Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-160-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.01.2010-01.01.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.05/39(705) Հոդ.901
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2009 թվականի հուլիսի 10-ին

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Հանրակրթության մասին օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգի պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունքի, պարտադիր հիմնական ընդհանուր կրթության և անվճար միջնակարգ կրթության հնարավորության հիմքերը:

 

Հոդված 2. Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Հանրակրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, ոլորտը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) հանրակրթություն` անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերով.

2) տարրական կրթություն՝ պարտադիր կրթության առաջին մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանը.

3) հիմնական կրթություն` պարտադիր կրթության երկրորդ մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին և երկրորդ աստիճանները.

4) միջնակարգ կրթություն` հանրակրթության երրորդ մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի երեք աստիճանները.

5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների` շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը.

6) հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)` հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն.

7) հանրակրթական ուսումնական հաստատություն (այսուհետ` ուսումնական հաստատություն)` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր(եր).

8) հանրակրթական դպրոց` մեկ կամ մի քանի ընդհանուր, այդ թվում՝ հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.

9) մասնագիտացված հանրակրթական դպրոց` ռազմագիտության, սպորտի, արհեստների, արվեստի կամ գիտության որևէ բնագավառում հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.

10) հատուկ հանրակրթական դպրոց` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորող սովորողների համար հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.

11) բազմահամակազմ դասարան` տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողներից բաղկացած ուսումնական խումբ.

12) մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և (կամ) դրանք ապահովող ուսումնական հաստատության աշխատակից.

13) ուսուցիչ` ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.

14) ուսուցչի ատեստավորում` ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին, որակավորման տարակարգի բնութագրիչներին համապատասխանության որոշման գործընթաց.

15) դասագրքի փորձաքննություն` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով հանրակրթության պետական չափորոշիչներին դասագրքի համապատասխանության գնահատման գործընթաց:

(3-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն)

 

Հոդված 4. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է հանրակրթության բնագավառի զարգացումը` որպես անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարևոր երաշխիք:

2. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված և մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումն է:

3. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության ժողովրդավարական և աշխարհիկ բնույթը:

4. Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

5. Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

6. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն:

7. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է:

8. Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն:

Կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

9. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

10. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:

 

Հոդված 5. Հանրակրթության նպատակները և պետական քաղաքականության սկզբունքները

 

1. Հանրակրթությունը նպատակաուղղված է սովորողի մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացմանը, նրա անձի` որպես ապագա քաղաքացու ձևավորմանը, ինքնուրույն կյանքի, մասնագիտական կողմնորոշմանը և մասնագիտական կրթության նախապատրաստմանը:

2. Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետևյալ սկզբունքների ապահովումը.

1) հանրակրթության մարդասիրական բնույթը, ազգային և համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության կարևորումը, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը.

2) հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին.

3) հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովումը.

4) ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը.

5) հանրակրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաև միջազգային կրթական համակարգին ինտեգրումը.

6) ուսումնական հաստատությունների ինքնավարության և պետական վերահսկողության հավասարակշռումը.

7) անկախ կազմակերպական-իրավական ձևից` ուսումնական հաստատությունների և դրանցում սովորողների ու աշխատողների իրավահավասարությունը.

8) հանրակրթական և այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Հոդված 6. Հանրակրթության պետական չափորոշիչը

 

1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների և ուսումնական բնագավառների.

3) հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

4) սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հենքային ուսումնական պլանը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի նորմատիվային ծավալը` ըստ ուսումնական տարիների` արտահայտված ուսումնական պարապմունքների ժամաքանակով (դասաժամերով), ներառյալ` ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակները:

5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

 

Հոդված 7. Հանրակրթական ծրագրերը

 

1. Հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի և դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների ու մեթոդների ամբողջությունն է, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված` շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները` ըստ մակարդակների:

2. Հանրակրթական լրացուցիչ ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների նախասիրությունների և կրթական պահանջմունքների բավարարմանը: Հանրակրթական լրացուցիչ ծրագիր կարող է իրականացնել ուսումնական հաստատությունը կամ այլ կազմակերպություն` համաձայն իր կանոնադրության:

3. Հանրակրթական հիմնական ծրագրերը, բացի նախադպրոցական ծրագրից, ներառում են նաև հետևյալ ծրագրերը.

1) տարրական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

2) հիմնական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

3) միջնակարգ հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ):

Հանրակրթական ընդհանուր ծրագրերը ներառում են նաև հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերը:

4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և հաստատում է տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր (այսուհետ` հանրակրթական պետական ծրագիր):

Հանրակրթական պետական ծրագիրը ներառում է օրինակելի ուսումնական պլանը, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորված դասագրքերի ցանկը, ծրագրի իրականացումն ապահովող իրավական այլ ակտեր:

5. Հանրակրթական պետական ծրագրի օրինակելի ուսումնական պլանը կազմված է պետական և դպրոցական հետևյալ բաղադրիչներից.

1) պետական բաղադրիչը ներառում է առարկայացանկը և դրան հատկացվող ժամաքանակները.

2) դպրոցական բաղադրիչին հատկացված ժամաքանակը նախատեսված է հոսքային կամ առանձին առարկաների խորացված կրթական ծրագրերի իրականացման և (կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով: Դպրոցական բաղադրիչը տնօրինում է ուսումնական հաստատությունը:

Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն օրինակելի ուսումնական պլանի հիման վրա հաստատում է իր ուսումնական պլանը:

6. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է հաստատել այլընտրանքային հանրակրթական հիմնական, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային ծրագրեր, որոնք չեն հակասում հանրակրթության պետական չափորոշչին:

7. Հանրակրթական հիմնական ծրագրերը կառուցվում են հաջորդականության և շարունակականության սկզբունքով: Հանրակրթական հիմնական ծրագրերը, ըստ կրթական աստիճանների, դասակարգվում են.

1) 1-ին աստիճանի` տարրական.

2) 2-րդ աստիճանի` հիմնական.

3) 3-րդ աստիճանի` միջնակարգ:

Հանրակրթական ծրագրերի յուրացման արդյունքներն ամփոփվում են կրթական յուրաքանչյուր աստիճանի ավարտին: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան:

8. Միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը 12 տարի է` եռաստիճան համակարգով.

1) 1-ին աստիճան՝ 4 տարի, 1-4-րդ դասարաններ.

2) 2-րդ աստիճան՝ 5 տարի, 5-9-րդ դասարաններ.

3) 3-րդ աստիճան՝ 3 տարի, 10-12-րդ դասարաններ:

9. Մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման համար կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է սահմանել այլ ժամկետներ:

10. Հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`

1) ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.

4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները.

5) սովորողների սննդի կազմակերպումը.

6) սովորողների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

7) սովորողների երկարօրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպումը.

8) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:

11. Հանրակրթական հիմնական ծրագրերից յուրաքանչյուրի (այդ թվում` նախադպրոցական) իրականացումը, ըստ համապատասխան աստիճանի, լիցենզավորման ենթակա գործունեություն է:

Հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` լիցենզավորման գործընթացը կարգավորող օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 8. Ուսումնական հաստատության տեսակները

 

1. Ուսումնական հաստատությունը, ըստ դրանում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի, դասվում է հետևյալ տեսակների.

1) հանրակրթական դպրոց.

2) մասնագիտացված հանրակրթական դպրոց.

3) հատուկ հանրակրթական դպրոց:

2. Մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը և դրանց առանձնահատկությունները սահմանվում են օրենքով, դրանց կանոնադրություններով և իրավական այլ ակտերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող է ստեղծել այլ տեսակի ուսումնական հաստատություն:

4. Այլ տեսակի ոչ պետական ուսումնական հաստատությունը կարող է ստեղծվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

5. Ուսումնական հաստատությունը, ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի, լինում է`

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).

3) հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ).

4) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ).

5) վարժարան (5-12-րդ դասարաններ).

6) միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ):

 

Հոդված 9. Ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձևերը

 

1. Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով սահմանված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:

2. Ուսումնական հաստատությունը կարող է գործել նաև կրթահամալիրի կազմում:

3. Սովորողների անվճար հանրակրթությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, հիմնադրում է ուսումնական հաստատություններ պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպական-իրավական ձևով (այսուհետ` պետական ուսումնական հաստատություն):

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանված պետական ավագ դպրոցների համար լիազոր մարմինը կրթության պետական կառավարման լիազորված մարմինն է:

5. Պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ոչ պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի կանոնադրությունը։

6. Ոչ պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը չպետք է հակասի «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի դրույթներին:

7. Ուսումնական հաստատությունն ունի կնիք, որի վրա նշվում է ուսումնական հաստատության անվանումը:

 

Հոդված 10. Ուսումնական հաստատության կառավարումը

 

1. Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, որը ընտրվում (նշանակվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

3. Պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):

4. Ուսումնական հաստատության կառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

5. Ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Ուսումնական հաստատության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև այլ խորհրդակցական մարմիններ` հոգաբարձուների և այլ խորհուրդներ:

6. Ուսումնական հաստատության կառավարմանը մասնակցում են ուսումնական հաստատության աշակերտական խորհրդի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

Հոդված 11. Պետական ուսումնական հաստատության խորհրդի լիազորություններն ու դրանց դադարեցման հիմքերը

 

1.   Պետական ուսումնական հաստատության խորհուրդը՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրում է տնօրեն և հիմնադրի անունից նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի փորձագիտական եզրակացության հիման վրա վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի լիազորությունները` օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

2) հաստատում է ուսումնական հաստատության կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական կանոնները.

3) հավանություն է տալիս ուսումնական հաստատության զարգացման ծրագրին.

4) քննարկում և հավանություն է տալիս ուսումնական հաստատության հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակներին.

5) կարող է սահմանել պակաս խտությամբ դասարան` ուսումնական հաստատության լրացուցիչ միջոցների հաշվին.

6) քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը և ներկայացնում պետական լիազորված մարմին.

7) քննարկում է ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության հաշվետվությունները.

8) որոշում է մասնակցել արտաքին գնահատման, քննարկում է ներքին և արտաքին գնահատման արդյունքները.

9) վերահսկում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարումը.

10) հիմնադրի սահմանած կարգով սահմանում է ուսումնական հաստատության շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները.

11) առաջարկություններ է ներկայացնում պետական լիազորված մարմին՝ ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան.

12) հաստատում է իր աշխատակարգը և հաստատության կանոնադրությամբ ու խորհրդի ընտրության կարգի համաձայն՝ ընտրում է խորհրդի նախագահ.

13) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը պարտավոր է`

1) ուսումնական հասատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության.

2) պատշաճորեն կատարել սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված և խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները.

3) կատարել խորհրդի, իրեն ներկայացրած` լիազոր մարմնի այն հանձնարարությունները, որոշումները, որոնք բխում են ուսումնական հաստատության կանոնադրական նպատակներից։

3. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են՝

1) այդ մասին անձնական դիմում ներկայացնելու,

2) անդամին լիազորած մարմնի հիմնավորված հետկանչի,

3) խորհրդի որոշմամբ՝ հիմնավորված առաջարկության,

4) մեկ տարվա ընթացքում խորհրդի առնվազն երեք նիստի չներկայանալու,

5) դատական կարգով անգործունակ կամ անհայտ բացակայող կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու,

6) ուսումնական հաստատության լուծարման կամ վերակազմակերպման,

7) նրա մահվան դեպքերում։

4. Խորհրդի անդամի լիազորությունները սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հիմքերով չեն կարող դադարեցվել, եթե դրան հաջորդող երեք ամիսների ընթացքում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար նախատեսվում է անցկացնել մրցույթ։

 

Հոդված 12. Ուսումնական հաստատության տնօրենը և նրա իրավասությունները

 

1. Պետական ուսումնական հաստատության տնօրենն ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով: Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։

2. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

3. Վերապատրաստումը և հավաստագրումը անցկացվում են հետևյալ փուլերով.

1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.

2) ուսուցումների կազմակերպում՝ դիմողի նախաձեռնությամբ.

3) քննություն՝ թեստավորման և հարցազրույցի միջոցով.

4) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ հինգ տարի ժամկետով։

4. Վերապատրաստման, քննությունների և հավաստագրման ընթացակարգերը, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

5. Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան երկու անգամ։

6. Վերապատրաստումների մասին հայտարարությունը հրապարակվում է քննություններն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

7. Վերապատրաստման բովանդակությունը կազմվում է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները և գործնական կարողությունները ձևավորելու և դրանք ամրապնդելու նպատակով։

8. Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։

9. Հավաստագրված անձանց ցանկը հրապարակվում է։

10. Քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։

11. Վերապատրաստված և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է հավաստագիրը ստանալու օրվանից հետո` հինգ տարվա ընթացքում, մասնակցել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին։

12. Տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնում է`

1) սահմանված ցանկին համապատասխան փաստաթղթերը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը.

3) դպրոցի զարգացման իր ծրագիրը:

13. Տնօրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հարցաշարերի հիման վրա:

14. Մրցույթում հաղթած և խորհրդի հետ սահմանված կարգով պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը՝ անկախ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի հնգամյա ժամկետի լրանալուց։

15. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և անցնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերապատրաստումը և ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի նոր հավաստագիր։

16. Ուսումնական հաստատության տնօրենը պատասխանատու է հանրակրթության պետական կրթական և առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սովորողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:

17. Ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել և ընտրվել (նշանակվել) այն անձը, որը՝

1) պետական ուսումնական հաստատությունների դեպքում սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով չի ստացել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.

2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

4) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

5) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

18. Պետական ուսումնական հաստատության տնօրենը՝

1) խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

2) ղեկավարում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.

3) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում պետական լիազորված մարմին.

4) խորհրդի հավանությանն է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը.

5) իրականացնում է օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 13. Ուսումնական հաստատության կրթական ծրագրերը

 

1. Ուսումնական հաստատությունը հանրակրթական ծրագիր(եր) կարող է իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում` համաձայն իր կանոնադրության: Ուսումնական հաստատության կողմից իրականացվող հանրակրթական ծրագրերն ամրագրվում են իր կանոնադրությամբ:

2. Ուսումնական հաստատությունը հիմնադրի որոշմամբ հանրակրթական ծրագիրը կարող է իրականացնել ցերեկային, երկարօրյա և (կամ) գիշերօթիկ աշխատակարգով:

 

Հոդված 14. Ուսումնական պլանները

 

1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացը կազմակերպվում է` համաձայն հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական հաստատության տարեկան ուսումնական պլանի:

2. Ուսումնական հաստատությունում իրականացվող յուրաքանչյուր հանրակրթական ծրագրի համար կազմվում է առանձին ուսումնական պլան` հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան:

3. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն իր ուսումնական պլանները կազմում է օրինակելի ուսումնական պլանների հիման վրա: Օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը ուսումնական հաստատությունը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած առարկաներին:

4. Ուսումնական հաստատությունը վճարովի հիմունքներով կարող է իրականացնել հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաև այլ ծառայություններ՝ համաձայն իր կանոնադրության և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:

Սովորողների մասնակցությունը լրացուցիչ վճարովի պարապմունքներին կամավոր է և իրականացվում է ուսումնական հաստատության և ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 15. Ուսումնական տարին

 

1. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:

2. Ուսումնական տարին բաղկացած է ուսումնական շաբաթներից, քննաշրջաններից և արձակուրդներից:

3. Ուսումնական շաբաթների քանակը որոշվում է հենքային ուսումնական պլանով սահմանված տարեկան ժամաքանակների ապահովմամբ:

4. Պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը։ Ուսումնական հաստատությունն այդ հարցը առնվազն տասնհինգօրյա ժամկետում համաձայնեցնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հետ:

5. Ուսումնական տարվա ընթացքում կարող են սահմանվել քննաշրջաններ: Պետական ավարտական քննությունների ժամկետները և անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

6. Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ` հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան: Պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում` հիմնադիրը` այդ մասին տեղյակ պահելով պետական կառավարման լիազորված մարմնին։

 

Հոդված 16. Սովորողների ընդունելությունը, փոխադրումը, տեղափոխումը և ազատումը

 

1. Սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա` սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով: Պետական ուսումնական հաստատությունների համար պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

2. Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:

3. Հանրակրթական դպրոցի առաջին դասարան երեխայի ընդունելության ժամանակ արգելվում է գիտելիքների ստուգումը:

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն կատարվում է` համաձայն ոլորտը կարգավորող օրենսդրության:

5. Դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:

6. Ուսումնական հաստատությունը, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինները ապահովում են դպրոցական տարիքի երեխայի ընդգրկումը ուսումնական հաստատություն:

7. Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթությունը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

8. Ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելը և ազատելը կատարվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած կարգով հետևյալ դեպքերում.

1) ծնողի դիմումի հիման վրա.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

9. Ոչ պետական ուսումնական հաստատությունում, մասնագիտացված հանրակրթական դպրոցում կամ այլընտրանքային ծրագրում ընդգրկված սովորողի ազատումը կամ այլ ուսումնական հաստատություն տեղափոխումը կարող է կատարվել նաև ծնողի և տվյալ ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:

10. Սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան կամ դասարան:

11. Ուսումնական տարվա ընթացքում` մինչև մայիսի 1-ը, 20-30 օր կամ 120-160 ժամ դասերից բացակայած սովորողը հանձնում է քննություններ ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից՝ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ: Քննություններից անբավարար գնահատական ստացած կամ 160 ժամից ավելի բացակայած սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

 

Հոդված 17. Ուսումնական գործընթացի կազմակերպումը

 

1. Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն իրականացվում է խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:

2. Ուսումնական խմբերը` դասարանները, կազմավորվում են ըստ սովորողների տարիքի և նրանց կողմից ուսումնական ծրագրի յուրացման արդյունքի: Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն՝ կարող են կազմավորվել բազմահամակազմ դասարաններ:

Պետական ուսումնական հաստատության դասարանի կազմավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ուսումնական հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշիչով:

Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառողջարարական ճամբարներում:

4. Սովորողների անհատական ուսուցման կազմակերպման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցում իրականացվում է ներառական կրթության սկզբունքով:

6. Ուսումնական հաստատություններում գործածվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով փորձաքննություն անցած և երաշխավորված դասագրքեր և ձեռնարկներ` ուսումնական հաստատության ընտրությամբ:

7. Ուսումնական հաստատությունը կրթության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով սովորողների, նրանց ծնողների, մանկավարժական աշխատողների և տվյալ ուսումնական հաստատությունում կրթական գործընթացին մասնակից այլ անձանց համար ապահովում է կրթությանն օժանդակող խորհրդատվական ծառայություններ` տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական և այլն: Մասնագիտացված կրթական աջակցության ձևերի կազմակերպման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 18. Սովորողների գնահատումը և ատեստավորումը

 

1. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

2. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

3. Ուսումնական հաստատության շրջանավարտին տրվում է ավարտական փաստաթուղթ: Ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

Հոդված 19. Կրթական գործընթացի մասնակիցները ուսումնական հաստատությունում

 

1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք։

 

Հոդված 20. Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 21. Սովորողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ուսումնական հաստատությունում կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:

2. Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն:

3. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է`

1) առաջարկել ծնողին սովորողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն.

2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին` երեխային սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկով:

5. Եթե ոչ պետական ուսումնական հաստատության, մասնագիտացված հանրակրթական դպրոցի, ինչպես նաև այլընտրանքային ուսուցման համակարգում սովորողը կամ նրա ծնողը չի պահպանել պայմանագրային դրույթները, կամ սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ծնողին:

6. Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 22. Սովորողների առողջության պահպանումը

 

1. Ուսումնական հաստատությունն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

2. Սովորողների առողջության պահպանման և ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն` ուսումնական հաստատության բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 23. Սովորողների խրախուսումը

 

1. Սովորողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։

 

Հոդված 24. Մանկավարժական աշխատողները

 

1. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը, որակավորման տարակարգերը, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կազմակերպման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

3. Պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մրցույթի օրինակելի կարգի և ուսումնական հաստատության կանոնադրության, բացառությամբ նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածուի առկայության դեպքերի:

 

Հոդված 25. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը և մանկավարժական ստաժը

 

1. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ուսումնական հաստատության մանկավարժական և վարչական աշխատողների մանկավարժական աշխատանքային ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) չի կարող գերազանցել շաբաթական քսաներկու դասաժամը:

4. Պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

 

Հոդված 26. Ուսուցիչը և նրա ատեստավորումը

 

1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ունի համապատասխան որակավորում կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

2. Ուսուցչի ատեստավորման գործընթացի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

3. Ուսուցչի հերթական ատեստավորումն անցկացվում է հինգ տարին մեկ, իսկ արտահերթ ատեստավորումը՝ հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո։

4. Ուսուցչի ատեստավորումը անցկացվում է պարզ և բարդ ընթացակարգերով։

5. Պարզ ընթացակարգն իրականացվում է փաստաթղթային ատեստավորման եղանակով՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի կողմից, իսկ բարդ ընթացակարգը՝ թեստավորման և հարցազրույցի եղանակով, ուսուցչի ատեստավորման հանրապետական հանձնաժողովի կողմից։ Ուսուցչի ատեստավորման հանրապետական և տարածքային հանձնաժողովների ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

6. Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության տնօրենի հաստատած ժամանակացույցի:

7. Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում է տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկ և մինչև մայիսի 1-ը ներկայացնում է ատեստավորման տարածքային հանձնաժողով։

8. Տարածքային հանձնաժողովը մեկամսյա ժամկետում քննարկում և սահմանում է ուսուցիչների ատեստավորման ժամանակացույցը և եռօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություններին և ատեստավորման հանրապետական հանձնաժողով՝ ի գիտություն։

9. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

10. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած չափորոշիչներին համապատասխան: Առանձին դեպքերում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:

11. Ուսումնական հաստատությունն ինքնուրույն ընտրում է մանկավարժական աշխատողներին, այդ թվում՝ ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությանը։ Ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը մշակում է պետական կառավարման լիազորված մարմինը:

12. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ուսումնական հաստատության տնօրենը ներկայացնում է ուսուցչի աշխատանքային բնութագիրը և նրա գործունեության արդյունքների վերաբերյալ փաստաթղթային հիմքերը՝ նախապես դրանք ծանոթացնելով ուսուցչին։

13. Ուսուցչի աշխատանքային բնութագիրը բովանդակում է տվյալներ ուսուցչի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների, ինչպես նաև առարկայական-մասնագիտական և մանկավարժական գիտելիքների ու կարողությունների, ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:

14. Աշխատանքային բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ուսուցչի ատեստավորման արդյունքի վրա:

15. Ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքները գնահատվում են հետևյալ փաստաթղթային հիմքերով.

1) ուսուցչի գործունեության վերաբերյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների հարցումները.

2) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման նպատակով անցած վերապատրաստումների արդյունքները (վկայական, հավաստագիր և այլն).

3) ուսումնական հաստատության տեսչավորումից հետո տրված եզրակացությունը (ուսուցչի մասով) և այլ հիմքեր։

16. Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

17. Պարզեցված ընթացակարգով փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է սահմանված ցանկին համապատասխան ներկայացված փաստաթղթերի հիման վրա։

18. Ատեստավորման տարածքային հանձնաժողովը յուրաքանչյուր ուսուցչի համար քվեարկության միջոցով ձայների մեծամասնությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է որակավորման տարակարգի շնորհման.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է որակավորման տարակարգի իջեցման.

4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։

19. Ատեստավորման տարածքային հանձնաժողովն իր ընդունած որոշումները հրապարակում է նույն օրը և երկօրյա ժամկետում հիմնավորումներով ներկայացնում է ատեստավորման հանրապետական հանձնաժողով և համապատասխան ուսումնական հաստատություն։

Բարդ ընթացակարգով ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման կամ իջեցման ենթակա ուսուցչի վերաբերյալ որոշումը ատեստավորման հանրապետական հանձնաժողով է ներկայացվում ուսուցչի գործունեության արդյունքների վերաբերյալ սույն հոդվածի 12-րդ, 15-րդ և 16-րդ մասերում նշված փաստաթղթային հիմքերով։

20. Բարդ ընթացակարգով թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման կամ իջեցման ենթակա է այն ուսուցիչը`

1) որի վերաբերյալ ատեստավորման տարածքային հանձնաժողովը ընդունել է սույն հոդվածի 18-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նշված որոշումներից մեկը.

2) որը հավակնում է ստանալ որակավորման տարակարգ և անցել է փաստաթղթային ատեստավորում։

21. Սույն հոդվածի 18-րդ մասի 4-րդ կետում նշված որոշումը ենթակա է բարդ ընթացակարգով ատեստավորման, եթե որոշումը գրավոր բողոքարկվել է տվյալ ուսուցչի կամ տվյալ ուսումնական հաստատության կողմից։

22. Բարդ ընթացակարգով ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման կարգի, հարցաշարերի, հարցաթերթիկի ձևի, անցկացման վայրի, օրվա ու ժամի մասին:

23. Բարդ ընթացակարգով ատեստավորման կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը ներառում է թեստերի և հարցազրույցի անցկացման ու արդյունքները գնահատելու ձևերը, հարցաշարերի բովանդակային բաղադրիչները, հարցաթերթիկի ձևը և այլն։

24. Ուսուցչի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշը որակավորման տարակարգն է, որը որակավորման յուրաքանչյուր աստիճանում սահմանվում է երեք մակարդակներով։

25. Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանվում են` հիմք ընդունելով ուսուցչի մասնագիտական գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրում, համապատասխան մրցույթների մասնակցություն, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումներ և այլն)։

26. Ուսուցիչն իր նախաձեռնությամբ կարող է որակավորման ցանկացած տարակարգին համապատասխան առարկայական-մասնագիտական և մանկավարժական գիտելիքների գնահատում անցնել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում և ստանալ համապատասխան տեղեկանք:    

27. Ատեստավորման հանրապետական հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է որակավորման տարակարգի շնորհման.

2) ենթակա է որակավորման տարակարգի իջեցման.

3) վերանայել «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը.

4) հաստատել «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը։

28. Ուսուցիչը կամ տնօրինությունը ատեստավորման արդյունքները կարող է բողոքարկել ատեստավորող տարածքային հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկված ատեստավորման արդյունքները վերանայվում են ատեստավորման հանրապետական հանձնաժողովի կողմից, և մեկամսյա ժամկետում ընդունվում է համապատասխան որոշում: Հանրապետական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

29. Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

30. Ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների որոշումները հիմք են ուսուցչի պաշտոնավարության, զբաղեցրած պաշտոնից ազատելու համար, ինչպես նաև նրան որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար։

31. Սույն հոդվածի 27-րդ մասի 4-րդ կետի հիման վրա ուսումնական հաստատությունը եռօրյա ժամկետում պաշտոնից ազատում է տվյալ ուսուցչին և հայտարարում ուսուցչի թափուր տեղի համալրման մրցույթ։ Ուսուցչի պաշտոնից ազատումը անձին չի զրկում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

32. Արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո՝

1) ուսուցչի նախաձեռնությամբ.

2) հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ.

3) տնօրենի պատճառաբանված որոշման հիման վրա:

33. Արտահերթ ատեստավորվող ուսուցիչը պետք է ունենա նվազագույնը երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին` տվյալ հաստատությունում:

34. Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչները.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

35. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չի հայտնել:

36. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

(26-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն)

 

Հոդված 27. Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

 

1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։

 

Հոդված 28. Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Սովորողի ծնողն իրավունք ունի`

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը և կրթության ձևը.

2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.

3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.

4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.

5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

2. Սովորողի ծնողը պարտավոր է`

1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.

2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.

3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.

4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.

5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.

6) սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.

7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.

8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 29. Հանրակրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) հանրակրթության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականությունը.

2) հաստատում է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը.

3) հաստատում է հանրակրթության պետական չափորոշիչը.

4) հիմնադրում է ուսումնական հաստատություններ.

5) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.

6) հաստատում է պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը.

7) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.

8) սահմանում է պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը.

9) հաստատում է հիմնական և միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթերի ձևերը.

10) սահմանում է ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը, որակավորման տարակարգերը, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կազմակերպման կարգերը.

11) սահմանում է ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները.

12) հաստատում է ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգը.

13) սահմանում է ուսուցիչների ատեստավորման և որակավորման տարակարգերի շնորհման, տարածքային և հանրապետական հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգերը.

14) սահմանում է ատեստավորման միջոցով որակավորում ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու կարգը.

15) հաստատում է ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.

16) սահմանում է ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը.

17) սահմանում է պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման ենթակա ոչ պետական ուսումնական հաստատությանը ներկայացվող պահանջները և չափանիշները.

18) սահմանում է ուսումնական հաստատությունների լրացուցիչ ֆինանսավորման մրցույթի կարգը.

19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(29-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն)

 

Հոդված 30. Հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

 

1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմի իրավասություններն են`

1) մշակում և հաստատում է հանրակրթական պետական ծրագրերը, հանրակրթական այլընտրանքային, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային հիմնական ծրագրեր.

2) սահմանում է մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման ժամկետները.

3) տալիս է հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիաներ.

4) օրենքով սահմանված կարգով համաձայնություն է տալիս այլ տեսակի ոչ պետական ուսումնական հաստատության ստեղծմանը.

5) համարվում է պետական ավագ դպրոցների պետական լիազոր մարմինը.

6) սահմանում է պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը.

7) փորձագիտական եզրակացություն է տալիս պետական ուսումնական հաստատության տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ.

8) հաստատում է երաշխավորված դասագրքերի ցանկը.

9) համաձայնություն է տալիս պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողություն սահմանելուն.

10) սահմանում է պետական ուսումնական հաստատություններում արձակուրդների ժամկետները և տևողությունը.

11) սահմանում է պետական ավարտական քննությունների ժամկետները և անցկացման կարգը.

12) հաստատում է պետական ուսումնական հաստատության և ծնողի միջև կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը.

13) սահմանում է դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու կարգը.

14) սահմանում է սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգը.

15) մշակում և հաստատում է ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը.

16) կազմակերպում է ամփոփիչ ատեստավորում և որոշում ուսումնական հաստատության շրջանավարտների համապատասխանությունը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին.

17) հաստատում է ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը.

18) սահմանում է բազմահամակազմ դասարան կազմավորելու, առանձին առարկաների դասաժամերին դասարանը խմբերի բաժանելու կարգերը.

19) հաստատում է սովորողների անհատական ուսուցման, ինչպես նաև դրսեկության ձևով հանրակրթության կազմակերպման կարգերը.

20) ապահովում է առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, դասամատյանների ձևերի մշակումը, փորձաքննությունը և հրատարակումը.

21) մշակում և հաստատում է ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը.

22) սահմանում է մանկավարժական աշխատողների և տնօրենի վերապատրաստման բովանդակությանը ներկայացվող պահանջները, համաձայնություն է տալիս ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին.

23) իրականացնում է ուսումնական հաստատությունների վերահսկողություն, պետական տեսչավորում և գործունեության գնահատում, հրապարակում է ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը.

24) մասնակցում է ուսումնական հաստատության արտաքին գնահատմանը.

25) հաստատում է սովորողների հանրապետական առարկայական օլիմպիադաների, մրցույթների, ռազմամարզական խաղերի, սպարտակիադաների, մանկավարժական աշխատողների մասնագիտական մրցույթների կազմակերպման և անցկացման կարգերն ու կանոնադրությունները.

26) առաջարկում է մրցութային հիմունքներով ուսումնական հաստատությանը հատկացնել լրացուցիչ նպատակային ֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից.

27) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 31. Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի և Երևանի քաղաքապետի իրավասությունները

 

1. Մարզպետի (Երևան քաղաքում` քաղաքապետի) իրավասություններն են`

1) ապահովում է մարզի տարածքում (Երևան քաղաքում) պետական կրթական քաղաքականության իրականացումը.

2) վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան.

3) համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություն.

4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացնում է պետական ուսումնական հաստատության տնօրենի և մանկավարժական աշխատողի ատեստավորումը.

6) աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացին.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ։

 

Հոդված 32. Հանրակրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները

 

1. Համայնքի ղեկավարի իրավասություններն են`

1) աջակցում է համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը` օրենքով սահմանված կարգով.

2) իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն.

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 33. Ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունը

 

1. Ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված պետական կառավարման այլ մարմիններ:

2. Ուսումնական հաստատությունում կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 34. Ուսումնական հաստատության գործունեության գնահատումը

 

1. Ուսումնական հաստատության գործունեությանը տրվում է ներքին և արտաքին գնահատական, որոնց չափանիշները և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

2. Ներքին գնահատումը ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է։ Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են վարչական և մանկավարժական աշխատողները, սովորողները և ծնողները։

3. Ներքին գնահատման հաշվետվությունը տնօրենը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ներկայացնում է ուսումնական հաստատության խորհրդին, ծնողական, աշակերտական և այլ գործող խորհուրդներին, ինչպես նաև ապահովում դրա հրապարակումը:

4. Ուսումնական հաստատության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է` նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ։ Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար:

5. Արտաքին գնահատումը կատարվում է ուսումնական հաստատության գիտությամբ` անկախ կազմակերպության կողմից:

6. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, սովորողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները։

7. Ուսումնական հաստատության արտաքին գնահատումն իրականացվում է սովորողին մատուցվող կրթական ծառայությունների որակի և հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին շրջանավարտների համապատասխանության հիման վրա:

8. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրականացրած տեսչական ստուգումների արդյունքները։

9. Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքը ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են:

10. Շրջանավարտների համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին որոշվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կազմակերպած ամփոփիչ ատեստավորման արդյունքներով։

11. Արտաքին գնահատման արդյունքներով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հրապարակում է ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոդված 35. Ուսումնական հաստատության ֆինանսավորումը

 

1. Ուսումնական հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են պետական բյուջեից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

2. Ուսումնական հաստատություններին պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ուսումնական հաստատության ֆինանսավորումը պետական բյուջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի՝ կախված սովորողների թվից: Ոչ պետական ուսումնական հաստատությունը պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին և չափանիշներին համապատասխանելու դեպքում:

4. Ուսումնական հաստատությունը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում հետևյալ նպատակներով.

1) իրականացնել հատուկ կամ լրացուցիչ կրթական ծրագրեր արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների համար.

2) իրականացնել ուսումնամեթոդական գիտափորձ և (կամ) այլընտրանքային ծրագիր.

3) կազմակերպել դպրոցականների միջազգային օլիմպիադաների նախապատրաստական հավաքներ և դասընթացներ.

4) ստեղծել ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուսումնական նյութեր (այդ թվում՝ էլեկտրոնային):

Ուսումնական հաստատությունը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի առաջարկությամբ ստանալ լրացուցիչ ֆինանսավորում նաև այլ նպատակներով:

Լրացուցիչ ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունը կարող է իր կրթական ծառայությունները կազմակերպել վճարովի հիմունքներով, այդ թվում՝ սովորողներից գանձել ուսման վարձավճար` համաձայն տվյալ ուսումնական հաստատության կանոնադրության։

6. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ, բարձրլեռնային և լեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար սահմանվում է հավելյալ աշխատավարձ՝ համաձայն տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի, բայց ոչ պակաս, քան նախատեսված է ընթացիկ տարվա պետական բյուջեով:

(35-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն)

 

Հոդված 36. Ուսումնական հաստատության ձեռնարկատիրական գործունեությունը

 

1. Ուսումնական հաստատությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով ուսումնական հաստատությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

2. Պետական ուսումնական հաստատության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է դրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Ուսումնական հաստատության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

3. Ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով։

 

Հոդված 37. Հանրակրթության պետական երաշխիքները

 

1. Պետությունը հանրակրթության համակարգի պետական ուսումնական հաստատությունների գործունեության կարիքների համար երաշխավորում է ամենամյա համապատասխան բյուջետային հատկացումներ:

2. Պետական կրթական չափորոշիչների սահմաններում հանրակրթություն ստանալու պետական երաշխիքի հիմքը պետական ֆինանսավորումն է՝ օրենքով սահմանված կարգով:

3. Պետությունը ուսումնական հաստատություններին, անկախ կազմակերպական-իրավական ձևից, երաշխավորում է գործունեության հավասար իրավական դաշտ` կանոնադրությամբ նախատեսված հանրակրթական գործունեության մասով:

4. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառվում է օրենքով սահմանված հարկային արտոնությունների համակարգ։

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 38. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի և 7-րդ հոդվածի 8-րդ մասի գործողությունը չի տարածվում մինչև 2006 թվականը հանրակրթական դպրոցների առաջին դասարան ընդունված 6.5 և բարձր տարիքի սովորողների վրա: Նրանց կրթությունը շարունակվում է` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի համաձայն:

2. Պետական ուսումնական հաստատությունների տեսակների համապատասխանեցումը սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցով` մինչև 2011-2012 ուսումնական տարին:

3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ընտրված տնօրենների վրա՝ մինչև օրենքով սահմանված նրանց լիազորությունների ժամկետի ավարտը։ Իսկ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենները մինչև 2011 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են, ստանում ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր և մասնակցում տնօրենի ընտրության համար մրցույթին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի և ժամանակացույցի։ Համապատասխան հավաստագիր չստացած կամ մրցույթում չհաղթած տնօրենի լիազորությունները դադարեցվում են։

4. Սույն օրենքի 26-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2010 թվականի մարտի 1-ից:

5. Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք, համաձայն սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի, չունեն համապատասխան որակավորում և 5 տարուց պակաս մասնագիտական աշխատանքային ստաժ, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը, եթե մինչև 2011 թվականի օգոստոսի 20-ը ստացել (ստանում) են համապատասխան որակավորում:

6. Սույն օրենքի 34-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2012 թվականի օգոստոսի 1-ից:

7. Սույն օրենքի դրույթներին չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտերը մինչև 2010 թվականի օգոստոսի 20-ը համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին:

 

Հոդված 39. Եզրափակիչ դրույթ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 23
Երևան
ՀՕ-160-Ն