Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.11.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

ԵԿԴ/0167/06/15

 

11 նոյեմբերի 2022 թվական

ք. Երևան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ՝ 

ԱՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ պաշտպան՝ 

ՀԱԼՈՒՄՅԱՆԻ

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով Արա Էմիլի Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանի բացառիկ վերանայման բողոքները`

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննչական գլխավոր վարչությունում  2015  թվականի  մայիսի 20-ի  որոշմամբ  2003  թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ  քրեական  օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 69104115 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ Արա Բուդաղյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ Ա.Բուդաղյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

2Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2015 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ Արա Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

2.1. Վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2015 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

2.2. Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

3. Ա.Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանը 2015 թվականի հուլիսի 21-ին դիմել է Առաջին ատյանի դատարան՝ Ա.Բուդաղյանի նկատմամբ կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությամբ: Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ միջնորդությունը մերժվել է:

3.1. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

3.2. Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

4. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Ա.Բուդաղյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամսով՝ մինչև 2015 թվականի նոյեմբերի 3-ը:

4.1. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

4.2. Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

5. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ Ա.Բուդաղյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամսով՝ մինչև 2016 թվականի հունվարի 3-ը: Նույն որոշմամբ Ա.Բուդաղյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի և մերժվել է պաշտպանի միջնորդությունը:

5.1. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

5.2. Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

6. Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հունիսի 10-ի որոշմամբ Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` հանցակազմի բացակայության հիմքով:

7. ԱԲուդաղյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝  նաև Եվրոպական  դատարան) 2022  թվականի  հունիսի 23-ին «Բուդաղյանը և Չուգասզյանը ընդդեմ Հայաստանի» գործով կայացրել է վճիռ, որով արձանագրել է Ա.Բուդաղյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավունքի խախտում՝ կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության մասով:

7.1. Արա Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի՝ «Բուդաղյանը և Չուգասզյանը ընդդեմ Հայաստանի» գործով 2022 թվականի հունիսի 23-ի վճիռը, բացառիկ վերանայման բողոքներ է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

8. Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ Արա Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանի բացառիկ վերանայման բողոքների հիման վրա հարուցվել է Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի, 2015 թվականի նոյեմբերի 16-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14-ի և 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումների բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման բանավոր ընթացակարգ:

 

Բացառիկ վերանայման բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջները.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

9 Արա Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանի պնդմամբ` Եվրոպական դատարանի՝ 2022 թվականի հունիսի 23-ի՝ «Բուդաղյանը և Չուգասզյանը ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճիռը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի, 2015 թվականի նոյեմբերի 16-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14-ի և 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումները վերանայելու համար:

9.1. Բողոքաբերի պնդմամբ՝ Եվրոպական դատարանը հաստատված է համարել, որ Արա Բուդաղյանի նկատմամբ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը, այն է՝ ներպետական դատարանների կողմից չեն ներկայացվել 2015 թվականի հուլիսի 3-ից մինչև 2016 թվականի հունիսի 10-ը նրան ազատությունից զրկելու վերաբերելի և բավարար հիմքեր: Ըստ բողոքաբերի՝ նշված խախտման համար Ա.Բուդաղյանը Հայաստանի Հանրապետությունից ստացել է ոչ նյութական վնասի հատուցում:

9.2. Բողոքաբերի պնդմամբ՝ Եվրոպական դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հարցը, թե օբյեկտիվորեն արդյո՞ք գոյություն են ունեցել Ա.Բուդաղյանին ազատությունից զրկելու վերաբերելի և բավարար հիմքեր: Մինչդեռ, եթե բացառիկ վերանայման արդյունքում պարզվի, որ այդպիսի հիմքեր գոյություն չեն ունեցել, ապա Ա.Բուդաղյանը կհավակնի ստանալ նաև ազատությունից անհիմն և անօրինական զրկվելու արդյունքում կրած ոչ նյութական վնասների փոխհատուցում:

10 Վերոշարադրյալի հիման վրա, Արա Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 5-ի, 2015 թվականի հուլիսի 27-ի, 2015 թվականի օգոստոսի 26-ի, 2015 թվականի հոկտեմբերի 29-ի, Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 21-ի, 2015 թվականի օգոստոսի 17-ի, 2015 թվականի սեպտեմբերի 15-ի, 2015 թվականի նոյեմբերի 13-ի որոշումները՝ մերժելով նախաքննության մարմնի միջնորդությունները կամ գործն ուղարկելով ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Բացառիկ վերանայման բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

11.  2015 թվականի հուլիսի 5-ին Ա.Բուդաղյանը ներգրավվել է որպես մեղադրյալ  և  նրան մեղադրանք  է  առաջադրվել ՀՀ  քրեական  օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով այն բանի համար, որ «(…) [Ն]ա ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների հետ գտնվելով լարված, ընդհուպ թշնամական փոխհարաբերությունների մեջ կապված իր եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի մահվան դեպքի հետ, վրեժխնդիր լինելու նպատակով, Գորիս քաղաքի բնակիչ, իր ծանոթ Վիտալի Վլադիմիրի Մինասյանի միջոցով, նյութապես շահագրգռելու եղանակով պատվիրել և դրանով իսկ դրդել է Կապան քաղաքի բնակիչներ Գարեն Ռոմիկի Աթաջանյանին և Հենրիկ Շահենի Ավագյանին կազմակերպել ու իրականացնել Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի սպանությունը, որից հետո, վերջիններս ձեռնամուխ են եղել հանցագործության կատարմանը, սակայն այն ավարտին հասցնել չեն կարողացել իրենց կամքից անկախ հանգամանքներով»:

11.1. 2015 թվականի հուլիսի 3-ից մինչև 2016 թվականի հունիսի 10-ը Ա.Բուդաղյանը գտնվել է մինչդատական կալանքի տակ, այնուհետև՝ 2016 թվականի հունիսի 10-ին, Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` հանցակազմի բացակայության հիմքով և նույն օրը վերջինս ազատվել է արգելանքից1(1)։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք «Բուդաղյանը և Չուգասզյանը ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի՝ կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության մասով խախտում արձանագրելու փաստը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի, 2015 թվականի նոյեմբերի 16-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14-ի և 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումները վերանայելու համար:

13. Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունները պարտավորվում են կատարել Եվրոպական դատարանի վերջնական վճիռները յուրաքանչյուր գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Այդ վճիռների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Նախարարների կոմիտեն: Վերահսկողության նման մեխանիզմը ցույց է տալիս Եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման կարևորությունը Եվրոպական կոնվենցիայի համակարգում2(2): Եվրոպական դատարանն ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի ամբողջ կառուցվածքը հիմնված է այն ընդհանուր ենթադրության (the general assumption) վրա, որ անդամ պետությունների պետական մարմինները գործում են բարեխղճորեն: Այդ կառուցվածքը ներառում է վերահսկողության ընթացակարգը. վճիռների կատարումը պետք է լինի բարեխիղճ և տեղի ունենա վճռի «եզրակացությունների և ոգու» հետ համատեղելի ձևով։ Վերջնական դատական վճռի չկատարումը, հավանաբար, կհանգեցնի օրենքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների3(3): Ավելին, Եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրությամբ Բարձր պայմանավորվող կողմերը, սուբսիդիարության սկզբունքին համապատասխան, կրում են Եվրոպական կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքները և ազատություններն ապահովելու առաջնային պատասխանատվությունը և դա անելիս նրանք օգտվում են հայեցողության իրավունքից, որը ենթակա է Եվրոպական դատարանի վերահսկողությանը: Սուբսիդիարության սկզբունքը պարտադրում է համատեղ պատասխանատվություն մասնակից պետությունների և Եվրոպական դատարանի միջև: Դատարանները պետք է մեկնաբանեն և կիրառեն ներպետական ​​օրենսդրությունն այնպես, որ լիարժեք ուժ տան Եվրոպական կոնվենցիայով և դրա կից արձանագրություններով սահմանված իրավունքներին և ազատություններին4(4):

14. Այսպիսով, պետությունները պարտավորություն են ստանձնում ձեռնարկել անհատական և ընդհանուր միջոցներ՝ համապատասխանաբար դիմումատուների իրավունքների խախտումները վերացնելու (փորձելով հնարավորինս վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը) և նոր համանման խախտումները կանխարգելելու նպատակով: Եվրոպական կոնվենցիոն համակարգի արդյունավետությունը գլխավորապես պայմանավորված է Եվրոպական դատարանի վճիռների կատարման մակարդակով, ինչն իր հերթին ենթադրում է ներպետական օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված մշտական բնույթ կրող գործընթաց:

15. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել է քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները5(5): Եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բազմաթիվ որոշումներ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, որոնք ներպետական մակարդակում վերանայվել են6(6):

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 352-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Բացառիկ վերանայումը կիրառվում է այն դեպքում, երբ (․․․) նոր հանգամանքի (․․․) հիմքով բողոքարկվում է սույն օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։

ՀՀ քրեական   դատավարության  օրենսգրքի   401-րդ   հոդվածի  համաձայն` «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝

1) նոր հանգամանքներով վարույթը.

(․․․)

2. Բացառիկ վերանայման ենթակա են՝

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը

2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»:

Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հետևյալ հիմքերով

(․․․)

5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...)»:

17. Մեջբերված նորմերի բովանդակությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որպես բացառիկ վերանայման բողոք բերելու հիմք դիտարկելով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հաստատվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը կամ կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը, մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում, որպես բացառիկ վերանայման ենթակա դատական ակտեր, վկայակոչում է միայն օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնցով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը: Փաստորեն, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերն ըստ գործող իրավակարգավորումների՝ ենթակա չեն բացառիկ վերանայման:

18.  Սույն  որոշման 16-րդ  կետում  մեջբերված իրավադրույթները վերլուծելով 13-15-րդ, 17-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձնական ազատությունը սահմանափակող՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերի բացառիկ վերանայման հնարավորություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նշված հիմքով նախատեսված չլինելը չի ապահովում անձնական ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրառումից պաշտպանվելու իրավունքի իրացման միջազգային իրավական չափանիշների կենսագործումը, ավելին՝ հակադրության մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների հետ։

Հետևաբար, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով Եվրոպական կոնվենցիայի դրույթները, Եվրոպական դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքը, եվրոպական կոնվենցիոն համակարգի սուբսիդիարության սկզբունքի կարևորությունը, ինչպես նաև արդարադատության շահը, գտնում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նշված հիմքով բերված բացառիկ վերանայման բողոքի առկայության պայմաններում ևս ենթակա են բացառիկ վերանայման:

19 Եվրոպական դատարանը, «Բուդաղյանը և Չուգասզյանն ընդդեմ Հայաստանի»` 2022 թվականի հունիսի 23-ի վճռով արձանագրել է հետևյալը. «(…) Դիմումատուները բողոք են ներկայացրել կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության մասով։ Նրանք հստակորեն կամ ըստ էության հիմնվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, (...)։

Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության հասանելի ներպետական միջոցները՝ պնդելով, որ նրանք կարող էին դիմել ներպետական դատարաններ՝ խնդրելով ճանաչել ազատության իրենց իրավունքի խախտումը, և փոխհատուցում ստանալ Քաղաքացիական օրենսգրքի՝ 2016 թվականի հունվարի 1-ից գործող՝ ոչ նյութական վնասի մասով պետությունից փոխհատուցում պահանջելու իրավունքին վերաբերող դրույթների հիման վրա (տե՛ս Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի [Shirkhanyan v. Armenia], թիվ 54547/16, §§ 103-106, 2022 թվականի փետրվարի 22)։

Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուները բողոքներ են ներկայացրել իրենց կալանավորման որոշումների դեմ, որոնցում նրանք բողոքել են իրենց շարունակական կալանքի համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայությունից, որոնք բոլորը մերժվել են վերաքննիչ դատարանի կողմից։ Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ դիմումատուները պետք է հետագայում դիմեին Քաղաքացիական օրենսգրքի նոր դրույթների համաձայն առանձին վարույթ հարուցելու համար, ապա Դատարանը նշում է, որ, նույնիսկ եթե ենթադրենք, որ իրավական պաշտպանության այս միջոցը տեսականորեն բավականաչափ պարզ էր և հստակ, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով, այնուամենայնիվ, Կառավարությունը չի ներկայացրել որևէ վերաբերելի ապացույց, որը ցույց կտար գործնականում իրավական պաշտպանության այս միջոցի արդյունավետությունը դիմումատուների կոնկրետ բողոքների առնչությամբ: Հետևաբար հիմքեր չկան ընդունելու Կառավարության առարկությունը՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ։

Դատարանը կրկին նշում է, որ, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան իր հաստատված նախադեպային իրավունքի համաձայն՝ հիմնավոր կասկածի շարունակական առկայությունն առ այն, որ ձերբակալված անձը կատարել է հանցանք, շարունակական կալանքի իրավաչափության համար sine qua non (պարտադիր պայման) է, սակայն որոշ ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար: Նման դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերով շարունակվում է հիմնավորված լինել ազատությունից զրկելը: Եթե այդօրինակ հիմքերը «հիմնավոր» և «բավարար» են, ապա Դատարանը նաև պետք է հստակեցնի, թե արդյոք վարույթն իրականացնելիս իրավասու ազգային մարմինները դրսևորել են «պատշաճ ջանասիրություն»։ Դատարանը նաև վճռել է, որ կալանքի ցանկացած ժամանակահատվածի համար հիմնավորումը՝ անկախ դրանց կարճ լինելու հանգամանքից, պետք է համոզիչ ձևով ապացուցվի մարմինների կողմից: Անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս մարմինները պարտավոր են դիտարկել այլընտրանքային միջոցներ՝ դատական քննությանը նրա ներկայությունն ապահովելու համար։ Ողջամիտ կասկածի առկայությունից բացի՝ դատական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կալանավորման համար «հիմնավոր» և «բավարար» պատճառներ ներկայացնելու պահանջն արդեն իսկ կիրառվում է նախնական կալանք նշանակելու մասին առաջին որոշումը կայացնելու ժամանակ, այսինքն՝ ձերբակալելուց «անմիջապես» հետո (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§ 87 և 102, 2016 թվականի հուլիսի 5):

Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի (թիվ 629/11, §§ 48 և հաջորդող մասեր, 2016 թվականի հոկտեմբերի 20) նախադեպային գործում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:

Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել սույն բողոքների ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Հաշվի առնելով քննության առարկայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ տվյալ գործում ներպետական դատարանները դիմումատուների մինչդատական կալանքի համար չեն տրամադրել հիմնավոր և բավարար պատճառներ։

Հետևաբար սույն բողոքներն ընդունելի են, և դրանցով հայտնաբերվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում»7(7):

20 Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բուդաղյանը և Չուգասզյանը ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում արձանագրելու փաստը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի, 2015 թվականի նոյեմբերի 16-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14-ի և 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումները վերանայելու համար։

 

II. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի բեկանման հիմքը.

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Բուդաղյանը և Չուգասզյանը ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում արձանագրելու փաստը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի, 2015 թվականի նոյեմբերի 16-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14-ի և 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումները բեկանելու համար:

22. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»։

22.1. Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.

1. վճարել նշանակված փոխհատուցումը,

2. անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝ 

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitutio in integrum), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը, 

3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ՝ կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»8(8)։

23. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված [վճիռների] հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «restitutio in integrum»` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.

