թիվ ԵԴ/31572/02/20 քաղաքացիական գործից առանձնացրել է Ալեքսանդր Հովհաննեսի Մանուկյանի՝ ի դեմս օրինական ներկայացուցիչ Արմինե Հենրիկի Մանուկյանի, սկզբնական հայցն ընդդեմ Դիմողի, երրորդ անձ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ պարտավորությունները դադարած ճանաչելու, որպես հետևանք հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումների դադարման պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, և Դիմողի հակընդդեմ հայցն ընդդեմ Ալեքսանդր Հովհաննեսի Մանուկյանի, երրորդ անձ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ պայմանագրի 6.1.4.2., 6.1.4.3. և 6.1.4.4. կետերով սահմանված պարտավորությունների կատարելուն պարտավորեցնելու պահանջը։

1.7. Դատարանը, քննելով թիվ ԵԴ/31572/02/20 քաղաքացիական գործը, 2022 թվականի փետրվարի 23-ին վճռել է.

«Հայցային վաղեմություն կիրառելու մասին հակընդդեմ հայցով պատասխանող Ալեքսանդր Հովհաննեսի Մանուկյանի՝ ի դեմս օրինական ներկայացուցիչ Արմինե Հենրիկի Մանուկյանի ներկայացուցչի միջնորդությունը բավարարել մասնակի։

1. Թիվ ԵԴ/31572/02/20 քաղաքացիական գործով «Հովնանյան Ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հակընդդեմ հայցն ընդդեմ Ալեքսանդր Հովհաննեսի Մանուկյանի՝ ի դեմս օրինական ներկայացուցիչ Արմինե Հենրիկի Մանուկյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ պայմանագրով սահ­մանված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մասնակի՝ պայմանագրի 6.1.1., 6.1.2., 6.1.3. 6.1.4.1. կետերով սահմանված պարտա­վորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով, մերժել՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով (…)»:

1.8. Դատարանը, քննելով թիվ ԵԴ/32029/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Ալեքսանդր Հովհաննեսի Մանուկյանի՝ ի դեմս օրինական ներկայացուցիչ Արմինե Հենրիկի Մանուկյանի, ընդդեմ Դիմողի, երրորդ անձ Հայաստանի Հանրա­պետության կադաստրի կոմիտեի` պարտավորությունները դադարած ճանաչելու, որպես հետևանք հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումների դադար­ման պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի՝ Դիմողի ընդդեմ Ալեքսանդր Հովհաննեսի Մանուկյանի, երրորդ անձ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի` պայմանագրի 6.1.4.2, 6.1.4.3 և 6.1.4.4 կետերով սահմանված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2023 թվականի մարտի 10-ին վճռել է.

«Ալեքսանդր Հովհաննեսի Մանուկյանի՝ ի դեմս օրինական ներկայացուցիչ Արմինե Հենրիկի Մանուկյանի, հայցն ընդդեմ «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի` պարտավորությունները դադարած ճանաչելու, որպես հետևանք հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումների դադարման պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել:

Դադարած ճանաչել 07.12.2007թ. կնքված Անշարժ գույքի առուվաճառքի պայ­մանագրի 6.1.4.2., 6.1.4.3. և 6.1.4.4 կետերով սահմանված պարտավորությունները:

Վերացնել ք. Երևան, Վահագնի թաղամաս, 5 տեղամաս, Գանձասար-21 հողամասի նկատմամբ ՀՀ Կադաստրի կոմիտեում առկա սահմանափակումների պետական գրանցումը:

«Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ Ալեքսանդր Հովհաննեսի Մանուկյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի` պայմանագրի 6.1.4.2, 6.1.4.3 և 6.1.4.4 կետերով սահմանված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել: (…)»:

Սույն վճռով Դատարանը, ի թիվս այլնի, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

«Անդրադառնալով սկզբնական հայցին՝ Դատարանը պարզված է համարում հետևյալը.

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ՝ դատավոր Ս. Իսկանդարյանի) թիվ ԵԴ/31572/02/20 քաղաքա­ցիական գործով 23.02.2022թ. վճռի համաձայն՝ «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ Ալեքսանդր Հովհաննեսի Մանուկյանի՝ ի դեմս օրինական ներկայացուցիչ Արմինե Հենրիկի Մանուկյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելուն պարտավորեց­նելու պահանջի մասին, մասնակի՝ պայմանագրի 6.1.1., 6.1.2., 6.1.3. 6.1.4.1. կետերով սահմանված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով, մերժվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

(…)

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախա­տեսված դեպքերում:

Վերոգրյալ վճռի և իրավական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ սկզբնական հայցվորն այլևս պարտավոր չէ կատարել պայմանագրի 6.1.1., 6.1.2., 6.1.3., 6.1.4.1 կետերով նախատեսված գործողությունները, ուստի այդ կետերով սահմանված պարտավորությունները դադարել են օրենքի ուժով:

Հակառակ մոտեցումը կհանգեցնի իրավական որոշակիության սկզբունքի խախտման, միաժամանակ կխախտվի նաև սկզբնական հայցվորի՝ ՀՀ Սահմանա­դրության 60-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով հռչակված սեփականության իրավունքը:

Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ պետք է դադարած ճանաչել 6.1.1., 6.1.2., 6.1.3. 6.1.4.1. կետերով սահմանված պարտավորությունները և որպես հետևանք այդ մասով վերացնել ք. Երևան, Վահագնի թաղամաս, 5 տեղամաս, Գան­ձասար-21 հողամասի նկատմամբ ՀՀ Կադաստրի կոմիտեում առկա սահմանա­փակումների պետական գրանցումը:

(…)

(…) Դատարանը եզրահանգում է, որ 6.1.4.2., 6.1.4.3. և 6.1.4.4 կետերով սահմանված պարտավորությունները 6.1.4.1 կետով սահմանված պարտավորության ածանցյալ պարտավորություններ են, որոնք առանց 6.1.4.1 կետի ինքնուրույն գոյու­թյուն ունենալ չեն կարող, քանի որ 6.1.4.1 կետով սահմանված է, որ ճարտարապետա­շինարարական նախագիծը Վաճառողին պետք է ներկայացվի ոչ ուշ, քան 2009 /երկու հազար ինը/թ.-ի սեպտեմբերի 30 /երեսուն/-ը մինչև դրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված/նախատեսված փորձաքննություն­ների անցկացումը և (կամ) հաստատումների և (կամ) վավերացումների և (կամ) համանման այլ ձևակերպումների/արձանագրությունների իրականացումը, իսկ Պայ­մանագրի 6.1.4.2., 6.1.4.3. և 6.1.4.4 կետերով սահմանված սահմանափակումները վերաբերում են այդ ճարտարապետաշինարարական նախագծի վերաբերյալ Վաճա­ռողի դիտողություններին, նկատառումներին, փոփոխություններին, լրացումներին, համաձայնեցմանը:

Այս պայմաններում, նկատի ունենալով, որ Դատարանը արդեն իսկ դադարած է ճանաչել Պայմանագրի 6.1.4.1 կետով սահմանված սահմանափակումները՝ Դատա­րանը գտնում է, որ իմաստազուրկ է նույն Հողամասի կառուցապատման ճարտարա­պետաշինարարական նախագծի վերաբերյալ Վաճառողի դիտողություններն ու նկատառումները հաշվի առնելը, Վաճառողի հետ համաձայնեցված ճարտարապե­տաշինարարական նախագծի փոփոխություններ և/կամ լրացումներ և/կամ այլ բնույթի վերափոխումներ նախաձեռնվելը և/կամ իրականացվելը, ինչպես նաև Վաճա­ռողի հետ ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցումը կարգով ու ժամկետներում համապատասխան ապահովվումը:

Վերոգրյալից ելնելով և նկատի ունենալով, որ Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 6.1.4.1 կետով սահմանված պարտավորությունները ճանաչվում են դադարած, ուստի նույն կետին ածանցյալ համարվող 6.1.4.2., 6.1.4.3. և 6.1.4.4 կետերով սահմանված պարտավորությունները նույնպես պետք է ճանաչել դադարած և որպես հետևանք այդ մասով նույնպես վերացնել ք. Երևան, Վահագնի թաղամաս, 5 տեղամաս, Գանձասար-21 հողամասի նկատմամբ ՀՀ Կադաստրի կոմիտեում առկա սահմանափակումների պետական գրանցումը:

Վերոգրյալից ելնելով՝ Դատարանը գտնում է նաև, որ հակընդդեմ հայցը 6.1.4.2., 6.1.4.3. և 6.1.4.4 կետերի մասով անհիմն է և ենթակա է մերժման»:

1.9. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան), քննելով Դատարանի՝ 2023 թվականի մարտի 10-ի թիվ ԵԴ/32029/02/22 վճռի դեմ Դիմողի կողմից բերված վերաքննիչ բողոքը, 2023 թվականի սեպտեմբերի 12-ին որոշել է.

«1. Վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 10.03.2023թ. թիվ ԵԴ/32029/02/22 վճիռը թողնել անփոփոխ (…)»:

Սույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը նշել է.

«Վերաքննիչ դատարանն ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված հետևությունները դիտում է հիմնավոր և գործի նյութերից բխող:

(…)

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում հավելել, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ սահմանել են, որ ճարտարապետաշինարարական նախագիծը ընկերությանը պետք է ներկայացնել ոչ ուշ, քան 30.09.2009 թվականը, միևնույն ժամանակ պայմանագրի վիճարկվող կետերով կողմերը նախատեսել են սահմա­նափակումներ, որոնք վերաբերել են այդ նախագծի վերաբերյալ ընկերության դիտողություններին, նկատառումներին, փոփոխություններին, լրացումներին, համա­ձայնեցմանը: Հաշվի առնելով, որ սահմանված ժամկետում ճարտարապետաշինա­րարական նախագիծը ընկերությանը չի ներկայացվել, իսկ այդ պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու ընկերության պահանջը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ուստի նույն հողամասի կառուցապատման ճարտարապետաշինարարական նախագծի վերաբերյալ ընկերության դիտողություն­ներն ու նկատառումները հաշվի առնելու, ընկերության հետ համաձայնեցված նախա­գծի փոփոխություններ և/կամ լրացումներ և/կամ այլ բնույթի վերափոխումներ նախա­ձեռնելու և/կամ իրականացնելու պարտավորությունները (նախատեսված սահմանա­փակումների) դադարել են կատարման անհնարինությամբ` նախագիծը գնորդի կող­մից չներկայացնելու պարտավորության դադարմամբ պայմանավորված»:

1.10. Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը, քննելով թիվ ԵԴ/32029/02/22 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի որոշման դեմ Դիմողի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 2024 թվականի հունվարի 17-ին որոշել է.

«1. Թիվ ԵԴ/32029/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2023 թվականի որոշման դեմ «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ ի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել (…)»:

 

2. Դիմողի դիրքորոշումները

2.1. Դիմողը, մասնավորապես, նշում է, որ Օրենսգրքի 331-րդ հոդվածով և 432-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավանորմերին տրվել են հետևյալ մեկնաբանությունները. մի դեպքում` հայցային վաղեմության ժամանակահատվածը կանոնակարգող Օրենսգրքի 331-րդ հոդվածին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որ հայցային վաղեմությունը տարածվում է պարտապանի պարտավորությունների կատարման վրա, մասնավորապես` հայցային վաղեմության ժամկետի լրանալը պարտավորությունների դադարման օրենքով նախատեսված հիմք է դիտարկվել Օրենսգրքի 432-րդ հոդվածի համատեքստում, իսկ մյուս դեպքում՝ Օրենսգրքի 432-րդ հոդվածով նախատեսված իրավանորմը մեկնաբանվել է այնպես, որ նշված նորմը ենթակա է կիրառման, երբ հայցային վաղեմության ժամկետը լրացած է, այլ կերպ ասած՝ հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մեկնաբանվել է որպես պարտավորությունների կատարման անհնարինություն, որի համար կողմերից որևէ մեկը մեղավոր չէ, ուստի՝ հիմք պարտավորությունները դադարած ճանաչելու համար:

2.2. Դիմողը գտնում է, որ թիվ ԵԴ/32029/02/22 քաղաքացիական գործի քննության շրջանակներում Դատարանը նույնացրել է պարտատիրոջ դատարան դիմելու իրավունքի իրացման ժամկետի լրանալը պարտապանի կողմից պարտա­վորությունների կատարման անհնարինության հետ և փաստացի տվել այնպիսի մեկնաբանություն, որ եթե պարտատիրոջ դատարան դիմելու իրավունքի ժամկետը լրացած է, ապա առկա է օբյեկտիվ և իրական անհնարինություն պարտապանի կողմից իր պարտավորությունները կատարելու համար։

2.3. Դիմողի համոզմամբ՝ կատարման անհնարինությունն այնպիսի հանգա­մանք է, որը իրավահարաբերության կողմերին օբյեկտիվորեն զրկում է տվյալ իրավահարաբերության բովանդակությունը հանդիսացող գործողությունները կատա­րելու հնարավորությունից, իսկ կատարման անհնարինության օբյեկտիվության առ­կայությունը ենթադրում է կամայական մոտեցմամբ պարտավորության կատարումից խուսափելու հնարավորության բացառում։

2.4. Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 27-րդ գլխով սահմանված պարտա­վորությունների դադարման հիմքերում առկա չէ Օրենսգրքի 331-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմք: Այսինքն՝ օրենսդիրը, սպառիչ սահմանելով այն բոլոր հիմքերը, թե երբ կարող են պարտավորությունները դադարել, չի սահմանել այնպիսի հիմք, որ եթե լրացած է Օրենսգրքի 331-րդ հոդվածի իմաստով հայցային վաղեմության ժամկետը, ապա պարտավորությունները դադարում են, քանի որ հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը որևէ կերպ չի փոխկապակցվում պարտավորությունների կատար­ման անհնարինության կամ դադարման հետ:

2.5. Դիմողը նշում է. «(...) դատարանների մեկնաբանությունը հանգել է նրան, որ «կատարման անհնարինությամբ պարտավորության դադարման» ինստիտուտը փոխկապակցել են «հայցային վաղեմության» ինստիտուտի հետ և այս երկու ինստիտուտները կանոնակարգող իրավանորմերը դարձրել են մեկը մյուսի կիրառման պայման»։ Դիմողը գտնում է, որ նորմերի տվյալ մեկնաբանության արդյունքում դադարած են ճանաչվել պարտապանի ունեցած բոլոր պարտավո­րությունները, այդ թվում նրանք, որոնք Օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով քննության առարկա դարձվել էին, սակայն Դատարանը մերժել էր հայցային վաղեմության կիրառումն այդ պարտավորությունների կատարման պահանջի վրա։

2.6. Դիմողը պնդում է, որ համապատասխան պայմանագրի 6.1.4.2., 6.1.4.3. և 6.1.4.4 կետերով սահմանված պարտավորությունների մասով առկա չի եղել որևէ դատական ակտ, մասնավորապես` նշված պայմանագրային պարտավորությունների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառված չի եղել: Մինչդեռ, Դիմողի պնդմամբ, դատարանների կողմից դադարեցվել են նշված պայմանագրային պարտավորություն­ները: Նշված պարտավորությունների նկատմամբ, ըստ Դիմողի, առկա է եղել իր պահանջի իրավունքը, առանց որևէ սահմանափակման:

2.7. Դիմողը նշում է, որ դատարանների կողմից վերոնշյալ իրավանորմերին տրված մեկնաբանությունների արդյունքում դադարեցվել են իր նկատմամբ առկա պարտավորությունները, հետևաբար՝ ինքը զրկվել է օրինական պահանջի իրավունքից:

2.8. Դիմողը խնդրում է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածով և 432-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավանորմերին թիվ ԵԴ/32029/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

 

3. Պատասխանողի դիրքորոշումները

3.1. Պատասխանողը, ներկայացնելով Սահմանադրական դատարանի վերաբե­րելի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Օրենսգրքի վիճարկվող դրույթները, գտնում է, որ կատարման անհնարինության պատճառով պարտավորության դադա­րեցումը և հայցային վաղեմության ժամկետների լրանալը տարբեր իրավական հասկացություններ են։

3.2. Պատասխանողը նշում է, որ «Կատարման անհնարինությունը վերաբերում է այն իրավիճակին, երբ պայմանագրի հիման վրա ստանձնված պարտավորության կատարումը դառնում է անհնար, քանի որ տեղի է ունեցել չնախատեսված իրադար­ձություն, որը խոչընդոտում է պարտավորության կատարումը։ Մյուս կողմից, հայցա­յին վաղեմության ժամկետը սահմանում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում պետք է ներկայացվեն համապատասխան դատական հայցեր՝ անկախ նրանից, թե արդյոք պարտավորությունը հնարավոր էր կատարել: Կատարման անհնարինու­թյամբ պարտավորության դադարումը նյութական իրավունքի նորմ է, իսկ հայցային վաղեմությունը դատավարական բնույթի ինստիտուտ է։ Այն սուբյեկտիվ իրավունքի դատական պաշտպանության ժամանակահատվածն է։ Այսպիսով, կատարման անհնարինությունը ուղղված է պայմանագրի կատարման իրագործելիության, իսկ երկրորդը՝ դատական գործողությունների նախաձեռնման ժամանակի վրա։ Հետևա­բար, երբ լրանում է հայցային վաղեմության ժամկետը, չի առաջանում կատարման անհնարինություն, այլ դատական կարգով ներկայացված պահանջի իրավունքը դադարում է հենց հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստով»։

3.3. Պատասխանողը պնդում է, որ կատարման անհնարինությունը և հայցային վաղեմությունը երկու տարբեր ինստիտուտներ են, որոնք ապահովում են իրավական համակարգի արդյունավետությունը՝ նպաստելով սեփականության, արդարության և իրավական որոշակիության ապահովմանը, հետևաբար` Պատասխանողն արձա­նագրում է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը պարտավորությունների դադարման օրենքով նախատեսված հիմք հանդիսանալու վերաբերյալ տրված մեկնաբանությունը չի բխում վիճարկվող հոդվածների տրամաբանությունից։

3.4. Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն դիմումով վիճարկվող օրինադրույթների սահմանադրականությունը պար­զելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրա­դառնալ, մասնավորապես, հետևյալ հարցադրմանը.

- արդյո՞ք վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալը մեկնաբանվել է որպես պայմանագրով սահմանված հիմնական պարտավորություն­ների՝ օրենքով նախատեսված դադարման հիմք, որպիսի պայմաններում դրանցից բխող ածանցյալ պարտավորությունները դադարած են ճանաչվել կատարման անհնարինությամբ, համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված՝ տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ազատությանը և սեփականության իրավունքին:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սահմանադրության՝ «Տնտեսական կարգը» վերտառությամբ 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալա­կան շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Սույն սահմանադրական կարգավորումն իր տրամաբանական շարունակու­թյունն է ստացել Սահմանադրության՝ «Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը» վերտառությամբ 59-րդ հոդվածում.

«1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են»:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է տնտեսական գործունեության ազատության սահմանադրաիրավական բովանդակու­թյան բացահայտմանը: Այսպես.

Սահմանադրական դատարանի՝ 1999 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-152 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Ազատ տնտեսական մրցակցության սկզբունքն իր հերթին բխում է տնտեսական ազատության և հավասարության սկզբունքներից և նշանակում է շուկայական տնտեսության ներսում բոլոր տնտե­սավարող սուբյեկտների հավասարություն, պետության կողմից նրանց համար հավասար պայմանների և հնարավորությունների ապահովում»:

Մեկ այլ որոշմամբ՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «Սահմանա­դրությամբ ամրագրված տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցությունը պետության զարգացման կարևոր նախապայմաններն ու անկյունա­քարերն են՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուրին՝ ազատ, բարեխիղճ, հավա­սար և մրցակցային պայմաններում իրականացնելու տնտեսական գործունեություն» (2023 թվականի ապրիլի 25-ի ՍԴՈ-1685 որոշում):

Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական գործունեությունն իրավական առումով քաղաքացիաիրավական հարաբերությունների շղթա է, որը կառուցվում է տնտեսվարող սուբյեկտների միջև, ի թիվս այլնի, փոխադարձաբար պարտա­վորական իրավահարաբերություններ հաստատելու միջոցով, որոնց բարեխիղճ կենսագործումը պետության տնտեսական զարգացման անվերապահ առհա­վատչյան է:

Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեության ազատությունը քաղաքացիաիրավական հարաբերությունների համատեքստում ունի առանձնահատուկ կարևորություն: Այս­պես` ի երաշխավորումն նշված սահմանադրական իրավունքի՝ պետությունն օրենս­դրորեն ամրագրում է.

1) քաղաքացիաիրավական, այդ թվում՝ պարտավորական հարաբերություն­ների շրջանակներում կամքի ինքնավարության սկզբունքը, որը, ի թիվս այլնի, են­թադրում է, որ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտները պարտա­վորական հարաբերությունների մեջ են մտնում իրենց կամքով և ի շահ իրենց,

2) պայմանագրի ազատության սկզբունքը, որը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ տնտեսվարող սուբյեկտներն ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման,

3) մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրե­լիության սկզբունքը, որը, ի թիվս այլնի, պաշտպանում է տնտեսվարողներին պետության անհարկի միջամտությունից՝ կաշկանդելով պետությանը նշված ոլորտում տնտեսվարողների իրավունքներին միջամտել սահմանադրորեն ամրագրված բացառիկ հիմքերով,

4) քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտու­թյան սկզբունքը, որը, ի թիվս այլնի, ուղղակիորեն փոխկապակցված է պարտա­վորական հարաբերությունների կայունության հետ և ուղղված է պարտավորական հարաբերությունների դադարման հիմքերի բացակայության պարագայում տվյալ հարաբերությունների պահպանմանը,

5) պարտավորական հարաբերությունների շրջանակներում խախտված իրա­վունքների պաշտպանության, այդ թվում՝ դատական պաշտպանության սկզբունքը:

Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ի երաշխավորումն Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործու­նեության ազատության՝ առանցքային կարևորություն է ներկայացնում ոչ միայն օրենսդրական, այլ նաև իրավակիրառ մակարդակում տնտեսական գործու­նեության իրականացման իրավական հիմքերի կայունության ապահովումը, մաս­նավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների համար իրենց գործունեության կայու­նության և որոշակիության համար այնպիսի իրավական հարթության ապահո­վումը, որի շրջանակներում պարտավորական հարաբերությունները կդադարեն օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հստակ հիմքերով, որոնք բավարար որոշակի և կանխատեսելի կլինեն պարտավորական հարաբերությունների սուբյեկտների համար:

5.2. Սահմանադրության՝ «Սեփականության երաշխավորումը» վերտառությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպան­վում են սեփականության բոլոր ձևերը»:

Սահմանադրության՝ «Սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ամրագրված է.

«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

(...)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-92, ՍԴՈ-630, ՍԴՈ-649, ՍԴՈ-650, ՍԴՈ-667, ՍԴՈ-669, ՍԴՈ-735, ՍԴՈ-815, ՍԴՈ-901, ՍԴՈ-903, ՍԴՈ-1009, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1073, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1189, ՍԴՈ-1203, ՍԴՈ-1210 և այլն) անդրադարձել է սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդա­կության բացահայտմանը, այդ իրավունքի պաշտպանության, հնարավոր սահմա­նափակման խնդիրներին` իրավական դիրքորոշումներ արտահայտելով սեփակա­նության իրավունքի էության, այդ իրավունքի սահմանափակման, դադարման հետ կապված իրավակարգավորումների սահմանադրականության վերաբերյալ՝ կարևո­րելով այդ բնագավառում սահմանադրական կարգի սկզբունքներից բխող իրավական միջոցների գործադրման անհրաժեշտությունը:

Սահմանադրական դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սեփականության իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութա­գրիչ, միաժամանակ նաև՝ որպես մասնավոր և հանրային իրավահարաբերություն­ների կարգավորման կառուցակարգ ունի սահմանադրաիրավական կարևոր նշանա­կություն»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրական մակարդակ­ներով հաստատագրված է հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքներ, մասնա­վորապես.

առաջին՝ առանց որևէ խտրականության ճանաչել և պաշտպանել սեփակա­նության իրավունքն անկախ դրա դրսևորման ձևերի,

երկրորդ՝ երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար,

երրորդ՝ Սահմանադրությամբ կանխորոշված նպատակով սահմանել սեփականության իրավունքի իրացման ազատության օրենքով թույլատրելի շրջանակը,

չորրորդ՝ երաշխավորել օրենքով սահմանված դեպքերում՝ դատական կարգով անձին սեփականությունից զրկելու, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը հարկադիր օտարելու և նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը»:

Վերահաստատելով և զարգացնելով սեփականության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դիտարկելով դրանք հայցային վաղեմության ինստիտուտի համատեքստում՝ Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1611 որոշմամբ փաստել է. «(...) սեփականության իրավունքի հետ առնչակցություն ունեցող ցանկացած օրենսդրական կարգավորում, դրա մեկնաբանություն և կիրառում պետք է համապատասխանեն նշյալ իրավունքի առնչությամբ Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներին և Սահմանադրական դատարանի՝ ներկայացրած իրավական դիրքորոշումներին, մասնավորապես՝ դրանք պետք է երաշխավորեն սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփա­կանատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար, պետք է երաշխավորեն օրենքով սահմանված դեպքերում՝ դատական կարգով անձին սեփականությունից զրկելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը, ինչպես նաև երաշխավորեն սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանությունը»:

Բացի դրանից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նշելով, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի իմաստով գույք է համարվում ոչ միայն գո­յություն ունեցող նյութական միջոցը, այլև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (“Trgo v. Croatia”, Application no. 35298/04, 11.06.2009, Final 11.09.2009, § 44):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է նաև, որ «գույքը» կարող է լինել «գոյություն ունեցող սեփականությունը» կամ «ակտիվները», ներառյալ` պահանջները, որոնց առնչությամբ դիմումատուն կարող է վիճարկել, որ առնվազն ունի սեփականության իրավունքից անարգել օգտվելու «իրավաչափ ակնկալիք» (“J. A. Pye (Oxford) Ltd and J. A. Pye (Oxford) Land Ltd v. United Kingdom”, Application no. 44302/02, 30.08.2007, § 61): «Ակնկալիքը» համարվում է իրավաչափ, եթե այն հիմնված է օրենսդրական դրույթի կամ քննարկվող գույքի վերաբերյալ իրավական ակտի վրա (“Saghinadze and others v. Georgia”, Application no. 18768/05, 27.05.2010, Final 27.08.2010, § 103):

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ տնտեսական գոր­ծունեության ազատությունը սերտորեն փոխկապակցված է սեփականության իրավունքի հետ և ուղղակիորեն առնչվում է յուրաքանչյուրի սեփականության սահմանադրական իրավունքին:

Սահմանադրական դատարանն իր` 2023 թվականի ապրիլի 25-ի ՍԴՈ-1685 որոշմամբ արձանագրել է. «Տնտեսական գործունեության ազատության և տնտե­սական մրցակցության երաշխավորման ու սեփականության իրավունքի փոխկա­պակցվածությունը դրսևորվում է նրանում, որ ազատ տնտեսական գործունեության և տնտեսական մրցակցության արդյունքում սեփականության ծավալն ավելացնելու նոր նախադրյալներ են ստեղծվում, ինչն, իր հերթին, իրական հնարավորություն է ընձեռում նաև ազատ տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնելու համար»։

Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ տնտեսական գործունեության շրջանակներում պարտավորական հարաբերու­թյունների հաստատման նպատակը, ի թիվս այլնի, հանգում է պարտավորական հարաբերությունների մասնակիցների՝ սեփականություն ձեռք բերելու օրինական ակնկալիքի ձևավորմանը, և այդ հարաբերությունների դադարումն ուղեկցվում է սեփականություն ձեռք բերելու օրինական ակնկալիքի վերացմամբ՝ առանձնակի կարևորելով ինչպես օրենսդրորեն, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում պարտավորությունների դադարման ինստիտուտի համա­տեքստում սեփակա­նության իրավունքի ապահովման երաշխավորումը:

5.3. Վերոգրյալ սահմանադրաիրավական կարգավորումների և Սահմանա­դրական դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ թիվ ԵԴ/32029/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանության պայմաններում ստացվում է, որ այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված հիմնական պար­տավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջը դատարանի կողմից մերժվում է հայցային վաղեմության կիրառմամբ, պայմանագրով նախատեսված ածանցյալ պարտավորությունները դատարանի կողմից ճանաչվում են դադարած՝ օրենքով նախատեսված՝ պարտավորությունների կատարման անհնարինության հիմքով, ընդ որում՝ անհնարինության հանգամանք է դիտարկվում հիմնական պարտավորությունների մասով դատարանի կողմից հայցային վաղեմություն կիրառելը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ըստ էության, սույն սահմա­նադրաիրավական վեճն ուղղակիորեն հանգում է մասնավոր հարաբերություններին պետության միջամտության սահմանադրա­իրավական կանոնակարգման համա­տեքստում անձի կողմից հայցային վաղեմության օրենսդրական ժամկետը չպահ­պանելու դեպքում անձի համար առաջացող անմիջական բացասական իրավական հետևանքների ծավալի խնդրին: Այս առումով Սահմանադրական դատարանը փաս­տում է, որ մասնավոր իրավահարաբերությունները` առհասարակ, և քաղաքա­ցիաիրավական իրավահարաբերությունները՝ մասնավորապես, ենթադրում են պետության նվազագույն միջամտություն, և պետության իրավակարգավորիչ գործա­ռույթի դրսևորման նման մոտեցումը պայմանավորված է քաղաքացիաիրավական մի շարք սկզբունքներով, որոնք են՝ կամքի ինքնավարության և գույքային ինքնու­րույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության և քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության սկզբունքները (Օրենսգրքի 3-րդ հոդված):

Սահմանադրական դատարանը փաստում է նաև, որ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում պարտավորական հարաբերություններին պե­տության միջամտությունը, ի թիվս այլնի, արտահայտվում է նրանով, որ օրենսդրորեն ամրագրվել են պարտավորությունների դադարման ինստիտուտին առնչվող հետևյալ կարգավորումները.

1) պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավա­կան ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով (Օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին մաս),

2) պարտավորության՝ Օրենսգրքով նախատեսված դադարման հիմքերն են՝ կատարումը, հրաժարագինը, հաշվանցը, պարտապանի և պարտատիրոջ համընկ­նումը, նորացումը, պարտքը ներելը, կատարման անհնարինությունը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտը, քաղաքացու մահը, իրավաբանական անձի լուծարումը (Օրենսգրքի 424-426-րդ և 429-435-րդ հոդվածներ):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ քաղաքացիաիրավական պարտա­վորությունների նկատմամբ հայցային վաղեմության ժամկետ կիրառելը ոչ մի կերպ չի դադարեցնում այդ պարտավորությունները, այլ սոսկ դադարում է այդ պարտա­վորական իրավահարաբերությունների շրջանակներում հայցով քաղաքացիական իրավունքների պաշտպանության հնարավորությունը: Ավելին, այն չի զրկում անձին նաև օրենսդրությամբ սահմանված այլ թույլատրելի եղանակներով իր խախտված իրավունքի պաշտպանության հնարավորությունից, ինչպիսիք են Օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված իրավունքի պաշտպանության հնարավոր եղանակները:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատական պաշտպա­նության իրավունքի իրացման ժամկետի լրանալն անձի համար կարող է ուղղա­կիորեն առաջացնել միայն մեկ բացասական իրավական հետևանք, այն է՝ անձի խախտված իրավունքի դատական պաշտպանության իրացման հնարավորության բացակայությունը: Դատարանի կողմից պարտավորության կատարման վերաբերյալ հայցի մերժումը՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով, չի ենթադրում պարտավորության դադարում: Ավելին, հայցային վաղե­մության ժամկետի կիրառումը չի զրկում հայցվորին իր նյութաիրավական պահանջից, իր խախտված իրավունքի պաշտպանությունն այլ իրավական եղանակներով իրակա­նացնելու հնարավորությունից: Այլապես ստացվում է, որ հայցային վաղեմության ինստիտուտը ոչ միայն հայց ներկայացնելու հնարավորության ժամկետային սահմանափակում է, այլ նյութաիրավական պահանջի «գոյության» ժամկետ: Նշված մոտեցումն ուղղակիորեն հակասում է հայցային վաղեմության ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող Սահմանադրական դատարանի, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումներին.

1) Սահմանադրական դատարանը, 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ՍԴՈ-1495 որոշմամբ վաղեմության ժամկետի ինստիտուտը դիտարկելով իրավունքի իրակա­նացման ժամկետային սահմանափակման համատեքստում, արձանագրել է. «(...) քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ժամկետներն (...) նպատակ ունեն ոչ միայն ժամանակի առումով կանոնակարգելու քաղաքացիական շրջանառությունը, այլ նաև ապահովելու քաղաքացիական հարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց իրավունքների իրացման հնարավորությունը, դրդելու անձանց կատարելու իրենց պարտականությունները, ինչպես նաև խթանելու խախտված իրավունքների ժամանակին պաշտպանությունը»:

2) Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է.

- «(...) հայցային վաղեմության ինստիտուտը կողմերից մեկի դիտանկյունից հանդես է գալիս որպես դատարան դիմելու իրավունքի սահմանափակում՝ դատավարական կոնկրետ կանոնի հիմքով, որը, միևնույն ժամանակ, համապատասխանում է իրավունքի սահմանափակման իրավաչափության (...) չափանիշներին։ Ուստի, նշյալ ինստիտուտի և իրավակարգավորումների՝ այդ հանգամանքին հակասող որևէ եղանակով մեկնաբանություն և կիրառում կհակասի վերջիններիս սահմանադրաիրավական բովանդակությանը»:

- «(...) հայցային վաղեմության ինստիտուտն ինքնին ուղղված է քաղաքացիական շրջանառության մեջ սեփականության, տնտեսական գործունեությամբ զբաղվելու, արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունք­ներին և մյուս սահմանադրական արժեքներին առնչվող քննարկված նպատակների երաշխավորմանն ու դրա միջոցով քաղաքացիական շրջանառության կայունության, իրավահարաբերությունների որոշակիության, դրանց մասնակիցների բարեխղճու­թյան, իրավունքների պաշտպանության գործիքակազմերի բարեխիղճ օգտագործ­ման, արդյունքում նաև՝ իրավահարաբերությունների ոչ թե մեկ, այլ բոլոր սուբյեկտ­ների հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովմանը։ Նշված նպատակ­ները բացառիկ կարևորություն ունեն իրավական պետության կայացման տեսանկյու­նից և պետք է ընկած լինեն հայցային վաղեմությանն առնչվող ցանկացած իրավա­կարգավորման և իրավակիրառական պրակտիկայի հիմքում»:

Վերոգրյալի լույսի ներքո՝ անդրադառնալով պարտավորությունների կատար­ման անհնարինության հիմքով պարտավորությունների դադարման ինստիտուտին` Սահմանադրական դատարանը փաստում է, որ անհնարինության հանգամանքն օրենսդրի կողմից որակվում է որպես օբյեկտիվ հանգամանք, որը պայմանավորված չէ կողմերի կամքով: Այս առումով օրենսդրի կամքը հստակ է. պարտավորությունը դադարում է կատարման անհնարինությամբ, եթե դա առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար կողմերից որևէ մեկը պատասխանատու չէ: 

Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննարկման առարկա մեկնաբա­նությունը խեղաթյուրում է նաև տվյալ ինստիտուտի իրավական բովանդակությունը, քանի որ հայցային վաղեմության ժամկետը կիրառվում է` անկախ պարտավորական հարաբերությունների կողմի կամքից՝ դատարանի կողմից, սույն ինստիտուտի կիրա­ռումն իրավահարաբերության համապատասխան կողմի անգործության արդյունք է, որն արտահայտվում է օրենքով սահմանված ժամկետում հայց չներկայացնելով: Մինչդեռ հայցային վաղեմությունը, որպես պարտավորությունների դադարման օրեն­քով նախատեսված փաստացի հիմք դիտարկելով՝ հիմնական պարտավորությունը դադարած ճանաչելը, հանգեցրել է հիմնական պարտավորությունը դադարած ճանաչելու պայմաններում դրանից բխող ածանցյալ պարտավորությունը կատարման անհնարինությամբ դադարած ճանաչելուն՝ խախտելով քաղաքացիաիրավական հա­րաբերությունների շրջանակներում պարտավորական հարաբերությունների կողմերի իրավունքների հավասարակշռված պաշտպանության ապահովման վերաբերյալ սահմանադրաիրավական և օրենսդրական հրամայականները:

 

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկ­վող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալը մեկնաբանվել է որպես պայմանագրով սահմանված հիմնական պարտավորությունների՝ օրենքով նախատեսված դադարման հիմք, որպիսի պայմաններում դրանցից բխող ածանցյալ պարտավորությունները դադարած են ճանաչվել կատարման անհնա­րինությամբ, խնդրահարույց է Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի՝ տնտե­սական, ներառյալ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և սեփա­կանության իրավունքների երաշխավորման համատեքստում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմա­նադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածը և 432-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանա­դրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ պայմանագրային պարտավո­րությունների, այդ թվում` կատարման անհնարինության հիմքով դադարումը չի կարող պայմանավորվել հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հանգամանքով:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատա­կան ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածը և 432-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

8 հոկտեմբերի 2024 թվականի

ՍԴՈ-1756

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2024 թվական: