ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի նոյեմբերի 18-ին
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 68-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 68. |
Քաղաքապետի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում |
1. Երևան քաղաքում պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.
2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը.
3) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատին:
2. Քաղաքապետը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.
1) աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը.
2) աջակցում է զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, ինչպես նաև զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը.
3) աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության, ռազմահայրենասիրական դաստիարակությանը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. դեկտեմբերի 12 Երևան ՀՕ-217-Ն |