ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի փետրվարի 25-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-123-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.1-րդ հոդվածով.
«Հոդված 39.1. | Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցումը կամ դադարեցումը |
1. Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը և հանձնարարական տալ արտաքին գործերի նախարարությանն այդ մասին ծանուցել պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը և իրավասու գերատեսչությունը:
3. Վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի` միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնության դեպքում այդ մասին առաջարկությունը և հիմնավորումը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին, իսկ իրավասու գերատեսչության նախաձեռնության դեպքում` արտաքին գործերի նախարարություն:
4. Իրավասու գերատեսչությունից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո արտաքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է դրանք և տվյալ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու մասին իր կարծիքի հետ 10-օրյա ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին:
5. Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցման դեպքում այդ պայմանագրի կնքման ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կարող են վերսկսվել սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավասու անձանց և մարմինների նախաձեռնությամբ և սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. մարտի 6 Երևան ՀՕ-24-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|