Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.11.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Լոռու մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Ա․ Ալավերդյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

ԼԴ1/0007/01/19

նախագահող դատավոր՝

 Վ․ Ռշտունի

դատավորներ՝

 Մ. Պապոյան

 Ա․ Վարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Լ. Թադևոսյանի

 

Դ. խաչատուրյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

24 նոյեմբերի 2023 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Այվազյանի պաշտպան ՄՊողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով Արտակ Ռոբերտի Այվազյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ու նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված պատժին հաշվակցվել է անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը և Արտակ Այվազյանին թողնվել է կրելու ազատազրկում՝ 10 (տասը) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով:

2 Հիշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ ԱԱյվազյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ ԱԱյվազյանի պաշտպան ՄՊողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ առկա է Վերաքննիչ դատարանի դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական հանգամանք, որի առկայությունը հիմք է արձանագրելու, որ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու արդյունքում անհարկի սահմանափակվել է ԱԱյվազյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը, ինչն էլ հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի խախտման։

Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոք բերած անձը փաստարկել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ թղթակցության արդյունքում պարզվել է, որ ԱԱյվազյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն ուղարկվել է թե Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

 Վերոգրյալի հաշվառմամբ բողոքի հեղինակը նշել է, որ ամբաստանյալ ԱԱյվազյանը վերստին ներկայացրած բողոքում վերացրել է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ արձանագրված ձևական սխալը, սակայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով բողոքը ներկայացնելու հանգամանքով պայմանավորված, օբյեկտիվորեն զրկված էր Վերաքննիչ դատարան հասցեագրված բողոքին դրա պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկված լինելը հավաստող փաստաթուղթը կցելու հնարավորությունից։ Նման դեպքում, հիշյալ փաստաթուղթը Վերաքննիչ դատարան հասցեագրված բողոքի օրինակին պետք է կցվեր քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից, ինչը չի կատարվել։

Ամփոփելով, բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանին և պաշտպանության կողմին անհայտ մնացած հիշյալ փաստական հանգամանքը ոչ իրավաչափ է դարձնում վիճարկվող դատական ակտը։

5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 15-ի որոշումը՝ վարույթը փոխանցելով ստորադաս դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6 Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռի դեմ ամբաստանյալ ԱԱյվազյանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 14-ի որոշման համաձայն՝ «(․․․) [Ն]երկայացված վերաքննիչ բողոքին կից առկա չէ որևէ փաստաթուղթ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկված լինելը հավաստելու մասին, որպիսին բացակայում է նաև Վերաքննիչ դատարանում ստացված թիվ ԼԴ1/0007/01/19 նյութերում, (․․․)»1։

7Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(․․․) Վերաքննիչ դատարանի՝ բողոքը վերադարձնելու մասին 2023 թվականի փետրվարի 14-ի որոշման և ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Այվազյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի երկուական օրինակները 2023 թվականի մարտի 17-ի թիվ ԴԴԱ-21080/23 գրությամբ (․․․) ուղարկվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ՝ մեկն Արտակ Ռոբերտի Այվազյանին հանձնելու նպատակով, (․․․

(․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Այվազյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել որևէ փաստաթուղթ՝ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ մատնանշված թերությունը վերացնելու (․․․) մասին, այլ վերաքննիչ բողոքին կցվել է միայն [Առաջին ատյանի] դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռի օրինակը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերը նշվածը և նկատի ունենալով, որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է` բողոքը վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին, գտնում է, որ ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Այվազյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության: (․․․2։

8 Ամբաստանյալ ԱԱյվազյանի պաշտպան ՄՊողոսյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի գրության և կից փաստաթղթի պատճենները, որոնց համաձայն՝ նույն թվականի ապրիլի 10-ին ԱԱյվազյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմ է ներկայացրել «Վերաքննիչ բողոք» վերտառությամբ փաստաթուղթ, որը վարչակազմի կողմից ուղարկվել է ԱԱյվազյանի կողմից նշված հասցեատերերին՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության ու ՀՀ վերաքննիչ քրեական դատարաններ3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի փաստարկն այն մասին, որ ամբաստանյալ Ա.Այվազյանը վերստին ներկայացրած բողոքում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու որոշմամբ արձանագրված ձևական սխալը։

10 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հատուկ վերանայման կարգով դատական ակտ կայացնելիս վերադաս դատարանը հիմնվում է միայն ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական վերանայման արդյունքով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե`

(․․․)

4) առկա է որևէ փաստական կամ իրավական հանգամանք, որի հետևանքով բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ:

(․․․)

5. Բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական կամ իրավական հանգամանք է դատական ակտ կայացնելիս դատարանին և կողմերին անհայտ մնացած կամ դատական ակտը հրապարակելուց հետո առաջացած որևէ փաստ կամ ուժի մեջ մտած որևէ իրավական ակտ կամ արտահայտված որևէ իրավական դիրքորոշում։ (․․․)»։

Մեջբերված դատավարական նորմերի բովանդակությունից հետևում է, որ հատուկ վերանայման կառուցակարգի շրջանակում դատական ակտի իրավաչափության ստուգման դեպքում, դատական վերանայման ծավալը սահմանափակված է ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների գնահատմամբ, եթե առկա չէ դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական հանգամանք4։ Դատական ակտի իրավաչափության վրա ազդող փաստական հանգամանքի առանձնահատկությունն այն է, որ վերջինս ոչ թե ստորադաս դատարանի վարութային թերացման արդյունք է, այլ հետագայում ի հայտ եկած իրավաբանական երևույթ, որի առկայությունը և դատական ակտի սկզբնական բովանդակությունն անհամատեղելի են։

11 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Վերաքննիչ դատարանը 2023 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ ամբաստանյալ ԱԱյվազյանի ներկայացրած բողոքը վերադարձրել է` դատական վերանայման բողոքին ներկայացվող պահանջին համապատասխանեցնելու և վերստին ներկայացնելու համար: Մասնավորապես՝ բողոքին կից փաստաթղթերի ու դատարանում ստացված նյութերի ուսումնասիրությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առկա չէ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկված լինելը հավաստող փաստաթուղթ5,

- Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը՝ ամբաստանյալ ԱԱյվազյանին տրամադրելու համար, ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ6,

- Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ ԱԱյվազյանի դատական վերանայման բողոքը, 2023 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ, թողել է առանց քննության՝ նշելով, որ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել դրա պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկված լինելը հավաստող փաստաթուղթ, այսինքն, ամբաստանյալ ԱԱյվազյանը վերստին ներկայացրած վերաքննիչ բողոքում չի վերացրել Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ արձանագրված ձևական սխալը7,

- ամբաստանյալ ԱԱյվազյանի պաշտպան ՄՊողոսյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի գրության և կից փաստաթղթի պատճենները, որոնց համաձայն՝ նույն թվականի ապրիլի 10-ին ԱԱյվազյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմ ներկայացրել է «Վերաքննիչ բողոք» վերտառությամբ փաստաթուղթ, որը վարչակազմի կողմից ուղարկվել է վերջինիս կողմից նշված հասցեատերերին՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության ու ՀՀ վերաքննիչ քրեական դատարաններ8։

12 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի հեղինակի կողմից հիմնավորվել է վիճարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանին անհայտ մնացած կոնկրետ փաստ, որի առկայությունը և բողոքարկվող դատական ակտի բովանդակությունն անհամատեղելի են։

Այսպես, համաձայն հատուկ վերանայման վճռաբեկ բողոքին կից ներկայացված հիշյալ փաստաթղթերի՝ ամբաստանյալ ԱԱյվազյանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու որոշմամբ մատնանշված ձևական սխալը շտկելու և վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու համար, քրեակատարողական հիմնարկի վարչակազմ ներկայացրել է «Վերաքննիչ բողոք» վերտառությամբ փաստաթուղթ, որը վարչակազմի կողմից ուղարկվել է վերջինիս կողմից նշված հասցեատերերին՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության ու ՀՀ վերաքննիչ քրեական դատարաններ։ Այսինքն՝ ամբաստանյալ ԱԱյվազյանը վերստին ներկայացրած բողոքում վերացրել է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ արձանագրված ձևական սխալը, որպիսի փաստի վերաբերյալ սակայն, Վերաքննիչ դատարանին պատշաճ չի տեղեկացվել։

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև դատական վերանայման բողոքին ներկայացվող ձևական պահանջի խախտումը վերացված չլինելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնված է իր վարույթում առկա նյութերի վրա, այնուամենայնիվ, վիճարկվող որոշման կայացումից հետո ի հայտ է եկել Վերաքննիչ դատարանին անհայտ մնացած այնպիսի փաստական հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ։ Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի փաստարկն այն մասին, որ ամբաստանյալ Ա.Այվազյանը վերստին ներկայացրած բողոքում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու որոշմամբ արձանագրված ձևական սխալը, իրավաչափ չէ։

13 Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 15-ի որոշումը ոչ իրավաչափ դարձնող փաստական հանգամանք, որը ստորադաս դատարանի վարութային թերացման արդյունք չէ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար9։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Այվազյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 15-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

_________________________________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 10-11:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 58-60:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 110 և 111:

4 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 և Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշումը:

5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման նույն կետը։

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Լ. Թադևոսյան

Դ. խաչատուրյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: