Գլխավոր տեղեկություն
Համար
N 1301-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2024 թվականի N 1301-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ կետերը և 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն hավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփել արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշմամբ սահմանված աղետի գոտիների տարածքներում՝ անհատ ձեռնարկատերերին, առևտրային կազմակերպություններին աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) սեփականատերերին կամ սեփականության իրավունքի իրավատերերին պատճառված վնասների գնահատման (գույքագրման) համայնքային հանձնաժողովների կողմից կազմված ակտերը և ամփոփ տվյալները ներկայացնել արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի հաստատմանը՝ համաձայն N 1 ձևի։

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված տվյալները ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի կողմից ամփոփված տվյալները։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 15-ի N 1301-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածով սահմանված համայնքներում գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին կամ աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) սեփականատերերին կամ սեփականության իրավունքի իրավատերերին:

 

2. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

2. Ծրագրի շահառու (այսուհետ՝ շահառու) հանդիսանում են որոշման հավելվածով սահմանված համայնքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) սեփականատերերը կամ սեփականության իրավունքի իրավատերերը (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզավորված կազմակերպությունների, պետական մասնակցությամբ կազմակերպությունների, աջակցության ստանալու ամսաթվի դրությամբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սնանկ ճանաչված տնտեսավարողների և 2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ հաշվառումից հանված (լուծարված) կարգավիճակ ունեցող տնտեսավարողների)։

3. Սույն աջակցության ծրագրից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր հանդիսացել են Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականին առաջացած աղետի հետևանքով աջակցության կամ փոխհատուցման այլ ծրագրերի շահառու կամ սուբյեկտ և ստացել են նույն վնասի համար փոխհատուցում։

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ

 

4. Շահառուն աջակցություն ստանալու դիմումը և դրան կից փաստաթղթերը` համաձայն N 2 ձևի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստին։

5. Նախարարությունը, աջակցության չափի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով, համապատասխան դիմումը ստանալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի վերաբերյալ տվյալները (ՀՎՀՀ-ն, առևտրային կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական գրանցման (հաշվառման) համարը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հաշվառման հասցեն) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՊԵԿ) և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե (այսուհետ՝ կոմիտե):

6. Շահառուի վերաբերյալ սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված տվյալները ստանալուց հետո ՊԵԿ-ը և կոմիտեն, 3 աշխատանքային օրվա ընթացքում, յուրաքանչյուրն իր մասով նախարարություն է ներկայացնում սույն որոշմամբ սահմանված աղյուսակով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը:

7. Սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ստանալուց հետո նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում հաշվարկում է շահառուների աջակցության չափը՝ համաձայն աղյուսակի։

 

ԱՂՅՈՒՍԱԿ

 

Շահառուներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վնասվածության

աստիճան

Շահառուներին տրամադրվող աջակցության չափ

 

(Շահառուներին տրամադրվող աջակցության չափը կազմված է՝ բաղադրիչ 1-ով և բաղադրիչ 2-ով հաշվարկված գումարների հանրագումարից)

1

Ցածր

Բաղադրիչ 1․

Շահառուին սեփականության կամ իրավատիրոջ իրավունքով պատկանող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) յուրաքանչյուր 1 քմ համար՝ 6 600 դրամ։

 

Աջակցության չափը չի կարող գերազանցել յուրաքանչյուր շահառուին 1 200 000 դրամը։

 

Բաղադրիչ 2․

Աջակցությունը հաշվարկվում է շահառուի կողմից 2023 թվականի համար հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա և պետական բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների դրական տարբերության և/կամ շրջանառության հարկի 50%-ի չափով, իսկ միկրոձեռնարկատիրության դեպքում կկիրառվի նվազագույն շեմ։ Տարվա ընթացքում հարկման համակարգ փոխած շահառուների մասով աջակցությունը տրամադրվում է հաշվարկված գումարներից առավելագույնի չափով:

 

Աջակցության նվազագույն շեմ սահմանել 200 000 դրամը։ Աջակցության առավելագույն չափը չի կարող գերազանցել բաղադրիչ 2-ի համար 5 000 000 դրամը։

 

2024 թ.-ի հունվարի 1-ից հետո գրանցված, ինչպես նաև գործունեությունը վերսկսած և մինչև մայիսի 26-ը փաստացի գործունեություն ծավալած տնտեսավարողների համար աջակցության գումար սահմանել նվազագույն շեմի չափով։ Ընդ որում, համարվում է, որ հարկ վճարողը փաստացի գործունեություն է իրականացրել կամ վերսկսել, եթե՝

 

1. 25.05.2024 թ.-ի դրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված չէ հայտարարություն` նշված ժամանակահատվածում որոշակի կամ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ:

 

2. 25.05.2024 թ.-ի դրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված է հայտարարություն` նշված ժամանակահատվածում գործունեությունը վերսկսելու վերաբերյալ:

2

Միջին

Բաղադրիչ 1․

Շահառուին սեփականության կամ իրավատիրոջ իրավունքով պատկանող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) յուրաքանչյուր 1 քմ համար՝ 14 900 դրամ:

 

Աջակցությունը չի կարող գերազանցել յուրաքանչյուր շահառուին 1 200 000 դրամը։

 

Բաղադրիչ 2․

Աջակցությունը հաշվարկվում է շահառուի կողմից 2023 թվականի համար հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա և պետական բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների դրական տարբերության և/կամ շրջանառության հարկի 70%-ը, իսկ միկրոձեռնարկատիրության դեպքում կկիրառվի նվազագույն շեմ։

 

Աջակցության նվազագույն շեմ սահմանել 200 000 դրամը։ Աջակցության առավելագույն չափը չի կարող գերազանցել 10 000 000 դրամը։

 

2024 թ.-ի հունվարի 1-ից հետո գրանցված, ինչպես նաև գործունեությունը վերսկսած և մինչև մայիսի 26-ը փաստացի գործունեություն ծավալած տնտեսավարողների համար աջակցության գումար սահմանել նվազագույն շեմի չափով։ Ընդ որում, համարվում է, որ հարկ վճարողը փաստացի գործունեություն է իրականացրել կամ վերսկսել, եթե՝

 

1. 25.05.2024 թ.-ի դրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված չէ հայտարարություն` նշված ժամանակահատվածում որոշակի կամ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ:

 

2. 25.05.2024 թ.-ի դրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված է հայտարարություն` նշված ժամանակահատվածում գործունեությունը վերսկսելու վերաբերյալ:

3

Բարձր

Բաղադրիչ 1․

Շահառուին սեփականության կամ իրավատիրոջ իրավունքով պատկանող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) յուրաքանչյուր 1 քմ համար՝ 24 800 դրամ։

 

Աջակցությունը չի կարող գերազանցել յուրաքանչյուր շահառուին 1 200 000 դրամը։

 

Բաղադրիչ 2․

Աջակցությունը հաշվարկվում է շահառուի կողմից 2023 թվականի համար հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա և պետական բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների դրական տարբերության և/կամ շրջանառության հարկի 100%-ը, իսկ միկրոձեռնարկատիրության դեպքում կկիրառվի նվազագույն շեմ։ Տարվա ընթացքում հարկման համակարգ փոխած շահառուների մասով աջակցությունը տրամադրվում է հաշվարկված գումարներից առավելագույնի չափով:

 

Աջակցության նվազագույն շեմ սահմանել 200 000 դրամը։ Աջակցության առավելագույն չափը չի կարող գերազանցել 15 000 000 դրամը։

 

2024 թ.-ի հունվարի 1-ից հետո գրանցված, ինչպես նաև գործունեությունը վերսկսած և մինչև մայիսի 26-ը փաստացի գործունեություն ծավալած տնտեսավարողների համար աջակցության գումար սահմանել նվազագույն շեմի չափով։ Ընդ որում, համարվում է, որ հարկ վճարողը փաստացի գործունեություն է իրականացրել կամ վերսկսել, եթե՝

 

1. 25.05.2024 թ.-ի դրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված չէ հայտարարություն` նշված ժամանակահատվածում որոշակի կամ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ:

 

2. 25.05.2024 թ.-ի դրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված է հայտարարություն` նշված ժամանակահատվածում գործունեությունը վերսկսելու վերաբերյալ:

 

8. Որոշման հավելվածով սահմանված համայնքներում գործունեություն իրականացնող և աղետից տուժած տնտեսավարողների գույքին հասցված վնասների և կորուստների դիմաց ապահովագրական կազմակերպություններից ապահովագրական հատուցում ստացած շահառուների աջակցության չափը հաշվարկվում է սույն հավելվածի աղյուսակով սահմանված կարգով հաշվարկված գումարից՝ տվյալ շահառուին հատկացված ապահովագրական հատուցման գումարը նվազեցնելու միջոցով։

9. Ծրագրով աջակցության չափի հաշվարկի համար հիմք են ընդունվում 2023 թվականի հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող (հարկային տարվա համար) հարկային մարմին մինչև 2024 թվականի մայիսի 26-ը ներառյալ ներկայացված հարկային հաշվարկները և հաշվետվությունները։ 2024 թվականի ընթացքում պետական գրանցում ստացած կամ գործունեությունը վերսկսած շահառուների աջակցության չափի հաշվարկի համար հիմք է ընդունվում աղյուսակում սահմանված նվազագույն շեմը։ Միկրոձեռնարկատիրության հարկ վճարողների համար հաշվարկի հիմք է հանդիսանում սույն ծրագրով նախատեսված աջակցության աղյուսակում սահմանված նվազագույն շեմը։

10. Ծրագրով աջակցության չափի հաշվարկի համար հիմք հանդիսացող բաղադրիչ 1-ով տվյալների բացակայության պարագայում՝ աջակցությունը տրամադրվում է բաղադրիչ 2-ով նախատեսված չափով։

11. Բաղադրիչ 1-ով աջակցության դեպքում, եթե շենք-շինությունները, որոնց պատճառվել է վնաս, հանդիսանում են մեկից ավելի անձանց ընդհանուր բաժնային կամ համատեղ սեփականություն, ապա աջակցությունը տրամադրվում է ընդհանուր սեփականության մասնակիցներից միայն մեկին՝ նոտարական կարգով վավերացված կամ համայնքի ղեկավարի կողմից հաստատված՝ անշարժ գույքի սեփականության մյուս մասնակիցների համաձայնությամբ:

12. Աջակցությունը տրամադրվում է աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) սեփականատերերին կամ սեփականության իրավունքի իրավատերերին միայն այն պարագայում, երբ շահառուի կողմից ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է այդ անձին սեփականության կամ իրավատիրոջ իրավունքով պատկանող շենք-շինությունում։

13. Աջակցությունը տրամադրվում է նախարարության կողմից։

14. Աջակցությունը տրամադրվում է նախարարության և շահառուի միջև կնքվող պայմանագրի հիման վրա։

15. Շահառուներին դրամական աջակցությունը տրամադրվում է միանվագ:

16. Աջակցությունը տրամադրվում է պայմանագրի երկկողմանի հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին պատկանող բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով։

17. Դիմումները կարող են ներկայացվել սույն թվականի օգոստոսի 25-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 25-ը ներառյալ:

18. Դիմումում (կից փաստաթղթերում) առկա թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերի (տեղեկատվության) ներկայացման անհրաժեշտության վերաբերյալ նախարարությունը դիմում ներկայացրած շահառուին տեղեկացնում է էլեկտրոնային ծանուցման միջոցով՝ նշելով 5 աշխատանքային օրվա ընթացքում թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերի (տեղեկատվության) ներկայացման վերաբերյալ։

19. Դիմումի ներկայացման օր է համարվում նախարարություն ներկայացված թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերը (տեղեկատվությունը) ամբողջական ներկայացնելու օրը։

20. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու կամ թերի ներկայացված փաստաթղթերը (տեղեկատվությունը) ամբողջական չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է մերժված, որի վերաբերյալ շահառուն ծանուցվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։

21. Փոխհատուցված գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց։

 

Ձև N 1

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ

 

NN

ը/կ

Մարզ

Համայնք

Հասցե

ՀՎՀՀ

Կազմակերպության

անվանում/անհատ

ձեռնարկատիրոջ

անուն, ազգանուն,

սեփականատիրոջ

և/կամ սեփականության

իրավունքի իրավատիրոջ

1

2

3

4

5

1.

         

2.

         

3.

         

4.

         

5.

         

6.

         

 

Ձև N 2

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում ենք ________________-ին տրամադրել ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի ___-ի N ______ որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված աջակցություն։

Առևտրային կազմակերպության/անհատ ձեռնարկատիրոջ/ֆիզիկական անձի վերաբերյալ տվյալներ՝

1) առևտրային կազմակերպության անվանումը/անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման/հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, ՀԾՀ-ն.

2) առևտրային կազմակերպությանը/անհատ ձեռնարկատիրոջը/ֆիզիկական անձին պատկանող Հայաստանի Հանրապետությունում գործող բանկային հաշվի վավերապայմանները.

3) գրանցման և փաստացի գործունեության հասցեն (եթե տարբերվում է).

4) վնասված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության կամ սեփականության իրավատիրոջ իրավունքը հավաստող փաստաթղթերը.

5) էլեկտրոնային փոստի հասցեն.

6) հեռախոսահամարը.

8) դիմումին առնչվող հարցերի պատասխանատուի կոնտակտային հեռախոսահամարը.

9) տեղեկանք ապահովագրական ընկերությունից գույքի ապահովագրության դիմաց ստացված ապահովագրավճարի վերաբերյալ։

Կից ներկայացվում են վերը նշված տեղեկատվությունը հաստատող փաստաթղթերի պատճենները։

 

Առևտրային կազմակերպության տնօրեն/անհատ ձեռնարկատեր/ֆիզիկական անձ՝ ________________________

 

Ստորագրություն՝ ___________________

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