(i) տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և

(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ

ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային,

բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

23.1. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն։

Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը։ Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև։

Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է։ Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` անձի դատապարտումը ներպետական  ատյանների կողմից  խախտել է  Կոնվենցիայի 10-րդ հոդվածն այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսևորում։ Ինչ վերաբերում է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` տուժող կողմը չի ունեցել ժամանակ և հնարավորություն կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել։ Նման թերությունները պետք է լինեն այնպիսի ծանրության, որ լուրջ կասկած առաջացնեն ներպետական վարույթի արդյունքների վերաբերյալ9(9):

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանելու բողոքարկվող դատական ակտը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա (...)»:

24.1. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ Սաhմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»10(10):

25. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են Ա.Բուդաղյանի նախնական կալանքին։ Այդ որոշումների կայացումից հետո, նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հունիսի 10-ի որոշմամբ թիվ 69104115 քրեական գործով Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` հանցակազմի բացակայության հիմքով, և նույն օրը վերջինս ազատ է արձակվել արգելանքից11(11):

26. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 22-24.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բուդաղյանը և Չուգասզյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի հունիսի 23-ին կայացված վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն չի շարունակում կրել։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Արա Բուդաղյանի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտերի բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը։

27. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 9.2.-րդ կետում նշված փաստարկին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի կողմից անձի իրավունքի խախտման փաստն արձանագրելու և թույլ տրված խախտման համար փոխհատուցում տրամադրելու դեպքում, անձը չի կարող օգտվել նույն խախտման հիմքով կրկին հատուցում ստանալու իրավունքից, քանի որ նրա կոնվենցիոն իրավունքի խախտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը հետապնդում է անձին պատճառված վնասի փոխհատուցման նպատակ, և ամենևին ուղղված չէ տուժող կողմի «հարստացմանը»՝ նկատի ունենալով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքների չարաշահման արգելքը12(12):

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ Եվրոպական դատարանը քննարկման առարկա չի դարձրել Ա.Բուդաղյանին ազատությունից զրկելու վերաբերելի և բավարար հիմքերի՝ օբյեկտիվորեն գոյություն ունենալու հարցը, ապա Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում արձանագրելու հիմքը եղել է հենց ներպետական դատարանների կողմից Ա.Բուդաղյանի մինչդատական կալանքի համար «հիմնավոր և բավարար պատճառներ» չներկայացնելը։

28. Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Եվրոպական դատարանի՝ Բուդաղյանը և Չուգասզյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի հունիսի 23-ին կայացված որոշումը հիմք չէ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի, 2015 թվականի նոյեմբերի 16-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14-ի և 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումները բեկանելու համար:

29. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքները պետք է մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 401-403-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արա Էմիլի Բուդաղյանի պաշտպան Հ.Ալումյանի բացառիկ բողոքների հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի, 2015 թվականի նոյեմբերի 16-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14-ի և 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Բացառիկ վերանայման արդյունքում բողոքները մերժել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

_________________________

1 Տե'ս սույն որոշման 4.1-րդ կետը:

2 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Verein gegen Tierfabriken Schweiz (VgT) v. Switzerland գործով 2009 թվականի հունիսի 30-ի վճիռը, գանգատ թիվ 32772/02, կետ 84:

3 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kavala v. Türkiye գործով 2022 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 28749/18, կետեր 169-170:

4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Grzęda v. Poland գործով 2022 թվականի մարտի 15-ի վճիռը, գանգատ թիվ 43572/18, կետ 324:

5 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները:

6 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ/01/13, ԵԿԴ/0190/06/08, ԵԿԴ/0122/06/08, ԵԱՔԴ/0052/06/08, ԵԱՔԴ/0209/06/16, ԳԴ3/0012/06/11, ԵՄԴ/0004/06/17 և ԵԱՔԴ/0441/06/17 գործերով կայացված որոշումները:

7 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Բուդաղյանը և Չուգասզյանը ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի հունիսի 23-ի վճիռը, գանգատներ թիվ 56589/15 և 56596/15:

8 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը:

9 Տե'ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights.

10 Տե'ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 11.1-րդ կետը:

12 Տե'ս mutatis mutandis, Արտակ Գաբրիելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հուլիսի 10-ի թիվ ԵԿԴ/2891/02/16 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական