Գլխավոր տեղեկություն
Համար
N 1303-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2024 թվականի N 1303-Ն

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Կադաստրի կոմիտեի հետ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված պայմանագրի հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված պայմանագրի պատվիրատու կարող են հանդիսանալ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանների) ամբողջ տարածքի վեկտորային ֆորմատով բազային և թեմատիկ տեղեկատվության սկզբնական քարտեզ ձեռք բերած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը և այդ պայմանագրի հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 336-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

22.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1303-Ն որոշման

 

Օրինակելի ձև

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N __

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ք. Երևան

___ __________ 20    թվական

 

□ Իրավաբանական անձ

անվանումը __________________________________________________________________________,

գրանցման համարը ________________________,

գտնվելու վայրը ___________________________,

որի անունից □ կանոնադրության և □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`

անունը ________________________,

ազգանունը ________________________,

հայրանունը __________________________,

հաշվառման հասցեն __________________________________________________________________,

բնակության հասցեն __________________________________________________________________,

էլեկտրոնային փոստի հասցեն __________________________________________________________,

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները _________________________________________,

                                           (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

□ ֆիզիկական անձ

անունը _______________________,

ազգանունը ______________________,

հայրանունը ________________________,

հաշվառման հասցեն ___________________________________________________________________,

բնակության հասցեն ___________________________________________________________________,

էլեկտրոնային հասցեն __________________________________________________________________,

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները __________________________________________,

                                                (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

(այսուհետ` պատվիրատու) մի կողմից, և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն (այսուհետ` կոմիտե), ի դեմս ____________________________ -ի, որը գործում է _______________________________________________ հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համաձայն սույն պայմանագրի՝ կոմիտեն պարտավորվում է պատվիրատուի պահանջով պատվիրատուին __ ____ 20 __ թվականին տրամադրված տեղեկատվության (կադաստրային քարտեզի բազային և թեմատիկ տեղեկատվության սկզբնական տրամադրում վեկտորային ֆորմատով) պարբերական թարմացման ծառայության համար նախատեսված վճարումը կատարելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության 20__ թվականի ---- ---ի N   -Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան, Պատվիրատուին տրամադրել

□ Հայաստանի Հանրապետության __________ մարզի ______________ համայնքի

□ Երևան քաղաքի ____________________ վարչական շրջանի կադաստրային քարտեզի բազային և թեմատիկ տեղեկատվությունը՝ վեկտորային ֆորմատով (այսուհետ` տեղեկատվություն):

1.2. Ծառայությունները մատուցված են համարվում կոմիտեի կողմից տեղեկատվությունը պատվիրատուին տրամադրվելու պահից: Տրամադրված տեղեկատվության հնարավոր տեխնիկական թերությունների մասին պատվիրատուն պարտավոր է հայտնել 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրված տեղեկատվության տեխնիկական թերությունների մասին պատվիրատուի կողմից նշված ժամկետում չհայտնվելու դեպքում տեղեկատվությունը համարվում է տեխնիկապես անթերի տրամադրված:

 

2. Կողմերի իրավունքները և պարտավորությունները

 

2.1. Կոմիտեն իրավունք ունի տրամադրված տեղեկատվությունը պատվիրատուի կողմից երրորդ անձանց փոխանցվելու դեպքում պատվիրատուից պահանջելու կոմիտեին պատճառված վնասին համապատասխան «Տարածական տվյալների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նշված գումարի չափով փոխհատուցում։

2.2. Կոմիտեն պարտավորվում է՝

2.2.1. պատվիրատուի կողմից տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը կոմիտեին փոխանցվելուց և տեղեկատվության դիմում ներկայացվելուց հետո պատվիրատուին տրամադրել տեղեկատվությունն ամբողջ ծավալով՝ սույն պայմանագրի 1.1-ին կետով սահմանված եղանակով.

2.2.2. սույն պայմանագրի 1.2-րդ կետով սահմանված ժամկետում պատվիրատուի դիմելու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում անհատույց վերացնել տրամադրված տեղեկատվության՝ հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները.

2.2.3. սույն պայմանագրի 2.3.2-րդ կետով նախատեսված դեպքում պատվիրատուին վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը՝ վճարված գումարի վերադարձման մասին պատվիրատուի դիմումը կոմիտե ներկայացնելու օրվան հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

2.3. Պատվիրատուն իրավունք ունի՝

2.3.1. տեղեկատվությունն ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում պահանջելու անհատույց վերացնել ստացված տեղեկատվության՝ հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները.

2.3.2. կոմիտեի կողմից սույն պայմանագրի 2.2.1-ին կետում նշված պարտավորությունների խախտման դեպքում պահանջելու վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը:

2.4. Պատվիրատուն պարտավորվում է՝

2.4.1. վճարել տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը.

2.4.2. ստացված տեղեկատվությունը չփոխանցել երրորդ անձանց:

 

3. Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը

 

3.1. Մեկ համայնքի (Երևան քաղաքում՝ վարչական շրջանի) տեղեկատվության վճարի չափը և դրա տրամադրման ժամկետը սահմանված է «Տարածական տվյալների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով:

3.2. Տեղեկատվության վճարի չափը չի կարող պայմանավորվել տրամադրվող նյութերի ծավալի կամ համայնքում ընդգրկված բնակավայրերի քանակից:

 

4. Պայմանագրի գործողության ժամկետը

 

4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անժամկետ:

4.2. Սույն պայմանագիրը դադարեցնել ցանկացող կողմը պետք է դրա մասին գրավոր հայտնի մյուս կողմին նախապես՝ 5 (հինգ) աշխատանքային օր առաջ:

4.3. Պայմանագիրը կարող է լուծվել՝

1) կողմերի համաձայնությամբ.

2) կոմիտեի կողմից՝ միակողմանի, եթե պատվիրատուի կողմից խախտվեն սույն պայմանագրի 2.4.1-ին և 2.4.2-րդ կետերում նշված պարտավորությունները.

3) պատվիրատուի կողմից՝ միակողմանի, եթե կոմիտեի կողմից խախտվի սույն պայմանագրի 2.2.1-ին կետում նշված պարտավորությունը:

4.4. Սույն պայմանագրի 4.3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված հիմքերով պայմանագրի դադարեցման դեպքում սույն պայմանագրի 3.1-ին կետով նախատեսված վճարը վերադարձման ենթակա չէ։

 

5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)

 

5.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

6. Վեճերի լուծման կարգը

 

6.1. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Սույն պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավերական է, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի լիազոր ներկա- յացուցիչների կողմից:

7.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Պատվիրատու

_________________________

_________________________

(ստորագրություն)

Կոմիտե

_________________________

_________________________

(ստորագրություն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1303-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության (այսուհետ՝ տեղեկատվություն) պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Տեղեկատվությունը տրամադրվում է առանց սկզբնական տեղեկատվության և սկզբնական տեղեկատվությունում ժամանակագրական փոփոխությունների դիտարկման ծրագրային հնարավորության՝ սկզբնական տեղեկատվությունում կատարված բոլոր լրացումների ու փոփոխությունների հաշվառմամբ: Սույն կետի իմաստով սկզբնական տեղեկատվություն է համարվում տեղեկատվություն հայցող անձին «Տարածական տվյալների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան տրամադրված համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզի բազային և թեմատիկ տեղեկատվությունը:

3. Սույն կարգով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է Հայաս-տանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից:

 

2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

4. Տեղեկատվությունը տրամադրվում է հայցող անձի կողմից e-cadastre.am կայքի միջոցով ներկայացված դիմումի և օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված վճարի մուծման անդորրագրի հիման վրա։ Դիմումում նշվում են՝

1) համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) անվանումը, որի մասով պահանջվում է տեղեկատվությունը.

2) պայմանագրի ամսաթիվը և դրա համարը:

5. Տեղեկատվությունը տրամադրվում է www.e-cadastre.am կայքի միջոցով` շեյփ (shp) կամ դի վի ջի/դի իքս էֆ/դի ջի են (dwg/dxf/dgn) ֆորմատներով՝ տեղեկատվության տրամադրման օրվա դրությամբ։

6. Մինչև www.e-cadastre.am կայքում սույն կարգի 5-րդ կետում նշված ծրագրային ապահովման ներդրումը տեղեկատվությունը տրամադրվում է մեխանիկական եղանակով՝ շեյփ (shp) կամ դի վի ջի/դի իքս էֆ/դի ջի են (dwg/dxf/dgn) ֆորմատներով էլեկտրոնային կրիչներով (խտասկավառակի (CD-ի) վրա կամ USB կրիչով)՝ տեղեկատվության տրամադրման օրվա դրությամբ։ Սույն կարգի 5-րդ կետում նշված ծրագրային ապահովումը www.e-cadastre.am կայքում ներդրվում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

7. Տեղեկատվությունը տրամադրվում է օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետներում։

8. Տեղեկատվությունը կարող է տրամադրվել փոստային կապի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 100-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ընդ որում, տեղեկատվության առաքման հասցեն պայմանագրում նշված հասցեի հետ չհամընկնելու դեպքում տեղեկատվությունը դիմողին փոստով չի առաքվում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան