Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1752
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
01.10.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

1 հոկտեմբերի 2024 թ.

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀ­ՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐ­ՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով Ա. Դիլանյանի (նախագահող),  Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Հ Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Արտակ Զեյնալյանի (այսուհետ նաև` Դիմող) և նրա ներկայացուցիչ՝ փաստաբան Աշխեն Դաշյանիվրպ.,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայա­ցուցիչ` Ազգային ժողովի (այսուհետ նաև` Պատասխանող) աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի  1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմա­նա­դրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:

Օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնա­սի հատուցման կարգը և պայմանները» վերտառությամբ 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը սահմանում է.

«8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնո­ղի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայ­նո­րեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքով.

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխ­հատուցում վճարել»:

Օրենսգիրքը 1087.1-ին հոդվածով լրացվել է 18.05.2010 թ. ՀՕ-97-Ն օրենքով, վիճարկվող դրույթը փոփոխվել է 24.03.2021 թ. ՀՕ-330-Ն օրենքով, համաձայն որի՝ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի «2000» թիվը փոխարինվել է «6000» թվով:

Գործի քննության առիթն Արտակ Զեյնալյանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որի հիման վրա՝ Սահմա­նա­դրական դատարանը 2024 թվականի մայիսի 14-ի ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշ­մամբ քննության է ընդունել «Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի և «Զանգ­վածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի` Սահ­մա­նա­դրությանը համա­պատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Սահմանա­դրական դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի ՍԴԱՈ-146 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը մասամբ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի մասով, կարճվել է:

Ուսումնասիրելով դիմումը, Դիմողի և Պատասխանողի գրավոր բացատրություն­ները, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի օրի­նա­դրույթները՝ Սահմանադրական դատարանը պարզեց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև` Դատարան), քննելով թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Արտակ Հայկազի Զեյնալյանի ընդդեմ Գայանե Բենյամինի Առուստամյանի, երրորդ անձ՝ Մարինա Հրանտի Պողոսյան՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պար­տավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, 2020 թվականի դեկտեմբերի 18-ին վճռել է.

«Արտակ Հայկազի Զեյնալյանի հայցն ընդդեմ Գայանե Բենյամինի Առուստամյա­նի, երրորդ անձ՝ Մարինա Հրանտի Պողոսյան՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, բավարա­րել՝ մասնակի:

Գայանե Բենյամինի Առուստամյանից հօգուտ Արտակ Հայկազի Զեյնալյանի բռնա­գանձել 100,000.00 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար:

Հայցը մնացած մասով մերժել:

Գայանե Բենյամինի Առուստամյանից հօգուտ Արտակ Հայկազի Զեյնալյանի բռնա­գանձել 90,000.00 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Գայանե Բենյամինի Առուստամյանից հօգուտ Արտակ Հայկազի Զեյնալյանի բռնա­գանձել 2,000.00 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

(…)»:

1.2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Զեյնալյանի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 18.12.2020 թ. վճռի՝ հայցի մերժ­ված մասի դեմ, 2021 թվականի մայիսի 21-ին որոշել է.

 «1. Վերաքննիչ բողոքը բավարարել:

ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավա­սության դատարանի 18.12.2020 թվականի վճիռը մասնակի՝ հայցը մերժելու մասով, բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նշված ծավալով նոր քննության:

(…)»:

1.3. Դատարանը, քննելով թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Արտակ Հայկազի Զեյնալյանի ընդդեմ Գայանե Բենյամինի Առուստամյանի, երրորդ անձ՝ Մարինա Հրանտի Պողոսյանի՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պարտավո­րեց­նելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, 2022 թվականի հոկ­տեմ­բերի 18-ին վճռել է.

«1. Արտակ Հայկազի Զեյնալյանի հայցն ընդդեմ Գայանե Բենյամինի Առուստամյա­նի, երրորդ անձ՝ Մարինա Հրանտի Պողոսյանի՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, մերժել:

(…)»:

Հիշյալ վճռով Դատարանը նշել է. «Մինչ իրավական վերլուծությանը անցնելը դա­տարանը անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 21.05.2021 թվականի որոշմամբ մասնակի բեկանելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 18.12.2020 թվականի վճիռը՝ հայցը մերժելու մասով, սահմանել է քննության ծավալ՝ պարզել «Marina Poghosyan» «Gayane Arustamyan» Ֆեյսբուքյան օգտատերերը իրականացնում են լրատվական գոր­ծունեություն, թե ոչ, և պարզել պատասխանող Գայանե Առուստամյանի գույքային դրությունը։

Դատարանը «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» 23.09.2021 թվականի որոշմամբ Հայցվորին վերապահել է ապացուցելու «Marina Poghosyan» ֆեյս­բուքյան օգտատիրոջ լրատվական գործունեությամբ զբաղվելու փաստը և Պատասխա­նողին՝ 2.000.000 ՀՀ դրամ վճարելը իր գույքային դրության տեսանկյունից անհամա­չափ լինելը։

Հայցվորի ներկայացուցիչը գործի քննությամբ ընդունել է, որ Երրորդ անձը լրատ­վական գործունեությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է հասարակական գործունեու­թյամբ, իսկ Պատասխանողի կողմից որևէ դիրքորոշում կամ ապացույց գույքային դրու­թյան մասով չի ստացվել։

(…)

Վերոգրյալ փաստական հանգամանքներից ելնելով Դատարանը արձանագրում է, որ «Marina Poghosyan» օգտատիրոջ՝ Երրորդ անձի, լրատվական գործունեությամբ զբաղվելու մասին փաստ չի ներկայացվել, ուստի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցը կատարելու պարտականություն չի կարող նրան վերապահվել»:

1.4. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Հայկազի Զեյնալյանի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 18.10.2022 թ. վճռի դեմ, 2023 թվականի մարտի 22-ին որոշել է.

«1. Արտակ Հայկազի Զեյնալյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի Մաս­նակի բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դա­տարանի թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործով 18.10.2022 թվականին կայաց­ված վճիռը և այն փոփոխել հետևյալ կերպ.

«1. Արտակ Հայկազի Զեյնալյանի հայցն ընդդեմ Գայանե Բենյամինի Առուստամյա­նի, երրորդ անձ՝ Մարինա Հրանտի Պողոսյանի՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, բավարա­րել մասնակի

Գայանե Բենյամինի Առուստամյանից հօգուտ Արտակ Հայկազի Զեյնալյանի բռնա­գան­ձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար:

2. Գայանե Առուստամյանից հօգուտ Արտակ Զեյնալյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված և բավարարված հայցապահանջի մասով պետա­կան տուրքի գումար:

3. Գայանե Բենյամինի Առուստամյանից հօգուտ Արտակ Հայկազի Զեյնալյանի բռնա­գանձել 110.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գու­մար»:

Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:

(…)»:

Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը նշել է.

«(…) սույն գործի քննության ընթացքում ֆեյսբուքյան օգտատեր «Marina Poghosyan»-ի լրատվական գործունեությամբ զբաղվելու փաստը ապացուցված չլինելու պայմաններում, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վեճի առարկա հրա­պարակումը տեղի է ունեցել ֆիզիկական անձ «Marina Poghosyan»-ի ֆեյսբուքյան էջի միջոցով, որը չի կարող գնահատվել որպես լրատվության միջոց՝ Վերաքննիչ դա­տարանը գտնում է, որ նշված տեղեկությունը չի կարող համարվել լրատվության միջո­ցով տարածված:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բացակայում է ՀՀ քաղաքա­ցիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով սահմանված պաշտպա­նության միջոցի կիրառման հիմքը: Հետևաբար՝ այս առնչությամբ բողոքաբերի պատ­ճա­ռաբանությունները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ անհիմն են»:

1.5. Վճռաբեկ դատարանը, քննելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 22.03.2023 թ. թվականի որոշման դեմ Արտակ Զեյնալյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 2023 թվականի հոկտեմբերի 11-ին որոշել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

 

2. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործի դատավա­րա­կան նախապատմությունը, շարադրելով վիճարկվող նորմերի բովանդակությունը, բարձրացված հարցադրումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մար­դու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան դիրքորոշումները, նշում է. «Օրենսդիրը վիրավորանքից և զրպարտությունից ոչ նյութական պաշտպա­նության կարգը և պայմանները տարբերակել է, տարբերակել է նաև արատավորող արտահայտությունից պաշտպանությունն՝ ըստ հրապարակման աղբյուրի»: Ըստ Դիմո­ղի՝ վիրավորական արտահայտության դեպքում իրավունքի խախտման զոհն իրավասու է պահանջելու իրավախախտից հրապարակային ներողություն խնդրել, իսկ զրպար­տու­թյան դեպքում՝ հերքում հրապարակել պայմանով, որ զրպարտող տե­ղեկությունը հրապարակվել, հանրայնացվել, տարածվել է «լրատվական գործունեու­թյուն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ»: Այս համատեքստում Դիմողն ընդգծում է. «Իսկ, թե՝ ո՞րն է «լրատվական գործունեություն իրականացնող» և հերքումն ի՞նչ ձևով կարող է հրապարակվել, որոշվում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով»:

Դիմողը պնդում է, որ առկա իրավակարգավորումների համաձայն՝ եթե զրպար­տությունը հրապարակվել, հանրայնացվել, տարածվել է բանավոր կերպով (առանց վերարտադրման հնարավորության) կամ «Զանգվածային լրատվության մասին» օրեն­քի իմաստով՝ «լրատվության միջոց» չհանդիսացող հարթակի միջոցով՝ վերարտա­դրման, տարածության և ժամանակի մեջ տարածման հնարավորությամբ, ապա իրա­վունքի խախտման զոհը հնարավորություն չունի զրպարտություն համարված փաստե­րը հերքելու, հրապարակումը հեռացնելու պահանջ ներկայացնելու իրավախախտին:

Դիմողը Սահմանադրական դատարանի ուշադրությունն է հրավիրում այն հան­գամանքի վրա, որ տեղեկատվության տարածման ժամանակակից միջոցներով, մաս­նա­վորապես՝ սոցիալական ցանցում գրանցված օգտահաշվի միջոցով, տարածված տեղեկությունը մշտապես հրապարակվում, հանրայնացվում, տարածվում է: Հաճախ որոշ օգտահաշիվներ անհամադրելի քանակով հետևորդներ են ունենում, քան «լրատ­վության միջոցները»: Ավելին, Դիմողի գնահատմամբ, ժամանակակից տեղեկատվա­կան համացանցային հոսքերի կառավարման ալգորիթմներն ապահովում են տեղեկա­տվության տարածումը նաև այն «սպառողների» շրջանում, որոնք կոնկրետ օգտատի­րոջ կամ օգտահաշվի «հետևորդ» չեն, սակայն կարող են այդ բովանդակության պո­տեն­ցիալ «գնորդ» լինել: Դիմողի գնահատմամբ՝ 101 բաժանորդ ունեցող «լրատվության միջոցով» տարածված զրպարտության հետագա տարածումը դադարեցնելը, զրպար­տու­թյունը հեռացնելը, հերքում տարածելը՝ որպես իրավական պաշտպանության մի­ջոցներ, նախատեսված են, սակայն միլիոնավոր հետևորդներ ունեցող օգտահաշվից՝ հնարավոր չէ:

Դիմողի կարծիքով՝ քանի դեռ առկա չէ անձի վերաբերյալ իրականությանը չհա­մա­պատասխանող տեղեկությունները հերքելու, հեռացնելու պաշտպանության միջոց, խախտումները կրելու են շարունակական բնույթ՝ անկախ դատական պաշտպանության դիմած անձի օգտին կայացված դատական ակտի առկայությունից: Ավելին, անձի վե­րա­բերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակային ներկայացված փաս­տացի տվյալները չհերքվելու և չհեռացվելու պայմաններում դրանք շարունակելու են արատավորել անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը՝ հան­գեցնելով նոր խախտման:

Դիմողի պնդմամբ՝ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը չի նախատեսում զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, իսկ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը սոցիալական հարթակում գործող օգտահաշիվը չի դիտարկում որպես լրատվության միջոց:

Դիմողը շեշտադրում է, որ մարդը բարձրագույն արժեք է, և նրա պատիվը, ար­ժա­նապատվությունը և բարի համբավն արատավորելուց պաշտպանելը, մինչև խախ­տու­մը եղած դրությունը վերականգնելը, հնարավոր չէ ֆինանսական փոխհատուց­մամբ: Հակառակ իրավիճակը, ըստ Դիմողի, կստեղծի նյութական հատուցման միջոց­ներ տրամադրելով ոչ նյութական բարիքների դեմ անարգել ոտնձգելու հնարավո­րու­թյուն, ինչը կհակասի մարդու արժանապատվության բարձրագույն արժեք լինելու գա­ղափարին, կդրդի մարդուն դիմելու իր իրավունքը պաշտպանելու հնագույն բնա­կան միջոցին՝ իրավունքի ինքնապաշտպանությանը:

Արդյունքում Դիմողը եզրակացնում է, որ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը, չնախատեսելով զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հե­ռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը, սոցիալական հարթակում օգտահաշիվը չդիտարկելով որպես լրատվության միջոց, չեն համապատասխանում Սահմանա­դրու­թյան 3, 23, 31, 61, 63 և 75-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավո­րումներին:

Ամփոփելով ողջ վերոշարադրյալը՝ Դիմողը խնդրում է. «... Հայաստանի Հան­րապետության Սահմանադրության 3, 23 և 31, 61 և 63, 28 և 29, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթն՝ այնքանով, որքանով զրպարտության դեպքում, եթե զրպարտու­թյունը տեղ է գտել սոցիալական ցանցի օգտահաշվում, անձին հնարավորություն չի տա­լիս սոցիալական ցանցի օգտատիրոջը պահանջ ներկայացնել օգտահաշվից հեռացնել զրպարտող տեղեկությունը և (կամ) հրապարակայնորեն հերքել զրպարտու­թյուն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:

... Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 23 և 31, 61 և 63, 28 և 29, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Զանգվածային լրատվու­թյան մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի դրույթն՝ այնքանով, որքանով սոցիալական ցանցի օգտատիրոջը չի դիտարկում որպես լրատվական գոր­ծունեություն իրականացնող, իսկ սոցիալական ցանցի օգտահաշիվը չի դիտարկում որպես լրատվություն իրականացնելու միջոց»:

 

3. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը, մեջբերելով Սահմանադրության 23, 28, 29, 31, 61, 63 և 75-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները և դրանց վերաբերյալ Սահմա­նադրական դատարանի արտահայտած իրավական դիր­քորոշումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբե­րելի նախադեպային դիր­քո­րո­շումները, գործող օրենսդրական կարգավորումները դի­տարկելով դատական պրակ­տիկայի և միջազգային իրավակարգավորումների համա­տեքստում, նշում է. «(…) տվյալ դեպքում օրենսդրական բաց և օրենսդրորեն կարգա­վորված իրավահարաբերու­թյուն­ների ամբողջական և բնականոն իրագործման խախ­տում առկա չեն»:

Պատասխանողի գնահատմամբ՝ օրենսդիրը տվյալ իրավակարգավորումները սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշ­խիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա հա­մապատասխան իրավակիրառ պրակտիկայի ձևավորում. «(…) այդպիսի ընթա­ցակար­գի սահմանումը եղել է օրենսդրի նպատակը»:

Պատասխանողը պնդում է, որ տվյալ դեպքում օրենքի բացը հաղթահարելու ան­հնարինություն առկա չէ, մասնավորապես, այն պայմաններում, երբ դատարան­նե­րին տրված դատական հայեցողության շրջանակներում՝ պայմանավորված յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքներով, կարող է քննարկման առարկա դառնալ սո­ցիա­լական ցանցի կոնկրետ օգտահաշվի (օգտահաշվի առանձնահատկություններով պայ­մանավորված)՝ որպես լրատվական միջոց հանդիսանալու հարցը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույ­թը՝ իր իրավակարգավորիչ դերով, համապատասխանում է Սահմանադրությանը՝ չհան­գեցնելով սահմանադրական իրավունքների արդյունավետ իրացման որևէ խոչըն­դո­տի:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրա­կան դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

- արդյո՞ք Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում լրատվական գործունեություն չիրականացնողի՝ համացանցում տարա­ծած տեղեկատվության մեջ տեղ գտած զրպարտության դեպքում անձի կողմից դատա­կան կարգով զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և (կամ) հրապարակայնորեն դրանց վերաբերյալ իր պատասխանը ներկայաց­նելու և (կամ) դրանք հեռացնելու պահանջ ներկայացնելու օրենսդրական հնարավո­րություն, համահունչ է Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված իրավուն­քին՝ հաշվի առնելով նաև Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված հիմնա­կան իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար ան­հրա­ժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի առկայության սահմանադրաիրա­վական պահանջը:

 

5. Սահմանադրական դատարանի  իրավական դիրքորոշումները

5.1. Սահմանադրության՝ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտա­րելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Սահմանադրության՝ «Մարդու արժանապատվությունը» վերտառությամբ 23-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է: Այսպիսով՝ մար­դու արժանապատվությունը բացարձակ պաշտպանության ենթակա սահմանա­դրա­կան արժեք է, որը կանխորոշում է մարդու իրավունքների և ազատությունների բովանդակությունը և ծավալը: Այս մասին է վկայում նաև այն, որ Սահմանադրության 203-րդ հոդվածի համաձայն՝ ի թիվս այլ հոդվածների, Սահմանադրության 3-րդ հոդ­վածը փոփոխման ոչ ենթակա հոդված է:

Սահմանադրական դատարանը, իր մի շարք որոշումներում անդրադառնալով «ար­ժա­նապատվություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակության բա­ցա­հայտմանը, մասնավորապես, նշել է.

- «Վավերացնելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազ­գային դաշնագիրը՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է դրա Նախաբանի այն հիմնարար դրույթը, ըստ որի՝ «մարդու իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից»: Սահմանադրության 3 հոդվածի 1-ին մասում նշված է. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատու­թյունները բարձրագույն արժեքներ են»: «Բարձրագույն արժեք» հասկացությունն այստեղ վերացական չէ և ունի որոշակի իրավական բովանդակություն: «Բարձրագույն արժեք» նշանակում է, որ որևէ այլ արժեք, այդ թվում և´ պետական, և´ հանրային խնդիրների լուծմանը կոչված որևէ համակարգ, չի կարող ավելի բարձր դասվել» (2006 թվականի հոկտեմբերի 4-ի ՍԴՈ-649 որոշում),

- «Մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի կարևորագույն բաղադրիչը նրա արժանապատվությունն է, որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրա­վունք­ների ու ազատությունների ազատ, անարգել ու երաշխավորված իրականացման հա­մար։ Այն նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամահայտնության դրսևո­րում, այնպես էլ դրանք պաշտպանելու պետության համարժեք պարտականություն» (2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-913 որոշում),

- «Անձի արժանապատվության անխախտելիությունը, նրա պատվի և բարի համ­բավի անձեռնմխելիության իրավունքը վերաբերում են ոչ միայն մարդկային կյանքի ողջ ժամանակահատվածին, այլ պետությունը պարտավոր է ստեղծել նաև մահացած անձի պատվի և բարի համբավի պաշտպանության անհրաժեշտ իրավական երաշխիքներ» (2017 թվականի մարտի 21-ի ՍԴՈ-1358 որոշում)։

Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 23-ի ՍԴՈ-1621 որոշման շրջանակներում նշել է. «(…) Սահմանադրության 3-րդ հոդվածը, մարդուն հռչակելով որպես բարձրագույն արժեք, վերջինիս արժանապատվությունը դիտար­կում է որպես սահմանադրական արժեհամակարգի հիմնաքար՝ հանրային իշխանու­թյանը պարտավորեցնելով ապահովել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը՝ միաժամանակ սահմանափա­կելով հանրային իշխանությանը՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը արձանագրում է, որ սահ­մանադրաիրավական կարգավորումների հիմքում մարդու արժանապատվու­թյունն է, որի վրա խարսխվում են վերջինիս հիմնական իրավունքներն ու ազա­տությունները: Այն կանխորոշում է հիմնական իրավունքների և ազատությունների թե՛ բովանդակությունը, թե՛ իրացման սահմանները, հետևաբար՝ մարդու արժա­նապատվության գերակայության գաղափարը պետք է ընկած լինի ինչպես իրա­վաստեղծ, այնպես էլ իրավակիրառ գործունեության հիմքում:

5.2. Մարդու արժանապատվության արժեբանական հիմունքներն արտացոլ­վել են նաև Սահմանադրության՝ «Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բա­րի համբավի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

Մարդու արժանապատվության, դրա անբաժանելի մաս կազմող պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի հարգումն ու պաշտպանությունն իրավա­կան պետության ելակետային հատկանիշներից են և հասարակական արժեհամա­կար­գի կարևորագույն բաղադրատարրերը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համաձայն՝ Մարդու իրավունքների և հիմնա­րար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի իմաստով «մասնավոր կյանքը» լայն հասկացություն է, որը տարածվում է անձնական ինքնության հետ կապված մի շարք ասպեկտների վրա, ինչպիսիք են անձի անունը կամ համբավը, և, բացի դրանից, ներառում է անձի ֆի­զիկական և հոգեկան անձեռնմխելիությունը: Եվրոպական դատարանը նաև ճանաչել է, որ անձի՝ իր բարի համբավը պաշտպանելու իրավունքն ամրագրված է 8-րդ հոդ­վածում՝ որպես մասնավոր կյանքը հարգելու իրավունքի մաս (տե՛ս Høiness v. Norway, Application no. 43624/14, 19.03.2019, Final 19.06.2019, §63):

Մարդու արժանապատվության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի սահմանադրաիրավական կարևորության մասին է վկայում նաև Սահ­մանադրի կողմից սույն արժեքների նկատմամբ անվերապահ հարգանք և պաշտպա­նություն ապահովող կարգավորումների ամրագրումը, մասնավորապես այն, որ Սահ­մա­նադրության 42-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ կարծիքի արտա­հայտման ազատության՝ նույն հոդվածի 3-րդ մասով՝ սահմանափակման իրա­վա­չափ նպատակ է դիտարկում այլոց պատվի ու բարի համբավի պաշտպանությունը:

Այսպես՝ Սահմանադրության՝ «Կարծիքի արտահայտման ազատությունը» 42-րդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է յուրաքանչյուրի կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետա­կան և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետա­կան սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափար­ներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասա­րակության հիմքում։ Այն ժողովրդավարական հասարակության, ինչպես նաև յուրա­քանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է:

2017 թվականի դեկտեմբերի 26-ի ՍԴՈ-1396 որոշմամբ Սահմանադրական դատա­րանն արձանագրել է, որ «(…) արտահայտվելու ազատությունը ոչ միայն մարդու իրա­վունքների ու ազատությունների, այլև հանրային շահերի համակարգում սկզբունքային կարևորության բաղադրիչ է, որի երաշխավորումը սահմանադրաիրավական և միջազ­գա­յին իրավական պահանջ է»: 

Այդուհանդերձ, կարծիքի արտահայտման ազատությունը չի կարող լինել բացար­ձակ և պետք է ներդաշնակ հավասարակշռվի հասարակության ու պետության կենսա­կան շահերի, ինչպես նաև մարդու այլ հիմնարար իրավունքների հետ, ուստի՝ Սահմա­նադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ երկու սահմանադրական ար­ժեքների՝ պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության և կարծիքի արտահայտման ազատության հավասարակշռման միջոց է սահմանադրորեն նախատեսված իրավա­չափ նպատակով, այն է՝ այլոց պատվի ու բարի համբավի պաշտպանության նկա­տառումներից ելնելով՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման հնարավորությունը (Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մաս):

Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի հոկտեմբերի 5-ի ՍԴՈ-1612 որոշմամբ որպես կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրականացման բո­վանդակային սահման է նշել մարդու արժանապատվության, պատվի ու բարի համ­բավի պաշտպանության անհրաժեշտությունը, իսկ 2022 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1646 որոշմամբ արձանագրել է, որ «(...) ժողովրդավարական հասարակության մեջ կարծիքի արտահայտման ազատությունը չի պաշտպանում անձի արժանապատ­վությունը նսեմացնելու նպատակ հետապնդող անվայելուչ, անպարկեշտ խոսքը, ինչպես նաև անձի հանդեպ բացահայտ անպարկեշտ՝ հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերին հակասող վարքագիծը և անձի մարդկային արժանապատ­վու­թյունը նսեմացնելուն նպատակադրված այլ ձևերը»:

Այսպիսով, Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ կար­ծիքի արտահայտման ազատության իրացման բովանդակային սահմանները որոշելու հարցում էական, որոշիչ նշանակություն ունի Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված անձի պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրա­վունքի երաշխավորումը:

Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ մի կողմից՝ ամրագրելով անձի կարծիքի արտահայտման ազատությունը, մյուս կողմից՝ սահմանադրական պաշտպանության ներքո ընդգրկելով անձի արժանապատվության անքակտելի մաս կազմող պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը՝ հանրային իշխանությունը կրում է սահմանադրաիրավական պարտականություն՝ հավասարակշռել հիշատակված երկու սահմանադրահեն արժեքները, ապահովել դրանց պաշտպանության արդյունավետ իրավական կառուցակարգերի կենսունա­կու­թյունը:

5.3. Սահմանադրության 75-րդ հոդվածն ամրագրում է, որ հիմնական իրավունք­ները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունք­ների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմա­կեր­պական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Սահմանադրության վերոնշյալ պահանջն ուղղված է Սահմանադրությամբ ամ­րագրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ և իրական կենսագործմանը, քանի որ իրավունքի կամ ազատության սոսկ ամրագրումը բավարար չէ տրված իրավական հնարավորության լիարժեք իրացման համար, ուստի՝ համա­պա­տասխան  կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական ամրագրումն ան­հրա­­ժեշտ երաշխիք է հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացումն ապահովելու հարցում:

Սահմանադրական դատարանը, նախկինում անդրադառնալով սույն սահմանա­դրաիրավական պահանջի բովանդակությանը, հայտնել է հետևյալ դիրքորոշումները.

«Սահմանադրության վերոնշյալ պահանջն ուղղված է Սահմանադրությամբ ամրա­գրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ և իրական կեն­սագործմանը, քանի որ իրավունքի կամ ազատության միայն ամրագրումը բավարար չէ տրված իրավական հնարավորության լիարժեք իրացման համար, ուստի համապա­տասխան կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական ամրագրումն անհրա­ժեշտ երաշխիք է հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրա­ցումն ապահովելու հարցում» (2021 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴՈ-1618 որոշում):

«(...) Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությունից անմիջականորեն բխում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ օրենքով սահմանելու իրավունքի պաշտպանությանը միտված իրավական այնպիսի միջոցներ, որոնք կապահովեն ան­կախ, անաչառ և մատչելի արդարադատության միջոցով անձանց հիմնական իրա­վունքների ու ազատությունների արդյունավետ, արդար պաշտպանություն՝ ինչպես գոր­ծի ըստ էության քննության, այնպես էլ դատական ակտերի հետագա բողոքարկման շրջանակներում:

(…)

Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջն է, որ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանեն այդ իրավունքների և ազա­տությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Հետևաբար, այս տեսանկյունից Սահմանադրա­կան դատարանը կարևորում է ոչ միայն իրավունքի իրացման կարգի օրենքով նա­խատեսման փաստը սոսկ, այլև նման կարգի արդյունավետությունը, այսինքն՝ օրենքի նորմերում բովանդակվող իրավակարգավորիչ այնպիսի միջոցների, ձևերի առկայու­թյունը և դրանց գործադրման հնարավորությունը, որոնք կերաշխավորեն սահմանա­դրորեն կանխորոշված նպատակի լիարժեք իրացումը՝ կոնկրետ դեպքում հաշվի առնե­լով նաև Սահմանադրության 78, 79, 80 և 81-րդ հոդվածների պահանջները» (2018 թվա­կանի հունիսի 19-ի ՍԴՈ-1420 որոշում):

Սահմանադրական դատարանը, 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշ­ման մեջ անդրադառնալով Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությանը, արձանագրել է, որ «(…) ցանկացած օրենսդրական կարգավորում, այլ ոչ թե միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակում, պետք է նպատակ ունենա և ապահովի բոլոր հիմնական իրավունքների (1) արդյունավետ իրականացման համար (2) անհրաժեշտ (3) կազմակերպական (4) կառուցակարգեր և (5) ընթացակարգեր: Միայն բոլոր այս պայմանների միաժամանակյա առկայությունը ցանկացած օրենսդրա­կան կարգավորման մեջ, առավել ևս որևէ հիմնական իրավունք կամ ազատություն սահ­մանափակող օրենսդրական կարգավորման մեջ, կարող է ապահովել դրա համա­պատասխանությունը Սահմանադրությանը»:

2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշման շրջանակներում Սահմանա­դրական դատարանն արձանագրել է. «Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման հա­մար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կա­ռուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցան­կացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները»։

Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Սահմանադրության 31-րդ հոդ­վա­ծի 1-ին մասում ամրագրված՝ պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրա­վունքի պաշտպանությունը հանրային իշխանության սահմանադրաիրավական պար­տա­կա­նությունն է. հանրային իշխանությունը կրում է պարտականություն՝ ապահովել պաշտպանության ենթակա նշված իրավունքի նկատմամբ համակողմանի հարգանք և պաշտպանություն ապահովող արդյունավետ օրենսդրական կառուցակարգեր, առանց որոնց հիշատակված սահմանադրական իրավունքը կկրի հռչակագրային բնույթ:

5.4. Այսպիսով, հանրային իշխանությունը պետք է երաշխավորի մարդու իրա­վունքների և ազատությունների ամբողջական և լիարժեք պաշտպանությունը, ի թիվս այլնի, նաև արդարադատության իրականացման բացառիկ առաքելություն ունեցող դա­տական համակարգի միջոցով՝ ապահովելով արդյունավետ դատական պաշտպա­նու­թյան և արդար դատաքննության իրավունքների կենսագործման համար անհրաժեշտ կառուցակարգեր:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով մարդու արժանապատվության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության դատական կարգով պաշտպանության առանցքային նշանակու­թյունը, ի թիվս այլնի, նաև քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսել է  սույն սահմանադրաիրավական արժեքների երաշխավորմանը միտված կարգավորումներ:

Մասնավորապես՝ Oրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի ուժով՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են, ի թիվս այլնի նաև՝ դատա­կան պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավո­րանքից և զրպարտությունից` Օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով: Հիշատակված կարգավորմանը համահունչ՝ Օրենսգրքի՝ «Պատվին, արժա­նապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» վերտառությամբ 1087.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրա­վորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Օրենսգրքի վերոնշյալ հոդվածը սահմանում է վիրավորանքի և զրպարտության օրենսդրական սահմանումները, համաձայն որոնց.

- վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կա­տար­ված հրապարակային արտահայտությունն է (Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 2-րդ մաս),

- զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրակա­նությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 3-րդ մաս):

Անդրադառնալով «զրպարտություն» հասկացության իրավական բովանդակու­թյանը՝ Սահմանադրական դատարանն իր՝ 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշման շրջանակներում արձանագրել է, որ.

«Այս ձևակերպումից բխում է, որ զրպարտությանը բնորոշ հատկանիշներն են.

ա/ խոսքը վերաբերում է փաստացի տվյալներին,

բ/ դրանք չեն համապատասխանում իրականությանը,

գ/ ներկայացվել են հրապարակայնորեն,

դ/ արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համ­բավը,

ե/ դրանք չեն վերաբերում միայն լրատվամիջոցներով ներկայացված փաս­տա­ցի տվյալներին»:

Ինչ վերաբերում է զրպարտության՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գոր­ծարար համբավն արատավորող բնույթ ունենալու իմպերատիվ պահանջին, ապա Սահմանադրական դատարանը հայտնում է, որ արատավորող կարող են լինել իրա­կանությանը չհամապատասխանող՝ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գոր­ծարար համբավը նսեմացնող այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզի­կա­կան կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտ­ման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարե­խղճու­թյան, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկու­թյուններ, որոնք չեն հիմնավորվում թույլատրելի և վերաբերելի ապացույցներով:

Օրենքի միատեսակ կիրառության սահմանադրաիրավական պատվիրանի կեն­սա­գործման շրջանակներում Վճռաբեկ դատարանն իր նախադեպային պրակտիկայում սահմանել է կոնկրետ արտահայտությունը` որպես զրպարտություն գնահատելու հա­մար հստակ չափանիշներ, որոնք են.

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղե­կություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրա­պարակային1,

3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրակա­նությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն ան­ձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս, օրինակ, Թա­թուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քա­ղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 27-ի որոշումը):

5.5. Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով վիրավորանքի և զրպարտու­թյան դեպքում օրենսդրորեն նախատեսված իրավական պաշտպանության միջոցնե­րին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ մասը սահմանում է անձի կողմից վիրավորանքի դեպքում դատական կարգով հայցվող պաշտպանության միջոցները (անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը), ինչպիսիք են՝

1) հրապարակայնորեն ներողություն խնդրելը (ներողություն խնդրելու ձևը սահ­մանում է դատարանը),

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով դատարանի վճիռը լրիվ կամ մասնակի հրապարակելը (հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը),

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխ­հատուցում վճարելը:

Իսկ վիճարկվող դրույթի՝ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ պաշտ­պանության միջոցները (մեկը կամ մի քանիսը).

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականաց­նողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարա­կայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելը և (կամ) դրանց վերաբերյալ իր պատասխանի հրապարակումը (հերքման ձևը և պատասխանը հաս­տատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հա­յաստանի Հանրապետության օրենքով),

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելը2:

Այսպիսով՝ օրենսդիրը, հաշվի առնելով, որ զրպարտությունը ենթադրում է իրա­կանությանը չհամապատասխանող տեղեկատվության հրապարակային ներկայացում, ինչպես նաև ելնելով պատվի, արժանապատվության և գործարար (բարի) համբավի սահմանադրաիրավական բովանդակությունից, որպես զրպարտության դեմ առավել արդյունավետ պաշտպանության միջոց, նախատեսել է այնպիսի հատուկ իրավական միջոցներ, ինչպիսիք են նման տեղեկատվության հերքումը և (կամ) դրանց վերաբերյալ պատասխանի հրապարակումը, որոնք, սակայն, օրենսդիրը հնարավոր է համարել բացառապես այն պարագայում, եթե հրապարակումը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ: Միայն այդ դեպքում անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արա­տավորվել է, կարող է լրատվության համապատասխան միջոցով (որով տարածվել են զրպարտություն համարվող տվյալները) հրապարակայնորեն հերքում և (կամ) զրպար­տություն համարվող փաստացի տվյալների վերաբերյալ իր պատասխանի հրապարա­կում պահանջել: Ընդ որում՝ գործող օրենսդրական կարգավորումների ուժով զրպար­տություն համարվող տվյալների հերքումը և (կամ) պատասխանի հրապա­րա­կումը թեև կիրառելի են նաև սոցիալական ցանցերում՝ առցանց հարթակներում արված հրապարակումների դեպքում, այդ թվում՝ սոցիալական ցանցերի մեկնա­բանությունների տիրույթում հնչեցրած արտահայտությունների առնչությամբ, սա­կայն միայն այն դեպքում, երբ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործու­նեություն իրականացնողի տարածած տեղեկատվության շրջանակներում: Հակա­ռակ դեպքում, երբ նման տեղեկատվությունը տարածվել է լրատվական գործունեություն չիրականացնող անձի համացանցային կայքի, այդ թվում՝ սոցիալական ցանցերում գործող անձնական օգտահաշվի միջոցով, գործող իրավակարգավորումների պայման­ներում չի կարող խոսք լինել զրպարտություն համարվող փաստացի տվյալների հերք­ման և (կամ) դրանց վերաբերյալ պատասխանի հրապարակման պահանջի մասին: Օրենսդիրն առհասարակ չի նախատեսել զրպարտություն հանդիսացող տվյալների (տեղեկատվության)՝ համացանցային կայքից հեռացման օրենսդրական հնարավո­րություն, այդ թվում նաև՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգ­վա­ծային լրատվության միջոցով նման տեղեկատվության տարածման պարագայում:

Վերոգրյալի առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև Վճռաբեկ դատարանի ձևավորած պրակտիկային, որի շրջա­նակներում Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի իրավակարգավորումները կիրառելի են բացառապես այն դեպքում, երբ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է.

«Տվյալ դեպքում օրենսդիրը նախատեսել է, որ անձի պատվին, արժանա­պատ­վությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է ՀՀ քաղա­քացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան, որի համաձայն՝ անձը, ում պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին զրպար­տության միջոցով վնաս պատճառված լինելու դեպքում անձը կարող է դատական կար­գով պահանջել ինչպես հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաս­տացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը, այնպես էլ՝ վճարել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում։ Ընդ որում, վերը նշված միջոցներից առաջինն անձը կարող է պա­հանջել բացառապես այն դեպքում, երբ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, այսինքն՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով այն իրավաբանական կամ ֆիզիկական անձի, այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ, որն իր անունից լրատվության միջոցով, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերում, առցանց հարթակներում, տարածել է այդ տեղեկատվությունը:

(...)

Տվյալ դեպքում պատասխանող Մանե Գևորգյանը վերը նշված հրապարակումը «Facebook» համացանցային կայքում իրականացրել է ոչ թե որպես լրատվական գոր­ծունեություն իրականացնող, այլ՝ որպես այդ կայքի օգտատեր և իր անձնական էջում՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով չհանդի­սանալով ինչպես լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, այնպես էլ՝ անհատ ձեռնարկատեր, իսկ այդ հրապարակումն էլ չի տարածվել նույն օրենքի իմաստով լրատվության միջոցով։ Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ Մանե Գևորգյանի վերը նշված անձնական էջը չի հա­մապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով լրատվության միջոցին առաջադրվող պահանջներին» (տե՛ս թիվ ԵԴ/16144/02/20 քա­ղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հունիսի 10-ի որո­շու­մը):

Ողջ վերոշարադրյալի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանա­գրում է, որ զրպարտության օրենսդրական սահմանումը, ինչպես նաև դրա տարած­ման եղանակներն ավելի լայն են, քան դրա դեմ օրենքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցների շրջանակը: Զրպարտության օրենսդրական սահմանու­մից հետևում է, որ զրպարտող կարող է հանդիսանալ յուրաքանչյուր ոք, ինչը ենթա­դրում է, որ կոնկրետ անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող փաս­տա­ցի տվյալների (statement օf fact) հրապարակային ներկայացման դեմ պաշտպա­նության միջոցները պետք է ուղղված լինեն անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանությանը՝ անորոշ թվով անձանցից, մինչդեռ Օրենս­գրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի իմաստով անձը, որի պատիվը, արժա­նապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել է, կարող է դատական կար­գով պահանջել զրպարտություն համարվող փաստացի տվյալների հերքում և (կամ) դրանց վերաբերյալ իր պատասխանի հրապարակում բացառապես այն պարագայում, երբ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տա­րածած տեղեկատվության մեջ:

5.6. Օրենսգրքի վիճարկվող դրույթը դիտարկելով համացանցի՝ տեխնոլոգիանե­րի ներկայիս զարգացման փուլում հասարակության լայն շրջանակների կողմից որպես տեղեկատվության ստացման, տեղադրման և փոխանակման աղբյուրի ընկալման լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

տեխնոլոգիաների զարգացման աճն ու դրանով պայմանավորված՝ հասարակա­կան հարաբերությունների սրընթաց զարգացումը, նպաստել են համացանցի՝ որպես համընդհանուր տարածում և ճանաչում ունեցող տեղեկատվության ստացման, տեղա­դրման և փոխանակման աղբյուրի վերածմանը: Համացանցը գլոբալ, համաշխարհային տեղեկատվական համակարգ է, որը միավորում է բազմաթիվ օգտատերերի ամբողջ աշխարհում: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ տեղեկատվությունը համա­ցան­ցում ավելի արագ է տարածվում, քան սովորական (ավանդական) զանգվածային լրատվության միջոցներում. այն փոխանցվում է տարբեր ձևերով, տարբեր ծավալ­ներով, անկախ հեռավորություններից և պետական սահմաններից՝ հաշված րոպեների ընթացքում հասանելի դառնալով անորոշ (անսահմանափակ) թվով անձանց և, բացի դրանից, այդ եղանակով տարածվող տեղեկատվությունն ունի վերահսկելիության ավելի ցածր աստիճան և այդ տիրույթում մշտապես մնալու մեծ հավանակա­նու­թյուն:

Եվրոպական դատարանը, անդրադառնալով զրպարտություն համարվող և այլ՝ ակնհայտորեն ոչ իրավաչափ խոսքի՝ համացանցում տարածմանը, իրավական դիր­քո­րոշում է հայտնել առ այն, որ՝ «(…) oգտատերերի կողմից համացանցում արտահայտչա­կան գործունեության ծավալումն արտահայտվելու ազատության աննախադեպ հնա­րա­վորություն է ստեղծում: Սա անվիճելի է և նախկինում այլ առիթների ժամանակ Դատարանի կողմից արդեն ճանաչվել է (տե՛ս Ahmet Yıldırım-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ 3111/10, § 48, ՄԻԵԴ 2012, և Times Newspapers Ltd-ն (թիվ 1 և թիվ 2) ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 3002/03 և թիվ 23676/03, § 27, ՄԻԵԴ 2009): Սակայն այս առավելությունների հետ մեկտեղ որոշակի վտանգներ ևս կարող են ստեղծվել: Զրպար­տիչ և այլ՝ ակնհայտորեն ոչ իրավաչափ խոսքը, այդ թվում նաև՝ ատելության խոսքը և բռնության հրահրող կոչերը, կարող են վայրկյանների ընթացքում աշխարհով մեկ տա­րածվել ավելի արագ, քան նախկինում երբևէ տարածվել են, իսկ երբեմն նույնիսկ կա­յուն մնալ համացանցում: Այս երկու միմյանց հակասող իրականություններն ընկած են այս գործի հիմքում: Գիտակցելով Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների պաշտպա­նության անհրաժեշտությունը և հաշվի առնելով այն, որ Կոնվենցիայի 8 և 10-րդ հոդ­վածներով ամրագրված իրավունքներն արժանի են հավասար հարգանքի, անհրաժեշտ է այս երկուսը հավասարակշռել այնպես, որ դրանց էությունը պահպանվի: Այսպիսով, չնայած Դատարանը ճանաչում է այն հանգամանքը, որ խոսքի ազատության իրացման տեսանկյունից համացանցը կարևոր առավելություններ է տալիս, այն նաև հաշվի է առնում, որ զրպարտիչ կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխա­նատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրա­վունք­ների խախտման համար արդյունավետ միջոց» (տե՛ս Delfi AS v. Estonia, Application no. 64569/09, 16.06.2015, §110)3:

Նման պայմաններում Օրենսգրքի վիճարկվող իրավակարգավորումների ուժով պատվի, արժանապատվության և գործարար համբավի իրավական պաշտպանու­թյու­նը զրպարտություն պարունակող տեղեկատվությունից, որը տեղ է գտել 1) համացան­ցային կայքում, որը գրանցված է որպես զանգվածային լրատվության միջոց, և 2) հա­մացանցային կայքում, որը գրանցված չէ որպես այդպիսին (օրինակ՝ համացանցային կայքի օգտատիրոջ անձնական օգտահաշվում), և տարբերվում է՝ չնայած այն հան­գա­մանքին, որ հրապարակային հարթակում իրականությանը չհամապատասխա­նող փաստացի տվյալների ներկայացման արդյունքում անձի համար առաջացած փաս­տական հետևանքները երկու պարագայում էլ գրեթե նույնական են: Այլ կերպ՝ այն դեպքում, երբ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների տարածողը լրատ­վական գործունեություն իրականացնող չէ, ապա դատական կար­գով պաշտպանու­թյան՝ ոչ նյութական միջոցի կիրառման պահանջ ներկայացնելու և այդպիսի պա­հանջի բավարարում ստանալու օրենսդրական գործիքակազմը բա­ցակայում է:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ զրպարտու­թյան միջոցով անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի դեմ կատարված ոտնձգության պայմաններում լոկ նյութական հատուցման տրամադրման կառուցա­կար­գերը բավարար չեն: Խնդրո առարկա իրավունքին նման կերպ ոտնձգելու պարա­գայում, երբեմն ոտնձգողի (անկախ սուբյեկտի) կողմից ոչ նյութական հատուցման մի­ջոցով է հնարավոր  ապահովել դրանց պաշտպանության արդյունավետությունն ու հա­մարժեքությունը: Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի ան­ձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը երբեմն ենթադրում է ոչ նյութական հատուցման եղանակի կիրառում, որպիսի պարագայում է միայն հնարավոր լինում ապա­հովել դրա արդյունավետությունն ու լիարժեքությունը: Ամեն դեպքում  «տուժող կողմը» պետք է միշտ հնարավորություն ունենա ինքը որոշելու իրավունքի պաշտպա­նության որ եղանակն ու միջոցն ընտրի՝ ելնելով իր արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի վերաբերյալ սեփական վերաբեր­մունքից ու պատկերացումից:

5.7. Տվյալ դեպքում, գործի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի պատիվը և արժանապատվությունն արատա­վորող հրապարակումը տեղ է գտել ֆիզիկական անձ «Marina Poghosyan»-ի ֆեյսբուքյան էջի (անձնական օգտահաշվի) միջոցով, որը, ըստ խնդրո առարկա քաղաքացիական գործի նյութերի, չի հիմնավորվել, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի իմաս­տով զանգվածային լրատվության միջոց է, իսկ նշյալ օգտահաշվի օգտատերը՝ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, ուստիև՝ նշված տեղե­կության հրապարակային ներկայացումը չի համարվել լրատվության միջոցով իրա­կանացված:

Վերոշարադրյալի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Facebook» սոցիալական մեդիա հարթակն առցանց ծառայություն է, որը հնա­րավորություն է տալիս ստեղծել օգտահաշիվ, տեղադրել տեղեկատվություն և այլն: Վերջինս հասարակության լայն շրջանակներում ընկալվում է որպես զանգվածային լրատ­վության միջոցներին փոխարինող այլընտրանքային տեղեկատվության աղբյուր, բայց միևնույն ժամանակ այդ հարթակում տեղեկատվություն տեղադրող և տարա­ծող ամեն ոք չէ, որ լրատվական գործունեություն իրականացնող է, հետևաբար՝ հա­մացանցում տեղեկատվության տարածման աղբյուր (սուբյեկտ) են հանդիսա­նում ոչ միայն լրատվական գործունեություն իրականացնողները, այլ նաև ցանկա­ցած անձ, որն ազատ է թե՛ լրատվական գործունեություն իրականացնողների կող­մից տեղադրված/տարածված տեղեկատվության՝ իր անձնական էջերում տնօրին­ման (մասնավորապես՝ իր անձնական էջում հրապարակելու/կիսվելու, խորագրե­լու, մեկնաբանություններ անելու), թե՛ սեփական տեղեկատվության տեղադրման, դրա տարածման հարցում: Ավելին, որոշ դեպքերում մասնավոր անձանց կողմից վար­վող բազմաթիվ օգտահաշիվներ ներկայումս ապահովում են ավելի մեծ դիտելիություն և տեղեկատվության ավելի արագ տարածում, քան առանձին զանգվածային լրատ­վության միջոցներ:

Այս առնչությամբ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ չի անտեսում այն դյուրինությունը, ընդարձակ տարածման հնարավորությունները և արագությունը, որով տեղեկատվությունը կարող է տարածվել համացանցով, այդ թվում նաև՝ մեկ անգամ արդեն բացահայտված տեղեկատվության անընդհատ առկայությունը համացանցում, ինչը կարող է ծանրացնել ոչ իրավաչափ խոսքի հասցրած վնասի հետևանքները հա­մացանցի միջոցով տարածման դեպքում, որը շատ ավելի ծանր է, քան կարող էր լինել ավանդական մամուլի դեպքում (տե՛ս Delfi AS v. Estonia, Application no. 64569/09, 16.06.2015, §147)4:

Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակային ներկայաց­ված փաստացի տվյալները (անկախ դրանք հրապարակող սուբյեկտի, քանի դեռ դրանք հրապարակային հարթակում են) հերքելու և (կամ) դրանք հեռացնելու օրենս­դրական հնարավորության բացակայությունը հանգեցնում է անձի պատվի, արժա­նապատվության և գործարար համբավի շարունակական արատավորման, իմաս­տա­զուրկ է դարձնում զրպարտության դեպքում Օրենսգրքով նախատեսված իրա­վական պաշտպանության միջոցների գործնականում կիրառելիությունն ու դրանց արդյունավետությունը: Մինչդեռ հիմք ընդունելով այն, որ անձի պատիվը, արժանա­պատվությունն ու գործարար համբավը ոչ նյութական բարիքներ են, որպես դրանց պաշտպանության առաջնահերթ ձև՝ պետք է սահմանված լինի ոչ նյութական պա­հանջը: Այդ մասին է փաստում նաև Սահմանադրական դատարանն իր՝ 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշման շրջանակներում՝ նշելով, որ «(…) արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը»:

Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ոչ նյութական արժեքներին վնաս հասցվելու պայմաններում, որպես առաջնա­հերթություն, ոչ նյութական վնասի հատուցման միջոցների կիրառման իմպերատիվ պահանջի հիմքում ընկած է այն ողջամիտ տրամաբանությունը, որ ոչ նյութական արժեքին վնաս պատճառելիս բացառապես նյութական հատուցում տրամադրելը չի կարող հանդիսանալ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի դեմ ոտնձգությանը համարժեք պատասխանատվություն, քանի որ չի կարող հա­մարժեքորեն փոխհատուցել (վերականգնել) անձի պատվին, արժանապատվու­թյանը և գործարար համբավին պատճառված վնասը:

5.8. Սույն գործի նյութերի ուսումնասիրության համաձայն՝ Վերաքննիչ քաղաքա­ցիական դատարանը թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործով իր՝ 22.03.2023 թ. որոշմամբ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով սահմանված պաշտ­պանության միջոցի կիրառման անհնարինության առնչությամբ նշել է հետևյալը.

«(...) սույն գործի քննության ընթացքում ֆեյսբուքյան օգտատեր «Marina Poghosyan»-ի լրատվական գործունեությամբ զբաղվելու փաստը ապացուցված չլինելու պայմաններում, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վեճի առարկա հրա­պարակումը տեղի է ունեցել ֆիզիկական անձ «Marina Poghosyan»-ի ֆեյս­բուքյան էջի միջոցով, որը չի կարող գնահատվել որպես լրատվության միջոց՝ Վե­րաքննիչ դատարանը գտնում է, որ նշված տեղեկությունը չի կարող համարվել լրատ­վության միջոցով տարածված:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բացակայում է ՀՀ քաղաքա­ցիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով սահմանված պաշտպա­նության միջոցի կիրառման հիմքը: Հետևաբար՝ այս առնչությամբ բողոքաբերի պատ­ճառաբանությունները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ անհիմն են»:

Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ զրպարտություն հանդիսացող տվյալները (անկախ հրապարակող սուբյեկտից) հրապարակային հարթակում (համացանցում) հասանելիության պայ­ման­ներում հերքելու և (կամ) դրանք հեռացնելու պահանջ ներկայացնելն անհնար է, այդպիսի օրենսդրական կարգավորումը չի ապահովում Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված պահանջների արդյունավետ կենսագործումը՝ որպես հետևանք հանգեցնելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրա­վունքների խախտման՝ անձի արժանապատվության, պատվի ու բարի համբավի ան­ձեռնմխելիության երաշխավորման համատեքստում:

Սահմանադրական դատարանը հայտնում է նաև, որ համացանցում հրապա­րակային ներկայացված տեղեկատվության հերքումը և (կամ) հեռացումը ոչ թե նույ­նական, այլ պաշտպանության անկախ և ինքնավար միջոցներ են, և որոշ դեպքերում համացանցում հրապարակային ներկայացված զրպարտություն հանդիսացող տեղե­կա­տվությունը հեռացնելը կարող է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գոր­ծարար համբավը պաշտպանելու առավել արդյունավետ միջոց հանդիսանալ՝ կանխելով զրպարտության շարունակական տարածումը և նման տեղեկատվության դիտումները համացանցում։ Մինչդեռ օրենսդիրն առհասարակ չի նախատեսել զրպար­տություն պարունակող նյութը հեռացնելուն պարտավորեցնելու իրավական հնարավորություն:

Վերոգրյալի առնչությամբ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ պետք է գործեն անհրաժեշտ կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթա­ցակարգեր, որոնք կապահովեն անձի նկատմամբ իրականությանը չհամապա­տաս­խանող և նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արա­տավորող զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների (statement օf fact) ներկայացման պայմաններում (անկախ դրանք ներկայացրած սուբյեկտի) դրանք հրապարակայնորեն հերքելու և (կամ) դրանց վերաբերյալ իր պատասխանը հրա­պա­րակելու և (կամ) դրանք հեռացնելուն պարտավորեցնելու հնարավորությունը, քանզի նման հնարավորության բացակայությունը հակասում է Սահմանադրության 31 և 75-րդ հոդվածներին։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդ­վածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը  որոշեց.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասն այնքանով, որքանով լրատվական գործունեություն չիրականացնողի կողմից համացանցում տա­րածված զրպարտության դեպքում շահագրգիռ անձի համար չի նախատեսում զրպար­տությունը հերքելու, դրա պատասխանը ներկայացնելու, այն հեռացնելու կամ վերը նշված կարգավորումներին համարժեք այլ հնարավորություն, ճանաչել Սահմանա­դրության 31-րդ հոդվածին (75-րդ հոդվածի հետ համակցությամբ) հակասող և անվա­վեր:

2. Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով։

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

__________________________

1Վճռաբեկ դատարանի ձևավորած պրակտիկայի համաձայն՝ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով (տե՛ս Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թ. թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով որոշումը):

2 Գործող կարգավորմամբ սահմանվել է սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 6000-ապատիկի չափով փոխհատուցում:

3 Հասանելի է https://hudoc.echr.coe.int/eng?i=001-162655 հղմամբ:

4 Հասանելի է https://hudoc.echr.coe.int/eng?i=001-162655 հղմամբ:

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

1 հոկտեմբերի 2024 թվականի

ՍԴՈ-1752

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2024 թվական: