Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 151
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.12.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 151

քաղ. Մոսկվա

 

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ (ՇՈՒԿԱՅԻ ՍՈՒԲՅԵԿՏԻ) ԿՈՂՄԻՑ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 76-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-5-ՐԴ ԿԵՏԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 157-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածի 3-5-րդ կետերին համապատասխան անթույլատրելի համաձայնագիր կնքվելու, ինչպես նաև դրանում մասնակցություն ունենալու մասին կամավոր հայտնելու դեպքում պատասխանատվությունից ազատվելու կարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 12-ի թիվ 151 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածի 3-5-րդ կետերին համապատասխան անթույլատրելի համաձայնագիր կնքվելու, ինչպես նաև դրանում մասնակցություն ունենալու մասին կամավոր հայտնելու դեպքում պատասխանատվությունից ազատվելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 19-րդ կետն իրագործելու նպատակով:

2. Սույն կարգով հաստատվում են Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածի 3-5-րդ կետերին համապատասխան անթույլատրելի համաձայնագրերի (այսուհետ՝ անթույլատրելի համաձայնագրեր) կնքվելու, ինչպես նաև դրանցում մասնակցություն ունենալու մասին կամավոր հայտնելու դեպքում պատասխանատվությունից ազատվելու մասին դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելու կանոնները:

Սույն կարգում գործածվող հասկացությունները կիրառվում են Արձանագրությամբ սահմանված իմաստներով:

 

II. Տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) պատասխանատվությունից ազատելու հիմքերը

 

3. Տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) կամ այդ թվում նաև Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ անձանց մեկ խմբի մեջ մտնող ֆիզիկական անձը (այսուհետ՝ դիմումատու) իրավունք ունի իրենց կողմից անթույլատրելի համաձայնագիր կնքվելու, ինչպես նաև անթույլատրելի համաձայնագրում մասնակցություն ունենալու մասին դիմումը (այսուհետ՝ դիմում) Հանձնաժողով ներկայացնելու՝ Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պատասխանատվությունից ազատվելու նպատակով՝ Հանձնաժողով դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ անձանց մեկ խմբի մեջ մտնող անձի կողմից Արձանագրության 19-րդ կետով նախատեսված բոլոր պայմանների կատարման պայմանով:

4. Դիմումատուն անթույլատրելի համաձայնագրում մասնակցությունից կամ հետագա մասնակցությունից իր հրաժարվելը կարող է հաստատել՝

ա) մրցակցությունը սահմանափակող պայմանները բացառող պայմանագրերին կից լրացուցիչ համաձայնագրերով.

բ) նախկինում կնքված անթույլատրելի համաձայնագրերի խզումը հաստատող փաստաթղթերով.

գ) դիմումատուի՝ անթույլատրելի համաձայնագրում մասնակցությունից կամ հետագա մասնակցությունից հրաժարվելը հաստատող այլ տեղեկատվությամբ:

 

III. Դիմումը Հանձնաժողով ներկայացնելու և Հանձնաժողովի կողմից դիմումի ուսումնասիրման կանոնները

 

5. Դիմումատուն իրավունք ունի դիմումը Հանձնաժողով ներկայացնելու՝ նախքան Հանձնաժողովի կոլեգիայի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին համապատասխան գործի վերաբերյալ որոշում ընդունվելը:

Դիմումը Հանձնաժողով ներկայացնելու ամսաթիվ է համարվում այն ամսաթիվը, երբ դիմումը ներկայացվել է փոստային կապի կազմակերպություն կամ անմիջապես Հանձնաժողով:

Դիմումատուն դիմումը գրավոր է ներկայացնում Հանձնաժողով՝ սույն բաժնով նախատեսված կարգով:

Դիմումը և դրան կցվող բոլոր նյութերը (փաստաթղթերը, տեղեկատվությունը) գրանցվում են Հանձնաժողովի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 71 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սահմանափակ տարածման (գաղտնի ու ծառայողական օգտագործման համար) փաստաթղթերի հետ աշխատանքի կարգի (այսուհետ՝ Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատանքի կարգ) 17-րդ կետին համապատասխան:

6. Դիմումը, ինչպես նաև դրան կցվող նյութերը (փաստաթղթերը, տեղեկատվությունը) Հանձնաժողով են ներկայացվում ռուսերենով: Այն դեպքում, երբ նյութերը (փաստաթղթերը, տեղեկատվությունը) կազմվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) այլ պետական լեզվով կամ օտար լեզվով, դրանց պետք է կցվի սույն կարգի 10-րդ կետում նշված եղանակով հաստատված ռուսերեն թարգմանությունը:

7. Դիմումը պետք է պարունակի՝

ա) դիմումատուի մասին տեղեկություններ՝

ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը (գտնվելու վայրը), աշխատանքի վայրը (առկայության դեպքում) (պաշտոնատար անձի համար՝ նաև պաշտոնը, տնտեսավարող սուբյեկտի անվանումն ու գտնվելու վայրը), կոնտակտային տեղեկատվությունը (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսի համարը (առկայության դեպքում)).

իրավաբանական անձի համար՝ լրիվ անվանումը և գտնվելու վայրը, կոնտակտային տեղեկատվությունը (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսի համարը (առկայության դեպքում)).

բ) դիմումատուի և այլ անձանց կողմից անթույլատրելի համաձայնագիր կնքելու, ինչպես նաև դիմումատուի և այլ անձանց կողմից անթույլատրելի համաձայնագրում մասնակցություն ունենալու մասին տեղեկությունները՝ ներառյալ անթույլատրելի համաձայնագրի մասնակիցների ցուցակը (առկայության դեպքում) (նշելով անթույլատրելի համաձայնագրի կնքումը նախաձեռնած անձին), դրանց անվանումները և գտնվելու վայրը (ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)).

գ) անթույլատրելի համաձայնագրի առարկայի, ապրանքային շուկայի՝ անթույլատրելի համաձայնագիրն ընդգրկող աշխարհագրական և ապրանքային սահմանների, այն կնքելու եղանակի, ինչպես նաև անթույլատրելի համաձայնագրի ժամանակահատվածի և իրագործման եղանակի՝ ներառյալ անթույլատրելի համաձայնագրի շրջանակներում կատարված գործողությունների նկարագրությունը, անթույլատրելի համաձայնագրի մասնակիցների միջև հաղորդակցության եղանակների մասին տեղեկությունները.

դ) պատասխանատվությունից ազատելու մասին խնդրանքը.

ե) սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, որով հաստատվում է դիմումատուի՝ անթույլատրելի համաձայնագրում մասնակցությունից կամ հետագա մասնակցությունից հրաժարվելը.

զ) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:

8. Դիմումին կցվում են`

ա) դիմումատու-ֆիզիկական անձի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ դիմումատու-իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճենը.

բ) դիմումատուի կողմից անթույլատրելի համաձայնագիր կնքելու, ինչպես նաև անթույլատրելի համաձայնագրում մասնակցություն ունենալու, ինչպես նաև դիմումի մեջ նշած այլ անձանց՝ անթույլատրելի համաձայնագրում մասնակցություն ունենալու փաստը հաստատող նյութերը (փաստաթղթերը, տեղեկատվությունը).

գ) անթույլատրելի համաձայնագրի առարկայի, ապրանքային շուկայի՝ անթույլատրելի համաձայնագիրն ընդգրկող աշխարհագրական և ապրանքային սահմանների, այն կնքելու եղանակի, ինչպես նաև անթույլատրելի համաձայնագրի ժամանակահատվածի և իրագործման եղանակի՝ ներառյալ անթույլատրելի համաձայնագրի շրջանակներում կատարված գործողությունների նկարագրությունը, անթույլատրելի համաձայնագրի մասնակիցների միջև հաղորդակցության եղանակների մասին տեղեկությունները հաստատող նյութերը (փաստաթղթերը, տեղեկատվությունը).

դ) սույն կարգի 4-րդ կետով նախատեսված նյութերը (փաստաթղթերը, տեղեկատվությունը), որոնցով հաստատվում է դիմումատուի՝ անթույլատրելի համաձայնագրում մասնակցությունից կամ հետագա մասնակցությունից հրաժարվելը.

ե) դիմումի ստորագրման համար անձի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (դիմումը պաշտոնատար անձի կամ լիազորված մարմնի կողմից ստորագրման դեպքում)՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում գրանցված է դիմումատուն.

զ) այլ նյութեր (փաստաթղթեր, տեղեկատվություն), որոնք ունեն (ըստ դիմումատուի կարծիքի) էական նշանակություն՝ խախտման փաստը հաստատելու համար (առկայության դեպքում):

9. Դիմումատուն, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին համապատասխան, իրավունք ունի անդամ պետությունների լիազորված մարմինների գաղտնի տեղեկատվությանը հասանելիության առնչությամբ համաձայնություն տալու՝ Արձանագրությամբ նախատեսված կարգով Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության ժամանակ այն օգտագործելու համար: Հանձնաժողով ներկայացված գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգը և Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և (կամ) աշխատակիցների՝ այն հրապարակելու համար պատասխանատվությունը սահմանվում են նշված Համաձայնագրով և Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատանքի կարգով:

Հանձնաժողով ներկայացված դիմումի, դրա բովանդակության, ինչպես նաև դրան կցվող նյութերի (փաստաթղթերի, տեղեկատվության) մասին տեղեկատվության հրապարակում չի թույլատրվում:

10. Իրավաբանական անձի կողմից Հանձնաժողով ներկայացվող դիմումը և դրան կցվող փաստաթղթերը պետք է վավերացված լինեն ղեկավարի (նրա կողմից լիազորված անձի) ստորագրությամբ և ամրագրված իրավաբանական անձի կնիքով (առկայության դեպքում):

Ֆիզիկական անձի կողմից Հանձնաժողով ներկայացվող դիմումը և դրան կցվող փաստաթղթերը պետք է վավերացված լինեն ֆիզիկական անձի (նրա կողմից լիազորված անձի) ստորագրությամբ:

Այն դեպքում, երբ դիմումը Հանձնաժողով է ներկայացվում անձանց խմբի կողմից, այն ստորագրվում է անթույլատրելի համաձայնագրի՝ այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր մասնակցի պաշտոնատար կամ լիազորված անձի կողմից: Անձանց խմբի դիմումին կցվում է դիմումի մեջ նշված՝ անթույլատրելի համաձայնագրի բոլոր մասնակիցների ցուցակը, ինչպես նաև այն նյութերը (փաստաթղթերը, տեղեկատվությունը), որոնցով հաստատվում է նրանց՝ Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան անձանց մեկ խմբի մեջ մտնելը:

11. Դիմումը և դրան կցվող նյութերը (փաստաթղթերը, տեղեկատվությունը) Հանձնաժողով են ներկայացվում Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը համակարգող անդամի կամ Հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ոլորտում լիազորված կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանում) ղեկավարի անունով:

Դիմումը և դրան կցվող նյութերը (փաստաթղթերը, տեղեկատվությունը) Հանձնաժողով են ուղարկվում փակ ծրարով (փաթեթով, ծանրոցածրարով), որի վրա կատարված է դրանում պարունակվող նյութերը (փաստաթղթերը, տեղեկատվությունը) սահմանափակ տարածման փաստաթղթերին դասելու մասին վկայող նշում (դրոշմակնիք) («Գաղտնի», «Առևտրային գաղտնիք», «Ծառայողական օգտագործման համար»):

12. Դիմումը Հանձնաժողովում գրանցվելու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը դիմումատուին ուղարկում է գրավոր ծանուցում՝ դիմումը քննարկման ընդունելու կամ դիմումն առանց քննարկման թողնելու մասին այն դեպքում, երբ այդ դիմումը Հանձնաժողով է ներկայացվել սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում, 8-րդ կետի «ա» - «ե» ենթակետերում նշված պահանջների խախտմամբ:

Դիմումն առանց քննարկման թողնելու համար հիմք ծառայած պատճառները վերացնելուց հետո դիմումատուն իրավասու է դիմումը կրկին ուղարկել Հանձնաժողով՝ սույն կարգին համապատասխան:

Հանձնաժողովի կողմից դիմումը քննարկման ընդունելու կամ դիմումն առանց քննարկման թողնելու մասին ծանուցումն ուղարկվում է դիմումատուին՝ Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատանքի կարգին համապատասխան, և ստորագրվում է Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից:

13. Դիմումը Հանձնաժողով ներկայացնելը հիմք է՝ Հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային համապատասխան մրցակցության վիճակի գնահատում անցկացնելու ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23 թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն անցկացնելու կարգին համապատասխան քննության անցկացման համար:

 

IV. Դիմումի քննարկման արդյունքները

 

14. Դիմումատուի կողմից Արձանագրության 19-րդ կետով նախատեսված՝ պատասխանատվությունից ազատվելու բոլոր անհրաժեշտ պայմաններն իր կողմից կատարվելու առնչությամբ ներկայացված ապացույցների վերլուծությունը (այսուհետ՝ պայմանների կատարման վերլուծություն) իրականացվում է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի քննության հարցերով հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ գործի քննության հարցերով հանձնաժողով)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգին համապատասխան գործի քննության շրջանակներում:

Պայմանների կատարման վերլուծության շրջանակներում գործի քննության հարցերով հանձնաժողովը սահմանում է՝

կատարված իրավախախտման մասին տեղեկությունների և փաստաթղթերի առկայությունը Հանձնաժողովում՝ դիմումը ներկայացնելու ամսաթվի դրությամբ.

դիմումատուի՝ անթույլատրելի համաձայնագրում մասնակցությունից կամ հետագա մասնակցությունից հրաժարվելը.

իրավախախտման կատարումը սահմանելու համար տեղեկությունների և նյութերի (փաստաթղթերի, տեղեկատվության) բավարար լինելը:

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործ հարուցելու ու քննելու մասին որոշումն ընդունելու ժամանակահատվածում դիմումը և դրան կցվող նյութերը (փաստաթղթերը, տեղեկատվությունը)՝ նախքան մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին համապատասխան գործով որոշումը Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունվելն ստանալու դեպքում, գործի քննության հարցերով հանձնաժողովը սահմանում է, որ դրանում շարադրված տեղեկությունները նախկինում հայտնի չեն եղել Հանձնաժողովին:

15. Պայմանների կատարման վերլուծության արդյունքներով գործի քննության հարցերով հանձնաժողովը սահմանում է դիմումատուին, որը կատարել է Արձանագրության 19-րդ կետով նախատեսված բոլոր պայմանները:

16. Պայմանների կատարման վերլուծության արդյունքներն արտացոլվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման գործի վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի եզրափակիչ մասում, որը պատրաստվում է Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 44-րդ կետին համապատասխան և պարունակում է հետևյալ որոշումներից մեկը՝

ա) Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պատասխանատվությունից դիմումատուին ազատելու մասին՝ պայմանավորված Արձանագրության 19-րդ կետով նախատեսված բոլոր պայմանների կատարմամբ.

բ) Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պատասխանատվությունից դիմումատուին ազատելը մերժելու մասին:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան